ՀՅՈՒՍՔԻ ՄԵՔԵՆԱ, ձեռքի մեքենա, որը նախատեսված է տանը տարբեր հյուսվածքներով (նաև ցանցահյուսք և ուռուցիկ հյուսք) իրեր հյուսելու համար։

Հ. մ-ով կարելի է պակասեցնել և ավելացնել հատերը, հյուսել երիզահյուսք, ուղղաձիգ, թեք, հորիզոնական կտրվածքներ, վզի «կարե», կիսակլոր, V–աձև բացվածքներ, հատակցում անել, ամրացնել եզրերը։ Մի քանի փոքր դետալներ (մանկական հագուստի թևքեր, բազկապատեր ևն) կարելի է հյուսել միաժամանակ։

Հ. մ. ունի խտության կարգավորիչ, որը հնարավորություն է տալիս, նայած մանվածքի համարին, հորիզոնական և ուղղաձիգ ուղղությամբ ստանալ տարբեր խտության գործվածք։

Ձեռքի մեքենայով հյուսելիս կարելի է օգտագործել միջին ոլորքի բրդե, բամբակե և սինթետիկ մանվածք։

Մեքենայով հյուսվածքը, շյուղերով կամ հելունով հյուսվածքի համեմատությամբ, ստացվում է ավելի հավասարաչափ և գեղեցիկ։ Հ. մ-ի կառուցվածքը հնարավորություն է տալիս շյուղերով սկսած հյուսվածքն ավարտել մեքենայով և, հակառակը, մեքենայով սկսածն ավարտել շյուղերով։