ՏՏՀ/Հոգնա
ՀՈԳՆԱ, տարբերում են մաքրող, դեղորայքային, ախտորոշիչ և այլ Հ-ներ։ Մաքրող Հ-ները կատարում են փորկապության, սննդային թունավորումների և այլ դեպքերում։ Չափահասների մաքրող Հ-ի համար անհրաժեշտ է անոթի մեջ լցնել 4-6 բաժակ ջուր (25-35 °C) և բացել ծորակը, որպեսզի կողմնատար խողովակում օդ չմնա։ Անոթը հարկավոր է կախել 1,5-2 մ բարձրության վրա։ Հիվանդը պետք է պառկի ձախ կողքին, անկողնու ծայրին, մոմլաթի վրա, ոտքերը ծալի ծնկահոդերում։ Վազելինապատված ծայրադիրը զգուշորեն պտտելով պետք է ներս տանել ուղիղ աղիք և բացել խողովակի ծորակը։
Ծայրադիրը հանելուց հետո հիվանդը պետք է 5-10 րոպե մնա պառկած։ Երեխաների Հ-ի համար սովորաբար օգտագործում են ռետինե բալոն, իսկ ջրի քանակությունը կախված է երեխայի տարիքից.
մինչև 1 ամսական - 2 ճաշի գդալ
1-ից մինչև 3 ամսական - 1/3 բաժակ
3-ից մինչև 6 ամսական - 1/2 բաժակ
6-ից մինչև 2 տարեկան - 1 բաժակ
2-ից մինչև 5 տարեկան - 1 1/3 բաժակ
5-ից մինչև 9 տարեկան - 2 բաժակ
9-ից մինչև 12 տարեկան - 2 1/2 բաժակ
Հ-ները հարկավոր է կատարել միայն բժշկի նշանակմամբ, քանի որ դրանք հակացուցված են որովայնի խոռոչի օրգանների և ուղիղ աղիքի որոշ հիվանդությունների ժամանակ։