ՃԱԳԱՐՆԵՐ (բուծումը), աչքի են ընկնում բազմապտղաբերությամբ, վաղահասությամբ. նրանց խնամքը չի պահանջում նյութական և ֆիզիկական մեծ ծախսեր։ Ճիշտ խնամքի դեպքում մեկ մայր ճագարից տարվա ընթացքում կարելի է ստանալ 20-30 ձագ (նույնքան մորթի) և 70-75 կգ միս։ Աղվամազատու ցեղի 1 ճագարի տարեկան միջին մազատվությունը 350-400 գ է։ Միսն արժեքավոր է, դիետիկ, հատկապես օգտակար է երեխաների, մեծահասակների, լյարդի, ստամոքսի, անոթային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների համար։

Ճ-ի ցեղերն ըստ ստացվող մթերքի տեսակի լինում են մսատու, մսամորթատու և աղվամազատու։ ՀՀ-ում բուծվում են գլխավորապես մսամորթատուները՝ շինշիլա, սպիտակ հսկա, հայկական մառդեր և այլն։

Հասուն ճագարի կենդանի զանգվածը հասնում է մինչև 5 կգ (երբեմն ավելի)։

Ճ-ի բուծումը. Ճ. սեռահասուն են դառնում 3,5-4,5 ամսականում։ Ուշահաս ցեղերի էգերին զուգավորում են 5-ամսականից ոչ շուտ, երբ նրանց կենդանի զանգվածը 3,5 կգ-ից պակաս չի, իսկ վաղահասներին՝ 4 ամսականում, երբ կենդանի զանգվածը 2,8-3 կգ է։ Արուներին առաջին զուգավորման թողնում են 6-7 ամսականում։ Զուգավորումից 20 օր առաջ Ճ-ին առատ կերակրում են։ Հասուն էգերին և արուներին պահում են մինչև 3, իսկ ցեղային արժեքավոր հատկանիշավորներին՝ մինչև 5 տարի։ Քիչ քանակի դեպքում 5 էգին կցում են 1 արու և զուգավորումը կազմակերպում սեղմ ժամկետում։ Էգի հղիությունը որոշվում է զուգավորումից 13-16 օր հետո, սաղմերի շոշափումով։ Հղիությունը տևում է 28-30 օր։ Ծնից մեկ շաբաթ առաջ վանդակներում դնում են ախտահանված, ցամքարով լցված բնավոր արկղեր։ Եթե մայրանոցները մշտական են, դրանք նույնպես ախտահանում են, հատակը ծածկում մաքուր փափուկ ծղոտով և փայտի տաշեղով։ Մայր ճագարը ծնից 3-4 օր առաջ սկսում է հարդարել բույնը՝ պատելով այն իր աղվամազով։ Ծնից առաջ և հետո խմոցները մշտապես լցնում են թարմ ջրով, հակառակ դեպքում էգը ծարավից կարող է ուտել իր ձագերին։ Ծնում են գիշերը և ունենում են միջին հաշվով 5-9 ձագ (երբեմն՝ 1-14)։ ծնից անմիջապես հետո բույնը ստուգում են, հեռացնում սատկած և թույլ ծագերին, մոր մոտ թողնում 8, քիչ կաթ ունեցողների և առաջնածինների մոտ՝ 5-6 ծագ։ Ձագերը ծնվում են կույր և մերկ, կաթնատամներով, 40-80 գ կենդանի զանգվածով։ Սկսում են տեսնել 11-րդ օրը, իսկ մեկ շաբաթ անց փոխվում են ատամները (տևում է մեկ ամիս), որից հետո կաթից կտրվում են։ Ծնվելուց 45-60 օր հետո մատղաշներին անջատում են մորից, խմբավորում ըստ սեռի, տեղավորում վանդակներում (0,1-0,15 մ² յուրաքանչյուր ծագի համար)։ Վանդակներն անպայման պետք է գետնից բարձր լինեն, հատակը ցանցավոր (լարի տրամագիծը՝ 1,8-2 մմ, բջիջների չափը՝ 16x48, 16x24, 20x20 մմ) և ձողավոր (ձողերի լայնությունը՝ 25-30 մմ, հեռավորությունը նրանց միջև 16-18 մմ)։ Ստամոքսաղիքային հիվանդություններից խուսափելու համար առանձնացված ձագերի կերի տեսակները մեկ ամսվա ընթացքում թողնում են նույնը։ Սերունդ ստանալու համար թողնված արուներին վանդակներում տեղավորում են մեկական, էգերին՝ 2-ական։

Երբեմն օգտագործում են խտացրած ճագարածնության մեթոդը՝ էգերին զուգավորում են ծննդաբերությունից 2-5 օր հետո, համատեղելով հղիությունը և լակտացիան։ Այս դեպքում ձագերը մայրերից անջատում են 28 օրական հասակում, կերակրում լավորակ կերերով։

Ճագարների կերակրումը. հիմնական կերերն են կանաչ և չոր խոտը, արմատապտուղները, խոհանոցի և բանջարանոցի թափոնները։

Կերաբաժնում ընդավոր բույսեր ներառելիս նվազեցնում են հատիկի չափաքանակը։ Մարսողության խանգարման դեպքում կերաբաժնից հանում են կանաչ խոտը և ավելացնում չոր խոտը։ Ճակնդեղի, գոնգեղի թարմ փրերը, կաղամբի տերևները լվանում են և կերակրում փոքր կերաբաժիններով (300 գ՝ հասակավորներին, 30-40 գ՝ մատղաշներին)։ Հասակավոր Ճ-ին տալիս են օրական 400-1000 գ կանաչ զանգված, մատղաշներին՝ 100-400 գ։ Հյութալի կերերից օգտակար են գազարը, կերի ճակնդեղը, կաղամբը, դդումը և այլն։ Սառեցված արմատապտուղները տալիս են եփելուց հետո։ Ճ-ի համար սիլոս պատրաստում են կերի կաղամբից, գազարից, գազարի փրերից և շաքարի ճակնդեղից։ Հաճախ ճագարաբույծները ձմեռվա համար տակառներում թթվեցնում են կերի կաղամբ, գազար, շաղգամ, բողկ և տարախոտեր։ Ճ. ուտում են նաև կաղամախու, կեչու, ակացիայի, արոսիի, ուռենու, թխկու, լորենու ճյուղերը (հավաքում են ամռանը)։ Մարսողության խանգարման ժամանակ խորհուրդ է տրվում լաստենու և կաղնու ճյուղեր։ Խտացրած կերերից տալիս են հատիկ, դրանց վերամշակման մթերքներ, ձիթատուների սերմեր, եգիպտացորեն (հատիկը և կողրերը) և համակցված կեր։ Ընդավորների, եգիպտացորենի և գարու հատիկները (նախապես թրջում են) տալիս են արմատապտուղների խառնուրդի հետ։ Կերակրի աղի օրական չափաքանակն է. մատղաշներին՝ 0,5-1 գ, հասուն կենդանիներին՝ 1-1,5 գ։ Կերակրում են օրը 2-3 անգամ որոշակի ժամերի։ Մեկ էգին 2-5 ձագերի հետ տարեկան տալիս են (ց-ով) 1,4 չոր խոտ, 8,0 կանաչ խոտ, 1,0-ական արմատապտուղ և սիլոս, 1,6 խտածո, 0,02 աղ, 0,07 կավիճ և ոսկրալյուր։

Ճագարների խնամքը. պահում են չոր ծառերով կամ թփերով շրջապատված քամուց, ձյունից, արեգակի ճառագայթներից պաշտպանված տեղամասերում տեղադրված վանդակներում։ Հյուսիսային շրջաններում ձմռանը վանդակները տեղափոխում են շենք։ Հասուն Ճ-ին պահում են մշտական բներով անհատական, մատղաշներին՝ խմբային վանդակներում։ Խտացրած կերերի և ջրի համար օգտագործում են կավե, պլաստմասսայե, թիթեղե, փայտե կերամաններ։

Ճագարաբուծության արտադրանքը։ Ճ-ի մորթին համարվում է «հասունացած», երբ մազափոխումն ավարտվում և իրանի բոլոր մասերում մաշկը սպիտակում է։ Լավագույն մորթի ստացվում է աշնանաձմեռային շրջանում, դրա համար կենդանիների զանգվածային սպանդը կատարում են նոյեմբեր-դեկտեմբերին։ Սպանդից անմիջապես հետո սուր դանակով հեռացնում են աչքի խնձորը, իսկ մսեղիքը հետևի ոտքերից կախում, որ արյունը լավ քամվի։ Արյունաքամ մսեղիքը բաց վարդագույն է։ Ազդրամասի կտրվածքով մաշկը հանում են, ճարպազրկում և կախում չորացման համար։

Աղվամազը հավաքում են երեք անգամ 2-2,5-ից մինչև 6-6,5 ամսականը (հավաքում են խուզով կամ փետրելով)։ Աղվամազը մանում են սովորական մանող գործիքով կամ իլիկով։