ՏՏՀ/Ճաշացուցակ
ՃԱՇԱՑՈՒՑԱԿ, նախաճաշի, ճաշի և ընթրիքի համար նախատեսված կերակրատեսակների և ըմպելիքների ցուցակ։ Ցանկալի է, որ նախաճաշին մատուցվեն մսով կամ ձկով տաք կերակրատեսակներ, բանջարեղեն կամ շիլա, մակարոնեղեն, կաթնամթերք, ձու։ Ճաշը պետք է բաղկացած լինի խորտիկից, առաջին, երկրորդ և երրորդ կերակրատեսակներից։ Խորտիկները ախորժաբեր են, առաջին կերակրատեսակները (բորշչ, ապուր, արգանակ) խթանում են ստամոքսահյութի արտադրությունը, որը նպաստում է հաջորդ կերակրատեսակի լավ յուրացմանը։ Երկրորդ կերակրատեսակը պետք է կշտացնող լինի։ Երրորդ՝ քաղցր կերակրատեսակով ճաշն ավարտվում է։
Խորհուրդ է տրվում ձմռանը ճաշին օգտագործել կշտացնող կերակրատեսակներ՝ մսեղեն, յուղոտ ձկնեղեն, կարկանդակներ, բորակի, ինչպես նաև կաթ և կաթնային կերակրատեսակներ, թարմ և թթու դրած բանջարեղեն, սալաթներ, վինեգրետ, բանջարեղենի ապուրներ և ռագու։ Ամռանը Ճ-ի մեջ պետք է գերակշռեն թարմ բանջարեղենը, կաթնամթերքը, հատապտուղը, միրգը։ Ճաշի համար պետք է ընտրել կշտացնող բազմազան և դյուրամարս կերակրատեսակներ։ Ընթրիքը պետք է բաղկացած լինի թեթև սննդից (կաթ, մածուն)։ Խորհուրդ է տրվում ընթրել քնելուց 1-2 ժամ առաջ։