ՃԱՐՊԱՋԵՌՈՑ, նախատեսված է միս, ձուկ, բանջարեղեն, կարկանդակներ տաքացրած ճարպի (կամ ճարպախառնուրդի) մեջ ընկղմելով տապակելու համար։ Ճ. կափարիչով ալյումինե անոթ է, որի իրանում տեղավորված է խողովակավոր էլեկտրաջեռուցիչ տարրը։ Ունի նաև ջերմակարգավորիչ և լրացուցիչ հարմարանք՝ չոր սպիրտով տաքացնելու համար։ Ճ-ում ճարպի զանգվածը պետք է 4 անգամ ավելի լինի ընկղմվող մթերքի զանգվածից, իսկ ջերմաստիճանը՝ 130-180 °C։ Օգտագործում են նվազագույն քանակությամբ հեղուկ պարունակող հեղուկ ճարպեր, որոնց համը բարձր ջերմաստիճանում չի փոխվում, այրուք ու ծխահոտ չի առաջացնում։ Կտրտած միսը, ձուկը և բանջարեղենը Ճ-ի մեջ դնելու համար նախատեսված են հատուկ պատառաքաղներ։ Անվանական հզորությունը 1 կՎտ է։