ՄԱՐԶԱՍԱՐՔ, շարժողական հմտությունները կատարելագործելու, ուժ, դիմացկունություն, ճկունություն և ֆիզիկական այլ հատկություններ զարգացնելու ուսումնամարզական սարք։ Տնային պայմաններում հիմնականում օգտագործում են առողջարարական նպատակներով։ Կան տարբեր տեսակի Մ-եր։ Առավել համապիտանին պատկերված մարմնամարզական համալիրն (նկարում երկրորդը) է, որը միավորում է մի շարք մարմնամարզական պիտույքներ (մարմնամարզական պատ, մարզաձողեր ևն) և տարբեր Մ-եր (ձեռքի և ոտքի էսպանդերներ, թիավարման սարք ևն)։ Մ. կարող են օգտագործել ֆիզիկական տարբեր պատրաստվածության և ցանկացած տարիքի մարդիկ։ Մ., որպես մարզումների օժանդակ միջոց, կարող են օգտագործել նաև մարզիկները։