Մեղուներ (բուծումը)
Այգեգործական հողամաս

ՄԵՂՈՒՆԵՐ (բուծումը), ամենաօգտակար միջատներն են։ Տալիս են մեղր, մեղրամոմ, ակնամոմ (մեղվասոսինձ), մեղվաբույն, ծաղկափոշի, մեղվակաթ և այլն։ Մ. ապահովում են նաև գյուղատնտեսական բույսերի խաչաձև փոշոտումը։

Մեղվաընտանիք. Մ. ապրում են ընտանիքներով, որի զանգվածը 6-8, առանձին դեպքերում 10 կգ է։ Մեղվաընտանիքը բաղկացած է մեկ մայր, 60-80 հազար աշխատավոր մեղուներից և մի քանի հարյուր (երբեմն հազար) բոռերից։

Մայր մեղուն լավ զարգացած սեռական օրգաններով էգն է և մեղվաընտանիքում կատարում է մեկ ֆունկցիա՝ ձվադրում (գարնանից մինչև աշուն)։ Գարնանը մեկ օրվա ընթացքում կարող է դնել երեք հազար և ավելի ձու։ Ձվերը լինում են 2 տեսակ՝ բեղմնավորված (դրանցից զարգանում են մայր և աշխատավոր մեղուներ) և չբեղմնավորված (դրանցից ծնվում են բոռեր)։ Մայր մեղուն ապրում է 5-6 տարի։ Առավել արդյունավետ է մինչև երկու տարեկանը։ Մեղվաբույծին խորհուրդ է տրվում երկու տարին մեկ մեղվաընտանիքում փոխել մայր մեղուն։

Աշխատավոր մեղուները կազմում են մեղվաընտանիքի հիմնական մասը։ Դրանք չզարգացած իգական օրգաններով էգեր են։ Հյուսում են մեղրահացը, հավաքում նեկտար ու ծաղկափոշի, պատրաստում մեղր, կերակրում թրթուրներին, պահպանում բույնը, ապահոփսմ դրանում պահանջվող խոնավություն և ջերմություն։ Ծաղկափոշի հավաքելու և տեղափոխելու համար հետին ոտքերն ունեն «խոզանակիկ» և «զամբյուղիկ», որովայնի ստորին կիսաօղակների վրա կան մոմային «հայելակ», մեղվակաթ արտադրող հատուկ գեղձեր և այլն։ Աշխատավոր Մ-ների գործունեությունը որոշվում է նրանց տարիքով և բնական պայմաններով։ Ամենամատղաշ Մ. կերակրում են թրթուրներին, 8-10 օրական հասակում հյուսում են մեղրաբջիջներ՝ մեղրահաց, 18-20 օրականից՝ մասնակցում կերի հայթայթմանը։ Կյանքի վերջին օրերին սովորաբար ջուր են կրում և փեթակից հեռու չեն թռչում։ Սակայն Մ. անկախ հասակից կարող են կատարել տարբեր աշխատանքներ, որոնք տվյալ պահին ավելի անհրաժեշտ են մեղվաընտանիքին (օրինակ, բույսերի առատ նեկտարատվության փուլում կերակրող մեղուներն անցնում են մեղրահավաքին)։ Դրա շնորհիվ կարճ ժամկետում ընտանիքը մթերում է մեծ քանակի մեղր։

Աշխատավոր Մ. ակտիվ շրջանում ապրում են 35-40 օր (երբ դաստիարակում են թրթուրներին և կեր հայթայթում) և 6-7 ամիս՝ նվազ ակտիվ վիճակում (ցուրտ ժամանակ)։

Բոռերն արուներն են, ունեն միայն մեկ ֆունկցիա՝ մայր մեղվի բեղմնավորումը։ Առանց դրանց Մ-ի ցեղը չի կարող գոյություն ունենալ։ Սեռահասուն են դառնում 8-14 օրում։ Սեռական օրգանները լավ զարգացած են։ Մեղվաընտանիքում ապրում են ամռանը։ Մայր մեղվի բեղմնավորումը (պահանջվում է 8-12 բոռ) տեղի է ունենում օդում, մոտ 30 մ բարձրության վրա և մեղվանոցից հեռու։ Բոռերը չունեն աշխատանքային օրգան, «խոզանակիկը» կարճացած է և չի կարող նեկտար հայթայթել։ Բոռերը սնվում են Մ-ի մթերած կերով, չունեն խայթոց և դրա պատճառով չեն մասնակցում բնի պաշտպանությանը։ Բազմացման շրջանի ավարտից հետո Մ-ը քշում են նրանց փեթակից, և նրանք սատկում են։ Հաջորդ գարնանը, պատրաստվելով բազմացման, Մ-ը նորից են բոռեր աճեցնում։ Մեղուների բույնը կազմված է մոմակառույցներից՝ մեղրաբջիջներից (մեղրահաց)։ Վայրի մեղուների բնում լինում են 6-7 ուղղաձիգ, երկար, ներքևից ձվաձև, իսկ փեթակներում՝ 10-12 մինչև 60-70 մեղրաբջիջներ, որոնք կազմված են խիստ որոշակի սահմաններով բազմահազար վեցանիստ բջիջներից։ Բնի մեջ են ընթանում ընտանիքի կենսական կարևոր փուլերը՝ Մ-ի աճը, կերի պահպանումը և այլն։

Բույնը ժամանակի ընթացքում հնանում է, թրթուրների թողած բոժոժներից մեղրաբջիջները սևանում են, փոքրանում է դրանց ծավալը, որը բացասաբար է ազդում դրանում զարգացող Մ-ի չափի և որակի վրա։ Ուստի սևացած բջիջները փոխարինում են նոր բջիջներով։ Որքան բջիջները շատ են, այնքան ընտանիքն ուժեղ է։

Մ-ին պահում են փեթակներում։ Առավել տարածված են ուղղաձիգ-բազմիրան (նկ. 2) և 12-շրջանակավոր փեթակները։ Բազմիրան փեթակը կազմված է 5-6 կամ 3 իրանից (վերջինս ունի նաև 3 ոչ մեծ հավելակցան-պահեստատուփ մեղրի համար)։ 12-շրջանակավոր փեթակներն ունեն բնային բաժին և 2-3 պահեստատուփ։

Մ. կարելի է պահել նաև հորիզոնական փեթակներում (կոճղափեթակներում), որոնք ունեն 1 կամ 2 պահեստատուփ։

Մեղուների հետ վարվելաձևը. մեղվաբուծության զարգացման ընթացքում մշակվել են Մ-ի հետ վարվելաձևի և դրանց հնազանդեցնելու կանոններ։ Մ. զգայուն են սուր հոտերի (քրտնքի, սխտորի, օծանելիքի, սպիրտային խմիչքի) նկատմամբ։ Իրենց սեփական թույնի հոտը վտանգի ազդանշան է։ Մ-ի հարձակումից պաշտպանվելու համար մեղվաբույծները գլուխը և դեմքը ծածկում են ցանցով, հագնում բաց գույնի հագուստ (սպիտակ խալաթ) և այլն։ Մ-ին չարացնում են նաև արագ շարժումները, վազքը, ձեռքի թափահարումը, բնում կոպիտ աշխատանքը և այլն։ Պետք է իմանալ նաև, որ ծուխը հանդարտեցնում է Մ-ին։ Հատուկ ծխարար (նկ. 3) գործիքով ծուխը մղում են փեթակ և կատարում անհրաժեշտ աշխատանքներ։

Պետք է հիշել, որ Մ. ավելի են գրգռվում խոնավ և քամոտ եղանակին, առավոտյան ու երեկոյան ժամերին։ Այդ ժամանակ նպատակահարմար չէ մեղվանոցում աշխատելը։ Մեղվաբույծը խայթոցից չպետք է վախենա, քանի որ օրգանիզմն արագ ընտելանում է մեղվաթույնին։

Գարնանային աշխատանքներ. մինչև առաջին ծաղիկների ծաղկելն սկսվում է Մ-ի բազմացումը։ Գարնանային առաջին թռիչքի օրը մեղվաընտանիքն ունենում է շատ երիտասարդ և հասուն, բջիջներից դեռևս դուրս չեկած սերունդ։ Յուրաքանչյուր օր ընտանիքներում ավելանում են երիտասարդ Մ. (նկ. 4)։ Բնականոն սերնդաճեցումն ապահովելու համար անհրաժեշտ է ստեղծել բարենպաստ պայմաններ, հանովի հատակներ, առատ կեր (15 կգ-ից ոչ պակաս մեղր), ծաղկափոշի (2-3 շրջանակ) և այլն։ Այն ընտանիքները, որոնք ձմեռել են 2 մասնաբաժնում և գարնանը շարունակում են զբաղեցնել դրանք, պետք է թողնել երկուսն էլ, կամ հանել ներքևի ազատ մասնաբաժինը։ 12-շրջանակավոր փեթակներում խորհուրդ չի տրվում բները կրճատել։ Ընտանիքի աճի վրա բարենպաստ է ազդում նեկտարի և ծաղկափոշու առատությունը, դրա համար փեթակները տեղադրում են ծառաթփուտային բուսականություն ունեցող վայրերում (հատկապես ուռենի և թխկի)։ Առատ սնունդը նպաստում է մոմարտադրությանը, բների արագ նորացմանը և մեղվաբջիջների հյուսմանը։ Այդ ժամանակ բների մեջ մեղրամոմով շրջանակները տեղադրում են շատ մեղու-դաստիարակներ և շինարար մեղուներ ունեցող մեղվաբջիջների միջև։ Բազմիրան փեթակում ընտանիքը գարնանը կառուցում է 10 մեղրահաց։ Աճն արագացնելու նպատակով բազմաբաժին փեթակներում պարբերաբար (յուրաքանչյուր 10-12 օրը մեկ) փոխում են մասնաբաժինների տեղերը (վերևի փեթակը դնում են ներքև, ներքևինը բարձրացնում վերև)։

Այգիների ծաղկմանը զուգընթաց, երբ ընտանիքներն զգալիորեն աճում են, բներն ընդարձակում են (ավելացնում են փեթակներ, շրջանակներ, պահեստատուփեր)։ Այդ ժամանակ արթնանում է մեղուների պարսի բնազդը։

Պարս. փեթակից կամ բնից դուրս եկած մեղուների խումբ, որը մեղվաընտանիքի բնական բազմացման արդյունք է և բաղկացած է մայր մեղվից, մի քանի հազար աշխատավոր մեղուներից ու բոռերից։ Պարսատվության ժամանակ մեղվախումբը (մայր մեղվի հետ) գաղթում է հին փեթակից (բնից), բարձրանում օդ, պտտվում և խմբվում ծառի ճյուղերի վրա, ապա, որոշ ժամանակ անց, թռչում ու հարմար տեղերում (բնական պայմաններում՝ ծառերի փչակներում, ժայռերի ծերպերում և այլուր) հիմնում նոր բույն։ Պարսը վերցնում են պարսակողովով (նկ. 5)։ Բնական պարսատվությունը լինում է գարնան վերջին կամ ամռան սկզբներին, երբ մեղվաընտանիքի բազմացումը հասնում է առավելագույնի, և երիտասարդ մեղու-կերակրողների քանակն ավելանում է։ Յուրաքանչյուր մեղվաընտանիքից կարող է անջատվել մի քանի պարս (3-8 օրվա ընթացքում), սակայն աշխատում են սահմանափակել այն, քանի որ, հակառակ դեպքում, թուլանում է և՛ մայր մեղվաընտանիքը, և՛ պարսը, մեղուները դառնում են անկենսունակ, նվազում է մեղվաընտանիքի մթերատվությունը։ Պարսատվությունը կանխելու համար կիրառում են հակապարսային միջոցառումներ (բազմացման, սնուցման, մոմաստեղծման, և Մ-ի այլ աշխատանքների առավելագույն ծանրաբեռնվածության ստեղծում), մեղվաընտանիքի արհեստական բաժանում։ Այս միջոցառումները հնարավոր են դարձնում կարգավորել մեղվաընտանիքի ձևավորման ժամկետները և ուժեղությունը, ապահովել մեղրի բարձր բերքի ստացումը։

Մեղրաբերք. մեղրատու բույսերի (սպիտակ ակացիա, լեռնամարգագետնային խոտաբույսեր, լորենի, հնդկացորեն, արևածաղիկ, կորնգան և այլն) ծաղկման սկզբում մեղվաընտանիքները պետք է լինեն շատ ուժեղ, ունենան լրացուցիչ ազատ մեղրաբջիջներ, իսկ թույլ ընտանիքները՝ միավորել։

Սեզոնի ընթացքում կարելի է ստանալ մեղրի մի քանի բերք, եթե Մ-ին աստիճանաբար տեղափոխեն ծաղկաշատ վայրեր։

Մեղրաքամ. մեղրը կարելի է վերցնել բերքի առատության դեպքում, ծաղկաշատ վայրեր տեղափոխելուց առաջ և հասուն վիճակում։ Մեղրաբջիջներից մեղրը հանում են մեղրաքամիչով։ Նախօրոք մեղվանոցային դանակով հեռացնում են մոմաթաղանթը։ Մեղրը պահում են տարբեր տարաներում, զով տեղում։

Ձմռան նախապատրաստվելը. մեղրը քամելուց հետո մեղվաընտանիքները պատրաստվում են ձմեռվա հանգստին։ Ընկնում է Մ-ի թռչելու ինտենսիվությունը։ Նրանք արտաքսում են բոռերին, աճեցնում են ավելի շատ երիտասարդ կենսունակ Մ.։ Դրան պետք է նպաստի մեղվաբույծը՝ փոքրացնելով փեթակները։ Յուրաքանչյուր ընտանիքին թողնում են 32-38 կգ մեղր և ծաղկափոշի։ Ձմեռման համար նախատեսված փեթակում տաքացման նպատակով վերևից դնում են խոնավությունը հեռացնող բարձիկ։ Ցածր ջերմաստիճանի դեպքում (օրինակ, մինչև 8 °C) Մ. կուտակվում են գնդաձև զանգվածով։

Ձմեռման ընթացքում Մ-ի վրա կործանարար ազդեցություն է թողնում խոնավությունը. փչանում է մեղրը, հիվանդանում են Մ.։ Խոնավությունը կանխելու համար ապահովում են բների օդափոխությունը։ Խոնավության վերացման միակ եղանակը սառը օդի հոսանքն է դեպի փեթակ։ Փեթակներում օդափոխությունն ապահովելու համար բաց են թողնում ներքին և վերին անցքերը։ Ձմեռային մեղվանոցներում ապահովում են նաև ընդհանուր օդափոխությունը։