ՄՈՇ, վայրի Մ. հանդիպում է Հայաստանի անտառային շրջաններում։ Հատապտուղները հյութալի են, սև կամ սևկարմրավուն՝ գորշակապույտ նուրբ փառով, բուրավետ թթու-քաղցրից մինչև գրեթե անբույր թթու, ձևով ազնվամորու նման։ Մ. պարունակում է շաքար, օրգանական թթուներ, ազոտային, պեկտինային, հանքային և աղաղող նյութեր, 22 մգ % C վիտամին, կարոտին (A նախավիտամին)։ Հասունանում է հուլիսին։ Հատապտուղները հավաքում են չոր եղանակին։

Մ. նուրբ հատապտուղ է, սովորական պայմաններում պահպանվում է 12 օր, 0 °C ջերմաստիճանում՝ մինչև 1 շաբաթ։

Տան պայմաններում Մ-ից կարելի է եփել մուրաբա (եփելու եղանակը նույնն է, ինչ գետնամորունն ու ազնվամորունը), ջեմ, հյութ և կիսել։

Մ-ի կիսել. ընտրած և մաքրած հատապտուղներն զգուշությամբ լվանալ և տրորել մաղի մեջ։ Կաթսայի մեջ լցնել ջուր, շաքար և եռացնել, ավելացնել նախապես սառը ջրում լուծված կարտոֆիլի ալյուր և շարունակել եռացնելը, ապա ավելացնել հատապտուղների տրորած խյուսն ու խառնել։

1 բաժակ Մ-ին՝ 3/4 բաժակ շաքար, 2 բաժակ ջուր, կարտոֆիլի ալյուրն՝ ըստ ճաշակի։

Տես նաև Կիսել հոդվածը։