ՏՏՀ/Ներկարարական աշխատանքներ
ՆԵՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, շինությունների հարդարման համար կիրառվում են սոսնձաներկեր, կրաներկեր, յուղաներկեր, արծնաներկեր, ջրաէմուլսային ներկեր և զանազան լաքեր։ Սոսնձաներկերը, կրաներկերն ու ջրաէմուլսային ներկերն օգտագործում են առաստաղները և պատերը, յուղաներկերը և արծնաներկերը դռները, լուսամուտները, խողովակները և ծածկերը ներկելու համար։ Լաքերը կիրառում են ներկած չոր մակերևույթները լաքապատելու համար։
Ներկարարական գործիքներ և հարմարանքներ։ Ներկելիս և հարդարելիս օգտագործում են վրձիններ, հատուկ գլանիկներ (նկ. 1) և ներկացրիչներ։ Մեծ մակերևույթները ներկում են երկարամազ մեծ վրձիններով, իսկ մանր Ն. ա. (դռների, լուսամուտների, մարտկոցների ներկում) կատարում են ձեռնավրձիններով։
Լայնավրձինը երկար, բարակ, ճկուն մազափնջով վրձին է, որն օգտագործում են փայլուն և հարթ ներկաշերտ ստանալու համար։
Փայլատ մակերևույթ ստանալու համար ներկելուց հետո հարկավոր է դեռևս չչորացած մակերևույթին թեթևակի հարվածներ հասցնել երկարամազ չոր խոզանակի (խեթկավրձին) կողամասով։
Օգտագործելուց առաջ երկարամազ նոր վրձինների հիմնամասն անհրաժեշտ է փաթաթել ամուր լարանով (նկ. 2)։ Մազերի մաշվածքին համեմատ փաթաթվածքը հարկավոր է աստիճանաբար նեղացնել։ Սոսնձաներկի վրձինները պետք է փաթաթել ավելի թույլ, քան յուղաներկի վրձինները։
Մակերևույթները սոսնձաներկով պատելու համար օգտագործում են ներկացրիչ կամ փոշեծուծի հեղուկացրիչ (ներկալուծույթը նախապես քամելուց հետո)։
Ն. ա-ում կիրառվող գլանիկը փայտե կամ ալյումինե կլոր ձող է, որին հագցվում է պորոլոնից կամ գառան խուզած մորթուց (12-15 մմ երկարության խավով) պատրաստված ծածկոց։ Գլանիկն ամրացվում է հատուկ բռնակի առանցքին։ Ջրաներկ օգտագործելուց առաջ նոր գլանիկը հարկավոր է 5-6 ժամ պահել ջրի մեջ, որպեսզի ծածկոցը փափկի և կիպ գրկի գլանը։
Ն. ա. ավարտելուց հետո ամանները և գործիքները պետք է մաքրել բևեկնայուղով, նավթով կամ լուծիչով, այնուհետև լվանալ օճառի կամ սոդայի թույլ լուծույթով։ Ջրաեմուլսային ներկի ամանները և վրձիններն անհրաժեշտ է անմիջապես լվանալ ջրով։ Լաքաներկային նյութերը և լուծիչները պետք է պահել հերմետիկ փակվող ամաններում։
Մետաղե մակերևույթներից անհրաժեշտ է հեռացնել ժանգը և կեղտը (պողպատե խոզանակով կամ քերիչով)։ Մետաղե, սվաղապատ և փայտե բոլոր տեսակի մակերևույթները յուղաներկով պատելուց առաջ հարկավոր է ներկաստառել օլիֆով։ Սոսնձաներկի մնացորդները պետք է թրջել տաք ջրով (երբեմն՝ 3 %-անոց քացախաթթվով կամ աղաթթվով) և քերել քերիչով։ Սվաղած մակերևույթի ժանգաբծերը և մուրը մաքրում են արջասպի լուծույթով (1 լիտր եռման ջրին՝ 50-ից մինչև 100 գ պղնձարջասպ), իսկ ճարպաբծերը՝ սոդայի 2 %-անոց տաք լուծույթով։ Եթե արջասպի լուծույթը չի օգնում, ապա բծերը հարկավոր է պատել սպիտականերկով կամ յուղաներկով։ Առաստաղը և պատերը արջասպի լուծույթով մշակում են մեկ կամ երկու անգամ։
Սվաղած մակերևույթները սոսնձաներկով պատելուց առաջ անհրաժեշտ է ներկաստառել։ Ներկաստառը քսում են երկարամազ վրձնով 1-2 անգամ՝ երկայնակի և լայնակի ուղղություններով։ Ներկաստառը չորանալուց հետո քսում են ներկը (մոտավորապես մեկ օր անց)։
Լուսամուտները, դռները և հատակը ներկելուց առաջ ճեղքերը լցափակում են, թողնում չորանալու, որից հետո մածկում են (նկ. 3), մաքրամշակում, կրկին ներկաստառում, ապա ներկում։
Ջրաներկային աշխատանքներ: Տարբերում են կրային, սոսնձային (կավճային), կազեինային և սիլիկատային ջրաներկեր։ Կրային ներկալուծույթները կիրառում են ներսի և դրսի աշխատանքների ժամանակ՝ սվաղ, աղյուս, բետոն, քար և, հազվադեպ, փայտ ներկելու համար։ Կրային լուծույթներ պատրաստելու համար օգտագործում են ալկալիակայուն գունանյութ, որպես կապակցանյութ՝ կերակրի աղ կամ օլիֆ։ 10 լ կրային լուծույթ (աղով) պատրաստելու համար պահանջվում է 3 կգ կրախմոր, 100 գ կերակրի աղ, չոր շինարարական ներկ՝ որքան պահանջվի։ Աղը լուծում են 0,5 լ ջրում, կրախմորը բացում 5-6 լ ջրով և խառնում աղաջրի լուծույթին։ Չոր ներկը նույնպես լուծում են ջրում և որոշակի քանակությամբ ավելացնում պատրաստված զանգվածին։ Օլիֆով կրային լուծույթը պատրաստում են 1,5 կգ չհանգած կրից և 50-100 գ օլիֆից, կիրը հանգցնում են և խառնելով ավելացնում օլիֆը։ Զանգվածին ջուր ավելացնելով հասցնում են անհրաժեշտ քանակության, ապա լցնում ներկը։
Սոսնձային (կավճային) ներկալուծույթները կիրառում են միայն ներսի աշխատանքների ժամանակ՝ հիմնականում սվաղած մակերևույթներ ներկելու համար։ 10 լ սպիտակ ներկալուծույթի համար պահանջվում է 3-4 կգ մաղած կավիճ, մինչև 150 գ ուլտրամարին, 200-250 գ կենդանական չոր սոսինձ։ Կավիճը խառնում են ջրի հետ, ապա ավելացնում բացած ուլտրամարինը և կապակցանյութը։ Պատերը ներկելու համար սոսնձային գունավոր ներկալուծույթները պատրաստում են սպիտակ ներկալուծույթին ավելացնելով ջրով բացած շինարարական ներկ։ Օրինակ, պողպատագույն ներկալուծույթ ստանալու համար պետք է 1 կգ կավճին ավելացնել 70 գ ուլտրամարին և 20 գ մուր, իսկ նարնջագույնի համար՝ 300 գ դեղին քրոմաներկ, 500 գ կինաբար։
Սոսնձային ներկալուծույթները պետք է օգտագործել նույն օրը։
Կազեինային ներկալուծույթները հիմնականում կիրառվում են արտաքին սվաղած մակերևույթները ներկելու համար։ 1 կգ կազեինային ներկի համար պահանջվում է 30 գ օլիֆ, 8 գ ալյումինակալիումային պաղլեղ, միջին հաշվով 1 լ ջուր։ Կազեինային ներկը լուծում են 0,5 լ ջրում և քամում խիտ մաղով։ Մոտավորապես մեկ ժամ հետո ներկալուծույթին քիչ-քիչ ավելացնում են օլիֆ և խնամքով խառնում։ Ստացված համասեռ էմուլսիան նոսրացնում են մինչև պահանջվող թանձրությունը, այնուհետև ավելացնում պաղլեղի լուծույթը և կրկին խառնում։ Սիլիկատային ներկալուծույթները կիրառում են շենքերի ճակատային մակերևույթները (սվաղ, քար, աղյուս) ներկելու համար։
Ջրային ներկալուծույթները քսում են վրձնով, գլանիկով կամ ներկացրիչով։ Նախ ներկում են առաստաղը, այնուհետև պատերը, լուսամուտները, դռները և վերջում՝ հատակը։ Առաստաղը ցանկալի է ներկել երկու անգամ, նախ ներկը քսել լուսամատից ընկնող լույսին ուղղահայաց ուղղությամբ, ապա թարմ քսած ներկը տարածել (երբեմն՝ ներկ ավելացնելով) ընկնող լույսի ուղղությամբ։ Ներկացրիչով ներկելիս շիթն ուղղում են ոչ թե ուղիղ գծով, այլ պարուրագծով։ Պատերը նույնպես ներկում են երկու անգամ՝ նախ հորիզոնական, ապա ուղղաձիգ ուղղություններով։ Առաստաղը և պատերը ներկելուց հետո խորհուրդ է տրվում լուսամուտները 4-5 ժամ փակ պահել։
Յուղաներկային աշխատանքները։ Յուղաներկերը և արծնաներկերն օգտագործում են փայտե, մետաղե և սվաղած մակերևույթները ներկելու համար։ Ն. ա. սկսելուց առաջ անհրաժեշտ է հեռացնել վատ կպած հին ներկը։ Ամուր կպած ներկը չեն հեռացնում, այլ լվանում են սոդայի 2-5 %-անոց լուծույթով կամ գոլ ջրով ու օճառով։ Հին ներկաշերտը հեռացնելիս օգտվում են հատուկ փափկացնող մածուկից, որի պատրաստման համար պահանջվում է 0,5 կգ մաղած կավիճ, 0,5 կգ ասբեստի փոշի կամ կրախմոր։ Նշված նյութերին ավելացնում են կաուստիկ սոդայի 20 %-անոց լուծույթ՝ ստանալով խմորանման զանգված։ Մածուկը քսում են հին ներկաշերտին, թողնում 2-3 ժամ, փափկած ներկաշերտը մաքրում քերիչով կամ մածկաթիակով, մաքրած մակերեսը լվանում քացախաթթվի 2 %-անոց լուծույթով, ապա՝ մաքուր ջրով։ Ներկելուց առաջ մակերևույթը ներկաստառում են մեկ կամ երկու անգամ։ Մեկ անգամ ներկաստառելու դեպքում օգտագործում են գունավորած օլիֆ կամ հատուկ ներկաստառ։ Կրկնակի ներկաստառման դեպքում առաջին շերտի համար օգտագործում են օլիֆ, երկրորդի համար՝ ներկաստառման լուծույթ։ Վերջինս պատրաստում են օլիֆի (1 կգ), թանձրալեսած յուղաներկի (0,5-1 կգ) և լուծիչի (70-100 գ) խառնուրդից։
Օգտագործելուց առաջ ներկը հարկավոր է խնամքով խառնել և քամել։ Եթե նույն ներկի տարբեր տուփերում երանգները տարբեր են, անհրաժեշտ է դրանք լցնել մի ամանի մեջ և լավ խառնել։ Թանձրացած ներկը նոսրացնում են բևեկնայուղով, ուայթ-սպիրտով կամ օլիֆով։
Խորհուրդ է տրվում յուղաներկը քսել բարակ հավասար շերտով. հորիզոնական մակերևույթի հաստ ներկաշերտը կնճռոտվում է, իսկ ուղղաձիգ մակերևույթին առաջանում են հոսաբծեր։
Վրձինը պետք է բռնել ներկվող մակերևույթին ուղղահայաց և ներկը տարածել հավասարաչափ։ Պատերը վրձնով ներկելիս խորհուրդ է տրվում ներկը քսել հորիզոնական շերտերով, ապա տարածել ուղղաձիգ շարժումներով։ Փայտ ներկելիս վերջնահարդարումը պետք է կատարել թելքերի ուղղությամբ։
Ջրաէմուլսային Ն. ա.։ Ջրաեմուլսային ներկերով կարելի է պատել ամեն տեսակի մակերևույթները։ Ներկելուց առաջ մակերևույթը հարկավոր է մշակել այնպես, ինչպես յուղաներկով աշխատելիս։ Ներկաստառման համար չի կարելի օգտագործել պղնձարջասպ պարունակող լուծույթներ։ Սովորական ջերմաստիճանային պայմաններում (18-23 °C) ներկածածկույթը չորանում է 1,5-2 ժամվա ընթացքում։
Խորհուրդ է տրվում ներկը քսել երկու շերտով, ընդ որում երկրորդ շերտը՝ առաջինի չորանալուց հետո։