ՆՈՒՌ, Հայաստանում մշակվում է հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան շրջաններում։ Պտուղները հավաքում են սեպտեմբերի երկրորդ կեսից մինչև նոյեմբեր։ Դրանք կարելի է պահել 4-5 ամիս (քաղցր սորտերը) և 8-9 ամիս (թթու սորտերը) մոտ 1 °C-ում։ Ն. պարունակում է շաքար, 4-10 մգ % C վիտամին, կիտրոնաթթու, տանին։ Ըստ թթվայնության տարբերվում են թթու, թթվաքաղցր և քաղցր պտուղներով սորտեր։

Պտուղներն օգտագործում են թարմ, ինչպես նաև հյութեր, ոչ ոգելից խմիչքներ, պտղահատապտղային գինիներ, համեմունքներ պատրաստելիս։

Հյութն արժեքավոր և դիետիկ սննդամթերք է։ Հավասար քանակությամբ շաքարի հետ լավ եռացրած հյութից կարելի է պատրաստել կիսել, մուս։ Գերեփած (թանձրացած) հյութը որպես համեմունք օգտագործվում է տարբեր կերակրատեսակների հետ (առավելապես արևելյան խոհանոցում), պատրաստի կերակրին տալիս է հաճելի թթվաշատտիպ և յուրահատուկ համ։ Հյութը (իր մեջ պարունակող տանինի շնորհիվ) և կեղևն օգտագործում են ստամոքսի խանգարումների ժամանակ, իսկ բնի և ճյուղերի չորացրած կեղևը՝ որպես հակաճիճվային միջոց։ Խոցային հիվանդությամբ, ստամոքսահյութի բարձր թթվայնությամբ, ստամոքսաբորբով, ինչպես նաև աղիքաբորբով հիվանդներին չի թույլատրվում օգտագործել թթու սորտերի պտուղները։