ՆՐԲԱՍՂՈՑՈՒՄ, անհրաժեշտ գործիքներն են նրբասղոցը, տարբեր համարի սղոցիկները, փոքր մուրճը, բիզը, տափաշուրթը, կծաքցանը, դանակը, խարտոցը, նրբախարտոցները, հաստոցը (հենատախտակ), ինչպես նաև սոսնձելու պարագաները։

Սովորաբար, Ն-ման համար օգտագործում են 3-5 մմ հաստության, գերադասելի է կեչու եռաշերտ, առանց ճաքերի ու ոստերի նրբատախտակը, կարելի է օգտագործել նաև պլաստմասսաներ, ցելուլոիդ, պլեքսիգլաս ևն։ Չոր նրբատախտակը երկու կողմից մաքրամշակում են զմռնիտաթղթով, ապա պատճենաթղթի միջոցով փոխանցում նկարը և սուր փայտիկով կամ մատիտով խորացնում կամ մգացնում նկարի եզրագծերը։ Նախ սղոցում են նկարի արտաքին, ապա ներքին եզրագծերը (եզրագծի ներսի մասում բզով անցք բացելուց հետո)։ Նրբասղոցի կոթից բռնելով, սղոցիկի ազատ ծայրն անցկացնում են անցքով, մանրամասը տանում մինչև ներքևի սեղմիչ պտուտակը, իսկ սղոցիկի ազատ ծայրն ամրացնում վերևի սեղմիչ պտուտակով։ Այնուհետև մանրամասը դնում են հաստոցի վրա և սղոցում։ Նրբատախտակը ձախ ձեռքով ամուր սեղմում են հաստոցին։ Սղոցիկը պետք է գտնվի ձախ ձեռքի բութ մատի և մնացած մատների արանքում ուղղաձիգ դիրքում։ Սղոցիկը հավասարաչափ վեր ու վար են շարժում, թեթևորեն առաջ սեղմելով (ուժեղ սեղմելիս սղոցիկը կարող է կոտրվել)։ Եզրագծի շրջադարձերը, անկյունները հարկավոր է սղոցել ձեռքի ավելի փոքր և հաճախակի շարժումներով՝ առանց սղոցիկը առաջ շարժելու, միաժամանակ ձախ ձեռքով զգուշորեն պետք է պտտել մանրամասը, որպեսզի սղոցիկի ատամները անհրաժեշտ ուղղություն ընդունեն։ Մանրամասների միացման տեղերը մշակում են խարտոցով։

Պատրաստի մանրամասները մաքրամշակում են զմռնիտաթղթով, արտաքին եզրերը հավասարեցնում տափակ խարտոցով, ներքին մանր կտրույթները՝ նրբախարտոցով։ Մաքրամշակումից և հարմարեցումից հետո մանրամասները սոսնձում են (տես Սոսնձում), ապա մաքրում եզրերից դուրս եկած սոսինձը։

Նրբասղոցած շինվածքը կարելի է ներկել, պատել լաքով, օլիֆով, մոմով կամ խածատել։ Օլիֆը պետք է քսել գոլ վիճակում։ Մոմապատում են 2 եղանակով. 1. սղոցած իրը փոքր-ինչ տաքացնում են կրակի վրա, վրձնով քսում հալեցրած մոմը և մի քանի րոպեից փայլեցնում լաթով, 2. մոմը լուծում են զտած տաք բևեկնայուղի մեջ (1:2 հարաբերությամբ), գոլ վիճակում քսում շինվածքին և մի քանի րոպեից փայլեցնում լաթով։

Թափանցիկ պլեքսիգլասի վրա նկարը փոխանցում են անմիջականորեն որևէ սուր գործիքով (օրինակ, բզով) և զգուշորեն սղոցում խոշորատամ սղոցով։ Անցքերը գայլիկոնում են ձեռքի գայլիկոնիչով կամ գայլիկոնիչ հաստոցով։ Սղոցելուց հետո անհարթությունները մշակում են նրբախարտոցով: Սղոցվող իրը պետք է սեղանի մակերևույթի հետ 30-40° անկյուն կազմի և գտնվի սղոցողի աչքերից 30 սմ հեռավորության վրա։ Ն. պետք է կատարել կարճատև դադարներով (յուրաքանչյուր 10-15 րոպեից հետո)։