ՏՏՀ/Շաղկապենաբորբ
ՇԱՂԿԱՊԵՆԱԲՈՐԲ, կոնյունկտիվիտ, կոպերի ներքին մակերևույթը և ակնագնդի առաջային մասը ծածկող լորձաթաղանթի բորբոքում։ Բնորոշվում է ակնագնդի կարմրությամբ, շճային կամ շճաթարախային արտադրությամբ, արցունքահոսությամբ, լուսավախությամբ, աչքում ջերմության, ծակոցի («ավազի») զգացողությամբ (օտար մարմնի բացակայության պայմաններում)։ Տարբերում են սուր և քրոնիկական Շ.։
Սուր Շ. սովորաբար առաջանում է ախտածին մանրէներով (երբեմն դիֆթերիայի կամ գոնոռեայի), վիրուսներով վարակվելիս և զարգանում է արագ, սկսվում է ուժեղ թարախային արտադրություն, որից թարթիչները կպչում են իրար, և հիվանդն առավոտյան միայն լվացվելուց հետո է կարողանում աչքերը բացել։ Լորձաթաղանթի վրա երբեմն լինում են փոքր արյունազեղումներ։ Սովորաբար ախտահարվում են երկու աչքը միաժամանակ։ Հիվանդությունը տևում է 2-4 շաբաթ։ Վարակը կարող է աչք թափանցել կեղտոտ ձեռքերի, սրբիչի, թաշկինակի միջոցով։ Հիվանդության առաջին նշաններն ի հայտ գալուն պես հարկավոր է շտապ դիմել ակնաբույժի և, վարակը չտարածելու համար, ժամանակին մեկուսացնել հիվանդ երեխաներին։ Սուր վարակիչ Շ-ի բուժման համար արդյունավետ են հակաբակտերիային դեղանյութերը, որոնք կարելի է օգտագործել միայն բժշկի նշանակմամբ և հսկողությամբ։ Կաթիլներն աչքի մեջ կաթեցնելուց և քսուքը քսելուց հետո հարկավոր է կաթոցիչը և ապակե ձողիկները եռացնելով ախտահանել։ Չի կարելի աչքին վիրակապ դնել, քանի որ այն նպաստավոր պայմաններ է ստեղծում մանրէների կենսագործունեության և բազմացման համար, ինչպես նաև նպաստում եղջերաթաղանթի վրա հիվանդագին գործընթացի տարածմանը։ Շ-ի կանխարգելման համար պետք է պահպանել անձնական հիգիենայի կանոնները։ Քրոնիկական Շ. տարբերվում է առավել երկարատև ու համառ ընթացքով և դրսևորվում է թույլ արտահայտված բորբոքային երևույթներով։ Հիվանդության առաջացմանը նպաստում են փոշին և ծուխը՝ վատ օդափոխվող շինություններում, ինչպես նաև օրգանիզմի ընդհանուր մի քանի հիվանդություններ, սննդի ռեժիմի խանգարումները։
Քրոնիկական Շ-ով հիվանդանում են նաև վատ տեսողությամբ մարդիկ, եթե չեն օգտագործում բժշկի նշանակած ակնոցները։