ՇԱՇԿԻ, սեղանի խաղ մեկընդմեջ մուգ և բաց գույնի վանդակներով քառակուսի տախտակի վրա որոշակի թվով սև և սպիտակ կլոր խաղաքարերով։ Խաղում են երկուսով։ Նպատակն է վերցնել մրցակցի խաղաքարերը կամ ստեղծել այնպիսի վիճակ, որ դրանք զրկվեն քայլ կատարելու հնարավորությունից։ Շ-ու մասին նախնական տեղեկություններ կան հին եգիպտական հուշարձաններում։ Տարածված են Շ. ռուսական, անգլիական, գերմանական, իսպանական (64 վանդակ, 12 խաղաքար), միջազգային՝ ֆրանսիական, լեհական (100 վանդակ, 20 խաղաքար) և կանադական (144 վանդակ, 30 խաղաքար) տեսակները։

Խաղի կանոնները։ Խաղաքարը շարժվում է մեկ քառակուսի առաջ՝ ցանկացած անկյունագծային մուգ դաշտով (նկ. 1)։ Մրցակցի խաղաքարը կարելի է վերցնել և՛ հետ, և՛ առաջ հետևյալ կերպ. խաղաքարը անկյունագծով անցնում է մրցակցի խաղաքարի վրայով և կանգնում հարևան ազատ դաշտում։ Վերջին հորիզոնական հասած խաղաքարը համարվում է «տամա», որը շարժվում է անկյունագծով ցանկացած հեռավորությամբ։

100 վանդականի Շ. (նկ. 2) ունի 3 լրացուցիչ կանոն, որոնց շնորհիվ հնարավոր է կազմակերպել առավել բարդ կոմբինացիաներ և դիրքային մանևրներ։ Դրանք են. ա. վերջին հորիզոնական հասած խաղաքարը «տամայի» իրավունք է ստանում հաջորդ քայլից, բ. եթե վերջին հորիզոնական հասած խաղաքարը ստիպված է վերցնել հակառակորդի խաղաքարը, ապա այն «տամա» չի դառնում, գ. եթե կա խաղի մի քանի տարբերակ, որոնցից մեկը խաղաքար վերցնելն է, ապա այն պետք է վերցնել։