ՇՆԵՐ, տարբերում են ծառայողական, մարզածառայողական, որսորդական և սենյակային ցեղի Շ.։

Ծառայողական ցեղի Շ. օգտագործվում են բանակում, սահմանապահ զորքերում, միլիցիայի ծառայություններում, զանազան օբյեկտներ, գյուղատնտեսական կենդանիներին հսկելու համար ևն։ Այդ Շ-ից են. գերմանական (արևելաեվրոպական), կովկասյան, միջինասիական, հարավռուսական, շոտլանդական (կոլի) հովվաշները, ռոտվեյլերները, էրդելտերիերները, սև տերիերները, ռիզենշնաուցերները, մոսկովյան պահակաշունը ևն։

Շնաբույծները սովորաբար անդամագրվում են ծառայողական շնաբուծության ակումբներին, որոնք շնաբուծության ուսումնամասսայական աշխատանքների կենտրոններ են և կազմակերպում են ազնվացեղ Շ-ի բուծումը։ Ակումբների անդամները զբաղվում են սպորտով, մասնակցում ցուցադրական ելույթների, ռազնամարզական խաղերի, ամեն տարի վարժեցնում են մեծ թվով Շ. և հանձնում բանակին, սահմանապահ զորքերին ու մյուս գերատեսչություններին։

Շ. բուծում են ակումբներում պլանավորված, որոշակի սկզբունքով, մարմնակազմվածքի կատարելագործման, Շ-ի ծառայողական ցուցանիշների բարձրացման և քանակի ավելացման նպատակով։ Բազմացնում են լավագույն Շ., որոնք ունեն չորս սերնդի տոհմաբանություն, ցուցահանդեսներում ստացած մարմնակագմվածքի գերազանց կամ շատ լավ գնահատական, ինչպես նաև ծառայողական արժանիքների համար դիպլոմներ։

Գերմանական (արևելաեվրոպական) հովվաշունը ակումբներում գրանցված Շ-ի 70 %-ն է կազմում։ Երկարամյա աշխատանքի շնորհիվ բուծվել է գերմանական հովվաշնից մի փոքր խոշոր, ուժեղ, բարեկազմ, դիմացկուն և աշխատունակ հովվաշան նոր տեսակ։ Այս ցեղը համապիտանի է և օգտագործվում է կլիմայական տարբեր գոտիներում։ Սրանք հիմնականում զինվորական Շ. են, որոնք օգտագործվում են պետական սահմանները պաշտպանելու, ռազմական, ժողտնտեսության և արդյունաբերական այլ օբյեկտները (պահակային ծառայությունում) պահպանելու համար։ Կատարում են նաև հետախուզման, ականաորոնման ծառայություններ և հաջողությամբ օգտագործվում են հանքագազաորոնման, հետախուզափրկարարական և այլ հատուկ (սանիտարական, կապի) աշխատանքներում։

Կովկասյան, միջինասիական, հարավռուսական հովվաշները, սև տերիերը, մոսկովյան պահակաշունը պիտանի են պահակային ծառայության, ինչպես նաև ընտանի կենդանիների պահպանության համար։

Շոտլանդական հովվաշունը, էրդելտերիերը, ռոտվեյլերը, ռիզենշնաուցերը հիմնականում օգտագործվում են ունեցվածքի պահպանության և մարզական նպատակներով։ Շոտլանդական հովվաշունը և էրդելտերիերը օգտագործվում են կույրերին ուղեկցելու, իսկ շոտլանդական հովվաշունը նաև գյուղատնտեսական կենդանիներին պահպանելու համար։

Բոկսյորը, դոգը, նյուֆաունդլենդը (ջրասուզակ), սենբեռնարը, դոբերմանպինչերը մարզածառայողական Շ. են, սակայն նրանց մի մասն ունի նաև ծառայողական նշանակություն։

Գերմանական (արևելաեվրոպական), շոտլանդական հովվաշներին (կոլի), էրդելտերիերին, սև տերիերին, սենբեռնարին, նյուֆաունդլենդին և ռիզենշնաուցերին կարելի է պահել ինչպես տանը, այնպես էլ բակում։ Կարճամազ Շ-ին (դոբերման, բոկսյոր, դոգ) պահում են տաք տեղերում։

Որսորդական Շ. օգտագործվում են տարբեր տեսակի որսի ժամանակ։ Որսաշներից են սրադունչ քերծեները (ռուսական քերծե, ռուսական տափաստանային, թազի, տայգան, կոկամազ քերծե, աֆղանական քերծե), քերծեները (ռուսական, ռուսական խայտաբղետ, էստոնական, լատվիական, լիտվական, բիգլ), լայկաները (ռուսական-եվրոպական, արևմտասիբիրական, արևելասիբիրական, կարելա-ֆիննական), պոյնտերները, սետերները (կուրցհար, դրատհար, լանգհար), սպանիելները (ռուսական որսորդական, անգլիական կոկեր), մորթայինները (կոպտամազ և հարթամազ ֆոքստերիերներ, երեք տարատեսակի տաքսա, յագտերիեր, վելշտերիեր)։

Նապաստակի կամ աղվեսի որսի սիրահարները՝ ելնելով տեղի պայմաններից, կարող են օգտագործել սրադունչ քերծե կամ քերծե, թռչնի որսի սիրահարները՝ սետեր, պոյնտեր, գերմանական որսաշուն կամ սպանիել, մորթու որսի համար՝ ֆոքստերիեր կամ տաքսա։ Լայկան համապիտանի շուն է, որին կարելի է օգտագործել անտառաբնակ թռչուններ, փասիան, բադ, գազանիկներ, արջ որսալու համար։

Քերծեն, սրադունչ քերծեն, լայկան, կոպտամազ որսաշունը, կոպտամազ ֆոքստերիերը կարելի է պահել ցուրտ շինություններում, բակում, մնացած Շ-ին՝ տաք շինություններում կամ տներում։

Որսորդական Շ-ի ցեղի սիրահարները միավորված են որսորդների միությանը կից որսորդական շնաբուծության ակումբում։

Սենյակային Շ. հիմնականում խոշոր չեն։ Դրանցից են բոլոնկան, պինչերը, տոյտերիերը, շպիցը, աֆենպինչերը, գաճաճ պուդելը, պեկինյան շնիկը (պեկինես), ճապոնական քինը, չիխուախուան ևն։

Սենյակային Շ. պահող շնաբույծները դառնում են ակումբների կամ սիրող շնաբույծների ընկերության անդամներ։

Շ. ձեռք բերելը և խնամքը։ Շ. ձեռք բերելու համար դիմում են համապատասխան ակումբին, որտեղից կարելի է ստանալ Շ-ի դաստիարակության և խնամքի վերաբերյալ անհրաժեշտ խորհուրդներ՝ նկատի ունենալով շան ցեղը, տարիքը և սեռը։ Խորհուրդ է տրվում նաև հաճախել շնաբույծների դասընթացներ։

Ցեղական շունը պետք է ունենա տոհմաբանական, իսկ հասուն Շ. նաև ցուցահանդեսների և քննությունների ժամանակ ստացած դիպլոմների և գնահատականների փաստաթուղթ։ Պահելու համար ավելի լավ է ձեռք բերել շան ձագ և տանը մեծացնել։

Պետք է հիշել, որ Շ-ի արուներն էգերից ավելի խոշոր են, ուժեղ և հարձակվող։ Էգերն ավելի շուտ են ընտելանում մարդկանց և տանը։

Քաղաքներում և այլ բնակավայրերում Շ. կարելի է պահել իշխանության տեղական մարմինների ընդունած օրենքներին համապատասխան։ Մեկուսացված (մեկ ընտանիքի զբաղեցրած) բնակարաններում Շ. պահել թույլատրվում է միայն սանիտարահիգիենային և անասնաբուժասանիտարական օրենքները պահպանելու պայմանով, իսկ կոմունալ բնակարաններում պետք է լինի նաև բոլոր բնակիչների համաձայնությունը։ Շ. պահել չի թույլատրվում շենքերի և կոմունալ բնակարանների ընդհանուր օգտագործման մասերում (աստիճանահարթակ, նկուղ, ձեղնահարկ, միջանցք և նմանատիպ տեղեր), ինչպես նաև պատշգամբում և խորշապատշգամբում։

Շ-ին անհրաժեշտ է գրանցել և ամեն տարի վերագրանցել տիրոջ բնակավայրին մոտ գտնվող անասնաբուժական հիմնարկում, որը պետք է տա գրանցման վկայական և նշան, պատվաստում կատարի և տիրոջը ծանոթացնի շան խնամքի կանոններին։

Շ. գնել, վաճառել և տեղափոխել (ցանկացած փոխադրամիջոցով) այլ վայր կարելի է միայն անասնաբուժական վկայականով, որտեղ անպայման պետք է նշվի, որ մինչև տեղափոխելը շանը պատվաստում է կատարվել կատաղության դեմ, 30 օրից մինչև 12 ամսվա համար։ Շ-ին հասարակական փոխադրամիջոցներով կարելի է տեղափոխել, եթե պահպանվեն սահմանված կանոնները։

Շ-ին կարելի է դուրս տանել միայն կարճ վզափոկով կամ դնչկալով, վզի համարանշանով (բացառությամբ մինչև 3 ամսական թուլաները), կարելի է զբոսանքի տանել հատուկ նախատեսված վայրում՝ առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան 23-ը, իսկ այլ վայրում զբոսնելիս շան տերը պետք է միջոցներ ձեռնարկի լռություն ապահովելու համար։

Բնակարանում շանը անհրաժեշտ է մշտական տեղ հատկացնել, որպեսզի կենդանին ոչ ոքի չխանգարի և հանգիստ զգա։

Այդ տեղը պետք է լուսավոր լինի և միջանցիկ քամուց ու ջեռուցման սարքերից հեռու։ Տեղում անհրաժեշտ է փոքր գորգ փռել, որը ամեն օր պետք է թափ տալ, մաքրել խոզանակով կամ փոշեծուծով, իսկ կեղտոտվելու դեպքում լվանալ։ Գաճաճ ջերմասեր ցեղի շան տակը պետք է փափուկ տաք շոր փռել։ Եթե շան տերը հողամաս ունի, կարող է շանը արձակ պահել լավ ցանկապատված տարածքում (մեկուսացված շինություն), որի մուտքը կողմնակի անձանց համար փակ է, և բացառվում է շան փախուստը։ Անբարենպաստ եղանակներից և ցրտից Շ-ին պաշտպանելու հաճար անհրաժեշտ է բարձր և չոր տեղում տնակ սարքել, որը ցուրտ շրջաններում պետք է ունենա լցվածքով կրկնակի պատեր։ Շ-ին կարելի է պահել նաև մարագում կամ խոտանոցում, որտեղ նույնպես տնակ կամ գետնից բարձր թախտ (կողերով, որպեսզի տակի փռած շորը չգցի) պետք է դնել։ Ձմռանը տնակում կամ թախտին անհրաժեշտ է խոտ, ծղոտ փռել կամ թեփ շաղ տալ այնպես, որ ձեռքով սեղմելիս հատակը չշոշափվի, իսկ տնակի մուտքը պետք է ծածկել հաստ գործվածքով։ Անշարժ կապի դեպքում հողի մեջ պետք է խփել օղակով, կեռիկով կամ հեղույսով սյուն որի բարձրությունը հողից պետ է լինի 8-10 սմ, որպեսզի շղթան սյան շուրջը չփաթաթվի, իսկ շղթայի երկարությունը՝ 1,5-2 մ։ Շարժական կապի դեպքում մետաղալար կամ մետաղաճոպան պետք է անցկացնել շարժական օղակով, որին էլ ամրացվում է շան շղթան։

Մետաղալարի միջին մասը գետնից 1,5 մ բարձր պետք է մնա։ Տնակն անհրաժեշտ է տեղադրել լարի կենտրոնում կամ մի ծայրում։ Ցանկալի է Շ․ պահել տնակով շնանոցում, որի մակերեսը լինի 300x300 սմ (որքան մեծ՝ այնքան լավ)։ Պարսպի բարձրությունը պետք է լինի 200 սմ-ից ոչ պակաս: Շնանոցը կարելի է պատրաստել ցանկապատին, մարագին կից, որը բավական դյուրացնում է դրա կառուցումը: Շնանոցը շրջափակող շրջանակները կարելի է սարքել փայտից, խողովակներից, անկյունավոր մետաղից և պատել 2,5-3 մմ հաստության մետաղացանցով։ Դուռը պետք է բացվի դեպի ներս։ Շնանոցի տարածքը անհրաժեշտ է տոփանել և ջրհոսքի համար որոշ թեքություն տալ։ Տնակը կարելի է տեղափոխել ցանկացած տեղ այնպես, որ շունը դրա վրա բարձրանալիս չկարողանա անցնել պարսպի վրայով։

Եթե բակում շուն կա, ապա մուտքին պետք է անպայման նախազգուշացնող գրություն փակցնել։

Բնակարանում պահվող հասուն Շ-ին պետք է զբոսանքի տանել օրական 2, ձագերին՝ 4 անգամ:

Շ-ին, հատկապես երիտասարդ հասակում, անհրաժեշտ է երկարատև, առողջարար (նաև բնական պահանջները բավարարող) զբոսանքի տանել (յուրաքանչյուր անգամ մինչև 1 ժամ)։

Շան մաշկի վրայից փոշին, կեղտը, թեփը անհրաժեշտ է ամեն օր մաքրել խոզանակով, իսկ երկարամազերին նաև սանրել նոսր ատամներով սանրով։ Անձրևոտ եղանակներին, խորհուրդ է տրվում շան փորը և ոտքերը սրբել խոնավ շորով կամ լվանալ գոլ ջրով՝ առանց օճառի։ Գարնանը և աշնանը, երբ Շ-ի մազերը սկսում են թափվել, պետք է ամեն օր դրանք սանրելով հեռացնել։

Խորհուրդ չի տրվում Շ-ին կես տարվա ընթացքում 1 անգամից ավելի լողացնել լվացամիջոցներով: Ցանկալի է լողացնել մանկական օճառի փրփուրով կամ մանկական շամպունով (օճառը չի կարելի քսել մազերին, որովհետև այն դժվար է մաքրվում, իսկ մնացորդը գրգռում է մաշկը։

Շ. սեռահասուն են դառնում 8-10 ամսականում։ Այդ ընթացքում էգի մոտ սկսվում է կտղուցքը (սեռական ցանկությունը), որն արտահայտվում է տարին 1 կամ 2 անգամ (համարյա 6 ամիսը մեկ) և տևում է 20-30 օր։ Հղիությունը՝ 58-65 օր։ Խոշոր ցեղի Շ. սովորաբար ունենում են 5-8 (երբեմն մինչև 12), գաճաճ ցեղերը՝ 2-3 ձագ, որոնք ծնվում են փակ աչքերով և խուլ։ Շ. տեսնում և լսում են 10-14 օրականում, ատամները դուրս են գալիս 20-րդ օրը։ Սկզբնական շրջանում ձագերը սնվում են միայն մոր կաթով։ Լրացուցիչ կարելի է կերակրել ելնելով ձագերի թվից և մոր կաթնատվությունից։ Եթե ձագերը 6-ից շատ չեն, ապա լրացուցիչ (առաջին երկու օրը քերած, հետագայում՝ աղացած միս) կարելի է կերակրել սկսած 10-րդ օրից, իսկ կաթնային կեր (հեղուկ խյուսեր) կարելի է տալ աչքերը բացվելուց հետո։ Ձագերին մորից պետք է հեռացնել աստիճանաբար՝ 30-45 օրում։

Շ-ի կերակրելը։ Շ-ին պետք է կերակրել օրը 1-2, հիվանդներին և հյուծվածներին՝ 3 անգամ։ Լավ է կերակրել ոսկրածուծի արգանակով եփած և մինչև 30-40 °C ջերմաստիճանի ջրիկ ձավարախյուսերով։ Միսը և ծովաձուկը ցանկալի է տալ հում, խոշոր կտորներով, իսկ գետաձուկը՝ անպայման լավ եփած։ Բանջարեղենը, արմատապտուղները, կանաչեղենը (գազար, կաղամբ, բազուկ և դրա թփերը, կարտոֆիլ) խորհուրդ է տրվում տալ հում կամ եփած ավելացնելով պատրաստի կերին։ Օգտակար են նաև կաթնամթերքը (լոռ, կաթ), ձուն (շաբաթը 1-2 հատ), խոշոր աղացած պաքսիմատը։ Հիմնական կերի հետ լրացուցիչ կարելի է տալ Շ-ի համար անհրաժեշտ հանքային նյութեր պարունակող ոսկորներ, որոնք պետք ՝ տալ ուտելուց հետո, քիչ և միայն հում։

Շ-ին կարելի է կերակրել նաև սննդի չաղտոտված մնացորդներով։ Նրանց մոտ միշտ պետք է մաքուր ջրով աման դնել։

Շ-ի հանդերձը։ Որսորդական և փոքրաչափ Շ-ի վզակապը պատրաստում են ամբողջական գոտուց, միահյուսված գոտիկներից, բարակ շղթայից, ժապավենաթելերից։ Խոշոր Շ. պետք է ունենան հաստ կաշվից, կաշեփոխարինիչից, մեկ կամ մի քանի շարք ժապավենաթելերից վզակապ՝ ներկարած կիսաօղակով և ամուր ճարմանդ։ Ամուր վզակապ (ներսի կողմում սեպերով) կարելի է գործածել միայն վարժեցնելիս։ Զբոսանքի տանել, առավել ևս կապել շանը նման վզակապով խորհուրդ չի տրվում։ Վզափոկը (կարճ 2-2,5 մ) գործածում են Շ-ին ղեկավարելու և ոչ թե կապելու համար։ Վարժեցման կամ զբոսանքի ժամանակ անհրաժեշտ է 10-15 մ երկարության վզափոկ, որը կարելի է պատրաստել ամուր ժապավենաթելից կամ քուղից։ Շան շղթան՝ 2-2,5 մ երկարությամբ, պետք է ունենա զոդած օղակ հուսալի զսպանակակեռիկով և բավական ամուր լինի։ Շ-ի համար գոյություն ունի դնչկալների մի քանի տեսակ.

ա) մերակավոր ամենապարզն է և կատաղած Շ-ի համար հուսալի չէ,

բ) ցանցավոր կաշվե կամ մետաղե,

գ) խուլ ծածկում է ամբողջ դունչը (չար Շ-ի համար)։

Նշված դնչկալներից յուրաքանչյուրը պետք է կիպ գրկի շան գլուխը, միաժամանակ չսեղմի ծնոտները և շնչառությունը չդժվարացնի։

Լավ շուն ունենալու համար պետք է նրան ճիշտ դաստիարակել և վարժեցնել։ Դրա համար ձագին «առաջարկվում» է ավելի պարզ խնդիրներ, իսկ պայմանական ռեֆլեքսներն ու հմտությունները մշակվում են խաղի, փաղաքշանքի և անուշեղենի միջոցով։ Ձագին վարժեցնում են մականունին, վզակապին, վզափոկին, տեղին, մաքրությանը, հրահանգներին։ Հասուն Շ-ին, որոնց վարժեցնում են 8-10 ամսականում, ավելի բարդ և դժվար պահանջներ են ներկայացնում։ Նրանց վարժեցնում են ընդհանուր դասընթացով, այնուհետև՝ հատուկ ծառայությունով։

Որսորդական Շ-ին որսավազքի են մարզում դաշտում կամ անտառում, իսկ որսընտելացնում են շրջափակված տարածքներում։

Շ-ի հիվանդությունների ախտանշաններն են. սննդից հրաժարվելը, մարսողության խանգարումը, լուծը, փորկապությունը, կղկղանքում արյան հետքերը։ Կենդանին դառնում է դանդաղաշարժ և ալարկոտ, գզգզված մազերով, աչքերը կարմրում են, քթից թարախ է հոսում։ Տնային Շ. հիվանդանում են բազմաթիվ վարակիչ (կատաղություն, քոս, խուզող որքին, ճիճվային հիվանդություն) հիվանդություններով, որոնք կարող են փոխանցվել մարդկանց։ Դրա համար կասկածի դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել անասնաբուժարան և ամեն տարի կատաղության ու ժանտախտի դեմ պատվաստում կատարել։