ՏՏՀ/Շրթներկ
ՇՐԹՆԵՐԿ, փափկացնում է շրթունքների մաշկը և պահպանում արտաքին ազդեցություններից (արև, քամի ևն)։ Շ-ի օգնությամբ կարելի է փոխել շրթունքների ուրվագիծը։ Եթե բերանը մեծ է, Շ. քսում են շրթունքների միջին մասին՝ չներկած թողնելով բերանի անկյունները։ Փոքր բերանի դեպքում Շ-ով պատում են շրթունքների ամբողջ մակերևույթը։ Վերին լայն շրթունք ունեցող կանանց խորհուրդ է տրվում ամբողջությամբ ներկել ներքևի շրթունքը, բարակ շրթունքներ ունեցողներին՝ ավելի շատ վերին շրթունքը։ Հաստ շրթունքները պետք է այնպես ներկել, որ Շ. չհասնի շրթունքի բնական ուրվագծին։ Խորհուրդ է տրվում բերանը նախապես եզրագծել մատիտով, ապա Շ. քսել։ Ավելորդ Շ. հեռացնելու համար խորհուրդ է տրվում շրթունքների արանքում թղթի կտոր դնել և ամուր սեղմել։ Չի կարելի գիշերը քնել Շ-ով։ Շ-ի մնացորդը հեռացնելու համար շրթունքները հարկավոր է պատել սնուցող քսուքով, ապա մաքրել անձեռոցիկով։
Շ-ի գույնը պիտի ներդաշնակի դեմքի մաշկի, աչքերի, մազերի, հագուստի գույներին։ Խորհուրդ է տրվում ցերեկը և երեկոյան օգտագործել տարբեր երանգի Շ.։ Ցերեկային Շ. պիտի լինի ավելի բաց և մեղմ երանգի։
Բաց գույնի մաշկ ունեցող կանանց, անկախ նորաձևությունից, խորհուրդ չի տրվում մուգ երանգների Շ., քանզի այն ծերացնում և կոպտացնում է դեմքը։ Թուխ (բնական կամ արևից թխացած) մաշկով կանանց խորհուրդ չի տրվում շատ բաց երանգի, իսկ թխահեր կանանց՝ չափից ավելի պայծառ ու բաց երանգի Շ.։ Թխահերներին սազում է վարդագույն, շագանակահերներին՝ միջին պայծառության, շիկահերնեներին՝ բաց երանգների Շ.։
Թողարկվում է նաև ներկանյութ չպարունակող (հիգիենային) Շ., որը նախատեսված է միայն շրթունքների մաշկը փափկացնելու, կոշտանալուց, չորանալուց և ճաքճքվելուց պաշտպանելու համար։
Հղի կանանց խորհուրդ չի տրվում Շ. օգտագործել։