ՈՋԼԱԽՈՏ, դլփնակ, անիծած հարս, գորտնուկազգիների (հրանունկազգիներ) ընտանիքի բազմամյա և միամյա բույսերի ցեղ։ Ընդգրկում է 400 տեսակ։ ՀՀ միջին և վերին լեռնային գոտիների (Իջևան, Սևան, Լոռի, Զանգեզուր) ալպյան և մերձալպյան մարգագետիններում, քարքարոտ լեռնալանջերում աճում է Ո-ի 14 տեսակ (դեղին, պարսկական, արևելյան, Շովիցի ևն): Բաց գրունտում հիմնականում աճեցվում են մշակովի (հիբրիդային) Ո-ի սորտերն ու ձևերը։ Ո. կարելի է օգտագործել ծաղկային ձևավորումներում (առանձնապես գեղեցիկ են սիզամարգերում), կտրած ծաղիկներ ունենալու համար։

Մշակովի (հիբրիդային) Ո. բազմամյա խոտաբույս է։ Ցողուններն ուղղաձիգ են, ողկույզ ծաղկաբույլերի հետ միասին ունեն մինչև 2 մ բարձրություն։ Առավել գեղեցիկ են այն սորտերը, որոնց ծաղկաբույլերը գետնի մակարդակից բարձր են 60 սմ։ Ծաղիկները հիմնականում կիսաբազմաթերթ են, սկավառակաձև կամ աստղաձև, որոշ սորտերինը՝ բազմաթերթ, մեծ մասամբ՝ երկնագույն և մանուշակագույն։

Ըստ ծաղկման ժամկետի տարբերում են վաղահաս (ծաղկում է հունիսի սկզբներին-կեսերին), միջահաս (հունիսի վերջին), ուշահաս (հուլիսի կեսերին) սորտերը։ Ծաղկումը տևում է 20-30 օր։ Ծերացած ցողունները հեռացնելուց հետո առաջանում են երիտասարդ ընձյուղներ, և բույսը կրկին ծաղկում է։

Ըստ բազմացման եղանակի և ծագումնաբանական որոշ հատկանիշների մշակովի Ո. բաժանում են 5 խմբի։ Ծաղկաբուծության մեջ լայնորեն օգտագործում են խաղաղօվկիանոսյան և Մարֆինյան հիբրիդներն ու դրանց բազմաթիվ սորտերը։

Տեղի ընտրությունը. Ո. լավ է աճում բաց, լուսավոր, կեսօրին սակավ ստվերոտ, ուժեղ քամիներից պաշտպանված հողամասերում, քանի որ բարձր ծաղկաբույլերն ուժեղ քամուց հեշտորեն կոտրվում են։

Հողը. Ո. լավ է աճում փուխր, խոր մշակված, բերրի, ավազակավային հողերում։ Գարնանը տնկելու համար հողը պետք է նախապատրաստել աշնանը, վերափորել 30-40 սմ խորությամբ, պարարտացնել փտած գոմաղբով (կոմպոստ, տորֆ, 1 մ²–ին՝ 8-10 կգ)։ Գարնանը հողը նորից վերափորել և պարարտացնել հանքային պարարտանյութերով (100-120 գ)։ Նախապատրաստված հողամասում կարելի է տնկել երիտասարդ սերմնաբույսեր կամ բաժանված թփեր։

Տնկումը կատարել մինչև շոգերի սկսվելը (ապրիլի կեսերից մայիսի սկզբները)։ Անհրաժեշտ է հետևել, որ տնկելիս, աճման կետը հողով չծածկվի, իսկ արմատները չծալվեն։ Տնկելուց հետո (չորային եղանակին՝ նաև հաջորդ օրերին) առատ ջրել։

Խնամքը. Ո. պահանջկոտ բույս է։ Ամռան ընթացքում առնվազն 3 անգամ սնուցել հանքային կամ օրգանական պարարտանյութերով, գարնանը՝ նիտրոֆոսով (1 մ²–ին՝ 20 գ) կամ փտած գոմաղբի թուրմով 1:10 (5 բույսին կամ 20 սերմնաբույսին՝ 1 դույլ)։ Ծաղկային ողկույզների առաջացման շրջանում կատարել 2-րդ սնուցումը՝ հանքային պարարտանյութերում մեծացնելով կալիումի բաժնեչափը. 2 շաբաթվա ընթացքում մի քանի անգամ արտարմատային սնուցում բորաթթվի լուծույթով (1 լ ջրին՝ 0,02 գ)։ Հուլիսին, ծաղկելուց անմիջապես հետո, տալ 3-րդ սնուցումը (նույն քանակությամբ, ինչ 2-րդի դեպքում), որի համար կարելի է օգտագործել բուսահող կամ կոմպոստ (1 մ²–ին՝ 23 կգ)՝ տարածելով հավասար շերտով։

Մեծ նշանակություն ունի գարնանը թփերի նոսրացումը (երբ ցողունների բարձրությունը հասնում է 20-30 սմ-ի)։ Յուրաքանչյուր թփում թողնել 2-3 ուժեղ ընձյուղ, ավելի ուշ առաջացած թույլ ընձյուղները կոտրել հողի մակերևույթին մոտ։ Բարձրաճ սորտերի մոտ (40-50 սմ բարձրության) տեղադրել հենարաններ՝ ցցեր կամ մետաղալարե շրջանակներ։ Ցցերը պետք է դնել արմատավզիկից որոշ հեռավորության վրա, բույսը կապել 2 տեղից, հողի մակերևույթից 40-50 սմ և 100-120 սմ բարձրության վրա։

Վեգետացիայի շրջանում, առանձնապես կոկոնակալման փուլում, պետք է կանոնավոր ջրել (թփի տակ, այլ ոչ վերևից), ապա հողը պարտադիր փխրեցնել։ Ծաղկումից հետո ծաղկաբույլերը կտրել (եթե սերմերը չեն հավաքվելու), 2-3 շաբաթ անց առաջանում են 2-րդ ծաղկման ընձյուղները։ Դրանք նույնպես խորհուրդ է տրվում նոսրացնել՝ թողնելով սոսկ 2-3 ամենաուժեղները։ Պետք է նկատի ունենալ, որ երկրորդային ծաղկումը որոշ չափով թուլացնում է բույսը, հետևաբար և հաջորդ տարվա ծաղկումը։ Եթե ծաղկաբույլերը թողնված են սերմառաջացման համար, կոկոնակալման փուլում դրանք 1/3-ով կտրում են, իսկ կողմնային մանր ծաղկաբույլերը՝ հեռացնում։ Ավելի լավ է սերմերը հավաքել 1-2-ամյա բույսերից (հասունանում են օգոստոսին)։ Տերևապտուղները (պարկուկները) պետք է հավաքել գորշանալուց հետո։ Սառնամանիքները սկսվելուց հետո ցողունները կոտրել հողի մակերևույթից 30 սմ բարձրության վրա, չոր ճյուղերն ու տերևները այրել, ցցերը հանել։ Ո. ցրտադիմացկուն է, ուստի ձմռանը ծածկելու կարիք չկա։

Բազմացումը. կարելի է բազմացնել տարբեր եղանակներով։ Սերմերով բազմացնելիս բույսերը քիչ են հիվանդանում։ Ցանքի համար պետք է ընտրել ամենախոշոր սերմերը, ցանել խիտ և ոչ շատ խոր (3-4 մմ-ից ոչ ավելի)։ Սերմերի ծլման լավագույն ջերմաստիճանը 12-15°C–ն է։ Խորհուրդ է տրվում օգտագործել ճմահողի, տերևահողի և ավազի խառնուրդ (1:2:1): Ցանելուց առաջ հողախառնուրդը մաղել, լցնել արկղերի մեջ և ջրել։ Վերևից լցնել չոր հող և սերմերը շաղ տալ, ապա վրան ավազ լցնել (3-4 մմ հաստությամբ), ծածկել թերթով կամ կտորով և մինչև ծիլեր առաջանալը (8-10 օր) ջրել դրանց վրայով։ Երբ սերմնաբույսերը միմյանց նեղում են, կարելի է սածիլել։ Վերասածիլված սերմնաբույսերը խորհուրդ է տրվում արմատակալումից հետո պահել կիսատաք ջերմոցում, մինչև գրունտում տնկելը (ապրիլի վերջ-մայիսի սկիզբ)։ Ո. կարելի է բազմացնել կտրոններով և կոճղարմատների բաժանումով։ Կտրոնավորել ապրիլ-մայիսին, երբ հայտնվում են առաջին ընձյուղները, օգտագործել 5-8 սմ երկարության նուրբ ընձյուղներ կոճղարմատի մի մասով, կտրոնի ստորին մասը չպետք է խոռոչ ունենա։ Կտրոնների կտրվածքի վրա նախապես ցանել փայտածխի և հետերոաուքսինի խառնուրդ և տնկել մաքուր, նախապես ջրած ավազի մեջ 2 սմ խորությամբ, ու պահել սենյակում կամ ջերմոցում՝ մինչև արմատակալելը (2-3 շաբաթ, 20-25 °C ջերմաստիճանում) և կանոնավոր ջրել։ Մայիս-հունիսին կարելի է վերատնկել ծաղկանոցում և հետագայում աճեցնել որպես սերմնաբույսեր։

3-4 տարեկան կոճղարմատների բաժանումը կատարել վաղ գարնանը, երբ սկսվում է բույսերի աճումը։ Յուրաքանչյուր բաժանված մաս պետք է ունենա առնվազն մեկ բողբոջ կամ ընձյուղ և բավարար քանակությամբ արմատներ։ Կարելի է բազմացնել նաև անդալիսներով։ Դրա համար պետք է կտրել ծերացած ցողունները, նոր առաջացած երիտասարդ ընձյուղների վրա թեթևակի կտրվածք անել և վրան լցնել ավազախառը հող։ Երբ կտրվածք ունեցող ընձյուղներն առաջացնեն լրացուցիչ արմատներ, դրանք կարելի է առանձնացնել կոճղարմատից և վերատնկել այլ տեղում։

Հիվանդությունները. ախտահարվում է սնկային, բակտերիային և վիրուսային հիվանդություններով։ Ալրացողը, արմատավզիկի փտումը, ցողունի թառամումը, տերևների բծավորությունը սնկային հիվանդություններ են, որոնք ախտահարում են բույսի տարբեր օրգանները։ Վարակի աղբյուր են դառնում սերմերը, կտրոնները, թափված տերևները, այգու գույքը։ Հիվանդության զարգացմանը նպաստում են բարձր խոնավությունն ու ջերմաստիճանը։

Պայքարի միջոցները. սերմերը և կտրոնները վերցնել սոսկ առողջ բույսերից, ժամանակին հավաքել թափված տերևները և քաղհանել մոլախոտերը, ախտահանել այգու գույքը, պահպանել բույսերի հաջորդափոխումը։ Հիվանդ բույսերը սրսկել պղնձի քլորօքսիդով (0,5 %-անոց) կամ ծծմբի կախույթով (1 %-անոց), ալրացողի դեպքում՝ փտած գոմաղբի թուրմով (1:10)։

Բակտերիային հիվանդություններից են. բակտերիային թառամումը, տերևների սև բծավորությունը, արմատավզիկի փափուկ փտումը, որոնք հարուցում են բակտերիային ախտածին բակտերիաները՝ հյուսվածքներ թափանցելով հողից և օդից։ Ախտահարված բույսերն ունենում են ընկճված տեսք, ընձյուղներն ու տերևները վատ են աճում։ Ուժեղ ախտահարվելիս բույսերը թառամում են և ոչնչանում։ Այս հիվանդությունների զարգացմանը նպաստում են խիտ տնկելը, օդի և հողի բարձր խոնավությունը, օդի բարձր ջերմաստիճանը, բույսերի վնասվածքները։

Պայքարի միջոցները. հողի ցամաքուրդացում, բույսերի հաջորդափոխում, սերմերի նախացանքային մշակում (30 րոպե պահել ջրում, 50°C ջերմաստիճանի դեպքում), մոլախոտերի և թափված տերևների ժամանակին հեռացում, ուժեղ ախտահարված բույսերի ոչնչացում։

Դեղնությունը, օղակաձև բծավորությունը, վարունգային խայտաբղետությունը վիրուսային հիվանդություններ են, փոխանցվում են վեգետատիվ բազմացման ժամանակ և ծծող միջատների միջոցով։ Ախտահարված բույսերի մոտ առաջանում են թզուկություն, ծաղկաբույլերի փնջավորություն, ծաղկի օրգանները փոխարկվում են տերևանման գոյացությունների, տերևների վրա առաջանում են դեղին և նարնջագույն զոլեր ու բծեր։

Պայքարի միջոցները. հիվանդ բույսերի ոչնչացում, պայքար հիվանդությունների փոխանցողների դեմ:

Վնասատուները. առավել հաճախ վնասում են ոջլախոտային ճանճերը, տերևաոլորները, աշնանացանի և սովորական բվիկները, լվիճները։ Միջատներն ու դրանց թրթուրները կրծոտում են պսակաթերթիկները, տերևները, ցողունները կամ ծծում են հյութը։

Պայքարի միջոցները. բույսերի լավ խնամք, մոլախոտերի ոչնչացում, բույսերը փոշոտել և սրսկել 0,2-0,4 %-անոց կարբոֆոսով կամ քլորոֆոսով։