Պոդագրա
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 326
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ՊՈԴԱԳՐԱ, հիվանդություն, որը բնորոշվում է օրգանիզմում նյութափոխանակության խանգարմամբ և հոդերում, հոդաճառներում միզաթթվի աղերի կուտակմամբ։ Հիվանդանում են հիմնականում 40 տարեկանից բարձր տղամարդիկ։ Առաջացմանը նպաստում են ոգելից խմիչքների, մսով ճաշատեսակների չափից ավելի օգտագործումը, նստակյաց ապրելակերպը, ֆիզիկական բեռնվածության բացակայությունը։ Կարևոր դեր են խաղում օրգանիզմի ժառանգական-մարմնակազմվածքային առանձնահատկությունները։

Հիվանդությունը սովորաբար դրսևորվում է հանկարծակի պոդագրային հոդաբորբի սուր նոպայով, որը հաճախ սկսվում է գիշերը, առաջանում է ուժեղ ցավ, ախտահարված հոդն ուռչում է, մաշկը կարմրում։ Մեծամասամբ ախտահարվում է ոտքի բութ մատը։ Միաժամանակ բարձրանում է մարմնի ջերմաստիճանը (38-40 °C), լինում են որովայնի ցավեր, փորկապություն։ Նոպան տևում է մի քանի օր, ցավն առավոտյան մեղմանում է, երեկոյան՝ սաստկանում, այնուհետև բորբոքային երևույթներն անհետանում են։ Հիվանդության առաջընթացին համապատասխան նոպաները հաճախակի են դառնում։ Նոպայի ժամանակ անհրաժեշտ է ընդունել բժշկի նշանակած դեղանյութերը, պահպանել անկողնային ռեժիմ, և, այսպես կոչված, քաղցի սննդակարգ, օգտագործել մրգահյութեր, շաքարով թեյ, ալկալիական հանքային ջրեր, չոր թխվածքաբլիթ։

Պ-ով հիվանդները պետք է վարեն ակտիվ կյանք, հաճախակի զբոսնեն, զբաղվեն բուժական ֆիզկուլտուրայով։ Բժշկի ցուցումով կիրառվում են ֆիզիոթերապևտիկ բուժամիջոցներ, մերսում, սննդակարգ (առավելապես կաթնաբուսական)՝ սպիտակուցների, հատկապես մսի և ձկնեղենի սահմանափակմամբ։ Օրաբաժնից հարկավոր է հանել երիկամից, ուղեղից, լյարդից պատրաստած ճաշատեսակները, սալաթը, թրթնջուկը, ամսաբողկը, ոլոռը, լոբին, թանձր արգանակները, սուր համեմունքները և ոգելից խմիչքները։