ՏՏՀ/Ջրահեղձություն
ՋՐԱՀԵՂՁՈՒԹՅՈՒՆ, սովորաբար ջրահեղձ են լինում ջրամբարներում լողանալիս, երբեմն՝ լոգարանում, ջրափոսում (դեմքը ջրի մեջ ընկղմելիս) ևն։ Խեղդվողների մեծ մասը երեխաներ են։ Շատ դեպքերում խեղդվողներին կարելի է փրկել՝ ցույց տալով առաջին օգնություն։
Ջ-յան պատճառ կարող են լինել ջրում պահվելու կանոնների խախտումը, հոգնածությունը երկարատև լողանցումների ժամանակ (նույնիսկ լավ լողալու դեպքում), վնասվածքները սուզվելու ժամանակ (հատկապես անծանոթ վայրերում), հարբածությունը, արևի տակ երկար մնալուց հետո ջրի մեջ մտնելը (ջերմաստիճանի կտրուկ փոփոխություն) ևն։ Մահը Ջ-ից վրա է հասնում թթվածնի անբավարարությունից։ Տարբերում են Ջ-յան 3 տեսակ՝ իսկական, չոր, հանկարծամահային։ Իսկական Ջ-յան ժամանակ խեղդվողը, պայքարելով կյանքի համար, կատարում է ջղաձգական շնչառական շարժումներ և, ջուր շնչելով, խոչընդոտում թոքերի մեջ օդի ներթափանցմանը։ Այդպիսի դեպքերում խեղդվողի մաշկը կապտում է, իսկ բերանից և քթից փրփրոտ հեղուկ է հոսում։ Այսպես կոչված չոր Ջ-յանը նախորդում է ուշագնացությունը, որի պատճառով խեղդվողն անմիջապես սուզվում է մինչև հատակ։ Ձայնալարերի ջղակծկման հետևանքով ջուրը թոքեր մուտք չի գործում, մաշկի կապտությունն ավելի քիչ է արտահայտված։ Հանկարծամահային Ջ-յան դեպքում միաժամանակ հանկարծահաս դադարում են շնչառությունը և սրտի աշխատանքը։ Մաշկի մանր անոթների կծկման պատճառով խեղդվողի մաշկը գունատվում է («գունատ» խեղդվածներ)։
Երբեմն հարկ է լինում լողալով փրկել խեղդվողին (փրկամիջոցների բացակայության և փրկարար կայաններից հեռու գտնվելու դեպքում)։ Փրկողը պետք է հստակ պատկերացնի և արագ կատարի անհրաժեշտ գործողությունները։ Նախ հարկավոր է ափով վազել մինչև խեղդվողին ամենամոտ գտնվող տեղը։ Հանվել, ջուրը մտնել և լողալ արագ՝ բայց ուժերը խնայելով հետագա գործողությունների համար։ Եթե խեղդվողն ընկղմվել է մինչև հատակ, փրկողը պետք է սուզվի, լողա հատակի երկայնքով (գետում՝ հաշվի առնելով հոսանքի ուղղությունը և արագությունը)։ Հայտնաբերելով խեղդվողին՝ պետք է բռնի նրա ձեռքից, թևատակերից կամ մազերից և, թափ առնելով հատակից, լողա դեպի ջրի երես՝ աշխատելով միայն ոտքերով կամ ոտքերով և մի ձեռքով։ Եթե խեղդվողը գտնվում է ջրի մակերեսին, հարկավոր է փորձել նրան հանգստացնել։ Ցանկալի է խեղդվողին մոտենալ թիկունքից, որպեսզի նա իր չգիտակցված շարժումներով չխանգարի փրկողին։ Եթե նա, այնուամենայնիվ, բռնել է փրկողին, ապա պետք է նրա հետ միասին ջրի տակ սուզվել, որից հետո, փորձելով մնալ ջրի մակերեսին, խեղդվողը բաց կթողնի փրկողին։
Ջրից դուրս բերած տուժածին ցույց է տրվում օգնություն ըստ նրա վիճակի ծանրության։ Եթե տուժածը չի կորցրել գիտակցությունը, զարկերակը և շնչառությունը բավարար են և չի գանգատվում շնչառության անբավարարությունից, ապա նրան հարկավոր է պառկեցնել կոշտ չոր տեղում այնպես, որ գլուխը ներքև կախված լինի, հանել շորերը, մարմինը շփել չոր սրբիչով, տաք ըմպելիք տալ (թեյ, սուրճ կամ 1-2 թեյի գդալ օղի) և փաթաթել տաք վերմակով։
Եթե տուժածի զարկերակը և շնչառությունը բավարար են, բայց նա անգիտակից վիճակում է, ապա հարկավոր է հետ թեքել նրա գլուխը, ստորին ծնոտն առաջ բերել, ապա պառկեցնել այնպես, որ գլուխը ներքև կախված լինի, բերանի խոռոչից հանել (մատներով) տիղմը, ցեխը, փսխուկը, շփել չոր սրբիչով և տաքացնել։
Ինքնուրույն շնչառության կորստի, բայց սրտի պահպանված աշխատանքի դեպքում վերը նշված միջոցառումներից հետո տուժածին հարկավոր է հնարավորին չափ արագ կատարել «բերան-բերանի» կամ «բերան-քթի» եղանակով արհեստական շնչառություն։ Եթե բացակայում է թե՛ ինքնուրույն շնչառությունը, թե՛ սրտի գործունեությունը, անհրաժեշտ է արհեստական շնչառության հետ մեկտեղ սրտի անուղղակի մերսում կատարել (տես Առաջին օգնություն)։
Առաջին օգնություն ցույց տալուց հետո, անկախ վիճակի ծանրությունից, տուժածին անհրաժեշտ է հասցնել մոտակա բուժհիմնարկություն, քանի որ բոլոր, նույնիսկ թեթև դեպքերում հնարավոր են ծանր բարդություններ, որոնցից տուժածը կարող է մահանալ։