Ջրամատակարարում
Այգեգործական հողամաս

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ, տան, տնամերձ հողամասի բարեկարգման անհրաժեշտ բաղադրամասն է։ Լինում են խմելու, տեխնիկական և ոռոգման ջրի տեսակներ։ Խմելու ջուրը պետք է պարբերաբար (հատկապես գարնանը և աշնանը) ստուգման տալ սանիտարահամաճարակային կայանում։ Տեխնիկական ջրի մանրէաբանական ստուգումը նույնպես անհրաժեշտ է, քանի որ տարբեր նպատակների համար օգտագործելիս (լողանալ, լվացք) ոչ մաքուր ջուրը կարող է թափանցել օրգանիզմ և հիվանդության պատճառ դառնալ։

Ոռոգման համար կարելի է օգտագործել խմելու, տեխնիկական, գետի, արհեստական լճակների, լճերի ջրերը։

Ցանկալի է, հատկապես բանջարեղենի, մրգերի և հատապտուղների հասունացման փուլում ոռոգման ջուրը հատուկ պարզարաններում մի քանի ժամ թողնել զուլալվելու, որի ընթացքում սառը ջուրը նաև գոլանում է, և բույսերը ջրվում են արդեն «գոլացած» ջրով։

Այգիներում և տնամերձ հողամասերում, որտեղ չկա ջրմուղ ցանց, ջրի հիմնական աղբյուր են բաց ջրավազանները (գետ, արհեստական լճեր ու լճակներ, ջրամբարներ) ու ստորգետնյա ջրերը։ Վերջիններից օգտվելու համար կառուցում են ջրհորներ, բացում արտեզյան հորատանցքեր։

Ջրհորների մեծ մասից, հատկապես խողովակավորից (հորատանցք), ջուրն արտամղում են պոմպերով։ Արդյունավետ են անջրանցիկ պատյանով սուզապոմպերը, որոնք էլեկտրաշարժիչի հետ ջրհոր են իջեցվում ջրի մակարդակի հավասարությամբ։ Ստորգետնյա մակերեսային ջրերի համար կառուցում են հորանային ջրհորներ, որոնցից ջուրը հանում են դույլերով կամ պոմպերով։

Պոմպերի հուսալի և արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է մղվող ջուրը զտել տարբեր զտիչներով։ Լայն կիրառություն ունեն առանց ցանցի անցքավոր, մազավոր և կոպճային զտիչները։ Այգեգործական հողամասերում ջրատար խողովակները սովորաբար տեղադրում են հողի մակերևույթին և ձմռանը չպայթելու համար, մինչև ցրտերը դատարկում միջի ջուրը։ Դրա համար խողովակների վրա մի քանի տեղ դնում են պտուտակվող խցափակիչով կարճ խողովակաճյուղեր (5-10 սմ)։ Գարնանը խորհուրդ է տրվում «լվանալ» խողովակները, փակել խցափակիչները, խողովակները լցնել ջրով, ապա բացել բոլոր ծորակները։

Խողովակները սովորաբար տեղադրում են հողամասի պարագծով, իսկ առավել շատ ջուր օգտագործվող տեղերում (ցնցուղ, ամառային խոհանոց, ջերմոց ևն) դնում առանձին գծեր։ Յուրաքանչյուր գիծ պետք է ծորակ ունենա, ոռոգման գծերը բացի ծորակից պետք է ունենան նաև պարուրակով (կամ առանց դրա) կարճ խողովակաճյուղ ճկափողը միացնելու համար։ Շատ հարմար են ծալքավոր ճկափողերը, որոնք թեթև են, ճկուն և գրեթե չեն ոլորվում։

Ոռոգման ջուրը կուտակելու, արևի տակ «գոլացնելու» համար նպատակահարմար է հողամասում ունենալ տարողություն, հնարավորության դեպքում կառուցել ջրավազան։

Շենքերի Ջ-ան համար կարելի է գործածել ցինկապատ երկաթից կամ չժանգոտվող պողպատից 250-500 լ տարողության ջրաճնշիչ բաք։ Սովորաբար բաքը տեղադրում են ձեղնահարկում։ Բաքին միացնում են ջրամղիչ, ջրաբաշխիչ, ստուգիչ (բաքի լցվածությունը ստուգելու) խողովակներ։ Ջրամղիչ խողովակի վրա նպատակահարմար է տեղադրել գնդավոր փակիչ կափույր։