ՋՐԱՏԱՔԱՑԻՉ, էլեկտրական կենցաղային Ջ, նախատեսված է տաք ջրով ապահովելու այն բնակարանները, որտեղ չկա կենտրոնացված տաք ջրամատակարարում, կամ էլ անհնարին (անցանկալի) է գազի սարքերի կիրառումը։ Տանն օգտագործելու համար առավել հարմար են ջերմակուտակիչ Ջ-ները, որոնք նախատեսված են ջուրը տաքացնելու և երկար ժամանակ տաք պահելու համար։ Այդպիսի Ջ. ջերմամեկուսացված մետաղե բաք է, որի մեջ զետեղված են էլեկտրաջեռուցիչ տարրը և ջրի ջերմաստիճանը կարգավորող կամ սահմանափակող սարքը։ Բաքի ծավալը սովորաբար ընտրվում է ըստ տաք ջրի օրական պահանջի։ Օրինակ, խոհանոցի համար անհրաժեշտ է 7-10 լ-անոց, իսկ լողասենյակի համար՝ 80-150 լ-անոց բաք։ Բաքի ջուրը տաքացվում է էլեկտրաջեռուցիչ տարրերով՝ բնական ջերմափոխանցման շնորհիվ։ Տաքացման արագությունը կախված է բաքի ծավալից և ջեռուցիչի հզորությունից։

Էլեկտրական կենցաղային Ջ-ները տեղակայում են խոհանոցում կամ լողասենյակում։ Տեղակայելուց հետո Ջ-ի իրանն անհրաժեշտ է հողակցել։ Ցանցին միացնելուց առաջ Ջ. պետք է լցնել ջրով այնպես, որ էլեկտրաջեռուցիչ տարրը լրիվ ծածկվի։ Տաք ջուրը կարելի է օգտագործել միայն Ջ. ցանցից անջատելուց հետո։

Կենցաղային նպատակների համար թողարկվում են 10 լ (խոհանոցի համար) և 40, 60 ու 100 լ (լողասենյակի համար) ծավալով Ջ-ներ, որոնցում տեղադրված է 1,25 կՎտ հզորության ջեռուցիչ տարր։ Ջ. միացվում է 220 Վ լարման էլեկտրացանցին։

Գազային ավտոմատ Ջ. ջերմափոխանակիչ սարք է 60-100 մ² մակերեսով բնակելի շինությունների ջրային ջեռուցման, ինչպես նաև լողասենյակի և խոհանոցի տաք ջրի ջրամատակարարման համար։ Գազային Ջ. ունի տաքացվող ջրի ջերմաստիճանի ավտոմատ կարգավորիչ և անվտանգության համակարգ, որը վառիչի հանգչելու կամ ջրի ճնշման անկման դեպքում դադարեցնում է գազի մատակարարումը։ Ջ-ի ջերմաստիճանը կարգավորվում է 40–85 °C սահմաններում։ Ջուրը պահանջվող ջերմաստիճանի հասցնելուց հետո ջերմակարգավորիչը դադարեցնում է գազի մատակարարումն այրոցներին և վերականգնում այն, երբ ջրի ջերմաստիճանը նվազում է 5-10 °C-ով։ Ջ-ի շահագործման անվտանգության նպատակով այն անհրաժեշտ է միացնել լավ քարշ ունեցող ծխանցքի։

Ջ-ով տաքացրած ջուրը պիտանի չէ խմելու և կերակրի մեջ օգտագործելու համար։