ՏՏՀ/Ռադիոլամպ
ՌԱԴԻՈԼԱՄՊ, էլեկտրոնային լամպ, էլեկտրոնային սարք էլեկտրական շղթայում հոսանքը (հոսանքի տատանումները) կառավարելու համար։ Էլեկտրոնային լամպերի օգնությամբ ռադիոսարքերում իրականացվում է էլեկտրական տատանումների հարուցումը (գրգռումը), ուժեղացումը, դետեկտումը, կերպափոխումը և այլ պրոցեսներ (տես Ռադիոընդունիչ): Ռ-ի հիմնական մասերն են ապակե կամ մետաղե թարձրավակուումային (նոսրացրած օդով) բալոնը, ոտիկներով (ցցիկներով) լամպակոթը՝ լամպը էլեկտրական շղթային միացնելու (լամպավահանակի մեջ տեղադրելու) համար և ներքին էլեկտրոդները կաթոդը, անոդն ու դրանք բաժանող ցանցերը (սովորաբար կաթոդը շրջապատող մետաղալարե պարույրների կամ վանդակների տեսքով)։ Էլեկտրական հոսանքով տաքացվող կաթոդն առաքում է էլեկտրոններ (ջերմաէլեկտրոնային էմիսիայի երևույթ), որոնք, լամպը շղթային միացնելիս, դատարկության միջով թռչում են դեպի անոդը՝ ստեղծելով էլեկտրական հոսանք։ Ցանցերի օգնությամբ կառավարում են այդ հոսանքի մեծությունը։
Սնման հոսանքի տեսակից կախված՝ Ռ-երը լինում են ցանցային (տաքացումային) և մարտկոցային։ Ցանցային Ռ-երում կաթոդը մի խողովակ է, որը ներսից տաքացվում է փոփոխական հոսանքից շիկացող թելիկով։ Մարտկոցային լամպերում որպես կաթոդ է ծառայում հաստատուն հոսանքով սնվող շիկացման թելիկը։
Առավել տարածված են մետաղե և մանրաչափ ապակե բալոններով («մատնաչափ») Ռ-երը, որոնք կիրառվում են համարյա բոլոր լամպային ռադիոսարքերում։ Ռ-երը, հատկապես մարտկոցային, հարկավոր է զերծ պահել հարվածներից ու ցնցումներից։ Ռ-երը գնելիս հարկավոր է դրանք ստուգել խանութում հատուկ սարքով։ Լամպի ծառայության ժամկետը (միջին հաշվով 1000 ժամ) սովորաբար նշվում է գործարանային տեղեկաթերթիկում (երբեմն՝ փաթեթվածքի վրա), այդ ժամկետը լրանալիս խորհուրդ է տրվում լամպը փոխարինել նորով, որովհետև նախատեսված ժամկետից ավելի աշխատելիս լամպը դառնում է ոչ լիարժեք և համապատասխանաբար վատացնում սարքի աշխատանքն։
Ռ-երի անսարքության ընդհանուր նշաններն են. կայանքի ուժեղացման գործակցի փոքրացումը (հնչողության բարձրաձայնության նվազումը, հեռուստացույցներում՝ պատկերի պայծառության թուլացումը), ձայնի աղավաղումները (խռխռոցը), որոնք ամենից հաճախ պայմանավորված են լամպի բալոնի մեջ օդի ներթափանցումով (լամպերի որոշ տեսակներում դա դրսևորվում է բալոնի ներսում երկնագույն լուսարձակման առաջացմամբ) ևն։ Ռ-երը փոխարինելիս անհրաժեշտ է հետևել, որ լամպի ցցիկները ճշտորեն համընկնեն լամպավահանակի բնիկներին, որովհետև ճիշտ չմիացված լամպը շուտ է փչանում։ Լամպերը պետք է տեղագրել ու հանել զգուշորեն, առանց զգալի ճիգերի, այլապես ցցիկները կարող են հեշտությամբ ծռվել (հատկապես «մատնաչափ» լամպերինը), բալոնը ճաքել, դժվար հանվող լամպը չպետք է տարուբերել, այլ հարկավոր է պտուտակիչի կամ դանակի ծայրով տակից մի փոքր բարձրացնել։
Շատ դեպքերում Ռ-երը հաջողությամբ փոխարինվում են էլեկտրոնային կիսահաղորդչային սարքերով, որոնք ավելի դիմացկուն են ու երկարակյաց (այդպիսի սարքերը կարող են աշխատել մինչև մի քանի հազար ժամ)։ Տես նաև Տրանզիստոր: