ՏՏՀ/Սառնարան կենցաղային
ՍԱՌՆԱՐԱՆ կենցաղային, լինում են երկու տեսակի Ս-ներ՝ սեղմումային և կլանումային։ Դրանք տարբերվում են սառեցման ագրեգատի գործողության սկզբունքով (սառնություն ստանալու եղանակով), կառուցվածքային առանձնահատկություններով ու տեխնիկական բնութագրերով։
Սեղմումային տեսակի սառնարանային ագրեգատը բաղկացած է էլեկտրաշարժիչով գործարկվող ճնշակից, գոլորշարարից, խտարարից և չորուցիչ զտիչից։ Ս-ի խցիկը սառեցվում է գոլորշարարի խողովակներով սառնազդակի շրջանառության շնորհիվ, որը կատարվում է ճնշակի օգնությամբ։ Նշված տեսակի սառնարանային ագրեգատն ամփոփ է, շարժվող մասերի փոխարինման և յուղման կարիք չունի։ Հիմնական թերությունը շարժիչ-ճնշակի աշխատանքն ուղեկցող աղմուկն է և Ս-ի թրթռումը։ Շարժիչ-ճնշակի կարգավորման և Ս-ի ճիշտ տեղադրման դեպքում այն աշխատում է բավական խուլ ձայնով, գրեթե չզգացվող թրթռումով։ Սառնարանային ագրեգատը պարբերաբար միացվում ու անջատվում է (խցիկում անհրաժեշտ ջերմաստիճանային ռեժիմ պահպանելու համար) ավտոմատորեն բազմադիրք կարգավորիչով։
Կլանումային սառնարանային ագրեգատում, որը կազմված է տաքացիչով գեներատորից, խտարարից, գոլորշարարից և կլանիչից, սառնությունը գոյանում է պինդ կամ հեղուկ նյութով (կլանիչ) սառնազդակի (սովորաբար ամոնիակ) գոլորշիները կլանելու շնորհիվ։ Սառնազդակի շրջանառությունը համակարգում կատարվում է դրա տաքացման հաշվին։ Ագրեգատը չունի շարժվող մեխանիկական մասեր, ուստի աշխատում է առանց աղմուկի։
Սեղմումային տեսակի սառնարանային ագրեգատն ունի ավելի բարձր սառնարտաղրողականություն, քան կլանումայինը, և պարբերական աշխատանքի շնորհիվ ավելի քիչ էլեկտրաէներգիա է սպառում։
Թողարկում են միախուց և երկխուց Ս-ներ։ Միախուց Ս. ունի ցածր ջերմաստիճանային բաժանմունք (սառնախցիկ), որտեղ պահպանվում է –6 °C... - 12 °C (որոշ Ս-ներում՝ մինչև -18 °C), իսկ բուն սառնարանային խցում 0-6 °C ջերմաստիճան։ Սառնախցիկի ջերմաստիճանը նշվում է դռնակի վրա աստղանիշով (մեկ աստղանիշը՝ -6 °C, երկուսը և երեքը՝ համապատասխանաբար -12 °C և -18 °C)։
Երկխուց Ս-ներում ցածր ջերմաստիճանային բաժանմունքը մեկուսացված է սառնարանային խցից և ըստ էության ինքնուրույն սառնախցիկ է՝ սեփական ջերմաստիճանային ռեժիմով։ Քանի որ սառնախցիկն ավելի հազվադեպ են բացում և փակում, քան Ս., ուստի դրա աշխատանքի ռեժիմը երկխուց Ս-ներում ավելի կայուն է և խնայողական, քան միախուց Ս-ներում։
Ս-ի տեղադրումը։ Խորհուրդ չի տրվում Ս. տեղադրել ջերմության աղբյուրին (վառարան, սալօջախ, ջեռուցման մարտկոց) մոտ, 80 %-ից բարձր հարաբերական խոնավության պայմաններում կամ այնպիսի տեղում, ուր արևի ուղիղ ճառագայթներ են ընկնում։ Ս. տեղադրվում է խիստ ուղղաձիգ դիրքով, կամ մի փոքր դեպի հետ թեքված։ Անհրաժեշտ է Ս-ի հետին պատի մոտ ազատ տարածություն թողնել օդի շրջանառության համար։ Միացնելուց առաջ անհրաժեշտ է ստուգել Ս-ի և ցանցի լարումների համապատասխանությունը։ Չի կարելի Ս. դնել մեծ էլեկտրահաղորդականություն ունեցող (օրինակ, մետաղե, երկաթբետոնե, աղյուսե) հատակին։ Կենցաղային Ս-ները նախատեսված են չոր, ջեռուցվող շինություններում (օդի 16-32 °C ջերմաստիճանի պայմաններում) աշխատելու համար։
Մթերքների պահպանումը և տեղավորումը։ Սառնարանային խցի տարբեր մասերում ջերմաստիճանը տարբեր է, ցածրջերմաստիճանային բաժանմունքի տակ՝ 0 °C, ներքևում՝ 6-7 °C, ինչը և պետք է հաշվի առնել սննդամթերքը Ս-ում տեղավորելիս։ Պանիրը, կարագը, ճարպը լավ են պահպանվում վերևի դարակների վրա։ Միրգը և բանջարեղենը հարկավոր է պահել ներքևում՝ ապակու տակ գտնվող հատուկ ամաններում։ Թթուն և մարինադը սովորաբար պահում են ներքևի դարակի վրա։
Սուր հոտով (պանիր, ձուկ, ապխտած միս, համեմունք ևն), ինչպես նաև հոտ կլանող (կարագ, կրեմ, լոռ, սերուցք ևն) մթերքները պետք է պահել փակ ամանում կամ փաթեթավորած։ Սառեցված մթերքը պահում են ցածր ջերմաստիճանային բաժանմունքում (խցիկում)՝ ցելոֆանով, անխոնավաթափանց թղթով կամ պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված։
Մթերքի համը պահպանելը կախված է Ս-ում մթերքը պահելու ժամկետից։ Այսպես, թարմ ձուկը կարելի է պահել մինչև 3 օր, խաշած միսը, երշիկը, նրբերշիկը նույնպես 3 օր, թարմ կաթը, սերուցքը, թթվասերը՝ 2 օր, լոռը՝ 2-3 օր, ձուն, կարագը և մարգարինը՝ 15-20 օր, հատապտուղները (չլվացած)՝ մինչև 8 օր։
Ս-ից օգտվելը և նրա խնամքը։ Օգտագործելուց առաջ Ս. հարկավոր է լվանալ գոլ ջրով (ցանկալի է օճառով), չորացնել և օդափոխել։ Պահանջվող ջերմաստիճանային ռեժիմը սահմանվում է ջերմակարգավորիչի բռնակի պտույտով։ Խցիկում օդի անհրաժեշտ շրջանառություն ապահովելու համար մթերքը պետք է տեղավորել առանց դարակները ծանրաբեռնելու։ Խորհուրդ չի տրվում նաև դարակներին որևէ բան (օրինակ, մետաղաթերթ կամ թաղանթ) փռել կամ տաք կերակուր դնել։ Ս-ի լավ աշխատանքի կարևորագույն պայմանը գոլորշիարարի ձնածածկույթը պարբերաբար (առնվազն շաբաթը մեկ անգամ) մաքրելն է։ Ձնածածկույթը հարկավոր է հալեցնել սառնարանային ագրեգատն անջատելուց հետո, չի կարելի այն հեռացնել որևէ սուր կամ կարծր առարկայով։