ՏՏՀ/Սեխ
ՍԵԽ, պարունակում է շաքար (հիմնականում սախարոզ), սպիտակուցներ, թաղանթանյութ, պեկտինային և արոմատիկ նյութեր, 20 մգ % C վիտամին, ինչպես նաև կարոտին (A նախավիտամին) և հանքային աղեր։
Ս. կարելի է պահել 6-7 ամիս, դրա համար ուշահաս սորտերի (Մասիս 2 ևն) պտուղները հավաքում են թերհաս վիճակում (պահելու ընթացքում Ս. հասունանում է)։ Երկար պահելու համար պիտանի են միայն չվնասված պտուղները։ Անհրաժեշտ է պահել ցանցավոր փայտե արկղերում կամ դարակների վրա։ Միջին Ասիայում պահում են կախած վիճակում։ Ս. լավ պահպանվում է մոտ 0 °C ջերմաստիճանում։
Խորհուրդ է տրվում Ս. մատուցել սառը։ Պակաս քաղցրությամբ պտուղներին կարելի է ավելացնել շաքարավազ։
Ս-ից եփում են մուրաբա, պովիդլո, պատրաստում չիր։ Թթու դրած Ս. (կեղևը հանած Ս-ի կտորները տեղավորում են ապակե անոթների մեջ, վրան ավելացնում թթվաջուր և պաստերացնում) մսով կերակուրների հետ լավ խորտիկ և խավարտ է։ Ս. կարելի է չորացնել (արևի տակ)։ Ս-ի մշակության մասին տես Բանջարանոց հոդվածում։