ՍԻՍԵՌ, մշակում են Հայաստանի Կենտրոնական, Շիրակի, Վայքի և Զանգեզուրի գոտիներում։ Ս-ի պտուղը կարճ, փքված, ձվաձև, երբեմն տանձաձև ունդ է՝ 1,4-3,5 սմ երկարությամբ։ Հասունացած ունդերը հարդագույն կամ բաց մանուշակագույն են՝ 1-3 սերմով, որոնք կլորավուն են (ոլոռանման), անկյունավոր և միջանկյալ, ոչ շատ խոշոր։ Պարունակում են 12,6-31,2 % սպիտակուցներ, A, B1, B2 վիտամիններ, ճարպեր։ Օգտագործում են տարբեր կերակրատեսակներ (օրինակ, պասուց տոլմա), պահածոներ և սուրճի փոխարինիչ պատրաստելու համար, ինչպես նաև բոված։

Ս-ով լցոնած բադրիջան. բադրիջանը լվանալ, կոթը կտրել, երկարությամբ ճեղքել, թեյի գդալով սերմերը հեռացնել, 5 րոպե պահել աղ գցած եռացող ջրի մեջ, ապա քամել։

Ս. եփել, կեղևը հեռացնել և տրորել։ Յուղով սոխառած անել, ավելացնել տոմատախյուս և տրորած Ս.։ Բադրիջանը լցոնել ստացված զանգվածով և վրան մանրած մաղադանոս ցանել։ Առանձին մատուցել մածուն։

1 կգ բադրիջանին՝ 2 գլուխ սոխ, 4 ճաշի գդալ յուղ, 2 ճաշի գդալ տոմատախյուս, 1/2 բաժակ սիսեռ, 1 բաժակ մածուն, աղը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի։

Ս-ի կոլոլիկ. եփած Ս. մսաղացով աղալ, ավելացնել անկորիզ հոնաչիր, ծեծած ընկույզ, չամիչ, աղ, հիլ, Ս-ի եփուկից, լավ խառնել, ստացված զանգվածից ձևավորել ընկույզի մեծության գնդիկներ, շարել սկուտեղի մեջ և վրան մանրած կանաչի ցանել։

1 բաժակ Ս-ին՝ 1/2 բաժակ ընկույզի միջուկ, 2 ճաշի գդալ հոնաչիր, 2 ճաշի գդալ չամիչ, հիլը, աղը և կանաչին՝ ըստ ճաշակի։