ՏՏՀ/Սնուցում
ՍՆՈՒՑՈՒՄ, օրգանիզմի կենսունակության համար անհրաժեշտ սննդանյութերի (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ, հանքային աղեր) յուրացումը։
Ճիշտ և ռացիոնալ Ս. բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը հիվանդությունների նկատմամբ։ Ռացիոնալ Ս. կանխում է վաղաժամ ծերացումը։ Աղեստամոքսային, սիրտանոթային և մի շարք այլ հիվանդությունների դեպքում բուժական նշանակումներից մեկն է Ս-ման հատուկ ռեժիմը (տես Բուժական սնունդ):
Ս. պետք է ապահովի ամբողջ օրգանիզմի բնականոն զարգացումը և ներդաշնակ գործունեությունը։ Դրա համար սննդի օրաբաժինը, ըստ սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի և կենսունակության համար անհրաժեշտ այլ սննդանյութերի որակի և քանակի, պետք է համապատասխանի մարդու պահանջներին՝ կախված զբաղմունքից, տարիքից և սեռից։ Օրգանիզմն ունի կարգավորիչ մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս յուրացնել այնքան սննդանյութեր, որքան անհրաժեշտ է օրգանիզմին տվյալ պահին, նյութափոխանակության պրոցեսում մի նյութը վերածել մեկ այլ նյութի։ Սակայն, օրգանիզմի ինքնակարգավորվելու և հարմարվելու հնարավորությունները սահմանափակ են մանուկ և տարեց հասակներում։ Բացի այդ, մարդու օրգանիզմը ի վիճակի չէ նյութափոխանակության պրոցեսում սինթեզել մի շարք նյութեր (օրինակ, որոշ վիտամիններ, անփոխարինելի ամինաթթուներ). դրանք պետք է ներմուծվեն սննդի հետ, հակառակ դեպքում առաջ են գալիս ոչ լիարժեք Ս-ման հետ կապված հիվանդություններ։
Սննդի էներգիական արժեքը դրա մեջ մտնող սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի էներգիական արժեքների գումարն է։ Առողջ մարդու սննդի օրաբաժինը կազմող սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի հարաբերակցությունը մոտավորապես 1:1:4 է։ 1 գ սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի էներգիական արժեքը, հաշվի առնելով դրանց յուրացվելիությունը, ընդունված է համապատասխանաբար 4, 9 և 4 կկալ։ Սննդի հետ ներմուծվող էներգիան ծախսվում է օրգանիզմի կենսագործունեությունը (նյութափոխանակություն, ֆիզիկական ակտիվություն) ապահովելու համար։ Այս կամ այն սննդամթերքի յուրացումից անջատվող էներգիայի քանակը կոչվում է տվյալ մթերքի կալորիականություն։ Որոշ սննդամթերքների մեջ սննդանյութերի պարունակության և այդ մթերքի կալորիականության մասին տես աղյուսակ 1-ում։
Սպիտակուցները սննդի կարևորագույն բաղկացուցիչ մասն են։ Սննդի մեջ սպիտակուցի պակասը, հատկապես եթե այն զուգակցվում է սննդի օրաբաժնի ընդհանուր կալորիականության նվազման հետ (սպիտակուցաէներգիական անբավարարություն), հանգեցնում է օրգանիզմում սպիտակուցների սինթեզի և նորացման պրոցեսների խախտման։ Դա առաջին հերթին վերաբերում է այն օրգանններին, որոնցում բջիջների ֆիզիոլոգիական նորացումը առավել արագ է կատարվում, դրանք են ոսկրուղեղը, ենթաստամոքսային գեղձը, աղիները ևն։
Մարդու օրգանիզմի համար, նկատի առնելով ամինաթթուների հարաբերակցությունը, առավել բարենպաստ են կենդանական սպիտակուցները, որոնք պարունակվում են մսամթերքի, կաթի, ձվի մեջ։ Չափահասների օրաբաժնում կենդանական սպիտակուցները պետք է կազմեն բոլոր սպիտակուցների 55 %-ը։ Բուսական մթերքը՝ հացահատիկային բույսերը, լոբազգիները, կարտոֆիլը, նույնպես պարունակում է արժեքավոր և կարևոր սպիտակուցներ։ Սակայն, միայն բուսական ծագում ունեցող սպիտակուցների օգտագործումը լիարժեք Ս. չի ապահովում։
Սպիտակուցի պահանջը կախված է տարիքից, սեռից և աշխատանքային գործունեության բնույթից։ Երեխաները, դեռահասները, ինչպես նաև ֆիզիկական աշխատանքով զբաղվողները սպիտակուցների ավելի մեծ կարիք ունեն։ Դրանց պակասի նկատմամբ առավել զգայուն է երեխայի աճող օրգանիզմը։ Կյանքի առաջին երեք տարիների ընթացքում սննդի մեջ սպիտակուցի սուր պակասի դեպքում երեխայի ֆիզիկական և հոգեկան զարգացումը խիստ հետ է մնում, որը կարող է անդարձելի լինել։ Սպիտակուցի պահանջը որոշ չափով կախված է սննդի օրաբաժնի կալորիականությունից, ինչպես նաև սննդի հետ ներմուծվող ճարպերի և ածխաջրերի քանակից։ Սննդի ոչ բավարար կալորիականության դեպքում սպիտակուցներն առաջին հերթին ծախսվում են օրգանիզմի էներգիական պահանջները բավարարելու համար՝ չծառայելով նոր բջիջների կառուցմանը, որը կարող է հանգեցնել առողջության քայքայման։ Սպիտակուցի նորմավորումը կատարվում է ըստ սննդի օրաբաժնի կալորիականության. յուրաքանչյուր 1000 կկալին՝ 30 գ սպիտակուց։
Կենդանական սպիտակուցների օրական բնականոն պահանջը կարելի է բավարարել սննդի օրաբաժնի մեջ ներառելով 0,5 լ անարատ կաթ կամ կաթնաթթվային մթերք, 100 գ լոռ կամ պանիր, մսեղեն կամ ձկնեղեն և 1-2 ձու։ Սպիտակուցային լիարժեք սնունդ կարելի է ապահովել զուգակցելով կենդանական և բուսական ծագում ունեցող սպիտակուցները (օրինակ, կաթով սևաձավարի շիլա)։
Ս-ման համար կարևոր են մսի, մկան և սնկի մեջ պարունակվող ազոտային լուծահանվածքները։ Մսի և ձկան արգանակներում, սնկի եփուկում դրանց առկայությունը խթանում է ստամոքսահյութի արտադրությունը և լավացնում մարսողությունը։ Միաժամանակ դրանք պահանջում են մարսողական օրգանների լրացուցիչ աշխատանք, որով և պայմանավորված են այդ կերակուրների օգտագործման որոշակի սահմանափակումները։
Ածխաջրեր։ Օրգանիզմին անհրաժեշտ էներգիայի կեսից ավելին մարդն ստանում է ածխաջրերից։ Դրանք հիմնականում պարունակվում են բուսական մթերքում։ Կենդանական մթերքից ածխաջրեր են պարունակում կաթը (կաթնաշաքարի տեսքով) և լյարդը։ Մաքուր ածխաջրերը՝ օսլան և շաքարը, ստանում են մթերքի արդյունաբերական վերամշակումով։ Գրեթե բացառապես ածխաջրերից բաղկացած բնական մթերք է մեղրը։ Մեծ քանակությամբ ածխաջրեր են պարունակում (օսլայի տեսքով) հացը, ձավարեղենը, կարտոֆիլը, իսկ շաքարների տեսքով՝ շաքարը, հրուշակեղենը, պտուղների և հատապտուղների քաղցր սորտերը։ Ածխաջրերը խիստ կարևոր են մկանների, նյարդային համակարգի, սրտի, սարդի և այլ օրգանների գործունեության համար, մեծ դեր են խաղում նյութափոոխանակության պրոցեսներում, անհրաժեշտ են օրգանիզմում ճարպերի լավ յուրացման համար։ Օրգանիզմում դրանք հաճախ կուտակվում են լյարդում և մկաններում կենդանական օսլայի՝ գլիկոգենի տեսքով։ Օրաբաժնի մեջ ածխաջրերի բացակայության դեպքում սննդաճարպերը լրիվ չեն յուրացվում։ Ճարպերի թերայրման արգասիքները վնասակար են առողջության համար։ Ածխաջրերի ավելցուկը նույնպես կարող է վնաս հասցնել առողջությանը՝ նպաստելով աթերոսկլերոզի, շաքարախտի զարգացմանը, նյարդային համակարգի բնականոն գործունեության խախտմանը, վարակի նկատմամբ օրգանիզմի դիմադրողականության նվազմանը։ Երեխաներին շիլայով, շաքարով և հրուշակեղենով գերսնելիս կարող են առաջանալ նյութափոխանակության խանգարումներ, դիաթեզ, ատամնափուտ։ Ածխաջրերի պահանջը պայմանավորված է էներգիայի ծախսով։ Որքան մեծ է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և կատարված մկանային աշխատանքը, այնքան մեծ է ածխաջրերի պահանջը։ Ածխաջրերի նորմավորումը կատարվում է ըստ սննդի օրաբաժնի կալորիականության՝ յուրաքանչյուր 1000 կկալ-ին՝ 137 գ ածխաջրեր։
Հասուն մարդու ածխաջրերի պահանջը կարելի է բավարարել սննդի օրաբաժնի մեջ ներմուծելով ձավարեղենով, մակարոնով կամ լոբազգիներով պատրաստված երկու կերակրատեսակ, կարտոֆիլով, բանջարեղենով կամ դրանցից պատրաստած խավարտով մեկ կերակրատեսակ, 400-500 գ հաց և 90-100 գ շաքար ու քաղցրեղեն։ Վերջինս պետք է օգտագործել հիմնական սննդից հետո, քանի որ քաղցրը հագեցնում է։
Բջջանյութ։ Բուսական մթերքը օրգանիզմին էներգիա մատակարարող ածխաջրերից բացի պարունակում է նաև ոչ սննդային ածխաջրեր, այդ թվում բջջանյութ, որը յուրացվում է մոտավորապես 25 %-ով։ Այն հիմնականում պարունակվում է խոշոր աղացվածքի ալյուրից թխած հացի, բանջարեղենի, կանաչիների ու մրգի մեջ և նպաստում աղիների գործունեությանը։ Բջջանյութից զուրկ սնունդն առաջացնում է փորկապություն։
Ցորենի 1-ին տեսակի հացը, աշորայի հացը, բանջարեղենը պարտադիր են սննդի օրաբաժնի մեջ։ Հում բանջարեղենն ու միրգը սննդային բարձր արժեք ունենալուց բացի պարունակում են պեկտինային նյութեր, որոնք նպաստում են աղիների դատարկմանը։ Այդ նյութերը նվազեցնում են աղիներում նեխում առաջացնող մանրէների քանակը, նպաստում օրգանիզմից թունավոր նյութերի դուրսբերմանը։ Շատ պեկտինային նյութեր են պարունակվում դդմի, բողկի, կաղամբի, հաղարջի, բալի, սալորի մեջ։ Ճարպերն օրգանիզմին էներգիա են մատակարարում և անհրաժեշտ են սպիտակուցները, որոշ հանքային աղեր, ճարպալույծ վիտամինները յուրացնելու համար։
Ճարպերը լավացնում են կերակուրների համը և գրգռում ախորժակը։ Սննդի հետ ներմուծվող ճարպերը մասամբ օգտագործվում են ճարպի պաշար ստեղծելու համար։ Սակայն ճարպակալումը ոչ այնքան ճարպերի, որքան ածխաջրերի՝ պահանջվածից ավելի օգտագործման հետևանք է։ Սա պետք է հաշվի առնեն գիրության հակված մարդիկ։ Ճարպի պահանջի բավարարումը կախված է ճարպի տեսակից և որակից։ Կենսաբանական տեսակետից առավել բարենպաստ հաշվեկշիռ է ստեղծվում, երբ ճարպերի օրական պահանջը բավարարվում է 70%-ով կենդանական և 30 %-ով բուսական ճարպերի հաշվին։ Սննդի օրաբաժնի մեջ ճարպերի նորմերը սահմանում են՝ հաշվի առնելով տարիքը, աշխատանքի բնույթը, ազգային խոհանոցի ավանդույթները և կլիմայական առանձնահատկությունները։ Սննդի օրաբաժնի մեջ նախատեսված է 35 գ ճարպ յուրաքանչյուր 1000 կկալ էներգիայի ծախսի դիմաց։ Չափից ավելի ճարպ օգտագործելը անբարենպաստ է ազդում նյարդային համակարգի, արյունաստեղծ օրգանների գործունեության վրա, վատացնում է ախորժակը և արգելակում սննդի մարսելիությունը։ Սննդի մեջ օգտագործում են տարբեր կենդանիների ճարպ, կաթնային ճարպ՝ հիմնականում կովի կաթից ստացված (կարագ կամ յուղ), ինչպես նաև ձեթեր (արևածաղկի, սոյայի, ձիթապտղի)։
Ճարպանման նյութեր։ Սննդի օրաբաժնի մեջ մտնում են նաև ճարպանման նյութեր խոլեստերին և լեցիտին։ Խոլեստերինը մեծ դեր է խաղում օրգանիզմի կենսունակության, մասնավորապես, նյարդային համակարգի գործունեության մեջ։ Զգալի քանակությամբ խոլեստերին է պարունակվում կենդանական ճարպերի, ձվի դեղնուցի, ձկնկիթի, ուղեղի, լյարդի և երիկամների մեջ։ Սակայն, այդ մթերքների չափից ավելի օգտագործումը հանգեցնում է լյարդի գործունեության խանգարման, լեղաքարերի գոյացման, աթերոսկլերոզի զարգացման։
Աղյուսակ 1
Որոշ սննդամթերքների բաղադրությունը և էներգիական արժեքը
Մթերք | Քիմիական բաղադրությունը (100 գ մթերքի մեջ) | |||
---|---|---|---|---|
Սպիտակուցներ (գ) | Ճարպե (գ) | Ածխաջրեր (գ) | Կալորիականություն (կկալ) | |
Հաց աշորայի | 6,5 | 1,0 | 40,9 | 190 |
Բոքոն՝ 1-ին տեսակի ալյուրից | 7,9 | 1,0 | 51,9 | 236 |
Սևաձավար | 12,6 | 2,6 | 68,0 | 329 |
Սպիտակաձավար | 11,3 | 0,7 | 73,3 | 326 |
Վարսակի ձավար | 11,9 | 5,8 | 65,4 | 345 |
Բրինձ | 7,0 | 0,6 | 77,3 | 323 |
Մակարոնեղեն բարձր տեսակի | 10,4 | 0,9 | 75,2 | 332 |
Շաքար | - | - | 99,8 | 375 |
Կարագ | 0,6 | 82,5 | 0,9 | 748 |
Ձեթ արևածաղկի զտած | - | 99,9 | - | 899 |
Կաթ կովի | 2,8 | 3,2 | 4,2 | 64 |
Մածուն | 3,2 | 3,2 | 4,2 | 64 |
Պանիր չանախ | 25 | 25 | 5 | 355 |
Լոռ ոչ յուղալի | 18,0 | 0,6 | 1,5 | 86 |
Թթվասեր 30% յուղայնության | 2,6 | 30,0 | 2,8 | 293 |
Ձու հավի | 12,7 | 11,5 | 0,7 | 157 |
Միս տավարի | 18,9 | 12,4 | - | 187 |
Հավ | 18,2 | 18,4 | 0,7 | 241 |
Միս խոզի | 15,0 | 30,3 | - | 333 |
Ծածան (թարմ) | 78,1 | 16,0 | 3,6 | 402 |
Խեկ (թարմ սառեցրած) | 79,9 | 16,6 | 2,2 | 360 |
Կաղամբ (թարմ) | 1,8 | - | 5,4 | 28 |
Կարտոֆիլ | 2,0 | 0,1 | 19,7 | 83 |
Գազար կարմիր | 1,3 | 0,1 | 7,0 | 33 |
Ոլոռ կանաչ | 5,0 | 0,2 | 13,3 | 72 |
Վարունգ | 0,8 | - | 3,0 | 15 |
Ճակնդեղ | 1,7 | - | 10,8 | 48 |
Խնձոր | 0,4 | - | 11,3 | 46 |
Տանձ | 0,4 | - | 10,7 | 42 |
Սալոր | 0,8 | - | 9,9 | 43 |
Նարինջ | 0,9 | - | 8,4 | 38 |
Գետնամորի | 1,8 | - | 8,1 | 41 |
Խաղող | 0,4 | - | 17,5 | 69 |
Սունկ սպիտակ (թարմ) | 3,2 | 0,7 | 1,6 | 25 |
Տխիլ (միջուկը) | 16,1 | 66,9 | 9,9 | 704 |
Լեցիտինը խթանում է աճող օրգանիզմի զարգացումը, արյունագոյացումը, բարերար է ազդում նյարդային համակարգի, լյարդի գործունեության վրա, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը թունավոր նյութերի նկատմամբ, լավացնում է ճարպերի մարսելիությունը, արգելակում աթերոսկլերոզի զարգացումը։ Զգալի քանակությամբ լեցիտին է պարունակվում ձվի դեղնուցի, ձկնկիթի, սևաձավարի, ցորենի թեփի, հազարի տերևների մեջ։ Լեցիտինով առավել հարուստ են սոյան, լոբին և հատիկաընդավոր այլ բույսեր։
Վիտամինները սննդի օրաբաժնի՝ օրգանիզմի կենսունակությունն ապահովող պարտադիր և անփոխարինելի բաղադրամասն են։ Դրանք մասնակցում են այլ սննդանյութերի յուրացմանը, նպաստում են օրգանիզմի դիմադրողականության, ինչպես նաև աշխատունակության բարձրացմանը։ Բազմազան սնունդը բավարարում է վիտամինների նկատմամբ օրգանիզմի պահանջը։ Ֆիզիկական ծանր աշխատանք կատարելիս և հղիության ընթացքում վիտամինների պահանջն աճում է։ Այդ դեպքերում անհրաժեշտ են վիտամինային պատրաստուկներ (ավելի մանրամասն տես Վիտամիններ հոդվածում)։
Հանքային նյութերը մտնում են օրգանիզմի բոլոր հյուսվածքների կազմի մեջ և մշտապես ծախսվում են կենսագործունեության ընթացքում։ Հանքային նյութերի հիմնական աղբյուրը հանքային աղեր պարունակող սնունդն է (աղեր կան նաև խմելու ջրի մեջ)։ Օրգանիզմի պահանջը տարբեր հանքային աղերի նկատմամբ տարբեր է. եթե նատրիումի, կալիումի, ֆոսֆորի և կալցիումի աղերի օրական պահանջը չափվում է գ-ներով, ապա պղնձի, մանգանի և յոդի աղերինը՝ միլի- և միկրոգրամներով։ Այն քիմիական տարրերը, որոնց պահանջը այդչափ չնչին է, կոչվում են միկրոտարրեր։ Ավելի քան 30 միկրոտարր համարվում են կենսականորեն անհրաժեշտ։ Օրգանիզմում դրանք մտնում են կենսաակտիվ միացությունների, այդ թվում ֆերմենտների, հորմոնների, վիտամինների կազմի մեջ և ազդում օրգանիզմի կենսագործունեության վրա։ Օրինակ, երկաթը, պղինձը, կոբալտը կարևոր դեր են խաղում արյունագոյացման պրոցեսներում. կոբալտը մտնում է B12 վիտամինի կազմի մեջ։ Ցանքային աղերի նկատմամբ օրգանիզմի պահանջը լիովին բավարարվում է բազմազան սննդով։
Նատրիումը օրգանիզմ է ներմուծվում հիմնականում կերակրի աղի ձևով։ Անալի կերակուրը տհաճություն է առաջացնում։ Կերակրի աղն անհրաժեշտ է արյան և հյուսվածքների մեջ հեղուկի բնականոն քանակությունն ապահովելու համար, այն ազդում է միզարտադրության, նյարդային համակարգի գործունեության, արյան շրջանառության վրա, մասնակցում է ստամոքսագեղձերում աղաթթվի գոյացմանը.
Օրգանիզմում կա ընդամենը 300 գ աղ, իսկ 1 տարվա ընթացքում մարդն օգտագործում է մոտ 5,5 կգ աղ։ Սննդի օրաբաժնի բնական սննդամթերքի մեջ պարունակվող 3-4 գ աղից բացի մի քանի գրամ աղ է ներմուծվում հացի հետ (100 գ աշորայի հացը պարունակում է 1,5 գ, իսկ 100 գ ցորենի հացը` 0,5-0,8 գ աղ), մի քանի գրամ կերակրի հետ։ Միջին հաշվով օրական պետք է օգտագործել 12-15 գ աղ։
Այտուցների, միզարտադրության օրգանների և սիրտանոթային համակարգի հիվանդությունների (այդ թվում հիպերտոնիկ), աղային փոխանակության խանգարման դեպքում և հղիության վերջին ամիսներին անհրաժեշտ է քիչ աղ գործածել։
Կալցիումի, ֆոսֆորի և մագնեզիումի աղեր: Ոսկրային կմախքը կազմում է մարդու մարմնի զանգվածի 1/5 մասը, իսկ ոսկորների 2/3-ը ձևավորվում է հանքային աղերից (գլխավորապես կալցիումի, ֆոսֆորի և մագնեզիումի)։
Կալցիումը մասնակցում է նաև նյութափոխանակության, արյան մակարդման և այլ պրոցեսների։ Կալցիումի աղեր կան գրեթե բոլոր սննդամթերքներում, սակայն օրգանիզմը բոլոր մթերքներից չէ, որ ի վիճակի է աղեր յուրացնել։ Դյուրամարս կալցիումով առավել հարուստ են կաթը և կաթնաթթվային մթերքը, լոռը, պանիրը, ձվի դեղնուցը, կաղամբը, մաղադանոսը։
Ֆոսֆորը պարունակվում է օրգանիզմի թե՜ ոսկրային, թե՛ այլ հյուսվածքների (հիմնականում մկանային, ուղեղային) մեջ, մասնակցում է նյութափոխանակության բոլոր տեսակի պրոցեսներին, անհրաժեշտ է նյարդային համակարգի, սրտամկանի և այլ օրգանների բնականոն գործունեության համար։ Ֆոսֆորի աղերն օրգանիզմ են ներմուծվում հիմնականում կենդանական ծագման մթերքի՝ կաթի և կաթնամթերքի, մսի, ձկան հետ։ Շատ ֆոսֆոր են պարունակում ուղեղը, լյարդը, ձուն, ընկույզը։
Մագնեզիումի աղերը նույնպես շատ կարևոր են սիրտանոթային համակարգի բնականոն գործունեության համար։ Դրանք անհրաժեշտ են հատկապես տարեց մարդկանց, քանի որ նպաստում են օրգանիզմից խոլեստերինի ավելցուկի հեռացմանը։ Մագնեզիումի աղերը պարունակվում են թեփի (հետևաբար և խոշոր աղացվածքի ալյուրից թխված հացի), սևաձավարի, գարեձավարի և ծովային ձկների մեջ։
Կալիումը մեծ դեր է խաղում ներբջջային փոխանակության պրոցեսներում. կարևոր նշանակություն ունի մարդու օրգանիզմի ներքին միջավայրի հաստատունությունն ապահովելու, նյարդային իմպուլսները մկաններին հաղորդելու, սիրտանոթային համակարգի բնականոն գործունեությունն ապահովելու համար։ Շատ կալիում պարունակող բանջարանոցային բույսերը (դդում, դդմիկ, ձմերուկ), խնձորը, ծիրանաչիրը, չամիչը առավել օգտակար են սրտի և հիպերտոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց։
Յոդի նկատմամբ օրգանիզմի պահանջը մեծ չէ, սակայն դրա պակասը հանգեցնում է վահանաձև գեղձի գործունեության խանգարման և, այսպես կոչված, տեղաճարակային (էնդեմիկ) խպիպի զարգացման։ Որոշ վայրերում, որտեղ հողն ու ջուրը յոդ չեն պարունակում, խորհուրդ է տրվում կերակրի աղին ավելացնել յոդի աղեր։ Մեծ քանակությամբ յոդի աղեր են պարունակում ծովային ձկները (ձողաձուկ, տափակաձուկ, ծովային պերկես), ինչպես նաև ծովակաղամբը, կաղամարը, ծովախեցգետինը։
Ջուրը սննդի օրաբաժնի կարևոր բաղադրամասն է։ Առանց ջրի կյանքն անհնարին է։ Հայտնի է, որ մարդն ավելի դյուրին է տանում քաղցը, քան ծարավը։ Նյութափոխանակության բոլոր պրոցեսներն ընթանում են ջրի մասնակցությամբ։ Կերակրի յուրացումը և արյան մեջ սննդանյութերի ներծծումը տեղի է ունենում հեղուկ միջավայրում։ Ջրի հետ օրգանիզմից դուրս են գափս նյութափոխանակության վնասակար արգասիքները։
Հասուն մարդու՝ ջրի նկատմամբ օրական պահանջը մոտ 35-40 գ է 1 կգ զանգվածի հաշվով, այսինքն՝ մոտ 2,5 լ։ Դրա զգալի մասը (մոտ 1 լ) պարունակվում է սննդամթերքի մեջ. օրինակ, շիլայի մեջ՝ մինչև 80 %, հացի մեջ՝ մոտ 50 %, բանջարեղենի և մրգի մեջ՝ մինչև 90 % ջուր։ Ապուրի, կոմպոտի, կաթի, թեյի, սուրճի և այլ ըմպելիքների մեջ պարունակվող, այսպիսի կոչված, ազատ հեղուկի քանակը պետք է կազմի 1,2 լ՝
Աղյուսակ 2
Տարեց մարդկանց սննդի օրաբաժնում կալորիականության, սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի պարունակության հանձնարարելի չափը
Տարիք | Տղամարդիկ | Կանայք | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Էներգիա կկալ | Սպիտակուցներ, գ | Ճարպեր գ | Աշխաջրեր գ | Էներգիա կկալ | Սպիտակուցներ, գ | Ճարպեր գ | Աշխաջրեր գ | |||
ընդամենը | այդ թվում կենդանական | ընդամենը | այդ թվում կենդանական | |||||||
60-74 տարեկան | 2300 | 69 | 38 | 75 | 333 | 2100 | 63 | 35 | 70 | 305 |
75 տարեկան և բարձր | 2000 | 60 | 33 | 67 | 290 | 1900 | 57 | 31 | 63 | 275 |
օրաբաժնի ընդհանուր զանգվածի 3 կգ-ի դեպքում։ Օրգանիզմին անհրաժեշտ ջրի քանակը կախված է կլիմայական պայմաններից և ֆիզիկական աշխատանքի ինտենսիվությունից (տես Խմելու ռեժիմ)։ Անբավարար քանակով ջուր խմելը կարող է հանգեցնել ջրազրկման, իսկ չափից ավելի ջուր օգտագործելը՝ սիրտանոթային համակարգի գերբեռնվածքի և հյուծող քրտնարտադրության, որն ուղեկցվում է աղերի և լուծվող վիտամինների կորստով և օրգանիզմի թուլացմամբ։
Սննդի յուրացումը կախված է մթերքի տեսակից և սննդի բազմազանությունից։ Լավ են յուրացվում կենդանական մթերքը, հատկապես սպիտակուցները։ Մսի, ձկան, ձվի և կաթնամթերքի սպիտակուցներն ավելի լավ են յուրացվում, քան հացի, ձավարեղենի, բանջարեղենի և պտուղների սպիտակուցները։ Միօրինակ սնունդը դառնում է տհաճ և լավ չի յուրացվում։ Մսեղեն և ձավարեղեն կերակուրներին բանջարեղեն ավելացնելը այդ մթերքներում պարունակվող սպիտակուցների մարսելիությունը հասցնում է 85-90%-ի։ Արժքավոր սննդանյութերը լավ են յուրացվում մթերքի ճիշտ ջերմամշակման շնորհիվ (տես Կերակրի պատրաստում)։
Ս-ման ռեժիմի մեջ մտնում են սննդի ընդունման հաճախականությունը, ընդմիջումների տևողությունը, օրաբաժնի կալորիականության բաշխումը։ Ամենանպատակահարմարը չորսանգամյա Ս. է, քանի որ այդ դեպքում ծանրաբեռնվածությունը հավասարաչափ է բաշխվում մարսուղիների վրա և սնունդն առավել լիարժեք է մշակվում մարսողական հյութերով։ Օրվա նույն ժամին սնվելը մշակում է այդ ժամին ստամոքսահյութի առավել ակտիվ արտադրման ռեֆլեքս։ Չորսանգամյա Ս-ման դեպքում օրաբաժնի բաշխումը կատարում են ըստ օրվա կարգուկանոնի և հաստատված սովորության։ Սննդի ամենանպատակահարմար բաշխումը հետևյալն է. նախաճաշին՝ 25 %, 2-րդ նախաճաշին՝ 15 %, ճաշին՝ 35 %, ընթրիքին՝ 25 %: Վերջին անգամ սնունդ պետք է ընդունել քնելուց առնվազն 2 ժամ առաջ։ Գիշերային հերթափոխում աշխատողների ընթրիքը պետք է կազմի օրաբաժնի 30 %-ը, և 1 անգամ պետք է սնվել նաև գիշերային հերթափոխի երկրորդ կեսին։
Մարսողության համար կարևոր է նաև սննդի ջերմաստիճանը պետք է լինի 50-60°C, իսկ սառը կերակրինը՝ 10°C-ից ոչ ցածր։
Տարեց մարդկանց Ս.։ 60-ից բարձր տարիքում նյութափոխանակությունը դանդաղում է, նվազում է առանձին սննդանյութեր յուրացնելու ունակությունը։ Դրա հետ է կապված նաև սննդի կալորիականության, սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, վիտամինների նկատմամբ պահանջի փոփոխությունը (տես աղյուսակներ 2 և 3)։
Տարեց հասակում խորհուրդ է տրվում զգալիորեն սահմանափակել մսի թունդ արգանակի, սնկի եփուկի, եփահյութերի, տապակած, ապխտած, աղի կերակուրների և մարինադների, զգալի քանակությամբ խոլեստերին
Աղյուսակ 3
Տարեց մարդկանց սննդի օրաբաժնում վիտամինների պարունակության հանձնարարելի չափը
Տարիք | Տղամարդիկ | Կանայք | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
B1 մգ |
B2 մգ |
B6 մգ |
B12 մգ |
PP մգ |
C մգ |
A մգ |
E մգ |
D մգ |
B1 մգ |
B2 մգ |
B6 մգ |
B12 մգ |
PP մգ |
C մգ |
A մգ |
E մգ |
D մգ | |
60-74 տարեկան | 1,4 | 1,6 | 1,6 | 3 | 15 | 58 | 1000 | 15 | 100 | 1,3 | 1,5 | 1,5 | 3 | 14 | 52 | 1000 | 12 | 100 |
75 տարեկան և բարձր | 1,2 | 1,4 | 1,4 | 3 | 13 | 50 | 1000 | 15 | 100 | 1,1 | 1,3 | 1,3 | 3 | 12 | 48 | 1000 | 12 | 100 |
պարունակող մթերքի (ձվի դեղնուց, ձկնկիթ, ուղեղ, լյարդ ևն) և ճարպի որոշ տեսակների (օրինակ, ոչխարի, խոզի) օգտագործումը։ Կենդանական սպիտակուցների և ճարպերի անհրաժեշտ քանակը կարելի է ստանալ կաթնամթերք օգտագործելով։ Հանձնարարվում է օգտագործել ավելի շատ միրգ և բանջարեղեն (առավելապես թարմ)։ Անհրաժեշտ է սահմանափակել կերակրի աղի օգտագործումը։ Տարեց մարդիկ պետք է ավելի ուշադիր լինեն Ս-ման ռեժիմի նկատմամբ։
Հղի կանանց և կերակրող մայրերի Ս.։ Հղիության ժամանակ աճում է սպիտակուցների, մասամբ ճարպերի, կալցիումի և ֆոսֆորի աղերի նկատմամբ պահանջը։ Հղի կանանց սննդի կալորիականությունը (հղիության 5-րդ ամսից) միջին հաշվով օրական պիտի կազմի 2900 կկալ, սպիտակուցների օգտագործման չափաքանակը՝ 100 գ, այդ թվում կենդանական ծագման սպիտակուցներինը՝ 60 գ։ Սպիտակուցներ պետք է ընդունել կաթի, լոռի, պանրի, ձկան, մսի (ցանկալի է խաշած) միջոցով, ընդ որում միսը պետք է լինի ոչ յուղոտ։ Ամեն օր կաթ օգտագործելիս (0,8–1,2 լ) հղի կնոջ օրգանիզմն ստանում է անհրաժեշտ քանակության սպիտակուցներ, կալցիում և ֆոսֆոր։ Հղի կնոջ սնունդն անհրաժեշտ է հարստացնել A, B1, և PP, C և D վիտամիններով, կարոտինով, երկաթ պարունակող մթերքով (լյարդ, ձվի դեղնուց, կանաչի, միրգ)։ Գիրության հակված կանայք պետք է ճարպեր և հատկապես ածխաջրեր քիչ ընդունեն։
Երեխային կերակրելու ընթացքում կինը պետք է ավելի լավ սնվի, քան հղիության ժամանակ։ Կերակրող մոր սննդի օրաբաժնի կալորիականությունը պետք է կազմի 3200 կկալ, սպիտակուցի օգտագործման չափաքանակը՝ 112 գ, այդ թվում կենդանական ծագում ունեցողներինը՝ 67 գ։ Աճում է վիտամինների պահանջը, ավելի շատ կաթ (1,5 լ), ձու, կարագ, պանիր, բանջարեղեն, միրգ օգտագործելու անհրաժեշտությունը։ Պետք է խուսափել երեխայի մարսողությանը վնասող մթերքից։ Կերակրող կինը պետք է հետևի իր քաշին, որը ծննդաբերությունից հետո երկրորդ ամսվա վերջին պետք է լինի նույնը, ինչ հղիությունից առաջ և մնա կայուն կերակրման ամբողջ ընթացքում։
Տես նաև Կրծքի երեխա, Սնուցում երեխաների և դեռահասների հոդվածները;