ՍՈԽ (աճեցումը), ՀՀ-ում մշակվում է հիմնականում գլուխ սոխը, որի բազմաթիվ սորտերից՝ Խաթունարխի սոխը, ունի շատ հյութալի և բարձրորակ սոխուկ։ Մշակվում է նաև Կարատալյան, իսկ լեռնային շրջաններում՝ Սխվալինյան սորտը։ Ս. լավ բերք է տալիս օրգանական նյութերով հարուստ, թեթև, թափանցիկ, ավազախառն հողերում։ Սերմերը ցանքից 18-24 ժամ առաջ պետք է թրջել։ Ս. ծլում է 8-10 օրում, Ս-ի համար լավ նախորդներ են վարունգը, վաղահաս կաղամբը, պոմիդորը։ Հողը պետք է նախապատրաստել աշնանից։ Վերափորելուց առաջ տրվում է փտած գոմաղբ, տարբեր կոմպոստներ՝ 3-5 կգ՝ 1 մ²–ին։ Լավ պարարտանյութ է նաև փայտի մոխիրը (1 մ²–ին՝ 0,5–1,0 կգ)։ Թարմ գոմաղբ չի կարելի տալ, քանի որ դրանից բույսերի աճը դանդաղում է, տերևների աճը երկար ժամանակ չի դադարում, սոխուկները չեն հասունանում և վատ են պահպանվում։ Ձմեռնամուտացանքի դեպքում 1 մ²–ին տալիս են 25-30 գ սուպերֆոսֆատ, 15-20 գ կալիումի աղ և 10-15 գ ամոնիակային բորակ. պարարտացնում են 10-15 սմ խորությամբ։ Գարնանացանի դեպքում սուպերֆոսֆատի և կալիումական պարարտանյութի ամբողջ քանակի կեսը պետք է տալ աշնանը, իսկ մնացած մասը և ազոտականը՝ գարնանը։ Ցանքը կատարում են շաղացան կամ նեղ շարքերով (26 սմ միջշարային հեռավորությամբ), 3 կամ 5 գծանի ժապավեններով (30 սմ միջգծային, 50 սմ միջժապավենային հեռավորությամբ) կամ լայնաշարք (45 սմ միջշարային հեռավորությամբ)։ Երբ բույսի բարձրությունը 10–12 սմ է՝ կատարում են ցանքերի առաջին նոսրացումը՝ թողնելով 3-4 սմ միջբուսային հեռավորություն։ Երբ բույսերն ունենում են 5-6 տերև և սկսում են գլխիկների կազմավորումը, կատարում են երկրորդ նոսրացումը՝ թողնելով 5-6 սմ միջբուսային հեռավորություն։ Վերջին նոսրացումը կատարում են հասունացումից մեկ ու կես ամիս առաջ՝ թողնելով 10-12 սմ միջբուսային հեռավորություն։ Պետք է ժամանակին քաղհանել, փխրեցնել և ոռոգել։ Սկզբում սակավ են ջրում, հետագայում (հունիս-օգոստոսին)՝ ավելի հաճախ։ Բերքահավաքը կատարում են գլուխների լրիվ հասունացման փուլում, երբ տերևներն սկսում են դեղնել, չորանալ ու պառկել։ Բերքը հավաքում են աշնան չոր եղանակին, տերևները մաքրելուց, տեսակավորելուց և չորացնելուց հետո պահում են ձմռան համար՝ 20-30 սմ հաստության շերտով, 1,5...–2 °C ջերմաստիճանի պայմաններում։

Բացի գլուխ Ս-ից, մշակում են նաև սնամեջ սոխ, պրասասոխ և այլն։ Ս. աճեցնում են նաև որպես կանաչի օգտագործելու համար։ Այն մշակում են մարգերում՝ թմբերով կամ հարթ տեղամասում։ Ցանքը ժապավենաձև է։ Սերմերը կարելի է ցանել վաղ գարնանը, ամռանը և աշնանը։ Ծլումն արագացնելու նպատակով սերմերը պետք է 10-18 ժամ թրջել հոսող ջրում, հետո չորացնել, մինչև դառնա սորուն։ Ցանքից առաջ պարարտացնել ամոնիակային բորակով, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերով (10-15 գ՝ 1 մ²–ին)։