ՏՏՀ/Սուրբ Սարգիս
ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ (տոնացույցում «Առաջավորաց պահք»), այս տոնը մեծ ժողովրդականություն ուներ հայերի մեջ՝ հատկապես երիտասարդության շրջանում։ Այն նշելու հաստատուն օր չուներ, քանի որ ժամանակային կապի մեջ էր Մեծ պասի և Զատիկի օրերի տեղափոխությունների հետ՝ Սբ Սարգսի տոնով սկսվում է Բարեկենդանը, որին անմիջականորեն հաջորդող Մեծ պասի 49-օրյա զսպվածության շրջանը ավարտվում է Զատիկով։ Այսպիսով, անուղղակիորեն կապվելով 35-օրյա շարժականություն ունեցող Զատիկի հետ, Սբ Սարգսի տոնը նույնպես շարժվում է 35 օրերի ընթացքում, նշվելով հունվարի 18-ից մինչև փետրվարի 23-ը ընկնող այն շաբաթ օրը, որը տվյալ տարվա Զատիկի տոնից առաջ էր ուղիղ 63 օր։ Ինչպես և անունից է հետևում, այն նվիրված է ժողովրդի շատ սիրած Սբ Սարգսին, որի անվան և պաշտամունքի շուրջ հայոց մեջ բազմաթիվ ավանդազրույցներ են պահպանվել։
Տոնը նշվում էր գլխավորապես ընտանեկան նեղ շրջանակով, և սկսվում էր, փաստորեն, երկուշաբթի օրը պասով։ Այս պասի առանձնահատկությունն այն էր, որ կենդանական մթերքներից զատ չէին ուտում նաև աղանձ ու փոխինձ, ինչպես նաև սրանցից պատրաստված խորտիկներ։ Սբ Սարգսի պասի օրերին արգելվում էին ոչ միայն ուտելիքներ, այլև աշխատանքի որոշ տեսակներ, մարմնի խնամք։ Այսպես, այդ օրերին արգելվում էր լվացք անել, ճախարակ մանել, գործ ունենալ բրդի, մազի հետ, գլուխ լվանալ, օճառ գործածել։ Ժողովրդական պատկերացումներով այդ ամենը բացատրվում էր նրանով, որ Սբ Սարգիսը այդ օրերին շրջում է սարերում և հիշյալ արգելքները խախտելու դեպքում նա՝ Սբ Սարգիսը, կենթարկվի զանազան վտանգների։
Պասը բացում էին ուրբաթ երեկոյան մեղրաջրով, դոշաբով կամ պարզ շաքարաջրով շաղախած փոխինձով։ Երիտասարդներն աղի բլիթ էին ուտում քնելուց առաջ՝ գիշերվա երազում իրենց ապագա հարսնացուին կամ փեսացուին տեսնելու հույսով, տանտիրուհիներն էլ սկուտեղի վրա հարթեցրած փոխինձ էին դնում պատուհանի գոգին։ Վստահ էին, որ այդ գիշեր Սբ Սարգիսն իր ձիով պիտի այցելի մարդկանց տները և որպես իր այցելության նշան ձիու պայտի հետքը թողնի փոխինձի վրա։ Սբ Սարգսի անարգել մուտքն ապահովելու համար շատերն այդ գիշեր տան դուռը բաց էին թողնում։
Առավոտյան գուշակությունները շարունակվում էին։ Սբ Սարգիսը համարվում էր սիրահարներին օժանդակող, և ողջ երիտասարդությունը սիրով ու հավատով հետևում էր նրա տոնի անհրաժեշտ արգելքներին ու ծեսերին։