ՏՏՀ/Սուրճ
ՍՈՒՐՃ, արևադարձային սրճենու սերմերը (սրճի ունդեր կամ հատիկներ), ինչպես նաև դրանցից պատրաստած հաճելի համով և նուրբ բույրով ըմպելիքը։
Հատիկները պարունակում են թաղանթանյութ, ազոտային նյութեր, կոֆեին, շաքար, ճարպ և հանքային աղեր։ Բնական Ս-ից պատրաստված ըմպելիքները կոֆեինի զգալի քանակության պարունակության շնորհիվ բարձրացնում են օրգանիզմի տոնուսը, գրգռիչ ազդեցություն գործում նյարդային համակարգի վրա։ 1 թեյի գդալ աղացած Ս. պարունակում է 0,07-0,1 գ կոֆեին, որը բավարար է բարձրացնելու առողջ և զարկերակային ցածր ճնշում ունեցող մարդկանց աշխատունակությունը և բարելավելու սրտի գործունեությունը։ Ս. առաջացնում է նաև ստամոքսահյութի արտազատում։
Նյարդային դյուրագրգռությամբ, սրտխփոցի, հիպերտոնիկ հիվանդությամբ, անքնությամբ տառապող մարդկանց խորհուրդ չի տրվում օգտագործել բնական Ս.։ Այն վնասակար է նաև ստամոքսային որոշ հիվանդությունների (օրինակ, խոցային) դեպքում։ Ս-ի չարաշահումը կարող է առաջ բերել նույնիսկ առողջ մարդկանց սրտխփոցի հաճախացում և անքնություն։ Ուստի, խորհուրդ չի տրվում Ս. խմել քնելուց առաջ։
Վաճառվում է կանաչ կամ բոված հատիկավոր Ս., աղացած բնական կամ ճարճատուկի հետ խառնած, ինչպես նաև լուծվող Ս.։ Կանաչ Ս-ի հատիկները պետք է թույլ կրակի վրա անընդհատ խառնելով (ցանկալի է թուջե թավայում) բովել մինչև դարչնագույն դառնալը։ Ս-ի հատիկները տանը աղում են սրճաղացով։ Աղացած Ս. հեշտությամբ կորցնում է համն ու հոտը և կլանում կողմնակի հոտեր, ուստի, աղացած և բոված Ս. պետք է պահել ամուր փակվող կափարիչով ապակե կամ թիթեղյա հատուկ ամաններում։ Ցանկալի է ըմպելիքը պատրաստել Ս. աղալուց անմիջապես հետո։
Ս. եփում են սրճեփներում։ Կան Ս. եփելու բազմաթիվ եղանակներ։ Եփելիս պետք է հիշել, որ Ս. չպետք է եռացնել և մի քանի անգամ տաքացնել, քանի որ դրանից վատանում է համը։
Վաճառքում երբեմն լինում են բուսական հումքից (օրինակ, գարուց, կաղնուց, շագանակից) պատրաստված (բոված և աղացած) Ս-ի փոխարինիչներ։ Ըստ բաղադրատոմսերի, փոխարինիչները կարելի է բաժանել երկու մեծ խմբի. բնական Ս-ի ավելացմամբ և առանց դրա։ Պիտակին գրվում է պատրաստման եղանակը։