ՍՏԵՊՂԻՆ, սպիտակ արմատիկ, տապղին, երկամյա խոտաբույս է։ Մշակում են որպես համեմունքային բանջար։ Հայաստանում մշակվում է հիմնականում պահածոների գործարաններին կից գոտիներում։ Տարածված են Ուսանող և Կլոր վաղահաս սորտերը (առավել տարածված է Կլոր սորտը)։ Սննդի մեջ օգտագործում են մսոտ արմատապտուղը, որը պարունակում է շաքար, C (20 մգ %), B1 և B2 վիտամիններ, եթերայուղեր։ Որպես համեմունք օգտագործում են զանազան կերակրատեսակների (շոգեխաշած միս և բանջարեղեն) հետ։