Տեսողություն
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 340
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆ, աչքի կառուցվածքը, աչքը կամ ակնագունդը ունի 3 թաղանթ. արտաքին (սպիտապատյան), միջին (անոթա-թաղանթ) և ներքին (ցանցաթաղանթ)։ Արտաքին թաղանթն աչքի առջևի մասում վերածվում է թափանցիկ եղջերաթաղանթի (եղջրենի)։ Միջին թաղանթը հարուստ է աչքը սնող արյունատար անոթներով։ Ակնագնդի առջևի մասում անոթաթաղանթը փոխարկվում է ծիածանաթաղանթի, որն ունի տարբեր գունավորում (դրանով է պայմանավորված աչքի գույնը)։

Ծիածանաթաղանթի կենտրոնում գտնվում է անցք՝ բիբը, որի տրամագիծը ծիածանաթաղանթի հատուկ մկանների շնորհիվ կարող է փոփոխվել (նեղանալ կամ լայնանալ) և կարգավորել աչք մտնող լույսի քանակը։ Պայծառ լույսի դեպքում սովորաբար բիբը նեղանում է, մթության մեջ՝ լայնանում։ Ծիածանաթաղանթի հետևում տեղավորված է ոսպնյակը, որը նուրբ կապանով միացած է հատուկ մկանի հետ։ Վերջինիս կծկումից ոսպնյակը հաստանում է, իսկ թուլացումից՝ տափակում, որը հնարավորություն է տալիս փոխել այդ բնական ոսպնյակի ուռուցիկությունը։ Այդ գործընթացը կոչվում է աչքի ակոմոդացիա։ Ոսպնյակի կորության փոփոխության շնորհիվ հնարավոր է պարզ տեսնել մոտն ու հեռուն։

Ցանցաթաղանթը կազմված է առավելապես լուսազգայուն անհավասար բջիջներից՝ ցուպիկներից և շշիկներից (անվանվում են ըստ ձևի), որոնցում լուսային էներգիան փոխարկվում է նյարդային դրդման, որը հաղորդվում է գլխուղեղ։ Ցանցաթաղանթի հետին բևեռում գտնվում է առավել պարզ (կենտրոնական) տեսողության հատվածը (դեղին բիծը), որտեղ կենտրոնացված են առավելապես շշիկները։ Ցանցաթաղանթի մնացած հատվածները, որտեղ գտնվում են գլխավորապես ցուպիկները, ապահովում են պակաս կատարյալ տեսողություն և օգնում են տարածության մեջ կողմնորոշվելուն։ Դեղին բիծն ախտահարվելիս մարդը զրկվում է կենտրոնական տեսողությունից, չի կարողանում կարդալ և տեսնել մանր առարկաները։

Ակնագնդի խոռոչում գտնվող եղջերաթաղանթը, ոսպնյակը և ապակենման մարմինը թափանցիկ, բեկող միջավայրեր են, որոնց շնորհիվ ցանցաթաղանթի վրա ստացվում է հստակ պատկեր։ Բեկող միջավայրերի օպտիկական հատկությունների խանգարումները պատճառ են դառնում աչքի տարաբեկության (աստիգմատիզմ), կարճատեսության, հեռատեսության առաջացման։ Տ-յան նշված արատները, ինչպես նաև կենտրոնական նյարդային համակարգի, աչքի որոշ հիվանդությունները կարող են նպաստել շլության զարգացմանը։ Ոսպնյակի առաձգականության փոփոխության հետ է կապված ծերունական հեռատեսությունը, իսկ երկու աչքով համատեղ և միաժամանակյա Տ–յան խանգարման հետ՝ երկաչյա Տ-յան կորուստը։

Բնականոն աչքը շրջապատի առարկաներն ընկալում է գունավոր պատկերմամբ։ Գույնի ընկալումը կապված է ցանցաթաղանթի շշիկների ֆունկցիայի հետ։ Ենթադրվում է, որ աչքում կան երեք տեսակ գունազգաց շշիկներ, որոնք տարբեր չափով են դրդվում կարմիր, կանաչ և կապույտ գույների ազդեցությունից։ Այդ երեք գույների տարբեր զուգակցությունները կազմում են մարդու աչքի գունային ընկալման բազմազան գամման։ Ցանցաթաղանթի բորբոքային հիվանդությունները, տեսողական նյարդի բորբոքային և ապաճման գործընթացները, ինչպես նաև ցանցաթաղանթի բնածին արատները պատճառ են դառնում լրիվ կամ մասնակի գունակուրության (տես Դալթոնիզմ):

Տ-յան հիգիենան. բնականոն Տ–յան պահպանման համար անհրաժեշտ են համապատասխան հիգիենիկ պայմաններ, որոնց բացակայության դեպքում առաջանում է աչքերի հոգնածություն, անհարմարության և լարվածության զգացում, աչքերի ցավ և տևական գլխացավեր։ Տ-յան հոգնածության հիմնական պատճառը (արհեստական լուսավորության դեպքում) անբավարար լուսավորվածությունն է կամ լույսի անհավասար բաշխումը աշխատատեղում, ինչպես նաև չափից ավելի պայծառ լույսը։ Որպեսզի էլեկտրական լամպի շիկացման լարերը չերևան, պետք է օգտագործել փայլատ կամ կաթնագույն լամպեր, լուսամփոփներ։ Լամպի հզորությունը պետք է լինի 40-60 Վտ։ Լավ լույս են տալիս լյումինեսցենտային լամպերը, որը մոտ է ցերեկայինին։ Աշխատանքի ժամանակ լամպը պետք է գտնվի ձախ կողմում։ Տանը աշխատասեղանը պետք է տեղադրել պատուհանի մոտ։ Պարապելիս մարմինը չպետք է առաջ թեքել կամ դեմքը մոտեցնել գրքին, տետրին։ Դա վերաբերում է առանձնապես երեխաներին։ Գրքի վրա չափից ավելի խոնարհվելը կարող է նպաստել ողնաշարի ծռումներին (տես Կեցվածք) և կարճատեսության առաջացմանը։ Աչքերի հեռավորությունը գրքից կամ տետրից պետք է լինի 35-40 սմ։ Գիրքը պետք է դնել ոչ թե հորիզոնական, այլ թեք դրությամբ, որի համար անհրաժեշտ է պատրաստել շատ հասարակ հենակալ, կամ գիրքը դնել 45° անկյան տակ՝ հենելով որևէ առարկայի։ Հենակալից օգտվելը հարմար է նաև երկարատև հիվանդության ժամանակ պառկած կարդալու համար։ Այդ դեպքում լուսավորությունը պետք է լինի բավարար, իսկ լամպը գտնվի հիվանդի գլխի հետևում։ Ընդհանրապես խորհուրդ չի տրվում (հատկապես երեխաներին) պառկած կարդալ, սակայն հիվանդ ժամանակ կարելի է միայն բժշկի թույլտվությամբ։ Տեսողական աշխատանքի յուրաքանչյուր 30-40 րոպեն մեկ հարկավոր է 10-ական րոպե ընդմիջում։ Հեռուստացույց դիտելիս խորհուրդ է տրվում 2,5 մ-ից մոտ չնստել, սենյակը պետք է չափավոր լուսավորված լինի։ Խորհուրդ չի տրվում կարդալ տրանսպորտում, քանի որ գրքի կամ թերթի անկայուն դրությունը և անբավարար լուսավորությունը դժվարացնում են կարդալը, որից աչքերն արագ հոգնում են։ Աչքերի հիվանդությունները և վնասվածքները. որոշ հիվանդություններ (օրինակ, շաղկապենաբորբը, տրախոման և այլն) վարակիչ են։ Վարակը կարող է փոխանցվել հաճախ ձեռքերի, անկողնու սպիտակեղենի, սրբիչի, թաշկինակի և այլ առարկաների միջոցով։ Ուստի Տ. և աչքերը տարբեր հիվանդություններից պաշտպանելու համար հարկավոր է պահպանել անձնական հիգիենայի կանոնները։ Երբեմն տարիքի հետ տեղի է ունենում ոսպնյակի մթագնում (կատարակտ)։ Աչքում պարունակվող հեղուկի բնականոն շրջանառության խանգարման դեպքում ներակնային ճնշումը կարող է բարձրանալ, և զարգանալ գլաուկոմա։ Հաճախ աչքերի ախտահարումը պայմանավորված է լինում ներքին օրգանների կամ համակարգերի որևէ հիվանդությամբ։ Աչքերի փոփոխությունները կարող են առաջանալ կենտրոնական, ծայրամասային նյարդային և սիրտանոթային համակարգերի, թունավորումների, նյութափոխանակության խանգարումների, ներզատիչ գեղձերի ախտահարումների դեպքում, ինչպես նաև աչքերին մոտ տեղադրված մյուս օրգաններում հիվանդագին պրոցեսի (մաշկի ծածկույթների, դեմքի և գլխի ոսկրերի, քթի հավելյալ խոռոչների հիվանդություններ) տարածման հետևանքով։ Ընդհանուր հիվանդությունների ժամանակին բուժումը օգնում է Տ-յան պահպանմանը։ Տ-յան խանգարման դեպքում անհրաժեշտ է դիմել ակնաբույժի, եթե նա նշանակի ակնոց, պետք է անպայման կրել, հակառակ դեպքում առաջանում են տևական գլխացավեր և աչքերի ցավ։ Դա կապված է աչքի արտաքին և ներքին մկանների մեծ լարվածության հետ։ Ժամանակին և ճիշտ ընտրած ակնոցը բնականոն պայման է ստեղծում տեսողական աշխատանքի համար։ Աչքերի հոգնածությունը իջեցնում է աշխատունակությունը. դա առանձնապես կարևոր է երեխաների համար։

Տ. ստուգելու համար հարկավոր է պարբերաբար դիմել բժշկի։ Սխալ ընտրված կամ ուրիշի ակնոց կրելը վատացնում է Տ.։ Ակնոցը պետք է այնպես դրվի, որպեսզի աչքերը նայեն ապակիների կենտրոնով, իսկ ապակիները գտնվեն երկու աչքերից ճիշտ և միևնույն հեռավորության վրա։ Ականջադիրները չպետք է ճնշեն քունքերը։ Ակնոցը հարկավոր է սրբել փափուկ կտորով և պահել հատուկ տուփի կամ պատյանի մեջ։

Արևի ճառագայթներից աչքերը պաշտպանելու համար (հատկապես ամռանը) խորհուրդ է տրվում կրել մուգ ապակիներով ակնոց։ Ուժեղ ինֆրակարմիր ճառագայթման պայմաններում աշխատող մարդիկ (ապակեգործներ, պողպատագործներ, տաք արտադրամասի բանվորներ) պետք է կրեն հատուկ պաշտպանական ակնոց (օրինակ, մուգ մոխրագույն)։

Հաճախ կենցաղում կամ աշխատանքում մարդիկ (առավել հաճախ երեխաները) ստանում են աչքի վնասվածքներ։ Երեխաների համար վտանգավոր են մանկական ատրճանակներով, նետերով, սուր առարկաներով խաղերը։ Մեկ աչքը վիրավորվելիս կարող է առաջանալ երկկողմանի կուրություն։ Շատ վտանգավոր են մետաղի, ապակու, քարի, ածխի մանր բեկորները։ Բարդություններից խուսափելու համար աչք ընկած յուրաքանչյուր օտար մարմին պետք է ժամանակին հեռացնել։ Եթե հնարավոր չէ դիմել ակնաբույժի, ապա կարելի է փորձել ինքնուրույն հանել օտար մարմինը՝ աչքը լվանալով մաքուր ջրով։ Վարակից խուսափելու համար չի կարելի կեղտոտ ձեռքերով կամ թաշկինակով տրորել աչքերը։ Արտադրության մեջ աչքի վնասվածքները հաճախ առաջանում են թթուներից, ալկալիներից, կրից և այլ նյութերից, իսկ գյուղական վայրերում՝ կտավատի, կանեփի կամ այլ բույսերի կոշտ կեղևից, չոր մնացորդներից։ Վնասվածքներից խուսափելու համար անհրաժեշտ է կրել պաշտպանական ակնոց և խստորեն պահպանել անվտանգության տեխնիկայի կանոնները։ Աչքերը վնասվելիս (այրվածք, վնասվածք, հարված և այլն) անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն (մինչ այդ աչքերի վրա դնել մաքուր, ախտահանած վիրակապ)։ Ալկալիներից կամ թթուներից առաջացած այրվածքների դեպքում անհրաժեշտ է աչքերը անհապաղ լվանալ առատ ջրով (ցանկալի է ծորակի ջրի շիթով)։