ՏԽԼԵՆԻ, տկողենի, պնդուկենի, կեչազգիների ընտանիքի տերևաթափ թփերի, հազվադեպ ծառերի ցեղ։ ՀՀ-ում Տ. սովորական և Արջատխլենի տեսակներն աճում են Տավուշի և Սյունիքի մարզերի անտառներում։ Մշակության մեջ տարածված են Աշտարակի և Ողջաբերդի սորտերը։ Տ. ծառ է կամ թուփ՝ 4-30 մ բարձրությամբ։ Բունը և կմախքային ճյուղերը հարթ են, մոխրագույն։ Տերևները խոշոր են, կլորավուն, թավոտ, մուգ կանաչ գույնի, ամբողջաեզր, կամ մանր ատամնավոր, հերթադիր։ Ծաղիկները բաժանասեռ են։ Առէջքային (արական) ծաղիկները երկար, գլանաձև կատվիկներ են, վարսանդայինը (իգական)՝ երկծաղիկ ծաղկաբույլ։ Պտուղը միասերմ ընկույզ է՝ ծածկված բաց կանաչ գույնի պտղաբաժակով։ Պտղի միջուկն օգտագործվում է թարմ վիճակում, հրուշակեղենի, քաղցրավենիների արտադրության մեջ։ Պտղի միջուկը պարունակում է ճարպեր (50-70%), սպիտակուցներ (15-20%), վիտամիններ։

Տ. ջերմասեր, խոնավասեր, ստվերասեր բույս է։ Բազմանում է սերմերով, մացառներով, անդալիսով։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, ծաղկում է վաղ գարնանը, ինքնափոշոտվող է։ Ապրում է մինչև 80 տարի։ Հողամասում պետք է տնկել ցանկապատի մոտ։ Բերքատվությունը 3 կգ 1 թփից։