ՏՏՀ/Տրադեսկանցիա
ՏՐԱԴԵՍԿԱՆՑԻԱ, բամբասանք, կոմելինազգիների ընտանիքի մշտադալար բազմամյա խոտաբույս։ Հայրենիքը Ամերիկան է։ Մշակվում են մի քանի տեսակ և տարատեսակ (սպիտակածաղիկ, կանաչատերև ևն)՝ խոնարհվող կամ ուղղաձիգ ցողուններով, կանաչ կամ խայտաբղետ տերևներով (ձվաձևից մինչև գծային նշտարաձև)։ Խոնարհվող ցողուններով Տ. և կոմելինազգիներին մոտ ցեղակիցները (զեբրինա ևն) աճեցվում են որպես կանթեղային բույսեր: Տ. լավ է աճում ինչպես տաք, այնպես էլ զով սենյակում։ Խայտաբղետ տերևներով Տ. ցանկալի է դնել սենյակի ամենալուսավոր տեղում։ Ամռանը պետք է առատ ջրել, ձմռանը՝ չափավոր։ Բազմացվում է կտրոններով, գարնանից մինչև աշուն. մի քանի կտրոն տնկում են փոքրիկ թաղարներում։ Հողախառնուրդը պատրաստում են հումուսից և տերևահողից։ Որպեսզի կտրոնները շուտ արմատակալեն, դրանք պետք է ծածկել թասակով կամ թղթով ստվերել։ Հետագայում բույսը տեղափոխելու կարիք չկա։