Քութեշ
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 345
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ՔՈՒԹԵՇ, սկարլատինա, սուր վարակիչ հիվանդություն, հարուցիչը որոշակի տեսակի ստրեպտոկոկն է (ըստ այլ տեսության՝ վիրոտը)։ Հիվանդանում են հիմնականում 2-8 տարեկան երեխաները։ Վարակի աղբյուրը հիվանդն է (այդ թվում հիվանդության ոչ արտահայտված ձևերի դեպքում, որի պատճառով հաճախ չի ախտորոշվում), որը վարակիչ է հիվանդության ամբողջ ընթացքում և ապաքինվելուց որոշ ժամանակ անց, ինչպես նաև առողջ վարակակիրը (տես Բակտերիակրություն)։ Հիվանդությունը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, երրորդ անձանց և առարկաների միջոցով։ Գաղտնի շրջանը 1-12 (առավել հաճախ 2-7) օր է։

Հիվանդությունը, որպես կանոն, սկսվում է սուր ձևով. մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38,5-39,5 °C, նկատվում է փսխում, գլխացավ, տկարություն, բկանցքի, մոտակա ավշային հանգույցների բորբոքում։ Բարձր ջերմաստիճանը պահպանվում է 3 օր, որից հետո դառնում է բնականոն։ 1-ին օրվա վերջին և 2-րդ օրվա սկզբին մարմնի վրա առաջանում է մանր, կարմիր, կետավոր ցան, նկատվում է քոր։ Ցանի անհետացումից հետո մաշկը սկսում է թեփոտվել։ 3-րդ շաբաթվա վերջին, 4-րդի սկզբին կարող են առաջանալ բարդություններ՝ սրտի, երիկամների, ավշային հանգույցների, ականջի, հոդերի և այլ օրգանների ախտահարումներ։ Վերջիններս հաճախ դիտվում են հիվանդության բոլոր ախտանշանների անհետացումից (նույնիսկ հիվանդանոցից դուրս գրվելուց) հետո, ուստի անհրաժեշտ է ուշադիր հետևել հիվանդ երեխայի առողջական վիճակին։

Եթե հիվանդը չի հոսպիտալացվել, ապա տանը պետք է ճշգրտորեն կատարել բժշկի նշանակած բուժումը։ Կարևոր է ճիշտ խնամքը, մաքուր օդը, մաշկի շփումները, առատ հեղուկներ խմելը։ Ավագ տարիքի երեխաները բերանի խոռոչը պիտի ողողեն սոդայի 2 %-անոց կամ կալիումի գերմանգանատի թույլ վարդագույն լուծույթով։ Հիվանդության սկզբնական շրջանում խորհուրդ է տրվում օգտագործել հեղուկ կամ կիսահեղուկ սնունդ՝ թեյ, կաթ, մածուն, բանջարեղենի ապուրներ, շիլաներ, խյուսեր, կիսելներ, կոմպոտներ, բանջարեղենի և մրգի հյութեր, սպիտակ հաց։ Հիվանդին հարկավոր է անհապաղ մեկուսացնել (հիվանդության սկսվելուց մինչև 10 օր) առողջ երեխաներից, նրա մոտ մտնել միայն թանզիֆե դիմակով և խալաթով։ Երեխայի սենյակը օրը երկու անգամ պետք է մաքրել, խոնավ շորով սրբել կահույքը և բոլոր առարկաները, հատակը լվանալիս ջրին ավելացնել քլորամին (5 լ ջրին՝ 2,5 գ)։ Հիվանդ երեխայի հետ շփվելուց հետո անհրաժեշտ է ձեռքերը լվանալ օճառով կամ ախտահանիչ լուծույթով (տես Վարակազերծիչ միջոցներ): Ք-ով հիվանդացած երեխան առողջանալուց (հիվանդանոցից դուրս գրվելուց) հետո 12 օր չպիտի շփվի առողջ երեխաների հետ, հաճախի նախադպրոցական մանկական հիմնարկներ և 1-2-րդ դասարաններ։ Նույն սահմանափակումները տարածվում են նաև հիվանդի հետ շփված չհիվանդացած երեխաների վրա (հոսպիտալացումից 7 օր և չհոսպիտալացումից 17 օր հետո)։ Տես նաև Մանկական վարակիչ հիվանդություններ, Հակահամաճարակային միջոցառումներ։