ՏՏՀ/Քուֆթա
ՔՈՒՖԹԱ, քուֆտա, կերակրատեսակ ծեծած մսով։ Տավարի փափուկ (առանց ջլերի) թարմ (տաք) մսին աղ են ցանում, սալ քարի վրա փայտե թակիչով լավ ծեծում մինչև սպիտակելը (վաճառվում է նաև պատրաստի ծեծած միս)։ Ծեծած մսին ավելացնում են ձու, կաթ կամ ջուր, կոնյակ կամ օղի, մանր կտրտած սոխ, ալյուր և ձեռքով լավ ծփում մինչև միատարր զանգված դառնալը։ Մեծ (լայն) կաթսայով ջուրը տաքացնում են մինչև կաթսայի պատերին պղպջակներ հայտնվելը։ Թաց ձեռքով միս լցնում են թաց սալաթամանի կամ թեյի խոր պնակի մեջ, թաց ձեռքով մսի երեսը կոկում, գնդում և զգուշորեն իջեցնում ջրի մեջ (գնդերը չպետք է իրար կպչեն)։ Կաթսան ծածկում են կափարիչով։ Նախքան եռալը քաշում են քափը։ Եռալուց 40 րոպե հետո ստուգում են եփված լինելը. եփված Ք-ի մեջտեղը պետք է սպիտակ լինի։ Առանձին մատուցում են յուղ կամ կարագ։
1 կգ ծեծած մսին՝ 1 ձու, 1/4 բաժակ կաթ կամ ջուր, 1 ճաշի գդալ կոնյակ կամ օղի, 1 գլուխ սոխ, 1 ճաշի գդալ ալյուր։
Ք. Զանգեզուրի. ծեծած մսին ավելացնում են ձու, մանր կտրտած գլուխ սոխ և լավ ծփում մինչև մսի ծորալը։ Ավելացնում են պղպեղ, մանր կտրտած կանաչի, կոնյակ կամ օղի և կրկին լավ ծփում։ 20 րոպե թողնում են, որ զանգվածը հանգստանա։ Այնուհետև վերջինիս մեջ տեղավորում են մաքրած (փորոտիքը հանած, տեղը՝ եփած և կճպած ձու դրած) և վրան յուղ քսած ճուտ։ Եփում են մինչև գնդերի ջրի երես բարձրանալը։
1 կգ ծեծած մսին՝ 1 գլուխ սոխ, 1/2 բաժակ յուղ, 1 թեյի գդալ կարմիր պղպեղ, 1 ճաշի գդալ կոնյակ կամ օղի, կանաչին (դաղձ)՝ ըստ ճաշակի, 2 ճուտ, 2 ձու։
Ք. Նոր Բայազետի. ծեծած մսին ավելացնում են քիչ սառը ջուր, մեծ գդալով (ցանկալի է փայտե) լավ հարում, ավելացնում մանր կտրտած գլուխ սոխ, ձու, կանաչի, կաթ, քիչ ջուր և կրկին լավ հարում։ Զանգվածը գդալով լցնում են եռացող ջրի մեջ և եփում մինչև գնդերի ջրի երես բարձրանալը։ Գնդերը հանելուց հետո արգանակի մեջ լցնում են հաճարի ձավար և եփում քաշովի (մատուցում են առանձին կանաչիով զարդարած)։
Մատուցելիս պատրաստի Ք-ի վրա յուղ են լցնում։
1 կգ մսին՝ 1 բաժակ կաթ, 2 ճաշի գդալ յուղ, 2 թեյի գդալ ալյուր, 1 ձու, 1 գլուխ սոխ. կանաչին՝ ըստ ճաշակի։