Քրտնախաշ
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 345
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ՔՐՏՆԱԽԱՇ, մաշկի ախտահարում, զարգանում է քրտնարտադրության ուժեղացման և քրտինքի գոլորշիացման դանդաղման հետևանքով։ Հաճախ առաջանում է շոգ եղանակին կրծքի և կրտսեր տարիքի երեխաներին չափից ավելի փաթաթելիս, տաք հագցնելիս։ Մեծահասակների Ք. կարող է առաջանալ տենդով և առատ քրտնարտադրությամբ ուղեկցվող սուր վարակիչ հիվանդությունների ժամանակ, տաք կոմպրեսներից։ Ք. բնորոշ է նաև գեր անձանց։

Ք-ի դեպքում մաշկի փակ հատվածներում, հաճախ մաշկածալքերում (աճուկաազդրային, ենթակաթնագեղձային, անութային), ինչպես նաև թիկունքի, նստատեղի, պարանոցի մաշկի վրա գոյանում են թափանցիկ պարունակությամբ մանր բշտիկներ։ Ք-ից կարող են առաջանալ նաև մաշկի թարախաբշտիկային հիվանդություններ։

Ք. բուժում են բժշկի նշանակմամբ։ Խորհուրդ է տրվում օդային լոգանքներ, սենյակի հաճախակի օդափոխություն, օգտակար են կալիումի գերմանգանատի թույլ լուծույթով (բաց վարդագույն), կաղնու արմատով լոգանքները։ Լոգանքից հետո հարկավոր է մաշկածալքերին քսել տալկի և ցինկի օքսիդի ցանափոշի, արևածաղկի եռացրած սառը յուղ։ Մաշկը կարելի է սրբել նաև սալիցիլային սպիրտի 1 %-անոց լուծույթով, օղիով (երեխաներին՝ կեսը եռացրած ջուր) կամ վաղենակի լուծույթով (1 ճաշի գդալ՝ 1 բաժակ ջրին)։ Ք-ի ժամանակ խորհուրդ չի տրվում կրել սինթետիկ հագուստ։ Տարվա շոգ եղանակին նպատակահարմար է օգտագործել բամբակե գործվածք։ Փոքրերին չի կարելի չափից ավելի տաք հագցնել, պինդ բարուրել։

Ք. կանխարգելելու համար հարկավոր է խուսափել օրգանիզմի գերտաքացումից, մանրակրկիտ խնամել երկարատև անկողնային հիվանդի մաշկը, հաճախակի փոխել սպիտակեղենը, մաշկը սրբել սալիցիլային և բորային սպիրտի 1-2 %-անոց լուծույթով կամ սպիրտային լոսյոններով։