Օճառ
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 347
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ՕՃԱՌ, Օ-ի արտադրության հիմնական հումքը կենդանական և բուսական ճարպերն են, սինթետիկ ճարպաթթուները, կծու ալկալիները ևն։ Ըստ կիրառության նպատակի տարբերում են լվացքի, ձեռքի և հատուկ (օրինակ, բուժական) Օ-ներ, ըստ թանձրության՝ պինդ, հեղուկ և փոշենման (օճառափոշի)։

Լվացքի Օ. (պինդ, չորացրած) արտադրվում է 70-72 % ճարպաթթուների պարունակությամբ։ Այն պատրաստվում է ձիթաճարպերի (պինդ ճարպ, որն ստացվում է արևածաղկի, բամբակի, սոյայի և այլ ջրածնավորած ձեթերից), սինթետիկ ճարպաթթուների, հեղուկ բուսական ձեթերի, բևեկնախեժի ճարպախառնուրդից։ Օ-ի լուծույթում պարունակվում է ոչ մեծ քանակության ազատ կծու ալկալի, որը քայքայում է բրդե և մետաքսե լվացվող իրերի թելքերը (արհեստական և բնական), ուստի, բրդե և մետաքսե գործվածքները հարկավոր է լվանալ սինթետիկ լվացամիջոցներով: Խորհուրդ չի տրվում լվացքի Օ. օգտագործել ձեռքերը, մարմինը և գլուխը լվանալու համար։

Ձեռքի Օ. (պինդ) արտադրվում է 74-78 % ճարպաթթուների պարունակությամբ բարձր որակի ճարպերից (տավարի և խոզի, կոկոսի յուղ, ձիթաճարպ) և սինթետիկ ճարպաթթուներից՝ բուրավետ նյութերի, ներկանյութերի և այլ հավելանյութերի ներմուծմամբ։ Ձեռքի Օ-ի ջրային լուծույթին հատուկ է ալկալիական ռեակցիան։ Լվացվելու ժամանակ այն ճարպազերծում է և գրգռում զգայուն մաշկը, այդ պատճառով էլ նրա որոշ տեսակներին ավելացնում են ճարպայնացնող տարրեր (լանոլին, ջրաքիսի ճարպ, սնուցող մաշկաքսուք ևն), որոնք մաշկը պաշտպանում են ճարպազերծումից և գրգռումից։

Մանկական Օ-ներին լանոլինից բացի ավելացնում են բորաթթու, որը նույնպես պաշտպանում է մաշկը գրգռումից։ Ձեռքի պինդ Օ-ի տարատեսակներից են բուժիչ և վարակազերծիչ հատկություններով օժտված հատուկ Օ-ները։ Սուլսենի Օ. (պարունակում է ծծմբային սելեն՝ սուլսեն) կիրառում են սեբոռեայի բուժման համար (միայն բժշկի նշանակմամբ)։ Կպրօճառը կիրառվում է զանազան մաշկային հիվանդություններ (սեբոռեա, էկզեմա ևն) բուժելու համար։ Կարբոլաթթու պարունակող Օ. կիրառվում է որպես վարակազերծիչ և հոտազերծիչ լվացամիջոց։

Մազերի խնամքի համար թողարկվում է «Գայանե» օճառը, որի մեջ ավելացվում է հինա։

Ձեռքի հեղուկ Օ. պատրաստելու համար օգտագործվում են արևածաղկի, գինձի և կոկոսի յուղ, կծու կալիում, ջուր, սպիրտ, գլիցերին և բուրավետ նյութեր։

Փոշենման Օ. չորացրած օճառային հիմք է՝ երկածխաթթվական սոդայով (տնտեսական նպատակների, լվացքի համար) և օսլայով (սափրվելու համար)։