Տաղ սիրոյ (Լուսնի նման պայծառ երես բոլորած)

Տաղ սիրոյ
ի Նաղաշ Յովնաթանէ ասացեալ բան
Ըստ ՀՍՍՀ ԳԱ հրատարակության (1951)

Լուսնի նման պայծառ երես բոլորած,
Ես մնացի կարօտ՝ համբուրից համար․
Վարսերդ ոսկի թելի նման ոլորած,
Ես մնացի կարօտ՝ ետ տալոյ համար։

Ունքերդ կապել է կամար կրակով,
Աչքերդ վառել է պայծառ ճրագով,
Ափսոս, որ ծածկել ես բարակ լաչակով․
Ես մնացի կարօտ՝ տեսնելոյ համար։

Ծոցիդ շամամներն խիստ է նորահաս,
Վախեմ՝ թէ թառամի, շատ մի կենար պաս,
Թէ ինձ նշանց չտաս՝ ընկնե՛ս պատուհաս․
Ես մնացի կարօտ՝ ձեռք տալոյ համար։

Մէջքդ նազլու բարակ, աղէկ լաւ պադան,
Վախեմ՝ թէ գիրկ ածէ նաշի մարդ նադան,
Քեամար էլ էս կապել տունդ աւադան․
Ես մնացի կարօտ՝ գրկելոյ համար։

Բերանդ՝ կարմիր գինի, լեզուդ՝ համեղ նուշ,
Դու մինակ կու խմես ու կ'անէս անուշ,
Նաղաշն թողել ես ծարաւ ու բէուշ.
Ես մնացի կարօտ՝ խմելոյ համար։