Տաղ սիրոյ (Նման էս դու կարմիր վարդի)

Տաղ սիրոյ
Նաղաշ Յովնաթանէ ասացեալ
Ըստ ՀՍՍՀ ԳԱ հրատարակության (1951)

Նման էս դու կարմիր վարդի
Ատամներըդ՝ շար մարգարտի,
Սիրտն էրել էս շատ մարդի:
Բոլո՛ր սուրաթ,
Ինձ արիր մաթ,
Այ բէմուրվաթ։

Ալ ըռանգ թուղթ գիր կու ղրկէս,
Կասէս․ «Բարով որդիդ կարգէս,
Չլնի՝ ինձ մոռանաս, թարգէս»։
Քեզ ո՞նց թողնիմ,
Ո՞նց հեռանամ,
Ո՞նց մոռանամ։

Ղէղաջ աչքով մտիկ անէս,
Ծիծաղելով հոգոց հանէս,
Ունքերովդ ինձ կու սպանէս։
Ջիկարս արիր
Փարայ-փարայ,
Սիրտս է եարայ։

Այսօր ամէն բան դարդս բանամ,
Կացիր բարով, ես կու գնամ,
Վախեմ՝ մեռնիմ, կարօտ մնամ։
Քեզ ղուրպան եմ,
Խիստ տխուր եմ,
Ե՛կ՝ համբուրեմ։

Շամամներիդ համար դառն եմ,
Թող, որ ձեռս մէջն խառնեմ,
Ինձ ծախեմ՝ էդ բախչէդ առնեմ։
Զալում, թո՛ղ՝ ես
Եմիշ քաղեմ,
Մէկ ծիծաղեմ։

Է՞ր էս կարմիր երեսդ ծածկում,
Չարսաւդ վերադ հաւաքում,
Նաղաշին սիրտն ես տապակում։
Ես բէչարայ,
Կանչեմ հարա՜յ,
Ըռա՛հմ արայ։