Տաճկահայերի օրհաս
Գիտո՛ւն, թո՛ղ գիրքը, ժամ չէ կարդալու,
Գեղջուկ, դու էլ թո՛ղ եզներն ու գութան,
Տեր-հայր, դադարե՛ մեռել թաղելու,
Երկունքի մեջ է մայր մեր Հայաստան․․․
Երկունքի մեջ է Հայաստան աշխարհ,
Մեզ պիտի շնորհե մի նոր գոյություն,
Փափաքով սպասած ամենեն շատ դար`
Հայոց աշխարհի սուրբ ազատություն։
Մոռանանք պահ մի հին հաշիվները,
Թողնենք առօրյա անձնական շահը,
Հանե՛նք սըրտերես մեր պիղծ կըրքերը,
Հանե՛նք սըրտերես ըստըրկի ահը։
Քրիստոնյա ենք մենք և սերունդ Հայկի,
Այսքան բա՜վ է։ Է՛լ լուսավորչական,
Կամ պապադավան[1] և կամ լոթրանգի[2]
Ազգը չի բաժնենք` ի սեր հայության։
Ծանըր երկունքի մեջ է Հայաստան,
Տա՛նք թեթևություն նորա ցավերին,
Նորա ծընելու գեղեցիկ մանկան,
Թույլ չըտանք խեղդել թըշնամիներին։
Նորածնի առջև բանանք մեր գանձը․
Հարուստը` ոսկի, ուժը` պատանին,
Հարսը` յուր փեսան, քաջը` յուր անձը,
Կոնդակի շանթեր` սուրբ Էջմիածին։
Աստված մեզ խըղճաց վերջին այս նվագը,
Բացեց մեր պառավ մոր ամուլ արգանդ,
Թե հայը մարդ է` կազատվի ազգը,
Թե չէ՛, Հայաստան կըլնի քարքանդ։