Տանտիրոջս աղջիկը

1

Ես հայ ուսուցիչ եմ։

Կարծեմ սրանով շատ բան ասացի,— ասացի այն ամենը, ինչ որ հազար անգամ գրված է մեր լրագրերում հայ ուսուցչի մարտիրոսագրության մասին։

Մի չոր գլուխ էի։ Ներսիսյանի և ճեմարանի ավարտական վկայականները ծոցիս, ամբողջ հինգ տարի թափառեցի գավառները, մի տարի էլ պաշտոնավարեցի Պարսկաստանում և, մի քանի հարյուրներ թողնելով այս ու այն հոգաբարձության ձեռքին, վերջապես կարողացա ոտս Թիֆլիս գցել,— մի բան, որ վաղուցվա տենչանքս էր։

Այն ժամանակ արդեն մոտ երեսուն տարեկան էի։

Օգոստոսի վերջն էր, ուսումնական տարվա սկզբի եռուզեռի օրերը։ Առայժմ գլխավոր հոգսս այն էր, որ մի հարմար բնակարան գտնեի։ Ընդունելության քննություններից հետո թրև էի գալիս այս ու այն փողոցը, աչքս տնկած տների դռներին ու պատուհաններին, որ գտնեմ վարձու սենյակ տալը հայտարարող թղթի փոքրիկ կտորներ։ Ուզում էի, որ բնակարանս մոտիկ լիներ ուսումնարանից, խաղաղ տեղ լիներ և թեյ ու ճաշ տային։ Բայց հակառակի պես եկա բռնեցի այնպիսի մի սենյակ, որ համ հեռու էր ուսումնարանից, համ սարսափելի աղմկալի տեղ (բակը լիքն էր երեխաներով), համ էլ ոչ թեյ և ոչ ճաշ խոստացան։ Բավականացան միայն հարկավոր «կահավորանքով»։ Այդ կահավորանքն էլ ինչ էր — փայտոջիլներով լի մի կուշետկա, որի ոտները ծռմռվել և շարժվում էին տեղահան եղած փտած ատամների պես, մի սեղան, որի երեսի տախտակները տեղ-տեղ այրվել, սևացել և փոս էին ընկել, ըստ երևույթին, ծակ սամովարից թափված կրակներից, և երեք հատ վիեննական աթոռ, որոնցից մեկի ծղոտից գործած նստատեղն այնքան թուլացել և փոս էր ընկել, որ նստելիս կարծում էի, թե «գարշոկի» վրա եմ նստում։ Չմոռանամ գլխավորն էլ հիշել.— սենյակիս վարձն այնքան թանկ էր, որ հետո, երբ արդեն ուշ էր, տեսա, որ բոլորովին չի բռնում բյուջեիս։ Մտածեցի առաջին ամիսը յոլա տանեմ, իսկ հետո երևի ավելի հարմար և ձեռնտու պայմաններով սենյակ կարող էի ճարել։ Մասամբ գոհ էի, որ ազատվել էի հյուրանոցում քաղաքավարի կողոպտվելուց։

Տանտերս հայ էր — թիֆլիսեցի հայ։ Թիֆլիսեցի հայ ասելով ուզում եմ ասել Թիֆլիսում ծնված ու սնված այն հայի տիպարը, որին,— օրինակի համար եմ ասում,— եթե Ամերիկայում անգամ հարցնեին, թե որտեղացի է, կասեր՝ «քաղքցի», միանգամայն համոզված լինելով, որ ամերիկացին «քաղքցի» բառը «թիֆլիսեցի» կհասկանար։ Չար լեզուները պատմում էին, որ բազազ Սերգոն կամ,— ինչպես անվանում էին նրան ոմանք,— Սերգեյ Ավետիչը մեկ թե երկու անգամ «կուտր էր ընկել» (սնանկացել), բայց և այնպես (թե՞ հենց այդ պատճառով) բավական լավ էր ապրում կնոջ անվանը փոխադրած իր տան մեջ, որը լիքն էր կենողներով։

Կարճահասակ, տռուզ մարդ էր, ծայրերը սանրի տակ կարճ խուզած բեխերով և խիստ կանոնավոր կլորիկ գլխով, որի վրա մազերը, չնայելով հազիվ հիսուն տարիքին, բոլորովին սպիտակել էին։ «Քաղքցու» կապա էր հագնում երկար թևերով, որոնցից ձախը միշտ ծափ էր տալիս ծնկանը, իսկ աջը հանգչում էր ուսի վրա։ Սև ատլասի արխալուղի վրա աչքի էին ընկնում ոսկեզօծ արծաթյա նեղ գոտին և ծոցի գրպանի մեջ հանգչող ոսկի հաստ շղթան, որը սկսվում էր կզատակից և գոտուց էլ ներքև էր իջնում։

Այդ պարոնն առհասարակ աղա մարդու տպավորություն էր թողնում ինձ վրա թե՛ այն պատճառով, որ հագուստը շատ էր սազում, և թե նրա համար, որ մարդկանց հետ վարվել գիտեր և հարգանք ազգող դիրքի մեջ էր պահում իրեն։ Առավոտներն առանց «բարի լուս» և երեկոներն առանց «բարիգուն» ասելու չէր անցնում մոտովս, եթե հանդիպում էինք իրար։ Երբեմն էլ, երեկոները, հրավիրում էր ինձ պատշգամբում միասին թեյ «անուշ անելու» և նարդի գցելու կամ «աշխարքի բաներից» մասլահաթ անելու։ Շատ էր սիրում խոսել քաղաքականությունից և երբեմն ինձ զարմացնում էր նրա անսխալ ծանոթությունը քաղաքական անցքերին և անձերին։ Լեզուն Թիֆլիսի բարբառն էր, բայց ոչ զուտ Թիֆլիսի բարբառը, որն արդեն մեռնելու վրա է, այլ խառն գրական բազմաթիվ բառերով,— հետևանք՝ մեր մտավոր-հասարակական կյանքի մեջ վերջին քսանամյակում կատարված զգալի փոփոխության։ Բայց և այնպես &Թիֆլիսի բարբառին հատուկ արտասանությունը գրական բառերն էլ ներկել էր իր որոշ գույնով։ Դեռևս այն ժամանակ, երբ Ներսիսյան դպրոցում որդեգիր աշակերտ էի, ճանաչում էի վանքի ավագ եկեղեցու թիֆլիսեցի մի զառամյալ ավագերեցի, որը ժամասացությունը Թիֆլիսի բարբառով էր կատարում։

Ընտանիքի մեջ գործածական լեզուն վրացերենն էր,— թիֆլիսցի հայոց յուրահատուկ վրացերենը՝ աղճատված և ամեն ազգի բառերով խճողված։ Պատճառն անշուշտ կինն էր, որը վիրախոս էր։

Որքան տանտերս ակամա հարգանք էր ազդում ինձ իր ծանրաբարո և լրջամիտ բնավորությամբ, այնքան նրա կինը հենց սկզբից վանող տպավորություն գործեց ինձ վրա։ Անհամակրելի կին էր, կռվարար և թունդ էլ անեծքներ գիտեր։ Իզուր չէր, որ նրան գիժ-Կեկել էին անվանում ետևից։ Համարյա օր չէր պատահում, որ նա վերևից, իրենց պատշգամբից դեպի բակը խոնարհված, ամբողջ ժամերով չկռվեր այնտեղ, ներքևում ապրող կենող կանանց հետ և անեծքակոխ չաներ նրանց երեխաներին, որոնք խաղալիս ըստ երեխայական սովորության մի որևէ բան քանդում, փչացնում էին. ներքևից, իհարկե, անպատասխան չէին թողնում նրան, և ահա ամբողջ բակը սկսում էր զրնգալ կանանց ձայների այնպիսի մի երաժշտությամբ, որ ես ստիպված էի լինում դուռս ու պատուհանս փակել կամ թե պարզապես փախչել տանից՝ պարապմունքս կիսատ թողած։ Վախենում էի միջամտել, որովհետև գիժ-Կեկելն այդպիսի դեպքերում այն աստիճան գազազած էր լինում, որ ոչ միայն չէր լսի ինձ, այլև կարող էր վիրավորանք հասցնել միջամտությանս համար։ Իսկ ինձ ջղերը քայքայող հինգ-վեց ժամվա դպրոցական աշխատանքից հետո հանգիստ էր պետք։ Ուստի, համբերությունս որ հատավ, վճռեցի էլ չսպասեմ ամիսը վերջանալուն և գնամ ուրիշ մի խաղաղ տեղ բնակարան փնտրեմ ինձ համար։

Բայց...

2

Սեպտեմբերի վերջերին, երբ դեռ ժամանակ չէի գտել որոշումս իրագործելու, մի հիանալի երեկո տանտերս հրավիրել էր ինձ իր հետ թեյ «անուշ անելու»։ Դեպի բակը նայող պատշգամբում նստած, նոր էինք վերջացրել թեյը և շարունակում էինք մեր սովորական մասլահաթը քաղաքականությունից, մեկ էլ տեսնեմ տանտիրոջս երեխաները գլխապատառ ներս վազեցին բակը, ներքևից դիմելով հորը՝ ինչ֊որ ծվծվոց բարձրացրին ու նորի՛ց դուրս թռան փողոց։

Նույն րոպեին փողոցում կանգ առավ մի կառք և քիչ հետո բակի դռնից արագ ներս մտավ մի օրիորդ, ձեռքին ինչ-որ թղթի արկղեր, և սկսեց վերև վազել պատշգամբի սանդուխքով, նրա փեշերից բռնել և նրա հետ վազում էին երեխաները նույն ուրախական ճիչ ու ծղրտոցով։ Նրա ետևից բակը մտավ մի երիտասարդ՝ ամեն մի ձեռքին մի-մի ճամպրուկ։

Այդ միջոցին տանից դուրս վազեց տանտիրոջս կինը կավիքները ծափ տալով ծնոտներին և ամուսնու հետ ընդառաջ գնաց նորեկներին։ Բարևներ, համբույրներ, երեխանց ականջ խլացնող ուրախական ծղրտոց, վազվզող — մի խոսքով մի կատարյալ Սոդոմ-Գոմոր։ Տանտերս ուրախությունից, ըստ երևույթին, մոռացավ ինձ, իսկ նորեկները բավականացան միայն մի թռուցիկ հարցական հայացք ձգելով ինձ վրա, իբրև օտար և անծանոթ մի անձի վրա, որին նոր էին տեսնում իրենց տանը։ Ընտանեկան ուրախության այդ ժխորի մեջ փասափուսես հավաքեցի և քաշվեցի սենյակս, որը տանտիրոջս բնակարանին կից ամենավերջին սենյակն էր, պատշգամբի ծայրին, այնտեղ՝ ուր բարձրանում էր սանդուխքը։

Նորեկներից երիտասարդը, ինչպես հետո իմացա, տանտիրոջս մեծ տղան էր, իսկ օրիորդը — աղջիկը։ Այդ ամառ նրանք Կովկասյան հանքային ջրերն էին եղել գնացած և այդ երեկո այնտեղից էին վերադառնում։

Տանտիրոջս այդ մեծ տղան, չնայելով իր դեռևս շատ ջահել հասակին (հազիվ 23—24 տարեկան), արդեն ավարտել էր բժշկական ֆակուլտետը և եկել էր տանը պատրաստվելու պետական քննությունների համար։ Նիհար տղա էր, դեղնավուն, հիվանդոտ դեմքով և խոհուն, իր տարիքին անհամապատասխան լուրջ հայացքով, հանգիստ շարժումներով, բայց՝ ըստ երևույթին, բավական ջղային և հանկարծ բորբոքվող, որի մասին վկայում էր նրա երբեմն-երբեմն ցնցվող գլուխը։

Ընդհակառակն, նրա քույրը տեղն ու տեղը կրակ էր— կրակ շարժումների մեջ, կրակ քայլվածքի մեջ, կրակ խոսակցության մեջ։ Ուրախ ժամանակ ծիծաղում էր անդադար, ծիծաղում սրտանց, հազը բռնելու չափ, իսկ լուրջ ժամանակ ժպիտը անպակաս էր նրա դեմքից, մի ժպիտ, որը հիանալի մատնեհարներ էր գոյացնում նրա թշերի վրա։ Սիրում էի սենյակից ականջ դնել նրա թրթռուն, վարակիչ ծիծաղի ելևէջներին, նրա կրծքային ձայնին։ Տասնյոթ կամ տասնութ տարեկան էր, միջակից մի քիչ բարձր հասակով, փոքր-ինչ անկանոն կազմվածքով և, ըստ երևույթին, միանգամայն անտարբեր դեպի կանացի արդուզարդն ու պճնանքը։ Արևելյան գեղեցկության մի ուրույն տիպար էր պինդ դեղձի նման թուխ ու թավուտ դեմքով և վերին շրթունքի վրա փայլուն սև աղվամազով։ Զարմանալի սև ու փայլուն էին մազերը և այնքան առատ ու երկայն, որ երբ հյուսում էր մի գիսակի մեջ, գիսակի ծայրը համարյա մինչև կրունկներն էր հասնում։ Մի տարի էր, որ ավարտել էր գիմնազիոնի հինգերորդ դասարանը և, ինչպես իմացա, մայրն այլևս չէր թողել, որ շարունակի ուսումը, ասելով, որ աղջկան այդքան էլ բավական է և այժմ պետք է «մարդու գնալ»։ Գործածական լեզուն եղբոր հետ ռուսերենն էր, իսկ ծնողների և երեխաների հետ— վրացերենը։ Ուզում էի, որ անունը, կրակոտ աչքերի համար, Հրաչյա լիներ, բայց բանից դուրս եկավ, որ Քալի էր (վրացերեն քալի նշանակում է աղջիկ)։ Տան մեջ այդ անունն աշխատում էին ամեն կերպ նվազական ու բարեհնչյուն դարձնել։ Քալին դառնում էր մերթ Քալո, մերթ Քալինկա, մերթ Քալյա, բայց և այնպես ես այդ բարեփոխած անուններից էլ ոչ մեկի հետ չէի հաշտվում և շարունակում էի մտքումս նրան Հրաչյա անվանել։

Ի դեպ, երևելի էր տանտիրոջս բժշկացու տղայի անունը. քույրը նրան կոչում էր Սաշա, մայրը — Ալեքսանդր, հայրը — Սանդրո, մի պառավ կին, որ երևի «մամիդա», կամ «դիդիդեդա», կամ «դեդիդա» կլիներ և որը ամիսը մի քանի անգամ հյուր էր գալիս նրանց տուն, Ալեքսի էր անվանում, իսկ հաճախ նրանց այցելող իր ուսանող ընկերներից մեկն էլ Ալյոշա էր կոչում։

Քալին իսկական «տանու աղջիկ» էր, ինչպես ասում են թիֆլիսցիք. առավոտից մինչև երեկո նրա ձեռքերն ու ոտները հանգիստ չէին. ավլում էր, թափ տալիս, կարում, լվանում, արդուկում, պահում մոր ծծկեր երեխային (տանտերս, չնայելով իր մոտ հիսուն տարիքին, այդպիսին էլ ուներ) և այդ բոլորը հարատև ծիծաղով ու աղմուկով։ Իսկ երբ այդ գործերից ազատ էր լինում, նրան տեսնում էի բակի կենողներից սրա կամ նրա դռանը եռանդով զրույց անելիս կամ իր բազմաթիվ ընկերուհիների հետ, որոնք գրեթե ամեն օր այցելում էին նրան և, ինչպես երևում էր, շատ էին սիրում։ Հասկանում էի, թե նրա ինչն էր գրավում ամենքին. գրավում էր, ամենից առաջ, նրա մշտածիծաղ, վերին աստիճանի համակրելի դեմքը, նրա ուրախ բնավորությունը, բաց, բարի սիրտը, անհանգիստ շատախոսությունը և, մանավանդ, պարզությունը, որ շատ անգամ ուղղակի երեխայական միամտության էր հասնում։ Զարմանում էի, թե մի՞թե նա իր կռվարար մոր աղջիկն է։

Որ ասեմ՝ թե նա ինձ վրա մի առանձին ուշադրություն էր դարձնում — ամենևին․այնպես, կնայեր կանցներ։ Բայց ես ոչ միայն, ակամա, ուշադրություն էի դարձնում նրա վրա, այլև հետևում էի նրա ամեն մի քայլափոխին այնպիսի համառությամբ, որ կարծես լրտես էին կարգել ինձ նրա վրա. — գիտեի ո՛ր ժամին, ո՛ր րոպեին որտեղ է, ինչ է շինում, ուր է գնում. դասերից հետո, որ տուն էի գալիս, բակի դռնից դեռ ներս չմտած, ականջներս սրում էի, որ լսեմ նրա ձայնը։ Մանավանդ շատ էի սիրում լուսամուտիս միջից գողունի կերպով նայել նրան, երբ նա, պատշգամբում կանգնած, սովորաբար երկու ձեռքով կախ էր ընկնում պատշգամբի սյուներից միշտ կապված լվացքի թոկից, և ետ ու առաջ ճոճվելով ծիծեռնակի պես, ճռվողում էր՝ ընկերուհիների հետ ուրախ զրույցի բռնված։

Ես երեխա չէի, իհարկե, շատ լավ հասկանում էի, թե ինչ էր նշանակում իմ այս համառ գողունի հետամտությունը ու որքան էլ այդ մի տեսակ անվայել բան էի համարում, այնուամենայնիվ, խոհեմությունս միշտ տեղի էր տալիս մի, առայժմ անորոշ, զգացումի, որը, հակառակ կամքիս, օրը օրին պաշարում էր ինձ։

Այդ զգացման ազդեցության տակ բնակարանս փոխելու որոշմանս իրագործումն էլ հետին գծի վրա էր քաշվել։

3

Իմ ու Քալիի ծանոթությանը սկիզբ դրվեց հետևյալ պարագաներում։

Մի երեկո տանտիրոջս ծառան մտավ ինձ մոտ և ասաց, որ տանտերս խնդրում է իր մոտ գնամ։

Գնացի։

Հյուրասենյակի դուռն ահագին աղմուկով բաց արեց Քալին։

— Пожалуйте,— ասաց մշտական ժպիտը դեմքին և, ներս թողնելով ինձ, իսկույն թռավ դեպի հարևան սենյակի դուռը։— Պա՛պա, մովիդա (հայրիկ, եկավ)։

Ներս մտավ տանտերս իր մշտական սև ատլասի արխալուղով և քահրուբարի ահագին հատիկներով տեր-ողորմյան ձեռքին։

Նստեցինք։

Քալին նստեց մեզնից հեռու և սկսեց նայել ինձ այնպիսի հետաքրքրությամբ, որ կարծես առաջին անգամն էր տեսնում։ Հայացքն այնքան համառ էր, որ չէի համարձակվում նայել նրա կողմը, բայց շատ հանգիստ էի պահում ինձ և ուշադիր լսում, թե ինչ է ասում տանտերս։

Իմացա, որ ուզում էր իր հինգ թե վեց զավակներից մեկին տերտեր շինի և ինձ կանչել էր, որ այդ ապագա տերտերին պատրաստեմ «Վանքի շկոլը» մտցնելու։ Շատ գործնական մարդ էր Սերգեյ Ավետիչը. տղաներից մեկին «դոխտուր» էր շինել, մյուսին ուզում էր «ինջիներ» շինել, երրորդին — տերտեր, չորրորդին անպատճառ — «ադվակատ», հինգերորդին և վեցերորդին— չգիտեմ ինչ, բայց ոչ մեկին— վարժապետ։ Եվ շատ էլ լավ կաներ։ Ինչի՞ էր պետք քաղցած վարժապեաը։

«Ամենայն սիրով» հանձն առա պարապելու տերտերացուի հետ։ Քույրը մոր ուղեկցությամբ ներս բերեց տղային ինձ ցույց տալու։ Բան չասացին, թե որքան կվճարեն, ես էլ ամաչեցի այդ մասին խոսք բաց անեմ։ Ուրախացած մտածում էի. «Եթե այնպես լինի, որ սենյակիս համար վարձ չառնեն և ամսական մի քանի ռուբլի տան...»։

Հետևյալ օրվանից սկսեցի պարապմունքը։ Հաստագլուխ եմ ասում է՜, իս՛կը տերտերացու։ Հայերեն որ ասես բան չէր իմ անում. ռուսերենին համեմատաբար վարժ էր, բայց և այնպես վռնդել էին գիմնազիոնի առաջին դասարանից, որովհետև մնացել էր երկրորդ տարին։

Շատ շուտով տեսա, որ գլուխս քարովն էի տվել, հանձն առնելով այդ բթամիտ տղայի հետ պարապելու տաժանակիր աշխատանքը։ Բայց կարո՞ղ էի մերժել...

Հայերենը քիչ էր մնում այբուբենից սկսեի։ Հոգիս դուրս էր գալիս և չէի կարողանում բառի վերջն ը արտասանել տալ. ասում էի՝ ասա բ, ասում էր. ասում էի՝ ասա «գիրքը բեր», ասում էր «գիրք բեր»։ Երբեմն այնպես ջղայնանում էի, որ քիչ էր մնում գիրքը գլխովը տամ։

Մի երեկո, երբ պարապում էի աշակերտիս հետ, սենյակիս դուռը բացվեց, և ներս մտավ Քալին։

— Ներեցեք,— ասաց ռուսերեն, իր հրաշալի ժպիտը դեմքին,— թո՞ւյլ կտաք ներկա լինեմ ձեր պարապմունքներին։

— Խնդրեմ,— ասացի այդ անակնկալից մի քիչ շփոթված և, վեր կենալով, աթոռս առաջարկեցի նրան։

Նստեց, նստեց այնպիսի արագությամբ, որ, կարծես, աթոռը նախքան նստելը դուրս պիտի քաշեին տակից։ Զարմանալի կենսունակ, շարժուն աղջիկ էր։

— Ես շատ եմ հետաքրքրվում, թե ինչպես է պարապում եղբայրս։ Անշուշտ շատ է տանջում ձեզ, չէ՞։

Ես միայն ժպտացի և գլխով դրական շարժում արի։

— Ես այդպես էլ գիտեի։ Այս անպիտանը... Ա՜խ, դուք կանգնա՞ծ մնացիք,— հանկարծ բացականչեց նա, վեր թռավ և սկսեց աչքը ման ածել սենյակի չորս կողմը։

Ես շտապեցի դեպի նստատեղը փոս ընկած աթոռը, որը ձգել էի մի անկյուն և չէի գործածում իր անպետքության պատճառով, մոտ բերի, բայց չնստեցի, վախենալով ծիծաղելի դրության մեջ ընկնեմ։

Այդ նկատեց նա։

—Ո՞վ է տվել ձեզ այդ աթոռը,— ասաց։— Այդ ի՞նչ խայտառակություն է։ Տվեք տանեմ փոխեմ։ Իր աթոռն ինձ տվեց, անպետքը դուրս տարավ և, երկու րոպե չանցած, ներս բերեց մի նորը, որի վրա կարելի էր համարձակ նստել։

— Այժմ կարող եք շարունակել,— ասաց։— Ես ձեզ չեմ խանգարի։

Ու զարմանալի սուսուփուս նստեց։

Դասի կեսը պատմել վերջացրել էի նրա մտնելուց առաջ և այժմ, փոխանակ շարունակելու, չգիտեմ ինչու, սկսեցի սկզբից։ Բայց այդ սկիզբն սկսել էի անվստահ կերպով, բառերն արտասանելիս դանդաղում էի, լեզուս, կարծես, կապ էր ընկնում, կարծես այդ անպիտան աղջիկն եկել նստել էր դիմացս ոչ թե նրա համար, որ տեսնի, թե ինչպես է սովորում եղբայրը, այլ նրա համար, որ ստուգի, թե ինչպես եմ պարապում, ի՞նչ գիտեմ ես։ Բայց հետո, մի քիչ որ վարժվեցի նրա ներկայությանը, կամաց-կամաց սիրտ առա և հետզհետե ոգևորվեցի ոգի ու շունչ տվող այն քաղցր ու քնքուշ զգացման ազդեցության տակ, որ ներշնչել էր ինձ այդ աղջիկն հենց սկզբից և որն այժմ սկսեց ուժգին թափով ջերմացնել սիրտս նրա մոտիկության շնորհիվ։

Դասախոսությանս ժամանակ առերևույթս եղբոր հետ էի, բայց ամբողջ ուշք ու միտքս քրոջ կողմն էր։ Թեև չէի նայում նրան, բայց զգում էի, որ նա մոռացել է, թե ինչի համար է եկել, և լսում է ինձ իբրև ջանասեր, հետաքրքրվող աշակերտուհի։ Այդ հայտնագործությունը թեև շատ էլ անսպասելի չէր ինձ համար, բայց և այնպես ես ավելի ոգևորվեցի դրանից։ Մեր դերերը փոխվել էին. նա ընկճել էր ինձ (այդպես էի կարծում), ես անձնավստահ էի դարձել։ Ոգևորությանս մեջ, կարծեմ, այնպիսի մանրամասնությունների մեջ մտա, որ խեղճ տերտերացու աշակերտս իհարկե ոչինչ չէր կարող հասկանալ։ Հոգսս էլ չէր. այդ րոպեին ոչ թե նրա համար էի դասախոսում, այլ քրոջ համար, որը իր կրակ թափող համառ հայացքով, իր ամբողջ էությամբ մարմնացած հետաքրքրություն էր դարձած։ Դասախոսությանս ժամանակ չկարողացա դիմանալ և մի քանի անգամ նայեցի նրան։ Գրո՜ղը տանի,— ի՜նչ հրաշալի, ի՜նչ պաշտելի աչքեր... Ի՜նչպես կուզեի վրա ընկնել, համբույրներով ծածկել այդ աչքերը և կլանել նրանց արձակած կայծերը՝ այդ կայծերից վառվելու համար...

— Ինչքան լա՜վ պատմեցիք,— երեխայական պարզամտությամբ բացականչեց նա, երբ վերջացրի։— Գիտե՞ք,— ավելացրեց իսկույն մի տեսակ տխրությամբ,— ես հայերեն լավ չգիտեմ, որովհետև մեր տանը հայերեն ոչ ոք չի խոսում, հորս խոսածն էլ ի՛նչ հայերեն է։ Դրա համար եմ ձեզ հետ ռուսերեն խոսում։ Բայց հավատացնում եմ ձեզ, բոլորը հասկացա՝ ինչ որ պատմեցիք, որովհետև նյութն ինձ ծանոթ է, թեև շատ բան մոռացել եմ։

— Իսկ ձեր մեծ եղբայրը հայերեն գիտե՞,— հետաքրքրվեցի ես։

— Խոսե՞լ, թե կարդալ։

— Խոսել էլ, կարդալ էլ։

— Խոսել, ինձանից լավ է խոսում, բայց կարդալ, երևի բոլորովին մոռացած կլինի։ Հարցնե՞մ։

— Չէ, ի՞նչ հարկ կա հարցնելու,— ծիծաղեցի ես նրա միամտության վրա,— ես հարցրի հենց այնպես։ Բայց հետաքրքրական է, դո՞ւք ինչպես եք կարդում հայերեն։ Կարդալ գիտեք, չէ՞։

— Ինչպես չէ։ Ուզո՞ւմ եք կարդամ։

— Խնդրեմ։

Վերցրի եղբոր հայերեն դասագիրքը, բաց արի առաջին պատահած հատվածը և դրի առջևը։

Գլուխը ցածր խոնարհեց գրքի վրա կարճատեսի նման և սկսեց կարդալ։ Մի րոպե ուշադրությունս գրավեցին նրա սևաթույր առատ մազերը, որոնք գլխի ամեն մի շարժումի հետ պեծին-պեծին էին տալիս ճրագի լույսի տակ։

Որքան էլ որ թերահավատ էի նրա հայերենագիտության մասին, այնուամենայնիվ նրա կարդալը միանգամայն հիասթափեցրեց ինձ. կարդում էր մատը տողերի վրա շարժելով, հեգելով, վանկ-վանկ, արտասանությունը ռուսերեն էր, բառի վերջը ը չկար, չկար ու չկար։ Հազիվ մի հինգ-վեց տող կարդացած, գլուխը բարձրացրեց և նայեց ինձ այնպիսի մի խղճալի հայացքով, որից երևում էր, թե ինքն ևս հիասթափված էր իր կարդալու կարողությունից։

— Վատ կարդացի, չէ՞,— հարցրեց մի տեսակ ամաչկոտ հուսահատությամբ։

Եղբայրը, որ նրա կարդալու միջոցին, ինձնից քաշվելով, հազիվ էր զսպում ծիծաղը, այժմ հանկարծ փռթկացրեց։

Քույրը հանկարծական զայրույթով գիրքը թռցրեց սեղանից և խփեց նրա գլխին։

— Ի՞նչ ես ծիծաղում, զզվելի։ Ինձնից լա՞վ ես կարդում։

— Իհարկե լավ եմ կարդում,— ջգրացրեց նրան եղբայրը, շարունակելով ծիծաղել։

— Լռի՛ր, անպիտան։ Ես գիտեմ, որ դու դասդ երբեք չես սովորում, որ սովորեիր, չէին դուրս անի գիմնազիոնից։

Եղբայրն, իմ լռությունից սիրտ առած, ուզում էր հակաճառել, բայց քույրը չթողեց բերանը բաց անի.

— Լռի՛ր, լռի՛ր, դեռ ուզում ես խոսե՞լ։ Դու միշտ բթամիտ ես եղել, բթամիտ էլ կմնաս։

— Բայց և այնպես, հայերեն քեզնից լավ եմ կարդում,— շարունակեց ջգրացնել եղբայրը։

Քույրը զայրացած դիմեց ինձ.

— Սա ի՞նչ հանդգնություն է, պարոն։ Մի՞թե այս զզվելին իսկապես լավ է կարդում ինձնից։

— Դուք երկուսդ էլ վատ եք կարդում,— ծիծաղեցի ես։— Ձեր կարդացածը հայերեն չէ, այլ աստված գիտե ինչերեն։ Ես զարմանում եմ, ինչո՞ւ չեք կարողանում ը արտասանել բառի վերջը, մի՞թե այդքան դժվար է։

— Որովհետև ը ոչ վրացերենում կա, ոչ էլ ռուսերենում,— նկատեց քույրը։

— Լավ, ի՞նչ անենք որ չկա, բայց արտասանել խո կարելի է։ Պետք է միայն վարժվել։

— Ինչպե՞ս վարժվեմ։

— Խոսելով։ Պետք է շարունակ խոսեք հայերեն։

— Որ ամաչում ե՞մ։

— Ա՛յ քեզ բան, մարդ խոսելուց էլ ամաչի՞։ Այ, ես ձեզնից լավ չգիտեմ ռուսերեն, բայց խոսում եմ, և գիտեմ, որ սխալներ եմ անում, բայց չեմ ամաչում։

— Ես ախր գրել էլ չգիտեմ հայերեն, այսինքն համարյա թե չգիտեմ։

Հանկարծ գլխումս մի միտք ծագեց ինքնաբերաբար։

— Ուզո՞ւմ եք,— ասացի,— ձեզ հետ պարապեմ հայերենից։

Մի րոպե տարակուսանքով նայեց աչքերիս։

— Հետո, այդ դժվար չի՞ լինի ձեզ համար, համ ինձ հետ, համ եղբորս...

— Դժվար կլինի թե հեշտ, այդ թողեք ես գիտենամ, դուք միայն ասացեք, ուզո՞ւմ եք։

— Ուզո՜ւմ եմ... ինչպե՞ս թե ուզում եմ... իհարկե ուզում եմ,— բացականչեց նա ուրախությունից վառված աչքերով։— Ես այդ ինքս էի ուզում խնդրել ձեզ, որովհետև իսկապես ամոթ է, որ ես հայերեն ոչ կարգին խոսել գիտեմ, ոչ կարդալ և ոչ գրել։

— Շատ բարի, մենք հենց վաղվանից կսկսենք,— ասացի ես արտաքին հանգստության տակ ծածկելով ներքին բուռն ուրախությունս, որ այսուհետև ամեն օր տեսնելու եմ նրան իմ սենյակում, զգալու եմ նրա ներկայսւթյունը ինձ մոտ։
4

Բայց հետևյալ օրը ահա թե ինչ պատահեց։

Դպրոցում պարապմունքներս վերջացնելուց հետո, ճաշարանում ճաշել և նոր էի վերադարձել տուն, որ մի քիչ հանգստանամ և երեկոյան սկսեմ պարապմունքս Քալիի հետ։ Պառկած տեղս քնով էի անցել։ Մեկ էլ հանկարծ զարթնեցի ինչ-որ տարօրինակ աղմուկից։ Դուրս գնացի պատշգամբ։ Աղմուկը բակումն էր։ Բոլոր կենողները դուրս էին թափվել, տղամարդ չկար մեջները. բոլորը կանայք, աղջիկներ և երեխաներ։ Ամենքը խոսում, բղավում էին միանգամից։ Ոչինչ չէր հասկացվում այդ ժխորի մեջ։ Դիմացի բակում գտնվող ամենավերջին սենյակի լուսամուտի առջև մի խումբ երեխաներ և կանայք իրար գլխի թափված ներս էին նայում։ Այդ սենյակից լսվում էին երեխաների ծվոց ու ծղրտոցներ, որոնք միախառնվելով դրսի կանանց ու երեխաների աղմուկի հետ, փշաքաղում էին մարդու մազերն իրենց ահարկու տարօրինակությամբ։ Չհամբերեցի՝ գոռացի.

— Ի՞նչ է պատահել։

Լուսամուտի առջև խռնված կանանց և երեխաների միջից մեկը դուրս թռավ և, դիմելով ինձ, առաջ վազեց։ Քալին էր։

— Ի սեր աստծու, օգնեցե՛ք,— աղաղակեց ներքևից, սարսափահար, աղերսալի աչքերով նայելով ինձ։

Ներքև վազեցի։

— Ի՞նչ է պատահել,— նորից հարցրի։

— Սպանեց, շո՛ւտ,— ասաց միայն սարսափից հևալով և տարավ ցույց տվեց այն սենյակի դուռը, որտեղից լսվում էին երեխաների ծվոցներն ու ծղրտոցները։

Բռնեցի դռան փականքից և հրեցի, բաց չեղավ, փակված էր ներսից։ Սկսեցի շարժել, որ տեղահան անեմ, դարձյալ անօգուտ։ Այն ժամանակ ձեռքերիս և ոտներիս մկաններն իրենք իրենց լարվեցին այնպիսի մի կատաղի ուժով, որ մի րոպեից ինչ-որ ճայթեց, դուռը մեկեն բացվեց շրխկալով ու ուժիս իներցիան ներս նետեց ինձ սենյակը։

Այդ կիսամութ սենյակում աչքերիս առջև ներկայացավ հետևյալ տեսարանը։ Բրդոտ երեսով և կարմիր, ուռած քթով մի տղամարդ մի կնոջ (ինչպես հետո իմացա, իր կնոջ) մազերից բռնած՝ խելագարի կատաղությամբ քարշ էր տալիս այս պատից այն պատը, այս անկյունից այն անկյունը: Կինը երկու ձեռքով պինդ բռնել էր իր մազերից և իր կողմն էր քաշում, որ մարդու ձեռքերի թափը թուլացնի, բայց չէր հաջողվում, և ծալվող ծկներով, համարյա լուռ մղկտալով վազում էր, նայելով թե գազազած մարդը որ կողմն էր քարշ տալիս նրան մազերից բռնած։ Երեք մանրիկ երեխա բարձրացել էին թախտը, գայլ տեսած գառների նման կուչ էին եկել իրար մոտ պատին կպած և ծվում էին։ Կինը չկարողացավ դիմանալ ոտի վրա և երեսն ի վայր փռվեց գետին: Մարդն այժմ թողեց նրա մազերը և սկսեց աքացի տալ պատահած տեղը։ Այդ գազանը գրեթե ձայն չէր հանում, միայն ծանր շնչում և փնչացնում էր կատաղած գոմշի նման, երևի հոգնելուց։

Արյունն աչքերս առավ։ Առաջ վազեցի, ետևից բռնեցի նրա սյուրտուկի կեղտից սևացած պլպլացող օձիքից, և բոլոր ուժովս ետ հրեցի։ Չեմ իմանում ինչպես պատահեց, մեկ էլ տեսնեմ այդ ահագին մարդը երեսն ի վեր փռված է հատակին, կնոջ կողքին։ Այժմ ես սկսեցի քացի տալ նրան։ Պետք է որ շատ մազալու տեսարան լիներ։ Սկզբում, երևի հանկարծակիի եկած, չէր շարժվում տեղից, ոչ մի դիմադրություն ցույց չէր տալիս, չէր աշխատում տեղից վեր կենալ, կարծես չէր էլ զգում աքացիներիս հարվածները, որ, պետք է ասած, բավական անողորմաբար էի տալիս։ Նա միայն, իր ահագին մարմնով հատակի վրա երկարումեկ ձգված, նայում էր ինձ զարմանք արտահայտող ուռած-կարմրած աչքերով, կարծես հարցնում էր. «Ո՞վ ես, ի՞նչ ես ուզում»։ Բայց հանկարծ, կարծես նոր ուշքի գալով, մի ուժգին շարժում գործեց և նստեց, որ վեր թռչի։ Ու մինչ ահագին մարմինը կշարժեր տեղից, ես վրա ընկա, նորից պառկեցրի, չոքեցի և բռնեցի կոկորդից: Երևի շատ պինդ էի հուպ տալիս, որ նա բերանը բաց էր արել, ցույց տալով իր դեղնած փտած ատամները, աչքերը չռել էր, արյունով լցված զզվելի սպիտակուցները դեմքիս հառած, և մարմինն էլ մի տեսակ խլպլտում էր տակս։

Այժմ մութ կերպով հիշում եմ, որ սենյակը լցվել էր մարդկանցով. դրանք, երևի, բակի կանայք ու երեխաներն և փողոցով անցնող պատահական մարդիկ էին, որոնք ներս էին թափվել «թամաշա» անելու։ Չորս կողմս դժոխային ղժվժոց էր ընկել։

Ուշքի եկա այն ժամանակ, երբ մեկը վրա ընկավ, բռնեց երկու ձեռքիցս և բոլոր ուժով քաշելով վեր կացրեց ինձ այդ թշվառականի վրայից։ Տանտերս էր։

— Գժվի՜ լ իս, ինչ է, խո խեղդեցիր,— ասաց։

Բան չկարողացա արտասանել. սաստիկ հոգնել և դժվարությամբ էի շունչ քաշում։

Այդ րոպեին հոր կողքին տեսա Քալիին լուռ, գունատ, սարսափահար ինձ նայելիս։

Տանտերս բռնեց թևիցս ու դուրս տարավ։

Բայց հազիվ ոտս դուրս էի դրել շեմքից, մեկ էլ հանկարծ ներսը հավաքված ամբոխի մեջ կանանց ու երեխանց մի սոսկալի ծղրտոց բարձրացավ և գրեթե նույն րոպեին ինչ-որ մի տրաքոց զգացի ծոծրակիս վրա։ Ականջներիս մեջ մի սուր ծվոց լսեցի, կարծես մոտս թնդանոթ արձակեցին, աչքերս նախ պեծին-պեծին տվին, հետո հանկարծ մթնեցին, գետինը թռավ ոտներիս տակից և... այնուհետև թե ինչ պատահեց — չիմացա։

Ուշքի որ եկա, տեսա պառկած եմ սենյակումս, մահճակալիս վրա։ Մոտս աթոռի վրա նստած էր տանտիրոջս բժշկացու տղան՝ սառը, լուրջ դեմքով։ Շատ զարմացա, նա երբեք սենյակս չէր մտել. այնպես առանձնացած էր պահում իրեն, որ նույնիսկ չէինք ծանոթացել իրար հետ։ Նրա մոտ անհանգստություն արտահայտող դեմքերով կանգնած էին տանտերս և նրա կինը։ Աչքերս բանալուն պես մի թույլ, ուրախական ճիչ լսեցի գլխիս վերևը։ Բժշկացուն սաստող աչքերով արագ նայեց վերև և ասաց «что ты!». իսկապես ա՛յդ ճիչն էր, որ ինձ ուշքի բերեց։ Աչքերս գցեցի գլխավերևս, որ տեսնեմ, ով էր, ոչ ոքի չտեսա։ Հետո փոխեփոխ նայեցի բժշկացուի, նրա հոր, նրա մոր աչքերին և հարցրի.

— Ի՞նչ է պատահել։

— Ոչինչ,— ասաց բժշկացուն շատ հանգիստ կերպով։— Խնդրեմ հանգիստ մնացեք, չշարժվեք և մի խոսեք։

— Ինչո՞ւ։

— Գլխիդ ցավ չե՞ք զգում, ծոծրակի վրա։

Ծոծրակ որ ասաց, իսկույն ամեն բան հիշեցի և խիստ վախեցա։ Նոր զգացի, որ ծոծրակս սաստիկ ցավում է։ Հետո տեսա գլուխս պինդ փաթաթել են մարլիով, այնպես պինդ, որ ճակատիս մաշկը չէի կարողանում շարժել։ Յոդաֆորմի հոտը բռնել էր սենյակս։ Փորձեցի վեր կենամ դրությունս ստուգելու համար, բայց որ գլուխս մի քիչ բարձրացրի, իսկույն էլ ցած գցեցի — այնքան ծանր էր և անտանելի ցավեր զգացի. կարծես գանգս — դատարկել էին և մեջն արճիճ լցրել։

— Տեսնում եք, ասացի չշարժվեք,— ասաց բժշկացուն իր մշտական հանգիստ ձայնով։— Ձեզանից շատ արյուն է գնացել, դուք թույլ եք, ձեզ անպայման հանգիստ է պետք։

Բայց ես խիստ հետաքրքրվում էի իմանալ — ո՛վ խփեց ինձ և ի՛նչպես եղավ, որ ուշաթափվեցի։ Այդ մասին ինձ համառոտակի պատմեց տանտերս։ Երբ թևիցս բռնած՝ նա դուրս էր տանում ինձ այդ գազան մարդու սենյակից, վերջինս հանկարծ վեր էր թռել տեղից, հայտնի չէ որտեղից մի հաստագլուխ փայտ էր առել, վազել ետևիցս ու թրըխկ — գլուխս ճղել։

— Օ՜, Սաշա, որ տեսնեիր ինչքան սարսափելի էր նա այդ րոպեին,— լսեցի գլխավերևս Քալիի ձայնը։

Նոր իմացա, որ աչքերս բացած րոպեին նա էր ուրախական ճիչ արձակողը։ Ուրեմն նա էլ էր ինձ մոտ... Բայց ես դարձյալ չէի տեսնում նրան։

— Իսկ ուշաթափվել էիք նրա համար, որ գլխին հասցրած դագանակի այնպիսի հարվածից մարդ կարող է մինչև անգամ տեղն ու տեղը մեռնել,— հոր պատմածին ավելացրեց նրա բժշկացու որդին։

Այստեղ տանտիրոջս կինն ինչ-որ ասաց մարդուն իր վրացերենով։ Մարդն, ըստ երևույթին, հավանության տվեց նրա ասածին և դարձավ ինձ.

— Հա բա՛ս. վուր լավնաս, մատաղ պիտիս անի, թե չէ հանաք քան չգիտենաս։ Ասենք, էն պիանիցն էլ հեշտ չի պրծնի,— ավելացրեց նա։

Ինչ վերաբերում է այդ «պիանիցին», նրան իսկույն ոստիկանատուն էին քարշ տվել։

Որպեսզի չհոգնեցնեն ինձ, բժշկացուն հորը, մորն ու քրոջը պատվիրեց, որ դուրս գնան, ինքն էլ շուտով հետևեց նրանց, նախապես պատվիրելով, որ կարելույն չափ չշարժվեմ և աշխատեմ քնել։

Ծոծրակիս ցավը հետզհետե սաստկանում էր։ Ցավն երբեմն այնպես էր շամփրում, որ շրթունքներս կծոտում էի չգոռալու համար։ Պառկած էի շորերով. մինչև անգամ կոշիկներս հագիս էր։ Ուզում էի վեր կենամ հանվելու, բայց բժշկացուի պատվերը հիշելով, վախենում էի տեղիցս շարժվեմ։ Բարեբախտաբար բժշկացուն նորից մտավ այս անգամ իրենց ծառայի հետ և նրա օգնությամբ հանեց կոշիկներս ու շորերս, գրեթե առանց տեղիցս վեր կացնելու։ Անհուն երախտագիտությամբ սեղմեցի այդ բարի երիտասարդի ձեռքը։

Հինգ րոպեից դարձյալ մենակ էի սենյակիս մեջ։ Գրասեղանիս վրա, ուղղակի աչքերիս դիմաց, վառվում էր լամպը։ Չգիտեմ ով էր վառել, միայն ինձ թվում էր, թե պատրույգն այնքան շատ էին բարձրացրել, որ սենյակս լցվել էր խեղդող ծխով. բացի դրանից, լամպի լույսը տարօրինակ կերպով ծակում էր աչքերս, մինչև անգամ այն ժամանակ, երբ փակում էի աչքերս։

Ծոծրակիս ցավը տանջում էր անողորմաբար, երբեմն ցավը չգիտեմ մեղմանում էր, թե ընդհակառակն, իր ծայրահեղ սաստկությամբ բթացնում զգացողությունս, միայն այդ րոպեներին համեմատաբար հանգիստ էի զգում ինձ և չգիտեմ քունս էր տանում, թե մի տեսակ թմբիր էր գալիս վրաս։

Շատ թունդ տենդ էր պատել ինձ, և այդ տենդի մեջ կամաց-կամաց ինքնամոռացության մեջ էի ընկել։

Գիշերվա մի ժամին աչքս բաց արի և, կարծես երազիս մեջ, տեսա մահճակալիս մոտ ով-որ նստած է,— ով էր, հաշիվ չտվի ինձ. այսքանս միայն տեսա, որ կին էր,— ի՞նչ կին, չիմացա, չաշխատեցի էլ իմանամ։

— Ջուր,— շշնջացի։

Վեր կացավ, դես-դեն նայեց սենյակիս մեջ, հետո անլռելի քայլերով դուրս գնաց և մի քանի րոպեից կրկին ներս մտավ ջրով լի մի շիշ և մի բաժակ ձեռքին։ Հիշում եմ, ուզում էի գլուխս բարձրացնեմ, չկարողացա։ Ձեռքը ներս կոխեց բարձիս տակը, բարձի հետ բարձրացրեց գլուխս և մյուս ձեռքով բաժակը մոտեցրեց շրթունքներիս։ Ծարավից պապակում էի և ագահաբար ծծեցի սառը ջուրը։ Դրանից հետո գրեթե իսկույն չգիտեմ քնեցի՞, թե նորից ինքնամոռացության մեջ ընկա։

Երկու օր շարունակ համարյա ուշագնաց էի։ Աչքերս բաց արի երրորդ օրը։ Առավոտ էր։ Աշնանային դժգույն արևը ողողել էր սենյակս։ Մահճակալիս մոտ տեսա բժշկիս և նրա քրոջը։ Հետո մտավ տանտերս իր կնոջ հետ։ Նրանց նայելով, զգացվեցի, աչքերս արտասվակալեցին։ Ինձ թվաց թե մեռնելու եմ և այդ բարի մարդիկ կարեկցում են ինձ։ Բժիշկս նայեց զարկերակս, չափեց տաքությանս աստիճանը, սկսեց ինչ-որ տարօրինակ հարցումներ տալ, որոնցից գլխի ընկա, որ կասկածում էր, թե մի գուցե ուղեղի ցնցում լինեի ստացած։ Վերջն ասաց, որ ճգնաժամն անցել է, որ այլևս ոչ մի վտանգ չկա, անպատճառ կլավանամ։ Նկատեցի, թե ինչպես բժշկի այդ հուսադրական խոսքերից հետո տանտիրոջս, նրա կնոջ և աղջկա դեմքերին մինչ այդ եղած վախի և տխրության արտահայտությունը միանգամից ուրախական արտահայտության փոխվեց, և նրանք, որ մինչ այդ լուռ դիտում էին ինձ, սկսեցին միաժամանակ խոսել։ Նրանց այդ ուրախության ազդեցության տակ ինքս կենդանացա։ Բայց մի բան, որ ավելի ևս կենդանություն տվեց ինձ, այդ Քալիի բուռն ուրախությունն էր, որը չէր իմանում ինչպես արտահայտեր։ Առանց ծնողներին հարցնելու նա դուրս վազեց և թեյ ու նախաճաշ բերեց ինձ համար։

Ա՜խ, այդ աղջիկը... Ինչպե՜ս կուզեի համբուրել նրա ձեռքերը և լաց լինել այդ րոպեին ինձ համակած մի ծայր աստիճան քաղցր, քնքշացնող զգացումից, որի մեջ հալվում էր ամբողջ էությունս։ Արդյոք նա չէ՞ր (հանկարծ միտս եկավ այդ րոպեին) առաջին գիշերը, գուցե և հետևյալ գիշերները, մահճակալիս մոտ ինձ հսկողը, ինձ ջուր տվողը...
5

Բժիշկը, տանտերս, նրա կինն ու աղջիկը նոր էին հեռացել սենյակիցս, մեկ էլ տեսնեմ դուռը կամացուկ բացվեց և ներս մտավ մի կին։ Մի րոպե կանգնած մնաց դռան մոտ և, ըստ երևույթին, այնքան շփոթվեց, որ ինձ թվաց, թե սխալմամբ է մտել իմ սենյակը։ Բայց ո՛րքան եղավ զարմանքս, երբ այնուհետև մոտեցավ ինձ և հարցրեց.

— Այժմ ի՞նչպես եք։

— Լավ եմ,— արտասանեցի մեքենայաբար, զարմացած ինքս ինձ հարց տալով, թե ո՛վ է։

— Փառք աստծո,— կամաց հառաչեց նա և, կարճ լռությունից հետո, ասաց.— շատ էի վախենում. դուք շատ վատ դրության մեջ էիք։

Ապշեցի։

— Դուք ի՞նչ գիտեք։

— Չէ՞ որ այս երեք գիշեր ես էի ձեզ նայում։

— Դո՞ւք... Դո՞ւք էիք ինձ ջուր տվողը։

— Ես էի։

Դեռևս ապուշ կտրած՝ նայում էի նրան.

— Ներողություն, դուք ո՞վ եք։

Սկզբում, ըստ երևույթին զարմացավ, որ չեմ ճանաչում իրեն։

— Մի՞թե ինձ երբեք չեք տեսել այս բակում... Ասենք, հազիվ թե տեսած լինեք, որովհետև ես մեծ մասամբ հիվանդ եմ և... ամաչում էլ եմ դուրս գալ տնից... Բայց այն օրը տեսաք, չէ՞։

Իսկույն կռահեցի։

— Դուք այն... ներողություն, գազանի կի՞նն եք։

— Այո,— աչքերը վայր թողնելով, շշնջաց նա։

Խնդրեցի, որ նստի։ Նստեց։

Հետաքրքրությամբ դիտում էի նրան։ Կլիներ մոտ երեսուն տարեկան, այնքան նիհար էր, որ հասարակ չթի հագուստը լայն տոպրակի պես կախ էր ընկած սուր ուսերից։ Նիհարությունից դեմքի և ձեռքերի վրա միս չէր մնացել, իսկ աչքերը տարօրինակ մեծ էին երևում և անսփոփ տխրությամբ լի։ Առհասարակ նրա ամբողջ արտաքինի մեջ սիրտ ճմլող տրագիկական մի գիծ կար, որն իսկույն գրավում էր նայողի ուշադրությունը։ Խոհուն դեմքից և խոսակցական լեզվից նկատում էի, որ քիչ թե շատ կրթված կին է։

Նստելուց հետո, ըստ երևույթին, ուզում էր խոսել, բայց ամաչում էր. նրա շփոթմունքը տեսնելով, ինքս էլ քաշվում էի հարցուփորձ անեմ։ Սակայն, կարճ լռությունից հետո, աչքերը վայր թողած հազիվ լսելի ձայնով ասաց.

— Ինչո՞ւ միջամտեցիք, ինչո՞ւ ձեր կյանքը վտանգի մատնեցիք։

— Նա ախր ձեզ սպանում էր։

Հանկարծ նայեց ինձ․ նրա հանգած աչքերը վառվեցին տարօրինակ փայլով։

— Թո՛ղ սպաներ, թո՛ղ սպաներ, թո՛ղ սպաներ,— վրա տվեց սրտանց։— Ավելի լավ չէ՞ր լինի, միանգամից կպրծնեի․․․ Իմ մահը երջանկություն կլիներ ինձ համար, իսկ ձեզ... ի՞նչ ասաց բժիշկը․ վերքը խո վտանգավոր չէ՞։

֊ Չէ։

— Փառք աստծո,— դարձյալ հառաչեց նա։— Ա՜խ, որ մտածում եմ իմ պատճառով եք այդ դրության մեջ ընկել... Չնայելով, որ ինքս հիվանդ էի,— հիմա էլ լավ չեմ,— ամբողջ մարմինս մղկտում էր, բայց և այնպես, որ իմացա, թե այն հրեշն ինչ օրի է գցել ձեզ, մոռացա իմ ցավերս էլ, ամեն բան էլ և եկա մտիկ անեմ ձե՛զ։ Չէ՞ որ դուք մենակ եք, նայող չունեք։

— Ուրեմն քվիթ,— նկատեցի ժպտալով։

Նեղացավ։

— Մի՞թե կարծում եք, օր ես քվիթ լինելու համար․․․

Թույլ չտվի վերջացնի, ասացի, որ կատակ արի, ներողություն խնդրեցի, շնորհակալություն հայտնեցի իր բարեսրտության համար և հարցրի, թե իր ամուսնուն դեռ չե՞ն թողել։

— Ոչ,— կցկտուր պատասխանեց և լռեց։ Հետո, կարծես ինքնիրեն ասաց,— նրան բռնեցին տարան, բայց ի՞նչ օգուտ։ Ժամե ժամ սպասում եմ, որ կթողնեն, և ես նորից...

Ասելիքը չվերջացրեց և իր դժբախտ վիճակի հետ վաղուց հաշտված մարդու հանգիստ հուսահատությամբ գլուխը կախեց կրծքի վրա։

Սիրտս ճմլվեց։ Զգացի, որ եթե նորից հարկ լինի իմ միջամտության, դարձյալ չեմ խնայի իմ օգնությունը՝ թեկուզ նույնպիսի հետևանքով ինձ համար։

Ինձ սկսել էր հետաքրքրել այդ դժբախտ կնոջ վիճակը։

— Ներեցեք, տիկին անհամեստ հարցումիս համար․ ինչո՞ւ է նա ձեզ... ինչո՞ւ է ձեզ հետ այդպես վարվում։

— Այդպես է վարվում,— կարճ պատասխանեց, առանց նայելու ինձ։

— Մի առիթ, մի պատճառ պիտի լինի՞ թե ոչ։

Այս անգամ նայեց ինձ. կարծես զարմացավ, որ առիթ, պատճառ էի հարցնում։

— Առիթը, պատճառն այն է, որ խմում է,— պատասխանեց շատ հասարակ կերպով։

— Ի՞նչ գործի է։

— Դատարանում գրագիր է։

— Շուտ֊շո՞ւտ է խմում։

— Կմեռնի, որ մի օր չխմի։

— Եվ ամեն օր է... այդպե՞ս է վարվում։

— Ոչ ամեն օր։

— Ա՞յլ։

— Երբ որ քիչ է լինում խմած։

— Ի՞նչպես թե...

— Շատ խմած ժամանակ գալիս է, սուսուփուս վեր ընկնում քնում, բայց որ փող չի ունենում լավ թրջվելու, գալիս է մաղձն ինձ վրա թափում, ինչպես որ տեսաք անցյալ օրը։ Եվ այս մի տարի չէ,— ամուսնանալու օրից սկսած։

— Լավ, որ այդպես է, էլ ի՞նչպես եք կարողանում ապրել նրա հետ։ Գուցե ինքներդ չե՞ք աշխատում, չե՞ք կարողանում աշխատել։

— Ինչպես չէ, կար եմ անում և իմ աշխատանքով եմ պահում զավակներիս։

— Այդ ավելի լավ, ուրեմն դուք հեշտությամբ կարող եք բաժանվել նրանից։

Նայեց ինձ այնպիսի մի ժպիտով, կարծես շատ միամիտ բան ասացի։

— Բաժանվե՜մ... ի՜նչ հեշտ եք ասում...

— Ինչո՞ւ։ Երևի սիրում եք նրան։

Այս անգամ ծիծաղեց։ Եթե այդ րոպեին դեմքին նայելիս չլինեի՝ կկարծեի լաց է լինում— այնքան տարօրինակ էին նրա ծիծաղի հնչյունները։

Հանկարծ դադարեց ծիծաղելուց և ընդունեց իր սովորական լուրջ, թախծալի դեմքը։

— Լսեցեք, պարոն. ես ձեզ իմ եղբայրն եմ համարում, թե չէ սիրտս չէի բանա ձեր առջև... Ես ոչ ոքի չեմ պատմել դրությունս, ոչ ոքի չեմ գանգատվել... Եվ կարեկցո՞ղն ով է, կարեկցեն էլ — ի՞նչ օգուտ... Ասում եք բաժանվեմ։ Մի անգամ այդպես էլ ուզում էի անեմ, բայց ինձ ասացին, որ երեխաներիս ինձ չեն տա, հայրը կարող է նրանց օրենքի զորությամբ խլել ինձնից։ Այդպես էլ սպառնաց ինձ ամուսինս։ Իսկ ես կարո՞ղ եմ առանց իմ երեխաների գեթ մի օր, մի ժամ ապրել։ Ո՞ւմ համար եմ ապրում ես, ո՞ւմ համար կարող եմ ապրել։ Երեխաների համար չէ՞, որ ապրում եմ և տանում այս տանջանքները... Իսկ երբ որ երեխաներս ինձ մոտ չեն լինելու, շատ հարկավո՞ր է ինձ հանգիստ կյանքը։

Լռեցի, էլ բան չկարողացա ասեմ։

Այսպես, սիրտը դատարկելուց հետո, դժբախտ կինը վեր կացավ, առողջություն մաղթեց ինձ և դուրս գնաց։

«Պիանիցին» թողեցին մի շաբաթից հետո։ Մինչ այդ՝ նրա կինն ամեն օր մտնում էր ինձ մոտ, հարցնում առողջությունս, հավաքում սենյակս, երբեմն ճաշ բերում (տանտերս էլ էր ուղարկում), բայց էլ չէր խոսում, հարցումներիս խուսափողական պատասխաններ էր տալիս, կարծես զղջում էր, որ արդեն շատ բան էր պատմել։ Խույս էր տալիս տանտիրոջս ընտանիքի այս կամ այն անդամի հետ ինձ մոտ հանդիպելուց և դռնից ետ էր դառնում, երբ նրանց տեսնում էր ինձ մոտ։ Երբ մի անգամ հարցրի, թե ինչու է խուսափում նրանցից, ասաց, թե ամաչում է և կվիրավորվի, եթե սկսեն հարցուփորձ անել։ Տեսա, որ որքան դժբախտ էր, այնքան և իր ընտանիքի պատվին նախանձախնդիր, հպարտ կին:

Ամուսնու երևալու օրից նա չքացավ։

Այդ օրվանից ականջս, շարունակ ձենի էր, բայց նրանց բնակարանից այլևս աղմուկի ձայն չէր գալիս։ Ինչպես երևվում էր, տվածս դասը և «կուտուզկայում» նստելն ապարդյուն չէին անցել, կամ գուցե, մտածում էի, ամեն բան շարունակվում է առաջվա պես, և խեղճ կինը «ձայնը փորն է գցում, ինչպես մի անգամ ինքը խոստովանեց։ Տանտերս ուզում էր դուրս անել նրանց իր տնից, մանավանդ որ երկար ժամանակ բնակարանի վարձը չէին տվել, բայց աղջիկն իմ ներկայությամբ խնդրեց նրան, որ այդպիսի բան չանի, առարկելով, որ «պիանիցը» ուրիշ տեղ ուղղակի կսպանի խեղճ կնոջը, իսկ իրենց տան մեջ այլևս չի համարձակվի ձեռք բարձրացնել նրա վրա։ Եվ Քալին իր հրաշալի աչքերով նայեց ինձ՝ այդ ասելիս։

Գրողը տանի, այդ աչքերը չէի՞ն պատճառը, որ կյանքս վտանգի մատնեցի։ Այժմ էլ, որ հիշում եմ նրա արտասվախառն, սարսափահար հայացքը, որով բակից աղերսում էր ինձ, որ օգնության հասնեմ, այժմ էլ երբեմն զարթնում է իմ մեջ այն խիզախ ոգին, որով այն ժամանակ մի ակնթարթում համակված ներքև վազեցի և կոտրեցի «պիանիցի» դուռը։ Եվ միայն ա՞յդ կանեի այն ժամանակ այդ աչքերի համար...

6

Երբ գլխիս վերքն այնքան լավացավ, որ այլևս կարիք չունեի պառկելու, բայց զգուշության համար դեռևս ուսումնարան չէի գնում, վերսկսեցի պարապմունքներն տերտերացու աշակերտիս հետ և միաժամանակ սկսեցի Քալիի հետ պարապել հայոց լեզվից։

Տանտերս աղջկա ինձ աշակերտելու վրա հաշտ աչքով էր նայում, նույնիսկ խրախուսում էր նրան, կինը, ընդհակառակն, որքան կռահում էի նրա ձեթոտ դեմքից, դժգոհ էր և զարմանում էր, որ աղջիկը գիմնազիոնի հինգերորդ դասարանն ավարտելուց հետո էլ դեռ կարիք ունի ուսանելու։ Իսկ թե եղբայրը՝ բժիշկը, ինչպես էր նայում քրոջ այդ կապրիզի վրա, չիմացա, որովհետև առողջանալուցս հետո երեսն այլևս չէի տեսնում, չնայելով, որ արդեն ազատ մուտք ունեի նրանց տան մեջ. նա կամ բոլորովին առանձնացած էր լինում իր սենյակում, երևի պատրաստվում էր պետական քննությունների համար, կամ տանը չէր լինում։ Բայց կարծեմ, նա անտարբեր էր։

Հարկ չկա պատմելու, թե ինչպիսի հաճույքով էի պարապում Քալիի հետ։ Ուսումնարանից վերադառնում էի հոգնած և շատ անգամ հուզված էի լինում հոգաբարձությունների վարմունքից կամ պաշտոնակիցներիս ինձ դեմ լարած խարդավանքներից, որոնցից, ինչպես հայտնի է, ոչ մի ուսուցիչ ազատ չէ։ Բայց երբ Քալին մայրենի լեզվի դասագիրքը և հայոց գրության տետրակը ձեռքին փոքրիկ երեխայի պես աղմկալի կերպով ներս էր վազում ինձ մոտ, հոգնածությունս էլ էի մոռանում, հուզումս էլ, և կարծում էի, թե հանկարծ մի կենարար հեղուկ սրսկեցին երակներիս մեջ։ Ոչինչ այնքան չէի սիրում նրա մեջ, որքան նրա այդ շարժունությունը և մանավանդ մանկական պարզաբանությունը։ Երբեմն հանկարծ այնպիսի մի անմեղ հարց կտար, որ չէի կարողանում ծիծաղս զսպել։ Այդպիսի դեպքերում նախ, կարծես, ապշում էր, թե ինչ կար ծիծաղելու, հետո ինքն էլ էր սկսում ծիծաղել, կարծես նոր գլխի ընկնելով, որ տված հարցն իսկապես ծիծաղելի էր։

Սկզբում խոսում էր ռուսերեն և խնդրել էր, որ ես միշտ հայերեն պատասխանեմ. հետս կամաց֊կամաց սկսեց հայերեն խոսել, մեջեմեջ ռուսերեն բառերով, որոնց հայերենը իսկույն հարցնում էր ինձնից։ Պատահում էր, և շատ հաճախ, որ դասի ժամանակ մենք սկսում էինք զրույց անել կողմնակի բաների մասին, և այդպիսի դեպքերում նա միշտ աշխատում էր խոսակցությունը լուրջ բաների վրա դարձնել, որ ավելի շատ բան իմանա և շատ բառեր սովորի։

Ցավ ի սիրտ տեսնում էի, որ ոչ մի գաղափար չունի մեր ոչ անցյալից, ոչ ներկայից, ոչ կուլտուրական, ոչ հասարակական կյանքից, ուստի իմ զրույցը պտտվում էր մեծ մասամբ այդ խնդիրների շուրջը։

Մեր պարապմունքները տեղի էին ունենում, տերտերացու աշակերտիցս ջոկ, երեկոները, երբ Քալին ազատ էր լինում տնային գործերից։ Ասենք, նրա համար առավոտ-երեկո չկար․ նրա համար գործը միշտ անպակաս էր լինում տանը։ Պարապմունքի ամենաթունդ ժամանակ, մեկ էլ կտեսնեիր, մայրը կկանչեր նրան։ Այդպիսի դեպքերում Քալին դժգոհությամբ, շատ անգամ զսպած զայրացկոտությամբ, գիրքը կամ մատիտը շպրտում էր սեղանի վրա և դուրս գնում՝ մոր պատվերը կատարելու, բայց շատ չէր ուշանում, էլի մտնում էր, ինչպես միշտ, ժպիտը դեմքին։ Զարմանալի բարեսիրտ և հնազանդ աղջիկ էր. կդժգոհեր, կզայրանար, շատ անգամ բարկացած կաղաղակեր, կկատաղեր, բայց չէր անցնի մի րոպե և կտեսնեիր նորից ժպտում է, կարծես իսկի էլ բան չի պատահել։

Երկու ամսից հետո արդեն հայերեն գրքեր էի տալիս կարդալու, որ վարժվի։ Գիրքը կարդում վերջացնում էր շատ շուտով, այնպես որ մինչև անգամ կասկածում էի, թե առանց կարդալու է վերադարձնում, բայց ո՛րքան էր լինում զարմանքս, երբ սկսում էր մի առ մի պատմել բովանդակությունը։ Հարցնում էի, տանն այնքան գործ ունենալով, ե՞րբ է ժամանակ գտնում կարդալու, այն էլ այդպես շուտ։ Պատասխանում էր. «Գիշերներն եմ կարդում»։

Ինձ մոտ գտնվում էր «Վերք Հայաստանիի» հին հրատարակության մի օրինակը փալաս դարձած կարտոնի կազմով, հնացած, դեղնած թերթերով։ Նոր տարին մոտենում էր. չեմ իմանում ինչպես, խելքիս փչեց այդ գիրքը նվիրեմ Քալիին։ Եվ առանց երկար ու բարակ մտածելու գիրքը վերցրի տարա կազմարարի մոտ, պատվիրեցի, որ փալաս դարձած կազմը պոկի և մի փառավոր ոսկեզօծ կազմ շինի։ Նոր տարվա նախօրը ստացա հնամյա Աբովյանը պճնված, զարդարված նորահարսի պես, շապկի վրա ամենայն խնամքով գրեցի Քալիի անունը, ազգանունը, հետո իմը, իսկ տակը՝ օրը և տարեթիվը, և Նոր տարու առավոտը, երբ Քալին, ուրախ, զվարթ մտավ սենյակս Նոր տարին շնորհավորելու, գիրքը լուռ մեկնեցի իրեն:

— Կարդա՞մ,— հարցրեց։

— Կարդացեք և պահեցեք ձեզ մոտ:

Ըստ երևույթին, իսկույն գլխի չընկավ, թե ինչ էի ուզում ասել, հետո շփոթվեց, կարմրեց:

— Այս նվե՞ր է ինձ,— հարցրեց կամաց, աչքերը վայր թողած:

— Ուրիշը այսօրվան օրը կոնֆետ կնվիրեր, բայց ես ավելի լավ համարեցի այդ գիրքը նվիրել։

Ծիծաղեց, շնորհակալություն հայտնեց և դուրս փախավ։

Հետևյալ օրը, երբ ըստ սովորականին պարապում էի նրա հետ, հանկարծ խոսքս կտրեց և հարցրեց.

— Դուք թաշկինակ ունե՞ք։

Զարմացա։

— Ինչո՞ւ եք հարցնում։

— Պատասխանեցեք, ունե՞ք թաշկինակ:

— Ունեմ։

— Տեսնեմ։

Գրպանիցս հանեցի հասարակ միտկալի թաշկինակս և տվի իրեն։

— Է՛հ,— դեն շպրտեց։— Ուրիշ չունե՞ք։

— Ունեմ։

— Տվեք տեսնեմ։

Սնդուկիցս հանեցի տվի երկրորդ թաշկինակս, որը միևնույն կտորից էր։

Նայեց և նորից ետ տվավ։

— Լա՛վն եմ ասում, լա՛վը։

— Դե այս րոպեիս դրանից լավը ո՞րտեղ ճարեմ, ասացի,— իմ ունեցածս այդ է։

— Լավ, թողնենք այս, շարունակենք։

Շարունակեցի ընդհատված դասախոսությունս, բայց այս անգամ ինքս ընդհատեցի և հարցրի.

— Լավ, ինչների՞դ է պետք իմ թաշկինակը։

— Քիթս պետք է սրբեմ,— վրա բերեց բարձրաձայն ծիծաղելով։

Այդ թաշկինակը ցավ դառավ ինձ համար, ինչքան էլ գլուխս կոտրում, մտածում էի, որ իմանամ ինչին էր պետք թաշկինակս, բան չէի հասկանում. ինչքան խնդրեցի, որ ասի, չասեց, ամեն հարցնելիս ծիծաղում էր միայն, մինչև որ մի օր էլ, ոչ սովորական պարապմունքի ժամին մտավ ինձ մոտ, անսովոր հանգստությամբ, առանց ձայն-ծպտուն հանելու սեղանիս վրա դրեց բարակ թղթի մեջ փաթաթած ինչ-որ փոքրիկ մի բան և նույն լռությամբ դիմեց դեպի դուռը։ Դռան մոտ շուռ եկավ, նայեց ինձ և ասաց.

— Այսօր ձեր անվանակոչության օրն է, և ամոթ ձեզ, որ ոչինչ չեք պատրաստել ինձ հյուրասիրելու համար։

Ասաց և ծիծաղելով դուրս փախավ։

Ա՛յ քեզ բան. իսկապես որ անվանակոչությանս օրն էր, և ես ոչինչ չգիտեի։

Ապշած վերցրի բաց արի թղթի մեջ փաթաթված իրը․ թաշկինակ էր, ութածալ, մետաքսի և այնքան բարակ, որ բռան մեջ կարելի էր հավաքել։ Ծայրերից մեկի վրա զարմանալի նրբությամբ ասեղնագործված էին անվանս և ազգանվանս սկզբնատառերը հայերեն նշանագրերով։ Ահա՛ թե ինչի համար էր ինձնից թաշկինակ պահանջում։ Անհուն երջանկությամբ նրա փոխադարձ նվերը մոտեցրի շրթունքներիս և համբուրեցի այն տեղը, ուր նրա մատներն իմ անվան և ազգանվան սկզբնատառերն էին ասեղնագործել ո՛վ գիտե ինչ մտածումներով և զգացումներով։

Չգիտեմ, շատ տարօրինա՞կ, թե շատ սովորական էր մեր սերը (եթե միայն այդ սեր էր), բայց մեր միջև երբեք ոչ սիրո՛ խոստովանություն եղավ, ոչ էլ սիրո մասին որևէ ակնարկ։ Գարուն, լուսին, վարդ, սոխակ, ախ ու վիշ և այլ այդպիսի բաներ չկային. ինչպես երևում է, այդ ակսեսուարներով սիրում են միայն բանաստեղծները, իսկ մենք շատ պրոզայիկ մարդիկ էինք։ Ճիշտ է, մեր փոխադարձ նվերներն, ըստ երևույթին, մի քիչ բանաստեղծական էին, բայց նա իմ նվիրած Աբովյանից կիմանար, թե Հայաստանի վերքը ո՛րն էր, որից ամենևին գաղափար չուներ, իսկ նրա նվիրած մետաքսե թաշկինակն էլ ես կարող էի գործածել ամեն անգամ, երբ միտկալի թաշկինակներս կեղտոտվեին։ Մեր սիրո լեզուն այս էր.— ծիծաղում էինք իրար վրա, ծաղրում էինք իրար, ջգրացնում, նա ինձ «քնձռոտ վարժապետ» էր անվանում, ես նրան— «Քալո խաբարդիանո» (այդ բառերով սկսվող վրացերեն մի հին երգ էի լսել Թիֆլիսում), մի քիչ էլ որ առաջ գնացինք, կամացուկ խփում էինք իրար ձեռքի, երբեմն նա բռնում էր քթիցս, ես ձիգ էի տալիս նրա գիսակը, մի խոսքով՝ օրինավոր սիրահարվածներին անվայել այսպիսի երեխայական չարաճճիություններ։ Որից հետո,— այս էլ ասեմ,— մենք բաժանվում էինք իրարից իբրև միակ ամենաերջանիկ մարդիկ աշխարհիս երեսին։ Գոնե ինձ համար ես այդ կարող եմ ասել։

Բայց այս կատակները լինում էին, իհարկե, ի միջի այլոց, իսկ դասերը շարունակվում էին իրենց կարգին, առաջվա պես։ Հինգ-վեց ամսից նա արդեն այնպես վարժ էր կարդում հայերեն և այնքան լավ էր հասկանում կարդացածը, որ այլևս շատ քիչ բառերի թարգմանության կարիք էր զգում։ Իսկ մեր փոխադարձ հարաբերության մեջ քաղաքավարի «դուք»֊ը ինքնըստինքյան վաղուց վերացել էր և փոխվել մտերմական «դու»-ի։

Բայց... «վերջն է գովելի»։

7

Քալին հանկարծ չքացավ. մի օր, երկու օր, չորս օր, մի շաբաթ իզուր սպասում էի — Քալի չկար ու չկար. ոչ միայն այլևս չէր գալիս դաս առնելու, այլև ստվերն անգամ չէի տեսնում պատշգամբում։ Սկզբում կարծում էի հիվանդ է, ուզում էի հարցնեմ տերտերացու աշակերտիս, որն անխափան գալիս էր դասի, բայց դեռ բերանս չբացած, հանկարծ, ինչպես ասում են, «հոգիս ծվաց». չլինի՞ թե — ասացի ինքս ինձ — ծնողները հոտն առել են և... Սառը քրտինքը պատեց ճակատս։ Է՛լ սուս արի, ձայն ծպտուն չհանեցի։

Կասկածս արդարացավ շատ շուտով։

Մի օր տանտերս մտավ ինձ մոտ, քեֆս, հալս հարցրեց. սկսեց սար ու ձորից, վերջը, մի քիչ սուս անելուց հետո, ասաց.

— Մի բան որ ասիմ, խոմ չի՞ս նեղանա։

— Հրամայեցեք,— ասացի (շատ սառն էի պահում ինձ)։

— Վուչ թե հրամայի, այլ պիտի խնդրի: Հախ ասծու, յիս շատ բավական իմ քիզմեն, բայց... գիդիս ինչ կա — օթախս պիտիս դարդկի։

Ճիշտն ասած ես ամեն բան սպասում էի, բայց այդ մեկը — ոչ։ Ուզում էի հարցնեմ, հենց այնպես, ձևականորեն, «ինչո՞ւ», լեզուս չզորեց։

— Գիդիս էլի,— շարունակեց տանտերս,— ինչքան նիղվածքություն ինք քաշում։ Էս իմ աղա դոկտորը կանգնիլ է թե՝ ինձ ջոկ օթախ պիտիս տաք, սուրյոզնի պարապունքներ ունիմ. կոսե, էրեխեքը խանգարում ին:

Խոսք տվի, որ հենց վաղն ևեթ կաշխատեմ բնակարան ճարել ինձ համար: Այդ բանն ասացի այնպես հանգիստ, որ ինքս ինձ վրա զարմացա: Բայց այդ արտաքին հանգստություն էր, մինչդեռ ներքուստ այնքան շփոթված էի, որ երբ տանտերս ներողություն խնդրելով դուրս գնաց, դեռևս երկար ժամանակ չէի կարողանում ուշքի գալ այդ անակնկալից:

Շատ պոլիտիկոս մարդ էր տանտերս. առանց կռվի ու ղալմաղալի, համով ու քաղցրությամբ, «աղա դոկտորի սուրյոզնի պարապմունքների» պատրվակի տակ վռնդում էր ինձ տնից, որպեսզի մի անգամ առմիշտ հույսս կտրեմ իր աղջկանից:

Շատ բարի,— ասացի ինքս ինձ, երբ մի քիչ ուշքի եկա, և ինքնասիրությունս թունավոր օձի պես սկսեց կամաց-կամաց գլուխը բարձրացնել իմ մեջ:— Շատ բարի,— կարծես սպառնում էի, ինչո՞վ և ո՞ւմ— չգիտեմ:

Ու հետևյալ օրը, հենց որ դպրոցում դասերս վերջացրի՝ գնացի նոր բնակարան որոնելու: Վարձեցի առաջին պատահած սենյակը, ամենևին ուշադրություն չդարձնելով ոչ հարմարության և ոչ գնի վրա, և վճռեցի նույն օրն ևեթ տեղափոխվել: Ինձ թվում էր, որ եթե մի օր անգամ ուշացնեի, լիովին գոհացում տված չէի լինի ինքնասիրությանս:

Այն միջոցին, երբ ունեցած-չունեցածս հավաքում էի, որ մշակի շալակը տամ, տանտերս կանգնեց գլխիս:

— Վա՛, էսենց շո՞ւտ.— զարմացավ:— Գեթաղվա, խոմ չի՞ս նիղացի:

— Ինչո՞ւ պիտի նեղանամ:

— Յիս ի՛նչ գիտիմ, էսենց մե բաշ․․․ Գիտիս, էլի, ինչքան սիրեցի քեզ, բայց էս իմ աղա դոկտորը․․․ Մախլաս: Օթախդ վո՞ւրդի է, լավ տիղ է՞, վո՞ւնց իս բռնի:

Պատասխանում էի հանգիստ, սառը: Նույն սառնությամբ հրաժեշտ տվի նրան, կնոջը, երեխաներին: Քալին չէր երևում: «Աղա դոկտորը» տանը չէր: Քալիի բացակայության մասին ոչ մի խոսք չթռցրի բերանիցս, կարծես բնավ գոյություն չուներ: Չհիշեցին նրա մասին և ծնողները: Փոխադարձաբար հասկանում էինք իրար մտքինը և համառությամբ լռում Քալիի մասին։ Րոպեն անհամ էր։ Տանտիրոջս ձեռքը մերջին անգամ սեղմելու ժամանակ տվի նրան սենյակիս վերջին ամսականը։ Ի դեպ հիշեմ, որ տերտերացուի հետ ամբողջ յոթ ամիս պարապելուս համար ոչ մի կոպեկ չէի ստացել, իսկ սենյակիս վարձը կանոնավորապես վճարում էի, և տանտերս ընդունում էր առանց որևէ առարկության, ինչպես ընդունեց և այս անգամ։

— Լավ, էս վուր գնում ես, բաս միր Կոլյայի բա՞նը վունց պիտինք անի,— ասաց նա։

— Ուզում եք, կշարունակեմ պարապել։

— Վա՛, վո՞ւնց թե ուզում ենք, բաս խոմ կիսատ չի՞նք թողնի։

— Շատ բարի, կգամ պարապելու,— ասացի առանց մտածելու և իսկույն էլ զղջացի, որովհետև տանտերս նույնիսկ նկատելի հանգստությամբ վրա բերեց.

— Չէ՛, չէ՛, ինչի՞ դու նիղութին քաշիս գաս. հազիր էրեխեն ինքը գուքա, դու մենակ ասա վուրդի իս բռնի օթախը։

Տվի նոր բնակարանիս հասցեն և գնացի։

Սկզբի օրերում վիրավորանքս ինքնասիրությանս ազդեցության տակ այնքան սաստիկ էր, որ գրեթե չէի զգում Քալիից անջատվելս։ Բայց հետո կամաց֊կամաց այնպիսի մի թախիծ, այնպիսի մի կարոտ տիրեց ինձ, որ երբեմն սարսափահար մտածում էի, մի գուցե խելագարվեմ։ Ախորժակս կապվել էր, գիշերները քուն չունեի, դպրոցում դասերս պարապում էի մեքենայաբար, նոր բնակարանում — մի խոնավ, կեղտոտ, անպիտան բնակարան — սիրտս վեր չէր գալիս, պարապ ժամանակս թափառում էի չգիտեմ որտեղ։ Մի խոսքով՝ տաժանելի դրություն, որը հանկարծ, անսպասելի կերպով, հակառակ կամքիս, եկել կաշկանդել էր ինձ ամուր․․․ Քալիի պատկերը գիշեր֊ցերեկ աչքիս առջևն էր։ Երբեմն հուսահատությունից լաց էի լինում երեխայի նման։ Այնքան հպարտ ինքնասիրությունս, ավա՜ղ, առմիշտ մնաս բարով էր ասել ինձ։ Նոր էի զգում, որ սիրում եմ այդ հրաշալի, այդ զարմանալի աղջկան և առանց նրան չեմ կարող։ Այնքան ընտելացել էի նախկին բնակարանիս և այդ բնակարանի մեջ ամեն օր նրան տեսնելուս, նրա ձայնին, ծիծաղին, որ այժմ նոր բնակարանս, Քալիից զրկված լինելս մի խիստ տարօրինակ և անտանելի բան էր թվում ինձ,— կարծես իմ հայրենի աշխարհից հանկարծ պոկել շպրտել էին ինձ մի օտար աշխարհ։ Կարոտը սպանում էր ինձ։ Կարոտում էի ոչ միայն Քալիին․ ուրախությամբ կցանկայի տեսնել նաև նրա հորը, նրա բժիշկ եղբորը, մյուս փոքրիկներին, նույնիսկ նրա կռվարար մորը, որը մեր անջատման գործում անշուշտ քիչ դեր չպիտի լիներ խաղացած,— մի խոսքով՝ այն ամենքին և այն ամենը, որոնց հետ կապ ուներ Քալին և որոնք կհիշեցնեին ինձ Քալիին։ Այդպիսի հուսահատական դրության մեջ մի կատարյալ սփոփանք էր ինձ համար Քալիի ինձ նվիրած թաշկինակը — միակ առարկան, որին նայելով, որը համբուրելով թե՛ կարոտս էր ավելի վառվում, և թե՛, միևնույն ժամանակ, սիրտս հովանում։

Վերին աստիճանի հետաքրքրում էր ինձ այն միտքը, թե Քալին արդյոք նո՞ւյնպես քաշում է իմ կարոտը, ինչպես ես իրենը։ Բայց արդյոք սիրո՞ւմ էր նա ինձ... Այս հարցը հանկարծ ծագեց գլխումս, և ամեն հանգամանք կշռադատելով, ավելի շուտ տրամադիր էի կարծելու, որ չէ, չէր սիրում։ Այլապես, անկարելի բան էի համարում, որ հրաժեշտի ժամանակ կամ, եթե ծնողներից վախենում էր, դրանից առաջ կամ հետո չաշխատեր մի կերպ, ծնողներից ծածուկ, ինձ հետ տեսնվել։ Օ՜, իհարկե, թաշկինակ նվիրելն ավելի հեշտ է, քան սիրտ նվիրելը։

Տեսականորեն ես միշտ, եթե ոչ անկարելի, գեթ աննորմալ, հիվանդագին երևույթ եմ համարել սիրել առանց փոխադարձության։ Այդպիսիներին ես միշտ իրենց հարգը չճանաչող, կամքից և ինքնասիրությունից զուրկ ողորմելի արարածներ եմ համարել — ուղղակի փալաս։ Սակայն անձնական փորձս ցույց էր տալիս, որ ուրիշ է տեսականը, ուրիշ գործնականը.— գրեթե համոզված էի, որ Քալին չէր սիրում ինձ, այնուամենայնիվ, մեռնում էի նրա համար, չնայելով որ, ամենայն վստահությամբ կարող եմ ասել, ես ամեն բան եմ և եղել եմ միշտ, բայց ոչ երբեք փալաս։

Այսպես թե այնպես, կասկածս մի անգամ առմիշտ փարատելու և անելիքս որոշելու համար կարիք ունեի ստուգելու, ուզում էի ստուգել Քալիի դեպի ինձ տածած զգացումը։ Բայց ի՞նչպես ստուգեի, ոչ մի տեղ չէի հանդիպում նրան. գնայի՞ նրանց տուն, նամա՞կ գրեի։ Ինձ այնտեղից վռնդելուց հետո այդ մասին մտածելն անգամ ավելորդ էի համարում։ Մնում էր միայն մի ճանապարհ, այն է՝ մի կերպ խոսք դուրս քաշել Կոլյայից, որը դասերը շարունակելու համար պետք է ամեն օր գար ինձ մոտ։ Բայց արդեն անցել էր մի ամբողջ շաբաթ, որ տեղափոխվել էի նոր բնակարանս, և Կոլյան չկար, չէր գալիս։ Չէի հասկանում, արդյոք ի՞նքը չէր ուզում գալ ծուլությունից, թե հայրն էր փոշմանել և, հակառակ իր խոստման, այլևս չէր ուզում ուղարկել նրան, որպեսզի իսպառ կտրի մեր միջև եղած բոլոր հարաբերությունները։

Մի շաբաթը դարձավ երկու շաբաթ, և ահա մի օր տեսնեմ Կոլյան, գրքերի պայուսակը ձեռքին, եկավ հարցնելով ներս մտավ ինձ մոտ։ Այնպես ուրախացա, որ կարծես հարազատ եղբորս տեսա։

— Ո՞րտեղ էիր մինչև հիմա, ինչո՞ւ չէիր գալիս, հիվանդ խո չէի՞ր,— սկսեցի հարցուփորձ անել։

— Ոչ, հիվանդ չէի, մամաս չէր թողնում գամ։

— Մամա՞դ։ Ինչո՞ւ:

— Չգիտեմ։

— Բայց հրեդ եկել ես։

— Պապաս ուղարկեց։

— Ուրեմն պապադ ուզում էր, որ գա՞ս։

— Այո։ Մենակ մամաս չէր ուզում։ Այսօր մինչև անգամ կռվեցին։

— Կռվեցի՞ն...

— Այո։ Մամաս այնպես չարացած էր, որ գրքերս խլեց ձեռքիցս և բակը շպրտեց։ Տեսեք, այս գրքի կազմը կոտրվել է, իսկ սրանից երեք թերթ պատռվել։

— Իսկ քո՞ւյրդ։

— Քույրս լաց էր լինում։

— Ինչո՞ւ։

— Չգիտեմ։ Մամաս սաստիկ անիծում էր նրան։

— Ի՞նչ էր ասում։

— Ես ի՛նչ գիտեմ։

— Իսկ պապա՞դ։

— Պապաս չէ։ Վերջը պապաս այնպես բղավեց մամայիս վրա, որ մամաս սուս կացավ և գնաց Վանիչկին ծիծ տալու: Հետո պապան հրամայեց ինձ, որ գրքերս հավաքեմ և գամ ձեզ մոտ։

Ինձ համար միանգամայն անսպասելի այդ բաները լսելուց հետո ակամա մտախոհության մեջ ընկա։ Խոսք չկա, որ այդ բոլորն իմ պատճառով էր,— Քալիի մայրը հակառակ էր ինձ, հայրն իմ կողմն էր։ Վերջին հանգամանքն անսպասելի նորություն էր ինձ համար։

Այդ օրը իբր թե պարապեցի Կոլյայի հետ. դասի միջոցին հարցերը տալիս էի մեքենայաբար, պատասխանները լսում անուշադիր։

«Քույրիկս լաց էր լինում»,— այս խոսքերը դրոշմվել էին ուղեղումս և չէին հեռանում այնտեղից։ Ու չգիտեմ, երեխայական միամտությամբ արտասանած այդ խոսքերը ցնծությո՞ւն էին պատճառում ինձ, թե խորին թախիծով համակում սիրտս. գիտեմ միայն, որ դեպի Քալին տածած կարոտս իր գագաթնակետին հասավ։ Կոլյայի ասածներից պարզ էր ինձ համար, որ մայրն իրեն հատուկ լեզվի զորավոր արտահայտություններով հանդիմանություն էր հայտնում աղջկան իմ պատճառով, և աղջիկը լաց էր լինում— արդյոք ինձ սիրելո՞ւց և նրա՞ համար, որ չէր կարող մորը դիմադրել, թե՞ այն պատճառով, որ մոր հանդիմանություններն անարդար էր համարում, որովհետև ինքը չէր սիրում ինձ։ Այդ բանը դարձյալ հանելուկ մնաց ինձ համար և նոր մտատանջություների առիթ դարձավ։

Հետևյալ օրը Կոլյայի հետ պարապելիս, երբ մտածում էի, թե ինչպես անեմ, որ նոր խոսք դուրս քաշեմ նրանից Քալիի մասին, հանկարծ նա դասն ընդհատեց և դարձավ ինձ.

— Գիտե՞ք, պարոն, քույրս շատ է դարդ անում։

— Ինչի՞ համար։

— Ձեզ համար։

— Վա՛հ...

Այդ բացականչությունն ակամա դուրս թռավ բերանիցս ոչ այնքան նրա համար, որ այդ հայտնությունն անակնկալ ազդեցություն գործեց ինձ վրա, որքան նրա՛ համար, որ իմ կարծած բթամիտ տերտերացու աշակերտս այդ բանը նկատել էր և հարկ համարեց հայտնել ինձ, անշուշտ հետաքրքրված լինելով իմ ու իր քրոջ հարաբերությամբ, որը այնքան աղմուկի առարկա էր դարձել իրենց տանը։ Ուզեցի բուռն հետաքրքրությամբ հարցուփորձ անել, բայց հանկարծ զգուշացա այդ «խաբարբզան» տղայից, որը կարող էր իմ հարցուփորձը հասցնել ծնողների ականջը, որոնք առանց այն էլ, ինչպես երևում էր, լավ օրի չէին հասցրել իրենց աղջկան իմ պատճառով։ Ուստի սուս արի, բան չհարցրի, կարծես քույրը գոյություն չուներ ինձ համար, մինչդեռ իսկապես ա՛յդ րոպեից Քալին գոյություն ունեցավ ինձ համար։

Ուրեմն այլևս կասկած չկար. Քալին սիրում էր ինձ, նա լաց էր լինում, նա դարդ էր անում ինձ համար... Հարկավո՞ր է ասեմ, թե ի՛նչ ահագին երջանկություն էր այդ գիտակցությունն ինձ համար։

8

Կոլյան դարձավ իմ «Կռունկը» (հիշո՞ւմ եք — «Կռունկ, հայոց աշխարհեն խապրիկ մը չունի՞ս»)։ Այլևս մոռացել էի զգուշանալ այդ «խաբարբզանից» և ամեն օր, նրա դասի եկած ժամանակ, սկսում էի հարցուփորձ անել Քալիի մասին, հարկավ սկսելով հորից, մորից, «դոխտուրից», երեխաներից, «պիանիցի» ընտանիքից, շատ անգամ էլ բոլորովին կողմնակի բաներից։ Հարցուփորձս անում էի արտաքին անտարբերությամբ, իսկ պատասխանները լսում ներքին լափող հետաքրքրությամբ։ Քալիին վերաբերող ամեն մի մանրամասնություն ահագին գյուտի արժեք ուներ ինձ համար։

Կոլյան հազիվ մի ամիս կանոնավորապես գալիս էր դասի, հետո մեկեն դադարեց։ Խիստ անհանգստացա. չլինի՞ «խաբարբզանն» արդեն կատարել էր իր դերը և ծնողներն արգելել էին նրան այլևս գալ ինձ մոտ։ Բայց հինգ օրից հետո նրանց ծառան եկավ և ասաց, որ Կոլյան հիվանդ է և դրա՛ համար չի գալիս։

Խոստովանում եմ, այդ բանը ոչ թե տխրեցրեց, այլ ուրախացրեց ինձ, որովհետև այդ դեպքը մի շատ հարմար առիթ էր, որ գնայի նրանց տուն և հիվանդ աշակերտիս այցելելու պատրվակով վերջապես տեսնեի Քալիին, որի կարոտը սպանում էր ինձ։

Ու նույն օրն ևեթ երեկոյան գնացի։

Դեռ Քալիենց տանը չմոտեցած՝ նրանց բակից ինչ-որ ճղճղոցի և բղավոցի ձայներ լսեցի։ Եվ երբ ներս մտա բակը, ակամա կանգ առա ապշած։

Բոլոր կենողները դուրս էին թափվել տներից։ Վերևը, պատշգամբում, կանգնած էր Քալիի մայրը, գիժ֊Կեկելը, և ականջ ծակող ձայնով, վերին աստիճանի արագահոս բառերով ինչ-որ ճղճղում էր վրացերեն. ներքևը, բակում, կապայի թևերն ուսերին գցած, գլխարկը ճակատից ետ քաշած, կանգնած էր Քալիի հայրը, Սերգեյ Ավետիչը, և նույնպես ինչ֊որ բղավում էր։ Երևում էր, որ մի քիչ «խմած» էր։ Մարդ ու կին երկուսն էլ կռվում էին միաժամանակ, և նրանց ձայները — մեկինը բարիտոն, մյուսինը կոնտրալտո — խառնվում էին իրար ուժեղ դիապազոնով, կռվում էին ո՛ւմ հետ — հայտնի չէր։ Սկզբում կարծեցի, թե կռվում են բոլոր կենողների հետ, բայց երբ տեսա, որ կենողները հանգիստ ու լուռ լսում են նրանց, հասկացա, որ նրանք հանդիսատեսներ էին, «թամաշա» էին անում միայն։

Հետաքրքրված, մոտեցա Սերգեյ Ավետիչին, բարևեցի և հարցրի ինչ էր պատահել։

— Էլ ի՛նչ, ինչ է պատահել,— շարունակեց նա բղավել առանց բարևս առնելու և ընդունելով ինձ այնպես, որ կարծես թե ամեն օր հանդիպում էինք իրար։— էս շան վուրթիքն ուզում ին սաղ բագը կոտորի։ Մեկին էրեգ թաղեցին, երկուսն էլ ասում ին, էսօր ին հոգեվարք դրած։ Ախպեր, չիմ ուզում, թող դուս գան է՛լի։ Տունը իմս չէ՞, վա՛հ։ Առանց էն էլ հառամ ըլի, քրիհը խոմ չին տալի, դուս գնան, է՛լի։ Ուզում ին պոլիցով դուս անի՜մ։ Էս բագումը էսքան երեխեք կան, բաս մեխկը չի՞ն։ Իմ Կոլիս խո հիվնդացրիք, տո անաստուձներ, ուզում իք սաղ քուլփաթս կոտորի՞ք։

Որովհետև Սերգեյ Ավետիչն իր վերջին խոսքերն ուղղեց այն սենյակի հասցեին, ուր ապրում էր «պիանիցը», ուստի վերջապես հասկացա, որ նրա և կնոջ կռիվն այդ սենյակում ապրողների հետ էր։ «Պիանիցի» տան դուռը փակ էր, միակ լուսամուտի վարագույրն իջեցրած և այնտեղից ոչ մի պատասխան չէր լսվում, այնպես որ կարելի էր կարծել, թե տանը ոչ ոք չկա։

Մինչդեռ մարդ ու կնոջ բղավոց-ճղավոցը չէր դադարում։ Շվարած կանգնած էի մնացել, չէի իմանում ինչ անեմ։ Դրությունս բավական անհամ էր. եկել էի հիվանդ աշակերտիս այցելության, վրաս ուշադրություն դարձնող չկար։ Աչքերովս որոնում էի Քալիին, չէր երևում։ Այսպիսի աղմուկի մեջ նրա բացակայությունն ինձ զարմանալի էր թվում։

Չգիտեմ ինչով պիտի վերջանար այդ տարօրինակ տեսարանը, եթե այդ ժամանակ բակի դռնից չմտներ տանտիրոջս բժիշկ որդին։ Իբրև ինտելիգենտ մարդ, նա, ըստ երևույթին, վիրավորվեց այդ գռեհկական ճիչ ու աղաղակներից։ Մեղմ նախատական եղանակով մի քանի հորդորներ կարդաց հորը, հանգստացրեց նրան, հետո բարևեց ինձ — ինչպես թվաց ինձ — բավական սառն կերպով, և երեքս միասին բարձրացանք պատշգամբ։ Որովհետև մայրը պատշգամբում դեռևս շարունակում էր ճղճղոցը, այդ պատճառով որդին ջղայնացած համարյա թե գոռաց նրա վրա, թե ի՞նչ է ամբողջ բակը գլխին հավաքել։

Գիժ֊Կեկելն իսկույն լռեց, սակայն — ինձ այդպես թվաց — ոչ թե որդու նկատողության վրա, այլ ինձ անսպասելի կերպով տեսնելուց։ Այնքա՛ն գազազած էր, որ երևի բակում չէր նկատել ինձ և հանկարծ տեսնում էր միայն այժմ, երբ իր ամուսնու և որդու հետ կանգնած էի իր առջև։ Նայեց դեմքիս այնպիսի մի հայացքով, որով կարծես հարցնում էր. «Սա՞ որտեղից լույս ընկավ։

Թե՛ այդ կռիվն ու ղալմաղալը, և թե՛ մանավանդ այդ անբարեհաճ ընդունելությունը տեսնելով, ես արդեն զղջացել էի այցելությանս համար, բայց մեկ որ եկել էի, էլ ի՜նչ կարող էի անել։

— Ես եկել եմ Կոլյային տեսնելու, կարելի՞ է,— երեսս պնդացնելով, վերջապես միջոց ունեցա հայտնելու այցելությանս նպատակը։

Չգիտեմ ձայնի՞ս վրա, թե ինչ, սենյակներից մեկի դուռը բացվեց, և շեմքում երևաց Քալին լացակումած աչքերով։ — Այդ դո՞ւք եք,— ասաց դիմելով ինձ։— Ա՛խ, Կոլյան շատ հիվանդ է...

Հետո անմիջապես դիմեց եղբորը․

— Սաշա, դեղը բերի՞ր։

Ապա դառնալով ծնողներին, հանդիմանությամբ նկատեց.

— Դուք էլ հիմա եք ժամանակ գտել կռվելու․..

Մի րոպեից ամենքս Կոլյայի սենյակումն էինք։ Դիֆտերիտ ուներ և, իբրև վարակիչ հիվանդի, բժիշկը բոլորովին առանձնացրել էր նրան։ Երեխան պառկած էր սարսափելի տաքության մեջ. երեսը կարմիր վարդ էր կտրել և կարծես փքվել, բորբոքված աչքերով, անմիտ հայացքով նայում էր մերթ սրան, մերթ նրան և շաղված կաթի գույն ստացած լեզվի ծայրով լպստում էր շրթունքները։ Փորձեցի խոսել հետը, խիստ խլացած ձայնով ինչ֊որ պատասխաններ տվեց, որոնցից բան չհասկացա։ Բժիշկն իմ և հոր օգնությամբ լյապիսով այրեց նրա կոկորդը։ Այդ օպերացիայի ժամանակ մայրը տարօրինակ քաջություն ցույց տվեց, մինչդեռ քույրը, այն ժամանակ, երբ ես ձեռքերիս մեջ էի առել հիվանդ երեխայի գլուխը, իսկ հայրը պահում էր ձեռքերը, այնպես էր լալիս, մղկտում, որ կարծես մորթում էին եղբորը։

Խոսք չկա, որ այսպիսի պարագաներում իմ ու Քալիի տեսակցությունը մի շատ անհամ բան դուրս եկավ։ Նա տարօրինակ կերպով ցրված էր, արտասուքը չէր ցամաքում աչքերից։ Մի ժամից ավելի էր, որ նստած էի նրա հետ հիվանդ եղբոր սենյակում, և այդ բոլոր ժամանակ նա հազիվ մի-երկու անգամ ուշադրություն դարձրեց ինձ, ամբողջովին զբաղված լինելով հիվանդ երեխայի հոգացողությամբ։ Ճիշտ է, եղբոր հիվանդությունը շատ վտանգավոր էր, իսկ Քալին սաստիկ սիրում էր բոլոր եղբայրներին ու քույրերին, բայց մի՞թե...— մտածում էի ես և ավելորդ էի համարում միտքս վերջացնեմ, որովհետև պարզ տեսնում էի, որ մինչև այժմ ինձ սնել եմ ապարդյուն հույսերով ու սպասելիքներով։

Հիասթափված ու հուսաբեկ դուրս եկա ու մտածում էի՝ ինչքան լավ կլիներ չգայի և շարունակեի ապրել իմ քաղցր երազանքներով։

Բայց երկրորդ օրը չդիմացա և դարձյալ գնացի նույն պատրվակով։ Ուզում էի լավ դիտել, լավ ուսումնասիրել Քալիի վարմունքը, որպեսզի վերջնական եզրակացության գամ և ըստ այնմ էլ մի անգամ առմիշտ որոշեմ դիրքս։

Այս անգամ Քալին ինձ ընդունեց այնպիսի ոգևորությամբ և այնքան ուրախ, որ սիրտս թունդ ելավ։ «Ահա վերջապես»,— ասացի ինքս ինձ։ Բայց... բանից դուրս եկավ, որ նրա այդ ոգևորությունն էլ, ուրախությունն էլ ինձ համար չէր, այլ որովհետև հիվանդ եղբայրն այդ օրը լավ էր, կրիզիսն անցել էր։

— Երևակայեցեք, որ մեր կենողի երեխաներն էլ լավ են այսօր,— ավելացրեց նա․— ձեր գնալուց հետո Սաշան (բժիշկ եղբայրը) գնաց նրանց էլ նայեց։ Գիտեք, նա որ սկսի պրակտիկայով զբաղվել, հրաշքներ կգործի։ Ափսոս, որ ուշ իմացանք, թե չէ նա այն մեկ երեխային էլ չէր թողնի, որ մեռնի։ Ամենից փոքրն էր և այնքան լավի՜կը․․․ Եկեք, եկեք Կոլյայի մոտ։

Ու ձեռքիցս բռնած ներս տարավ հիվանդ աշակերտիս սենյակը, առանց քաշվելու նույնիսկ մոր ներկայությունից, որից այնքան թուք ու մուր էր կրել իմ պատճառով։ Այդ հանգամանքը բավական զարմացրեց ինձ։ Քիչ չզարմացա նաև այն բանից, որ մայրն այս անգամ թթու դեմք ցույց չտվավ ինձ, ինչպես նախորդ երեկոյան, և նույնիսկ սկսեց քաղցր զրույց անել ինձ հետ։ Ի՞նչ էր այդ անսպասելի փոփոխության պատճառը։ Երևի ա՛յն,— մտածում էի ինքս ինձ,— որ համոզվել էր, թե ես ոչ մի վտանգ չեմ սպառնում իր աղջկան և իր աղջիկն էլ շատ էլ խելքահան չի լինում ինձ համար։

Եվ, իսկապես, թե՛ այդ օրը և թե՛ հետագա օրերը, մինչև Կոլյայի լիովին առողջանալը, երբ ես այցելում էի նրանց տուն, Քալիի դեպի ինձ ունեցած վերաբերմունքի մեջ չէի նկատում այնպիսի մի բան, որից կարողանայի եզրակացնել, թե սիրում է ինձ. ինձ հետ նստում, ասում-խոսում էր, ծիծաղում, կատակներ անում ինչպես լավ բարեկամի հետ և միայն այդքան, այնպես որ ամեն անգամ էլ ես հեռանում էի ծանր երկմտանքի և հուսալքումի տակ ճնշված։

Հոգեկան այս անտանելի վիճակից դուրս գալու համար առիթներ էի որոնում մի անգամ երես առ երես խոսելու Քալիի հետ, ստուգելու կասկածներս ու ենթադրություններս, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում ինձ մենակ մնալ նրա հետ․ կամ մայրը, կամ հայրը, կամ բժիշկ եղբայրը, կամ երեխաները միշտ մեզ մոտ էին լինում։

Այսպես շարունակվեց մինչև այն ժամանակ, երբ Կոլյան լիովին առողջանալուց հետո նորից սկսեց գալ ինձ մոտ դասերի, և ես այլևս առիթ չունեի գնալու նրանց տուն։

Բայց հույսս դեռ բոլորովին չէի կտրել և մութ կերպով ինչ-որ բանի սպասում էի, մինչև որ ահա թե ինչով վերջացավ այս տրագի-կոմեդիան։

9

Մայիսը վերջացել էր։ Սկսվել էին ամառային արձակուրդները։ Անսովոր տոթ օրեր էին։ Մի երեկո գնացել էի Մուշտայիդ մի քիչ զով օդ շնչելու։ Այգու հրապարակում շատ քիչ մարդ կար, որովհետև օրը հասարակ օր էր և այդ երեկո էլ նվագածուների խումբ չկար։ Հրապարակի բոլորքը ծառերի տակ նստարանների վրա նստած էին կենտ ու կունտ կանայք, որոնց առջև խաղում էին նրանց երեխաներն իրենց հատուկ ճիչ ու ծղրտոցով։

Այն միջոցին, երբ ուզում էի անցնել դեպի գետափ, աչքս ընկավ ռոտոնդի բաժինը, ուր ինձ համար միանգամայն անսպասելի կերպով տեսա Քալիին իր բժիշկ եղբոր հետ սեղաններից մեկի մոտ նստած։ Քալին նկատեց ինձ և հեռվից գլխով բարև արավ։

Մոտեցա, բարևեցի։ Հրավիրեցին, որ նստեմ։ Նկատեցի, որ բժիշկը շատ էլ հաճությամբ չընդունեց ինձ. երևի տան մեջ իմ մասին ունեցած խոսակցությունը որոշ ազդեցություն էր գործել այդ կրթված երիտասարդի վրա։

— էլ չեք գալիս մեզ մոտ, անպատճառ հիվա՞նդ պիտի ունենանք, որ գաք,— ասաց Քալին ծիծաղելով։

Ոչինչ չպատասխանեցի։ Ի՞նձ էր միամիտ կարծում, թե իրեն էր միամիտ ձևացնում։ Սակայն, ըստ երևույթին, իսկույն գլխի ընկավ, որ իր հարցումն անտեղի էր, մի քիչ շփոթվեց և սկսեց հարցուփորձ անել, ամառս ո՞ւր եմ գնալու, ինչպե՞ս է սովորում Կոլյան, կարո՞ղ է քննություն բռնել և այլն։

Մեզանից բավական հեռու մի սեղանի շուրջ բոլորած էին մի խումբ երիտասարդներ, որոնք, ինչպես երևում էր նրանց կապույտ բլուզներից և կապույտ երիզավոր գլխարկներից, ուսանողներ էին։ Նրանք ինչ֊որ տաք վիճաբանության մեջ էին, և նրանց ձայները պարզորոշ լսվում էին հեռվից։ Նրանցից մեկը հանկարծ վեր կացավ, արագ քայլերով մոտեցավ մեզ և, դառնալով բժշկին, ասաց.

— Սաշա, մի րոպե. մենք այնտեղ լուրջ վիճաբանության մեջ ենք, քո կարծիքն անհրաժեշտ է։

Ու բժշկին վեր կացնելով տեղից, թևանցուկ տարավ իր հետ, նախապես ներողություն խնդրելով մեզանից։

Ես ու Քալին մնացինք մենակ։ Րոպեն հարմար համարելով, վճռեցի հենց այդտեղ ևեթ ստուգել նրա դեպի ինձ տածած զգացումը և մի անգամ առմիշտ վերջ տալ երկմտանքիս։ Ու առանց երկար ու բարակ մտածելու, մանավանդ որ վախենում էի, թե եղբայրը կարող է շուտով վերադառնալ և խանգարել, ուղղակի դիմեցի գործին։

— Օրիո՛րդ, ի՞նչ եք կարծում,— ասացի,— ինչո՞ւ չպատասխանեցի ձեր հարցումին, թե ինչու էլ չեմ գալիս ձեր տուն։

Ըստ երևույթին, զգաց, թե խոսքս ուր էր տանելու։

— Չգիտեմ,— ասաց նկատելի կերպով շփոթվելով։

— Ի՞նչ եք կարծում,— շարունակեցի ես,— որ գիտենաք, թե մի տեղ անկոչ և անցանկալի հյուր եք, կշարունակե՞ք գնալ այնտեղ։

Քալին զարմացած նայեց աչքերիս։

— Ո՞վ ասաց ձեզ, թե դուք անկոչ և անցանկալի հյուր եք մեր տանը։

— Ամենից առաջ ձեր հայրը։

— Ե՞րբ։

— Երբ որ քաղաքավարի կերպով առաջարկեց ինձ դատարկել իմ սենյակը։

— Ձեր սենյակը եղբայրս էր ուզում, որ իր համար հանգիստ տեղ ունենա պարապելու։

— Շատ բարի, թող այդպես լինի,— ասացի ժպտալով.— իսկ ինչո՞ւ ձեր մայրը չէր ուզում, որ Կոլյան գա ինձ մոտ դասերի և... անիծում էր ձեզ։

Քալին կաս-կարմիր կտրեց և աչքերը վայր թողեց։

— Ո՞վ ասաց ձեզ այդ,— շշնջաց նա։

— Դուք այն ասացեք, ճի՞շտ է այդ թե ոչ։

Ոչինչ չպատասխանեց, միայն գլուխն այնքան խոնարհեց, որ դեմքն այլևս չէր երևում լայնեզր գլխարկի տակից։

— Թող ապահով լինեն ձեր ծնողները,— կարճ լռությունից հետո ավելացրի ես շատ հանգիստ կերպով,— երբեք ինձ ոչ ոքի վզովը չեմ փաթաթել և երբեք էլ չեմ փաթաթի. այդ կողմից ես ինքնասիրություն ունեմ և, գուցե, ավելի՝ քան հարկավոր է։ Ճիշտ է, ես ձեզ... սիրում եմ..․ Այս առաջին անգամն է, որ պարզ կերպով ասում եմ ձեզ... Բայց ի՞նչ նշանակություն ունի միակողմանի սերը, երբ... չես իմանում փոխադարձը կա՞, թե ոչ...

Լռեցի և իզուր սպասում էի նրա պատասխանին. նստած էր ծայր աստիճան շփոթված և չէր իմանում ինչպես անի, որ ես չնկատեմ այդ։

— Լսեցեք, օրիորդ ինչ եմ ասում,— շարունակեցի ես շատ հասարակ տոնով, որպեսզի սիրտ տամ նրան։— Այստեղ քաշվելու, շփոթվելու ոչինչ չկա։ Դուք նոր չեք ճանաչում ինձ, ինչպես և ես ձեզ։ Խոսենք առաջվա պես մտերմորեն, ընկերաբար։ Ես պարզ կերպով ասացի ձեզ այն, ինչ որ գուցե չհամարձակվեի ասել, եթե չճանաչեի ձեզ։ Ինչպես ուզում եք հասկացեք, իմ բախտը ձեր ձեռքին է։ Այսքան ժամանակ ես մեկ հուսադրվել եմ, մեկ հուսահատվել ձեր դեպի ինձ ցույց տված այս կամ այն, իհարկե, ոչ դիտավորյալ վերաբերմունքից ու միշտ էլ տատանման մեջ եմ եղել սիրո՞ւմ եք ինձ, թե ոչ։ Կրկնում եմ— իմ բախտը ձեր ձեռքին է, և դուք այժմ, հենց այս րոպեին այս կամ այն կերպ պետք է որոշեք իմ վիճակը, պետք է մի անգամ առմիշտ ասեք ձեր վճռական խոսքը, ասում եմ այժմ, հենց այս րոպեին, որովհետև ձեր ծնողների շնորհիվ մեր միջև այնպիսի դրություն է ստեղծվել, որ մի ուրիշ անգամ հազիվ թե մենք կարողանանք հանդիպել իրար և խոսել այս մասին։ Լսո՞ւմ եք, օրիորդ, ինչ եմ ասում,— ավելացրի ես, տեսնելով, որ նա ձայն, ծպտուն չի հանում, այլ միայն, աչքերը շարունակ վայր թողած, մերթ կարմրում է, մերթ գույնը գցում և սեղանի սփռոցի ծայրը մեքենայաբար փաթաթում է մատին ու բաց թողնում։

Րոպեն ծանր էր․ անշուշտ, որքան նրա, նույնքան և ինձ համար։ Որքան աշխատում էի ինձ հանգիստ պահեմ, այնուամենայնիվ, սիրտս լքլքոց էր ընկել։ Շտապում էի։ Աշխատում էի կարելույն չափ շուտով խոսք դուրս քաշել նրանից, քանի եղբայրը չէր վերադարձել, այլապես այդ հարմար րոպեն բաց կընկներ ձեռքիցս, և ես կմնայի նույն անտանելի անորոշ դրության մեջ։

— Օրիորդ, ես սպասում եմ ձեր պատասխանին,— ասացի ես թախանձագին։— Խնդրում եմ, աղաչում եմ, մի լռեք, մի բան ասացեք։

— Ես ի՞նչ կարող եմ ասել,— ասաց վերջապես կամաց, շարունակ աչքերը խոնարհած։

— Մի խոսք, միայն մի խոսք․ սիրո՞ւմ եք ինձ, թե ոչ․ այո՞, թե ոչ։

Հակառակ սպասածին, նա իմ այս կտրուկ պահանջի հանդեպ ավելի հանգիստ գտնվեց, քան թե առաջ և ասաց հազիվ լսելի ձայնով․

— Դուք ինքներդ ասացիք, որ մայրս անիծում էր ինձ․․․

— Այո՛, և դուք էլ լաց էիք լինում․ այդպես չէ՞։

— Այո։

— Բայց այդ ես բացատրել եմ նրանով, որ դուք զրպարտություն եք համարել ձեր մոր հանդիմանությունները, որ դուք բոլորովին այն զգացումը չեք տածում դեպի ինձ, ինչ որ նա է կարծել։ Այդպես չէ՞։

— Ո՛չ, բոլորովին այդպես չէ,— եռանդով վրա բերեց նա, առաջին անգամ նայելով ինձ համարձակ։— Ես լաց էի լինում նրա՛ համար, որ մայրս շատ վատ լեզու էր բանեցնում ձեր մասին։ Իսկ ես․․․ ես չէի կարող այդ սառնասրտությամբ լսել․․․

— Որովհետև, դուք շատ բարի եք, որովհետև դուք առհասարակ ոչ մի վատ խոսք չեք կարող սառնասրտությամբ լսել, լինի այդ վատ խոսքն իմ մասին, թե...

Քալին մինչև անգամ զայրացած ոտը խփեց գետնին։

— Ո՛չ,— ասաց,— որովհետև... վերջապես ինչ եք ուզում ինձնից... որ ես է՞լ խոստովանեմ, թե...

Խոսքը չվերջացրեց և արագ դարձավ իր աթոռի վրա, որ դեմքը ծածկի ինձնից։ Իսկ այդ դեմքն ամբողջովին կաս-կարմիր կտրեց։

Բայց հարկ էլ չկար որ վերջացներ ասելիքը. ինձ համար այն էլ բավական էր, որ ասաց. և խելացնոր ուրախությունից քիչ էր մնում շնչասպառ լինեի։ Վեր թռա, ուզում էի առնեմ ձեռքը և ծածկեմ խենթ համբույրներով, բայց հանկարծ հիշելով, թե որտեղ եմ, նորից նստեցի և այս անգամ գողի վախկոտությամբ նայեցի շուրջս, առավելապես այն կողմը, ուր նստած էր Քալիի եղբայրը իր ուսանող ընկերների հետ, ըստ երևույթին տաք վիճաբանության բռնված։

Բավական երկար ժամանակ լուռ էինք, ես էլ, Քալին էլ։ Աչքերս անուշադիր և աննպատակ հածում էի շուրջս, առանց որևէ բան տեսնելու և չէի վստահում նայել Քալիին. զգում էի, որ եթե նայեմ, չեմ կարող տիրապետել ինձ և այնպիսի մի խելացնոր բան կանեմ, որ թույլատրելի չի կարող լինել։

Այնուհետև, մի փոքր որ ինքս ինձ հավաքեցի, հարցրի կամաց, կարծես թաքուն.

— «Վերք Հայաստանին» կարդո՞ւմ եք։

— Վերջացրի,— նույնպես կամաց պատասխանեց նա և կարճ լռությունից հետո հարցրեց ժպտալով.— իսկ իմ թաշկինա՞կը...— Պատասխանելու տեղ, նույնպես ժպտալով, ծոցիցս հանեցի նրա նվիրած թաշկինակը, որ պահում էի մաքուր թղթի մեջ փաթաթած, առանց բանեցնելու, ցույց տվի և դարձյալ ծոցս դրի:

— Մեր տանը ոչ ոք չգիտե,— ասաց,— գիշերներն եմ կարել, երբ որ ամենքը քնած էին։

— Վախենո՞ւմ էիք։

— Մայրս շատ խիստ կին է. որ իմանար ձեզ համար եմ կարում, կսպաներ ինձ։

Թեև այդ բանը նորություն չէր ինձ համար, բայց այդ րոպեին, հոգեկան այն վերասլաց տրամադրության մեջ, որի ժամանակ ամեն ինչ մոռացել էի, Քալիի միամտորեն արած այդ խոստովանությունն եկավ սուր ասեղի պես ծակելու սիրտս։ Ու անձնասիրությունս պոչը ոտնակոխ եղած թունավոր օձի պես նորից ծառս ելավ իմ մեջ։

— Ես գիտեմ, որ ձեր մայրը և վերջերը ձեր հայրն էլ լավ աչքով չէին նայում ինձ,— կարճ լռությունից հետո ասացի ես կարելույն չափ հանգիստ.— բայց թե ո՞ր մեղքիս համար, այդ ես մինչև այժմ էլ չեմ կարողանում հասկանալ։ Գուցե դուք կարողանաք բացատրել։

— Ես էլ չեմ հասկանում,— ասաց նա կամաց, նորից գլուխը կախելով և, ըստ երևույթին, զղջալով, որ միամտորեն այդպիսի խոստովանություն արավ, որովհետև տեսավ, որ տրամադրությունս հանկարծ փոխվեց իր վերջին խոսքերից հետո։

— Ես միայն մի բան եմ ենթադրում և կարծում եմ, որ չեմ սխալվում,— շարունակեցի ես։— Ձեր ծնողներն, իհարկե, տեսնում էին, որ մենք շատ էինք մոտեցել իրար և երևի կարծում են եղել, թե այդպես որ շարունակվի, մի օր վեր կկենանք և կփախչենք իրար հետ, առանց իրենց կամքը հարցնելու։ Իհարկե, եթե ես մի խեղճ ու կրակ, մի անտուն-անտեր վարժապետ չլինեի, այլ մի հարուստ օջախի որդի, մի, ասենք, փաստաբան, մի բժիշկ, մի ինժեներ, տեխնիկ, կամ հենց թեկուզ մի տերտերացու, որ վաղը կարող է հարուստ ծուխերի տեր դառնալ, նրանք երկու ձեռքով կբռնեին փեշիցս, բայց որովհետև ես, ինչպես ասացի, մի խեղճ վարժապետից ավելի բան չեմ, ուստի արժանի չէի լինի իրենց փեսա լինելու։ Դուք ի՞նչ եք կարծում, այդպես չէ՞։

Քալին ոչինչ չպատասխանեց. գլուխը կախ, մատներով շարունակ ոլորում էր սփռոցի ծայրը և բաց թողնում։

— Բայց թողնենք ձեր ծնողներին,— շարունակեցի ես,— նրանք տգետ մարդիկ են, ուրիշ կարծիք չեն կարող ունենալ մի վարժապետի մասին, և ես ամենևին չեմ նեղանում նրանցից։ Թող ինչ ուզում են՝ կարծեն, նրանց կարծիքը ոչ մի նշանակություն չունի ինձ համար։ Ինձ հետաքրքրողն այս խնդրում ձեր կարծիքն է, վճռական դերը ձեզ է պատկանում, և դուք, իբրև կրթված աղջիկ, պետք է անկախ դիրք բռնեք, նույնիսկ հակառակ ձեր ծնողների կամքին, որովհետև այստեղ խնդիրը որքան ինձ, նույնքան և ձեզ, ձեր ամբողջ ապագա կյանքին է վերաբերում։ Ասելս այն է, որ... օրիորդ, խնդիրն ես դնում եմ պարզ և շեշտակի. ասացեք, կուզե՞ք իմ կինս լինել, թե ոչ։

Հարցումս, ըստ երևույթին, այնքան անսպասելի էր նրա համար, որ մի րոպե ծայր աստիճան ապշանքով նայում էր ինծ առանց պատասխանելու։ Հետո, երբ հարցումս կրկնեցի, նա տանջանքով դեմքը շրջեց ինձնից։

— Խնդրում եմ,— ասաց հազիվ լսելի ձայնով,— ինձանից ոչինչ մի պահանջեք։

— Ապա ումի՞ց պահանջեմ,— հարցրի։

— Ծնողներիցս։

Այժմ հերթը ինձ հասավ ապշանքով նայելու նրան։

— Բայց դուք խո գիտե՞ք, որ նրանք չեն համաձայնի մեր ամուսնությանը։ Հը՞, օրիորդ, լսո՞ւմ եք ինչ եմ ասում,— համառորեն կրկնեցի ես, տեսնելով, որ գլուխը կախ՝ չի ուզում պատասխանել.— խո գիտեք, որ նրանք չեն համաձայնի. այն ժամանակ ի՞նչ կանեք։

— Դե ես ի՞նչ կարող եմ անել,— համարյա լացագին շշնջաց նա:

— Դուք փալա՛ս եք ուրեմն,— դուրս թռավ բերնիցս և զայրույթի հանկարծական բռնկումով, ինքս ինձ կորցրած, բռունցքս այնպես պինդ զարկեցի սեղանին, որ վրան դարսած շիշն ու բաժակները խաղացին զրնգզրնգալով։

Քալին վախից ճչաց և վեր թռավ տեղից։ Մինչև այդ միանգամայն խաղաղ հրապարակում մի տարօրինակ շարժում ընկավ. ամենքի հայացքը մեր կողմը դարձավ։ Ես ու Քալին դարձանք ընդհանուրի հետաքրքրության առարկան։ Սկանդալը կատարյալ էր։ Զղջացի, բայց արդեն ուշ էր։

Ու երբ դեռ կատարելապես չէի ուշաբերվել, տեսնեմ Քալիի եղբայրը իր ընկերների հետ կանգնած է մեզ մոտ, չեմ իմանում զարմացած թե վախեցած, փոխն ի փոխ նայում է մեզ և ինչ-որ բան է հարցնում մերթ քրոջը, մերթ ինձ դիմելով, իսկ ես կանգնած եմ նրա առջև հանցավոր երեխայի պես միանգամայն ամոթահար և նվաստացած ու խոսք չեմ գտնում պատասխանելու։

Այդ դրությամբ էլ թողի ու հեռացա։ Կարծես մի շղարշ էր իջել աչքերիս կամ շուրջս մի թանձր մշուշ էր պատել, որի միջով անցնում էի ու ոչինչ չէի տեսնում։ Գնում էի ու չէի իմանում — ուր։ Անզուսպ, խելացնոր զարմանքիս գիտակցությունը րոպե առ րոպե, վայրկյան առ վայրկյան շիկացած երկաթի պես շամփրում էր ուղեղս, և այդ միջոցին ի՞նչ չէի տա, միայն թե այդ գիտակցությունը չունենայի։

Այդ գիշեր իմ քունը քուն չէր, այլ մի կատարյալ մղձավանջ, ուր անդեմ ու մշուշապատ ուրվականների պես խառնվում էին իրար այգու մեջ Քալին, նրա եղբայրը, սրա ընկերները, սեղանների մոտ հեռու-մոտիկ նստած մարդիկ, սրանք բոլորը միասին, իսկ ես մեն-մենակ սրանց բոլորի մեջտեղը իմ ծայր աստիճան արգահատելի դիրքով, բոլորի հետաքրքրության և զարմանքի առարկան...

Հետևյալ օրը ես ուրիշ ավելի լավ բան չգտա անելու, եթե ոչ այն, որ հետևյալ նամակը գրեցի Քալիին ուղարկելու.

«Օրիորդ.

Ես երբեք չպիտի հանգստանամ, մինչև որ իմանամ, թե դուք ներում եք իմ երեկվա խելացնոր վարմունքը («խելացնոր» բառը ի՛նչ զորավոր, ի՛նչ վիրավորական բառով ուզում եք փոխարինեցեք, ես այդ ընդունում եմ)։ Իսկ եթե չներեք, չեմ իմանում, ճշմարիտ, ի՛նչ կպատահի ինձ։ Ես տանջվում եմ, ես հուսահատված եմ։ Երեկվա վարմունքիս գիտակցությունը խենթացնում է ինձ։ Ձեր հրեշտակային ներողամտությունը միայն հանգստություն կբերի տանջված ուղեղիս և հոգուս։ Անհամբեր սպասում եմ ձեր պատասխանին»։

Այս նամակը մտադիր էի ուղարկել Կոլյայի ձեռքով քրոջը հանձնելու համար։ Երկյուղ չունեի, որ նամակս կարող էր ընկնել Քալիի ծնողների ձեռքը, որոնցից անշուշտ ծածուկ մնացած չպիտի լիներ Մուշտայիդում պատահած միջադեպը, քանի որ այդ միջադեպին ներկա և վկա էր նրա եղբայրը, թեև այս էլ էի կարծում, որ «աղա դոկտորը», իբրև ինտելիգենտ մարդ, իր տգետ ծնողներին կարող էր ոչինչ հայտնած չլինել, իսկ քույրը խո այնքան հիմար չէր, որ ծնողներին պատմած լիներ, թե ինչ խայտառակ դրության մեջ էի դրել ես իրեն հասարակական այգում։ Բայց նամակս Քալիի ծնողների ձեռքն ընկնելուց ես չէի վախենում գլխավորապես այն պատճառով, որ նրա մեջ, իմ կարծիքով, այնպիսի բան չէի գրել, որ նրանց տեսակետից դատապարտելի լիներ. բացի այդ, Քալիի ներողամտությունը ստանալուց հետո, որի համար ոչ մի տարակույս չունեի, հաստատապես վճռել էի երեսս պնդացնեմ, գնամ ուղղակի նրա ծնողների մոտ և խնդրեմ նրանց աղջկա ձեռքը, թեև մեր հարաբերությունների ամբողջ ընթացքից շատ պարզ էր ինձ համար, որ ոչ մի հաջողություն չպիտի ունենամ: Վճիռս խեղդվող մարդու հուսահատական վճիռ էր. կամ այս, կամ այն. դրանով գոնե մի անգամից կորոշվեր իմ մշտատև երերուն վիճակը և անելիքը։

Նամակս գրել ծրարել էի և սպասում էի Կոլյային, բայց նա այդ օրը ոչ սովորական ժամին և ոչ հետևյալ ժամերին չերևաց։

Այդ արդեն առաջին վատ նշանն էր, և ես խիստ տատանման մեջ ընկա — նամակս ուղարկեի՞, թե ոչ։ «Է՛հ, ինչ ուզում է պատահի, ասացի ինքս ինձ,— եղածից խո ավելի վատ բան չի՞ պատահի», և նամակն ուղարկեցի քաղաքային փոստով:

Բայց պատահեց եղածից ոչ միայն ավելի և շատ ավելի վատ բան, այլև այնպիսի մի բան, որ այն ժամանակվա իմ անտանելի դրության մեջ բնավ չէի նախատեսել։ Այդ բանն այժմ ինձ մի շատ զվարճալի տրագի-կոմեդիա է թվում, բայց այն ժամանակ քիչ մնաց ինձ խելագարության հասցներ։

Կարճ խոսքերով պատմեմ իրողությունը։

Նամակս ուղարկելուց հետո հետևյալ օրը տանից դուրս չելա, րոպե առ րոպե սպասում էի, թե ահա որտեղ որ է, կմտնի կամ Կոլյան, կամ պոստային ցրիչը և կբերի Քալիի պատասխանը։ Բայց ո՛րքան եղավ զարմանքս, երբ Կոլյայի կամ պոստային ցրիչի տեղ ահագին աղմուկով սենյակս մտավ, ո՛չ, գնդակի պես ներս նետվեց Քալիի մայրը — «գիժ-Կեկելը» այնպես գազազած, որ վախից տեղն ու տեղս քարացա։ Հևում էր. քրտինքը կոխել էր երեսը, երևում էր, որ վազելով էր եկել։ Ու սկսեց իսկույն, սկսեց ոտը շեմքին դրած հենց առաջին վայրկյանից։ Առաջաբան չկար, սկսեց ուղղակի վերջաբանից, նախ նամակս շպրտեց երեսիս, հետո մի խիստ երկարատև ու փրփրալից ճառ արտասանեց, համեմված իր կռվարար լեզվին հատուկ բավական զորավոր ածականներով և սպառնալիքներով իմ հասցեին։ Դա ճառ չէր, սովորական խոսակցական լեզու չէր, այլ իրար վրա կուտակված, խելագար վազքով իրար գլխից թռչող բառերի մի անվերջ և անընդմեջ շարահյուսություն՝ առանց ստորակետերի և վերջնակետերի։ Չնայելով ողբալի դրությանս, զարմանում էի, թե ո՛րտեղից էր բխում այդ տիպիկ քաղքենի կնոջ մեջ այդ հարուստ բառապաշարը։

Որքան կարողացա հասկանալ, նրա ցասումնալից ճառն այն մասին էր, թե ի՜նչպես ես, քնձռոտ «ուչիտելս», համարձակվում էի աչք ունենալ իրենց աղջկա վրա, Մուշտայիդում սկանդալ սարքել նրա գլխին և այդ բանից հետո դեռ սիրահարական նամակ էլ գրել նրան։ Եվ այս ամեն մի մեղադրականին անմիջապես կցում էր «շե քեցիանո, շե կռո մամաձաղլո» («դու քոսոտ, դու կռո շանորդի»):

Այսպես, զորս դու պատվիրեցեր, մի լավ ներկեց ինձ, առանց թողնելու, որ մի բառ անգամ արտասանեմ, վերջը ինչ-որ սպառնալիքներ կարդաց ու թողեց հեռացավ, գլխի աղլուխն ուղղելով։

Այստեղ ես կարող էի վերջակետ դնել, եթե ինձ վիճակված չլիներ հետագայում նորից հանդիպելու Քալիին այնպիսի պարագայում, որ այն ժամանակ ինձ ուղղակի խենթացրեց, բայց որի հետ այժմ վաղուց հաշտվել եմ, ինչպես մարդ ժամանակի ընթացքում կհաշտվի իրեն շատ սիրելի հարազատի բնական մահվան հետ։

Անհրաժեշտ եմ համարում այդ հանդիպման մասին գրել պատմությունս լրացնելու համար։

10

Վեց տարի էր անցել։

Այդ վեց տարվա ընթացքում հայ ուսուցչի անհաստատ վիճակը Թիֆլիսից ինձ դարձյալ գավառներն էր նետել։

Ամառվա արձակուրդներին եկել էի Թիֆլիս, թեմական տեսչի մոտ՝ իմ և հոգաբարձության միջև ռոճկիս վերաբերմամբ ծագած մի վեճի համար։

Մի անգամ փողոցով անցնելիս հանդիպեցի Քալիենց բակում ապրող այն կնոջը, որին ազատել էի իր արբեցող մարդու գազանային ճիրաններից, բայց որի պատճառով դագանակի հարված էի ստացել ծոծրակիս, նույն այդ գազան մարդու ձեռքով։ Այդ վեց տարվա ընթացքում այնքան էր փոխվել, որ հազիվ ճանաչեցի և եթե ինքը չկանգներ չբարևեր, կթողնեի կանցնեի. ավելի կմախքացած, ավելի կորացած, այժմ ուղղակի պառավի էր նմանում իր սև, հնամաշ հագուստի մեջ։

— Այդ դո՞ւք եք, տիկին։ Ինչքա՜ն փոխվել եք։

— Է՜, եղբայր,— հառաչեց նա,— ինչ որ ես կրեցի իմ մարդու ձեռքից ամբողջ տասնհինգ տարի...

— Հիմա խելոքացե՞լ է, էլ չի՞ խմում, չի՞ ծեծում։

Նորից հառաչեց.

— Կա՞, որ խմի, ծեծի...

— Ինչպե՞ս թե...

— Մեռավ։

— Մեռա՞վ... ի՞նչ եք ասում։ Ե՞րբ։

Այս երկրորդ տարին է։

Ձայնը դողաց. առանց շտապելու գրպանից հանեց թաշկինակը և սեղմեց աչքերին։

Ապշեցի։ Մի՞թե այն գազանի համար էր արտասվում։

— Մի զարմանաք,— ասաց կերկերուն ձայնով, կարծես մտքինս գուշակելով։— Նա այնքան էլ վատ մարդ չէր, բայց անտեր մնա գինին... Եթե շատ էլ որ վատ մարդ լիներ, ինչ ուզում է լինի, էլի իմ ամուսինն էր, իմ թագն ու պսակը...

Ինձ մնում էր միայն ուսերս թոթվել տարակուսանքով այդ նահատակ հայ կնոջ առասպելական անհիշաչարության վրա։

Հետագա հարցուփորձից իմացա, որ «պիանիցը» մեռել էր սպիտակ տենդից։

— Էլի այն տա՞նն եք ապրում,— շարունակեցի հարցուփորձս, որպեսզի կողմնակի կերպով մի խոսք դուրս քաշեմ Քալիի մասին։

— Ոչ։ Ամուսնուս մահից հետո դուրս արին, որովհետև սենյակի վարձը չէի կարողանում վճարել։ Դե ես հիվանդ եմ, ինչքան էլ չարչարվում եմ, սրա-նրա համար լվացք եմ անում, թոկ եմ գզում, տոպրակներ կարում, էլի հազիվ եմ կարողանում կես կուշտ, կես տկլոր պահել երեխաներիս, ո՞ւր մնաց թե կարողանայի ամսական տասը ռուբլի սենյակի վարձ տալ։ Շատ, շատ վատ մարդ էր մեր տան տերը, իսկ նրա կինը խո... գիտեք էլի, ամեն օր կռիվ ու ղալմաղալ էր մեր բակում նրա պատճառով, երբեմն այնքան դատարկ բանի համար, որ մարդ զարմանում էր։

— Իսկ նրանց աղջի՞կը,— չկարողացա դիմանալ և հարցրի ես։

— Քալի՞ն։ Վայ, ես նրա հոգուն մեռնեմ. նա աղջիկ չէ, նա հրեշտակ է։ Եվ ես զարմանում եմ, մի՞թե կարող էր այնպիսի մի հոր ու մորից այդպիսի մի հրեշտակ ծնվել։ Նա որ չլիներ, մեզ վաղուց էին դուրս շպրտել այն տանից իմ մարդու պատճառով։ Նա էր, որ ինձ մխիթարում էր և օգնում ինչով որ կարողանում էր, ծնողներից ծածուկ։

Ուզում էի հարցնեմ ամուսնացա՞ծ է,— լեզուս չէր զորում։ Վախենում էի դրական պատասխան տար։ Բայց նա, կարծես մտքինս գուշակելով, ասաց.

— Ափսո՜ս, հազար ափսոս, որ իրեն արժանի մարդու չտվին, բոլորովին տգետ, պառավ, համարյա իր հոր տարիքի այրի մարդ է, այնպես որ մի կին արդեն թաղել է։ Բայց ասում են, շատ հարուստ է, Կախեթում ահագին այգիներ ունի, գինու վաճառքով է զբաղվում։

Առժամանակ կանգնած էի շանթահար. ականջներիս չէի հավատում. ամեն բան կսպասեի Քալիից, բայց այդպիսի բան...

— Եվ Քալին համաձայնե՞ց այդպիսի մարդու կինը լինել,— բացականչեցի ես։

— Ի՞նչ կարող է անել խեղճ աղջիկն այնպիսի հոր ու մոր ձեռքին։ Նշանված ժամանակ քանի՜ անգամ եմ տեսել նրան տխուր, արտասուքն աչքերին...

Էլ բան չհարցրի, թողի ու փախա. սարսափում էի ուրիշ մանրամասնություններ լսեմ։ Արդեն այն էլ, ինչ որ իմացա, քիչ էր մնում ինձ խելքահան աներ։

Տգետ, պառավ, գինեվաճառ... այդ բառերը եկան մեկը մյուսի ետևից շիկացած շամփուրների պես ցցվելու ուղեղիս մեջ, որպեսզի այլևս չհեռանան այնտեղից: Գինեվաճառի այդ տիպը ինձ շատ լավ ծանոթ էր Թիֆլիսի Շիրաջխանա կոչված այն զառիվայր փողոցից, ուր կենտրոնացած են Կախեթի գինու խանութներն ու պահեստները՝ լիքը գինու հսկայական տակառներով և ռումբիներով։ Վեց տարի առաջ Հավլաբարի դպրոցից դասերս ավարտելուց հետո տուն դառնալիս ես համարյա թե ամեն օր տեսնում էի այդ տիպը։ Իր ռումբու պես ուռուցիկ փորով, որի վրա արծաթե գոտին չտեղավորվելու պատճառով թռել էր դեպի կուրծքը, մեկի տեղ եռածալ կզակով, զուռնաչու պես փքած կարմիր թշերով և գոմշի վզով, որի մսերը ծալ-ծալ նստել էին ուսերին ու վզին, նա նստած էր լինում իր խանութի առջև քահրուբարի տեր-ողորմյան ձեռքին և ճարպակալ աչքերով նայում էր իր այդ օրվա ճաշին։ Այդ ճաշը պատրաստվում էր հենց այդտեղ, խանութի առջև, փողոցում. դա ոչխարի ամենաընտիր, ամենաճարպոտ մսի խորովածն է, որի շամփուրները մանղալի առջև պպզած շուռումուռ էր տալիս նրա գործակատարը և որի ճարպահոտն ու ծուխը բռնել էր ամբողջ փողոցը:

Եվ Քալին այդպիսի մարդու կի՜նն էր դառել...

Որ ասեմ թե դեռևս սիրում էի Քալիին — չէ. սերս կամաց-կամաց սառել էր այն օրից, երբ հույսս միանգամայն կտրեցի նրանից։ Այդ ինձ համար պատմական այն օրն էր, երբ նրա մայրը եկավ ինձ մոտ և քիչ մնաց ծվիկ-ծվիկ աներ ինձ, որ համարձակվել էի աչք բռնել իրենց աղջկա վրա: Ուրեմն նրա ամուսնության լուրն առնելիս ինձ այդպես սաստիկ ազդողն այն չէր, որ այժմ Քալին արդեն հաստատապես և վերջնականապես կորած էր ինձ համար, այլ այն, որ ես միանգամից թափանցեցի իրերի դրությունը։ Իսկ իրերի այդ դրությունը հետևյալ կերպով էր ներկայանում ինձ.— Քալին, լավ թե վատ, միջնակարգ կրթություն ստացած, կուլտուրայի շավղի վրա դրված ինտելիգենտ աղջիկ էր. քիչ թե շատ հետաքրքրվում էր կամ գոնե սկսել էր հետաքրքրվել գրականությամբ, հասարակական խնդիրներով: Եվ հանկարծ այդպիսի մի աղջիկ կին էր դարձել մի պառավ, տգետ գինեվաճառի, որի ուշքն ու միտքն անշուշտ իր տռզած փորից և փողի սնդուկից դենը չի տարածվում։ Ի՜նչ զարհուրելի կենակցություն պիտի լիներ նորատի, կենսուրախ, թռվռուն մի աղջկա և կյանքի ամբողջ հմայքը կորցրած, բայց անշուշտ վավաշոտ մի ծերունու միջև։ Ինչի մասին պիտի խոսեին նրանք իրար հետ, ինչպե՞ս պիտի համակերպեին իրենց հասկացողությունները, իրենց հայացքները, իրենց զգացումները, ճաշակը, հակումները... Կարելի բա՞ն էր միթե միացնել երկու հակառակ բևեռներ: Կարելի բա՞ն էր միթե նորաբողբոջ ծաղիկը տնկել հոտած, մգլած ճահճի մեջ...

Որ այդ ամուսնության մեջ մեղավոր էին Քալիի ծնողները, որ նրա կամքի և զգացումների վրա ամենաանխիղճ, ամենաբիրտ բռնություն էր կատարված ծնողների կողմից, այդ լույսի պես պարզ էր ինձ համար. բայց ինձ վերին աստիճանի զարմացնում էր այն հանգամանքը, թե մի՞թե Քալիի մեջ չկար ինքնուրույնության, ազատասիրության մի կայծ անգամ, որ դիմադրեր իր տգետ՝ անհասկացող ծնողների ստիպմունքին։ Հապա էլ ի՞նչ բանի էր պետք նրա ստացած կրթությունը, ուսումը։ Իսկ չէ՞ որ ուսման, կրթության ուժն ու զորությունը հենց այն է, որ մարդուն գիտակից է դարձնում, նրա մեջ ինքնուրույնություն է զարթեցնում, բարոյապես ինքն իր տերն է դարձնում նրան։ Նա կամքի այնքան ուժ չունեցավ, որ դիմադրեր ծնողներին իմ վերաբերմամբ, թեև անտարբեր չէր դեպի ինձ, գուցե մասամբ և վախեցավ այն բանից, որ մի թափառական չքավոր ուսուցչի կին լինելը շատ էլ վարդագույն հեռանկարներ չէր բանալու իր առջև. բայց մի՞թե կամքի այնքան ուժ էլ չունեցավ, որ բացեիբաց մերժեր հենց թեկուզ միմիայն տարիքով իրեն միանգամայն անհամապատասխան մարդու ձեռքը, ինչքան էլ որ այդ մարդը հարուստ լիներ։ Դրա համար խո կախաղան չէի՞ն հանի նրան։

Ուրեմն ճիշտ էր նրա երեսին շպրտած իմ խոսքը.— նա փալաս էր, կամքից, անհատականության, ազատասիրության զգացումից զուրկ մի արարած, մի խոսքով — քաղքենի հայ ընտանիքի մեջ մեծացած տիպիկ մի աղջիկ, որի մեջ ուսումը, կրթությունն ամեն բան փոխում է, բացի ստրկական ոգուց։ Եթե այդ ստրկական ատելի ոգին մոր կաթի հետ չէր ծծվել և արմատացել նրա մեջ, հապա էլ ո՞ր դեպքում պիտի արտահայտվեր, եթե ոչ ամուսնության խնդրում,— մի խնդիր, որը ոչ միայն իրեն՝ ամուսնացողի, այլև իր ամբողջ հետագա սերնդի բախտի հիմքն է դնում։ Խո չէ՞ր կարելի ընդունել, թե Քալին այդ չէր հասկանում իր ձեռքը տգետ, պառավ գինեվաճառին տալիս։

Եթե անգամ նա չէր հասկանում, եթե չէին հասկանում նրա ծնողները, գոնե նրա բարձրագույն կրթության տեր էսկուլապ եղբայրը պիտի հասկանար և քրոջ սիրույն ետ կասեցներ ծնողներին իրենց կործանարար քայլից։ Կամ գուցե քաղքենության ծոցից ելած այդ համլսարանական ինտելիգենտի մեջ ևս հավիտենական մի անեծքով պինդ նստած էր քաղքենին՝ աչքը տնկած իր հարուստ փեսայի քսակին....

Ո՞վ գիտե։ Սրանք միայն ենթադրություննե՞ր ասեմ, թե տրամաբանական հետևություններ էին, որ անում էի ես կատարված փաստից։

Այժմ ես արհամարհում էի Քալիին էլ, նրա եղբորն էլ։ Նրանց ծնողների մասին խո էլ չեմ խոսում։ Եթե դեպի Քալին տածած նախկին սիրույս ավերակներից մի-մի բեկոր դեռևս մնացել էին սրտիս խորքում թաղված, երբեմն-երբեմն միայն մխալով, դրանք էլ միանգամից փշրվեցին, փոշի դարձան։

Բայց ինչպես երևում էր, հիասթափությունս միայն սրանով չպիտի վերջանար։ Ինձ վիճակված էր անձամբ ականատես լինելու բնական երևույթի տրամաբանական հետևությանը։

Ահա թե ինչպես։

11

Թիֆլիսում այդ ամառ ես իջել էի իմ մի լավ բարեկամի մոտ, Հավլաբարում։

Հավլաբարն ընդհանրապես Թիֆլիսի կեղտոտ քաղաքամասերից մեկն է, իսկ բարեկամս այդ քաղաքամասի ամենաետ ընկած ամենակեղտոտ փողոցներից մեկումն էր ապրում։ Հունիս ամիսն էր, եղանակը տոթ. երեկոյան դեմ նստած էինք դեպի փողոց նայող պատշգամբում, թեյ էինք անուշ անում և վայելում ամեն կողմից փչող գարշահոտությունը։ Ներքևը՝ կիսախարխուլ, տափակ կտուրով մի տան առջև, փողոցի համարյա թե մեջտեղում, զանազան աղտեղություններով ծածկված մերկ գետնի վրա, մի-մի սեպ քար տակներն առած, նստոտած էին մի խումբ պառավ և ջահել կանայք, ոմանք ուղղակի բոբիկ ոտներով և գլխների փաթաթների ծայրերը ետ արած, որ մի քիչ հով փչի քրտնակոխ երեսներին։ Տոթը դուրս էր քշել նրանց իրենց խոնավ ու մութ տնակներից և նրանք եկել հավաքվել էին մեկտեղ իրենց առօրյա դարդերից խոսելու և բամբասանքների տոպրակը բանալու։ Նրանց շուրջը ականջ խլացնող ճիչ ու ծղրտոցով վազվզում էին բազմաթիվ երեխաներ, ոմանց հագին միայն մի շապիկ և ոմանց հագին միայն մի վարտիք։ Ինչպես երևում էր, այդ երեխաները շատ էին խանգարում կանանց՝ իրենց բամբասանքները հանգիստ շարունակելու և նրանք անեծքակոխ անելով շարունակ քշում էին իրենց մոտից այդ չարաճճիներին։ Չարաճճիները մի րոպե կորչում էին փողոցի այս կամ այն ծայրը և նորից ճիչ ու ծղրտոցով գալիս էին իրենց աղմկալի խաղը շարունակելու նրանց շուրջը։ Կանանցից մեկը, որ, ինչպես երևում էր, ամենից ջղայինը և անհամբերատարն էր, հանկարծ վեր թռավ տեղից, վազեց բռնեց երեխաներից ամենաչարաճճիին և սկսեց տուր թե կտաս նրա մերկ հետույքին՝ այնքան կատաղի կերպով, որ շրմփոցի ձայնը մեզ էր հասնում։ Երեխան երկար ժամանակ խլպլտում էր նրա ձեռքին, մինչև որ կարողացավ դուրս պրծնել և լաց լինելով փախավ։ Կինը, սիրտը հովացրած, եկավ նստեց իր տեղը, շարունակելով իր անլուր անեծքները երեխաների «ետ գցողների» հասցեին։ Ծեծված երեխայի ընկերներն ու ընկերուհիները հենց սկզբից ցրիվ էին եկել, անհետացել։

Փողոցը հազիվ մի քիչ հանգստացել էր չարաճճիների ճիչ ու ծղրտոցից, մեկ էլ տեսնեմ որտեղից որտեղ հանդես եկավ մի նոր կին, ինչպես երևում էր, ծեծված երեխայի մայրը։ Նրա ձայնը դեռևս հեռվից էր լսվում։ Գալիս էր կրակ կտրած աչքերով։ Եկավ ու սկսվեց։

Բանավեճը կամ, ավելի լավ է ասեմ, բառավեճը սկզբում ծեծված երեխայի մոր և նրա երեխային ծեծող կնոջ միջև էր։ Ասենք դա ավելի շուտ կատաղի մրցություն էր ամենաընտիր և մեծ տաղանդով շարահյուսված անեծքների, որոնց մեջ նույնիսկ հազվադեպ չէին տղամարդկանց բերնից ելնող և նրանց միակ սազական անհամեստ հայհոյանքներ։ Հետո մրցությանը սկսեցին մասնակցել և ուրիշները։ Մեկը մյուսի ետևից հանդես էին գալիս ընտանիքների այնպիսի կենսագրականներ, ուր «բոզը», «գողը», «կինտոն», «ղումարբազը», «չաթուքեսանը», «ջիբգիրը», «պիանիցը» և այլն, և այլն իրենց պատվավոր տեղն էին բռնել։

Բայց դա միայն նախերգանքն էր։ Շուտով սկսվեց և բուռն գործողությունը մի շատ փառավոր ապաթյոզով։ Երկուսի մենամարտը դարձավ ընդհանուր պատերազմ, որի մեջ չէր երևում ո՛վ էր հարձակվում և ո՛վ պաշտպանվում: Ձեռքեր էին, որ բարձրանում էին և իջնում շրմփոցով, քիթ ու պռունկ էր, որ ջարդվում էր, սուր-սուր եղունգներ էին, որ ցցվում էին մարմինների մեջ, շորեր էին, որ ծվիկ-ծվիկ էին լինում, գլխի փաթաթաններ էին, որ տրորվում էին ոտների տակ, մազեր էին, որ փունջ-փունջ պոկվում էին գլխներից և ցրիվ գալիս գետնին...

Թեև այս տեսարանը ինձ շատ լավ ծանոթ էր դեռևս վեց տարի առաջ՝ իմ նախկին տանտիրոջ բակից, նրա կնոջ՝ գիժ-Կեկելի շնորհիվ, բայց սա մի գրանդիոզ բան էր իմ նախկին տեսածների հանդեպ։ Ու մինչդեռ ես, կատարելապես ապուշ կտրած, դիտում էի կանացի այս պատերազմը, բարեկամս ծիծաղից փորը բռնած էր։

Էլ չդիմացա, վեր թռա տեղիցս, որ գնամ ամաչեցնեմ այդ խելագար կանանց և բաժանեմ իրարից, բայց բարեկամս վրա ընկավ թևիս և նստեցրեց տեղս։

— Կաց,— ասաց,— թե չէ՝ քեզ էլ այն օրը կգցեն, որ հատ ոտով կփախչես։ Սրանք այնպիսի ազազիլ արարածներ են, որ կատաղած ժամանակ մարդ կուտեն։ Դու չես ճանաչում սրանց։

— Սխալվում ես,— վրա բերի ես,— ես ոչ միայն ճանաչում եմ սրանց, այլև սրանց կարգին պատկանող ամենաազազիլներից մեկի շորշոփն եմ կրել անձամբ։

— Հա-ա՞,— ծիծաղեց բարեկամս,— շատ հետաքրքրական է։

— Ես քեզ կպատմեմ։ Բայց առայժմ պետք է վերջ տա՞լ այս խայտառակությանը, թե ոչ։

— Դու հանգիստ նստիր քո տեղը և հուզվելու տեղ զվարճացիր, իրենք իրենց վերջ կտան։ Սրանց համար դա պարապ վախտվա խաղալիք է, իրենց առօրյա զբաղմունքներից մեկը։ Շուտով հաշտություն կկնքեն, կողմերը կգնան իրենց կորուստները հաշվելու, վերքերին դարման դնելու և վաղը չէ մյուս օրը կտեսնես նրանց նորից մեկտեղ հավաքված առաջվա պես խաղաղ զրույց անելիս։ Ես սրանց մշտական հարևանն եմ, գիտեմ սրանց բնավորությունը։

Ճիշտ է, հաշտությունը կնքվեց, բայց ոչ շուտով։ Տուրուդմփոցը վերջացավ, բայց փոխադարձ անեծքներով ու հայհոյանքներով համեմված, կանանց ճիչ ու ծղրտոցները դեռ երկար ժամանակ շարունակվում էին, մինչև որ մութը կամաց-կամաց կոխեց, և ամեն մեկը քաշվեց իր տունը։

Ես ու բարեկամս համարյա մինչև կեսգիշեր նստած էինք պատշգամբում։ Օդը զովացել էր։ Փողոցը ննջում էր հանգիստ։ Կանանց ճիչ ու ծղրտոցի տեղ այժմ ծղրիդների քուն բերող անդադրում ճռինչն էր լսվում։

Նստած էինք, և ես ամենայն մանրամասնությամբ պատմում էի բարեկամիս իմ սիրո պատմությունը։ Չնայելով վեց տարվա վաղեմությանը, իմ մեջ նորոգվել էր այն բոլոր մաղձը, որ կուտակվել էր սրտիս խորքում դեպի իմ տանտերը, դեպի նրա կինը, դեպի նրա էսկուլապ որդին և մանավանդ Քալին, որ իմ բոլոր հույսերս խորտակեց իր «փալաս» լինելու շնորհիվ։ Եվ պատմությանս ընթացքում ոչ մի զորավոր բառ չէի խնայում մաղձս թափելու համար։

Բարեկամս, որ շատ զվարճասեր մարդ էր, փոխանակ կարեկցությամբ լսելու պատմությունս, շարունակ ծիծաղում էր։ Իսկ երբ հասա դեպքերի ֆինալին, այսինքն այն կետին, երբ գիժ-Կեկելը ներս պրծավ սենյակս, նամակս շպրտեց երեսիս «շեն քեցիանո», «շեն կռո մամաձաղլո» (դու քոսոտ, դու կռո շանորդի) խոսքերով, նրա ծիծաղը հանկարծ այնպես բռնեց, որ գնդակի պես վեր թռավ տեղից և սկսեց պտույտ-պտույտ գալ, ոտները զարկելով հատակին։ Հետո մի փոքր որ հանգստացավ, նորից նստեց իր տեղը և, անզուսպ ծիծաղից ջրակալած աչքերը սրբելով, ասաց.

— Բավական է, էլ չշարունակես, էլ փիլիսոփայությունների պետք չկա։ Մի անգամից ասա՝ քնձռոտ վարժապետ էի և աղջիկը չտվին ինձ։ Թե չէ՝ էլ ի՛նչ քաղքենիություն ու մաղքենիություն, ի՛նչ ուսում ու մուսում։ Դրանք դատարկ խոսքեր են։ Քո պատմությունը,— շարունակեց բարեկամս այս անգամ լրջորեն,— ընդհանուր երևույթի հազարավոր վարիանտներից մեկն է, և այդ երևույթը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև որ մի նոր ջրհեղեղ գա և սրբի տանի մեր գիժ-Կեկելների սերունդը իրենց բարքերով և այն տեսարաններով, որոնցից մեկին մենք հանդիսատես եղանք այս երեկո...

Հետևյալ օրը ևս ականատես եղա մի ուրիշ երևույթի։

Առավոտյան ես ու բարեկամս դուրս եկանք, որ գնանք ես իմ, նա իր գործին։ Փողոցի ծայրին իմ ուշադրությունը գրավեց կանանց մի խումբ, որ հավաքված էր մի տան նեղլիկ բակում։ Երևում էր, որ նրանք այդ աղքատ թաղից չէին, որովհետև շատ լավ էին հագնված։

— Ո՞վքեր են, ինչո՞ւ են հավաքվել,— հարցրի բարեկամիս։

— Հերթի են սպասում։

— Ի՞նչ հերթի:

— Որ իմանան, թե իրենց հավը ո՛վ է գողացել. որ իմանան, թե գիշերը տեսած իրենց երազը ի բարի՞ն կկատարվի, թե ի չարը. որ իմանան, թե եթե չբերք են, ինչ պետք է անեն, որ բերքատու դառնան և ավելացնեն իրենց պես հիմարների թիվը կամ ընդհակառակն։

— Ուրեմն այստեղ գրբա՞ց է ապրում և սրանք...

— Ի՜նչ գրբաց, մի ֆենոմեն կին ասա, որ Սողոմոն իմաստունին ծարավ ջուրը կտանի ու կբերի, և աշխարհիս այն ո՞ր հռչակավոր գինեկոլոգ-պրոֆեսորն է, որ իր հմտությամբ կարողանա նրա պես բժշկել կանանց ամեն տեսակ հիվանդություններից — ժառանգական, թե ամուսնական, և Աբրահամի գոգն ուղարկել շատերին...

Այն, ինչ որ ասում էր բարեկամս իրեն հատուկ հեգնանքով, իհարկե նորություն չէր ինձ համար. նորությունը, և միանգամայն անսպասելի նորությունը,— գեթ սկզբի րոպեներին,— ահա թե ինչն էր։

Դեռ չէինք ծռվել մյուս փողոցը, որ այնտեղից դուրս եկան երեք կին և գալիս էին մեր կողմը։ Մեկը շատ պառավ էր երկուտակված մեջքով և հազիվ էր քայլում ձեռնափայտը ձեռքին։ Մյուսը միջին տարիքի կին էր, իսկ երրորդը՝ շատ ջահել, թխադեմ, ժպտուն, կրակոտ աչքերով։ Երեքն էլ հագնված էին վրացնակ, անխուսափելի չիխտի-կոպիով և թշերի վրա կախված կավիքներով։ Երևում էր, որ հարուստ ընտանիքից էին։ Ջահել կինը մի քիչ առաջ էր ընկել, միջին տարիքի կինը հետևում էր նրան, իսկ պառավը տնքտնքալով քարշ էր գալիս նրանց ետևից և անատամ բերանով ինչ-որ քրթմնջում։

Մոտներով անցնելիս հազիվ մի րոպե աչք գցեցի նրանց վրա, և դեռ մի քանի քայլ չհեռացած նրանցից, հանկարծ կանգ առա շանթահար ու ետ նայեցի։

— Հը՛, երազ խո չտեսա՞ր,— զարմացած հարցրեց բարեկամս։

Չպատասխանեցի։ Նայում էի կանանց ետևից աչքերս չորս շինած։

Երեք կանայք գնացին, մի րոպե կանգ առան այն տան բակի առջև, ուր հերթի էին սպասում գրբացի կլիենտները և ներս մտան։

— Հը՛, խոսիր է՛,— կանչեց բարեկամս անհամբեր։

— Խոսե՞մ, ի՞նչ խոսեմ,— ասացի ես,— զարմանքից, ապշությունից, անսպասելիությունից լեզու մնացե՞լ է բերանումս, որ խոսեմ։ Գիտե՞ս ով էր այն ջահել կինը։ Քալին էր, տանտիրոջս աղջիկը։

— Հա֊ա՞։ Սպասիր մեկ ձեռքս դնեմ կրծքիդ,— ասաց բարեկամս կոմիկական լրջությամբ և իսկապես ձեռքը դրեց կրծքիս։— Ոչինչ, լավ է տկտկում։

Ու ծիծաղեց։

— Եվ դեռ ասում էիր, թե վաղուց թաղել մոռացել էիր նրան։ Հը՞, բարեկամ, բռնվեցի՞ր։

— Սկզբում ախր չճանաչեցի նրան,— ասացի ես առանց ուշադրություն դարձնելու բարեկամիս սովորական ծաղրանքին,— որովհետև մեջտեղով վեց տարի է անցել և, հետո, ի՛նչ կկարծեի, թե լաչակով կտեսնեմ նրան: Մորից ճանաչեցի, որ նա է, այն սոսկալի կնոջ երեսին նայելուց հետո միայն։ Այն մեկն էլ ախր նրա մայրն էր։ Իսկ այն պառավն անշուշտ սկեսուրը կլիներ։ Եվ տեսա՞ր ուր մտան։

— Տեսա։

— Եվ ի՞նչ ես կարծում՝ լաչա՞կ կդներ գլխին և գրբացների դռնե՞րը ման կգար։

— Ճիշտ է, լաչակ չէր դնի գլխին, իմ սիրելի հայկական Չացկի, բայց դեռ հարց է՝ գրբացների դռները չէ՞ր ման գա, արդյոք։ Որովհետև ինչքան էլ որ քո գաղափարները հալեցնեիր նրա գլխում, այնուամենայնիվ, քո գավառական քաղաքում հեռու-մոտիկ ազգական կամ հարևան այաններ ու աբլաներ կունենաս, որոնք կարիք եղած դեպքում կփսփսային նրա ականջին քեզնից ծածուկ և կտանեին իրենց ճամփով։

— Եվ մինչև ե՞րբ պիտի շարունակվի այս սոսկալի երևույթը։

— Մինչև ե՞րբ։ Մինչև որ, ինչպես երեկ էլ ասացի, մի նոր ջրհեղեղ գա և սրբի տանի քո գիժ-Կեկելների, քո այանների ու աբլաների ամբողջ սերունդը իր բարքերով, սովորություններով, նախապաշարումներով, իր աղոթքներով ու անեծքներով և այն տեսարաններով, որոնցից մեկին ես ու դու հանդիսատես եղանք երեկ երեկո հենց այս փողոցում և այժմ՝ գրբացի բակում։

— Իսկ մինչ ա՞յդ։

— Իսկ մինչ այդ ես ու դու իզուր կնստենք չանա թակելու։ Աշխարհասասան մի կատաստրոֆ, որ քար քարի վրա չթողնի,— ահա թե ինչ է հարկավոր։

Ինձ ուրիշ բան չէր մնում ասելու, եթե ոչ համաձայնելու բարեկամիս եզրակացությանը։