Նոր էր բացվում այգն իմ կենաց,
Մտի սիրո բուրաստան,
Ուր հույլ ի հույլ դեռ թերաբաց
Փայլում էին վարդ, շուշան։
Ուր սոխակը ոլորում էր
Յուր սրտառուչ դայլայլիկ,
Ուր զեփյուռը գուրգում էր
Առվին ալիք գեղեցիկ։
Ինձ պատեցին բյուր հրապույրներ,
Գեղ և շնորհք երկնային,
Եվ հնչեցին թովիչ ձայներ
Իմ փափկազգաց ականջին։
Մանուկ սիրտս բորբոքեցավ,
Ներսս վառվեց նոր կրակ,
Զի վարդենին ինձ կախարդեց
Յուր աչերովն անուշակ։
Հափշտակյալ ու գրկաբաց
Դեպի նրան դիմեցի
Եվ թերաբաց կոկոններին
Մեղմով համբույր մատուցի:
|
|
Աղբերակունք վճիտ, մաքուր
Խաղացրի նրա շուրջ,
Հովհարներով բերի զեփյուռ
Յուր վարդերին փչել շունչ։
Սպասեցի, որ տար ծաղիկ
Ինձ իմ գողտրիկ վարդենին,
Փնջիկներով հանգչեր հիմ գիրկ
Մեղմիկ բուրեր իմ սրտին։
Քաղցր էր այս հույս, նա ինձ նոր կյանք
Խինդ ու հրճվանք էր բերում,
Նրա շնորհիվ բոլոր աշխարհ
Ինձ վարդասփյուռ էր թվում…
Ավա՜ղ, դաժան եղավ բնություն,
Նա իմ հույսը կործանեց,
Բուք, փոթորիկ մըրըրկելով
Սեգ վարդենիս տապալեց։
Փափուկ ոստերն ընկան գետին,
Վարդերն եղան տերևթափ,
Ա՜հ, այդ ավերն իմ հեք սրտին
Հարված տվավ մահու չափ։
Եվ ցողեցին աչքերս առատ,
Կյանքս դարձավ սգալիր,
Բայց ոչ մի ձայն իմ հուսահատ
Սրտին եղավ կարեկից։
Այլ և արցունքս ծաղրեցին
Եվ ա՛յն հավատ մանկական,
Որ սիրո մեջ ես պտրեցի
Երջանկություն մշտական։
«Սիրո ծաղիկ՝ հազիվ թիթռան
Կյանքըն ունի, ասացին,
|
|
Ապրիլ սիրող սիրտը՝ նրան
Չի պտի հարի ջերմագին…»:
Հավատացի մարդկանց փորձին
Եվ ապրեցի սիրազուրկ,
Բայց այնուհետ էլ ոչնչռվ
Չքաղցրացան իմ արցունք։
Աշխարհն ամեն հետզհետե
Ամայացավ ինձ համար.
Արև, լուսին, կարծես հանգան,
Հոգվույս տիրեց մեգ խավար…
Եվ այդ մութին մեջ ես նորեն
Դարձա իմ հին հավատքին,
Դավանեցի թե սերն է լոկ
Կյանքի հրապույրն ու հոգին.
Եվ աշխարհըն մարդու համար
Պիտի դառնար տանջարան,
Եթե Աստված չկամենար
Սերը պարգև տալ նրան։
1877
Շուշի
|
|
|
|