Տարածքի օրինական իրավատիրության և Սալմաստի ու Խոյի մասին

Եռամեծար փիլիսոփա Դավիթ Անհաղթն ասում էր. «Ինչպե՞ս կարող է գիտությունը սահման ունենալ, երբ տգիտությունն անսահման է»: Նման մի անսահման տգիտության ականատես և ականջալուր եղանք վերջերս, երբ մի երիտասարդ անսխալականության երանգը ձայնի մեջ հարց էր տալիս. «Խոյն ու Սալմաստն էլ հայկական պատմական հողեր են: Ինչո՞ւ դրանց մասին լռում եք, իսկ Թուրքիայից հողեր եք պահանջում»:

Երիտասարդն ակնհայտորեն տեղյակ չէր, որ հողային պահանջները (claims to territory) հիմնված են լինում ոչ թե պատմության, այլ միջազգային իրավունքի համապատասխան փաստաթղթերի վրա: Միջազգային հարաբերությունների մեջ որևէ տարածքի օրինական իրավատիրությունը (legal possession) որոշվում է ոչ թե պատմական անցյալով կամ փաստացի տնօրինմամբ, այլ այդ տարածքի նկատմամբ ճանաչված տիտղոսով (title to territory): Երբ պատերազմի ժամանակ մի երկիրը մյուսից տարածք է գրավում տվյալ տարածքը շարունակում է մնալ տուժած երկրի տարածքն այնքան ժամանակ, քանի դեռ համապատասխան փաստաթղթով չի ամրագրվել տարածքի տիտղոսի փոխանցումը: Դա շատ նման է առօրյա կյանքին: Քանի դեռ համապատասխան փաստաթղթով չեք ձևակերպել ձեր իրավունքը որոշակի հողակտորի վրա, այն ձերը չէ, անկախ այն բանից՝ քանի տարի եք ապրում այդտեղ կամ քանի կառույց ունեք դրա վրա:

Հիմա Խոյի և Սալմաստի մասին: Խոյի և Սալմաստի վրա Իրանի (պարսկական) տիտղոսը ճանաչվել է 1639 մայիսի 17-ի թուրք-պարսկական պայմանագրով, ապա այն վերահաստատվել է 1746թ. սեպտեմբերի 4-ի, 1823թ. հուլիսի 28-ի և 1847թ. մայիսի 31-ի պայմանագրերով: Չկա մի որևէ գործող իրավական փաստաթուղթ, որով Խոյն ու Սալմաստը ունենան Հայաստանի Հանրապետության տիտղոսը: Ավելին, Փարիզի խաղաղության վեհաժողովը (1919-1920թթ.) հաստատել է նախկին Ռուսական կայսրության՝ Պարսկաստանի հետ ունեցած սահմանը՝ որպես նորաստեղծ Հայաստանի Հանրապետության և Պարսկաստանի սահման:

Ինչ վերաբերում է Թուրքիայի նկատմամբ հողային պահանջներ ունենալուն, ապա եթե խնդրին տանք ճշգրիտ իրավական ձևակերպում (legal definition), ապա մենք ոչ թե Թուրքիայից հողեր ենք պահանջում, այլ պահանջում ենք, որ Թուրքիան վերջ դնի Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասի անօրինական բռնազավթմանը: Այդ տարածքը որոշվում է ոչ թե պատմությամբ, այլ տարածքի նկատմամբ առկա օրինական՝ հայկական տիտղոսով: Այսպես, նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների՝ համապատասխանաբար 63%, 66%, 100% և 75% տարածքը de jure պատկանում է Հայաստանի Հանրապետությանը ոչ թե այն պատճառով, որ դրանք եղել են «պատմական հայկական հողեր» կամ ցեղասպանություն է եղել, այլ որովհետև դրանք, չնայած Թուրքիայի կողմից դրանց 1920թ. բռնազավթմանը, առ այսօր կրում են Հայաստանի Հանրապետության իրավական տիտղոսը: Տիտղոս, որը նախ 1920թ. ապրիլի 26-ին ավելի քան 50 երկրների անունից ճանաչել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան, ապա ԱՄՆ մեծ կնիքով (The Great Seal of the United States) ու նախագահ Վիլսոնի ստորագրությամբ վերահաստատվել և ուժի մեջ է մտել 1920թ. նոյեմբերի 22-ին, իսկ հետո վերահաստատվել է Լոզանի՝ 1923թ. հուլիսի 24-ի պայմանագրի 16-րդ հոդվածով:

Հիմա չեմ ուզում այլ հարցերի անդրադառնալ, սակայն պատասխանեմ մի հարցի ևս, որ հաճախ է հնչում: Ի՞նչպես պիտի վարվենք այդ տարածքի հետ: Դա մեր բոլորիս՝ Հայաստանում, թե Սփյուռքում ապրողների, օտարախոս, թե հայախոս, առաքելական, թե մուսուլման, հարուստ թե աղքատ, մեր բոլորիս՝ հայ ժողովրդի, որոշելիքն է: Կուզենք կծախենք, կուզենք վարձու կտանք, կուզենք կնվիրենք Իսլանդիային, դա մեր որոշելիքն է: Ինչպիսին էլ լինի որոշումը, դրան պիտի մասնակցենք մենք բոլորս: Հայրենիքը բոլորինս է, այն չի բաշխվում ըստ պաշտոնի:


7 սեպտեմբերի, 2009թ.