Տարեկան հաղորդում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտահերթ նիստում




ՏԱՐԵԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏՈՒՄ

խմբագրել
(18 հունվարի, 1995թ.)

Մեծարգո նախագահ,

Մեծարգո պատգամավորներ,

Ինձ համար բավականին հեշտ ու հաճելի է խոսել 1994 թվականի մասին, որովհետեւ այն հիրավի դարձավ անկախության ժամանակաշրջանի առաջին անցնցում տարին՝ միաժամանակ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական տեսակետներից։

Իրողության ակնհայտությունն ապացուցման կարիք չունի, եթե հիշելու լինենք նախորդ տարիների փոթորկահույզ իրադարձությունները։ Այսպես. 1991 թվական. - Գետաշենի, Շահումյանի եւ Հադրութի շրջանների հայկական գյուղերի տեղահանությունը, - օգոստոսյան պետական հեղաշրջումը։

1992 թվական. - գարնանային հաջողություններին հաջորդած ռազմական պարտությունները Շահումյանում, Մարտակերտում, Արծվաշենում, - Աբխազական երկաթուղու խափանումը։

1993 թվական. - ռուբլու գոտու քայքայմամբ պայմանավորված ֆինանսական ճգնաժամը, - հայ-ռուսական հարաբերություններում ծագած ժամանակավոր թյուրըմբռնումը։ 1994 թվականը թեեւ նույնպես սկսվեց չափազանց ծանր պայմաններում՝ կապված Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ծավալած լայնամասշտաբ հարձակման եւ ազգային դրամի ներդրման բնական դժվարությունների հետ, սակայն գարնան վերջում այս երկու խնդիրներն էլ արդեն հիմնովին հաղթահարված էին։

Դրանից հետո հանրապետությունը փաստորեն մտավ սոցիալ-տնտեսական կայունացման բնականոն ընթացքի մեջ, որ շարունակվում է մինչեւ օրս։ Ոչ մի հիմք չկա կասկածելու, որ այս դրական միտումը կպահպանվի նաեւ առաջիկայում։ Այսինքն, մենք գործ ունենք արդեն ոչ թե պատահական, անբացատրելի, ժամանակավոր երեւույթի, այլ հիմնավոր հասարակական-քաղաքական եւ սոցիալ-տնտեսական գործընթացի հետ, որ հետեւանք է հանրապետության օրենսդիր եւ գործադիր իշխանությունների առերեւույթ դժվարըմբռնելի, բայց իրականում նպատակասլաց գործունեության։ Իսկ թե ինչո՞ւ դժվարըմբռնելի՝ դա պետք է համարել պետական քարոզչության տկարության արդյունքը, որի մասին պետք է լրջորեն մտածեն համապատասխան մարմինները։

Խորհրդարանն անցյալ տարի բազմաթիվ հնարավորություններ է ունեցել ծանոթանալու Հանրապետության Նախագահի եւ վարչապետի՝ երկրի համար կարեւորագույն հետաքրքրություն ներկայացնող հարցերին նվիրված ելույթներին, ուստի ավելորդ եմ համարում այսօր կրկին մանրամասնորեն անդրադառնալ դրանց։ Հիշեցման կարգով նշեմ միայն, որ 1994 թվականին խորհրդարանի առջեւ ես հանդես եմ եկել չորս անգամ՝ սեփականաշնորհման տարեկան ծրագրի, Սահմանադրության ընդունման կարգի, Սահմանադրության մշակված տարբերակների եւ կառավարության ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների պատրաստած տնտեսական ծրագրի քննարկումների ժամանակ։

Խուսափելով մանրամասներից, ես այժմ կփորձեմ ներկայացնել ու գնահատել անցյալ տարվա հատկանշական ուրվագծերը՝ կանգ առնելով մասնավորապես երեք կարեւորագույն խնդիրների վրա, որոնք են.

ա) Լեռնային Ղարաբաղում հաստատված երկարատեւ զինադադարն ու ղարաբաղյան հակամարտության դիվանագիտական կարգավորման բնականոն զարգացումը,

բ) հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի կայունացման հարաճուն միտումները, գ) միջազգային ֆինանսական կազմակերպությունների երկար ակնկալված աջակցության ապահովումը։

* * *

1994 թվականի ամենանշանակալից իրադարձությունն, անշուշտ, ութամսյա զինադադարն է՝ ամենաերկարատեւն ու ամենակայունը ղարաբաղյան պատերազմի ողջ պատմության ընթացքում։ Ռուսաստանի եւ ԵԱՀԽ-ի միջնորդական ջանքերի, ինչպես նաեւ հակամարտող կողմերի քաղաքական կամքի դրսեւորման արդյունք հանդիսացող այս զինադադարի նշանակությունը, սակայն, ըստ իս, թե՛ նախադրյալների եւ թե՛ մանավանդ հետեւանքների տեսակետից առայժմ ըստ արժանվույն չի գնահատված։

Զինադադարի կայացման փաստը բոլորովին անհասկանալի կմնա, եթե նկատի չառնվի նրան նախորդած շուրջ հնգամսյա ռազմական իրադրությունը՝ ամենաթեժն ու ամենաարյունահեղը ղարաբաղյան հակամարտության ողջ ժամանակամիջոցում։

1993–1994 թթ. ձմռան ամիսներին Լեռնային Ղարաբաղի դեմ ողջ ռազմաճակատի գծով Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակումը հանդիսացավ արցախահայության ինքնապաշտպանական կարողությունների թեեւ դաժան, բայց համոզիչ քննությունը։ Երկարատեւ ու ծանր պաշտպանական մարտերից հետո ապրիլ ամսին անցնելով կտրուկ հակահարձակման՝ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը լիովին վերականգնեցին նախորդ տարվա աշնանը ձեւավորված ստատուս-քվոն՝ գումարած Մարտակերտի շրջանի մի շարք բնակավայրերի, այդ թվում՝ շրջկենտրոնի ազատագրումը։

Ադրբեջանական ուժերի ձմեռային ռազմարշավի ձախողումը եւ ռազմաճակատում ստատուս-քվոյի վերականգնումն, այսպիսով, հանդիսացան մայիսյան զինադադարի կայացման հիմնական նախադրյալները, որոնց առկայությունն, ինչ խոսք, մեծապես դյուրացրեց միջնորդ երկրների խաղաղարար առաքելությունը։ Զինադադարի փաստի մեջ, ըստ այդմ, միանգամայն տեղին է դիտել հակամարտող ուժերի կողմից խնդրի ռազմական լուծման անհեռանկարայնության ակամա խոստովանությունը՝ միտված աստիճանաբար վերածվելու հաստա տուն գիտակցության, որն, անշուշտ, կայուն եւ վերջնական խաղաղության հաստատման կարեւորագույն գրավականն է։

Ինչ վերաբերում է զինադադարի հետեւանքներին, ապա դրանցից գլխավորը հակամարտության կարգավորման դիվանագիտական գործընթացի վերականգնումն է՝ գործընթաց, որը նախորդ շրջանում, թվում էր, մտել է անելանելի փակուղի։

Սակայն նախքան բուն հարցին անդրադառնալը կուզեի, ձեր ներողամտությամբ, ինձ թույլ տալ օգտվել դիվանագիտության վերաբերյալ մի փոքր քնարական զեղում կատարելու գայթակղության հրաշալի պատեհությունից։ Ներկա հայ հասարակական մտքի անդաստանում դիվանագիտության նկատմամբ առկա է երկակի մոտեցում. մի կողմից՝ ծայրահեղ անտեսում կամ թերահավատություն, մյուս կողմից՝ բացարձակ գերագնահատում։ Եւ տարօրինակն այն է, որ այս իրարամերժ մոտեցումները շատ հաճախ դրսեւորվում են հանձինս միեւնույն մարդկանց կամ միեւնույն քաղաքական ուժերի։ Այսպես, նույն մարդիկ եւ նույն քաղաքական ուժերը, ովքեր ժխտելով դիվանագիտության ուղին, մերժելով հարցի միջազգայնացումը ԵԱՀԽ-ի կամ ՄԱԿ-ի շրջանակներում, պնդում են, որ Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել միայն ռազմական միջոցներով, միեւնույն ժամանակ առիթը բաց չեն թողնում խոցելու հանրապետության իշխանություններին, որ նրանք իբր ռազմական հաջողությունները չեն ամրապնդում դիվանագիտական նվաճումներով։ Ավելին, ասվում է նույնիսկ, որ դիվանագիտության ասպարեզում Հայաստանն անընդհատ պարտություններ է կրում, մոռացության տալով այն պարզ ճշմարտությունը, որ ռազմական հաջողությունները շատ հաճախ, զգալի չափով ինքնին պայմանավորված են լինում դիվանագիտական ձեռքբերումներով։

Սա կարող է բացատրվել ընդամենը երկու պատճառով՝ կա՛մ դիվանագիտության վերաբերյալ մեր ընդդիմախոսների թյուր պատկերացմամբ, կա՛մ իրականության խեղաթյուրման դիտավորությամբ։

Դժգոհության հիմնական առարկան Հայաստանի իշխանություններից հանգում է նրան, որ նրանք, ո՛վ սարսափ, փորձում են գաղտնի պահել իրենց դիվանագիտական քայլերը։ Ի դեպ, այստեղ կրկին մոռացության է տրվում մի այլ պարզ ճշմարտություն. դիվանագիտությունը երկրի քաղաքականության հենց այն բնագավառն է, որը մինչեւ որեւէ արդյունքի ձեռքբերումը պարտադրաբար գաղտնի է մնում։ Սա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլեւ մեզանից տասնյակ անգամ մեծ ու հզոր պետությունների։ Բոլոր քաղաքակիրթ երկրներում դիվանագիտական արխիվները բացվում են սովորաբար իրադարձություններից մի քանի տասնյակ տարիներ անցնելուց հետո։

Մեզանից պահանջում են, որ մենք այս դեպքում էլ հանդես գանք որպես օրիգինալ մի պետություն եւ մեր յուրաքանչյուր դիվանագիտական քայլ, յուրաքանչյուր բանակցություն անմիջապես ներկայացնենք հասարակայնությանը։ Բայց եթե մենք այդպես վարվեինք, մեր պետությունը, որ այսօր թեւակոխել է իր գոյության չորրորդ տարին, ժամանակի փորձությանը չորս ամիս անգամ չէր դիմանա։

Հասարակությունը դիվանագիտական գործընթացին հասու է լինում միայն էական տեղաշարժերի կամ որոշակի արդյունքների կայացման դեպքում։ Այսօր, օրինակ, բոլորիս աչքի առջեւ հարթվում է արաբա-իսրայելյան երկարատեւ հակամարտությունը. Իսրայելա- պաղեստինյան համաձայնագրով ստեղծվեց պաղեստինյան ինքնավարություն, կայացավ իսրայելա-հորդանանյան համաձայնությունը, հեռու չէ իսրայելա-սիրիական հաշտության կնքումը։ Բայց այս բոլոր արդյունքներին նախորդել է տասնյակ տարիների գաղտնի եւ տքնաջան դիվանագիտական աշխատանք, որի մասին ոչ ոք որեւէ մանրամասն չի իմացել մինչեւ դրանց կայացումը։

Այժմ էական տեղաշարժերի կամ որոշակի արդյունքների կայացման տեսակետից անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման դիվանագիտական գործընթացին, տեսնենք, թե իրականում ինչ պատկեր է տիրում այստեղ։

Ղարաբաղի հարցը միջազգայնացավ 1992թ. մարտի 24-ին՝ Հելսինկիում տեղի ունեցած ԵԱՀԽ-ի նախարարների խորհրդի հատուկ նիստում, որը որոշում կայացրեց Մինսկի կոնֆերանս հրավիրելու մասին՝ հիմնական նպատակ դնելով հակամարտության խաղաղ կարգավորումը եւ Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի սահմանումը։ Դրանից հետո ընթացած բանակցությունների հարյուրավոր փուլերում, ԵԱՀԽ-ի եւ Մինսկի խմբի փաստաթղթերում եւ տասնյակ հայտարարություններում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերում, ինչպես նաեւ երկկողմանի եւ բազմակողմանի բարձր մակարդա կի հանդիպումներում փաստորեն իրականում արձանագրվել են ընդամենը մի քանի էական դիվանագիտական արդյունքներ։

Դրանք են. 1. Ղարաբաղյան հակամարտության քայլ առ քայլ կարգավորման մեթոդոլոգիան, որն սկսեց ձեւավորվել դեռեւս 1992 թվականից եւ այսօր խստորեն կիրառվում է անխտիր բոլոր խաղաղարար ծրագրերում։ Այս մեթոդոլոգիան ենթադրում է խնդրի կարգավորման երկու աստիճան. առաջինը՝ զինադադարի կայացման, կայուն խաղաղության հաստատման, Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման, գրավված տարածքների ազատման եւ շրջափակումների վերացման փուլն է, իսկ երկրորդը՝ քաղաքական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծման փուլը, որը, ինչպես արդեն նշվեց, վերաբերում է Մինսկի կոնֆերանսի հիմնական իրավասությանը։ Նման մեթոդոլոգիայի որդեգրման կարեւորությունը, կարծում եմ, ինքնըստինքյան ակնհայտ է, քանի որ եթե փորձ արվեր միանգամից լուծել բոլոր հարցերը, ապա, նկատի ունենալով Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ կողմերի դրսեւորած բնական մաքսիմալիզմը, խաղաղության գործընթացը մեկընդմիշտ վիժեցված կարելի էր համարել։

2. 1993 թվականի նոյեմբեր ամսին հայկական դիվանագիտությանը հաջողվեց գրավված տարածքներից առանց նախապայմանների ետքաշման միջազգային հանրության պահանջը զուգակցել Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի շրջափակումների վերացման քայլերին, որը տեղ գտավ ԵԱՀԽ-ի Մինսկի խմբի վերամշակված խաղաղարար ծրագրում։

3. 1994 թվականի մայիսից սկսած, հիմնականում ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի ջանքերով, Լեռնային Ղարաբաղը վերջնականապես ճանաչվեց որպես հակամարտության լիարժեք կողմ, որն արդեն իր պարտադիր մասնակցությունն ունի ցանկացած մակարդակի բանակցություններում։

4. 1994 թվականի դեկտեմբեր ամսին դիվանագիտական մակարդակով լուծվեց նաեւ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման խնդիրը. ԵԱՀԽ-ի բուդապեշտյան գագաթնաժողովը որոշում կայացրեց հակամարտության գոտում միջազգային խաղաղարար ուժեր տեղակայելու մասին, որը, փաստորեն, Ղարաբաղի խնդրի քաղաքական կարգավորման բոլորովին նոր փուլ է նշանավորում։

5. Բուդապեշտյան գագաթնաժողովը նաեւ վերջնականապես համադրեց ԵԱՀԽ-ի եւ Ռուսաստանի միջնորդական ջանքերը՝ հիմք ստեղծելով միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միասնական ծրագիր մշակելու համար, առանց որի խաղաղության գործընթացը, հասկանալի պատճառներով, դատապարտված է ձախողման։

Ահա սրանք են Լեռնային Ղարաբաղի հարցի դիվանագիտական կարգավորման շուրջ եռամյա գործընթացի հիմնական արդյունքները։ Եւ թող հարգարժան ընդդիմախոսները բարի լինեն ցույց տալ, թե որտեղ են մեր կրած դառը պարտություններն այս ասպարեզում։ Թե՞ պարզապես այլ են դիվանագիտական հաղթանակների կամ պարտությունների մասին մեր պատկերացումները։ Ես, համենայն դեպս, հիմքեր ունեմ ենթադրելու, որ իշխանության ընդդիմախոսների պատկերացումը դիվանագիտական հաղթանակի մասին կապված է հակառակորդի անվերապահ կապիտուլյացիայի դեպքում միայն հնարավոր հանգուցալուծման հետ, որը, սակայն, չափազանց հեռու է իրականությունից։ Այստեղ, թերեւս, տեղին է հիշել նաեւ հայ ժողովրդի նվաճած մեծագույն դիվանագիտական հաղթանակը՝ Սեւրի դաշնագիրը, որը սակայն պատճառ դարձավ Հայաստանի առաջին հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի կեսի կորստյան։ Թղթի վրա տարած նման հաղթանակներ, կարծում եմ, մեզ այլեւս պետք չեն։

Մենք պետք է ձգտենք մեր ողջ կարողությամբ կառուցողական մասնակցություն բերել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգային գործընթացին, կայուն խաղաղություն հաստատելու մտադրությամբ խստորեն պահպանել կնքված զինադադարը, միջազգային խաղաղարար ուժերի տեղակայման միջոցով ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը եւ լրջորեն նախապատրաստվել քաղաքական կարգավորման երկրորդ փուլի աշխատանքներին։

* * *

Նախորդ տարիներին կուտակված փորձը, ազգային դրամի ներդրման հետ կապված դժվարությունների հաղթահարումը, ինչպես նաեւ տարածաշրջանում հաստատված երկարատեւ զինադադարը 1994 թվականին իրենց բարերար ազդեցությունն ունեցան հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի կայունացման միտումների խորացման վրա։ Դրա արտահայտությունը հանդիսացան՝ տնտեսական աճի ապահովումը, դրամի կայունացումը, բյուջեի պակասորդի կրճատումը, սղաճի սանձումը, արտաքին առեւտրի աշխուժացումը, աղետի գոտում իրականացված շինարարությունը եւ այլն։

1994 թվականի հունվար – նոյեմբեր ամիսներին (դեկտեմբերի տվյալները դեռ ամփոփված չեն) հանրապետության տնտեսության զուտ նյութական արդյունքի կամ արտադրված ազգային եկամտի տեմպը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 103,8 տոկոս, արդյունաբերական արտադրանքը՝ 104,8 տոկոս, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքը՝ 103,2 տոկոս։

Արտաքին առեւտրի ազատականացման եւ հանրապետության մաքսային մարմինների աշխատանքի բարելավման շնորհիվ 1994 թվականին զգալի չափով աճել են արտահանման եւ ներմուծման ծավալները, ըստ այդմ՝ 1993 թվականի հունվար – նոյեմբեր ամիսների համեմատությամբ արտահանման ծավալն աճել է 22,9, իսկ ներմուծմանը՝ 42,6 տոկոսով։

1994 թվականի հիմնական առանձնահատկություններից է նաեւ սղաճի էական զսպումը՝ որպես հետեւանք կոշտ, բայց հիմնավորված ֆինանսական քաղաքականության։ 11 ամիսների ընթացքում սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 55 անգամի դիմաց աճել է ընդամենը 11,6 անգամ։ Ի դեպ, հատկանշական է, որ սպառողական գների հիմնական աճը 1994 թվականին տեղի է ունեցել առաջին հինգ ամիսների ընթացքում՝ 7,68 անգամ, կտրուկ նվազելով հետագա ամիսներին եւ կազմել ով համապատասխանաբար հունիսին՝ 9 տոկոս, հուլիսին՝ 1,8 տոկոս, օգոստոսին՝ 3,7 տոկոս, սեպտեմբերին՝ 6,3 տոկոս, հոկտեմբերին՝ 11,3 տոկոս, նոյեմբերին՝ 14,8 տոկոս, այսինքն՝ նշված վեց ամիսների կտրվածքով աճելով ընդամենը 50,9 տոկոսով։ Սղաճի զսպմանը զուգընթաց 1994 թվականին ապահովվել է աշխատավարձի առաջանցիկ աճ՝ սպառողական գների նկատմամբ։ Այսպես, 1993թ. Դեկտեմբերի համեմատությամբ (147 դրամ) տնտեսության պետական հատվածում զբաղվածների միջին աշխատավարձը 1994թ. հոկտեմբերին աճել է 27,2 անգամ (4000 դրամ)։ Միջին աշխատավարձի մեծությունը աճել է նաեւ տարադրամային արտահայտությամբ. եթե 1993թ. դեկտեմբերին այն կազմել է 1,9 ամերիկյան դոլարին համարժեք, ապա հունվարին արդեն 4,1, մայիսին՝ 4,2, իսկ հոկտեմբերին՝ 10,9 դոլար։

Կայունացման միտումների դրսեւորման տեսակետից հատկանշական է նաեւ ազգային դրամի կուրսի դինամիկան։ 1994 թվականին դրամի արժեզրկումը դոլարային արտահայտությամբ կազմել է 488 տոկոս։ Համեմատության համար նշենք, որ նույն ժամանակահատվածում թուրքմենական մանաթը արժեզրկվել է 110 անգամ, ադրբեջանական մանաթը՝ 35 անգամ, ուկրաինական կարբովանեցը՝ 8,7 անգամ, վրացական կուպոնը՝ 7,5 անգամ, ղազախական տենգեն՝ 5 անգամ[1]։ Ազգային տարադրամների արժեզրկման միտումը այս կամ այն չափով դրսեւորվել է նաեւ ԱՊՀ մյուս երկրներում։ Թեեւ անգամ այս կոնտեքստում հայկական դրամի արժեզրկման 488 տոկոսը բոլոր դեպքերում կազմում է բավականին մեծ թիվ, բայց պետք է նկատի ունենալ, որ դրամի անկման հիմնական ծանրաբեռնվածությունը՝ շուրջ 3,7 անգամ ընկնում է տարվա առաջին չորս ամիսների վրա։ Հետագա ութ ամիսների ընթացքում դրամի արժեզրկումը դոլարային արտահայտությամբ կազմել է ընդամենը 25 տոկոս, որ նրա կայունացման ամենապերճախոս վկայությունն է։

Կայունացման միտումներին զուգընթաց՝ 1994 թվականին էապես խորացավ նաեւ տնտեսական բարեփոխումների՝ սեփականաշնորհման, հարկային համակարգի օրենսդրական կարգավորման, կառավարման մեխանիզմների կատարելագործման գործընթացը։

Պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման ծրագրում ընդգրկված 2750 փոքր օբյեկտներից առայժմ կառավարության կողմից որոշում է ընդունվել 1185-ի սեփականաշնորհման վերաբերյալ։ Գնահատվել է 591 օբյեկտ, սեփականաշնորհման պայմանագիր է կնքվել միայն 266 օբյեկտի վերաբերյալ։ Նշված օբյեկտների սեփականաշնորհումից սեփականաշնորհման հատուկ հաշվին մուտքագրվել է շուրջ 455 միլիոն դրամ, որից 358-ը սեփականաշնորհման սերտիֆիկատներով, իսկ մնացած 97-ը՝ դրամով։

Սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման գործընթացը բնութագրվում է հետեւյալ թվերով. հաշվառված է 2 միլիոն 900 հազար քաղաքացի, որ կազմում է քաղաքացիների ընդհանուր թվի 75 տոկոսը։ Սեփականաշնորհման սերտիֆիկատ է ստացել մեկ միլիոն 780 հազար քաղաքացի, այսինքն՝ ընդհանուր թվի 47 տոկոսը։

Մասնակի անհատույց սեփականաշնորհման գործընթացում ընդգրկված 1400 ձեռնարկություններում տեղի են ունեցել աշխատավորական կոլեկտիվների առաջին ժողովները։ 1027 ձեռնարկություններում տեղի են ունեցել նաեւ բաժնետիրական ընկերությունների հիմնադիր ժողովները (երկրորդ ժողով)։ 931 ձեռնարկության գործեր ճյուղային հանձնաժողովներն ուղարկել են Սեփականաշնորհման եւ ապապետականացման պետական հանձնաժողովին՝ մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին որոշումներ ընդունելու նպատակով։ Սեփականաշնորհման եւ ապապետականացման պետական հանձնաժողովն իր հերթին կառավարության հաստատմանն է ներկայացրել 611 ձեռնարկության մասնակի անհատույց սեփականաշնորհման իր որոշումները։

1994 թվականը հաջող պետք է համարել նաեւ ձմռան նախապատրաստական աշխատանքների եւ աղետի գոտում, մասնավորապես Գյումրի քաղաքում իրականացված բնակարանային շինարարության տեսակետից։ Բավական է նշել, որ 1992 թվականի 29,6 եւ 1993 թվականի 31,1 հազար քառակուսի մետր բնակելի մակերեսի փոխարեն 1994 թվականին Գյումրի քաղաքում շահագործման է հանձնվել 52,9 հազար քառակուսի մետր տարածություն, այդ թվում բյուջեի հաշվին՝ 25,7, «Հայաստան» հիմնադրամի հաշվին՝ 18,8, իսկ Համաշխարհային բանկի վարկի հաշվին՝ 8,4 հազար քառակուսի մետր։ Տարվա կարեւոր կառույցների շարքում պետք է հիշել նաեւ Հերհերի ջրամբարի հանձնումը, Աշտարակի կամուրջը եւ Երեւանի կասկադի շարժասանդուղքը, ինչպես նաեւ Զանգեզուրի ճանապարհների վերականգնված հատվածները։

* * *

Անցյալ տարվա ամենամեծ հաջողությունը, սակայն, պետք է համարել միջազգային ֆինանսական կազմակերպությունների՝ Միջազգային արժութային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի կայացրած որոշումը Հայաստանին հիմնարար տնտեսական աջակցություն ցուցաբերելու մասին, որ երկար սպասումներից ու ապարդյուն բանակցություններից հետո վերջապես հնարավոր դարձավ վերը նշված կայունացման միտումների, առկա զինադադարի եւ բարեփոխումների հաջող ընթացքի շնորհիվ։

Կարծում եմ, ամենեւին հարկ չկա հանգամանորեն անդրադառնալ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միջազգային արժութային հիմնադրամի կողմից համատեղ մշակված սոցիալ-տնտեսական ծրագրին, քանի որ նախ՝ այդ հարցը շուրջ երկու ամիս առաջ քննարկվել է խորհրդարանում, երկրորդ՝ խորհրդարանական քննարկումների ընթացքում ես ընդարձակ ելույթով արդեն արտահայտել եմ իմ տեսակետը, եւ երրորդ՝ շուտով այն կրկին կդառնա ձեր ուշադրության առարկան, կապված հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման 1995 թվականի ծրագրի եւ պետական բյուջեի նախագծի օրակարգային հարցի հետ։

Կուզեի բավարարվել միայն հիշեցնելով, որ այդ համալիր ծրագիրը, որը օտարերկրյա շոշափելի ներարկումներից բացի նախատեսում է նաեւ հանրապետության տնտեսական համակարգում լուրջ կառուցվածքային բարեփոխումներ, առաջին հերթին ուղղված է մակրոտնտեսական հավասարակշռության հաստատմանը, եւ նրա հիմնական արդյունքները սպասվում են հաջորդ՝ 1996 թվականին։ Սակայն բոլոր հիմքերը կան պնդելու, որ ընթացիկ տարում արդեն մեր ժողովուրդը պետք է զգա այդ ծրագրի իրականացման դրական հետեւանքները՝ մասնավորապես բնակչության ռեալ եկամուտների աճի եւ սոցիալապես թույլ պաշտպանված շերտերի կարիքների բավարարման առումով, մանավանդ նկատի ունենալով, որ ծրագրում, զուտ տնտեսական նպատակներից բացի, լուրջ ներդրումներ են նախատեսված նաեւ առողջապահության, կրթության, մշակույթի եւ գիտության ոլորտներում։ Ավելորդ չէ, թերեւս, նշել նաեւ, որ ի հեճուկս թերահավատների ու չարագուշակների, չարդարացան անցյալ տարվա դեկտեմբեր ամսին համընկած, ծրագրի իրականացման առաջին փուլի՝ մասնավորապես հացի գների բարձրացման հետ կապված խուճապային երեւույթների առաջացման մտացածին հաշվարկները՝ բացառությամբ բենզինի գների կտրուկ աճի, որը սակայն նույնպես արագորեն կարգավորվեց։

Չարդարացան նաեւ այն անհիմն մտավախությունները, թե միջազգային ֆինանսական կազմակերպությունները այս կամ այն պատրվակով կարող են չկատարել իրենց ստանձնած պարտավորությունները։ Ծրագրի գործադրումից անցել է ընդամենը մեկուկես ամիս, եւ Հայաստանի կենտրոնական բանկն արդեն ստացել է Միջազգային արժութային հիմնադրամի հատկացրած վարկը՝ ուղղված ազգային դրամի կայունացման նպատակին, իսկ երեկ դուք հաստատեցիք միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրած եւս երեք վարկ, որոնք ներդրվելու են հանրապետության ոռոգման եւ էներգետիկ համակարգերի վերանորոգման եւ «Զվարթնոց» օդանավակայանի բեռնահամալիրի կառուցման ծրագրերում։ Այսքանից հետո, կարծում եմ, կասկած չի կարող լինել, որ առաջիկայում որոշված ժամկետներում կտրամադրվեն նաեւ ծրագրով նախատեսված մյուս բոլոր վարկերը։

Այս ամենը հիմք է տալիս վստահություն հայտնելու, որ հանրապետության կառավարության եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների համատեղ ծրագրի հաջող իրականացման, համաշխարհային հանրության կողմից հատկացված վարկերի ճիշտ օգտագործման դեպքում 1995 թվականը իսկապես կարող է դառնալ բեկումնային տարի Հայաստանի տնտեսական վերականգնման եւ նրա հետագա զարգացման տեսակետից։

* * *

Իսկ այժմ մի քանի խոսք՝ օրենքների կատարման ընթացքի, պաշտոնական չարաշահումների կանխմանն ուղղված միջոցառումների, անօրինականությունների դեմ պայքարի ուժեղացման, իրավապահ մարմինների ֆունկցիոնալ կառույցների կատարելագործման մասին։ Ճիշտ է՝ այս հարցերի շուրջ ավելի հարմար ու առարկայական կլիներ արտահայտվել խորհրդարանում Հանրապետության գլխավոր դատախազի եւ Գերագույն դատարանի նախագահի հաշվետվությունները լսելուց հետո, բայց, հաշտվելով այս անպատեհության հետ, կփորձեմ բավարարվել միայն ընդհանուր գնահատականներով։

Այստեղ դրված խնդիրների վերաբերյալ ես մեկ տարվա ընթացքում հրապարակել եմ երեք հրամանագիր։ Հիշեցնեմ՝ - 1993թ. դեկտեմբերի 15-ի հրամանագիրը «Հայաստանի Հանրապետություն սննդամթերքի ներմուծման եւ վաճառքի բարենպաստ պայմաններ ստեղծելու լրացուցիչ միջոցառումների մասին», - 1994թ. հունվարի 14-ի հրամանագիրը «Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության պետական վարչության վերակառուցման մասին», - 1994թ. օգոստոսի 1-ի հրամանագիրը «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկություններում, կազմակերպություններում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին»։

Այս հրամանագրերի մանրամասն մեկնաբանությունն ու գնահատականը ես տվել եմ իրավապահ մարմինների 1994 թ. օգոստոսի 5-ին կայացած հանրապետական խորհրդակցությունում արտասանած ընդարձակ ելույթում («Հայաստանի Հանրապետություն», 13 օգոստոսի, 1994 թ.), ուստի չէի կամենա ձեզ ձանձրացնել ավելորդ կրկնաբանությամբ։

Կարծում եմ, որ այդ հրամանագրերը, հստակեցնելով իրավապահ մարմինների ֆունկցիոնալ պարտականությունները, սահմանելով ստուգումների կազմակերպման եւ անցկացման կարգը, վերացնելով մակաբույծ վերահսկողական մարմինները, հիմնականում ծառայել են իրենց նպատակին եւ նպաստել ստվերային երեւույթների կանխարգելմանն ու պաշտոնեական չարաշահումների սահմանափակմանը։

Ի լրացումն նշվածների, առաջիկայում կհրապարակվի Հանրապետության Նախագահի եւս երկու հրամանագիր՝ նվիրված կազմակերպված հանցագործությունների եւ անօրինական լարանցումների դեմ պայքարի միջոցառումներին։ Թերեւս ինձնից սպասվում է նաեւ անդրադառնալ 1994թ. դեկտեմբերի 28-ի «Հայ հեղափոխական դաշնակցություն հասարակական-քաղաքական կազմակերպության գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին» հրամանագրին, բայց ես ավելացնելու ոչինչ չունեմ իմ հեռուստաելույթին։

Կարող եմ նշել միայն, որ այդ հրամանագրի շնորհիվ կանխվեց ծրագրված ահաբեկչական գործողությունների հավանական շարքը, եւ Հայաստանը փրկվեց տեռորիզմի ահավոր վտանգից։

Վերջում ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել խորհրդարանին՝ արտահերթ նստաշրջան հրավիրելու իմ հրամանագրին արձագանքելու եւ օրակարգի հարցերի արդյունավետ քննարկման համար։ Հուսով եմ, որ մեր ազգաշահ համագործակցությունը կշարունակվի նաեւ Գերագույն խորհրդի ներկա գումարման վերջին նստաշրջանում, որի արդյունավետությանը նույնպես չեմ կասկածում։

Շնորհակալություն ուշադրության համար։
«Հայաստանի Հանրապետություն», 19 հունվարի, 1995 թ.։
Հրատարակված՝ «1994-ը դարձավ անկախության ժամանակաշրջանի առաջին անցնցում տարին» վերնագրով։
ՀՀԱՆԱ, 28/18.01.95։ Բնագիր։ Ինքնագիր։

  1. Այսինքն՝ համապատասխանաբար՝ 11000, 3500, 870, 750, 500 տոկոսով (խմբ․)։