Տեղեկագիրք գավառական հարստահարությանց
«ՏԵՂԵԿԱԳԻՐՔ ԳԱՎԱՌԱԿԱՆ ՀԱՐՍՏԱՀԱՐՈՒԹՅԱՆՑ»
Կ. Պոլիս 1876թ.
(Պաշտոնական հրատարակությունք ազգային պատրիարքարանի)
Անցյալ տարվա վերջին ամիսներում Կ. Պոլսում հրատարակվեցավ հիշյալ վերնագրով մի գրքույկ, որ բովանդակում է յուր մեջ ասիական Տաճկաստանի հայ ազգաբնակության վերաբերությամբ կատարված գավառական հարստահարությունները: Դա մի պաշտոնական հրատարակություն է, որ դուրս է բերված Կ. Պոլսի պատրիարքարանի արձանագրություններից և 1876 ամի սեպտեմբերի ներկայացրած է տեղային ազգային ժողովին:
Վարագույրը բարձրացավ, այժմ մենք գիտենք, թե ինչ է կատարվում բեմի վրա...
Մինչև այսօր մենք խիստ աննշան տեղեկություններ ունեինք Կ. Պոլսի պատրիարքարանի, այլ խոսքով, ազգային սահմանադրության գործունեության վրա: Մինչև այսօր մենք համարյա չգիտեինք, թե Կ. Պոլսի հայոց ազգային վարչությունն որ աստիճան նշանակություն ունի Բ. Դռան առջև, և որ աստիճան ձեռնհաս է նպաստելու արտապոլսական գավառացիների գործերին: -Հիշյալ «Տեղեկագիրքը» տալիս է մեզ թեև շատ տխուր, բայց հետաքրքրական տեղեկություններ:
«Տեղեկագիրքը» բաժանված է երկու մասն: Առաջին մասը պարունակում է իր մեջ գավառական հարստահարությունների ամբողջ քսան տարվա արձանագրությունների հավաքածուն և ունի այսպիսի վերնագիր` «Ա. Տեղեկագիրք գավառական հարստահարությանց առ Բ. Դուռն հանուն ազգային ժողովո ի 11 ապրիլի 1872»: «Տեղեկագիրքը» ունի կնիք և ստորագրություն այս անունով` պատրիարք Կ. Պոլսի Մկրտիչ արքեպիսկոպոս Խրիմյան:
Հիշյալ «Տեղեկագրքի» բովանդակած խնդիրները, որպես ասացինք, դուրս են բերված պատրիարքարանի 20 տարվա արձանագրություններից և հասնում են մինչև 1872 ամի ապրիլի 11-ը: Իսկ երկրորդ «Տեղեկագիրքը» ունի այսպիսի վերնագիր. «Երկ. Տեղեկագիրք գավառական հարստահարությանց ի խորհրդարանական հանձնախմբե առ ազգային ժողովն» — Դա պարունակում է իր մեջ 1872 թվից սկսյալ մինչև 1876 սեպտեմբերի 1-ը, այսինքն` 5 տարվա ընթացքում կատարված հարստահարությունների արձանագրությունները: Ասել է թե, ամբողջ «Տեղեկագիրքը» ներկայացնում է պատրիարքարանի 25 տարվա գործունեությունը: Թե ինչ չափով և որքան թվով բողոքներ է ստացել պատրիարքարանը գավառներից այս 25 տարվա ընթացքում, հայտնի չէ. հայտնի է միայն, որ 57 զանազան խնդիրների մասին նա պաշտոնական բանակցություն է ունեցել Բ. Դռան հետ: Դա շատ փոքր թվանշան է, ի նկատի ունենալով այն բազմաթիվ անիրավությունները, որ կատարվում են ասիական Տաճկաստանում, այն ևս 25 տարվա ընթացքում:
Ընթերցողին փոքր-ինչ գաղափար տալու համար, թե ինչպիսի հարստահարություններ են կատարվում ասիական Տաճկաստանում, հարկավոր ենք համարում ծանոթացնել թե՛ առաջին և թե՛ երկրորդ «Տեղեկագրքի» բովանդակության հետ:
Առաջին «Տեղեկագիրքը» պարունակում է իր մեջ հետևյալ խնդիրները.
Օրենք և արդարություն գործ դնելու մեջ գավառական պաշտոնակալները ընդհանրապես անփույթ և անտարբեր են մնում: Եվ իրանց կամայականությանը հետևելով, իրանց հաճույքի համեմատ զեղծանում են բարձրագույն հրամանագրերը հարստահարությունները բառնալու և հարստահարիչները պատժելու մասին:
Գավառական արքունի ժողովները թեշքիլաթի60 օրենքով կազմվելով չար և շահախնդիր անձանց մենավաճառության ասպարեզ են դառնում:
Գավառացի հայը, մահմեդականների մոլեռանդության ենթակա լինելով, միշտ նախատինքի, թշնամանաց և անպատվության առարկա է դառնում:
Արքունի շինվածքների համար հայերին ձրի աշխատեցնում են, և ով որ աշխատելու անկարող է, դրամական անիրավ պահանջմունքի են ենթարկում:
Ճանապարհների շինության համար հայերին նույնպես ձրի աշխատեցնում են, և կամ այս պատրվակով նրանց կեղեքում են:
Կապալառուները (մուլթեզիմ) փոխանակ բերքի տասանորդը ստանալու, բռնադատելով, նրա տեղը զուտ արծաթ են առնում:
Նմանապես իր ընտանիքի ուտեստի համար տան պարտեզի մշակած բերքից ստիպեցնում են տասանորդ վճարել:
Բերքից ստացած տասանորդը գյուղացիներին ստիպեցնում են կապալառվի շտեմարանը փոխադրել:
Կապալառուն դիտմամբ իր ժամանակին չգալու համար, բերքը անձրևի տակ մնալով փտում է (որովհետև գյուղացին իրավունք չունի վեր առնել առանց տասանորդը վճարելու): Եվ հետո փտած բերքի տասանորդի փոխարեն ողջի արժեքով զուտ արծաթ է առնում:
Գյուղացին պարտավորվում է կապալառուին և նրա գործակալներին իր տան մեջ հյուրասիրել և ձրիաբար կերակրել:
Կապալառուները, երբեմն եզների լուծերի վրա հաշվելով, տասանորդի անունով ապօրեն և ավելորդ ցորյան են առնում գյուղացիներից:
Բացի կապալառուների հիշյալ հարստահարություններից, գավառացի հայերին բռնաբարում են վճարել մշակությունների համար շահնալըգ և օլչեք-հագգը կոչված արգելյալ տուրքերը61:
Զինվորական տուրքից` մեռնողների, գաղթողների և փախստականների մասը հարկադրում են մնացողներին վճարել62:
Կալվածական և քաղաքական տուրքերի անդադար բաշխման պատճառով մահմեդականների բեռը հայերն են կրում:
Տուրքերի վճարման պատճառով` տնային անհրաժեշտ կահ-կարասին,- երկրագործական պարագայքը և մինչև անգամ բանվոր անասունները — ծախելու են ստիպում, և ոստիկանության ձեռքով ծեծելու, բանտ դնելու խստություններին են ենթարկում չքավոր ժողովուրդը:
Կիները և անչափահաս մանուկները բռնաբարվում են մահմեդական կրոնը ընդունելու համար:
Ոչ-մահմեդականների վկայությունը չընդունվելով, մահմեդականների հայերի վերաբերությամբ կատարած առևանգություններն, գողություններն և սպանություններն մնում են անպատիժ:
Զինյալ քրդերի, լեռնաբնակ ցեղերի, չերքեզների և բնիկ թուրք դերեբեկիների (ինքնիշխան բռնակալ) այլևայլ հարստահարությունների ներքո հայ ժողովուրդը տանջվում է և կեղեքվում է:
Կիները, հարսները, այլ և կույս աղջիկները առևանգվելով բռնաբարվում են:
Ահա սրանք են առաջին «Տեղեկագրքի» խնդիրներն, որ մինչև 1872 թվականը ամբողջ 20 տարվա ընթացքում պատրիարքարանի և Բարձ. Դռան մեջ պաշտոնական բանակցության նյութ են դարձած եղել: Բայց Դուռը ի՞նչ հոգացողություններ է արել հարստահարությունները բառնալու համար:
Այս մասին մենք առաջ կբերենք հանձնաժողովի նկատողությունը, որ պատրիարքարանի արձանագրություններից առնելով հաղորդում է ազգային ժողովին. «Հիշյալ «Տեղեկագրի» մատուցած թվականեն ի վեր (11 ապրիլ 1872) հարստահարությանց համար պատրիարքարանեն գրված թագրիրներն (բողոքագիր) ալ, ինչպես կերևին ձեր հանձնախմբի պատրաստած հավաքածոյեն, կամ պաթթալ ըլլալով (առանց հետևանքի թողնելով, ոչնչացնելով) կամ անպատասխանի թողնելով, և իսթիլամի63 ապարդյուն դրությամբ հետաձգվելով, և առ առավելն Կենտրոնական Կառավարութենեն առ գավառականս ուղղյալ հրամանագրաց անգործադրելի մնալովը` մոռացության մեջ թողված են, առանց դարման տանելու ժողովրդյան կրած տառապանաց»:
Հանձնաժողովի այս նկատողությունը մեր լեզվով կպարզենք այսպես. — մինչև 1872 թվականը 20 տարվա ընթացքում պատրիարքարանը գավառներից զանազան տեսակ հարստահարությունների մասին գանգատներ է ստանում, և իր բողոքագրերով (թագրիրներով) հաղորդում է Բարձ. Դռանը և բավարարություն է խնդրում: Բարձ. Դուռը պատրիարքարանի բողոքները կամ թողնում է առանց հետևանքի, կամ պատասխանի չէ արժանացնում, կամ եթե ընդունվում է և իր կողմից հրամաններ է գրում, այն ժամանակ գավառական պաշտոնակալներն բարձրագույն հրամանագրերը թողնում են առանց հետևանքի: Եվ այսպես, ժողովրդի վիճակը միշտ մնում է թշվառության մեջ... և պատրիարքարանի բողոքներից ոչ մեկը յուր նպատակին չէ հասնում…
Տաճկաստանի ներկա տագնապի մեջ շատերի հետաքրքրությունը զբաղեցնում է այն հարցը, արդյոք այս տերությունը վերջին 20 տարվա ընթացքում առաջ է գնացել թե ո՛չ. և կամ նրա կառավարությունը քրիստոնյա հպատակների վերաբերությամբ բարվոքվե՞լ է թե ո՛չ: Տաճկաստանի բարբարոսությունները ծածկող և նրա երևակայական առաջադիմությունը հռչակող անձնական հաշիվներով կուրացած մարդիկ հայտնում են, թե այժմ Տաճկաստանը բավական բարեկարգված է և, քրիստոնյա հպատակների դրությունը այժմ համեմատաբար շատ լավ է, քան թե առաջ, և նրանք համարյա կատարյալ ազատություն են վայելում և այլն...
Այս բոլորն դարտակ խոսքեր են:
Տաճկաստանը առաջ է գնացել միայն մեկ բանի մեջ` այն է` յուր արտաքին կերպարանքը պաճուճել որպես եվրոպական մի պետություն. իսկ սրտով, հոգվով և գործով մնալ միշտ մոնգոլ նույն բնավորությամբ, որպես էր նա երբեմն Թուրանի անապատներում...
Քննելով պատրիարքարանի 25 տարվա արձանագրությանց «Տեղեկագիրքը» մենք ավելի համոզվում ենք այս կարծիքի մեջ, թե տաճկական կառավարությունը ինչ որ էր առաջ համարյա նույնն է մնացել և այսօր, նաև ոչ-մահմեդական ազգերի վիճակը փոխանակ բարվոքվելու` հետզհետե վատթարացել է:
Այս իրողությունը ավելի շոշափելի կացուցանելու համար մենք ընթերցողի ուշադրությունը կդարձնենք պատրիարքարանի «Երկրորդ տեղեկագրքի» վրա, որ բովանդակում է յուր մեջ Տաճկական Հայաստանի 1872-ից սկսյալ մինչև այսօր, 5 տարվա ընթացքում կատարված հարստահարությունների արձանագրությունները:
Ի՞նչ ենք տեսնում:
«Երկրորդ տեղեկագրքի» մեջ հարստահարությանց խնդիրների թիվը առավելություն է կազմում64: Կնշանակե անիրավություններն հետզհետե սաստկացել են: Հարստահարություններն ավելի բազմատեսակ են դառնում և իրանց քրեական բնավորությամբ ավելի սարսափելի են: Երկու բան մնում են անփոփոխ. մինը` կառավարության գործ դրած թույլ միջոցները իրանց անբավարար հետևանքներով, մյուսը` հարստահարությանց կատարված տեղերը65, որովհետև միշտ նույն անիրավությունները միևնույն կերպով կատարվել են միևնույն տեղերում: Դա ինչի՞ց է:
Պատճառն շատ պարզ է: Դրանով բացատրվում է այն հարցը, թե Տաճկաստանը 25 տարվա ընթացքում ո՛րքան է առաջ գնացել: — Այո՛, նա մե՛ծ առաջադիմություն է գործել ոչ-մահմեդական ազգերը նորանոր ձևերով կեղեքելու, կողոպտելու և անպատվելու մեջ... Եվ որպեսզի ընթերցողը համոզվի այս խոսքերի ճշմարտության մեջ, մենք կդնենք այստեղ պատրիարքարանի երկրորդ տեղեկագրի խնդիրներն, որոնք իրանց բովանդակությամբ ավելի մանրամասն և ավելի որոշ կերպով գրված են66:
Հարստահարություններ
1. Արզրումի կուսակալության ներքո գտնվող Երզնկա գավառի Ղուղուլջանի կայմագամ (նահանգապետ փաշայի փոխանորդ) Շահ-Հուսեյն բռնավորի հարստահարությանց դեմ, սկսյալ Խրիմյանի պատրիարքության օրերից (1873-ից) մինչև այսօր67 անդադար բողոքներ են մատուցվել Բարձ. Դռան: Դուռը խիստ «ազդու» միջոցներ է գործ դրել, որ հիշյալ չարագործը իր պաշտոնից հեռացվի և ժողովրդի հանգստությունը հարգվի: Եվ մեծ էպարքոսը (սադրազամը) նաև արտաքին, ներքին, և այլն և այլն մինիստրներն այս հարցի մասին հինգ փառավոր հրամանագրեր են ուղղել Արզրումի կուսակալ փաշային: Հրամանագրերի լեզուն բավական խիստ և ազդու է: Նրանք հայտնում են, որ «յուր հայրն ու մայրն և կինն սպանող» Շահ Հուսեյնին իր պաշտոնից զրկեն և Երզնկայի գավառից հեռացնեն: Նրանք հայտնում են, որ «հարյուրավոր սպանություններ գործող» և «քուրդ ավազակների պարագլուխ դարձած»` քրիստոնյա ժողովուրդը կեղեքող` Շահ-Հուսեյնին Երզնկայից հեռացնեն, և իր բռնակալությանց համար աքսորյալ հոր պես, որդուն ևս անհետացնեն...
Հինգ մինիստրների Բարձ. Դռան կողմից ուղղված հրամանագրերի ամբողջ օրինակները դրած են «Տեղեկագրքի» մեջ, և իրանց բովանդակությամբ, այո՛, խիստ ազդու են և մարդասիրական, որպես լինում են ամեն մի թղթի վրա գրված, բայց ոչինչ գործադրություն չգտնող բարձրագույն ֆերմաններն, որոնց Դուռը շռայլորեն դուրս է տալիս իր խաբեության գործարանից...
Հրամանագրերի յուրաքանչյուրի ներքո դրոշմված կնիքների մեջ կարդացվում են Թյուրքիայի այս մեծամեծ մարդերի անունները` Ալի, Մահմուդ-Նեգիմ, Միտհաթ, Մուհամմեդ-Րուշտի, Հուսեին-Ավնի… Հինգն էլ շատ անգամ հասարակ վեզիրից բարձրացել են մինչև սադրազամության բարձր աստիճանը: Բայց ի՞նչ օգուտ բերեցին այս հինգ մինիստրների հրամանագրերն: — Ոչի՛նչ: Նրանք Կ. Պոլսի նեղուցեն դեպի Փոքր Ասիա անցնելով, իրանց նշանակությունը կորցնում են, և Շահ-Հուսեյին չարագործը մինչև այսօր շարունակում է յուր ավազակությունները, որովհետև նա մի ավելի մեծ ավազակի` Արզրումի փաշայի, պաշտպանության տակ է գտնվում…
Այստեղից հասկանալի է, թե ինչու բարձրագույն հրամանագրերն գավառական պաշտոնակալներից շատ անգամ մնում են անգործադրելի:
2. Սղերտ գավառի Սասուն ավանի քուրդ բեգերն, տեղային հայերից արքունի տուրքերը բռնությամբ հավաքելով, այլևս իրանց կողմից գանձին չեն ներկայացնում: Կառավարությունը զինվորներ ուղարկելով, քուրդ բեգերից ետ է ստանում արծաթը: Բայց հենց որ զինվորներն հեռանում են, քուրդ բեգերն սկսում են իրանց տված արծաթը վերստին հայերից առնել: Եվ որպեսզի մյուս անգամ այսպիսի անիրավություններ չպատահեն քրդերից, կառավարությունը այնտեղ զորանոց շինելու և մշտական զորք պահելու որոշում է անում, բայց մնում է անգործադրելի:
3. Մուշի հարստահարիչ քուրդ բեգերից Ֆարիզ և յուր եղբայրն կառավարության հրամանով աքսորվում են Գասթամունի, բայց հետո հայտնի չէ ինչ հնարքով ազատություն գտնելով, վերադառնում են և ավելի վրեժխնդրությամբ սկսում են տանջել և կողոպտել հայերին: Այդ մասին կրկին թագրիրներ են մատուցվում, կրկին բողոքներ են բարձրանում. բայց բոլորը կամ առանց հետևանքի են թողնում, կամ «բաթթալ» են անում, այսինքն` ոչնչացնում են:
4. Մուշ գավառի Բեռնաշեն, Խութ, Սասուն և Շատախ կոչված երկրների քուրդ հարստահարիչների մասին պատրիարքարանից թագրիր է գրվում, բայց մնում է ապարդյուն:
5. Խարբերդի գավառում Մադեն քաղաքի ճանապարհների ուղղության համար, շինությունների պաշտոնատարներն հայ գյուղացիներին տարապարհակ վարելով (ձրի աշխատացնելով) գործավորների օրական վարձը չեն վճարում: Բողոք է բարձրանում, բայց արդյունքը հայտնի չէ:
6. Տիգրանակերտի գավառում Սեվերեկ ավանի հայերից զինվորական տուրքի` կառավարության հրամանով պակասացրած` քառորդ մասի զեղչը գործ չդրվելուց հետո, ամբողջությամբ են առնում, բացի դրանից մեռնող և անհայտ եղած անձանց զինվորական տուրքը մնացողներից են պահանջում: Նաև կառավարության պաշտոնյաներն կալվածների արժեքը խիստ բարձր գնահատելով, չափազանց կալվածական տուրքերով ծանրաբեռնում են ժողովուրդը: Այլև ճանապարհների շինությանց մեջ ժողովրդին օրենքով սահմանված օրերից ավելի են աշխատացնում: Բողոք մատուցված է, բայց արդյունքը հայտնի չէ:
7. Վանա կողմերի Հոգվոց վանքը քուրդերն կողոպտում են, եղած-չեղածը տանում են: Պատրիարքարանը այդ մասին բողոքում է, բայց թագրիրն մնում է առանց պատասխանի:
8. Մուշի գավառում Մոտկան երկրի հայոց գյուղերն քրդերից անդադար հարստահարվում են, որոնց մի տարվա կողոպուտը ներկայացնում է հետևյալ թվանշանները. 799 ոչխար, 53850 ղուրուշ փող (3167 ռուբլի). 1972 բաթման ուտեստ և արմտիք, 121 կտոր հագուստ, 261 թոփ կարմիր կտավ: Թագրիր է գրվում, հիշյալ ցուցակը ներկայացնելով բարձր կառավարության, բայց գործը մնում է ապարդյուն:
9. Բիթլիսի (Բադեշի) գավառում Մահմեդ-բեկ անունով բռնակալն իր 12 իրդիների և ազգականների հետ նույն գավառի 32 գյուղերում ամեն տեսակ հարստահարություններ են գործում: Ժողովրդյան բողոքը տեղային կառավարության կողմից անուշադիր մնալով, և մահմեդականներն ու հայերն միանալով, առանձին բողոքագրով դիմում են Կ. Պոլսի հայոց պատրիարքարանին: Այս մասին բարձր կառավարությունից հրամանագիր է ուղարկված, բայց արդյունքը հայտնի չէ:
10. Սասունցի քրդերն Մուշի Աղբյուրիկ վանքից յուրաքանչյուր տարի որպես տուրք բռնությամբ առնում են` 400 ղուրուշ փող, 4 կով, 20 ոչխար, 4 բաթման ծխախոտ, 4 բաթման յուղ, 5 գրյու ցորյան: Եթե վանքը այս բաները չտա, միաբանների կյանքը միշտ վտանգի մեջ է: Թագրիր գրված է. Բ. Դռնից հրամանագիր ուղարկված է, արդյունքը հայտնի չէ:
11. Տիգրանակերտի նահանգում մի քանի բռնակալ դերեբեկիներ սոսկալի հարստահարություններ են գործում: Բարձ. Կառավարությունը ժողովրդի և պատրիարքարանի բողոքների համեմատ առանձին քննիչ է ուղարկում: Բռնակալ դերեբեկիների հանցանքներն ստուգվելով, նրանք Տիգրանակերտ են բերվում և նույն քաղաքում մշտապես մնալու որոշում է լինում: Բայց կառավարության քննիչը հեռացածին պես, բռնակալներն իրանց տեղն են դառնում և ավելի կատաղությամբ սկսում են առաջվա չարագործությունները շարունակել: Այդ մասին կրկին բողոքներ են բարձրանում, բայց չարագործներն միշտ մնում են անպատիժ:
12. Մարաշի մութասարիֆ (փաշայի փոխանորդ) Սայիդ-փաշայի անիրավությունների դեմ ժողովրդից գանգատներ լինելով, և պատրիարքարանի թագրիրների հիման վրա, Բարձ. Կառավարությունը հրամանագիր է ուղարկում տեղային կառավարության վրա` գործը քննելու համար: Բայց տեղային կառավարությունը փոխանակ քննելու, աշխատում է Սայիդին արդարացնել և հայերին զրպարտիչ ցույց տալ: Այս մտքով նա մի վկայական (մազբաթա) է պատրաստել տալիս, և մինչև անգամ տեղային առաջնորդական փոխանորդին բռնությամբ ստիպում է, որ նույն վկայականը ստորագրե, որը Սայիդի արդարության համար էր վկայում: Այս բռնության դեմ բողոքում է պատրիարքարանը. արդյունքը հայտնի չէ:
13. Ագշեհիր քաղաքի հայոց տուրքերը պատկանածից ավելի նշանակելով, ժողովուրդը ծանրաբեռնում են անտանելի վճարներով: Այդ մասին պատրիարքարանը թագրիր է գրում և անպատասխան է մնում:
14. Կարսի հարստահարիչ քրդերի և Մադենի քուրդ բեգերի հայերին հասուցած վնասների մասին պատրիարքարանը թագրիր է գրում և անպատասխան է մնում:
15. Վանա ոստիկանության հազարապետ Տիլավեր աղայի և նրա ազգականների անիրավությանը դեմ թագրիր է գրվում, մնում է առանց պատասխանի:
16. Զինվորական տուրքի անկանոն բաշխման վրա և հայերից առավելությամբ առնելու մասին թագրիր է գրվում, արդյունքը հայտնի չէ:
17. Սեբաստիո կուսակալության ներքո Սարմուսակլը գյուղի հայերն հարստահարվում են մահմեդականներից. վերջինների անգթությունը մինչ այն աստիճան է հասնում, որ մի հայ կին բռնությամբ սարը տանելով, և իրանց գազանական կիրքը հագեցնելուց հետո, սպանում են և դիակը գետն են գցում: Այդ մասին թագրիր է գրվում, Բ. Դռնից հրաման է գնում, բայց արդյունքն հայտնի չէ:
18. Ուրֆայի քաղաքական ատյանում, դատարանի Նայիբ-էֆենդին ներկայացնող քրիստոնյա վկաները մերժում են, հակառակ դատավարության օրինաց: Թագրիր գրված է, բայց արդյունքը հայտնի չէ:
Հողային կամ կալվածական խնդիրներ
19. Տիգրանակերտի Սաթը գյուղի հայոց բոլոր արտերը մի մահմեդական կին անիրավությամբ սեփականելով, հայ գյուղացիներին պարտավորեցնում է իրանց մշակության բերքերից բաժին հանել իրան որպես կալվածատիրոջ: Այդ մասին մի քանի անգամ թագրիրներ են գրված, որն անպատասխան մնացած է, որն ապարդյուն:
20. Մուշ գավառի Մորնիկ գյուղի հողերը մի մահմեդական հոգևորական (մուֆթի) բռնությամբ տիրում է: Նույն միջոցում Արզրումի կուսակալը անձամբ այն կողմերը գալով, և որովհետև Մուշն էլ իր կառավարության տակն էր, գյուղացիների բողոքը հիշյալ հողերի մասին լսելով, մուֆթիի տիրապետելը անիրավացի է համարում, և գյուղացիներին նոր հաստատված կալվածագրեր է տալիս: Գյուղացիք այսպեսով կրկին տեր են լինում իրանց 40-50 տարի հերկած արտերին: Բայց Արզրումի կուսակալը փոխվելով, նրա կարգադրությունն էլ հիշյալ հողերի մասին փոխվում է: Մուֆթին գյուղացիներից մի քանի հոգի բերել տալով Մուշ քաղաքը, տեղային կառավարության ժողովի մեջ բռնությամբ և սպառնալիքով վկայություն է առնում, թե հողերն պատկանում են մուֆթիին և ոչ գյուղացիներին: Եվ այսպեսով, նա մյուս անգամ հողերը իր ձեռքն է գցում: Գյուղացիք այնուհետև սկսում են բողոքել, թե վկայություն տվող միայն երկու գյուղացիներն չեն կարող ամբողջ բնակիչների ներկայացուցիչ համարվել, թե նրանք իրավունք չունեին բոլոր գյուղացոց կողմից մի բան խոսելու և այլն: Բայց մուֆթին ազդեցության տեր մեկն լինելով, գյուղացոց բողոքը իրանց երկրում լսելի չէ լինում: Խեղճերն այնուհետև իրանց կողմից երկու պատգամավոր Կ. Պոլիս են ուղարկում, նրանց տալով նաև իրանց կալվածագրերը և ուրիշ գրավոր ապացույցները: Կ. Պոլսում գործը նորից քննվում է, բայց վճիռը հօգուտ մուֆթիին է վերջանում: Պատրիարքարանը կրկին թագրիր է գրում, հետևանքը հայտնի չէ:
21. Խարբերդի նահանգի Չարսանջակ գավառի բոլոր հայոց գյուղերի ամբողջ տները, խանութները, պարտեզները, այգիները և արտերը Իսակ-բեկ անունով մեկը և մի քանի մահմեդական աղաներ բռնությամբ տիրելով, գյուղացիների վրա որպես կալվածատեր հարկ են նշանակում: Գյուղացիների բողոքների և պատրիարքարանի թագրիրների հիման վրա Բարձ. Կառավարությունը առանձին մասնաժողով է ուղարկում Չարսանջակի գավառը այս գործը քննելու համար: Մասնաժողովը գյուղացիների բողոքը իրավացի գտնելով, և Իսակ-բեկի ու մյուսների իրավունքը անհիմն համարելով, յուր տեղեկությունները հաղորդում է Պետական Խորհրդին: Վերջինը իր կողմից հրամայում է տեղային կառավարությանը աղաների միջամտությունը արգելել և գյուղացիներին հիշյալ կալվածների տեր ճանաչել, այլև նրանց կալվածագրերը նորից հաստատել: Բայց կայսերական իրադեյով (հրովարտակ) հաստատված այս որոշումը տեղական կառավարությունից անգործադրելի մնալով, Իսակ-բեկը և մյուս մահմեդական բռնակալները զանազան խարդախ միջոցներով դարձյալ մնում են Չարսանջակի գյուղորեից տեր: Այս խնդրի մասին այնուհետև մի քանի թագրիրներ են գրվում, բոլորն մնում են ապարդյուն:
22. Սեբաստիո գավառի Յար-Հիսար գյուղի հայերին պատկանող մշակության դաշտերի և արտերի մեջ տեղային մյուդիրը (գավառապետ) չերքեզներ է բնակեցնում և հայ գյուղացիները զրկվում են իրանց հողերից: Այդ մասին պատրիարքարանից մի քանի անգամ թագրիր է գրվում, բայց Դռան կողմից «բաթալ» է լինում, այսինքն` առանց հետևանքի է մնում:
23. Էսկիշեհերի մեջ մահմեդականները քրիստոնյաներին արգելում են նոր կալվածք գնելու, բնակություն հաստատելու և եկեղեցի շինելու: Թագրիրներ գրված են, Բ. Դռնից մի քանի անգամ հրամաններ ուղարկված են քրիստոնյաներին նպաստելու նպատակով, բայց արդյունքն հայտնի չէ:
24. Տիգրանակերտի նահանգում Սպահերա ավանի գյուղերը հարստահարող քուրդերի գլխավորներից մեկը` Աբդի բեկ անունով, մուդիրության պաշտոն վարելով, սկսում է ժողովուրդը ամեն կերպով կեղեքել: Այս բռնակալը հափշտակում է հայերից նրանց արտերը, հողերը և անասունները, այլև Հուսպ գյուղի հայոց գերեզմանատունը գրավելով, միջի գտնված եկեղեցին քանդում է և յուր համար տուն է շինել տալիս: Նմանապես մի քանի ուրիշ քուրդ բեգեր (անունները գրված են) Էրուն ավանի գյուղերը հարստահարում են: Թագրիր գրված է, հրամանագիրը ուղարկված է, արդյունքը հայտնի չէ:
25. Վանա Շատախ գավառում քուրդ բեգերն, որպես երկրի անիշխանության ժամանակ, սկսում են իրանց վաղեմի բարբարոսությունները գործ դնել: Նրանք հայերին սոսկալի կերպով տանջում են, ստիպեցնելով, որ իրանց տուրք վճարեն, երկեղեցիները քանդում են, պղծություններ են գործում, մշակությունները այրում են և շատ նշանավոր հայեր սպանում են (անունները գրված են): Բացի դրանից Շատախու գավառի վեց գյուղերի (անունները գրված են) հայ բնակիչներին դուրս քշելով, քուրդերը իրանք են նրանց մեջ բնակում և նրանց հողերը ամբողջապես իրանց են սեփականացնում: Թողյալ այդ, ուրիշ 12 գյուղերի արտերը հայերի ձեռքից խլում են քուրդերը: Հայ ժողովուրդը բողոքելով տեղային կառավարության, նա իր կողմից Աղա-բեկ և Բարսեղյան Մկրտիչ անունով անձինքը քննիչ է ուղարկում: Քննիչները ստուգելով քրդերի անիրավությունը, հայերի իրավունքը հաստատում են հիշյալ հողերի վերաբերությամբ: Բայց հետևյալ տարին Ռեշիդ-Էֆենդի անունով մեկը թափուի օրինաց գործադրությանը համար Շատախու գավառն ուղարկված լինելով, հայերին պատկանող նույն հողերը գաղտնի կերպով քուրդ բեգերի անունով թափու է անում68: Այս խարդախության համար գյուղացիներից մինչև 200 հոգի դիմում են Վան քաղաքը և բողոքում են տեղային կառավարությանը, և պատրիարքարանը յուր կողմից առանձին թագրիրով հայտնում է Բարձ. Դռանը, բայց պատասխան չէ ստանում:
26. Չնքուշի վանքի արտերը կառավարությունը իբրև մահլուլ69 ճանաչելով, ծախել է տալիս: Այդ մասին թագրիր է գրվում, արդյունքը հայտնի չէ:
27. Արզրումի մեջ թահրիր էմլաք (կալվածական արձանագրություն) կատարվելու միջոցին, երբ կարգը ազգային դպրոցների և եկեղեցիների կալվածներին է հասնում, տերության պաշտոնյան չէ ուզում սրանց իբրև ազգային կալվածք արձանագրել, ասելով, թե այսպես անելու հրահանգ չունի, այլ յուր պարտավորությունն է յուրաքանչյուր կալվածքի կենդանի տերը գտնել, և նրա սեփականության իրավունքը ստուգելեն հետո, նրա անունով արձանագրել: Իսկ երբ մի կալվածք անձնավորյալ տեր չունի, պետք է իբրև մահլուլ նկատել70: Այդ մասին պատրիարքարանից թագրիր գրված է. Բ. Դուռը հեռագրել է, որ հիշյալ կալվածները ազգի անունով արձանագրվին, բայց արդյունքը հայտնի չէ:
28. Տրապիզոնի ս. Փրկիչ վանքի արտերի մեկ մասը Ալի էֆենդի անունով մեկը կամենում է սեփականել: Թագրիր գրված է այդ մասին. պատասխան առնված չէ:
29. Մադեն քաղաքի Ջերմուկ գյուղի հայոց թաղի մեջ եկեղեցին շինելու արգելք են լինում մահմեդականներն, պատճառելով, թե հայոց թաղի մոտ մզկիթ կա: Թագրիր գրված է, հրամանագիր ուղարկված է, արդյունքն հայտնի չէ:
Ոճրագործություններ
30. Հալեպի հեռագրատան պաշտոնյա Ասատուր անուն հայազգին հեռագրատան մեջ սպանվում է: Կառավարությունն հեռագրատան տեսչից պահանջում է ոճրագործին: Եվ նա Ահմատ անունով հեռագրատան ստոր ծառաներից մեկին ցույց տալով, հայտնում է, թե նա է սպանողը: Բայց մյուս կողմից տեղական կառավարությունը ձևացյալ մարդասպանին առանց քննության «խենթ» է ասելով, հիվանդանոցն է ուղարկում... Թագրիր գրված է, հրամանագիր ուղարկված է, արդյունքն հայտնի չէ:
31. Վանա Նարեկա վանքի ջրաղացը քուրդերն կողոպտելով, ջաղացպանին սպանում են: Թագրիր գրված է, Բարձ. Դուռն պատասխան չէ տված:
32. Մուլեզիմ (հիսնապետ) Հասանը Աղթամարա վանքը մտնելով, միաբաններից Հակոբ վարդապետին սպանում է: Մի քանի քուրդերն էլ Մինդան գյուղի Տեր-Հովհաննես քահանային են սպանում: Եվ Աբդուլ-Ֆաթթահ եղեռնագործը նույն կողմերում բոլոր հայերը կոտորելու սպառնալիք է անում: Թագրիր գրված է. Բ. Դռնից հրամանագիր է ուղարկված և հեռագիր է զարկված, արդյունքն հայտնի չէ:
33. Մարաշի մեջ Մենզերյան Հարությունին և Չամչիկյան Ղազարոսին տեղային մահմեդականներն սպանում են: Նաև Զեյթունի կայմաղամ Դավուդ աղան Հարություն անունով հայ ոստիկանին սպանել է տալիս: Թագրիր գրված է, Բ. Դռնից հեռագիր զարկված է, բայց արդյունքն հայտնի չէ:
34. Մալաթիո Մուսթաֆա բեկի դեպի հայերն ունեցած մոլեռանդական վարմունքի դեմ և մահմեդական սրիկաների` շան վզից խաչ կախելով քաղաքի փողոցներում և շուկաներում ման ածելու համար` թագրիր գրված է, Բ. Դռնից պատասխան առնված չէ:
Կրոնափոխություններ
35. Բայբուրդ քաղաքի Ռոմելի գյուղացի Մարթա անուն աղջիկը առևանգվում է Սաֆար անունով մի թուրքից: Հայերի բողոքելով աղջիկը տեղային կառավարության ատյանում ներկայացնում են հարցուփորձի համար: Այնտեղ լինում են Բայբուրդի հայոց երևելիներն, մի քանի հույներ և մահմեդականների գլխավորներն: Փոխանակ աղջկան թույլ տալու, որ խոստովանվի, արդյոք նա իր հաճությամբն է ընդունել մահմեդականությունը, հանկարծ մահմեդականների մոլեռանդ բազմությունը ներս է թափվում, և սկսում են գոռալ. «Աղջիկն արդեն մահմեդականությունը ընդունած է, կրկին հարցնելու հարկ չկա, և եթե նա` մահմեդական չեմ ասե, և դեպի քրիստոնեություն վերադառնա, շարիաթի օրենքով նրան գլխատել պետք է»: Կատաղի ամբոխը այսպիսի և դրա նման շատ սպառնալիքներ կարդալով, և մորը թույլ չտալով, որ աղջկան մոտենա, խեղճ Մարթային ստիպեցնում են խոստովանել, թե ինքն հաճությամբ է ընդունել մահմեդականությունը, և բռնի կերպով նրան ամուսնացնում են թուրք Սաֆարի հետ:
Բայց Մարթան չկարողանալով մահմեդականի հետ կենակցել, գիշերով փախչում է և յուր մոր տունն է գալիս: Այս բավական էր քաղաքի մահմեդականությունը կատաղության չափ վրդովմունքի մեջ գցել: Մոլլաներն քաղաքի մեջ մունետիկ են կանչել տալիս, և մոլեռանդ բազմությունը հավաքում են մադրասաների մեջ, և նրանց գրգռում են, ասելով, թե քրիստոնյաներն մահմեդականություն ընդունող աղջիկը փախցրել են: Իսկույն երկու հազարի չափ կատաղիներ զենքերով հայոց տների և խանութների վրա են հարձակվում, մեծ մասը կողոպտում են, քանդում, և 30 հոգի հայերից չարաչար վիրավորում են: Տեղական կառավարությունը Կարնո կուսակալին վտանգը հեռագրով իսկույն իմացում է տալիս: Կուսակալը զորքով այնտեղ է հասնում, խռովությունը դադարեցնում է, և ստուգելով, թե աղջիկն ամենևին քրիստոնեից կողմից փախցրած չէ եղել, մի քանի մարդիկ Կարին տանելով բանտարկում է: Բայց գլխավոր խռովարարներն մնում են անպատիժ և կողոպտված ժողովրդի վնասներին ոչինչ հատուցում չէ լինում: Այդ մասին մի քանի անգամ թագրիրներ են գրված, բայց ամենևին Բարձ. Դռնից պատասխան չէ ստացված:
36. Սեբաստիո մեջ մի հայ մահմեդականություն է ընդունում և իր աղջիկը հետն է տանում: Բայց աղջիկն որովհետև չափահաս էր, հոր մոտից փախչում է և ապաստանում է հայոց վանքում: Մահմեդականներն պնդելով, թե աղջիկն հոր մոտ պետք է մնա, հարձակվում են վանքի վրա, և աղջկան բռնությամբ դուրս են քաշում: Պատրիարքարանը անդադար թագրիրներ է գրում, որ աղջիկը քրիստոնյա մնացած մորը հանձնվի, քանի որ նա հոր կրոնքը ընդունելու միտք չունի: Բարձ. Դուռը հրաման է գրում, որ Աղջիկը նախ թուրքացած հորը հանձնվի և ապա քննություն լինի: Պատրիարքարանը իր թագրիրները կրկնում է: Վերջապես, երեք տարուց հետո աղջկան քրիստոնյա մորն են հանձնում քննելու համար, երբ ամեն բանով փոխված էր…
37-րդ խնդիրը Քղիի և Երզնկայի գավառների երևելի չարագործ Շահ-Հուսեյնին է վերաբերում, որի մասին արդեն խոսեցինք: Այս չարագործի հարցը «Տեղեկագրքի» մեջ շատ տեղ է բռնում:
38-րդ խնդիրը վերաբերում է զինվորական տուրքին, որի մասին փոքր ի շատե տեղեկություն տվեցինք մեր ծանոթության մեջ:
39-րդ խնդիրը վերաբերում է հողային հարցերի, որոնց մասին առանձին պետք է խոսենք, որովհետև այս ամենագլխավոր հարցը, որպես նկատվում է «Տեղեկագրքից», շատ փոքր գրավել է պատրիարքարանի ուշադրությունը...
***
Որպես տեսանք, թե առաջին և թե երկրորդ «Տեղեկագրքի» մեջ պարունակված խնդիրները, եթե իրանց տեսակին համեմատ դասավորելու լինենք, կստանանք հետևյալ թվանշանները.
— Ամբողջ 58 խնդիրներից 36 վերաբերում են զանազան տեսակ հարստահարությունների, և 12 հողային և կալվածական խնդիրների, 5 ոճրագործության կամ քրեական հանցանքների, իսկ 4 կրոնափոխության, կամ կանանց բռնաբարությունների: Հիշյալ թվանշաններից դուրս է մնում 263 հայոց գյուղերի և 21 վանքերի հողերի քրդերից և թուրքերից հափշտակելու խնդիրը, որոնց մասին «Տեղեկագրքի» մեջ միայն մեկ ընդհանուր բողոքագիր է երևում, պատրիարքարանի կողմից Բարձ. Դռան մատուցած: Հողային հարցը, որ հայերի կենսական հարցն է, շատ ուշադրության չէ առնվել, կարծես այդ խնդիրը չէ հետաքրքրել պատրիարքարանին:
Ինչևիցե, խոսենք 58 խնդիրների մասին: Պատրիարքարանը դրանց համար ամբողջ 25 տարվա ընթացքում անդադար թագրիրներ է մատուցել Բարձ. Դռան: Բայց ի՞նչ արդյունք են ունեցել պատրիարքարանի պաշտոնական թագրիրներն: — Յուրաքանչյուր թագրիրի ներքո կարդացվում են այսպիսի մակագրություններ. — Անպատասխան մնացած է»: — «Ապարդյուն մնացած է»: — «Սույն թագրիրը բաթթալ (առանց հետևանքի) մնացած է»: — «Բարձ. Դռնեն հրամանագիր ղրկված է, ինչ արդյունք ունեցած ըլլալն հայտնի չէ»: — Եվ այսպես, թագրիրներից և ոչ մեկը չենք գտնում, որ յուր նպատակին և յուր նշանակությանը հասած լինի: Կնշանակե, ամբողջ 25 տարվա ընթացքում Բարձ. Դուռը պատրիարքարանի խնդիրներին բավականություն տված չէ: Դա շատ ցավալի մի երևույթ է, մի երևույթ, որ ցույց է տալիս, թե սուլթանի կառավարությունը ո՛րքան նվազ պաշտպանում է արդարությունը և իրավունքը, և ո՛րքան սակավ հոգս է տանում նա ոչ-մահմեդական ազգերի հանգստությանը և բարօրությանը:
Արդարև, խնդիրների կարգում տեսնվում են մի քանիսը, որոնք Դռան բարձրագույն ուշադրությունը իրանց վրա դարձնելով, արժանացել են բարձրագույն հրամանագրերի: Բայց Շահ-Հուսեյն չարագործի հարցը բավական է ցույց տալու համար, թե բարձրագույն հրամանագրերն ինչ նշանակություն ունեն գավառական հարստահարությունները բառնալու համար: Ընթերցողն արդեն տեսավ, որ հինգ մեծամեծ սադրազամներ և վեզիրներ, որպես էին Ալի-փաշան, Միտհադը, Հուսեին Ավնին և այլն, իրանց հրամանագրերով չկարողանան Շահ-Հուսեյինի նման մի ավազակապետ հեռացնել յուր հարստահարությանց ասպարեզից: Եվ ուրիշ կերպ լինել կարող չէր, քանի որ Տաճկաստանի արտակենտրոնական կառավարության մեջ մեծ դեր է խաղում դարաբեկիությունը, այսինքն` անձնիշխանությունը մի պաշտոնակալի, որն որքան հեռանում է կենտրոնից` Կ. Պոլսից, այնքան կամայական և այնքան ապստամբ է դառնում:
Գուցե սուլթանի դուռը շատ անգամ ցանկանում է յուր ոչ-մահմեդական հպատակներին հանգստություն, կյանքի, կայքի և պատվի ապահովություն շնորհել, և աշխատում է բառնալ անիրավությունը, պատժել հարստահարիչներին: Բայց ի՞նչ օգուտ ունեն բարի ցանկություններն, երբ որ գործադրություն չեն գտնում, երբ որ նահանգական և գավառական պաշտոնակալների կամայականությամբ բոլորը մնում են անգործադրելի: Սուլթանի Դռան բարձրագույն ֆերմաններն նույն նշանակությունն ունեն հարստահարված ժողովրդի բարօրության համար, ինչ նշանակություն որ ունի տեր-բաբայի գրած թալիսմանը մի հիվանդ երեխայի առողջության մասին, որը խորին ջերմեռանդությամբ առնում է մայրն և խնամքով դնում է որդու բարձի տակին, որ նա չմեռնի…
Տաճկաստանի գործերի այսպիսի անկարգ և այլանդակ դրությունը մեզ բնավ չէ զարմացնում, որովհետև նա շատ հատկանիշ է և ծագում է իրերի բնական կարգից: Որքան էլ աշխատեր, որքան էլ ճգներ Դուռը, և որքան էլ հաճախ իր ֆերմաններով ազատ իրավունք և արդարություն տեղար ժողովրդի վրա, — բոլորն անօգուտ է: Որովհետև մենք համոզված ենք, թե վերևից միայն հրաշքներ կարող են գործվիլ, բայց մի երկրի բարեկարգությունը պետք է սկսվի արմատից: Ոչինչ ցանք բուսնել չէր կարող, քանի որ հողը պատրաստված չէ: Այնպես էլ հազարավոր ֆերմաններ միշտ կմնան որպես մեռած տառ, քանի որ ամբոխն յուր կրթությամբ չէ համապատասխանում բարձրագույն նպատակին:
Թողնենք փիլիսոփայությունը:
Անկարելի է, որ բոլոր նահանգական և գավառական բարձր և ստոր պաշտոնակալներն լինեին անիրավ մարդիկ: Որպես պատրիարքարանի «Տեղեկագրքից» ևս երևում է, նրանց մեջ կան և այնպիսիքը, որ աշխատում են գործ դնել բարձրագույն հրամանը, աշխատում են հարստահարիչներին զսպել, բայց և նրանց աշխատությունը մնում է ապարդյուն: Որովհետև այսպիսիները շատ անգամ իրանց դեմ են հուզում մոլեռանդ մահմեդականության կատաղությունը և այսպիսով չեն կարողանում պահպանել իրանց դիրքը: Հարստահարիչների գլխավորներն ամեն տեղում երկրի նշանավոր և ազդեցության տեր մարդիկն են, և նրանցից է կախված մի փաշայի կամ մի կուսակալի վիճակը: Եվ մահմեդական ժողովուրդն յուր շահերով կապված է գլխավոր հարստահարիչների հետ: Այսպիսի հանգամանքներում ինչ կարող է անել մի թույլ և անզոր տերության նույնպես անզոր պաշտոնակալը, նա ևս ստիպված է գնալ ընդհանուր հոսանքի հետ: Որովհետև պաշտպանել հարստահարված հային հարստահարող մահմեդականի դեմ` նույն է, որպես զրկել վերջինը յուր անիրավ շահերից, որ մինչև անգամ կրոնքով նրան թույլ տրված է, որը նրա բնավորության մեջ պատմականաբար արմատացած է...
Մահմեդականության գաղափարը կից է հարստահարության գաղափարի հետ, որը կրոնից տարրացել է ամբոխի մեջ: Ամեն կրոն նույն օրենքներն և վարդապետություններն ընդհանուր մարդասիրական նշանակություն չունեն. այսինքն` երբ նա խտրություններ է դնում յուր հավատացյալների և օտարների մեջ: Օրինակ, այն որ արգելված է մի մահմեդականի դեմ գործելու, շատ անգամ թույլ է տրված գործել, երբ դա վերաբերում է մի այլադավանի: Մենք կարող ենք հարյուրավոր փաստեր բերել, բայց բավական է հիշել մեկը: Մահմեդական օրենքով վկայությունը նույն ուժը և զորությունը ունի, որպես գրավոր ապացույցը: Բայց ոչ-մահմեդական ազգերի վկայությունը մահմեդականի վերաբերությամբ չէ ընդունվում: Ահա՛ օրենքի այս խտրության տակ կարող են ծածկվել ամեն տեսակ չարագործություններ: Մահմեդականը մի հայ սպանել է, մի հայ աղջիկ բռնաբարել է, մյուսի այս ինչ բանը գողացել է, և այս բոլորը պատահել են հայոց շրջանում, իհարկե, վկաներն նույնպես հայ կլինեն, բայց նրանց վկայությունները չընդունվելով, հանցանքը մնում է անպատիժ: Ոչ-մահմեդականի վկայությունն այն ժամանակ միայն կարող է ընդունված լինել, երբ տված կլինի մահմեդականի օգտին: Եվ այսպես մահմեդական կրոնը գլխավոր արգելառիթներից մեկն է Տաճկաստանում արդարություն և քաղաքացիության հավասարություն մտցնելու: Այստեղից հասկանալի է, թե ինչո՞ւ Բարձ. Կառավարության, շատ անգամ բոլորովին անկեղծորեն առաջարկած, բարենորոգումները քրիստոնյաների վերաբերությամբ մնում են անկատար:
Եթե պատրիարքարանի «Տեղեկագիրքն» ընդունենք որպես Ասիական Տաճկաստանում հայերի վերաբերությամբ կատարված հանցանքների վիճակագրական արձանագրություն, այն ժամանակ դուրս բերված թվանշաններն մեզ շատ տխուր եզրակացությունների կհասցնեն: Խոսենք յուրաքանչյուրի վրա առանձին-առանձին:
Քսանևհինգ տարվա միջոցում կատարված կրոնափոխությունների թիվը (2 հոգի միայն) ամենափոքր տեղն է բռնում պատրիարքարանի արձանագրությանց մեջ: Դա ինչի՞ց է: Գուցե ոմանք կմտածեն, թե կրոնափոխություններ սակավ են պատահում և պատրիարքարանին այդ մասին չեն զբաղեցնում: Ո՛չ, պատահում են, և ավելի մեծ թվով, և եթե պատրիարքարանը այդ մասին ունեցել է երկու խնդիրներ, միայն դա ունի յուր առանձին պատճառները:
Կրոնափոխությունները Ասիական Տաճկաստանում համոզմունքով չեն կատարվում, որովհետև մահմեդականությունն այն առավելությունը չունի, որ քրիստոնյա հայը ցանկանար յուր կրոնը փոխել. այդ մասին բավական է ի նկատի ունենալ անբախտ Մարթայի անցքը: Կրոնափոխությունները պատահում են ըստ մեծի մասին աղջիկների և կնիկների մեջ հետևյալ պատճառներով. Ասիական Տաճկաստանում շատ փոքր է այն գյուղերի թիվը, որոնք ամբողջապես բնակեցրած լինեին հայերով. շատերը խառն են քուրդերի և տաճիկների հետ: Եվ եթե կան բոլորովին հայաբնակ գյուղեր, նրանց մերձակայքում դրած են մահմեդականներին, իսկ քաղաքներում շատ խառն են բնակվում: Եվ այսպես, հայերի և մահմեդականների հարաբերություններն անջատված չեն: Որպիսի՞ հետևանքներ են առաջ գալիս այսպիսի սերտ հարակցությունից: — «Լավ բան է, բայց ափսո՛ս, որ գյավուրին (անհավատին) է պատկանում» — դա մի առած է մահմեդականի լեզվում: Մահմեդականը միշտ աչք ունի հային պատկանող այն ամեն բանի վրա, ինչ որ գեղեցիկ է, ինչ որ թանկագին է: Եվ հայի գեղեցիկ կինը ու աղջիկը չէին կարող չգրավել նրա հրապուրանքը:
Տաճիկը, մանավանդ քուրդն ամեն ինչ ավելի ախորժակով է վայելում, երբ նա գողացված էր: Գողանալ յուր ամուսին քուրդի համար ոչ միայն պարծանք է համարվում, այլև քաջություն: Եվ այդ հերոսությանը զոհվում են մեծ մասամբ հայոց գեղուհիները: Մի երկրորդ, ավելի զորեղ շարժառիթ պատճառ է տալիս նրանց հափշտակությանը, այն է կրոնական մոլեռանդությունը. — գողանալ քրիստոնյա կինը և աղջիկը և նրանց դեպի մահմեդականություն դարձնել, դա հոգևոր վարձատրություն ևս ունի:
Մի անգամ խլվեցավ աղջիկը հայրենական տնակից, այլևս նրան վերադառնալու հույս չկա: Մահմեդականությունը սարսափելի օրենքներ ունե մի անգամ նրա ծոցը մտնող (եթե բռնությամբ ևս լիներ) և կրկին դեպի հայրենական կրոնը վերադարձող անձի համար: Հանդիպող մահմեդականն իրավունք ունի սպանելու նրան: Եվ երկյուղը փակում է նրա վերադարձի ճանապարհը:
Իսկ մի երկրորդ մոլեռանդություն նույնիսկ հայերի կողմից ոչ պակաս է քան մահմեդականինը, որ և առավելապես պատճառ է դառնում թշվառ զոհերի կորչելուն: Մի անգամ մահմեդականի ձեռքն ընկած աղջիկը և կինը համարվում է որպես պղծված մարմին: Նրանք կորցնում են ազգայինների մեջ իրանց համարումը և պատիվը, և այնուհետև դժվար թե մի հայ տղամարդ կցանկանար այնպիսի մի կնոջ և աղջկա հետ ամուսնական կապ ունենալ: Այդ գիտեն թշվառ զոհերը... և եթե նրանք այնքան քաջություն ունին, որ կամենում են ազատվել իրանց հափշտակողների ձեռքից, այլևս չեն վերադառնում դեպի իրանց ազգայինները, այլ իրանց նախատինքը ծածկելու համար շատ անգամ անձնասպան են լինում, և կամ հուսահատությունից ստիպված, ակամա կերպով խոնարհվում են բռնության առաջ... Եվ այսպես, կրոնափոխությունները կանանց վերաբերությամբ կապված են առևանգության և բռնաբարության հետ:
Այստեղից հայտնի է, թե ինչու կրոնափոխությունների մասին եղած խնդիրները շատ փոքր տեղ են բռնում պատրիարքարանի արձանագրությանց մեջ: Որովհետև պատրիարքարանն ինքնակամ գանգատ սկսել չէ կարող, քանի որ ժողովրդի կողմից բողոք չէ լսում, և ժողովուրդը վերոհիշյալ երկու պատճառներով շատ անգամ լռում է դեպքերի մասին: Եվ եթե Մարթայի դժբախտ անցքը չսպառնար Բայբուրդի ամբողջ հայերի կոտորածին, հազիվ թե նա պատրիարքարանի և Արզրումի կուսակալի ուշադրությանը կարժանանար:
Այս մեր դիտողությունները կանացի սեռի մասին են, բայց կրոնափոխությունները տղամարդերի մեջ կատարվում են բոլորովին ուրիշ շարժառիթներից: Օրինակ, շատ անգամ մի հայ մարդ յուր ազգակիցների հետ վեճեր ունի, դատ ունի, կամ որևիցե ոխակալության համար կամենում է վրեժխնդիր լինել յուր ոսոխից, այսպիսին մահմեդականներից պաշտպանություն գտնելու համար փոխում է յուր կրոնը, որովհետև մահմեդականությունն ավելի իրավունք, ավելի դյուրություն է տալիս նրան չար կրքերը հագեցնելու: Կամ թե մեկը հանցանք է գործել, փոխելով յուր կրոնը, նա ազատվում է պատժից, և կամ ծույլ ու թշվառ մեկն է, նա յուր օրական հացը գտնում է կրոնափոխության մեջ: Եվ այսպես, տղամարդերից կրոնափոխ լինողներն ըստ մեծի մասին լինում են չար և անբարոյական մարդիկ, որոնք մահմեդական շրջանի մեջ ավելի հագուրդ են գտնում իրանց մոլություններին:
Ուրիշ պատճառներ մենք չեն ճանաչում կրոնափոխության մասին, որովհետև գիտենք, որ մահմեդականությունը միսիոնարներ չունի. նրա հիմքը դրվել է սրով և այժմ պահպանվում է մոլեռանդության մեջ:
Մնում է մի քանի խոսք ասել մանկահասակ պատանիների կրոնափոխության մասին. այդ թշվառներին նույնն է պատահում, ինչ որ պատահում է մանկահասակ օրիորդների հետ, որովհետև երկուսն էլ միևնույն նշանակությունն ունեն մահմեդական աշխարհում…
Կրոնափոխություններից հետո պատրիարքարանի արձանագրությանց մեջ փոքր տեղ են բռնում սպանությունները (6 հոգի միայն). դա շատ տխուր մի երևույթ է, որով մեկնվում է Տաճկաստանի հայի թշվառ դրությունը: Կրկնում ենք տխուր, այո՛, շա՛տ տխո՛ւր, — և գուցե այս ասացվածը կբարձրացնե մեր դեմ մի այսպիսի հարց. «մի՞թե ցանկալի էր, որ մեծ թվով կոտորեին հայերն Տաճկաստանում»:
Մենք կյանքի և բնության մեջ կատարված երևույթները, թեև վերաբերում ենք մի նախասահմանյալ տեսչության, բայց համոզված ենք, որ ամեն մի երևույթ ունի յուր իրական պատճառները: Եվ այսպես էլ հայերի մեջ կատարված սպանությունների սակավությունը չենք կարող վերաբերել մահմեդականների գթությանը, թե նրանք ավելի մարդասիրաբար են վարվում հայերի հետ, մինչդեռ իրանց մեջ ավելի մեծ թվով են կոտորում մինը մյուսին:
Պարզենք մեր միտքը:
Մի հասարակության մեջ կատարված հանցանքների թիվը, նրանց բնավորությունը և տեսակը ցույց են տալիս նույն հասարակության նյութական և բարոյական դրությունը: Եվ հանցանքների պատճառներն ու նրանց շարժառիթներն այնքան զանազանվում են, որքան զանազանվում է մի հասարակության կրթության աստիճանը մյուսից և նրա տնտեսական դրությունը:
Առհասարակ նկատված է, մի հասարակության մեջ ավելի մեծ թվով կատարվում են սպանություններ, երբ աշխատությունը, արդար վաստակը և ապրուստի ապահովությունն ընդհանրացած չէ ժողովրդի բոլոր դասակարգերի մեջ, երբ զորեղն անզորին ճնշում է և խլում է նրա ձեռքի վաստակը: — Ասիական Տաճկաստանն այդ դրության արյունոտ պատկերն է ներկայացնում: Այստեղ ոչ միայն մասնավոր գողեր և ավազակներ խլում են օտարի բարին, այստեղ ոչ միայն բռնակալ դարաբեյիներ կողոպտում են ժողովուրդը, այլ ավազակներից կազմված ամբողջ խումբեր (որպես քուրդերի ասպատակներն) արշավանք են գործում երկրի մի կողմից դեպի մյուսը, հափշտակում են և ամեն տեղ տարածում են ավերմունք և աղքատություն: — Մի փոքր ընդդիմադրություն հափշտակվողի կողմից վերջ է տալիս նրա կյանքին, և այստեղից առաջ են գալիս սպանությունները:
Սպանություններն այստեղ պատահում են կայքի հափշտակության և նրա պահպանության համար գործ դրված երկու հակառակ ուժերի մեջ, և որքան սաստիկ է լինում ընդդիմադրությունը, այնքան աճում է սպանությունների թիվը:
Բայց քննելով պատրիարքարանի արձանագրությանց թվանշանները, մենք բոլորովին հակառակ եզրակացության ենք հասնում: Նրանցում հարստահարությունների թիվը հարյուրապատիկ ավելի է, քան սպանությունները: Ի՞նչ է պատճառը:
Մենք ուրիշ պատճառ չենք գտնում, բայց միայն այն, որ հայը Տաճկաստանում ամենևին ընդդիմադրության զորություն չէ ցույց տալիս, նա բոլորովին կրավորական դեր է խաղում. նա թույլ է տալիս քուրդին, տաճկին հափշտակել յուր կինը, յուր աղջիկը, յուր մանկահասակ որդին, միայն յուր անձին չդիպչել... նա թույլ է տալիս հափշտակել յուր ձեռքի վաստակը, խլել յուր պապերից մնացած մի կտոր հողը, միայն յուր կյանքին խնայել... Այսպիսի ստոր և ցած վարմունքի մեջ բնականաբար շատ փոքր թվով կպատահեին սպանություններ, որովհետև հայն յուր ընտանիքը, յուր կայքը, յուր պատիվը և ամեն ինչ որ սուրբ է յուր համար` զոհում է միայն յուր կյանքը պահպանելու համար: Բայց նա կյանքը զոհելու և իրավունքը պահպանելու քաջություն չունի...
Բայց սպանությունները մահմեդականների մեջ ավելի մեծ թվով են պատահում, որովհետև մահմեդականը այնպես չէ վարվում որպես հայը. նա գիտե չարին չարով պատասխանել...
Գուցե ոմանք կնկատեն, թե ի՞նչ կարող է անել ողորմելի հայը, երբ թուրքը և քուրդը սուր ունեն, բայց հայը չունի, նա ի՞նչով կարող է ընդդիմանալ յուր զինվորված թշնամուն: Նա պետք է խոնարհվի բռնության դեմ և թույլ տա, որ կողոպտեն իրան, որպեսզի իր անձը կենդանի պահե: — Այս բոլորը միամիտ մարդիկների կարծիքն է, որոնք նայում են առաչյոք անարդար երևույթների, որպես վերին տեսչությունից սահմանված օրենքների վրա: Բայց մենք այս բանին չենք հավատում, որ աստված տաճկի և քուրդի ձեռքում սուր տված լիներ հային կողոպտելու համար, և ոչ էլ մտածում ենք, թե դա ժողովրդի մեղքի համար է, որ աստված պատժում է նրանց…
Հայի ստրկության և նրա այժմյան թուլասրտության պատճառներն այնքան բաղադրյալ են, որ պետք է մեր ամբողջ պատմությունը քրքրել այս հարցը բացատրելու համար: Բայց դա դուրս է մեր հոդվածի նպատակից: Այսքանը միայն կասենք. եթե մի հայ, որ յուր գրպանում ունի մի քանի ոսկի, փոխանակ այն գումարը տալու և մթերք գնելու, որ կրկինը շահե, եթե նրա մի մասը տա և մի զենք գնե յուր մթերքը և յուր գլուխը պահպանելու համար, իմ կարծիքով, ոչ ոք նրան չի արգելի: Եվ եթե նա այդ չէ անում, այլ հրեայի նման միշտ շահասիրության ետևից է ընկած, ո՞վ է մեղավոր, որ նրան կողոպտում են:
Այն ուրիշ բան է, երբ մի կառավարություն ինքն է պահում զենքը յուր ձեռքում, իրան միայն է սեփականում նրա գործածության իրավունքը, և հետևապես ինքն հսկում է հպատակների հանգստության և ապահովության վրա, բայց քանի որ Տաճկաստանն այդ անելու զորությունը չունի, այն ժամանակ հպատակների վրա է մնում անձնապաշտպանության հոգսը ինչ կերպով և լիներ:
«Թո՛ղ ուրիշն փրթե, ես խփշտեմ», — ասում է հայկական առածը. — դա մի ծույլ ազգի առած է, որի մեջ բովանդակվում է նրա կյանքի ամբողջ վարդապետությունը… Հայը դեռ սպասում է... հրեայի համբերությամբ սպասում է… եթե ուրիշի արյան գնով քրիստոնյաներին հանգստություն կբաշխվեր, գուցե իրան էլ մի պատառ կգցեին: Լավ երազ է, եթե ի բարին կատարվի...
Հայը յուր ամբողջ կյանքում այսպես է վարվել. — «թող ուրիշը փրթե, ես խփշտեմ» և յուր ստրկությունն այս քաղաքականությանը հետևելու արդյունք է: Նա այսպե՜ս է վարվել ոչ միայն յուր քաղաքական կյանքում, այլև գիտության, արհեստի, ճարտարության մեջ նույնն է եղել. — նա ոչինչ չէ արդյունաբերել, ոչինչ չէ տվել մարդկությանը, այլ միշտ «խփշտել է ուրիշի փրթածը...»: Մենք շատ խիստ լեզու չենք գործածի հայի այս վարմունքի դեմ, միայն կասենք, որ մուրացկանությունը ծույլերի հատկանիշն է… և մուրացկանի փորին շատ անգամ չի աջողվի կշտանալ օտարի փշրանքով...
Դառնանք դեպի մեր խոսքը:
Ասեցինք, թե հայերի վերաբերությամբ կատարված սպանությունների փոքր թվանշանները, պատրիարքարանի արձանագրությանց համեմատ, ապացույց են նույնիսկ հայերի թուլությանը և նրանց ստրկային հոգու ցածությանը: Այս հարցը ավելի պարզելու համար հարկավոր ենք համարում փոքր-ինչ երկար խոսել հարստահարությունների և կալվածական խնդիրների մասին, որոնք պատրիարքարանի արձանագրությանց մեջ համեմատաբար ավելի մեծ տեղ են բռնում:
***
Հարստահարություններն կատարվում են ըստ մեծի մասին տաճկական Հայաստանի հյուսիս-արևելյան մասում, և կենտրոնը, որպես երևում է պատրիարքարանի արձանագրություններից, համարելու է Վանա ծովակի շուրջը դրված երկիրները: Այս երկրներն են` Արզրումի նահանգն յար գավառներով, Տիգրանակերտի նահանգն յուր գավառներով և Վասպուրականի երկիրն յուր գավառներով: Դրանք այն երկրներն են, որոնք ավելի խիտ բնակեցրած են հայերով, և ավելի հեռու դրած են Կ. Պոլսից:
Հարստահարությունները կարելի է երեք տեսակի բաժանել. հարստահարություններ, որ կատարվում են կառավարության պաշտոնակալների կողմից, հարստահարություններ, որ կատարվում են քուրդ դերեբեյիների (բռնակալ, ապստամբ) և թուրք ազդեցության տեր անձինքների կողմից, հարստահարություններ, որ կատարվում են մահմեդական հասարակ ժողովրդի կողմից:
Կառավարության պաշտոնակալների կողմից եղած հարստահարություններն ըստ մեծի մասին վերաբերում են տերության տուրքերին և հարկահանների անգթությանը: Տուրքերի տեսակներն և նրանց վճարման ձևերն այնքան զանազան են, որ անկարելի է այդ մասին մի որոշ տեղեկություն տալ: Որովհետև յուրաքանչյուր երկրում միևնույն տուրքը, թե՛ իր քանակության մեջ և թե՛ նյութի հատուցման մեջ տարբերվում է, ավելի կախումն ունենալով հարկահանների բարոյական հատկությունից, քան թե օրենքի տրամադրությունից: Բայց ժողովրդի գանգատներն գլխավորապես վերաբերում են տուրքերի անարդար բաշխմանը, որով մահմեդականների հարկերի ծանրությունն ընկնում է հայերի վրա: Հայը դյուրընտել և հլու բեռնակիր է, նա եզի համբերությամբ կրում է յուր ծանրությունը, որքան և անտանելի լիներ նա... իսկ տաճիկը կարող է ըմբոստանալ, կարող է թոթափել իրանից բռնության ձեռքից դրած բեռը…
Զինվորական տուրքը հայերի վերաբերությամբ այն պարտավորությունների կարգիցն է, որ յուր հետ արտոնություններ չունի: Հայը, որպես մեր նկատողության մեջ հայտնեցինք, զինվորի փոխարեն փող վճարելով, չէ վայելում այն բացառիկ իրավունքները, որ շնորհվում է զինվոր տվող մահմեդականին: Հայի զինվորական տուրքը համարյա մի կերպ տուգանք է, որ նրան տուժել են տալիս, օգուտ քաղելով նրա տխմար ներողամտությունից...
Երբ առաջին անգամ բարձրացավ Տաճկաստանի զինվորագրության հարցը, մեր պարբերական թերթերը դրա վրա երկար վիճեցին: Ես դեռ հիշում եմ այն հիմար վիճաբանությունները: Համարյա մեծ մասի խոսքերը հանգում էր այս ասացվածի մեջ. «Հայը թող զինվորի փոխարեն փող տա. նա փողը միշտ կարող է աշխատել, բայց հայի համար թանկ է յուր արյունը»:
Որքա՛ն վախենում է այդ ազգն արյունից, ամենևին չմտածելով, թե փրկությունը արյան մեջն է...
Մեր ազգի պատմությունը մեզ ուսուցանում է, երբ հայերն պարսիկների, մոնղոլների, արաբների և այլ տիրապետող ազգերի զորքի մեջ զինվորներ ունեին, նրանք քիչ չէին պաշտպանում իրենց հայրենիքը նույն ազգերի բարբարոսություններից, որոնց ծառայության մեջ էին: Այսպես էլ, հայը Տաճկաստանի զինվորության մեջ, եթե ուրիշ օգուտ չտար յուր հայրենիքին, գոնե այսքանը կսովորեր, թե բացի ստրկական խոնարհությունից կա և մի ուրիշ բան անձնապաշտպանության համար՝ զենքը:
Բայց մենք համոզված ենք, եթե հայերն թուրքաց զորքերի մեջ զինվորներ ունենային, այժմ Ասիական Տաճկաստանի հարստահարությունները մեծ մասամբ բարձված կլինեին: Այս խոսքը երկար բացատրությունների կարոտ չէ: Ով որ ճանաչում է Տաճկաստանը, ով որ գիտե, թե ի՛նչ աղբյուրներից են ծագում հարստահարությունները, նա ևս մեզ հետ կհամոզվի, թե զինյալ քրդի դեմ միայն զինյալ մարդը կարող է պահպանել յուր կայքը, յուր ընտանիքը, յուր պատիվը և այլն. — եթե ոչ քրդին արքունի ֆերմաններով կարգ-կանոնի մեջ պահել անկարելի է:
Մեր խոսքը կառավարության պաշտոնակալների հարստահարությանց մասին էր: Պատրիարքարանի արձանագրությանց մեջ զինվորական տուրքից հետո ավելի աչքի է զարկում տասանորդի տուրքը, որ ստացվում է մշակության բերքերից: Այստեղ մշակ մարդու թշվառությունը հասնում է վերջին աստիճանի անկարեկցության: Գյուղացին ստիպված է երկու տեսակ տուրք վճարել այն հողի համար, որը մշակում է. մինը` կալվածական տուրք կամ հողային հարկ, մյուսը` մշակած բերքի տասանորդը: Դա այն ժամանակ է լինում, երբ հողը միմիայն մշակի սեփականությունն է: Բայց որպես երևում է պատրիարքարանի արձանագրություններից, հայերի սեփականություն եղած հողերը մեծ մասամբ թուրք և քուրդ դերեբեյիները բռնությամբ հափշտակել են: Այս դեպքում հայը դարձել է դերեբեյիի կամ յուր նոր աղայի ձեռքում ճորտ: Այժմ նա յուր մշակած հողի համար պարտավոր է վճարել չորս տեսակ տուրքեր, որովհետև երկու աղա ունի, մինը` կառավարությունը, մյուսը` յուր նոր կալվածատերը: Նա վճարում է կառավարությանը կալվածական տուրքը և տասանորդը առանձին, բացի դրանից վճարում է կալվածատիրոջը միևնույն հողի համար առանձին կալվածական տուրք և բերքի տասանորդ: Երևակայեցեք մշակ մարդու դրությունը, և այն ժամանակ հասկանալի կլինի, թե ի՞նչու նա թողնում է յուր արորը, թողնում է հայրենի երկիրը և գաղթում է օտար երկրներում բախտ որոնելու…
Հիշյալ տուրքերի վճարման ձևերը ավելի ևս սաստկացնում են մշակի անբախտությունը: Կառավարության պաշտոնակալները տասանորդի տուրքը տալիս են կապալով իրանց մերձավորներին, և գաղտնի կերպով նրանց հետ ընկեր են դառնում: Կապալառուն, վարձկանը (մուլթեզիմը), ավազակի չափ անգութ կլինի և հափշտակող, մանավանդ երբ յուր անիրավությանց վրա հսկող պաշտոնեությունն յուր գործունեությանը և յուր շահերուն ընկերակից է: Պատրիարքարանի արձանագրությունները բավականին ապացույցներ ունեն, թե որպես են կողոպտում կապալառուները: Նրանք բացի սովորական տասանորդից առնում են շահնալըգ և օլչեք հագգը կոչված արգելված տուրքերը: Նրանք երբ բերքը գին չէ բերում, թողնում են, մշակի հունձքը փտում է, ոչնչանում է կալի մեջ, և այնուհետև տասանորդի փոխարեն պահանջում են արծաթ փող: Իսկ երբ որ մշակը փող չունի վճարելու, ծախել են տալիս նրա երկրագործական անհրաժեշտ պարագայքը և նրա անասունները: Ահա գլխավոր պատճառը, թե ինչու հողագործությունն առաջ չէ գնում Ասիական Տաճկաստանում և ինչու սովը հաճախ կրկնվում է այս երկրում: Ի՞նչ անե մշակը, երբ ինքն կառավարությունն ուղղակի և անուղղակի կերպով նրա ձեռքի վաստակը հափշտակում է, և եթե մի բան էլ մնացել էր, այն ևս բռնությամբ տիրացած կալվածատերն է տանում:
Մեր հոդվածի համառոտությունը չէ ներում ուրիշ մանրամասնությունների մեջ մտնել, այսքանը միայն կասենք, որ նույն երկրում, միևնույն հողի վրա բնակվող մահմեդական մշակի հետ այս բաները չեն պատահում:
Կառավարության պաշտոնակալների դատաստանական խտրությունները մահմեդականների և ոչ-մահմեդականների վերաբերությամբ ոչ սակավ զրկում են հայերին իրանց արդար իրավունքներից և նրանց մասին կատարված անիրավությունները միշտ մնում են անպատիժ: Այս հանգամանքներում հայը մի ճար միայն ունի դատավորի արդարությունն յուր կողմը գրավելու. այն է` յուր արծաթով ամոքել նրա կաշառասեր սիրտը: Իսկ դա խիստ հազիվ է հաջողվում նրան, որովհետև շատ անգամ յուր արծաթով դատավորի քսակը լեցնելեն հետո, նա դարձյալ կորցնում է յուր իրավունքը: Դատավորը միշտ դեպի այն կողմն է թեքվում, ուր ուժ կա, բայց Տաճկաստանում ուժ և զորություն ունի միայն մահմեդականը: Թողյալ այդ, մահմեդականը վայելում է օրինական առանձնաշնորհություններ, որից զուրկ է քրիստոնյան: Օրինակ, նա կարող, է անթիվ վկաներով իրան արդարացնել, բայց հայի վկայությունը չէ ընդունվում: Եվ վկայությունը մահմեդական օրենսդրության մեջ մեծ դեր է խաղում: Շատ ժամանակ չէ, որ Կ. Պոլսի լրագրներում կարդացինք մի դեպք, որ պատահել էր Վանա կողմերում: Մի մահմեդական, առանց գրավոր ապացույցի, միայն սուտ վկաներով մի հայի իրան պարտական էր արել, և բանտ դնել տալով, փողը ստացավ: Այսպես ամեն մահմեդական կարող է ցանկացած հային կողոպտել. վկաներ նրա համար պակաս չեն լինի, և ինքն դատավորը կնպաստե նրա չարագործությանը, որովհետև ստացած արծաթի մի մասն էլ իրան է պատկանում…
Մահմեդականը ամեն մի հայի ճակատի վրա կարդում է այս խոսքերը` «գյավուր և ռայա» — և այս խոսքերի մեջն է բովանդակվում նրա համոզմունքի ամբողջ վարդապետությունը, թե հայը ուրիշ ոչինչ չէ, բայց միայն աստծուց իրան շնորհված մի որս, որին նա իրավունք ունի ամեն կերպով յուր պիտույքներին ծառայեցնելու... Եվ մահմեդականը չէ սխալվում յուր կարծիքի մեջ, քանի որ հայը յուր կրավորականությամբ. արդարացնում է նրա կարծիքը…
Այսքանը բավական է կառավարության պաշտոնակալների մասին, այժմ դառնանք այն հարստահարություններին, որ կատարվում են մասնավոր բռնակալների (դերեբեյիների) և հասարակ ժողովրդի կողմից:
Պատրիարքարանի արձանագրությանց մեջ ավելի մանրամասն տեղեկություններ կան այդ մասին, և պատրիարքարանի Բարձ. Դռան մատուցած բողոքագրերի մեծագույն մասը նվիրված են գավառական հարստահարություններին: Ընթերցողն արդեն բավական գաղափար ստացած է, թե ինչ տեսակ հարստահարություններ են կատարվում, և մենք դրա վրա երկար խոսելու նպատակ չունենք, միայն կամենում ենք մասնավորապես ցույց տալ այն աղբյուրները, որտեղից ծագում են հարստահարություններն:
Տաճկական Հայաստանի ժողովրդաբնակության մեջ հայերից հետո բազմություն են կազմում քրդերը, մի ազգ, որ մինչև այսօր ապրում է նախնական կյանքով, մի ազգ, որ արհեստ և երկրագործություն չունի, այլ ավազակությունը համարում է արդար վաստակ և սպանությունը` քաջություն: Քրդերի մեծ մասը վարում են չվական կյանք և իրանց անասուններով թափառում են հայոց լեռներում, իսկ շատ փոքր մասը կիսահաստատաբնակ դրություն ունի: Տաճկական կառավարության թույլ զորություններն անօգուտ եղան վայրենի քրդերը նվաճելու, և թանզիմաթն յուր բոլոր մարդասիրական տրամադրությամբ չկարողացավ մեղմացնել այս բարբարոսների` քրիստոնյաների վերաբերությամբ կատարած անգթությունները: Քուրդ էշիրաթներն միշտ մնացին անզուսպ և մինչև այսօր շարունակում են իրանց ավազակությունները71: Այս այսպես լինելուց հետո կառավարությունը ավելացրեց քրդերի վրա նաև չերքեզները, Կովկասի լեռների գազան որդիքը, որոնք իրանց կյանքի ձևերով շատ չեն զանազանվում քրդերից...
Քրդերի հարստահարությունների մեջ հափշտակությունները, մանր գողությունները և ավազակությունները այնքան սովորական են դարձել, որ կարծես, թե ժողովուրդը ընտելացել է նրանց և արտաքո կարգի բան չէ համարում: Այս պատճառով, հազիվ թե մեկը վստահանում է բողոք բարձրացնել... «Է՛հ, քուրդ է, նրա գործն այս է» ասելով, ինքն իրան մխիթարում է: Եվ ուրիշ ճար չունի ողորմելին, նա ստիպված է լռել, եթե ձայն բարձրացնե, այն քուրդը, որ այսօր գողացավ նրա ոչխարը կամ եզը, մյուս օրը կկտրե տիրոջ գլուխը:
Բայց քուրդը յուր արհեստի մեջ ծույլ չէ, նա միշտ չէ բավականանում մանր գողություններով: Շատ անգամ բոլորովին կազմակերպված խումբեր, որոնք բաղկանում են հարյուրավոր ձիավորներից, արշավանքներ են գործում և ասպատակում են մի կողմից ամբողջ գյուղորայքը, ավար են առնում ոչխարների հոտեր և այլ անասուններ, և զրկում են գյուղացիներին բոլոր ունեցածից: Այսպիսի դեպքերում, որ կրկնվում են խիստ հաճախ, արդեն, որպես սովորաբար ասում են, «դանակը ոսկորին է հասնում» և ժողովուրդը ստիպվսծ է բողոք բարձրացնել: Բայց ո՞ւմ, ո՞վ է նրա ձայնը լսողը: — Խղճալիի ձայնը միշտ մնում է յուր կուրծքի մեջ խեղդված...
Պատրիարքարանի արձանագրություններից երևում է, որ գավառներից եկած բողոքներն առհասարակ վերաբերում են այն տեղերին, որոնք ավելի մոտ են դրված մեծ քաղաքներին, որպիսի են Վանը, Մուշը, Բաղեշը, Տիգրանակերտը, Արզրումը և այլն: Այդ այն պատճառով չէ, որ մեծ քաղաքների մոտ ավելի շատ են պատահում հարստահարություններ, այլ ընդհակառակն, հարստահարություններն որքան մոտենում են մեծ քաղաքներին, այնքան նվազում են: Բայց մեծ քաղաքներում հայոց առաջնորդներ կան, նահանգապետ փաշաներ կան, և ժողովուրդն առաջնորդարանի միջնորդությամբ կամ ուղղակի կարողանում է յուր բողոքները հասցնել Կ. Պոլիս: Բայց անկյուններում, այսինքն` կենտրոնական քաղաքներից հեռու գտնված տեղերում ավելի շատ և ավելի անգութ կերպով են կատարվում հարստահարությունները, բայց բոլորը կորչում են անհայտության մեջ: Որովհետև այն կողմերի թշվառ ժողովուրդը մինչև անգամ չգիտե, թե Կ. Պոլսում պատրիարքարան կա, սահմանադրություն կա և ինքն կարող է այնտեղ դիմել:
Կ. Պոլսի պատրիարքարանն յուր թույլ սահմանադրական վարչությամբ մինչև այսօր չէ կարողացել յուր պաշտոնեությունը այնքան տարածել, որ կարողանա Ասիական Տաճկաստանի բոլոր հայ ժողովրդաբնակության վրա ազդել: Եվ այս պատճառով ժողովրդի և ազգային վարչության կենտրոնի մեջ փոխադարձ հարաբերության կապեր չեն կազմվել: Ես անձամբ առիթ եմ ունեցել լսել թշվառ հայի գանգատներն յուր դրության վրա, երբ նրան ասում ես, թե ինչու չես բողոքում, սովորական պատասխանը լինում է` «Ո՞ւմը բողոքեմ...»: Թշվառականը չգիտե մինչև անգամ, թե հանցավորների համար դատարաններ կան. նա ճանաչում է մի դատարան միայն, այն է` երկինքը…
Եվ ի՞նչ հարկ կա բողոքելու, քանի որ ժողովուրդը փորձված է և գիտե, որ յուր գանգատներով ավելի վատթարացնում է յուր վիճակը: Որովհետև բողոքներն թե՛ պատրիարքարանի և թե՛ Բարձ. Դռան կողմից որևիցե բավականություն չգտնելով, այսպիսով ավելի վստահություն տված են լինում հարստահարողին հարատևել յուր չարագործությունների մեջ: Այսպիսով ավելի գրգռվում է բռնակալի վրեժխնդրությունը, և եթե նա առաջ փոքր ի շատե երկյուղ ուներ դատաստանից, այնուհետև բոլորովին միամտանում է, և ավելի վստահությամբ սկսում է տանջել յուր զոհերը: Այս դրության մեջ հային մի ելք է մնում — այն է` խոնարհվիլ յուր թշնամու անգթությունների առջև և բոլորովին անձնատուր լինել նրա կամքին...
Ահա այստեղից է առաջ գալիս այն դրությունը, որ նկատվում է պատրիարքարանի արձանագրություններից. ամբողջ հայոց գյուղորայք և մինչև անգամ վանքերը ու եկեղեցիները քուրդ դերեբեյիներին, թուրք բռնակալներին և ազդեցություն ունեցող մուֆթիներին ու շեյխերին հարկատու են դառնում: Դա մի ակամա հարկատվություն է, որ ժողովուրդը ճարահատյալ վճարում է յուր հարստահարողին, որպեսզի իրան հանգիստ թողնե: Այսպիսով ժողովրդի վրա ծանրանում է երկու տեսակ հարկատվություն, մինը` տաճկաց կառավարությանը, մյուսը` քուրդ կամ թուրք դերեբեյիներին և ինքնիշխան բռնակալներին: — Այս վիճակին ենթարկվում է ոչ միայն մի ամբողջ հասարակություն, այլև մասնավոր անձինք (մանավանդ երբ փոքր ի շատե ունևոր են), մտնում են այս և այն ազդեցություն ունեցող թուրքի և քուրդի հովանավորության ներքո, որպեսզի ուրիշները նրանց չվնասեն: Բայց այս պաշտպանությունը շատ թանկ է նստում. պաշտպանյալը թե՛ յուր կայքով և թե՛ յուր պատվով դառնում է յուր աղայի գերին: Դա մի կամավոր ստրկություն է, որով անզորը հպատակում է հզորին և դառնում է նրա կամքին բոլորովին կրավորական առարկա... Դա ճորտության սկիզբն է, որի տխուր օրինակները տեսնվում են նաև պատրիարքարանի արձանագրությանց մեջ: Մոգաց կողմերում Տինիս ավանի քրդերն տեղային հայ գյուղացիներին որպես ճորտ և գերի իրանց մեջ վաճառում են…
***
Տաճկաստանի բարձր կառավարությունը նկատելով, որ քրդերի և ուրիշ վայրենի ցեղերի բարբարոսություններն առաջ են գալիս նրանց թափառական կյանքի բնավորությունից, վերջին ժամանակներում սկսեց աշխատել, որ նրանք թողնեն չվական կյանքը, թողնեն խաշնարածությունը և հաստատ բնակություններ ունենան և սկսեն պարապվել հողագործությամբ: Կառավարությունն այս դրության մեջ մտածում էր զսպել քրդերին և ուրիշ վայրենի ցեղերին: Նպատակը վատ չէր, բայց նա սխալվևցավ գործադրության մեջ: Որովհետև փոխանակ քրդերին Հայաստանի լեռներից հավաքելու և նրանց Տաճկաստանի մի անբնակ կողմում (որպես են Միջագետքի և Ասորեստանի անապատները) գաղթեցնելու, կառավարությունը նրանց թույլ տվավ հենց Հայաստանում իրանց համար բնակության և մշակության տեղեր բռնել: Բայց ո՞րպես:
Հողերը հայերի ձեռքումն էին գտնվում, պապերից և հայրերից մնացել էին նրանց որպես ժառանգություն: Քուրդին դժվար էր փողով հայից հող գնել. որովհետև նա սովորած էր ամեն ինչ բռնությամբ խլել հայից, ինչ որ իրան պետք էր: Այսպես էլ արեց: Այստեղից առաջ եկավ հարստահարության մի նոր խնդիր, այն է` հողային կամ կալվածական խնդիրը:
Պատրիարքարանի առաջին «Տեղեկագրքի» արձանագրությանց մեջ, այսինքն մինչև 1872 թվականը, հողային կամ կալվածական խնդիրների մասին ամենևին հիշատակություններ չկան: Կնշանակե, մինչև վերոհիշյալ թվականը հայերն իրանց հողերի և այլ կալվածների տերն էին: Դա այն ժամանակին է վերաբերում, երբ քրդերն բոլորովին չվական կյանք էին վարում և տակավին հողի հետ գործ չունեին: Բայց երբ կառավարության հրամանով նրանք սկսեցին փոքր առ փոքր հաստատ կացություն հիմնել, շատ բնական էր, որ պետք է ծագեր հողային խնդիրը:
Այս խնդիրը, որպես ասեցինք, երևան է գալիս 1872 թվականից հետո և պատրիարքարանի երկրորդ «Տեղեկագրքի» արձանագրությանց մեջ մենք գտնում ենք նրա հիշատակությունը: Մինչև այնօր հայերի միայն շարժական կայքը հափշտակող քրդերն և այլ վայրենի ցեղերն այնուհետև սկսում են ձեռնամերձ լինել նրանց անշարժ կայքերին: Նրանք զանազան գավառներում հայերից հափշտակում են մինչև 263 գյուղորայք իրանց պատկանած հողերով: Գավառների և գյուղերի, նաև հափշտակողների անունները մի ըստ միոջե գրված են «Տեղեկագրքի» մեջ: Հիշյալ գյուղերից շատերի հայ բնակիչներին քրդերն բոլորովին արտաքսում են և կալվածները սեփականում են իրանց: Բայց գյուղերի մեկ մասի հայ բնակիչներին իրանց տեղն են թողնում, միայն հողերը նրանց ձեռքից խլելով, իրանք դառնում են կալվածատեր: Եվ այսպես հայերին հպատակեցնելով քրդերն նրանց հայրենական հողը իրանց մշակել են տալիս, տուրք և տասանորդ են առնում, և մինչև անգամ բերքի կես մասն իրանք են տանում: Բացի հիշյալ 263 գյուղերից և ավաններից քրդերի ձեռքն են անցնում Սղերտի գավառի, Չարսանջակի գավառի և Չարշամբայի գավառի բազմաթիվ հայաբնակ գյուղերի կալվածները, որոնց անունները նշանակված չեն:
Քրդերը չեն բավականանում հայերի միայն անձնական կալվածքներով, նրանք սկսում են տիրել նաև վանքային կալվածները, և 21 վանքերի ընդարձակ հողերը զոհ են դառնում նրանց հափշտակությանը:
Նաև վանքերից շատերը քարուքանդ են անում, և բոլորովին ջնջում են նրանց հիշատակը...
Պետք է ի նկատի ունենալ, որ հիշյալ հափշտակությունների մեջ խառն են` ոչ միայն քրդերի հասարակ ժողովուրդը, այլ գլխավորապես նրանց բեգերը, հոգևոր շեյխերն ու մուֆթիները և թուրք աղաները, բացի դրանցից և զանազան պաշտոնակալներ, որոնք իրանց բռնակալության հետ միացրած ունեն և ապահովություն կառավարության կողմից:
Բարձր կառավարությունը փոխանակ հիշյալ հափշտակությունների առաջն առնելու, փոխանակ հայ ժողովրդի բողոքները լսելու, խիստ անտարբեր կերպով է նայում այս անիրավությունների վրա: Կարծես թե, նա ավելի ուրախ էր, որ այդպես էր լինում: Նա մտածում էր, թե հայը իմ հլու հպատակն է, նա եթե հող էլ չունենա, դարձյալ յուր գլուխը կպահե. բայց ապստամբ քրդին պետք է մի կերպով կապել երկրի հետ, որ նա չշարժվի...
Այս կարծիքն առանց ապացույցի չէ, քանի որ տեսնում ենք, որ հայերին պատկանող կալվածների մեծ մասն ինքն կառավարությունը հափշտակելով, տալիս է մահմեդականներին72: Եվ որպեսզի յուր անիրավությանը մի օրինական ձև տա, նա հնարում է թափուի խաբեական օրենքը: Այս օրենքի հիման վրա ամեն հող, որ մնացել էր մի քանի տարի անմշակ, նա համարվում է մահլուլ, այսինքն` անտեր և կառավարությանը պատկանող: Այսպիսի հողերն ինքն կառավարությունը գրավելով, շատ չնչին գնով արձանագրում է մահմեդականների վրա և նրանց անունով արքունի կալվածագիր է տալիս: Այսպիսով հայերը կարող էին զրկվիլ իրանց կալվածների մեծ մասից, ահա՛ պատճառը:
Ընթերցողը գուցե հիշում է, որ հայերը հարկահանների և տասանորդի կապալառուների հարստահարություններից ստիպված, շատ անգամ իրանց հողերն անմշակ թողնելով, գաղթում են դեպի Կ. Պոլիս, կամ մի այլ քաղաք, համալություն և ուրիշ տաժանական աշխատությունով հաց վաստակելու: Հողը մնում է անտեր, թեև գաղթականի կամ պանդուխտի ընտանիքը մնացել էր հայրենիքում նույն հողի մոտ. բայց նա կառավարության հայացքով անտեր է համարվում, քանի որ մշակող չունի: Ի նկատի ունենալով Ասիական Տաճկաստանի այնքան բազմաթիվ հայ գաղթականները, որոնցից միայն 45 հազար հոգի Կ. Պոլսումն է գտնվում, շատ հասկանալի էր, թե որքան հայերին պատկանող հողեր մնացած կլինեն անտեր և անմշակ: Այսպիսի հողերը տերությունը մահլուլ համարելով, տալիս է մահմեդականներին և թշվառ հայը պանդխտությունից վերադառնալով, գտնում է իրան զրկված այն միակ հայրական ժառանգությունից, որ նրա վերջին հույսն էր:
Տաճկաց կառավարությունը չէ խնայում մինչև անգամ վանքային և եկեղեցական կալվածներին. վանքը և եկեղեցին նրա օրենքով մի վերացական անձնավորություն է, նա չէ կարող կալվածատեր լինել: Եվ հայ բարեպաշտների երկար դարերից հետե իրանց նվիրական տեղերին ընծայած հողերը, որոնցով ապահովված էր վանքերի գոյությունը, ընկնում են մահմեդականների ձեռքը: Պետք է գիտենալ հայոց վանքերի այն բազմաթիվ քանակությունը Ասիական Տաճկաստանում, պետք է գիտենալ, թե որքան ընդարձակ տարածությամբ տեղեր պատկանում էին վանքերին, որպեսզի հասկանալի լինի ազգային հարստության այս մեծ կորուստը:
Հայը Հայաստանում հազարավոր թշվառություններ կրելով, և ամեն տեսակ հարստահարությունների համբերելով, մի բանով միայն մխիթարում էր իրան, թե նա յուր հայրերի քրտինքով սրբված հողի տերն է: Բայց այս մխիթարությունից ևս զրկվեցավ նա: Մի կողմից քրդերը բռնությամբ խլեցին նրա ձեռքի հողը, մյուս կողմից, ինքը կառավարությունը հափշտակելով, հանձնեց մահմեդականներին: Էլ ի՞նչ մնաց:
— Հայի ապագան Տաճկաստանումն է, — ասում են կարճատեսները: Մենք չենք հասկանում, թե ինչ ապագա կարող է լինել մի երկրում, ուր կյանքի և կայքի ապահովություն չկա: «Հետո լավ կլինի...» — երևակայում են կարճատեսները…
Ով որ չէ խոստովանում մահմեդականության կլանող և ոչնչացնող բնավորությունը, նա ուրանում է պատմությունը, բայց ուրանալ պատմությունը, նշանակում է ուրանալ ճշմարտությունը:
Որևիցե ժողովրդի համար ոչինչ բախտավոր ապագա գուշակել չէ կարելի, քանի որ նրա ապրուստի պահանջները հաստատուն հիմքերի վրա կայացած չեն, քանի որ նա թե՛ նյութապես և թե՛ բարոյապես մաշվում է և կլանվում է մի ուրիշ և ավելի զորեղ տարրից: Ասիական Տաճկաստանի հայը ապահովված դրություն չունի և դրա մեծ ապացույցն այն է, որ նա յուր տան մեջ ապրուստ ճարել չէ կարողանում, և ինչ որ էլ վաստակում է, նրա ձեռքից խլում են, և նա միշտ մնում է աղքատ ու սոված, և միշտ ստիպված է պանդխտության մեջ հաց որոնել: Տաճկաստանի հայը երերյալ և տատանյալ վիճակի մեջ է ապրում: Այսպիսի տունկը արմատ ձգել կարող չէ և շուտով կչորանա...
Մենք ունենք Ասիական Տաճկաստանում ժողովրդի երկու դասեր` վաճառականներ և հողագործ մշակներ, վերջինը թե՛ յուր բազմությամբ և թե՛ յուր բարձր նշանակությամբ կազմում է այն, որ կոչում ենք ամբոխ: Վաճառականն յուր տանը հանգիստ չէ. նա միշտ թափառում է յուր շահերի ետևից. նա այնտեղ է, ուր նրա շահերն են գտնվում: Վաճառականը հայրենիք չունի, նրա հայրենիքն այնտեղ է, ուր արծաթ կա: Վաճառականը հասարակաց շահերի համար չէ մտածում. նա եսական է: Մնում է մշակ դասը, որ հասարակության գլխավոր ուժն է կազմում. նա յուր հայրենի երկրում հանգստություն և ապրուստ չգտնելով, յուր կյանքը նույնպես պանդխտության մեջ է անցկացնում, և նրա ամուր ձեռքերը, որ հայրենի հողը պետք է մշակեին, մեծ քաղաքներում զբաղվում են ստոր և ծառայական պարապմունքներով: Եվ մշակը, արդար երկրագործը, ժողովրդի պարենը հայթայթողը դառնում է համալ, բեռնակիր, գրաստ...
Եվ այսպես Ասիական Տաճկաստանի ժողովրդաբնակության մեծ մասը գաղթականության մեջ է ապրում: Մի դաս միայն մինչև այսօր մնում էր անշարժ. դրանք էին վանքային աբեղաները: Բայց երբ վանքերն ենթարկվեցան նույն վիճակին, որպես ժողովուրդը, երբ նրանք էլ զրկվեցան կալվածներից` իրանց գլխավոր հարստությունից, այն ժամանակ վանքային միաբանությունները նույնպես ցրվիլ սկսան, և հայոց նվիրական տեղերը մնացին ամայի:
Հողային կամ կալվածական խնդիրը Ասիական Տաճկաստանի հայոց հարստահարությունների մեջ ամենագլխավոր խնդիրն է: Այս խնդրի նշանակությունն այնքան բարձրանում է, որքան մենք մտածում ենք, թե տաճկաբնակ հայերի մեջ գաղթականությունը դադարեցնելու և ժողովրդին հայրենի հողի վրա ապահով կյանք վարելու միակ միջոցը հանգիստ երկրագործությունն է: Բայց ցավում ենք, նկատելով, որ այս խնդիրը խիստ աննշան տեղ է բռնում պատրիարքարանի «Տեղեկագրքի» մեջ, և պատրիարքարանը յուր տասն և յոթնամյա սահմանադրական վարչությամբ շատ փոքր ուշադրություն է դարձրել դրա վրա, և համարյա զանցառության է տվել կալվածական խնդիրը, այն խնդիրը, որ հայի կյանքի և մահու խնդիրն է: Այս խոսքերը զրպարտություն չեն, քանի որ մենք աչքի առջև ունենք պատրիարքարանի արձանագրությունները:
Ամբողջ «Տեղեկագիրքը», որպես հիշած ենք, պարունակում է յուր մեջ պատրիարքարանի 25 տարվա գործունեության շրջանը, այս 25 տարվա մեջ կալվածական հարստահարությունների մասին պատրիարքարանի կողմից, մենք տեսնում ենք, միմիայն մեկ հատ բողոքագիր, որ 1875 թվին հունվարի 3-ին մատուցված է Բարձ. Դռան, այն ևս բավականություն չէ գտել, և պատրիարքարանը լռել է այնուհետև73... Որով ընդհակառակն, տեսնում ենք, Կիրակոսի աղջիկը մահմեդականներն առևանգել են, կամ Մարտիրոսի ոչխարները գողացել են, և կամ այս ինչ եկեղեցու խաչը թուրքերը շան վզից քաշ տալով փողոցները ման են ածել, — այսպիսի սկանդալները տարիներով պատրիարքարանի և Բարձ. Դռան մեջ բանակցության նյութ են դարձել... Մենք չենք ասում, թե դրանց մասին պետք էր լռել, բայց և ոչ պետք էր այնքան կարևորություն տալ, որովհետև այսպիսի մասնավոր դեպքերը պատահական են, այսօր կարող են լինել, իսկ վաղը ոչ: Բայք երբ մահմեդականները գավառների ամբողջ հայ գյուղորայքը իրանց են սեփականացնում, — դա է գլխավոր կենսական հարցը, որովհետև դրանով մի ամբողջ հասարակություն թե՛ նյութապես և թե՛ բարոյապես մահանում է, և սերնդից սերունդ զրկվում է հացից և հետևապես կյանքից… Բայց պատրիարքարանի ուշադրությունը չէ գրավում այս հարցը...
Այս նկատողություններից հետո, մենք հասնում ենք այն տխուր եզրակացության, թե Կ. Պոլսի պատրիարքարանը և այն, որ կոչվում է ազգային սահմանադրություն, ո՛րքան դատարկ բաներով են զբաղված եղել և ո՛րքան սակավ հասկացել են ազգի և ժողովրդի իրական պետքերը... Պողոս վարդապետի գործը, Սսի և Աղթամարա կաթողիկոսների խնդիրները, Կ. Պոլսի ազգային սահմանադրությունը յուր գոյության ամբողջ ընթացքում ծամծմեց, գզգզեց, և համարյա յուր ժամանակի ամենամեծ մասն այսպիսի աննպատակ վիճմունքների մեջ անցկացրեց, — բայց մի անգամ էլ չմտածեց, թե Կ. Պոլսի թուլամբարներում պառկող 45 հազար վանեցի, մշեցի և այլ գավառական համալները ինչո՞ւ համար են թողել իրանց հայրենիքը:
Թեև մեզ հայտնի էին պոլսեցոց թեթևամտությունները, թեև մենք գիտենք, որ նրանք երևակայությամբ են ապրում և ամենևին իրական կետի վրա կանգնած չեն, այնուամենայնիվ Կ. Պոլսի պատրիարքարանի և նրա սահմանադրական վարչության մասին մինչ այս աստիճան աննպաստավոր կարծիք չունեինք: Բայց պատրիարքարանի «Տեղեկագիրքը» երևան հանեց նրա բոլոր ոչնչությունը: Եթե Տաճկաստանի այժմյան հանգամանքներն առիթ չտային, գուցե մենք երբեք չպիտի տեսնեինք այս «Տեղեկագիրքը» գուցե պատրիարքարանը մինչև հավիտյան պիտի ծածկեր յուր խայտառակությունը, միշտ ինքն իրան խաբելով և միշտ ազգին ցույց տալով, թե մեծ գործ է շինում...
Շատ ժամանակ չէ, որ հրատարակվեցավ այն մեծ խաբեությունը` պատրիարքարանի երևելի շրջաբերականը, որի մեջ մոտ 4 միլիոն ժողովրդի ներկայացուցիչը հայտնում էր, թե նա գոհ է «բարեխնամ կառավարությունից»: Եվ այդ գոհությունը հայտնում էր 25 տարվա ընթացքում հազարավոր անիրավությանց դեմ միշտ բողոքող և ոչինչ բավականություն չստացող ժողովրդի հոգևոր գլուխը: Զարմանալի՛ աչքակապություն...
Արդեն ընթերցողը տեսավ, որ պատրիարքարանի կողմից գավառական հարստահարությանց մասին Բարձ. Դռան մատուցած խնդիրները (թագրիրները), համարյա ոչ մեկն յուր նշանակությանը չէ հասել, կամ մնացել է առանց պատասխանի, կամ թողնվել է առանց հետևանքի, կամ եթե Դռնից հրամանագիր է ստացվել, այն էլ գավառների պաշտոնակալները գործի չեն դրել. այսպես բոլորն անցել են ապարդյուն... Այստեղից հասկացվում է, թե ինչ նշանակություն ունի հայոց պատրիարքարանը Բարձ. Դռան առջև և ո՛ր չափով Դուռը հոգս է տանում ոչ-մահմեդական ազգերի ապահովության մասին:
Այս այսպես լինելուց հետո մենք պատրիարքարանին հրաշքներ գործել տալու իրավունք չունենք: Բայց մեզ զարմացնում էր մեկ բան. արդյոք ի՞նչով էր պարծենում Կ. Պոլսի ազգային սահմանադրությունն յուր 17 տարվա գոռում-գոչումներով, յուր ուրախ կեցցեներով...
Այժմ հասկացանք...
Կ. Պոլսի ազգային սահմանադրությունն ուրիշ ոչինչ չէ եղել, բայց միայն մի մանկական խաղալիք, որ խորամանկ դայակը տալիս է երեխայի ձեռքում, որ նա հանգիստ մնա, որ նրանով զբաղվի, չարություն չգործե... Եվ Կ. Պոլսի տղայամիտ էֆենդիները շատ գոհ և ուրախ էին այս խաղալիքով, և ամեն տարի Բոսֆորի ափերի մոտ տոնում էին իրենց ողորմելի պատրանքը...
Տաճկաց կառավարությունը շատ լավ է ճանաչել յուր հպատակ ազգերի բնավորությունը, նա գիտե, թե ամեն մեկին որպես պետք է խաբել: Այժմ պատրաստել է նա մի ավելի վիթխարի խաղալիք յուր հպատակների ձեռքը տալու համար` յուր պետության մեջ ընդհանուր սահմանադրական վարչություն: — Երկու խոսքով կհայտնենք մեր կարծիքը. «Օձը յուր շապիկը կփոխե, բայց խասիաթը էլի այն կմնա...»:
Հոդվածս վերջացնելու վրա էի, ստացա մի նամակ, որ վերաբերում էր Վանա հրդեհին. նամակագիրը վանեցի ծանոթներիցս մեկն էր, որ անձամբ ականատես է եղել անցքին: Թեև Կ. Պոլսի և Թիֆլիսի լրագրներում հրատարակություններ եղան այդ մասին, բայց տեղեկությունները թերի լինելով, հարկավոր համարեցանք այս կտորը որպես հավելված կցել մեր հոդվածի հետ:
Վանա հայերի մեծ մասը բնակվում են Այգեստան կոչված արվարձանում, որ հեռու է բերդից, այսինքն` բուն քաղաքից մի քանի ժամվա ճանապարհով: Այգեստանցիք, թե՛ վաճառականներ և թե՛ արհեստավորներ, խանութներ ունեն բերդի մեջ, վաղ առավոտյան գալիս են քաղաքը, մինչև երեկո զբաղված են առևտուրով և արևը մտնելուց հետո դառնում են իրանց տները: Խանութները մնում են հասասների հսկողության ներքո:
Հրդեհից մի քանի շաբաթ առաջ քուրդ բեգերից մեկը բարեկամաբար հայտնում է յուր ծանոթ հայերին, թե այս օրերում մահմեդականների կողմից ձեզ սպառնում է մի մեծ վտանգ: Հայերն առանց այս խոսքը լսելու ևս ամեն րոպե սպասում էին, թե թուրքերը պետք է կոտորեն նրանց, որովհետև Աբդուլ-Ֆեթթահ բեկ չարագործը Տիգրանակերտից վերադառնալով, դեռ վաղուց բոլոր հայերը կոտորելու հրավեր կարդացած էր:
Հայն յուր կյանքից առաջ մտածում է յուր հարստության մասին, որովհետև վերջինը ավելի թանկագին է նրա համար: Այս սպառնալիքները լսելով, հայերը ոչնչով չեն պատրաստվում գալող վտանգի առաջն առնելու, այլ աշխատում են մի կերպով ազատել իրանց իրեղենները: Այգեստանցի հայերը իրանց տներում գտնված թանկագին իրեղենները տանում են քաղաքը և հավաքում են իրանց խանութներում, մտածելով, թե այնտեղ ավելի ապահով կմնան, որովհետև բերդի մեջն է, այնտեղ զինվորներ կան, ոստիկանություն կա և այլն: Եվ այսպես հայերի բոլոր հարստությունը կենտրոնանում է շուկայում:
Գիշերով հասասները նկատում են, որ զանազան կողպած խանութներից այստեղ և այնտեղ մուխ է դուրս գալիս, հասկանում են, որ կրակ կա: Նրանք շտապում են խանութատերերին իմացում տալու, բայց ոստիկանությունն արգելում է: Նույն միջոցին բերդի զորանոցի գլխից լսելի է լինում փողի ձայն. իսկույն զինվորներով շրջապատվում է շուկան: Զինվորների մեկ մասը բռնում է փողոցների մուտքը և չէ թողնում հայերին, մինչև անգամ խանութատերերին մոտենալ հրդեհի տեղը, իսկ մյուս մասը սկսում է կոտրատել խանութների դռները, ոչ միայն նրանց, որոնցից կրակի նշույլներ էին երևում, այլև այն խանութների, որոնք շատ հեռու էին հրդեհից: Վերջինների մեջ իրանք զինվորներր կրակ են ձգում և մի քանի ժամվա մեջ ամբողջ շուկան բոցավառվում է հրդեհի մեջ:
Բայց ի՞նչ են լինում ապրանքները:
Մեծ մասը զինվորներն ու ոստիկանությունը կողոպտում է: Եվ դեռ հրդեհը բոլորովին չճարակված, շուկայում հայտնվում է մի խառնիճաղանջ բազմություն — թուրք, քուրդ և այլ գյուղացի մահմեդականներ. դրանք, որպես երևում է, առաջուց տեղեկություն ունեին պատահելու անցքի մասին, և շրջակա գյուղերից հավաքվելով ցերեկով թաքնված են եղել թուրքերի տներում, և զինվորներից ու ոստիկաններից մնացած ապրանքը դրանք են հափշտակում: Մահմեդականների առջև բաց է լինում կողոպուտի ասպարեզը, մոտ չեն թողնում միայն հայերին: Նամակագիրը ավելացնում է, թե քաղաքի հարուստ հայ վաճառականներից մեկը մինչև անգամ առաջարկում է 500 լիրա զինվորական գլխավորին, որ իրան թույլ տան յուր խանութից ազատել միայն հաշվի գրքերը և այլ թղթեր, դարձյալ մոտ չեն թողնում: Այգեստանցի հայերը հրդեհի մասին ոչինչ չեն հասկանում, որովհետև հեռու էին, իսկ այն հայերը, որ բերդի մեջն են բնակվում, նրանց էլ մոտ չեն թողնում:
Եվ այսպես, ապրանքներից ինչ որ թանկագին էր, բոլորը հափշտակվում է, բայց ինչ որ անպետք էր, կրկին ձգվում է կրակի մեջ: Եվ որպեսզի հրդեհը հաջող կերպով ճարակվի, ավելացնում են նրա վրա հեշտ վառվող նյութեր, որպիսին են` վառոդ, նավթ և այլն: Կողոպտված ապրանքները մասամբ թաքցնում են թուրքերի տներում և մասամբ կրում են դեպի մոտակա գյուղերը: Այն գիշեր Ավանց գյուղի նավահանգստի մեջ կանգնած են լինում մի քանի նավակներ, հատկապես այն նպատակով: Ընդամենը կողոպտվել են 2000 խանութներ, որոնցից 1300-ը կրակից բոլորովին զերծ են մնացած, միայն դռները խորտակել են, իսկ 700-ը այրվել է: Այս խանութներն ըստ մեծի մասին պատկանում են հայերին, բայց նրանց թվում գտնված թուրքերի խանութները նամակագրի կարծիքով առաջուց դատարկված են եղել:
Նամակագրի կարծիքով այս անցքը պատահական չէ, այլ առաջուց խորհված և տնօրինված մի դավադրություն է, որի գաղտնիքը պահված է եղել զինվորական պաշտոնեության և տեղային կառավարության երևելի անձինքների մեջ: Եվ գյուղացի կամ քաղաքացի մահմեդականները, դավադրության հոտը առնելով նշանակյալ գիշերը հավաքված են եղել, որ իրանք էլ մասն ունենան ընդհանուր կողոպուտից: Եվ թուրք բեկի` հրդեհից մի քանի շաբաթ առաջ հայտնված նախազգուշությունն ուրիշ նպատակ չէ ունեցել, բայց միայն այն, որ հայերը երկյուղ կրելով, նաև իրանց տնային հարստությունը հավաքեն շուկայում: Որովհետև հայ հասարակությունը, թեև մահմեդական ամբոխից կասկածներ ուներ, բայց նա կառավարությունը և նրա զինվորական ուժը միշտ յուր պաշտպան էր համարում: Այս պատճառով շուկան նրա ապահով տեղն էր, դրված լինելով ոստիկանության և հասասների հսկողության ներքո, և շատ մոտ էր զինվորանոցին, յուր բերդի մեջը գտնվելով: Թեև նամակագրի ենթադրությունը դեռևս չապացուցված մի կարծիք է, այսուամենայնիվ, մի քանի փաստեր հաստատում են այս կարծիքը, թե հրդեհը մի հնարած պատրվակ է, հափշտակության մեղադրանքը նրանով ծածկելու համար: Հրդեհից մի քանի օր առաջ զինվորները գնելիս են եղել մոմպատներ և այլ վառվող նյութեր: Եվ նույն գիշերվա երեկոյան պահուն, երբ պատահել է հրդեհը, զինվորներից շատերն այս և այն խանութին մոտենալով, ձևացրել են, թե բան են գնում (ճիշտ այն ժամանակ, երբ խանութպաններն իրանց կրպակները կողպելիս են եղել) և աննկատելի կերպով խանութներում այրվող բաներ են ձգել: Նամակագիրը բերում է մի արդեն հայտնված ապացույց յուր խոսքերին. իբր թե մի վաճառական, երբ խանութը կողպելու վրա էր, մոտենում են նրան երկու զինվորներ, նրանցից մեկը խնդրած ապրանքն յուր ձեռքն առածի պես փախցնում է, խանութպանը նրա ետևից վազելով, կամենում է բռնել և ապրանքը ետ առնել, նույն միջոցին մյուս զինվորն, որ մնացել էր խանութի մոտ, մի փաթաթած բան ձգում է նրա մեջ և հեռանում է: Վաճառականը վերադառնալով յուր խանութը, գտնում է այնտեղ մի կտավի կտորի մեջ փաթաթված շիկացրած ածուխի կտորներ, որ արդեն սկսել էր վառել յուր փաթեթը և ընկած էր բամբակյա գործվածքների մեջ:
Մյուս ավելի կասկածանք հարուցանող փաստն այն է, որ հափշտակության գլխավոր գործիչները, որ եղել են զինվորները, հրդեհի առավոտը փոխում են և հեռացնում են քաղաքից, նրանց տեղը բերելով նորերին: Այս փոփոխությունն այլ նպատակ չունի, եթե ոչ ավազակների հետքը կորցնել և Տաճկաստանի այժմյան զինվորական խռովության մեջ թաքցնել չարագործները:
Նամակագրի կարծիքով, այս անցքն առանց նպատակի չէ եղել, իբր թե տաճկաց կառավարությունն յուր այժմյան տագնապի մեջ կասկած է ունեցել Վանա հայերից, չիցե թե ռուսների հետ պատերազմ ծագելու միջոցին նրանք թշնամուն ձեռնտվություն անեն, և այս պատճառով մտածել է առաջուց նյութապես տկարացնել նրանց: Մեր կարծիքով այս ենթադրությունը անտեղի է, որովհետև տաճկաց կառավարությունը շատ լավ է ճանաչում հայերին, նա գիտե, թե որքան ընտելացած են հայերն յուր բռնակալությանը, նա գիտե, թե որպիսի սիրտ են կրում հայերը... Մենք նայում ենք այս անցքի վրա, որպես մի խորամանկությամբ հնարված հափշտակության վրա, ավելի ոչինչ:
Ընդհանուր վնասի մասին նամակագիրը դժվարանում է հաշիվ տալ, բայց կարծում է, թե շատ մեծ պետք է լինի, քանի որ Վանա վաճառականությունը հայերի ձեռքումն է, և Վանը իր շրջակա գավառների առևտրական կենտրոնն է:
Վանա հրդեհի անցքի մեջ նկատվում է միևնույն երևույթը, ինչ որ տեսանք գավառների բոլոր հարստահարությանց մեջ, ուր սպանություններն ամենափոքր թվանշաններն էին կազմում: Այստեղ ևս ոչ մի սպանություն չէ պատահում, երևում է, որ հայերն իրանց ճակատագրական թուլասրտությամբ կանգնած, նայելիս են եղել, թե որպես կողոպտում են իրանց... Բայց Վանա մեջ հայերն ավելի բազմաթիվ են քան մահմեդականները... Բայց հայը կյանքի կռվի մեջ ունի յուր առանձին զենքերն յուր կորուստը դարձնելու համար: Վանեցի հայերը հեռագրում են իրանց Կ. Պոլսում եղած ընկերներին. «մեզ այստեղ կողոպտեցին, դուք էլ այնտեղ ումից որ ապրանք եք առած, փողը մի տվեք...»:
Վանա հրդեհի մասին դրանից ավելի դատել առայժմ անտեղի է, քանի որ գործը բոլորովին պարզված չէ: Կ. Պոլսի լրագրների մեջ արդեն ծանուցված էր, թե Բարձ. Դռնից առանձին մասնաժողով նշանակված է այս անցքը քննելու համար: Կսպասենք, մինչև մասնաժողովն յուր գործը վերջացնե, թեև հավատացած ենք, որ ճշմարտությունը ոչ բոլորովին պիտի երևան ելնի: