Տերտերն ու իր Բալդի ծառան

Տերտերն ու իր Բալդի ծառան
թարգմանությունը՝ Խնկո Ապոր
Տերտերն ու իր Բալդի ծառան

Մի ժլատ տերտեր,
Հարուստ, տնատեր,
Վաղ գնաց շուկա,
Որ գործը հոգա,
Ետ դառնա տուն գա:
Էդ տեր ժլատին
Պատահեց Բալդին,
Ասավ. — Օրհնյա, տեր,Քնած դշխուհին և յոթ քաջերը
Ի՞նչ կուզես, տերտեր:
— Կուզեմ մի ծառա,
Շատ բան իմանա,
Լինի խոհարար,
Ձիապան, դուրգար.
Շատ էժան վարձով,
Ապրի չոր հացով:
— Ա՜ տեր, ինձ վարձիր,
Կուզես քար բարձիր,
Մի կլոր տարի
Ինձ տանդ պահի.
Թե ուտիս, թե պաս
Տուր ինձ լոկ սպաս,
Ու տարվա վերջին
Քո տանը միջին
Թող միջամատով
Երեք հատ կտտոց
Տամ քո ճակատով.
Ահա իմ վարձը,
Վերջացա՞վ հարցը:
Տերտերը խորհեց,
Ճակատը քորեց,
Կըտտոցները իրա մեջ
Բան չհաշվեց, ասավ՝ հե՜չ.
Կտտոց էլ կա, կտտոց էլ:
Եվ մոռացվեն գուցե էլ:
Համաձայնեց պայմանին
Եվ տուն բերեց ծառային:

***

Ինչպես ցույց տվավ փորձը,
Բալդին գիտեր իր գործը:
Արի էր մարդը,
Վարում էր արտը,
Պահում էր նա ձին,
Հասնում էր հնձին,
Շատ քիչ էր քնում,
Շուտ էր վեր կենում,
Շուկա էր գնում,
Տան պաշար առնում,
Տանը ջուր կրում,
Օջախը վառում,
Վրան ձու խաշում,
Խաշում ու կճպում,
Երբեք չէր վիճում:
Հիացել էր իրիցկինը,
Վրան ցավում էր աղջիկը,
— Ապի, — կանչում տան փոքրիկը,
Որ նստում էր Բալդու գիրկը:
Տերտերը միայն
Չէր սիրում նրան.
Երբ հիշում էր Բալդու մատը,
ճըքճըքում էր ծեր ճակատը:

***

Տարին անցնում էր օրեցօր,
Իսկ տերտերը,մտամոլոր,
Ոչ ուտում է, ոչ էլ խմում,
Տարվա վերջին է սպասում:
Ահա մի օր
Խեղճ ու մոլոր
Էն քահանան
Իրիցկնկան
Խոստովանեց
Ամեն մի բան:
Իրիցկինը. — Ես թույլ չեմ տա,
Ա՜ տեր, Բալդին ճակատիդ տա.
Եկ դիր նրան այնպես գործի,
Որ նա իրա ուժը փորձի,
Էն գործն անել չկարենա
Ու ամոթով դատարկ գնա:
Ուրախացավ էն տերտերը,
Իսկույն ևեթ, հենց նույն օրը
Ասավ. — Բալդի՜, սատանեքը
Դեռ չեն տվել տնօրհնեքը,
Գնա, ուզիր ապառիկս,
Երեք տարվա առնելիքս:

***

Բալդին մի հեզ
Ծառայի պես
Կեսը կամա.
Կեսն ակամա,
Ելավ գնաց ծովի քովը,
Թոկն օլորեց, կախեց ծովը:
Խիստ փոթորիկ ծովում հանեց
Ափը ափին տվեց, խառնեց.
Մի քիչ հետո հանկարծ ահա,
Ծովից ելավ մի սատանա.
— Ի՞նչ ես ուզում, Բալդի՜, մեզնից,
Թոկդ քաշիր, հանի՜ր ծովից:
— Չէ, ձեր ծովը ես կխառնեմ
Ու բոլորիդ դուրս կհանեմ,
Ձեր վրայի ապառիկը,
Իմ տերտերի առնելիքը
Էսպես երկար երեք տարի
Ինչո՞ւ համար դուք չեք բերի:
— Հերի՜ք խառնես ծովը, Բալդի՜,
Ձեռքիդ թոկը խնդրեմ վայր դիր,
Շուտով կտանք մենք քո հարկը
Է՜ս ա, կգա իմ թոռնիկը:
Գնաց, պապը, եկավ թոռը,
Եկավ, տվավ գլխին զոռը.
— Բարև քեզի, — ասավ Բալդուն, —
Էս ի՞նչ կարգ է,
Էս ի՞նչ վարք է,
Քո ուզածը
Էս ի՞նչ հարկ է,
Էս ի՞նչ լուր է,
Մեզ, չարերիս
Ի՞նչ տխուր է:
Հեչ լսած կա՞ գոնե մեկը՝
Հարկ վճարեն սատանեքը:
Է՜ , ինչ անենք, կուզես կտանք,
Բայց մի պայման չմոռանանք,
Մինչև ժողվի պապս հարկը,
Բերի լցնի կաշե պարկը,
Արի՜ վազենք մենք միասին
Ծովի շուրջը. ճամփի կեսին
Ով որ հոգնի ու ետ ընկնի,
Թող նա ոսկու պարկը տանի:
Մի հռհռաց էդտեղ Բալդին՝
Ծաղրի տալով չարի ճուտին.
— Դու ո՞վ ես որ, ա՛յ անհեթեթ,
Բալդին վազի քեզպեսի հե՛տ.
Քիչ սպասի թող լղպորը,
Գնամ բերեմ իմ եղբորը:
Բալդին անտառ գնաց արագ,
Բռնեց երկու հատ նապաստակ
Եվ գցելով նրանց պարկը,
Դարձավ եկավ ծովի ափը:
Հանեց մեկին պարկի միջից
Ու բռնելով ջուխտ ականջից,
Ասավ չարին. — Վախկոտ ճուտիկ,
Խոսքիդ տերն ես, արի մոտիկ.
Առաջ վազիր դեռ եղբորս հետ,
Ի՞նչ ես նայում վրան խեթ-խեթ.
Դեհ, մեկ, երկուս, երեք՝ վազեք,
Դուք իրարու լավ կսազեք:
Ու վազեցին. նապաստակը
Փախավ անտառ, մտավ ծակը,
Իսկ սատանեն, տնկած դունչը,
Շրջան տալով ծովի շուրջը,
Քրտնաթաթախ և վազեվազ,
Շունչը կտրած և հազիվհազ,
Քարին տալով իր մի ոտը՝
Իրան գցեց Բալդու մոտը:
Եվ ի՛նչ տեսավ էն լղպորը՝
Բալդին շոյում էր եղբորը.
— Ապրի՜, ապրի՜, իմ մոր բալեն,
Խիստ հոգնե՜լ է զիլ վազելեն:
Սատանեն էլ, փոքրիկ ճուտը,
Փորին տալով երկար տուտը,
Ասավ. — Գնամ բերեմ հարկը,
Որ լցրել է պապս պարկը:
Գնաց թոռը պատմեց պապին,
Թե՝ հաղթըվեց ծովի ափին:
Բալդին նորից
Թոկն օլորեց,
Կախեց ծովից,
Խիստ փոթորկեց,
Ձայներ եկան
Ծովի տակից:
Մի այլ հնարք գտավ պապը
Եվ ուղարկեց թոռին ափը:
Թոռը եկավ, ասավ Բալդուն.
— Հերիք խառնես մեր ծովը դուն,
Էս ի՞նչ կարգ է,
Էս ի՞նչ վարք է,
Քո ուզածը
Էս ի՞նչ հարկ է.
Էս ի՞նչ լուր է,
Ի՞նչ տխուր է.
Իմացած կա՞ գոնե մեկը՝
Հարկ վճարեն սատանեքը:
Է՜, որ կուզես, մենք էլ կտանք,
Բայց մի պայման չմոռանանք:
Մեզնից հեռու, գետնի վրա,
Որտեղ կուզես, նշան արա.
Ձեռքիս փայտը ով մեզանից
Դեն շպրտի էն նշանից,
Թող նա տանի ոսկու պարկը,
Երեք տարեն ժողված հարկը:
Հը, լռվեցա՛ր,
Տես, վախեցա՛ր
Թևդ ջարդի,
Վախկոտ Բալդի:
— Հա՜, վախեցա՝ թևս ջարդի,
Հլա լեզվին էս լակոտի,
Հլա մտիկ պուճուր շանը:
Ա՜յ, էն ամպն է իմ նշանը:
Փայտը էնտեղ ես կնետեմ,
Այնուհետև ես ձեզ գիտեմ...
Սատանեն էր՝ փոքրիկ ճուտը,
Փորին տալով երկար տուտը,
Լեղապատառ ընկավ ծովը,
Շունչը առավ պապի քովը,
Եվ եղածը ծովի ափին՝
Նա կցկտուր պատմեց պապին:

***

Բալդին նորից
Թոկն օլորեց,
Կախեց ծովից,
Խիստ փոթորկեց,
Ձայներ եկան
Խոր հատակից:
Դարձյալ եկավ էն լղպորը.
— Ա՜յ անիծվի էս մեր օրը,
Բալդի, ունեմ էլի նոր բան...
— Սուս, կաթնակեր, չքոտ, անբան,
Հերթը իմն է , — ասավ Բալդին
Էն աներես չարի ճուտին: —
Տեսնում ես դու էն մատակ ձին
Արածում է ջոկ, առանձին.
Եթե նրան բարձրացնես,
Ձեռքերովդ կես վերստ տանես,
Ձեզ կբաշխեմ էդ ձեր հարկը,
Դատարկ կերթամ մեր աշխարհքը:
Սատանեն էր, էդ խոսքի հետ
Հասավ ձիուն, իսկույն ևեթ
Առավ նրան իր ձեռներին,
Զոռը տալով ջուխտ ծնկներին:
Բայց երկու քայլ դեռ չփոխած,
Փռվեց գետնին, սաստիկ դողաց:
— Թուլիկ-մուլիկ չար սատանա,
Վրադ հոգոց ո՞վ կկարդա.
Վե՜ր կաց, վե՜ր կաց, չարի ճուտիկ,
Աչքերդ բաց ու ինձ մտիկ:
Դու չտարար ձին ձեռներով,
Ես կտանեմ զույգ ոտներով: —
Ասավ Բալդին ու ձին հեծավ,
Ոտների մեջ նրան առավ,
Մի վերստ տեղը իսկույն անցավ,
Փոշին ելավ, դուման դարձավ:
Էդտեղ դարձյալ չարի ճուտը,
Չըմբռնելով Բալդու սուտը,
Լեղապատառ ընկավ ծովը,
Շունչը առավ պապի քովը,
Իր տեսածը ծովի ափին
Նա կցկտուր պատմեց պապին:

***

Բալդին նորից
Թոկն օլորեց,
Կախեց ծովից,
Խիստ փոթորկեց,
Ձայներ եկան
Խոր հատակից:
Հնարք չկար. սատանեքը
Հավաքեցին իրանց հարկը,
Շալկած բերին Բալդու մոտը,
Մեղա գալով, ընկան ոտը.
— Ա՜ռ ուզածդ, գնա՜, — ասին, —
Միայն հանգիստ տուր մեր դասին:

***

Բալդին եկավ տնքտնքալով,
Ոսկին մեջքին զնգզնգալով:
— Վա՛յ իմ օրին, — տերտերն ասավ,
Թռավ տեղից, տեղ չգտավ,
Կնկա փեշի տակը մտավ,
Բալդին նրան փեշի տակից
Քաշեց հանեց՝ բռնած միրքից.
Ասավ. — Բերի ես քո գանձը,
Տարվա վերջն է, տուր իմ վարձը:
Էն տեր ժլատը
Բռնեց ճակատը.
Բալդին մի հատ կտտացրեց,
Նրան օճորքը թըռցրեց.
Մի անգամ էլ կտտացրեց,
Լեզուն բերնում լռեցրեց,
Վերջն էլ որ չկտտացրեց,
Խեղճ տերտերին գժվացրեց.
— Ժլատ ծերուկ, էս քեզ մի դաս,
Էժանության էլ ման չգաս, —
Ասավ Բալդին ուրախ, ուրախ,
Ելավ գնաց անվարձ, անհախ: