Սրանից շատ տարի առաջ Էրզրումի մեջ ապրում էին տնանկ Ներսես֊ախպարն ու մեծ կարողության տեր Նիկողոս֊աղան։ Վերջինս Կ. Պոլսում երկար ապրած լինելով՝ լավ հունարեն գիտեր, այդ պատճառով էլ կարնեցիք նրան մյուս Նիկողոս֊աղաներից զանազանելու համար Ուռում֊Նիկողոս էին կանչում։

Ներսես֊ախպարն էլ ժամանակին շատ հարուստ է եղել, մեծ օջախի որդի, խոսքը փաշաների, վեզիրների քով անց, բայց չարաչար ձախորդությունների է հանդիպել։ Նրա ապրանքների քարավանները Կ. Պոլսի, Դամասկոսի ճանապարհների վրա ավարի են մատնվել ավազակների ձեռքը, նավերը Սև ու Միջերկրական ծովերում ծովահենների ձեռքն են անցել, ոչխարների հոտերը քշել տարել են, իսկ քաղաքում ունեցած ապրանքների մթերանոցները և հացի շտեմարանները կրակի են տվել, վառել նրա հակառակորդները։ Այնպես քայքայվել էին նրա մյուլքերը , խաները , խանութները, որ բոլորի հիմքն արեգակն էր ելել, այս ու այն եկել, բռնի տիրացել ու իրենց համար կալվածներ էին շինել։ Ներսես֊ախպարն այնպես մոլորվել, այնպես հուսահատվել էր, որ ամեն բան՝ ապրելը, կյանքն անգամ աչքից ընկել էր, զզվել չարասիրտ դրացիներից և տանջանքով քաշքշվում էր։

Թեև փլփլված, խարխլած, բայց մեծության նշանները դեռ երևում էին նրա տան արտաքին տեսքից, իսկ ինքն էլ թեև հին հագուստ էր հագնում, մաշված ու մաղված, բայց ժամանակին այդ շորերն ինչ թանկագին կերպասներից կազմված լինելը հայտնապես նշմարվում էր։ Նա ծերացել, կորացել, դեմքը կնճիռներով ծածկվել էր, բայց վեհ հոգին դեռ չէր կորցրել։ Խեղճ էր, աղքատ էր Ներսես֊ախպարը, դրացիների, բարեկամների նպաստներին կարոտ, բայց երբեք չէր մուրացել, երբեք չէր զիջել ողորմություն խնդրելու և ուրիշների մուննաթներով չէր ապրել։

Մի օր բազարում Նիկողոս֊աղան մսագործի խանութի առաջ պատահեց Ներսես֊ախպորն ու նրա համար տասը փարայի մի ոչխարի թոք գնելով՝ ասաց.

— Ներսես֊ախպա՛ր, այս թոքն էլ դու տար ձեր տուն:

— Շնորհակալ եմ,— ասաց Ներսես֊ախպարն ու թոքը մսագործի ձեռքից առնելով՝ Նիկողոս֊աղայի հետ վերադարձան իրենց տները։ Նիկողոս֊աղան մի շախկա միս էր առել, ամբողջ դմակն էլ հետը, տվել էր ծառայի կռնակը , որ ետևից գալիս էր, իսկ Ներսես֊ախպարն էլ, համեմատաբար մի քայլ ետ ընկած, հետևում էր Նիկողոս֊աղային։

Երբ շուկայից դուրս եկան, Նիկողոս֊աղան ասաց Ներսես֊ախպորը, փորձված մարդու խրատական շեշտով.

— Գիտես, քրոջս (այսինքն՝ Ներսեսի կնոջը) ասա՛, թող թոքերի, սրտի ճարպերն առաջ սուր դանակով լավ մաքրե, հետո այդ ճարպը կրակի վրա սկավառակում հանդարտ հալեցնե, մի օր այդ ճարպի մեջ սպիտակ թոքերը տապկե, մյուս օրը՝ սևը և երրորդ օրը՝ սիրտը։ Պատվիրիր, որ լավ մանրե թոքերը, թե չէ՝ տժվժիկը համով չի լինիլ։ Գիտես, Ներսես֊ախպար, մենք բարեկամ ենք, այդ պատճառով բարեկամական խորհուրդ եմ տալիս։ Խո տեսնո՞ւմ ես, թե որքա՜ն դժվար է մի բան առնելն ու տանելը։ Կես կյանքդ մաշվում է, հապա որքա՜ն դժվարությամբ է մարդ տասը փարա աշխատում։ Պետք է տնտեսությամբ ապրել, ատամի տակից պետք է ավելացնել, ետ ձգել։ Ասա՛ քրոջս, թող կրակը մեղմ վառե, որ ճարպը չսևանա ու չփչանա, փայտին էլ խնայողություն կլինի, կերակրի էլ համը չի կորչի, և սեղան բերելիս՝ թող ճարպը լավ քամե, պահե, որ մյուս օրվան տապկոցին բանեցնե։ Դեռ եթե լավ տնտես լինի մարդուս կինը, կարգին տնարար, տժվժիկի եղն այնպես խնայողությամբ կբանացնե, որ չորրորդ օրը նրա մեջ կարողանա բիշի եփել և մանր ու խոշորին կշտացնել։ Տժվժիկը շատ համով բան է, բայց հարկավոր է լավ, զգուշությամբ աղը, տաքդեղը կարգին լցնել և մեղմ կրակով տապակել։ Ավելի լավ կլինի, որ սև թոքի և սպիտակ թոքի կեսերը մի օր եփե, մյուս օրը՝ մնացորդները։ Որքա՜ն համով կլինի. տաք֊տաք մարդ փափուկ լավաշի մեջ բրդուճ անե ու խշտե։ Ներսես֊ախպա՛ր, երբ երևակայում ես, թուքդ չի՞ վազում…

Ներսես֊ախպարը լուռումունջ հետևում էր բարերար Նիկողոս֊աղային և վերջինս երբ հարցեր էր տալիս ու նրա երեսին մտիկ անում , Ներսես֊ախպարը գլուխը խոնարհեցնում էր համաձայնության նշան տալու ձևով։ Նիկողոս֊աղան սպասում էր, որ Ներսես֊ախպարը շնորհակալություն հայտնի, երախտագիտությունն արտահայտի լեզվով ու որոշ բառերով, բայց Ներսեսն ամոթից ձայնն անգամ չէր կարողանում բարձրացնել։ Նիկողոս֊աղան, իբր մի մեծ բարիք գործած, դարձյալ շարունակեց իր խրատական հորդորներն ու տիրական հարցերը՝ Ներսես֊ախպոր բերանից երախտագիտության խոսքեր լսելու մտքով. բայց Ներսեսը, խորասուզված դառն մտքերով, չէր էլ ըմբռնում Նիկողոս֊աղայի ասածները։

Խե՜ղճ Ներսես, ասում էր նա իր մտքում. մի ժամանակ հարյուրավոր աղքատներ, կարոտյալներ , թշվառներ և օտարականներ քու հովանու տակ պատսպարան էին գտնում, ուտում, խմում, կշտանում, հագնվում և ծածկվում ու այնպես ճանապարհ ընկնում, հարյուրավոր կարոտյալներ գործ էին ճարում քո դռանը և ընտանիքներ ապրեցնում, ամեն մի դրացուդ, ծանոթիդ ու անծանոթիդ օգնության էիր հասնում և ոչ ոքից մի օր երախտագիտության նշան մտքովդ անգամ չէր անցնում պահանջել, իսկ այսօր Ուռում֊Նիկողոսը, կարկատող Թոդորի որդին, մի թոք առնե ընտանիքդ կերակրելու համար, այդքա՜ն քարոզ կարդա գլխիդ և երախտագիտություն պահանջե՜…

Մինչև տուն հասնելն էլ ի՜նչ քարոզ չկարդաց Նիկողոս֊աղան Ներսես֊ախպոր գլխին, ի՜նչ խրատներ չտվեց, որ ժուժկալ լինի, քչով բավականանա, ուրիշի արած բարիքը գիտենա և ոչ ոքի երախտապարտ չմնա։ Նա ասում էր անդադար․

— Ի՜նչ մեծ բան է, որ տղայիդ ուղարկես մի օր գա մեր աթարը կտրե, խո հոգին չի՞ դուրս գալ, ձեռները չի՞ չորանալ։ Ես տանը մի քանի տեսակ ծառաներ ունիմ․ այնքան ձրիակերներ, հացկատակներ կան, որ կարիք չունիմ ուրիշ մարդու։ Բայց թո՛ղ լինի, պատիվ պահելը մեծ բան է։ Մի օր աղջկադ ուղարկե, թող գա մեր տախտակները լվանա, ի՞նչ վնաս, խո մեջքը չի՞ կոտրի։ Մեր տունը, խո գիտես, մի քանի տասնյակ բան անողներ, աղախիններ կան, մեր սենյակների հատակներն այնքան մաքուր և այնպես ճերմակ են, որ եղ թափես՝ կժողովվի, առանց մի հատը աղտոտելու կամ փչանալու․ բայց իմ ասելը, միտքս ուրիշ է։ Պատիվ պահե, որ պատիվդ բարձրանա։ Եթե քո կինը մի օր գա մեր լվացքը լվանա կամ հացը եփե, խո չի՞ մեռնիլ. բայց չէ՞ որ կինս նրա պատիվը պիտի պահե, փոխադարձաբար նրա վրա իր շնորհքը պիտի ավելացնե։

Նիկողոսը ճարպիկ մարդ էր, իսկ Կ. Պոլսում երկար ապրելով՝ լեզվել ու զելվել էր։ Այնքան լեզու թափեց, որ խլացուց Ներսես֊ախպորը, որ մտքում ասում էր․ «Երանի այսօր քեզ պատահած չլինեի․ գլուխդ ուտեր այս թոքը։ Թո՛ղ ընտանիքս քաղցից կոտորվեր ու դու այս թոքն ինձ չտայիր տուն տանելու»։ Բայց Նիկողոսը խո՜ մարգարե չէր, որ հասկանար Ներսես֊ախպոր մտքիցն անցածն ու խոսքը փոխեր։ Նա միայն մի բանի էր ձգտում, որ մարդիկ ասեն, խոսեն, թե կա֊չկա՝ Էրզրումում մի մարդ կա, այն էլ Ուռում֊Նիկողոսն է և ամենքն էլ երախտագիտությամբ խոնարհվեն նրա առաջ։

Երբ հասան Ներսես֊ախպոր դռան առաջ, Նիկողոս֊աղան կանգնեց ու ասաց․ «Տանդ տեղը շատ լավ է եղել, բայց ափսո՜ս որ շինողներն անտաշ, կոպիտ մարդիկ են եղել․ այնպես չեն կարողացել շինել, որ դարերի դեմ կռվի»։ Ուզում էր այս խոսքերով ծակծկել Ներսեսի սիրտը և իր մեծությունը, հեռատեսությունը ցույց տալ։

Երբ Ներսես֊ախպարն արտորում էր տուն մտնել, Նիկողոս֊աղան էլ ճար չգտավ նրան խոսեցնելու, ասաց.

— Ցանկանում եմ բարի ախորժակ, համով ուտես տժվժիկը։

— Շնորհակալ եմ,— ասաց Ներսես֊ախպարը և արագ քայլերով ներս մտավ իր տունը, հազիվ ազատվելով Նիկողոս աղայի ձեռքից։

Մեծ էր Ներսես֊ախպոր ընտանիքը։ Կինն արդեն թանը պատրաստել էր, ելավ տժվժիկն էլ եփեց, նստան կերան և հազիվ կշտացած՝ սեղանից բարձրացան։ Մեծ տան զավակներ, տնանկացած, թանապուրով կամ տժվժիկով մի՞թե կարելի էր նրանց կշտացնել… Բայց ամեն բան համբերությամբ տանում էին, և ձայները մարդ չէր լսում։

Իրիկնադեմին, երբ ծանր քայլերով ժամի կողմն էր գնում Ներսես֊ախպարը, որ դիմե իր արարչին, նրա օգնությունը և ողորմությունը խնդրե, ճանապարհին պատահեց Նիկողոս֊աղան և ասաց.

— Բարի իրիկուն, Ներսես֊ախպար, քեֆդ, հալդ ինչպե՞ս է. ինչպես նկատում եմ՝ առույգ֊առույգ ես փոխում քայլերդ, երիտասարդի ուժ ես ստացել։ Ինչպե՞ս էր տժվժիկը, համո՞վ էր, կարգին տապակե՞ց քույրս…

— Շատ օրինավոր, աղա ջան, շատ շնորհակալ եմ, տունս, բոլորս էլ շատ շնորհակալ ենք,— արագ֊արագ պատասխանեց Ներսես֊ախպարը, որպեսզի Նիկողոս֊աղան տժվժիկի մասին խոսքը թողնե, ուրիշ բանից խոսե, որ չլինի թե ժամավորները լսեն, և նա անարգվի, պատիվը վիրավորվի։

— Երևի լավ ախորժակով ես կերել, կարծես թարմացել ես, գույնդ մինչև անգամ փոխվել է, խո աղը, տաքդեղը, տապակվածքը կարգի՞ն էր,— ասաց զվարթորեն Նիկողոս֊աղան, առանց նկատողության առնելու, որ իր ձայնը փողոցից անցուդարձ անողները լսում էին, և Ներսես֊ախպարը զայրույթից կուչ եկած՝ կարծես ուզում էր, որ գետինը ճեղքվի և ինքը մեջն ընկնի։

— Ամեն բան, ամեն ինչ կարգին էր,— ասաց կակազելով Ներսես֊ախպարը, որպեսզի մի կերպ վերջ տա այդ խոսակցությանը, բայց Նիկողոս֊աղան անպատճառ ուզում էր, որ այն օրվա ժամավորները բոլորն էլ լսեին, թե ինքը մի տասը փարանոց թոք է ողորմացել իր դրացուն՝ Ներսես֊ախպորը։

— Ողորմած հոգի մայրս,— ասաց խոսքը շարունակելով Նիկողոս֊աղան,— խիստ լավ տժվժիկ էր եփում. այնպես պատվական, որ երբ դռնով տուն էիր մտնում, նրա տապկոցի անուշ հոտից կշտանում էիր։ Այնպես համեղ էր լինում, որ նրա մահից հետո կարոտ եմ մնացել մի համեղ տժվժիկի: Ափսոս հները մեռան, իրենց հետ կարգն ու սարքը գերեզման տարան։ Քանի՜֊քանի անգամներ ախորժակս գրգռվել է, սիրտս ուզել է մի համեղ տժվժիկ, բայց եր՞բ կարող են հիմիկվաններն այնպիսի քաղցրաբույր կերակուր եփել։ Բայց քույրս նորերից չէ, նա կարծում եմ, որ լավ տնարար պիտի լինի և համոզված եմ, որ քեզ այսօր անփոխարինելի պատվական տժվժիկ կերցրած է. խո սխալված չե՞մ։ Հը՛, լավն էր, չէ՞,— ասաց ժամի գավթում կանգնելով Նիկողոս֊աղան, աչքերն ուղղելով Ներսես֊ախպոր երեսին։

— Ինչպե՜ս չէ, ինչպե՜ս չէ, հրաշալի էր,— ասաց Ներսես֊ախպարը և շտապեց եկեղեցի։ Բայց եկեղեցում փոխանակ աղոթելու, փոխանակ փառաբանելու, սկսեց գանգատվել իր տիրոջից, թե բավական չէր, որ նրան այդ վիճակի մեջ էր գցել, բավական չէր, որ այդքան զրկանքների և անարգանքների էր մատնվել, այժմ էլ տանջվում էր Նիկողոսի նման մի փառասերի ճանկում։

Հետևյալ առավոտ բազար էր գնացել Ներսես֊ախպարը: Սիրտը մի ֆինջան սուրճ խմել ուզեց ու մտավ սրճարան։ Կային այնպիսի բարի հոգիներ, որոնք նրա անցկացրած փառքի օրերից քաջ տեղյակ լինելով, առանց նկատելու, միայն մի ակնթարթով ղայֆաջուն իմացնում էին, որ մի ֆինջան սուրճ տա Ներսես֊ախպորը։ Այնպես որ, առանց մարդ իմանալու, առանց մեկի մյուսի գիտենալու, սա, նա, մի֊մի ֆինջան սուրճով պատվում էին տնանկին և նա, որպես իր գրպանից վճարելով, պատվավոր կերպով հեռանում էր սրճարանից։ Սովորականի համաձայն, երբ սկսեց սուրճը խմել, Նիկողոս֊աղան մտավ սրճարան և անմռունչ բարևելով նստավ Ներսես֊ախպոր դիմաց։ Ներսեսի սուրճը քթից եկավ։ Նա զգաց, որ Նիկողոսը անպատճառ իր բարերարության խոսքը բանալու է, այն էլ հրապարակով։ Եվ իսկապես, սուրճի ֆինջանը ձեռքին, չիբուխի ծխախոտը ծխելով՝ ասաց Նիկողոս֊աղան.

— Հը՛, ինչպե՞ս ես, Ներսես֊ախպար, երեկ լավ ախորժակով վայելեցի՞ք տժվժիկը, համո՞վ էր, հը՞։ Մարդու քեֆը կգա, երբ սրտի ուզածին պես պատրաստեն կերակուրները։

― Ինչպես չէ, ինչպես չէ,— կմկմաց Ներսես֊ախպարը, հուսալով, որ Նիկողոս֊աղան իր պատվից կամաչե և չի պարզի թոքի պատմությունը, թեև սիրտը բորբոքումից արդեն սկսել էր արագ֊արագ թրթռալ։

― Այդ ի՞նչ տժվժիկ է,— մեջ ընկավ սրճարանի հյուրերից մեկը։

— Ոչինչ,— ասաց Նիկողոս֊աղան, ծանրացնելով խոսքը,— երեկ մեր մսագործի մոտ մի լավ թոք տեսա. սիրտս ուզեց, առա, որ տուն ուղարկեմ, բայց ափսոսացի, որովհետև մեր տնեցին կարգին չի կարող ուզածս տժվժիկը եփել։ Այդ մտմտուքի մեջ էի, որ պատահեց Ներսես֊ախպարը, իսկույն տվի նրան։ Ասի, մեկ չէ՞ մեր տուն ղրկած, ձեր տուն ղրկած։ Փա՜ռք աստծու, մենք դրացիներ ենք, ջոկողություն երբեք դրել չենք իրար մեջ, «իմ ու քո» ե՞րբ է մտել մեր մեջ, ո՞վ է փնտրել։ Մենակ քեֆս եկավ, ես հավատացած եմ, որ քույրս չէր փչացնի այն պատվական թոքը, կարգին բան կեփեր։ Իմ ուզածն էլ այն է, որ բանը տեղն առնե ու լազաթ ունենա։ Մեր տուն որ ղրկեի՝ զահրումար էր դառնալու, ո՞վ կարող էր թիքա ուտել։ Լավ բանը սիրում եմ, գիտեմ, որ քույրս այնպե՛ս տապակած կլիներ, որ Ներսես֊ախպարը համից, հոտից հարբած՝ մատներն էլ խածոտած կլիներ տժվժիկի պատառների հետ։ Դե՜հ, այժմ շարունակությունը դու պատմե, Ներսես֊ախպար, ես իմս պրծա։

― Էհ, ի՞նչ պատմեմ, շնորհակալ եմ, եփեցինք, կերանք, պրծանք գնաց,— ասաց Ներսեսը կարմրելով։

— Անուշ լինի՛, խոսքս դրա մասին չէր։ Ուզում էի իմանալ, թե կարգի՞ն էր տապակած տժվժիկը, համո՞վ էր։

— Շա՜տ համեղ, շա՜տ ախորժելի,— ասաց սիրտը մորմոքելով Ներսես֊ախպարը՝ ողջ անձով քրտնած, թրջված։

— Այդ հասկանում եմ, մարդ ուզածը գտնե, տեղովը, տեղակի ։

Ներսես֊ախպարը դուրս եկավ այլևս կիրքը չկարողանալով զսպել, բայց Նիկողոսին էլ հաճելի էր, որ ամեն տեղ տժվժիկի պատմությունը խոսվի, որտեղ որ պատահեր, ուր որ հանդիպեր, խոսքը տժվժիկի մասին պիտի բանար կամ այդ մասին հարցեր պիտի տար։

— Ներսես֊ախպար, հիշո՞ւմ ես թոքը, կամ թե՝ «ինչպե՜ս, համե՞ղ էր տժվժիկը»։ Ողջ քաղաքը տժվժիկի ցավն ընկավ, Նիկողոսն ամեն տեղ պատմեց ու խոսեց։

Անցավ մի շաբաթ, մի ամիս, երեք ամիս, վեց ամիս, վերջապես տարի, բայց Նիկողոս֊աղան, որտեղ պատահեր՝ պիտի հիշեցներ Ներսեսին թոքը և տժվժիկը՝ թե՛ փողոցում, թե՛ եկեղեցու գավթում, թե՛ սրճարանում, թե՛ բաղնիսում, թե՛ հարսանիքում, թե՛, վերջապես, ժողովներում, այնպես որ հազար անգամ Ներսես֊ախպոր քթից, պնչից դուրս եկավ Նիկողոս֊աղայի գնած թոքի տժվժիկը։ Էլ համբերությունը սպառած, մի օր նույն մսագործի խանութի դռան առաջ կանգնած, վերարկուի տակ մի բան թաքցրած՝ սպասում էր Ներսես֊ախպարը։ Դեպքն այնպես բերեց, որ Նիկողոս֊աղան էլ այնտեղ եկավ իրենց ծառայի հետ միս առնելու և նկատելով Ներսես֊ախպորը, ասաց.

— Ներսես֊ախպար, ինչպե՞ս ես, լա՞վ ես։ Հիշո՞ւմ ես այն թոքը, այն համեղ տժվժիկը…

— Ահա ա՛ռ քո թոքը և ձա՛յնդ կտրե,— ասաց զայրացած Ներսես֊ախպարը և աբայի տակ թաքցրած թոքը դուրս հանելով, այնպես շրմփացրեց Նիկողոս֊աղայի քթին, բերանին, որ վերջինս ապուշ դարձավ , տեղն ու տեղը մնաց՝ երեսը, գլխի թանկագին շալը, վիզը արյունով ներկված։