Տիկին Բերտա Գարլանը
Թարգմանիչ՝ Վահան Տերյան

[ 18 ]Տիկին Բերտա Գարլանը դանդաղ քայլերով բլուրից ցած էր իջնում։ Թողած բանուկ ճանապարհը, որի գալարուն ժապավենը դեպի քաղաք էր վազում, նա խաղողի այգիներով պատած բլրակների միջով տանող նեղ շավիղն էր բռնել։ Նրա փոքրիկ որդին, որին ձեռքից բռնած նա տանում էր հետը, շարունակ առաջ էր ընկնում, որովհետև ճանապարհը երկու հոգու համար նեղ էր։

Իրիկնադեմի արեգակը վառվում էր Բերտայի դեմուդեմը և դեռ այնքան զորեղ էր, որ նա ստիպված էր ճակտին քաշելու իր մույգ ծղոտե գլխարկը և հայացքը գետին խոնարհելու։ Ոսկեղեն մշուշի մեջ շողում էին բլուրները, որոնց ստորոտին կռթնել էր փոքրիկ քաղաքը։ Հրավառվում էին տանիքներն ու գետը, որ քաղաքի այն կողմից, արտերի միջով գալիս էր ու շողշողուն հոսանքով անհետանում հակառակ կողմի [ 19 ]դաշտերում։ Օդը բոլորովին անշարժ էր, և թվում էր, որ իրիկնապահի հովը դեռ հեռու է։

Բերտան մի վայրկյան կանգ առավ ու չորս կողմը նայեց։ Նա իր զավակի հետ միս-մինակ էր շրջապատող անդորրության մեջ։ Վերը, գերեզմանատանն էլ նա այսօր ոչ ոքի չհանդիպեց։ Չհանդիպեց այն պառավին իսկ, որը սովորաբար ծաղիկներն է ջրում ու գերեզմանների զարդերը պահպանում, և որի հետ Բերտան երբեմն զրույց էր անում։

Բերտային թվաց, որ նա շատ վաղուց է տնից դուրս եկել և վաղուց ոչ ոքի հետ չի խոսել։

Եկեղեցու աշտարակի վրա ժամացույցը վեցը խփեց։ Ուրեմն մի ժամ հազիվ կլինի նրա տնից դուրս գալը, նույնիսկ ավելի քիչ, որովհետև փողոցում նա դեռ կանգնել, խոսել էր սիրունիկ տիկին Ռուպիուսի հետ։

Բայց և այնպես նույնիսկ այն մի քանի րոպեն, որ նա կանգնած էր քիչ առաջ իր ամուսնի գերեզմանի վրա, նրան մի վաղուցվա, մի հեռավոր բան թվաց։

— Մայրիկ, – լսեց նա հանկարծ իր որդու ձայնը։ Նա թողել էր մոր ձեռքն ու առաջ վազել։ —Մայրիկ, ես կարող եմ ավելի արագ գնալ, քան թե դու։

— Որ այդպես է, Ֆրից, սպասիր, դու հո մայրիկիդ մենակ չե՞ս թողնելու։

Բերտան հասավ մանկան և նորից բռնեց նրա ձեռքից։

— Մենք արդեն տո՞ւն ենք գնում,— հարցրեց փոքրիկը։

— Այո, Ֆրից, մենք կնստենք բաց պատուհանի առաջ, մինչև որ բոլորովին մութն ընկնի։

Նրանք շուտով բլուրի ստորոտը հասան և այժմ փոշոտ ճանապարհի ստվերոտ ընկուզենիների տակին էին զբոսնում։ Այստեղ էլ նրանք շատ քիչ մարդ տեսան։ Բանուկ ճանապարհով մի երկու բեռնած սայլ էր անցնում, և սայլապանները մտրակները ձեռներին վազում էին նրանց կողքով։ Երկու հոգի, հեծանիվ նստած, քաղաքից եկան և, իրանց հետևից փոշու ամպեր թողնելով, անցան գնացին դեպի դաշտերը։ Բերտան ակամա կանգ առավ ու երկուսի հետևից էլ նայեց, մինչև որ նրանք անհետացան։ Այդ միջոցին փոքրիկը բարձրացել էր նստարանի վրա։ [ 20 ]— Տե՜ս, մայրիկ, ինչ եմ անում,— բացականչեց նա և արդեն պատրաստ էր վայր ցատկելու։

Մայրը նրա ձեռներից բռնեց և խնամքով նստացրեց տեղը։ Ապա ինքն էլ նստեց։

— Դու հոգնե՞լ ես,— հարցրեց փոքրիկը։

— Այո՜,— ասաց Բերտան, և ինքն էլ զարմացավ, որ այդ իրավ որ այդպես է, որովհետև նա այժմ միայն զգաց, որ խեղդուկ օդն իրան քնացնելու չափ թուլացրել է։ Նա չէր կարող մտաբերել, որ երբևիցե մայիսի կեսին այսպիսի շոգ օրեր լինեին։

Նստած տեղից նա կարող էր հայացքով չափել անցած ճանապարհը, որ խաղողի այգիներով պատած բլուրների միջով, արևի տակ փռված, ձգվում էր մինչև գերեզմանատան փայլուն ու պայծառ ցանկապատը։ Այս զբոսանքը տիկին Բերտան կատարում էր սովորաբար շաբաթը երկու-երեք անգամ։ Արդեն վաղուց էր, որ այս ճանապարհը ուրիշ ոչ մի նշանակություն չուներ նրա համար։ Երբ նա այնտեղ, վերը, թափառում էր խաչերի ու գերեզմանաքարերի մեջ, ավազապատ շավիղներում, աղոթում էր իր ամուսնի գերեզմանի մոտ կամ մի քանի դաշտային ծաղիկ դնում վրան, որ ինքն էր հավաքած լինումճանապարհին, նա գրեթե արդեն ոչ մի ցավ չէր զգում։

Արդեն երեք տարի էր անցել այն օրից, երբ նա թաղել էր իր մարդուն, ուղիղ նույնքան ժամանակ էլ նրանք ապրել էին մեկտեղ։

Բերտայի ուշքերը փակվում էին։ Նա մտաբերում էր, թե ինչպես նրանք հարսանիքից մի քանի օր հետո Վիեննայից այս քաղաքն եկան։ Նրանք մի փոքրիկ ճանապարհորդություն էին կատարել։ Մի այնպիսի ճանապարհորդություն, որ կարող էր թույլ տալ իրան չնչին կարողության տեր մի մարդ, որը օժիտ չունեցող աղջկա հետ է պսակվել։ Նրանք Վիեննայից գետի հոսանքի ուղղությամբ գնացին իրանց ապագա պաշտոնատեղիից ոչ հեռու գտնվող փոքրիկ Վախաուն և այնտեղ մի քանի օր անցկացրին։

Բերտան շատ պարզ հիշում էր այն փոքրիկ հյուրանոցը, ուր նրանք իջել էին, այն գետափնյա այգին, ուր արևը մայր մտնելուց հետո սովորաբար նայում էին, այն խաղաղ ու մի քիչ տաղտկալի երեկոները, որոնք որպես նորապսակների [ 21 ]երեկոներ, Բերտային այլ կերպ էին պատկերանում դրանից առաջ, դեռ այն ժամանակ, երբ նա աղջիկ էր։ Իհարկե, նա ստիպված էր հաշտվել իր կացության հետ։

Բերտան 26 տարեկան և միս-մենակ էր, երբ Վիկտոր Մաթիաս Գարլանը նրան ուզեց։ Բերտայի ծնողները նոր էին մեռել։ Դրանից դեռ շատ առաջ նրա եղբայրներից մեկը, առևտրական ասպարիզում իր բախտը փորձելու համար, Ամերիկա էր գաղթել։ Իսկ մյուսը՝ կրտսերը, ծառայում էր թատրոնում, ամուսնացել էր մի դերասանուհու հետ և երկրորդական դերեր էր կատարում գերմանական բեմերի վրա։ Բերտան իր ազգականների հետ գրեթե ոչ մի կապ չուներ։ Միայն երբեմն իր հորաքրոջ աղջկա մոտ էր գնում, որը ինչ-որ իրավաբանի հետ էր ամուսնացած։ Սակայն այդ բարեկամությունն էլ տարեցտարի սառչում էր, որովհետև ջահիլ տիկինը մի տեսակ ջերմեռանդությամբ բացառապես իր ամուսնուն ու զավակներին էր նվիրվել և այլևս շատ քիչ հետաքրքրություն էր ցույց տալիս դեպի իր ազապ ընկերուհին, Բերտան։

Գարլանը Բերտայի հեռավոր ազգականն էր, իր մեռած մոր կողմից։ Մի ժամանակ նա հաճախում էր Բերտայենց տունը և մի քիչ անշնորհք կերպով աշխատում էր աղջկա սիրտը գրավել։

Այն ժամանակ Բերտան նրան սիրտ տալու ոչ մի հիմք չուներ։ Կյանքն ու երջանկությունը ուրիշ կերպ էին պատկերանում նրա առաջ։ Նա ջահիլ ու սիրուն էր, ծնողները եթե ոչ հարուստ, գոնե բոլորովին ապահով դրության մեջ էին, և Բերտան երազում էր մեծ դաշնակահարուհի դառնալ և, ոչ թե համեստ ընտանեկան կյանք վարել, այլ շրջել աշխարհում իբրև մի գեղարվեստագետի կին։

Սակայն շուտով այս բոլոր հույսերը խորտակվեցին, որովհետև մի գեղեցիկ օր նրա հոր մեջ զարթնեցին իր քաղքինի փտած հայացքներն, ու նա արգելեց Բերտային կոնսերվատորիա գնալը։ Այսպիսով, նրա երաժշտական ասպարեզ մտնելու մտադրությունը տապալվեց, և խզվեցին նրա հարաբերությունները այն երիտասարդ ջութակահարի հետ, որը հետագայում այնքան մեծ հռչակի հասավ։ Սկզբում Բերտան, կարծես, հուսախաբության մի կսկիծ զգաց, սակայն այդ ցավը երկար չտևեց։ [ 22 ]Այնուհետև նոր ուզողներ եկան։ Մի երիտասարդ բժիշկ և մի վաճառական։ Երկուսին էլ մերժեց Բերտան։ Բժշկին, որովհետև շատ տգեղ էր, վաճառականին, որովհետև գավառական քաղաքում էր ապրում։ Ծնողները շատ էլ չէին պնդում։

Բայց երբ Բերտան քսանվեց տարեկան դարձավ, և նրա հայրը սնանկանալով, կորցրեց իր փոքրիկ կարողությունը, ստիպված էր զանազան ուշացած կշտամբանքներ լսելու, այն էլ այնպիսի բաների համար, որոնց մասին ինքն արդեն սկսել էր մոռանալ։ Նրան մեղադրում էին անցած-գնացած գեղարվեստական ասպարեզ մտնելու ծրագրների համար, ջութակահարի հետ ունեցած և անհուսորեն մոռացության մատնված պատմության համար, տգեղ բժշկին և գավառական վաճառականին մերժող պատասխան տալու համար։

Այդ միջոցին Վիկտոր Գարլանը այլևս Վիեննա չէր բնակվում։ Այն ապահովագրական ընկերությունը, ուր նա քսան տարեկան հասակից ծառայում էր, երկու տարի առաջ, իր իսկ ցանկությամբ, նրան Դանուբ գետի ափին գտնվող մի քաղաքում նոր բացած բաժանմունքի կառավարիչ էր նշանակել։ Գարլանի ամուսնացած եղբայրն էլ այնտեղ էր ապրում և գինեվաճառությամբ զբաղվում։ Եվ ահա, երբ այդ ժամանակ նա Բերտայենց տունն էր եկել հրաժեշտ տալու, մի երկար խոսակցության ժամանակ նա ասել էր Բերտային, որ ինքը գլխավորապես նրա համար է հեռանում Վիեննայից, որ արդեն զգում է վերահաս ծերությունը, որ այլևս ամուսնության մասին չի մտածում և ուզում է գոնե իր մերձավորներին մոտ լինել։ Այս խոսակցությունը որոշ տպավորություն գործել էր Բերտայի վրա։ Բերտայի ծնողներն այն ժամանակ ծիծաղում էին Գարլանի սևամաղձության վրա, որովհետև նա դեռ քառասուն տարեկան հազիվ կլիներ։ Իսկ Բերտան, ընդհակառակը, կարծում էր, որ Գարլանի դատողությունը խելացի է, որովհետև այդ մարդն իրան երբեք ջահիլ չէր երևացել։ Հետագա տարիների ընթացքում Գարլանը ավելի հաճախ էր Վիեննա գալիս իր գործերով և երբեք առիթը բաց չէր թողնում Բերտայենց ընտանիքն այցելելու։

Սովորաբար Բերտան ընթրիքից հետո դաշնամուր էր ածում, իսկ նա խորին ուշագրությամբ լսում էր, պատմում էր իր եղբոր [ 23 ]փոքրիկ աղջկա և տղայի մասին, որոնք երկուսն էլ երաժշտական ընդունակությամբ են օժտված, և որոնց նա հաճախ պատմում է օրիորդ Բերտայի մասին, իբրև մի երևելի դաշնակահարուհու։

Այս ամենը այնքան տարօրինակ էր թվում, որ Բերտայի մայրը ժամանակ առ ժամանակ նկատում էր իր աղջկան, որ պարոն Գարլանը իր անհաջող հարսնախոսությունից հետո ոչ մի կերպ, նույնիսկ ամենաթեթև ակնարկ չէր արել ո՞չ անցյալի, ո՛չ էլ հնարավոր ապագայի մասին։ Այդպիսով, այն բոլոր հին կշտամբանքներին, որ Բերտան սովորել էր լսելու, ավելացավ մի նորը. թե ինչո՞ւ պարոն Գարլանին նա այնքան խորը-անտարբեր և նույնիսկ սառը վերաբերմունք է ցույց տալիս։

Բերտան այդ դեպքում միայն գլուխն էր օրորում, որովհետև այդ ժամանակ նա դեռ չէր կարծում, որ կարող է երբևիցե ամուսնանալ այդ մի քիչ անշնորհք և վաղ ծերացած մարդու հետ։

Երբ հոր երկարատև հիվանդության ժամանակ Բերտայի մայրը հանկարծամահ եղավ, ահա այդ ժամանակ էր, որ նորից Վիեննա եկավ Գարլանը և հաղորդեց, որ իր կյանքում առաջին անգամ չորս շաբաթ ժամանակով արձակուրդ է վերցրել։

Բերտան շատ լավ նկատում էր, որ միայն իրա համար է եկել Գարլանը։ Անշուշտ, նա ուզում էր այդ նեղ օրերին իրան մի բանով օգնած լինել։ Եվ երբ մոր մահից մի շաբաթ անց Բերտայի հայրն էլ վախճանվեց, Գարլանը, անսպասելի կերպով, հավատարիմ բարեկամ և եռանդուն մարդ դուրս եկավ։ Նա իր եղբոր կնոջը մի քանի շաբաթով Վիեննա բերեց, որպեսզի որբացած օրիորդը մի քիչ օգնություն ստանա և քիչ ցրվի։ Իսկ ինքը արագ և հաջող կերպով կարգի բերեց Բերտայի հոր առևտրական գործերը։

Նրա այդ սրտագին վերաբերմունքը շատ լավ ազդեց Բերտայի վրա այն վատ օրերին, և երբ Գարլանը իր արձակուրդի ժամանակը լրանալուց հետո հարցրեց, թե արդյոք չէ՞ր կամենա օրիորդն իր կինը լինել, Բերտան ընդունեց նրա առաջարկությունը խորին շնորհակալության զգացմունքով։ Բերտան շատ լավ գիտեր, որ այլ կերպ ինքը գուցե ստիպված [ 24 ]լինի մի քանի ամսից հետո իր հացը դասերով աշխատել և, բացի այդ, նա այժմ այնքա՜ն էր գնահատում և այնքա՜ն էր ընտելացել Գարլանին, որ երբ վերջինս եկեղեցում, պսակադրության միջոցին, և հետո, կառքում, հարց տվեց, թե արդյոք սիրո՞ւմ է իրան, նա ամենայն իրավամբ կարող էր պատասխանել. «Այո՛»։

Սակայն ամուսնության առաջին իսկ օրերից նա ինքը նկատեց, որ ոչ մի սեր չէր տածում դեպի Գարլանը։

Բերտան սկզբում ընդունում էր նրա փաղաքշանքները մի հուսախաբ զարմանքով, ապա անտարբերությամբ և, միայն իրեն մայր զգալուց հետո, փաղաքշանքին փաղաքշանքով պատասխանելու ցանկությամբ։

Նա շուտ ընտելացավ փոքրիկ, հանգիստ քաղաքի կյանքին, մանավանդ որ Վիեննա էլ նա կղզիացած էր ապրում։

Բերտան իրան շատ լավ էր զգում ամուսնի ազգականների շրջանում։

Տագրը մի սիրալիր և ուրախսիրտ մարդ էր երևում, թեպետև երբեմն կոպիտ էր լինում։ Նրա ամուսինը մի բարեսիրտ կին էր, որը երբեմն առ երբեմն մի քիչ թախծոտ ու տխուր էր լինում։ Նրանց որդին, որ Բերտայի եկած ժամանակ մի տասներեք տարեկան տղա էր, սիրուն էր և ժիր, իսկ աղջիկը, ինը տարեկան, զարմանքով լի աչքերով, մի վերին աստիճանի հանգիստ մանուկ էր և սկզբից իսկ սիրեց Բերտաին։

Երբ որ Բերտան երեխա ունեցավ, այս փոքրիկները սրտանց ողջունեցին նրան, իբրև մի ցանկալի խաղալիք, և հետագա երկու տարին Բերտան իրան միանգամայն երջանիկ էր համարում։ Ժամանակ առ ժամանակ նրան թվում էր, որ իր ճակատագիրը ավելի լավ չէր էլ կարող լինել։ Մեծ քաղաքի աղմուկն ու իրարանցումը նրա հիշողության մեջ պատկերանում էին որպես անախորժ և գրեթե վտանգավոր մի բան։ Իսկ երբ մի անգամ նա իր ամուսնի հետ Վիեննա գնաց մի քանի բան առնելու համար, դեպքի բերմամբ օրը այնպես խոժոռ ու անձրևային էր, որ նա երդվեց այլևս երբեք այսպիսի ձանձրալի և ավելորդ ճանապարհորդություն չկատարել։

Բերտայի ամուսինը պսակվելուց երեք տարի անց, գարնանամուտի մի առավոտ, հանկարծակի մեռավ։ [ 25 ]Բերտան շվարեց։ Նա զգում էր, որ այդ բանն ինքը չէր նախատեսել։ Ամուսնի թողած միջոցները շատ սահմանափակ էին։ Սակայն շուտով այրի կնոջն օգնելու համար նրա տագերկինը մի միջոց գտավ, որ բնավ ողորմության ձև չուներ։ Բերտային խնդրեցինք որ երեխաներին դաշնամուրի դասեր տա, և քաղաքի մի քանի ուրիշ ընտանիքներում էլ նույնպիսի դասեր գտան նրա համար։ Մի լռելյայն, ներքին համաձայնությամբ բոլորն էլ իրանց այնպես էին պահում, իբր թե Բերտան դասերը վերցրել է միմիայն նրա համար, որ շատ չմտածի մեռած ամուսնի մասին, մի քիչ ցրվի, և, իբր, նրան վճարում են լոկ այն պատճառով, որ անհնար են համարում, որ նա ձրիաբար նվիրե իր աշխատանքն ու ժամանակը։

Ինչ որ նա այսպիսով աշխատում էր, լիովին բավական էր նրա կենսական պիտույքը հոգալու համար։

Եվ ահա, երբ ամուսնի մահից հետո նախ սուր ցավը, ապա տխրությունը մեղմացավ, Բերտան նորից իրան գոհ և ուրախ էր զգում։ Ապագայի մասին մտածելիս՝ նրան գրեթե ոչինչ չէր զբաղեցնում, բացի իր զավակի աստիճանաբար աճումը, և միայն երբեմն նրա մտքովն անցնում էր նորից մարդու գնալու հնարավորությունը, սակայն անցողակի կերպով, որովհետև ոչ ոք չկար, որի մասին այդ միտումով նա խորհեր։

Երբեմն առավոտները զարթնելիս՝ նրա մեջ էլ ծագում էին ջահիլության ցանկություններն ու ցնորքները, սակայն օրվա ընթացքում խամրում ու հանգչում էին։

Միայն այս գարնանից սկսած՝ նա իրան առաջվա պես գոհ չէր զգում։ Նա այլևս չէր կարողանում առաջվա նման խաղաղ և աներազ քնել։ Երբեմն մի մինչ այժմ անծանոթ անձկություն էր զգում, և հանկարծակի նրա վրա օրը ցերեկով ինչ-որ հոգնություն էր գալիս, և նա այդ պահուն զգում էր իր արյան շրջանառությունը մարմնի մեջ։ Դրա նման մի բան նա մտաբերում էր իր աղջիկ ժամանակվանից և սկզբում այդ զգացմունքը, միանգամայն ծանոթ լինելով հանդարձ, այնքան օտարոտի էր, որ նրան թվում էր, թե իր ընկերուհիներից մեկնումեկը պիտի իրան պատմած լինի այդ մասին։ Միայն այն ժամանակ, երբ նորից ու նորից կրկնվեց նույն բանը, նա մտաբերեց, որ առաջ էլ, մի ժամանակ, ապրել է նույնը։ [ 26 ]Բերտան ցնցվեց, և նրան թվաց, թե քնից է արթնացել։ Նա աչքերը բաց արեց։ Թվում էր, թե օդը մի աղմկոտ շարժման մեջ է։ Փողոցը գրեթե կիսով չափ ստվերի մեջ էր։ Վերը, բլուրի վրա, գերեզմանատան ցանկապատն այլևս չէր պսպղում։ Բերտան մի քանի անգամ գլուխն արագ-արագ դեսուդեն շարժեց, կարծես բոլորովին արթնանալու համար։ Նրան թվում էր, թե նստարանի վրա նստելուց հետո մի ամբողջ օր ու գիշեր է անցել։ Ինչի՞ցն է, տեսնես, որ ժամանակն այսպես խառն ու շփոթ է լինում։

Նա իր շուրջը նայեց։ Ո՞ւր է երեխան։ Այնտեղ, իր ետևում, Ֆրիդրիխի երեխաների հետ խաղում է։ Նաժիշտը նրանց հետ չոքած՝ օգնում է ավազից ամրոց շինելու։ Խճուղին այժմ ավելի մարդաշատ է դարձել։ Բերտան գրեթե բոլորին ճանաչում էր։ Նա ամեն օր նույն մարդկանցն էր տեսնում։ Բայց, որովհետև մեծամասնության հետ շատ սակավ էր խոսում, նրանք ստվերների նման էին անցնում նրա մոտով։ Ահա թամքեր կարող Պետեր Նովակը և իր կինը։ Ահա բժիշկ Ռելլինգերն իր կնոջ հետ փոքրիկ կառքով անցավ ու բարևեց իրան։ Ահա սեփական տների տեր Վենդելայնի աղջիկները։ Ահա լոյտընանտ Բայերը նշանածի հետ հեծանիվ նստած քաղաքից դուրս գնաց։ Այնուհետև նորից թվաց, որ առժամանակ ամեն մի շարժում դադարեց, և Բերտան իր հետևից հնչող մանկական ծիծաղից բացի, ուրիշ ոչինչ չէր լսում։ Բայց ահա նորից մեկը քաղաքից կամաց–կամաց այստեղ է գալիս։ Բերտան նրան ետևից ճանաչեց։ Դա պարոն Կլինգեմանն է, որ սկսել է վերջին ժամանակները առաջվանից ավելի հաճախ խոսել իր հետ։

Սրանից տասներկու-տասներեք տարի առաջ նա Վիեննայից այս փոքրիկ քաղաքն է տեղափոխվել։ Ասում էին, որ նա է եղել, բայց ինչ-որ սխալ բժշկության կամ ավելի վատթար մեղքի համար ստիպվել է թողնել իր պարապմունքը։ Մի քանիսն էլ պնդում էին, որ նա չի ավարտել ուսումը, կիսատ թողել-դուրս է եկել համալսարանից։ Նա ինքն իրան ձևացնում էր մի փիլիսոփա, որ մեծ քաղաքի կյանքը լիապես վայելելուց հետո ձանձրացել է և այդ պատճառով էլ տեղափոխվել է այս փոքրիկ քաղաքը, ուր կարողության մնացորդով կարող է համեստ կյանք վարել։ Այժմ նա հազիվ թե քառասունհինգ [ 27 ]տարեկանից մեծ լիներ և դեռևս ապրելու, լավ օրեր տեսնելու ժամանակ շատ ուներ։ Բայց երբեմն շատ քայքայված ու անախորժ տեսք էր ունենում։

Արդեն հեռվից ժպտում էր նա ջահիլ այրուն, բայց և այնպես իր քայլերը չէր արագացնում։ Վերջապես կանգ առավ Բերտայի առջևը և հեգնությամբ գլուխ տվեց, ինչպես նա սովորաբար բոլոր մարդկանց էր գլուխ տալիս։

— Բարի երեկո, սիրուն տիկին,— ասաց նա։

Բերտան նրա բարևն առավ։

Ըստ երևույթին, պարոն Կլինգեմանն այսօր դարձյալ ջահիլ ու էլեգանտ երևալու հավակնություն ուներ։ Նա մոխրագույն նեղ վերարկու էր հագել, գլուխը սև ժապավենով կինամոնագույն ծղոտե գլխարկ էր դրել և բոլորովին փոքրիկ կարմիր փողպատ ուներ, որը մի քիչ անփույթ ու թույլ էր կապված։

Մի պահ լուռ կանգնելուց ու թեթև կերպով ալեխառն խարտյաշ բեխերը ոլորելուց հետո նա ասաց.

— Դուք երևի վերևից եք գալիս, տիկի՞ն։

Եվ, առանց գլուխը շուռ տալու կամ աչքերն այն կողմը դարձնելու, նա ձեռքը ուսի վրայով պարզելով, արհամարհությամբ ցույց տվեց իր քամակում գտնվող գերեզմանատունը։

Ամբողջ քաղաքում Կլինգեմանը ոչ մի սրբություն չճանաչողի հռչակն էր վայելում։ Եվ Բերտան ակամա մտաբերում էր այն ամենը, ինչ նրա մասին պատմում էին։

Հայտնի էր, որ նա ապրում էր իր խոհարարուհու հետ, որին, իմիջիայլոց, տնտեսուհի է անվանում և միևնույն ժամանակ կապված էր մի ծխախոտ ծախող կնոջ հետ, որը, իր հերթին, դավաճանում էր Կլինգեմանին քաղաքում կանգնած զորքի հարյուրապետներից մեկի հետ։ Այս բանը ինքը՝ Կլինգեմանն էր պատմել Բերտային մի հպարտ վշտով։ Բացի այդ, քաղաքում հասած աղջիկներ կային, որոնք որոշ չափով հետաքրքրվում էին նրանով։ Երբ մարդիկ ակնարկում էին այդ հանգամանքը, Կլինգեմանը, սովորաբար, ամուսնական ինստիտուտի մասին կծու նկատողաւթյուններ էր անում։ Այս բանը շատերին դուր չէր գալիս, բայց և այնպես բոլորը դեպի նա մի որոշ ակնածություն էին տածում։

— Ես մի փոքրիկ զբոսանք կատարեցի,— ասաց Բերտան։

— Մենա՞կ։ [ 28 ]— Ո՛չ, իմ որդու հետ։

— Ճիշտ որ, նա ահա այստեղ է։ Ողջո՜ւյն քեզ, փոքրիկ մահկանացու։ — Այս ասելով՝ հայացքը դարձրեց փոքրիկից։

— Կարելի՞ է մի քիչ ձեր կողքին նստել, տիկին Բերտա։

Նա հեգնանքով արտասանեց տիկնոջ անունը և, առանց պատասխանի սպասելու, նստեց։

— Ես այս առավոտ լսեցի ձեր նվագը,— շարունակեց նա,— գիտե՞ք՝ ինչ տպավորություն ստացա. որ երաժշտությունը կարող է փոխարինել ձեզ համար ամեն ինչ։

Նա կրկնեց՝ ամե՛ն ինչ։

Եվ այնպես նայեց Բերտային, որ վերջինս կարմրեց։ Այնուհետև նա շարունակեց.

— Ափսոս, որ շատ սակավ է պատահում, որ լսեմ ձեր նվագը։ Միմիայն, երբ ձեր պատուհանի տակիցն եմ անցնում ձեր նվագելու միջոցին։

Բերտան նկատեց, որ նա շարունակ մոտենում է իրան նստած տեղը և ձեռքով իր ձեռքն է շոշափում։ Եվ ինքն ակամա ետ քաշվեց։ Հանկարծ նա զգաց, որ մեկը ետևից գրկեց իրան և գլուխը պահեց նստարանի ետևը՝ ձեռներով իր աչքերը բռնելով։ Մի րոպե նրան թվաց, թե դա Կլինգեմանի ձեռներն են իր աչքերի վրա և բացականչեց.

— Գժվե՜լ եք, ինչ է...

Մի զվարթ ձայն առարկեց.

— Ոչ, հարսի։ Բայց ի՜նչ ծիծաղելի է, երբ դու ինձ «դուք» ես ասում։

— Դեհ, գոնե թող աչքերս բանամ, Ռիխարդ,— ասաց Բերտան, աշխատելով աչքերից հեռացնել նրա ձեռները և ապա դառնալով տագրորդուն, հարցրեց.

— Դու տնի՞ց ես գալիս։

— Այո, հարսի, ես քեզ համար լրագիր եմ բերել։

Բերտան նրա ձեռքից լրագիրն առավ և սկսեց կարդալ։

Այդ միջոցին Կլինգեմանը վեր ելավ և Ռիխարդին դիմելով, հարցրեց.

— Դուք ձեր դասերն արդեն սերտե՞լ եք։

— Մենք արդեն դասեր չունենք, պարոն Կլինգեման, որովհետև հուլիսին մենք ավարտման քննություններն ենք տալու։

— Ուրեմն, իսկապե՞ս դուք եկող տարին ուսանող կլինեք։ [ 29 ]— Ինչո՞ւ եկող տարի, աշնա՛նը։

Այս ասելով՝ Ռիխարդը մատով զարկեց Բերտայի լրագրին:

— Անշնորհք տղա, ի՞նչ ես ուզում ինձնից։

— Հարսի, դու Վիեննա գալո՞ւ ես ինձ այցելելու։

— Ինչպես չէ. ընդհակառակը, ես ուրախ եմ, որ քեզանից կազատվեմ։

— Ահա պարոն Ռուպիուսն է գալիս,— ասաց Ռիխարդը։

Բերտան լրագիրը վայր դրեց: Նայեց այն կողմը, ուր Ռիխարդն էր նայոմ։ Մի բանվոր աղջիկ քաղաքից անիվավոր բազմոցի վրա նստած մի մարդ էր բերում։ Մարդու գլուխը բաց էր, գլխարկը ծնկներին էր դրած, ոտներն էլ՝ շալով փաթաթած։ Նրա ճակատը լայն էր, մազերրը՝ կոկ ու խարտյաշ, քունքերն՝ ալեխառն, աչքերը՝ տարորեն մեծ։ Երբ նստարանին մոտեցավ, նա անժպիտ, թեթև կերպով գլուխ տվեց:

Բերտան գիտեր, որ եթե ինքը մենակ լիներ, նա անպատճառ կանգ կառներ։ Երբ նստարանի կողքով անցնում էր, նա միայն Բերտային էր նայում, այնպես որ բարևն էլ, երևի, միայն նրան էր վերաբերվում։ Բերտային թվում էր, որ Ռուպիուսի աչքերը երբեք լուրջ չէին նայում, ինչպես այսօր։ Նա տխրեց, որովհետև խորապես կարեկցում էր այդ անդամալույծ մարդուն։

Երբ նա անցավ գնաց, Կլինգեմանն ասաց.

— Խե՜ղճ մարդ, կնիկն էլ, երևի, նորից Վիեննա գնացած կլինի։

— Ո՛չ,— ասաց Բերտան գրեթե զայրույթով,— ես մի քանի ժամ սրանից առաջ նրա հետ խոսել եմ։

Կլինգեմանը լռեց, որովհետև զգաց, որ տիկին Ռուպիուսի դեպի Վիեննա կատարած խորհրդավոր ճանապարհորդությունների մասին նկատողություն անելը ազատամիտի հռչակ ունեցող մարդուն չի սազի։

— Ճի՞շտ է, որ նա երբեք չի կարողանալու ոտով ման գալ,— հարցրեց Ռիխարդը։

— Այո, երբե՞ք,— ասաց Բերտան։

Նա գիտեր այդ, որովհետև ինքը՝ պարոն Ռուպիուսն էր ասել մի անգամ, երբ Բերտան, նրա կնոջ Վիեննա գնացած ժամանակ, այցելեց նրան։ Նա Բերտային հիմա ավելի թշվառ էր երևում, որովհետև հենց պարոն Ռուպիուսի անցնելու միջոցին [ 30 ]ինքը լրագրում մի այնպիսի մարդու անուն կարդաց, որին երջանիկ էր համարում։ «Մեր հռչակավոր հայրենակից Էմիլ Լինդբախը, իր մեծ հաջողությամբ Սպանիա և Ֆրանսիա կատարած ճանապարհորդությունից մի քանի օր սրանից առաջ, նորից Վիեննա է դարձել։ Մադրիդում երևելի վարպետը պատիվ է ունեցել թագուհու առաջ նվագելու։

Ամսի 24-ին պարոն Լինդբախը մասնակցելու է Ֆորորլբերգի հեղեղից վնասված բնակիչների օգտին տրվող բարեգործական համերգին, մի հանգամանք, որը չնայած սեզոնի ուշ պահուն, խորապես պիտի շարժե հասարակության հետաքրքրությունը»։

Բերտան դժվարանում էր նույնիսկ երևակայել, որ դա նույն այն մարդն է, որին ինքը, այն էլ ե՞րբ, տասներկու տարի առաջ, սիրել է։

Տասներկու տարի առա՜ջ։ Նա զգում էր, ինչպես ջերմ արյունը գլուխն է խփում։ Նրան թվում էր, թե ինքը իր աստիճանաբար ծերանալուց պիտի ամաչի։

Արևը մայր էր մտել։ Բերտան իր երեխայի ձեռքից բռնեց և մնացյալ մանուկներին մնաս բարև ասելով, կամաց-կամաց դեպի տուն գնաց։

Այն տունը, որի առաջին հարկում նա ապրում էր, նոր փողոցներից մեկում էր գտնվում։ Բնակարանների պատուհանների առջև բացվում էր բլուրների տեսարանը, և դեմառդեմ մի հրապարակ կար։

Երեխան աղախնին հանձնելով՝ Բերտան նստեց պատուհանի առջև և շարունակեց լրագրի ընթերցումը։ Նրա մեջ մի հին սովորություն է մնացել ամենից առաջ գեղարվեստի լրաբաժինը կարդալ։ Այդ սովորությունը ծագել էր դեռ մանկությունից, երբ նա իր եղբոր հետ, որը հիմա դերասան է դարձել, Բուրգ-թատրոնի չորրորդ գալերեան էր գնում։ Այս հետաքրքրությունը նրա մեջ, բնականաբար, կոնսերվատորիա մտնեուց հետո ավելի ևս զարգացավ։

Այն ժամանակները նա ամենաանշան դերասանների, երգիչների և դաշնակահարների անուններն անգամ գիտեր։ Եվ երբ որ հետագայում վերջ տրվեց իր թատրոն գնալուն, կոնսերվատորիական ուսմանը և սեփական գեղարվեստական ձգտումներին, նրա մեջ մի տեսակ հոգեկան կապ մնաց այն զվարճալի [ 31 ]աշխարհի հետ, մի կապ, որի մեջ հայրենիքի կարոտի նման մի շեշտ կար։ Իր Վիեննա եղած ժամանակ, վերջերը, արդեն հազիվ թե այս բոլոր բաները որևէ նշանակություն ունենային նրա համար։ Իսկ երբ տեղափոխվեց այս փոքրիկ քաղաքը, ուր գեղարվեստական ամենամեծ հաճույքը սովորական սիրողների համերգներն էին, ավելի ևս թուլացրին այդ նշանակությունը։ Իր այստեղ գալու առաջին տարին ինքն էլ մի այդ տեսակ երեկույթի մասնակցեց «Կարմիր խնձոր» կոչված հյուրանոցում։ Քաղաքի մի ուրիշ ջահիլ տիկնոջ հետ նվագեց Շուբերտի երկու մարշը։ Նա այնքան հուզված էր այն պահուն, որ երդվեց այլևս չմասնակցել և նույնիսկ շատ ուրախ էր, որ երաժշտական ասպարեզը փակված է իր համար։ Այդ ասպարեզի համար բոլորովին այլ բնավորություն էր հարկավոր, ա՞յ, օրինակ, ինչպես Էմիլ Լինդբախի բնավորությունն է: Այո՛, նա այդ իսկ բանի համար էր ծնված։ Բերտան մի ակնթարթում հասկացավ այդ, երբ Էմիլ Լինդբախն առաջին անգամ բեմ ելավ մի աշակերտական համերգում։ Մազերն անփույթ կերպով ետ նետելու ձևից, կիսահեգնորեն և բարձրից ներքևի մարդկանց նայելուց, առաջին իսկ անգամից՝ ծափահարություններին գլխի հանգիստ շարժումով պատասխանելուց, ամեն ինչից երևում էր այդ, կարծես նա վաղուց ընտելացել էր այդ ամենին։

Տարօրինակ է, երբ Բերտան մտածում է Էմիլ Լինդբախի մասին, շարունակ նրան այնքան ջահիլ, տղայական տեսքով է պատկերացնում։ Այնպես է ներկայանում նա Բերտային, ինչպես այն ժամանակ էր, երբ նրանք միմյանց ճանաչում ու սիրում էին։ Նորերս Բերտան իր տագեր և տագերկնոջ հետ սրճարան էր գնացել և մի պատկերազարդ թերթում տեսավ նրա նկարը, որի վրա այնքա՞ն փոխված էր նա։ Նրա մազերը այլևս երկար չէին, սև բեխերը, կարծես, ունելիքով վեր էին ուղղված, և օսլայած օձիքը շատ բարձր էր, փողպատը՝ համապատասխան վերջին մոդային։ Տագերկինն ասաց, որ նա լեհական կոմսի է նմանում։

Բերտան նորից լրագիրը վերցրեց, որ կարդա, բայց արդեն մթնել էր։

Նա վեր ելավ, կանչեց աղախնին, որը ներս բերեց լամպը և սեղանը պատրաստեց։ Բերտան իրիկնահացը կերավ իր երեխի [ 32 ]հետ միասին։ Լուսամուտը բաց մնաց։ Այսօր նա սովորականից ավելի քնքույշ էր դեպի իր փոքրիկը։ Նա այն անցած ժամանակի վրա էր մտածում, երբ իր ամուսինը դեռ կենդանի էր։ Ամեն տեսակ հիշողություններ էին գալիս ու անցնում նրա գլխից։ Երբ նա Ֆրիցին քնեցնելու էր տանում, նրա աչքերովն ընկավ հանգուցյալ ամուսնի նկարը, որը փայտե կինեմոնագույն, ձվաձև շրջանակի մեջ կախված էր մահճի դիմացը։

Ամուսինը նկարված էր ամբողջ հասակով, ֆրակը հագին, ճերմակ փողպատով ու ցիլինդրը ձեռքին։ Հարսանիքի հիշատակին էր այդ նկարը։

Բերտան հաստատ գիտեր, որ պարոն Կլինգեմանը, եթե այդ նկարը տեսներ, հեգնությամբ պիտի ժպտար։

Քիչ հետո նա նստեց դաշնամուրի առաջ, ինչպես հաճախ անում էր քնելուց առաջ, ոչ թե երաժշտական ներշնչումից դրդված, այլ որպեսզի շատ վաղ չպառկի։ Նա գլխավորապես այն մի քանի բանն էր նվագում, որ դեռ անգիր էր հիշում՝ Շոպենի մազուրկաները, կտորներ Բեթհովենի սոնատներից, երբեմն էլ ինքն էր հերյուրում բայց նրա հերյուրանքները հասարակ դաշնակներ էին, ոչ ավելի և այն էլ միշտ միևնույն կրկնությունը։ Այսօր նա իր այդ դաշնակներից էլ սկսեց, բայց սովորականից ավելի մեղմ էր նվագում։ Նա փորձեց փոխել եղանակը և երբ պեդալը սղմելով, վերջին դաշնակը հնչեցրեց, կանգ առավ ու երկա՜ր-երկա՜ր ձեռները ծնկներին դրած ականջ էր դնում հնչյուններին, որ մի անուշ մեղմությամբ տարածվում էին շուրջն ու քիչ-քիչ թուլանում, մեռնում։ Այժմ նա մտաբերեց Կլինգեմանի նկատողությունը. «Երաժշտությունը փոխարինում է ձեզ համար ամեն ինչ»։ Ճշմարիտ որ, նա մասամբ իրավացի էր։ Երաժշտությունը կարող է շատ բան փոխարինել իրա համար։ Բայց ամե՞ն ինչ։ Օ՜, ո՛չ։

Այո ի՞նչ է։ Դեմառդեմ ոտնաձայն է գալիս։ Ասենք, զարմանալու բան չկա։ Սակայն քայլերը կանոնավոր են, դանդաղ, սովորական անցուդարձ անողների քայլերի նման չեն։ Նա վեր կացավ և մոտեցավ լուսամուտին։ Արդեն բոլորովին մթնել էր, և նա այնտեղ ման եկող մարդուն իսկույն չճանաչեց, սակայն գիտեր, որ դա Կլինգեմանն է։

Ինչպիսի՜ զուգադիպություն։ Թե՞ նա գուցե դիտմամբ է պատուհանի տակ զբոսնում։ [ 33 ]— Բարի երեկո, տիկին Բերտա,— ասաց նա այնտեղից, և Բերտան նկատեց, ինչպես նա մութի մեջ գլխարկը հանեց։

Բերտան գրեթե անգիտակցաբար պատասխանեց.

— Բարի երեկո։

— Դուք շատ լավ էիք նվագում, տիկին:

Բերտան ոչինչ չպատասխանեց, միայն նրա բերանից դուրս թռավ մի գրեթե անհնչյուն հարցական «այո՞», որ Կլինգեմանը երևի չլսեց էլ։

Կլինգեմանը մի վայրկյան լուռ կանգնած մնաց, ապա ասաց.

— Բարի գիշեր, տիկին Բերտա, անուշ քուն։

Եվ «անուշ քուն» բառերը նա այնպես շեշտեց, որ գրեթե անամոթաբար հնչեցին։

Հիմա նա տուն կերթա, իր խոհարարուհու մոտ, ինքն իրան մտածում էր Բերտան։ Հետո հանկարծ նա մտաբերեց մի բան, որ վաղուց գիտեր, որի մասին, սակայն, մինչև այժմ չէր մտածել։ Կլինգեմանի սենյակում պետք է որ մի պատկեր կախված լինի, որի երեսին մի փոքրիկ վարագույր է քաշած։ Այդ պատկերը մի անպարկեշտ տեսարան է ներկայացնում։ Ո՞վ էր այս բանը պատմել Բերտային։ Ախ, հա՞, տիկին Ռուպիուսը, անցյալ աշնան, երբ Դանուբ գետի ափին մի անգամ զբոսնում էին միասին։ Տիկին Ռուպիուսն էլ մի ուրիշից է լսել, բայց ումի՞ց: Շատ անպիտան մարդ պիտի լինի այդ պարոն Կլինգեմանը։ Բերտայի վատը եկավ, որ մտածում է Կլինգեմանի և այդ բոլոր բաների մասին։

Նա դեռևս կանգնած էր պատուհանի առջև։ Նրան այնպես էր թվում, որ ծանր օր է անց կացրել։ Նա մտաբերում էր, թե, իրոք, ի՞նչ է պատահել, և ինքն էլ զարմացավ, որ, վերջիվերջո, սա էլ հարյուրավոր անցած ու գալիք օրերի նման մի օր էր...

Սեղանից վեր էին կենում։ Դա այն կիրակնօրյա ճաշերից մեկն էր, որ գինեվաճառ Գարլանը սովորաբար տալիս էր իր ծանոթներին։ [ 34 ]Տանտերը մոտեցավ իր հարսին և, ըստ սովորականին, նրան մի ձեռքով մեջքից գրկեց։

Բերտան արդեն գիտեր՝ ինչ է ուզում իր տագրը։ Երբ հյուրեր էին լինում, Բերտան նրանց համար պիտի նվագեր, երբեմն նույնիսկ երկուսով, Ռիխարդի հետ։ Դա հաճելի էր թուղթ խաղացողերին և, բացի այդ, մի քիչ կենդանություն էր մտցնում։

Բերտան նստեց դաշնամուրի առաջ։ Բաց արին այն սենյակի դուռը, ուր տղամարդիկ թուղթ էին խաղում։ Գարլանը, բժիշկ Ֆրիդրիխը և պարոն Մարտինը նստել էին սեղանի շուրջը։ Կանայք հյուրասենյակում մնացին։ Տիկին Մարտինը, բազմոցին նստած, մի ոտը մյուսի վրա դրեց և սկսեց ծխել։ Կիրակի օրերը նա, սովորաբար, պարահանդեսի ոտնամաններ և մետաքսե գուլպա էր հագնում։ Բժիշկ Ֆրիդրիխի կինը աչքը նրա ոտներից չէր հեռացնում։ Ռիխարդը տղամարդկանց մոտ գնաց, նրան արդեն հետաքրքրում էր «տարոկ» խաղը։ Էլլին, դաշնամուրի կափարիչին հենված, սպասում էր, որ Բերտան սկսի նվագել։ Տանտիկինը շարունակ տնտեսությամբ էր զբաղված՝ մեկ ներս էր գալիս, մեկ դուրս ելնում և ձեռքին բռնած բանալիների կապոցով աղմուկ էր հանում։

Այս րոպեիս, երբ նա ներս մտավ, բժիշկ Ֆրիդրիխի կինը աչքով ցույց տվեց նրան տիկին Մարտինին և, կարծես, ուզում էր ասել.« Մի նայեցեք,ի՞նչպես է նստած նա»։

Բերտան այդ ամենը այսօր առանձնապես պարզ էր նկատում, կարծես ջերմի մեջ լիներ։ Տագրը դարձավ և նայեց նրան։ Այդ հայացքը Բերտային իր անելիքը հիշեցրեց։

Նա բարձր նվագել սկսեց Շուբերտի մի մարշը։ Տագրը նորից ետ դարձավ և ասաց նրան. «Կամա՛ց»։

— Այս տան առանձնահատկությունը.— ասաց բժիշկ Ֆրիդրիխը,— «տարոկ» խաղն է դաշնամուրի նվագակցաթյամբ։

— Այսպես ասած՝ երգեր առանց խոսքերի,— ավելացրեց պարոն Մարտինը։

Բոլորը ծիծաղեցին։ Գարլանը նորից Բերտային դարձավ որովհետև նա հանկարծ դադարեց նվագելուց։

— Գլուխս մի քիչ ցավում է,— ասաց Բերտան, ասես թե ներողություն էր խնդրում և, դրանից քիչ վիրավորված, ավելացրեց.— ոչ մի ցանկություն չունեմ։ [ 35 ]Բոլորը նայեցին Բերտային, զգալով, որ մի արտասովոր բան պատահեց։

Տանտիկինն ասաց.

— Գուցե մի քիչ մեզ հետ կնստես, Բերտա։

Էլլին քնքշությամբ լցվեց դեպի հարսը և ամուր սեղմվեց նրա թևին։ Այսպես էլ կանգնած մնացին նա և Բերտան դաշնամուրին հենված։

— Դուք է՞լ այսօր «Կարմիր խնձոր» կգնաք,— հարցրեց տանտիկնոջը տիկին Մարտինը։

— Ոչ, չկարծեմ։

— Բայց, քանի որ մենք այսօր առանց ընտանեկան համերգի մնացինք, երեկոյան...

— Խաղը ձերն է, պարոն բժիշկ:

— Այնտեղ զինվորական երաժշտություն կլինի՞,— հարցրեց բժիշկ Ֆրիդրիխի կինը:

Տանտիկինը վեր կացավ և, մոտենալով ամուսնին, հարցրեց.

— Չէ, լուրջ, մենք այս երեկո «Կարմիր խնձոր» կգնա՞նք։

— Իհա՛րկե։

Տիկինը մի քիչ շփոթվեց և իսկույն անհայտացավ դեպի խոհանոց՝ նոր կարգադրություններ անելու։

— Ռիխա՛րդ,— ասաց Գարլանը իր որդուն,— շուտով վազիր այգու տիրոջն ասա, որ մեզ համար մի սեղան պահի։

Ռիխարդը դեպի դուռը գնաց և այնտեղ ընդհարվեց մոր հետ, որը այդ իսկ վայրկյանին ներս մտավ։ Կատարելապես թուլացածի ձևով մայրը նստեց բազմոցին։

— Դուք երևակայել չեք կարող,— ասաց նա բժիշկ Ֆրիդիխի կնոջը,— թե որքան դժվար է ամենադատարկ բանն անգամ այդ Բրիգիտային հասկացնելը։

Տիկին Մարտինը նստեց իր ամուսնի մոտ և նայում էր Բերտային, որը դաշնամուրի մոտ Էլլիի հետ լուռ կանգնած էր։ Տիկին Մարտինը շոյեց իր ամուսնի գլուխը ձեռքը նրա ծնկին դրեց, ամեն կերպ աշխատելով ցույց տալ, թե որքա՜ն երջաիկ է ինքը։

— Ես քեզ մի բան կասեմ, հարսի,— ասաց հանկարծ Էլլին:— Իջնենք այգի, այնտեղ բաց օդում գլխիդ ցավը ավելի շուտ կանցնի։ [ 36 ]Նրանք սանդուխտով իջան բակը, որի մեջտեղից մի մարգագետին էր սկսվում և գնում էր մինչև հարևան պատը։ Այնտեղ մի քանի թուփ կար և մի քանի ծառ փայտե ցցերին ամրացրած։ Քամի օրերը այստեղից լսվում էր գետի աղմուկը։

Պատի տակ երկու ծղոտե աթոռ էր դրված և նրանց առջևը՝ մի փոքրիկ սեղան։ Բերտան ու Էլլին նստեցին այդտեղ։ Էլլին դեռ բաց չէր թողել Բերտայի ձեռքը։

— Ասա՛ ինձ, հարսի։

— Ի՞նչ Էլլի։

— Տե՛ս, արդեն ես մեծացել եմ, պատմիր ինձ մի բան նրա մասին։

Բերտան ցնցվեց։ Նրան թվաց, թե այդ հարցը իր հանգուցյալ ամուսնին չի վերաբերվում, այլ՝ մի ուրիշին։ Եվ հանկարծ նրա աչքի առաջ արագ ծագեց Էմիլ Լինդբախի պատկերը, այն, որ տեսել էր պատկերազարդ լրագրում։ Սակայն իսկույն չքացավ այն։ Մանուկ աղջկա հարցը Բերտայի սիրտը շարժեց։ Երևի Էլլին կարծում է, թե ինքը շարունակում է իր մեռած ամուսնի մասին մտածել և դարդ անել։ Նա զգում էր, որ եթե սկսե իր ամուսնի մասին խոսել, սիրտը կթեթևանա։

Այդ րոպեին այգի նայող պատուհանից լսվեց Ռիխարդի ձայնը.

— Կարելի՞ է, ես էլ գամ ձեզ մոտ, թե՞ դուք գաղտնիքներից եք խոսում։

Բերտալին հանկարծ թվաց, որ Ռիխարդը նման է Էմիլ Լինդբախին։ Թե՞ միայն սրա երկար մազերն են ու հասակը, որ հիշեցնում են նրան։ Ռիխարդի տարիքին էր Լինդբախը, երբ Բերտան նրան սիրում էր։

— Սեղանը պատվիրած է,— ասաց Ռիխարդը՝ բակը մտնելով։

— Դու կգա՞ս մեզ հետ, հարսի,— հարցրեց նա, ապա հենվեց Բերտայի աթոռի մեջքին ու նրա երեսը շոյելով, թարմ ու սիրալիր ձայնով ասաց.

— Իմ խաթրու արի, սիրուն հարսի։

Բերտան ակամա փակեց աչքերը։ Այդ գգվանքը մի քաղցր ջերմություն տարածեց նրա մեջ։ Կարծես իր որդու մանկական ձեռներն էին, որ շոյում էին իր երեսը։ Հետո դրան սկսեց մի ուրիշ հիշողություն խառնվել։ Նրա մտքում վերակենդանացավ [ 37 ]իր՝ Էմիլի հետ կատարած զբոսանքներից մեկը։ Նրանք կոնսերվատորիայից էին վերադառնում և նստեցին պուրակում հանգստանալու։ Էմիլը իսկ և իսկ այդպես շոյեց իր երեսը, և այդ փաղաքշանքը այնքա՜ն քնքույշ էր, այնքա՜ն ջերմ... Բերտան մտաբերել ուզեց, թե արդյոք միայն մի՞ անգամ էր պատահել այդ։ Ո՛չ, հաճախ, տասը, գուցե քսան անգամ։ Նրանք նստած էին լինում այգում, նստարանի վրա, և Էմիլը միշտ շոյում էր իր այտերը։ Տարօրինակ է, որ այդ ամենը նա այժմ մտաբերեց նորից։

Երևի այժմ էլ չէր մտաբերի այն զբոսանքները, եթե Ռիխարդը չլիներ, մտածում էր նա։ Սակայն մինչև ե՞րբ պիտի այսպես երազե նա։

— Ռիխարդ,— ասաց նա և աչքերը բացեց։ Նա տեսավ Ռիխարդի ծիծաղկոտ դեմքը, որ դեպի իր երեսն էր թեքվել։ Բերտային թվաց, որ Ռիխարդը հասկացել է նրա մտքերը։ Իհարկե, դա անկարելի է, որովհետև այստեղ հազիվ թե մեկը կարողանա երևակայել, որ ինքը մի ժամանակ ճանաչել է հռչակավոր ջութակահար Էմիլ Լինդբախին։

Բայց մի՞թե այժմ ճանաչում է նրան։ Չէ՞ որ նա՛, որի մասին Բերտան այժմ մտածում է, որի պատկերը անդադար սավառնում է նրա զմայլված հայացքի առջև,. այդ հիմիկվա Լիդբախը չէ, դա այդ, ջահիլ սիրուն պատանին է, որին ինքը սիրում էր, երբ դեռ բոլորովին մանկահասակ մի աղջիկ էր։ Բերտայի մտքերը ավելի հեռուն էին դնում, դեպի անցյալը, և նա չէր կարողանում կանգնեցնել, ետ բերել այդ մտքերը, դառնալ դեպի ներկան ու խոսել իր հետ նստած մանուկների հետ։ Նա մնաս բարով ասաց նրանց ու գնաց։

Դուրսը շոգ էր, իրիկնադիմի ծանր ու խեղդուկ շոգ։ Խանութները փակ էին, փողոցներն՝ ամայի։ Շուկայում, սրճատան առաջ, սեղանի շուրջը մի քանի սպա էր նստած։ Բերտան նայեց առաջին հարկի պատուհաններին։ Այնտեղ Ռուպիուս ամուսիններն էին ապրում։ Վաղուց է նրանց մոտ չէր եղել։ Ծննդի երրորդ օրվանից սկսած, շատ լավ էր հիշում Բերտան։ Երբ այն անգամ գնացել էր Ռուպիուսների մոտ, կինը տանը չէր, միայն մարդն էր։ Դա այն ժամանակ էր, որ պ. Ռուպիուսն ասաց, թե իր հիվանդությունն անբուժելի է։ Դրանից հետո Բերտան վախենում էր նրանց տունը գնալու, որտեղից այն

37
[ 38 ]անգամ հեռացավ հուզված ու շփոթված։ Այսօր նրան թվաց, թե պիտի նրանց մոտ գնա, որովհետև վերջին օրերում ինչ-որ կապ հաստատվեց իր և հիվանդի միջև, որ հիվանդի երեկվա խաղաղ հայացքը մի առանձին նշանակություն ուներ։

Երբ նա սենյակ մտավ, նրա աչքերը պիտի նախ՝ ընտելանային տիրող կիսամութին։ Փեղկերը փակ էին, և միայն վերևի ճեղքից արևի մի ճառագայթ էր ընկնում ներս, ուղղակի սպիտակ վառարանի վրա։ Սենյակի մեջտեղում, սեղանի առաջ, բազկաթոռի վրա նստած էր պարոն Ռուպիուսը։ Նրա առաջ թափված էին ցանուցիր ինչ-որ թերթեր, որոնց նա մեկ-մեկ նայում ու մի կողմ էր դնում։ Բերտան նկատեց, որ դրանք պատկերներ էին։ Երբ որ Բերտան ներս մտավ, նա այդ թերթերից մեկը մի կողմ դրեց և ուզում էր մի ուրիշը վերցնել։

— Շնորհակալություն, որ ինձ նորից այցելում եք,— ասաց Ռուպիուսը ու ձեռքը Բերտային պարզեց։ —Տեսնո՞ւմ եք՝ ինչով եմ զբաղվում ես։ Սրանք հին ֆլամանդցիների նկարների պատկերներն են։ Հավատացե՛ք, տիկին, հին պատկերներ նայելը մեծ բավականություն է պատճառում մարդուս։

— Իհա՜րկե։

— Տեսնո՞ւմ եք, այստեղ վեց հատոր է, կամ, ավելի ճիշտ, վեց թղթակալ և ամեն մեկի մեջ քսան թերթ։ Այս բոլորն ուսումնասիրելու համար մի ամբողջ ամառ հարկավոր կլինի։

Բերտան նրա կողքին կանգնած, թեքվեց դեպի նրա առջև դրած նկարը։ Դա Տենիերի նկարներից մեկն էր։

— Մի ամբողջ ամառ,— կրկնեց Բերտան ցրված։

Ռուպիուսը նայեց նրան։

— Իհարկե,— ասաց նա, ատամները սղմելով, կարծես մի շատ կարևոր տեսակետ պիտի պաշտպաներ։ —Նկարը ուսումնասիրել, կնշանակե՝ իմանալ այդ նկարը գիծ առ գիծ։ Սա Տենիերինն է, բնագիրը Հաագայում է։ Ինչո՞ւ Հաագա չեք գնում, տիկին, այնտեղ Տենիերից այնքան հրաշալի պատկերներ կան, ասենք, ուրիշ բան էլ շատ կա։

Բերտան ծիծաղեց։

— Ինչպե՞ս կարող եմ ես մի այդպիսի ճանապարհորդության մասին մտածել։

— Այո՛ , այո՛,— շարունակում էր Ռուպիուսը,— Հաագան [ 39 ]շատ գեղեցիկ քաղաք է։ Ես այնտեղ տասնչորս տարի առաջ եմ եղել։ Այն ժամանակ ես քսանութ տարեկան էի, այժմ՝ քառասուներկու կամ, եթե կուզեք, ութսունչորս։ — Նա մի թերթ այն կողմը դրեց։ — Ահա սա Օստանդինն է. «Չիբուխ ծխողը»։ Երևելի է նկարված չիբուխ քաշողը: Բնագիրը Վիեննայում է:

— Կարծեմ, ես հիշում եմ այդ նկարը։

— Եթե ուզում եք հետս այս նկարները նայել, խնդրեմ նստեցեք դիմացս կամ այստեղ, կողքիս, այսպես ավելի հարմար կլինի նայելու։ Ահա հրաշալի մի նկար, Ֆալկենբորգինն է, հրաշալի է, չէ՞։ Առջևի մասը չնչին է թվում, սահմանափակ, ոչ մի առանձին բան չկա, մի գյուղացի գեղջկուհու հետ պարում է, իսկ պառավը նրանց նայում ու բարկանում է։ Այստեղ էլ, տան դարպասից վեդրոյով ջուրը ձեռքին մի մարդ է դուրս գալիս։ Դա, իհարկե, չեչին բան է։ Բայց ահա ետևի մասում, տեսնո՞ւմ եք, մի ամբողջ աշխարհ կա։ Կապույտ լեռներ, կանաչի մեջ կորած քաղաքներ, ամպամած երկինք և ահա մի տուրնիր։ Դա, որոշ չափով, ավելորդ բան է, բայց մյուս կողմից՝ դա լավ է և սազում է նկարի սյուժետին։ Ախր ամեն տեղ հետին մաս կա և ամեն ինչում։ Ահա թե ինչու շատ ուղիղ է նկատված այստեղ, այդ գյուղական տան ետևից սկսվում է ամբողջ աշխարհը իր տուրնիրներով, լեռներով, գետերով, ամրոցներով, խաղողի այգիներով ու անտառներով։ — Նա փղոսկրյա թղթահատով ցույց էր տալիս նկարի բոլոր այն մասերը, որ հիշում էր իր խոսքերում։ — Հավանո՞ւմ եք: Սրա բնագիրը նույնպես Վիեննայի պատկերասրահում է գտնվում։ Դուք պիտի գիտենաք այս նկար։

— Ես, արդեն վեց տարի է, Վիեննա չեմ կենում։ Բացի այդ, այնտեղ եղած ժամանակս, վերջին տարիները մուզեյ չէի գնում։

— Չէ՜ ,— բացականչեց Ռուպիուսը։ — Իսկ ես հաճախ էի գնում այնտեղ։ Այս նկարի առջև միշտ կանգ էի առնում։ Այո՛, կար ժամանակ... Ես գնում էի։

Նա ժպտալով նայեց Բերտային, իսկ սա չգիտեր՝ ինչ պատասխանե։ Նա շարունակեց.

— Գուցե ես ձանձրացրի ձեզ այս նկարներով։ Մի քիչ սպասեցեք, կինս շուտով կգա տուն։ Գիտե՞ք, նա այժմ ամեն

39
[ 40 ]օր ճաշից հետո մի երկու ժամ վազվզում է։ Վախենում է, որ գերանա։

— Ձեր կինը նրբակազմ է և ջահիլ, որպես... Ես գտնում եմ, որ նա իսկի չի փոխվել այն օրից, ինչ ես նրան գիտեմ։

Բերտային թվաց, որ Ռուպիուսի դեմքը, կարծես, սառեց: Բայց մի ակնթարթ անց նա շարունակեց մի անհոգ տոնով, որը չէր համապատասխանում նրա դեմքի արտահայտությանը.

— Մեր փոքրիկ քաղաքի հանգիստ կյանքը պահպանում է ջահիլությունը։ Այստեղ գաղթելու միտքը գեղեցիկ միտք էր։ Այդ միտքը մեր երկուսի գլխում էլ միաժամանակ ծագեց։ Ո՞վ գիտե, Վիեննայում գուցե վաղո՜ւց ամեն ինչ վերջացած լիներ:

Բերտան չէր կարողանում հասկանալ այդ «ամեն ինչ վերջացած լիներ» խոսքերի իմաստը։ Արդյոք ի՞ր կյանքի մասին էր ասում նա, թե՞ կնոջ ջահիլության մասին։ Թե՞ գուցե մի ուրիշ բանի մասին։ Համենայն դեպս Բերտան ափսոսում էր, որ այստեղ եկավ։ Նա իրան անհարմար էր զգում իր այնքա՜ն առողջ լինելու համար։

— Ես ձեզ չեմ ասել, որ այս թղթակալները ինձ Աննան է նվիրել,— շարունակեց Ռուպիուսը։ — Նա պատահմամբ է գնել այս բանը, իսկ այնպես, սա շատ թանկագին հրատարակություն է։ Մի գրավաճառ հայտարարել էր լրագրերում, և կինս իսկույն հեռագիր տվեց իր եղբորը, որ գնե մեզ համար։ Դուք հո գիտեք, մենք Վիեննա ազգականներ շատ ունենք, ես էլ, Աննան էլ։ Աննան երբեմն գնում է Վիեննա նրանց այցելության։ Նրանք էլ մեզ մոտ են գալիս փոխադարձաբար։ Դա ինձ ուրախացնում է, որովհետև ես շատ բանով եմ պարտական նրանց, մանավանդ Աննայի եղբորն ու հարսին: Երբ որ Աննան Վիեննայում է լինում, նրանց մոտ է ուտում, քնում. իմացա՞ք հիմա տիկին։

Ռուպիուսը շատ արագ էր խոսում, բայց սառն ու գործնական տոնով, կարծես պարտավորվել էր պատմել այդ ամենը բոլոր հաճախորդներին։ Աննայի՝ Վիեննա գնալու մասին առաջին անգամ էր, որ Ռուպիուսը խոսում էր Բերտայի հետ։

— Վաղը նա նորից ուզում է գնալ,– շարունակեց Ռուպիուսը,— կարծեմ այս անգամ ամառվա հագուստների համար։

— Իմ կարծիքով, ձեր կինը շատ խելացի է վարվում,— [ 41 ]ասաց Բերտան՝ իր գտած պատասխանի համար ուրախացած։

— Բացի այդ, էժան էլ է նստում,— մեջ մտավ նորից Ռուպիուսը,— նույնիսկ, եթե ճանապարհածախսն էլ հաշվես։ Ինչո՞ւ դուք նույնպես չեք վարվում։

— Այսինքն՝ ինչպե՞ս, պարոն Ռուպիուս։

— Հագուստների, գլխարկների վերաբերմամբ, չէ՞ որ դուք էլ ջահիլ եք, սիրուն...

— Աստվա՜ծ իմ, ես ո՞ւմ համար գեղեցիկ հագնվեմ։

— Ում համա՞ր։ Հապա իմ կինը ո՞ւմ համար է հագնվում։

Դուռը բացվեց, և տիկին Ռուպիուսը ներս մտավ գարնան բաց գույնի զգեստով, կարմիր հովանոցը ձեռքին, սպիտակ ծղոտե գլխարկով, սև, բարձր սանրած մազերին մույգ կարմիր բանթ կապած։ Նրա շրթունքների վրա խաղում էր սովորական ուրախ ժպիտը։ Նա բարևեց Բերտային ուրախ ու հանգիստ կերպով։

— Վերջապես ես նորից տեսնում եմ ձեզ մեր տանը,— ասաց նա, գլխարկն ու հովանոցը տալով աղախնին, որ նրա ետևից ներս էր մտել։ — Դուք է՞լ եք պատկերներով հետաքրքրվում։— Նա կանգնեց ամուսնի ետևը և քնքշորեն շոյում էր նրա ճակատն ու մազերը։

— Ես նորս տիկին Գարլանին իմ զարմանքն էի հայտնում, որ նա երբեք Վիեննա չի գնում,— ասաց պարոն Ռուպիուսը։

— Իսկապես,— բացականչեց տիկին Ռուպիուսը,— ինչո՞ւ չեք փորձում մի անգամ գնալ։ Դուք երևի այնտեղ դեռևս ծանոթներ ունեք։ Եկեք մի օր միասին գնանք։ Ա՛յ, թեկուզ վաղը։

Մինչդեռ նա խոսում էր, նրա ամուսինը սառած հայացքով նայում էր ուղիղ իր առաջը, կարծես կնոջ հայացքից խուսափելու համար։

— Դուք չափազանց բարի եք,— պատասխանեց Բերտան, նրան թվաց, որ ուրախության մի ամբողջ հեղեղ թափվեց իր վրա։ Նա ինքն էլ զարմացավ, որ առաջ երբեք այդպիսի ճանապարհորդության մասին չի մտածել։ Մինչդեռ այնքա՜ն հեշտ է դա իրականացնելը։ Բացի այդ, թվում էր, որ դա լավ միջոց էր այն թախիծի դեմ, որ ճնշում էր իր սիրտը վերջին օրերը։

— Համաձա՞յն եք, տիկին Գարլան։ [ 42 ]— Չգիտեմ, ճշմարիտ։ Ազատ ժամանակ ունեմ։ Վաղը ես միայն իմ տագեր տանը դաս ունեմ։ Տագերկինս, իհարկե, բան չի ասի, եթե մի օր բաց թողնեմ, սակայն ես ձեզ չե՞մ խանգարի:

Մի թեթև ստվեր անցավ տիկին Ռոլպիուսի դեմքի վրայով։

— Ինչպե՞ս կարող եք դուք ինձ խանգարել։ Ընդհակառակը, ես շատ ուրախ կլինեմ, որովհետև գնալու և վերադարձի միջոցին խոսակից կունենամ։ Վիեննայում էլ, երևի, ժամանակի մեծ մասը միասին կլինենք։

— Ձեր ամուսինը,— սկսեց Բերտան, առաջին պարահանդեսի մասին խոսող փոքրիկ աղջկա նման կարմրելով,— պատմում էր ինձ... այսինքն՝ խորհուրդ էր տալիս։

— Նա երևի ձեզ իմ դերձակուհով էր գայթակղում,— ասաց տիկին Ռուպիուսը՝ ծիծաղելով։

Պարոն Ռուպիուսը շարունակում էր անշարժ նստած մնալ, առանց նրանց նայելու։

— Հա, ես ուզում էի խնդրել ձեզ... Գիտե՞ք, միշտ, երբ ես հիացմունքով ձեր վրա եմ նայում, իմ մեջ նորից լավ հագնվելու ցանկություն է զարթնում։

— Դա հեշտ բան է։ Ես ձեզ կտանեմ իմ դերձակուհու մոտ և հույս ունեմ, որ միշտ նրա մոտ գնալիս՝ ձեզ նման դուրեկան մի ուղեկցուհի կունենամ։ Ես գոհ եմ և քո փոխարեն,—ասաց նա իր մարդուն,— և ձեր փոխարեն,— դիմեց նա Բերտային։ —Դուք կտեսնեք, թե ինչ լավ է ազդում փողոցներում վազվզելը, մանավանդ, երբ գիտակցում ես, որ քեզ ոչ ոք չի ճանաչում, հրաշաչի է։ Այդ բանն ինձ ուղղակի անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ։ Երբ դրանից հետո վերադառնում եմ, ես այնպես թա՜րմ եմ լինում, այնպես առույգ,— և նա քնքշությամբ ու մի քիչ երկչոտ նայեց ամուսնին կողքովի, ապա շարունակեց.— այնպես երջանի՜կ եմ լինում, որ դժվար է երևակայել, աշխարհիս բոլոր կանանցից երջանի՛կ ։ —Նա թեքվեց ու համբուրեց ամուսնի քունքը։

Բերտան լսեց, ինչպես նա շշնջաց. «Իմ սիրելիս»: Իսկ մարդը չէր նայում նրան, կարծես վախենում էր, որ հայացքները միմյանց հանդիպեն։

Երկուսն էլ լռեցին, կարծես իրանք իրանց մեջ սուզվեցին և մոռացան Բերտայի գոյության մասին։ [ 43 ]Բերտան աղոտ կերպով գիտակցում էր, որ այդ մարդկանց հարաբերությունների մեջ ինչ-որ խորհրդավորություն կա։ Նրան թվում էր, որ դա հասկանալու համար նա բավականաչափ խելացի կամ փորձված կամ նրբազգաց չէր։ Մի րոպեի չափ լռություն էր տիրում։ Բերտան այնքան շփոթված էր, որ ուրախությամբ դուրս կգար, բայց պետք էր վերջնականապես պայմանավորվել առաջիկա ճանապարհորդության վերաբերմամբ։ Առաջինը խոսք բաց արեց Աննան.

— Ուրեմն՝ վճռված է։ Մենք վաղը կայարանո՞ւմ կհանդիպենք իրար։ Կգնանք առավոտյան գնացքով, այնպես չէ՞։ Ես կաշխատեմ այնպես անել, որ երեկոյան յոթը ժամի գնացքով մենք տուն դառնանք։ Ութը ժամվա ընթացքում շատ բան կարելի է անել։

— Իհարկե,— ասաց Բերտան,— եթե ես ձեզ ամենաչնչին անհանգստություն անգամ չեմ պատճառի։

Նրա խոսքը Աննան կտրեց գրեթե զայրացած.

— Ես արդեն ասացի ձեզ, թե որքան ուրախ եմ մեր միասին գնալու համար։ Մանավանդ որ մեր ամբողջ քաղաքում ձեզնից համակրելի կին չեմ ճանաչում ես։

— Այո,— ասաց Ռուպիուսը,— ես կարող եմ այդ հաստատել։ Գիտեք, կինս ոչ մի տեղ չի գնում: Դուք էլ այնքան երկար չէիք գալիս մեր տունը, ես արդեն սկսել էի անհանգստանալ, որ հանկարծ կինս ձեզնից էլ կզրկվի։

— Ինչպե՞ս կարող էիք դուք այդպիսի ենթադրություն անել, պարոն Ռուպիուս։ Գոնե դուք, Աննա, երևի այնպես չէ, չե՞ք կարծում։

Այդ րոպեին Բերտան արտասովոր մի սեր էր զգում դեպի այդ մարդիկ, և նրա սիրտը այնպես շարժվեց, որ քիչ էր մնում՝ արցունքները թափվեն աչքերից։

Աննան տարօրինակ ու մտորուն ժպտում էր։

— Ես ոչինչ չէի կարծում,— ասաց նա։ — Առհասարակ մի քանի բաների մասին ես երկար չեմ մտածում։ Ես մարդկանց հետ հարաբերություն ունենալու մեծ կարիք չունիմ, բայց դուք հատկապես որ ինձ շատ եք դուր գալիս։

Եվ ձեռքը Բերտային պարզեց նա։

Բերտան նայեց Ռուպիուսին։ Նրան թվաց, որ Ռուպիուսը [ 44 ]պիտի գոհ լինի, սակայն զարմանքով նկատեց, որ նա իր գրեթե չարությամբ լի աչքերը հառել է սենյակի անկյունին։

Սպասուհին սուրճ բերեց։ Սկսեցին մյուս օրվա ծրագիրը կազմել։ Մանրամասն որոշեցին վաղվա անելիքներն ու նշանակեցին ժամերը։ Բերտան այդ ծրագիրը իր ծոցի գրքույկի մեջ մտցրեց։ Աննան թեթև կերպով ծիծաղում էր նրա ճշտապահության վրա:

Երբ Բերտան նորից փողոց դուրս եկավ, երկինքն ամպերով էր պատած, և խեղդուկ օդը մոտալուտ փոթորիկ էր գուշակում։

Բերտան դեռ տուն չհասած՝ անձրևի խոշոր կաթիլները թափվեցին, և նա, Ֆրիցին ու աղախնին տանը չգտնելով, անհանգստացավ։ Բայց երբ գնաց պատուհանը փակելու, տեսավ, որ նրանք արդեն տուն են վազում։ Ամպի ուժեղ գոռոցը ցնցեց նրան, ապա կայծակը ճեղքեց երկինքը։

Փոթորիկը երկար չտևեց, սակայն շատ ուժեղ էր։ Բերտան նստած էր ննջարանում, մահճակալի վրա և, իր փոքրիկ որդուն ծնկներին առած, նրան հեքիաթ էր ասում, որ չվախենա։ Բերտային թվում էր, որ մի ինչ-որ կապ կա փոթորկի և իր երեկվա և այսօրվա ապրումների միջև։ Կես ժամից փոթորիկն անցավ։ Նա բացեց պատուհանը։ Օդը մաքուր էր ու թարմ։ Իրիկնային երկինքը պարզ ու հեռու էր թվում։ Բերտան լիաթոք շունչ քաշեց։ Երջանկության հույսերը բախում էին նրա սիրտը: Ժամանակ էր համերգին գնալու։

Երբ նա եկավ, ամբողջ հասարակությունն արդեն հավաքվել էր սեղանի շուրջը, ծառի տակ։ Բերտան ուզում էր իսկույն ասել տագերկնոջը, որ վաղը Վիեննա է գնում, բայց երկչոտությունը զսպեց նրան, կարծես մի անթույլատրելի բան կար իր գնալու մտադրության մեջ։

Կլինգեմանը նրանց սեղանի մոտով անցավ իր «տնտեսուհու» հետ։ Դա մի հասակն առած փարթամ կին էր, Կլինգեմանից հասակով ավելի բարձր, ման եկած ժամանակ կարծես նիրհում էր։ Կլինգեմանը չափազանցության հասնող քաղաքավարությամբ գլուխ տվեց։ Տղամարդիկ հազիվ պատասխանեցին նրա բարևին, տիկինները նրան չնկատելու տվին։ Միայն Բերտան թեթև կերպով գլուխ տվեց նրան ու նրանց հետևից նայեց։ Ռիխարդը, որ նրա կողքին էր նստած, շշնջաց. «Դա [ 45 ]նրա սիրուհին է, ես հաստատ գիտեմ»։ Ուտում էին, խմում, զրուցում։ Երբեմն ծանոթ մարդիկ մյուս սեղաններից մոտենում էին, նստում էին միառժամանակ նրանց հետ ու հետո նորից իրանց տեղերը գնում։

Երաժշտությունը ոչ մի տպավորություն չէր գործում Բերտայի վրա։ Նա շարունակ այն բանի մասին էր մտածում, թե ինչպես հաղորդի իր գնալու լուրը։ Հանկարծ, երբ երաժշտությունը շատ բարձր հնչեց, Բերտան ասաց Ռիխարդին.

— Դու վաղը դաս չես ունենա, ես Վիեննա եմ գնում։

— Վիեննա՞,— հարցրեց Ռիխարդը և բարձրաձայն ասաց մորը.— հարսին վաղը Վիեննա է գնում։

— Ո՞վ է գնում Վիեննա,— հարցրեց Գարլանը, որ ամենից հեռու էր նստած։

— Ես,— պատասխանեց Բերտան։

— Տե՛ս, տե՛ս,— ասաց Գարլանը՝ մատը թափ տալով։

Վերջապես ասել էր։ Փա՜ռք աստուծո։

Ռիխարդը բոլորին ծաղրում էր. հաճախորդներին, գեր կապելմեյստերին, որը թռչկոտում էր խումբը կառավարելիս, փողահարին, որը այնպես էր լարված, որ թվում էր, թե ահա նրա աչքերից արցունքները դուրս կցայտեն։ Բերտան շարունակ բարձրաձայն ծիծաղում էր։ Հանաք էին անում նրա ուրախ տրամադրության վրա, և բժիշկ Ֆրիդրիխը նկատեց, որ նա անպայման տեսակցության է գնում Վիեննա։

— Այդ արդեն ես թույլ չեմ տա,— բացականչեց Ռիխարդը այնպիսի զայրույթով, որ բոլորը բարձրաձայն ծիծաղեցին։

Միայն Էլլը բոլոր ժամանակ լուրջ էր և անդադար զարմանքով Բերտային էր նայում։

Կուպեի բաց պատուհանից Բերտան դրսի տեսարաններն էր դիտում։ Տիկին Ռուպիուսը կարդում էր մի գիրք, որ գնացքը շարժվելուն պես հանել էր պայուսակից։ Թվում էր, թե նա խուսափում է իր ուղեկցուհու հետ երկար խոսելուց, և այդ բանը մի քիչ վրդովում էր Բերտային։ Վաղուց նա ուզում էր Աննայի հետ մտերմանալ, իսկ երեկվանից սկսած այդ միտքը [ 46 ]նրան հանգիստ չէր տալիս։ Նա մտաբերում էր իր մանկական ցնորքները բարեկամության ու մտերմության մասին։ Սկզբում Բերտան իրան մենակ ու դժբախտ էր զգում, սակայն հետո միշտ փոփոխվող պատկերները զբաղեցրին նրան։ Երկաթուղու գծին ու գնացքի կողքով սլացող հեռագրական սյուներին նայելով, նա մտաբերում էր իր մի ճանապարհորդությունը: Նա իր ծնողների հետ Զալցկամմերգուտ էր գնում և այն ժամանակ էլ նստում էր այսպես պատուհանի առաջ և դուրս էր նայում։ Նա հիացմունքով նայում էր հայելու նման փայլող գետին, բլուրների ու մարգերի քմահաճորեն ոլորվող գծերին, երկնի կապույտին, սպիտակ ամպերին։ Քիչ հետո Աննան գիրքը ծալեց ու Բերտայի հետ խոսել սկսեց։ Նա ժպտում էր Բերտային, որպես մի երեխայի։

— Ո՞վ կարող էր գուշակել այս։

— Որ մենք միասին Վիեննա՞ կգնանք։

— Ոչ, ոչ։ Որ մենք երկուսս էլ մեր կյանքը կանցկացնենք կամ կվերջացնենք այստեղ,— և նա գլխի թեթև շարժումով իրանց կեցած փոքրիկ քաղաքի կողմը ցույց տվեց։

— Այո, իհարկե,— ասաց Բերտան։

Նա այդ մասին առաջ չէր մտածել, և այդ բանն իրան տարօրինակ չէր թվացել։

— Դուք դեռ կարող էիք ենթադրել այդ, երբ մարդու էիք գնում, իսկ ե՞ս... —Աննան լռեց և նայեց իր առջևը։

Բերտան հարցրեց.

— Դուք մեզ մոտ տեղափոխվեցիք միայն այն ժամանակ, երբ...—Նա ամաչեց ու լռեց։

—Այո, դուք արդեն գիտեք։

Եվ Աննան ուղիղ նրա երեսին նայեց, ապա շարունակեց, սիրալիր ժպտալով, կարծես ա՛յն, ինչի մասին ինքը մտածում էր, բնավ ցավալի մի բան չէր։

— Այո՛, ես երևակայել անգամ չէի կարող, որ ստիպված կլինեմ թողնել Վիեննան։ Ամուսինս մինիստրության մեջ էր ծառայում։ Իհարկե, չնայած իր հիվանդությանը, նա կարող էր շարունակել ծառայությունը, բայց չկամեցավ։

— Նա երևի կարծում էր, որ թարմ օդը և խաղաղությունը,— սկսեց Բերտան, բայց իսկույն զգաց, որ հիմար բան է ասում և լռեց։ [ 47 ]Սակայն Աննան շատ մտերմաբար պատասխանեց.

— Ոչ, այստեղ ոչ կլիման կարող է օգնել, ոչ խաղաղությունը։ Նա պարզորեն կարծում էր, թե այդպես մեզ երկուսիս համար էլ ավելի լավ կլինի, և ճշմարտությունը նրա կողմն էր։ Այժմ ի՞նչ պիտի անեինք մենք մեծ քաղաքում։

Բերտան զգում էր, որ Աննան իրան բոլորը չասաց։ Նա ուզում էր, որ Աննան անկեղծ լինի, սակայն դրա մասին ասելու համար ոչ համարձակություն ուներ, ոչ խոսքեր։ Աննան, կարծես, հասկացավ այդ և իսկույն խոսակցությունը փոխեց։ Նա սկսեց հարցուփորձ անել Բերտայի տագեր մասին, աշակերտների ու աշակերտուհիների ընդունակության մասին, նրա դասավանդության մեթոդի մասին։ Հետո կրկին գիրքն առավ ու Բերտային նորից իր խոհերով մենակ թողեց։ Քիչ հետո մի րոպե ընթերցանությունն ընդհատելով՝ Աննան հարցրեց նրան.

— Իսկ դուք հետներդ ոչինչ չե՞ք վերցրել կարդալու։

— Ինչպե՞ս չէ,— պատասխանեց Բերտան և մտաբերեց, որ լրագիր է վերցրել։

Նա հանեց այն ու շտապով բացեց։ Վիեննային էին մոտենում։ Աննան գիրքը փաթաթեց ու պահեց։ Նա սիրալիր, գգվող մի հայացքով նայեց Բերտային, կարծես նայում էր մի երեխայի, որին շուտով պիտի թողնեն անծանոթ տեղում։

— Քառորդ ժամից հետո մենք կլինենք... քիչ մնաց ասեի՝ տանը,— ծիծաղելով ասաց նա։

Այժմ նրանց առջևը փռվում էր քաղաքը։ Գետի այն կողմը ծխնելույզներն էին բարձրանում։ Դեղին ներկած տները խռնվում էին՝ մեկմեկու սեղմված։ Բարձր աշտարակները ճեղքում էին երկնի կապույտը, և այդ ամենը մայիսյան արևի շողերով էր ծածկված։ Բերտայի սիրտը թպրտում էր։ Նրան թվում էր, թե նա երկարատև բացակայությունից հետո վերջապես հայրենիք է վերադառնում, որ, երևի, շատ բան փոխվել է, որ իրան ամեն տեսակ անակնկալներ են սպասում և խորհուրդներ։ Երբ գնացքը մոտեցավ կայանին, Բերտան, կարծես, իրան ավելի առույգ զգաց։

Նրանք կառք վարձեցին ու գնացին քաղաք։

Ռինգը անցնելիս, Բերտան կառքի պատուհանից դուրս նայեց։ Նա մի երիտասարդ տեսավ, որի դեմքն ու քայլվածքը [ 48 ]Էմիլին հիշեցրեց։ Նա ուզում էր, որ այդ մարդը ետ նայե, բայց շուտով ալքից կորցրեց նրան։ Նրանք Կոլմարիտում կանգ առան մի տան մոտ։ Երկուսն էլ իջան և երրորդ հարկը բարձրացան, ուր գտնվում էր դերձակուհու արհեստանոցը։ Երբ որ Աննան հագուստն էր չափում, այդ միջոցին Բերտայի չափն էլ առան։ Պայմանավորվեցին, որ մի շաբթից նա նորից գա չափելու։ Աննան հարևան սենյակից դուրս եկավ և խնդրեց, որ Բերտայի պատվերին առանձնապես ուշադրությամբ վերաբերվեն։ Բերտային թվաց, որ բոլորը իր վրա խղճահարությամբ ու հեգնանքով են նայում։ Մեծ հայելու մոտից անցնելիս՝ նա նկատեց, որ շատ անճաշակ է հագնված։ Եվ ինչ վայրենի միտք է սա՝ ամենօրյա հասարակ ու պարզ հագուստներից մեկը հագնելու փոխարեն այս տոնական զգեստը հագնելը։ Նա ամոթից կարմրեց։ Ֆուլյարե, սև ու սպիտակ շերտերով մի հագուստ էր նրա հագինը։ Երեք տարի առաջ էր կարել, և այժմ բոլորովին համապատասխան չէր մոդային: Մեծ, բացգույն, վարդերով զարդարված լայնեզր գլխարկը ծածկում էր նրա սիրուն երեսն ու գրեթե ծիծաղելի էր դարձնում նրան։ Աննան նրան խրախուսելու համար, սանդուխտից իջնելիս, ասաց.

— Սակայն դուք դարձյալ շատ սիրուն եք։

Նրանք կանգնած էին փողոցում։

— Դե՛հ, — ասաց Աննան,— հիմա ո՞ր կողմն եք գնալու։

— Մի՞թե դուք արդեն ուզում եք... ինձ թողնել։

Բերտան վախեցավ, նրան թվաց, որ նա բոլորովին մենակ է։ Աննան բարեկամական կարեկցությամբ նայեց նրան։

— Դուք երևի այժմ ձեր հորաքրոջ աղջկա մոտ կերթաք, և ձեզ այնտեղ երևի ճաշի կպահեն։

— Իհարկե, Ագաթան ինձ ճաշի կհրավիրի։

— Եթե ուզում եք, ես ձեզ ճանապարհ կգցեմ մինչև այնտեղ, իսկ հետո կերթամ եղբորս մոտ, իսկ ժամի երեքին մոտ կգամ ձեր հետևը։

Նրանք քաղաքի մարդաշատ փողոցներով գնացին, խանութների առջև երբեմն կանգ առնելով ու ցուցադրված իրերը զննելով։ Սկզբում աղմուկը խլացնում էր Բերտային, սակայն շուտով նա ընտելացավ, և շուրջը տիրող կենդանությունը նույնիսկ դուրեկան էր թվում։ Նա նայում էր անցորդներին, և [ 49 ]այդ զարդարուն կանանց ու էլեգենտ տղամարդկանց տեսքը նրան հաճույք էր պատճառում։ Թվում էր, թե բոլորը իրանց նոր շորերն էին հագել և, առհասարակ, ավելի երջանիկ էին երևում, քան թե իրանց քաղաքում։ Նա կանգնեց գեղարվեստական խանութի առաջ և մի ծանոթ պատկեր եկավ աչքին։ Դա նույն լրագրում նկարված Էմիլ Լինդբախն էր։ Բերտան նույնպես ուրախացավ, կարծես մի ծանոթ մարդու հանդիպեց։

— Ես ճանաչում եմ նրան,— բացականչեց նա, դիմելով Աննային։

— Ո՞ւմ։

— Ահա սրան,— ասաց Բերտան՝ լուսանկարը ցույց տալով։ —Երևակայեցե՞ք, ես ու նա սովորում էինք կոնսերվատորիայում։

— Մի՞թե,— ասաց Աննան։

Բերտան նայեց նրան և նկատեց, որ նա բոլորովին չի նայում նկարին, այլ ինչ-որ ուրիշ բանի մասին է խորհում։ Սակայն այդ բանը Բերտային նույնիսկ ուրախացրեց, որովհետև նրան թվում էր, որ իր նոր արտասանած խոսքերի մեջ շատ զգացմունք կար։ Նա մի հպարտություն զգաց, որ այստեղ ցուցադրված է այն մարդու նկարը, որը պատանության օրերում սիրահարված է եղել իր վրա և համբուրել է իրան։ Բերտան ուրախ սրտով էր շարունակում ճանապարհը։

Շուտով նրանք Թիմերշտրասսե հասան և կանգնեցին Բերտայի հորաքրոջ աղջկա կեցած տան առջև։

— Ուրեմն որոշված է,— ասաց նա,— ժամը երեքին դուք կգա՞ք։

— Այո,— պատասխանեց Աննան,— միայն, եթե ես ուշանամ, ինձ մի սպասեք։ Այդ դեպքում մենք երեկոյան ժամը 7-ին կայարանում կհանդիպենք միմյանց։

Նա ձեռքը մեկնեց Բերտային, ապա արագ-արագ հեռացավ։ Բերտան երկար նայում էր նրա ետևից։ Նրան թվում էր, որ ինքը նորից մենակ է և մոռացված, ինչպես այն ժամանակ, վագոնում, երբ Աննան իր վեպն էր կարդում։

Բերտան սանդուխտով վեր բարձրացավ։ Նա չէր նախազգուշացրել իր գալու մասին և դրա համար այժմ մի տեսակ ահ էր զգում, վախենում էր, որ անհարմար լինի իր հանկարծ հայտնվելը։ Ահա չորս տարի է, որ նա Ագաթային չի տեսել, նամակ էլ շատ սակավ էին գրում միմյանց։ [ 50 ]Ագաթան այնպես դիմավորեց նրան, կարծես երեկ բաժանված լինեին միմյանցից. առանց ուրախանալու և զարմանալու։

Ժպիտը սառել էր Բերտայի շրթունքներին։

— Դու հազվադեպ հյուր ես,— ասաց Ագաթան։ — Վերջին ժամանակները մենք ոչինչ չէինք լսում քո մասին։

— Ախր դու ինքդ անպատասխան թողիր իմ վերջին նամակը, որ գրել էի քեզ մի երեք ամիս սրանից առաջ։

— Մի՞թե,— հարցրեց Ագաթան։ — Դեհ, ինձ ներելի է։ Կարո՞ղ ես երևակայել, այնքան հոգսի մեջ եմ այս երեք երեխաներիս համար։ Գեորգն արդեն դպրոց է գնում։ Ես գրել էի քեզ այդ մասին։

Ագաթան տարավ Բերտային մանկանոց, ուր բոննայի հսկողության տակ երեխաները ճաշում էին. Գեորգը և երկու փոքրիկ աղջիկ։ Բերտան սկսեց խոսել նրանց հետ, բայց նրանք այնքան ամաչկոտ էին, որ չպատասխանեցին, իսկ ամենափոքրը նույնիսկ լացեց։ Վերջապես Ագաթան ասաց որդուն.

— Դե, խնդրիր մորաքրոջը, որ մյուս անգամ Ֆրիցին բերե հետը։

Բերտան նկատեց, որ Ագաթան սաստիկ պառավել է։ Երբ նա թեքվում էր դեպի մանուկները, բոլորովին պառավ էր երևում, թեև հասակով Բերտայից միայն մի տարով էր մեծ: Երբ սեղանատուն դարձան, արդեն խոսելու նյութ չկար, Ագաթան միմիայն քաղաքավարությունից դրդված՝ ճաշի հրավիրեց Բերտային։ Բերտան համաձայնեց մնալ։ Ագաթան գնաց խոհանոց՝ կարգադրություններ անելու։

Բերտան զննում էր սենյակը, որ կահավորված էր անշուք և անճաշակ և, փողոցը նեղ լինելու պատճառով, մի քիչ մութ էր։

Նա վերցրեց սեղանից ալբոմը և սկսեց թերթել։ Այստեղ բոլորը ծանոթ դեմքեր էին։ Առաջին երեսում Ագաթայի վաղուց մեռած ծնողներն էին, հետո իր՝ Բերտայի, ծնողները, եղբայրները, որ գրեթե բոլորովին օտարացել ու անհետացել էին նրա հորիզոնից, ապա ջահիլ ժամանակվա ընդհանուր ծանոթներն էին, որոնց այժմ գրեթե չէր ճանաչում, վերջապես, մի նկար, որի գոյության մասին Բերտան բոլորովին մոռացել էր։ Նա և Ագաթան էին նկարված՝ բոլորովին մանկահասակ [ 51 ]աղջիկներ: Այն ժամանակ նրանք շատ մտերիմ էին և միմյանց նման։ Բերտայի միտն ընկան իրանց այն ժամանակվա աղջկային խոսակցությունները, իրանց գաղտնիքները, որ միշտ հայտնում էին միմյանց։ Եվ այդ սիրուն, բարձր սանրած և հյուս արած մազերով աղջիկը այժմ գրեթե պառա՜վ էր: Իսկ նա ի՞նքը։ Ինչո՞ւ նա ինքն իրան ջահիլ էր համարում։ Գուցե ուրիշներին ինքը նույնպե՞ս էր երևում, ինչպես Ագաթան նրան։

Նա վճռեց, որ երբ դուրս գա, ուշադրություն դարձնե անցորդների նայվածքին: Սոսկալի բան կլինի, եթե նա էլ այդպես պառավ երևա։ Ոչ, անկարելի է, ծիծաղելի է նույնիսկ դրա մասին մտածելը։ Նա մտաբերեց Ռիխարդին, որը իրան «սիրունիկ հարս» էր անվանում, մտաբերեց Կլինգեմանի զբոսանքը՝ գիշերով իր պատուհանի տակ, մտաբերեց, որ տագրը սիրալիր էր լինում միշտ իր վերաբերմամբ, և այդ ամենը հանգստացնում էր իրան։ Իսկ երբ դեմուդեմը կախված հայելուն նայեց, տեսավ մի թարմ ու ջահիլ դեմք, առանց մի կնճիռի խոշոր, պայծառ աչքերով։ Եվ դա իր դեմքն էր, իր աչքերն էին։

Երբ Ագաթան վերադարձավ, Բերտան խոսք բացեց անցյալի մասին։ Նա սկսեց խոսել ջահիլության տարիների մասին, բայց թվում էր, որ ժամանակը, ընտանիքը, առօրյա՝ հոգսերը ջնջել են Ագաթայի հոգում ամեն ինչ, ամեն հիշատակ։ Երբ որ Բերտան հիշեցրեց այն ուսանողական շրջանը, ուր նրանք երկուսն էլ լինում էին մեկտեղ, այն երիտասարդներին, որոնք աշխատում էին Ագաթայի սիրտը շահել, այն վարդի փունջը, որ անհայտ մեկը ուղարկել էր իրան, Ագաթան սկզբում լսում էր ժպտալով, կարծես այդ խոսակցությունը այնքան էլ տեղին չէր համարում, ապա ասաց.

— Դու դեռ մտաբերո՞ւմ ես այդ հիմարությունները։

Դիվանատնից վերադարձավ Ագաթայի ամուսինը։ Նա բոլորովին սպիտակել էր։ Առաջին րոպեին նա Բերտային չճանաչեց, հետո նրան մի ուրիշի հետ շփոթեց և, վերջապես, ներողություն խնդրեց, որ դեմքերը չի կարողանում մտքում պահել։ Ճաշի միջոցին նա ազգականի դեր էր կատարում: Գործնական եղանակով Բերտայի կեցած փոքրիկ քաղաքի դրության մասին էր հարցուփորձ անում։ Հետո ծիծաղելով տեղեկացավ, թե արդյոք Բերտան երկրորդ անգամ մարդու [ 52 ]գնալու մասին չի՞ մտածում։ Այդ հանաքին միացավ և Ագաթան, որ, սակայն, խիստ հայացքներ էր նետում ամուսնի վրա, որը աշխատում էր խոսակցությանը թեթև կերպարանք տալ։

Բերտան իրան անհարմար էր զգում։ Ճաշը վերջանում էր: Այդ միջոցին Ագաթայի ամուսինը ակնարկեց, որ իր կինը պատրաստվում է իրան նորից մի զավակ նվիրելու։ Բերտանա նկատեց, որ թեև ինքը միշտ մի համակրություն էր զգում դեպի այդ դրության մեջ գտնվող կանայք, սակայն այժմ մի տեսակ անախորժություն զգաց, ամաչեց Ագաթայի փոխարեն։ Երբ Ագաթայի ամուսինը խոսում էր այդ բանի մասին, նրա ձայնի մեջ ոչ թե սեր էր նկատվում, այլ, ավելի շուտ, կատարած պարտականության մի հիմար հպարտություն։ Նա այնպես էր խոսում, ասես մի սիրալիրություն էր նրա կողմից, որ, չնայած իր զբաղմունքներին, չնայած նրան, որ Ագաթան սիրուն չէր այլևս, նա, այնուամենայնիվ, քնում էր իր կնոջ կողքին։

Բերտային թվում էր, որ իրան մասնակից են անում ինչ-որ անմաքուր պատմության, որը իրան բոլորովին չի վերաբերում։ Եվ նա շատ ուրախացավ, երբ Ագաթայի ամուսինը սեղանից վեր կենալով, կաֆե գնաց մի ձեռք բիլյարդ խաղալու: Առանց այդ նա չի կարող յոլա գնալ, դա նրա միակ «մեղքն» է, ասում էր նա՝ ծիծաղելով։

Կանայք մենակ մնացին:

— Այո,– ասաց Ագաթան,— այդ բանը նորից պիտի պատահի։

Ու սառը, գործնական եղանակով սկսեց պատմել իր նախկին ծննդաբերությունների մասին։ Նրա ճշգրիտ ու անամոթ պատմությունը զարմացնում էր Բերտային։ Մանավանդ որ նրանք այժմ այնպե՜ս օտարացած էին միմյանցից։ Մինչ Ագաթան խոսում էր, Բերտան մտածում էր, թե ինչ լա՜վ, ինչ դուրեկան բան կլիներ սիրած մարդուց երեխա ունենալ։ Նա այլևս չէր լսում Ագաթայի զզվելի խոսքերը։ Նրա երևակայությունը հեռու սլացավ։ Նա մտաբերում էր մայրության ավելի բուռն տենչանքը, որ արթնանում էր իր մեջ մի ժամանակ դեռ մանուկ հասակում։ Նա մտաբերեց, որ մի անգամ այդ ցանկությունն իր գագաթնակետին էր հասել։ Ոչ դրանք [ 53 ]առաջ, ոչ հետո այդպիսի բան չէր պատահել։ Դա այն անմոռանալի երեկոյան էր, երբ Էմիլը ճանապարհ էր դնում իրան կոնսերվատորիայից տուն և իր ձեռքի մեջ էր առել Բերտայի ձեռքը։

Բերտան մտաբերում էր, որ իր գլուխը հանկարծ պտտվեց այդտեղ, այդ ժամանակ նա իսկույն հասկացավ այն նախադասության իմաստը, որ հաճախ հանդիպում էր վեպերում՝ «նա ինչ ուզենար, կարող էր անել»։

Սենյակում խաղաղություն տիրեց։ Ագաթան բազմոցի մեջքին թեքված, կարծես, նիրհում էր։ Պատի ժամացույցը երեքը խփեց։ Ինչքան անախորժ է, Աննան դեռ չի եկել, Բերտան մոտեցավ լուսամուտին և դուրս նայեց փողոց։ Ապա դարձավ դեպի Ագաթան, որը նորից բացել էր աչքերը։ Բերտան շտապով սկսեց խոսել և պատմեց իր պատվիրած հագուստի մասին, սակայն, ըստ երևույթին, Ագաթայի քունն այնպես էր տանում, որ ոչինչ չպատասխանեց։ Չկամենալով ծանրություն պատճառել, Բերտան սկսեց մնաս բարով ասել, մտքում որոշելով, որ Աննային փողոցում կսպասե։

Ագաթան ըստ երևույթին, շատ գոհ էր։ Երբ Բերտան հագնվում էր, նա նույնիսկ կենդանացավ, սիրալիր դարձավ, կարծես պարզեց։ Դռան մոտ նա ասաց.

— Ի՜նչ արագ է սահում ժամանակը։ Հուսով եմ, դու շուտով նորից կանցնես մեր կողմերը։

Դարպասի մոտ Բերտան որոշեց, որ չարժե սպասել ընկերուհուն։ Աննան, երևի, սկզբից իսկ վճռել էր մինչև գնացքի ժամը մենակ անցկացնել ժամանակը։ Դրանում վատ բան չկար, իհարկեք և չէր կարող լինել։ Միայն Բերտան ափսոսում էր, որ Աննան իրան այդքան քիչ հավատ է ընծայում։ Մինչև գնացքի հեռանալը դեռ երեք ժամ ժամանակ կար։

Եվ Բերտան գնաց զբոսնելու։

Նախ և առաջ նորից քաղաքի կենտրոնական մասը գնաց։ Հաճելի էր թափառել անծանոթ մարդկանց մեջ, որոնք նույնպես չէին ճանաչում իրան, ինչպես ինքը՝ նրանց։ Նա վաղուց այդպիսի բավականություն չէր ստացել։ Տղամարդիկ նրան հետաքրքրությամբ էին նայում։ Մի քանիսը մինչև անգամ կանգ էին առնում ու նայում ետևից։ Բերտան ափսոսում էր, որ ինքն այնքան էլ նուրբ ու գեղեցիկ չէ հագնված և ուրախանում [ 54 ]էր, որ շուտով կարելի կլինի Վիեննայի դերձակուհու կարած հագուստը հագնել։ Նա ուզում էր, որ որևէ մեկը նկատե իրան, ետևիցը գնա: Հանկարծ մի միտք զարթնեց։ Իսկ ի՞նչ կլինի, եթե նա Էմիլին հանդիպի։ Արդյոք նա կճանաչե՞ իրան: Ահա հարց։ Սակայն այդպիսի պատահարներ չեն լինում։ Նա կարող է ամբողջ օրերով փողոցներում թափառել և, այնուամենայնիվ, չհանդիպել էմիլին։ Յոթ-ութ տարի կլինի...

Այո՛, վերջին անգամ մարդու գնալուց երկու տարի առաջ էր։

Ամռան մի տաք երեկո Բերտան իր ծնողների հետ Պրատերի «Զվիցերական» տնակումն էր։ Էմիլն իր ընկերոջ հետ անցնում էր և մի րոպե կանգ առավ իրանց սեղանի առջև: Այստեղ էր և այն երիտասարդ բժիշկը, մտաբերեց Բերտան, որը իրան առաջարկություն արեց։ Ի՞նչ էր ասում այն ժամանակ Էմիլը, Բերտան չկարողացավ մտաբերել, միայն հիշում էր, որ նա բոլոր ժամանակ իր առաջ կանգնած էր գլխաբաց և այդ բանը իրան շատ էր դուր դալիս։ Արդյոք Էմիլը նույնպե՞ս կվարվի, եթե նորից հանդիպեն միմյանց։ Արդյոք որտե՞ղ է ապրում նա այժմ։ Այն ժամանակները նա Վիդենուս էր ապրում, սուրբ Պողոսի եկեղեցու մոտ... Այո՛, նա մի անգամ նույնիսկ իր պատուհանը ցույց տվեց Բերտային, երբ նրանք անցնում էին նրա կեցած տան մոտով։ Նա ասաց այդ ժամանակ, որ մի օր Բերտան պիտի այնտեղ գնա իրա հետ միասին։ Բերտան, այժմ չէր հիշում նրա իսկական խոսքերը սակայն իմաստն այն էր, նա շատ լավ հիշում է։ Այն ժամնակ ինքը կտրեց Էմիլի խոսքը և զայրացած նկատեց, որ եթե նա այդպիսի կարծիք ունի իր մասին, ուրեմն իրանց մեջ ամեն ինչ վերջացած է։ Եվ Էմիլը այլևս դրա մասին երբեք խոսք չբացեց: Արդյոք կճանաչի՞ հիմա այն պատուհանը: Արդյոք կգտնի՞։

Մի՞թե միևնույն չէ, որտեղ զբոսնել։ Եվ քայլերը արագացնելով՝ նա դիմեց դեպի Վիդեն։ Կարծես մի որոշ նպատակի էր ձգտում։ Նրան տարօրինակ էր թվում, որ ամեն ինչ այսպես փոխվել է։ Եղիսաբեթի կամուրջն անցնելիք նա տեսավ, որ մի նոր ու դեռ անավարտ շենք՝ է բուսել։ Փոքրիկ վագոններ, բանվորներ կային:

Շուտով նա եկեղեցուն հասավ։ Նա այն ճանապարհով է [ 55 ]գնում, որով մի ժամանակ գնում էին նա և Էմիլը միասին։ Այստեղ նա կանգ առավ. մոռացել էր, թե ո՞ր կողմը պիտի բռնի՝ ա՞ջ, թե՞ ձախ։ Տարօրինակ է, որ այդ աստիճան մոռացել է նա այդ ամենը։ Նա դանդաղ քայլելով մոտեցավ կոնսերվատորիային և կանգ առավ։ Վերև այն պատուհաններն էին, որոնցից նա մի ժամանակ սիրում էր սուրբ Կառլոսի գմբեթին նայել և միևնույն ժամանակ սպասում էր, որ դասը վերջանա, որ հանդիպի Էմիլին։ Ահ, որքա՜ն էր սիրում նա Էմիլին։ Զարմանալի է, որ այդ ամենը կարող է վերջանալ։ Այժմ նա ման է գալիս այստեղ այրիացած, արդեն մի քանի տարի առաջ իր ամուսնին թաղած։ Տանը մեծանում է իր երեխան։ Եթե ինքը մեռներ, Էմիլը բոլորովին չէր էլ իմանա այդ կամ, եթե իմանար էլ, կիմանար շատ տարիներից հետո։ Հանկարծ նա դռան վրա կպցրած մի հայտարարություն նկատեց։ Համերգ էին տալիս, և համերգին մասնակցում էր նա։ Նրա անունը տպված էր այստեղ ուրիշ շատ հռչակավոր անունների մեջ, որոնց Բերտան վաղուց սովորել էր ակնածությամբ ու հարգանքով վերաբերվել։

«Բրամսի ջութակային համերգը կկատարե Նորին մեծության Բավարիական արքայի սոլիստ Էմիլ Լինդբախը»։

«Բավարիական արքայի սոլի՜ստ». այո բանը Բերտան ենթադրել անգամ չէր կարող։

Բերտային թվում էր, որ նա, ում անունը այստեղ տպված է, այս րոպեիս դուրս կգա այս դռնից, ինչպես դուրս էր գալիս մի ժամանակ ջութակի արկղիկը ձեռքում ու պապիրոսը բերանում։

Մանգամից այդ ամենն այնքան մոտիկ երևաց, մանավանդ, երբ վերևից դուրս սահեցին ջութակի հնչյուններ, որ առաջ, մի ժամանակ, քանի՜-քանի՜ անգամ լսել էր նա։ Այո, նա պետք է գնա այս համերգին, եթե, նույնիսկ, ստիպված լինի հյուրանոցում գիշերելու։ Նա բեմին շատ մոտ կնստի, առաջին կարգերում, որպեսզի տեսնի նրան։ Արդյոք նա իրան պիտի նկատե՞, պիտի ճանաչե՞։ Բերտան կանգնած էր դեղին աֆիշի առջև, խորասուզված իր խոհերի մեջ, ինքն իր մտքերին ժպտալով, որպես քաղցր մի երազի, սակայն հանկարծ չնկատեց, որ երկու երիտասարդ պարոն, աչքերը հառած, իրան են նայում։ [ 56 ]Եվ Բերտան հեռացավ։

Քաղաքային այգու շուրջն էլ ամեն ինչ փոխվել էր։ Բերտան չէր կարողանում ճանաչել այն տեղերը, ուր ինքը մի ժամանակ զբոսնում էր Էմիլի հետ։ Ծառերը կտրել էին։ Ճանապարհի մեջտեղը ինչ-որ տախտակներ էին շարված։ Եվ նա չէր կարողանում գտնել այն նստարանը, որի վրա մի օր նա հայտնեց իր սերը։ Խոսքերը մտքից անհետացել էին, բայց նրանց իմաստն անջնջելի ապրում էր Բերտայի հոգու մեջ։

Նա այգու մարդաշատ մասն եկավ։ Այստեղ տիրում էր կարգուկանոն։ Զբոսնում էր խայտաբղետ ամբոխը։ Բերտային թվում էր, որ իր վրա ուշադրություն են դարձնում, և մի քանի տիկին, նույնիսկ, ծիծաղում են իր վրա։ Եվ դարձյալ նա ինքն իրան այնքա՜ն գավառական երևաց, որ սկսեց չարանալ իր երկչոտության վրա և մտաբերեց այն ժամանակը, երբ ինքը մանկահասակ աղջիկ էր, երբ այնքան ազատ ու անկախ էր ման գալիս այս ծառուղիներում։ Իսկ այժմ նա այնքան ետ է մնացել, այնքան խղճալի՜ է դարձել։

Երևի երբեք սիրտ չի անի այն մարդաշատ համերգի ժամանակ առաջին կարգերում նստել։ Բոլորովին անհավատալի էր թվում, որ Էմիլը կարողանա ճանաչել իրան, մտաբերե իր գոյության մասին։ Ինչ ասես՝ չի տեսել նա այդ անցած ժամանակի ընթացքում. քանի-քանի կին ու աղջիկ կարող էին սիրել նրան և գուցե ոչ այնպես, ինչպես ինքը՝ Բերտան։

Նա վերադառնում էր այն ծառուղիներով, ուր այնքան էլ շատ մարդ չկար։ նա իր երևակայության մեջ պատկերացնում էր Էմիլին զանազան կենսական դրություններում։ Վեպերից նրա մտքում մնացած աղոտ պատմությունները խառնվում էին Էմիլի արտասահմանյան արտիստական տուռնեի մասին ունեցած իր հասկացողություններին։ Մեկ Էմիլին երևակայում էր գոնդոլի վրա, Վենետիկում, մի որևէ ռուս իշխանուհու հետ, մեկ՝ Բավարական արքայի պալատում, ուր հերցոգուհիները հիանում էին նրա նվագածությամբ ու սիրահարվում վրան, մեկ՝ հռչակավոր օպերային երգչուհու ննջարանում կամ, վերջապես, Սպանիայում, մի շքեղ դիմակահանդեսում, հմայիչ դիմակներով շրջապատված։

Եվ որքան որ անհասանելի էր թվում Էմիլը, վեհությամբ ու փայլով շրջապատված, այնքան ավելի չնչին էր երևում ինքն [ 57 ]իրան Բերտան։ Նրա համար անհասկանալի էր դառնում, և ինչպես կարող էր ինքն այդպիսի հեշտությամբ հրաժարվել արտիստակտն ապագայի հույսերից, իր սիրածից, այն էլ նրա համար, որ մի այսպիսի անգույն կյանք վարե, ամբոխի մեջ բոլորովին կորած։ Բերտան սոսկում էր, երբ մտածում էր, թե ինքը մի անհայտ մարդու այրին է լոկ, որ ապրում է փոքրիկ գավառական քաղաքում, որ ստիպված է իր կենսական հետքերը երաժշտության դասերով հոգալ, որ համբերությամբ պիտի սպասե վերահաս ծերության։ Եվ նրա, Էմիլի կյանքը հատող լույսից ու փայլից ոչ մի շող չի ընկնում Բերտայի կենսական ճանապարհին։ Նա չէր հասկանում, թե ինչպես կարողանում էր գոհ լինել իր վիճակից, ապրել անհույս ու անձգտում, անլուսանալի մի մշուշի մեջ։ Այդպես էր պատկերանում Բերտային այժմ իր կյանքը։

Մեքենայորեն նա հասավ մինչև Ասպռնբրյուկկե։ Այստեղ նա ուզում էր փողոցն անցնել, բայց ստիպված էր սպասել։

Կառքերի մի ամբողջ անընդհատ շարք էր անցնում։ Կառքով գնացողները, մեծ մասամբ, տղամարդիկ էին, և նրանցից շատերի ձեռքին դաշտային հեռադիտակ կար։ Բերտան գիտեր, որ դրանք Պրատերից են գալիս, ձիարշավից։ Ահա մի էլեգանտ կառք անցավ, և նրա մեջ գարնան սպիտակ հագուստով մի տղամարդ ու մի կին կար նստած։ Դրա ետևից մի այլ կառք էր գալիս՝ մեջն երկու բաց գույնի հագուստով տիկին։ Այդ տիկիններից մեկը ետ դարձավ ու նայեց իրանց ետևից եկող կառքում նստած մոխրագույն վերարկուով մի երիտասարդի։ Այդ վայրկյանին Բերտայի սիրտը ցավագին կերպով մի բան ծակեց։ Նա ուզում էր լինել այն կինը, որի ետևից գնում է կառքով երիտասարդը։ Նրա մեջ ցանկություն ծագեց երիտասարդ, գեղեցիկ և անկախ լինելու։ Ահ, աստվա՜ծ, նա ուզում է լինել մի կին, որը ինչ որ կամենաք կարող է անել, որը կարող է անվախ նայել իր հավանած երիտասարդներին։ Այդ րոպեին նա համոզված էր, որ Աննան այժմ իր սիրած մարդու մոտ է։

Իհարկե։ Ինչո՞ւ չի կարող լինել։ Չէ՞ որ Վիեննայում նա ազատ է և անկախ, իր ժամանակի տերն է այստեղ։ Բացի այդ, Աննան շատ է սիրուն և նրա մանիշակագույն, անուշահոտով սրսկված հագուստը նույնպես սիրուն է, և նրա շրթունքների [ 58 ]վրա երջանիկ մարդու ժպիտ է խաղում։ Իսկ տանը նա դժբախտ է։ Եվ հանկարծ Բերտայի առաջ պատկերացավ Ռուպիուսը, այնպես, ինչպես նստած էր տանը և պատկերներին էր նայում։ Այսօր, երևի, դրանով չի զբաղվում նա, մտածում էր Բերտան, այսօր նա դողում է իր կնոջ համար, վախենում է, որ հանկարծ կնոջը կխլեն իրանից, վախենում է, որ կինը կթողնեի կհեռանա, և ինքը մենակ կմնա իր թշվառության հետ կյանքի վերջին օրերում։ Բերտան սաստիկ խղճահարվեց այնպես, ինչպես առաջ երբեք չէր խղճահարվել։ Այո, Բերտան մեծ ուրախությամբ կուզենար նրա մոտ լինել, մխիթարել նրան, հանգստացնել։

Նա զգաց, որ մեկը շոշափեց իր ձեռքը։ Ցնցվեց ու ետ նայեց։ Մի երիտասարդ էր կանգնած իր կողքին ու հանդգնորեն իրան էր նայում։ Ցրված դրության մեջ առանց ինքն իրա արածի համար հաշիվ տալու նայեց ուղիղ այդ երիտասարդի աչքերին։

— Ն-նա՜,— մրմնջաց երիտասարդն ու ծիծաղեց։

Բերտան վախեցավ, շտապով փողոցի մյուս ափն անցավ, քիչ էր մնում՝ ձիերի տակն ընկներ։ Նա այժմ ամաչում էր իր մեջ մի քիչ առաջ ծագած ցանկությունից, այսինքն՝ այն կառքով գնացող տիկինը լինելու ցանկությունից։ Թվաց, որ իր այդ երիտասարդի հետ ունեցած անախորժությունը մի պատիժ էր իր այն ցանկության համար։ Ո՛չ, նա պարկեշտ կին է, ամեն տեսակի անպատկառություն զզվելի է նրա համար։ Նա երբեք չէր կարողանա ապրել Վիեննայում, ուր ամեն մի քայլափոխում այդպիսի բաներ են պատահում: Նա ուզում էր լինել տանը, իր ամփոփիկ բնակարանում։ Եվ այժմ նա այնպես էր երազում իր որդուն տեսնելու մասին, կարծես մի արտասովոր ու հրաշալի բանի մասին էր երազում։ Արդյոք ո՞ր ժամին է։ Աստվա՞ծ իմ, յոթին քառորդ է ուզում։ Պետք է կառք վարձել: Առավոտյան կառքի վարձը Աննան վճարեր, ուրեմն՝ այժմ պետք է կառքը էժան հաշվել կիսով չափ։ Նա նստում է բաց կառք ու հենվում նստարանի մեջքին, իսկ և իսկ այնպես ինչպես այն սպիտակ հագած տիկինն էր հենվել։ Նրա վրա ուշադրություն են դարձնում։ Նա գիտե, որ ինքը ջահիլ է սիրուն։ Այժմ նա վտանգից ազատ է, ոչինչ չի կարող պատահել։ Ռեզինե անիվների վրա կառքով գնաքը նրան ահագին [ 59 ]հաճույք էր պատճառում։ Ինչ լավ կլինի, երբ հետևյալ անգամ նա իր նոր շորերով և իրան սաստիկ ջահիլ ցույց տվող գլխարկով քաղաքի միջով կանցնի կառքով։ Բերտան ուրախ էր, որ տիկին Ռուպիուսը կանգնած էր կայարանի մուտքի առջև և տեսնում է իրան կառքով մոտենալիս։ Սակայն Բերտան իր ուրախությունը ցույց չի տալիս, այլ, ընդհակառակը, այնպիսի տեսք ունի, կարծես կառքով ման գալը իր համար ամենասովորական բանն է։

— Մեզ տասը րոպե է մնում,— ասում է Աննան։ — Դուք շա՞տ եք նեղացել, որ ես ձեր հետևը չեկա: Եղբորս մոտ այսօր մանկական հանդես էր, և այդ փոքրիկները ոչ մի կերպ չէին ուզում ինձ թողնել։ Ես շատ ուշ գլխի ընկա, որ կարող էի մարդ ուղարկել, որ ձեզ կանչեն այնտեղ։ Երեխաները շատ կզվարճացնեին ձեզ։ Ես արդեն ասել եմ, որ մյուս անգամ ձեզ և ձեր որդուն անպատճառ պիտի տանեմ նրանց մոտ։

Բերտան իրան ամաչացրած էր զգում։ Որքան անարդար է եղել ինքը այդ կնոջ վերաբերմամբ։ Նա կարողացավ Աննայի ձեռքը միայն սեղմել և ասել.

— Շնորհակալ եմ, դուք շատ սիրալիր եք։

Նրանք վեր ելան պերրոնը և մի կուպե ներս մտան, ուր, բացի նրանցից, ոչ ոք չկար։ Աննան ձեռքում մի թղթե տոպրակ ուներ, այնտեղից բալ էր հանում և ուտում, իսկ կորիզը պատուհանից դուրս էր նետում։ Երբ գնացքը շարժվեց, նա հետ ընկավ նստարանի վրա և աչքերը փակեց։ Բերտան պատուհանից դուրս էր նայում։ Նա հոգնել էր վազվզելուց։ Այս օրը բոլորովին այլ կերպ կարող էր անցնել և՛ ավելի հանգիստ, և՛ ավելի հաճելի։

Նա մտաբեերց Ագաթայի սառն ընդունելությունն ու տաղտկալի ճաշը։ Ցավալի էր, որ Վիեննայում ուրիշ ծանոթ չուներ։ Նա օտարի նման էր թափառում այն քաղաքում, ուր քսանվեց տարի կյանք էր անցկացրել։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ նա չկանգնեցրեց այս առավոտ այն կառքը, որի մեջ նստած մարդն Էմիլն էր հիշեցնում։ Իհարկե, ինքը նրա ետևից չէր կարող վազել, չէր էլ կարող կանչել, բայց եթե դա իսկապես Էմիլը լիներ, եթե նա հանկարծ ճանաչեր իրան, ուրախանար այդ անակնկալ հանդիպումի համար, այն ժամանակ ի՞նչ կլիներ։ Նրանք միասին կզբոսնեին ու կզրուցեին այն իրարից հեռու անցկացրած [ 60 ]երկար տարիների մասին։ Նրանք կգնային մի շքեղ ռեստորան ճաշելու։ Էմիլին կճանաչեին ու կսկսեին հարցուփորձ անել, թե ո՞վ է նրա հետի կինը։ Բերտան այնքան սիրուն է. նոր հագուստը պատրաստ է։ Սպասավորները մի առանձին քաղաքավարությամբ են ծառայում, մանավանդ նրանցից մեկը, որ ջահիլ է, նա, որը ահա այս րոպեիս գինի բերեց։ Բայց, դու մի ասի՝ դա Ռիխարդն է, որ ռեստորանի սպասավոր է դարձել ուսանող լինելու փոխարեն։ Հանկարծ դահլիճ են մտնում բժիշկ Մարտինը և նրա կինը։ Բերտան բարձրաձայն քահ-քահ ծիծաղում է, նա հիմա սովոր չէ շքեղ ռեստորաններին։ Սակայն ախր դա շքեղ ռեստորան չի, դա լոկ «Կարմիր խնձոր» հյուրանոցն է։ Մի ինչ-որ տեղից օրկեստրի նվագածությունն է լսվում։ Դա Ռուպիուսի արարքն է։ Նա է այնպես արել, որ նվագածությունը լսվի, իսկ ինքը՝ զինվորական օրկեստրը, չերևա։ Այժմ Բերտայի հերթն է։ Ահա դաշնամուրը։ Բայց Բերտան վաղուց է մոռացել նվագելը։ Ավելի լավ է՝ թաքնվի, որ զոռով չստիպեն նվագել։ Սակայն ահա նա կայարանում է։ Տիկին Ռուպիուսը արդեն իրան է սպասում և ասում է՝ «Ժամանակ է, ժամանակ», ապա մեկնում է Բերտային գիրքը, բայց ոչ, դա գիրք չէ, դա տոմսակ է։ Իսկ տիկին Ռուպիուսը չի գնում։ Նա նստարանին նստած բալ է ուտում, իսկ կորիզը կայարանապետի վրա է թափում։ Կայարանապետն էլ շատ գոհ է այդ բանից։ Բերտան մտնում է կուպե։ Փառք աստուծո, Կլինգեմանն արդեն այստեղ է։

Աչքերը չգոգելով՝ նա գլխով է անում Բերտային և ասում. «Դուք գիտե՞ք, սա ի՞նչ թաղում է»։ Բերտան տեսնում է, որ մյուս գծի վրա դիակառք կա կանգնած: Մտաբերում է, որ մեռել է կապիտանը, որի հետ դավաճանում էր Կլինգեմանին ծխախոտ ծախող կինը։ Ահա թե ինչո՜ւ այսօր համերգ կար «Կարմիր խնձորում»։ Հանկարծ Կլինգեմանը թեքվում ու սկսում է իր աչքերին փչել և այնպես է քահ-քահ ծիծաղում, ու ամբողջ մարմինը դողում է։ Բերտան բաց է անում աչքերը արագ անցնում է հակառակ կողմից եկող գնացքը։ Նա թոթափվեց, ուշքի եկավ։ Ի՜նչ խառնաշփոթ երազներ էին։ Սակայն սկզբում կարծես լավ էր։ Աշխատում է մտաբերել երազի սկիզբը։ Այո, Էմիլը ինչ-որ դեր էր կատարում այդ երազում բայց ի՞նչ դեր, նա չէր կարողանում մտաբերել։ [ 61 ]Հանդարտ իջնում է մթնշաղը։ Գնացքը սլանում է Դանուբ գետի ափով։ Աննան քնի մեջ ժպտում է։ Գուցե նա քնած էլ չէ, այլ ուզում է քնած ձևանալ։ Նորից Բերտայի հոգում ծագում են կասկածներ, ծագում է ինչ-որ մի նախանձ դեպի այս մեր ընկերուհու խորհրդավոր ու անխուսափելի վերապրումները։ Բերտան ուզում էր, որ մեկը նստած լիներ իր կողքին ու իր ձեռները սեղմեր։ Նա կզգար նույնը, ինչ զգում էր է երբ կանգնած էր Էմիլի հետ Դանուբ գետի ափին, երբ իր շունչը կտրվում էր, երբ մայր լինելու ցանկություն էր զգում։

Ինչո՞ւ նա այդպես մենա՜կ է, դժբախտ, ինչո՞ւ խավարն է շրջապատում նրան։ Նա ուզում էր ձայն տալ, կանչել իր սիրածին, նրան, որը իրան սիրում էր երբեմնի։ Նա ուզում էր, որ իր սիրածը համբուրեր իրան, ինչպես համբուրում էր երբեմնի՝ ինչ երջանկություն է դա։

Գիշերն իջավ։ Բերտան դեպի խավարն էր նայում։ Երբ նա տուն հասնիր կգնա կհանե տանիքում պահած պայուսակը, նրա մեջ են իր ծնողների և Էմիլի նամակները։ Եվ նրա հոգում, կարծես, մի հարց է ծագում, որի պատասխանը միայն տանը պիտի ստանա։

Երբ Բերտան ուշ երեկոյան իր սենյակը մտավ, նրան թվաց, որ հիմա իսկ պիտի մենակ գնա տանիքը և բերի այն պայուսակը, ուր էմիլի և ծնողների նամակներն էին պահած։ Բայց նա վախենում էր, որ տանը կնկատեն իր գիշերային թափառումը և խելագարվածի տեղ կընդունեն իրան։ Այդ բանը վաղն էլ կարելի էր անել, առանց անհանգստության և առանց որևէ մեկի ուշադրությունը գրավելու։ Այս մտածումներով նա չքնեց գոհ և երջանիկ մի մանկան պես, որին խոստացել են քաղաքից դուրս տանել զբոսնելու։

Մինչև ճաշ նա տնտեսությամբ ու իր դասերով էր զբաղված։ Հարկավոր էր տագերկնոջը մանրամասն պատմել ամեն ինչ իր Վիեննա գնալու վերաբերյալ։

Պատմության միջոցին նա հնարեց է որ Վիեննայում, ճաշից հետո ամբողջ ժամանակ նա Ագաթայի հետ էր զբոսնում։ [ 62 ]Միայն կեսօրից հետո նա գնաց, տանիքից բերեց փոշեպատ ճանապարհորդական պայուսակը, որը երկու արկղի և սնդուկի կողքին էր դրված։ Այդ բոլորը նախշուն սփռոցով էր ծածկված։ Բերտան մտաբերեց, որ վերջին անգամ բացել է այդ ծնողներից մնացած նամակները պահելիս։ Այժմ, երբ նորից բացեց պայուսակը իր սենյակը բերելով, ամենից առաջ նրա աչքովն ընկան եղբայրների նամակներն ու հետո ինչ-որ անծանոթ ձեռքով գրված նամակներ։ Հետո նա մի նուրբ ծրար գտավ, որի մեջ պահած էին իր ծնողների նամակներն, իր մոր երկու հաշվեմատյանը, մի փոքրիկ տետր, որ մնացել էր իր աշակերտական տարիներից՝ իր սեփական ձեռագրով, դասացուցակով, տանը սերտելու համար տված դասերի ցանկով, աղջիկ ժամանակվա պարահանդեսներից մնացած կոտիլյոնական առարկաներով, վերջապես, երկնագույն, կիսամաշ անկյուններով մի մետաքսե թղթում փաթաթված Էմիլի նամակները, նա ուզեց մտաբերել այն օրը, երբ ինքը պահում էր իր ձեռքում, բայց չէր կարդում։ Դա հոր հիվանդության ժամանակ էր, երբ ինքն ամբողջ օրերով տնից չէր դուրս գալիս։ Նա մի կողմ դրեց կապոցը և որոշեց առաջ աչքի անցկացնել պայուսակում պահված իրերը։ Այդ իրերը շարժել էին իր հետաքրքրությունը։ Պայուսակի հատակում խառնուփնթոր իրար վրա լցված էին ինչ-որ նամակներ, թե՞ ծրարների մեջ, թե առանց ծրարների։ Անուշադիր կերպով Բերտան նայեց այդ նամակներին։ Ընկերուհիների նամակներն էին, Ագաթայի երկու-երեք նամակն ու իրան ուզող բժշկի նամակը։

Բժիշկը այդ գրությամբ Բերտային հրավիրում էր առաջին վալսը իր հետ պարելու բժիշկների պարահանդեսին։

Իսկ սա ինչ նամակ է։ Հա, սա իր անունով կոնսերվատորիա ուղարկված մի անանուն նամակ է, և Բերտան ձեռքն առավ այն։ «Օրիորդ, ես երեկ նորից բախտ ունեցա Ձեզ տեսնելու, երբ դուք կոնսերվատորիա էիք գնում: Չգիտեմ, արդյոք ձեզնից նկատված լինելու բախտը ևս ունեցա՞, թե՞ ոչ»։ Ո՜չ, այդ տեսակ բախտ չէ ունեցել նա։ Ապա ամբողջ երեք երեսի վրա այդ պարոնը հիացկոտ գովասանքներ էր թափում, սակայն ոչ մի անպարկեշտ ցանկություն չէր արտահայտված, չկար նմանապես և ոչ մի խիզախ խոսք ամբողջ նամակում։ Այդպես էլ չկարողացավ Բերտան իմանալ, թե ո՞վ է գրել այդ [ 63 ]նամակը։ Ահա մի նամակ ևս, որի տակ, ստորագրության փոխարեն, երկու տառ է դրված՝ Մ. Գ.։ Սա այն լկտին էր, որը համարձակվել էր իր հետ փողոցում խոսք բաց անել և ահա այստեղ էլ, նամակում, ինչ-որ առաջարկություններ է անում։ Ի՞նչ առաջարկություններ։ Հա՛, ահա այն տեղը, որից այն ժամանակ Բերտայի արյունը գլխին զարկեց. «Այն օրից, երբ ես Ձեզ տեսա, երբ Ձեր հրաշալի, խիստ ու հմայիչ աչքերը նայեցին ինձ, ես միմիայն մի ցանկություն ունեմ, միայն մի ցնորք՝ համբույրներով ծածկել այդ աչքերը»։ Բերտան, իհարկե, չպատասխանեց այս նամակին։ Դա այն ժամանակ էր, երբ նա Էմիլին էր սիրում։ Նա ուզում էր նույնիսկ ցույց տալ այդ նամակը Էմիլին, բայց հետո վախեցավ, որ կգրգռե իր սիրածի խանդոտությունը և դրա համար ցույց չտվեց։ Ու հենց այդպես էլ Էմիլը բոլորովին չիմացավ այդ Մ. Գ.-ի մասին։ Իսկ սա՞ ինչ բան է, այս սպիտակ ժապավենի բանթը։ Բերտան չգիտեր, թե ի՞նչ հիշողություն էր կապված դրա հետ։ Ահա պարահանդեսի փոքրիկ տետրը, ուր նա գրում էր իր կավալերների անունները։ Նա աշխատում էր մտաբերել, թե ի՞նչ մարդիկ էին դրանք, սակայն չէր կարողանում մտաբերել։ Ահա հենց այդ պարահանդիսում կար և Էմիլը։ Ապտեղ նա Բերտային այնպիսի դյութիչ խոսքեր էր ասում, որ նա երբեք չէր լսել ոչ ոքից։ Նրան թվում էր, թե ահա այս րոպեիս Էմիլի՝ պատկերը, որպես կարող ու զորեղ մի իշխող, կանգնեց անցյալի այդ ստվերների մեջ, որոնք շրջապատել էին իրան։ Սա այն ժամանակ էր, երբ նրանք արդեն սակավ էին տեսնվում։ Որքան տարօրինակ էր այդ ամենը։ Գուցե այդ ամենը միմիայն երա՞զ էր։ Պարելիս նա սեղմում էր Բերտային իր թևերով, իսկ Բերտան չէր դիմադրում։ Նա զգում էր Էմիլի շունչը իր մազերի վրա, և դա այնքան լավ էր, այնքա՜ն հրաշալի։ Իսկ հետո՞։ Բերտան այլևս երբեք չտեսավ նրան։ Բայց թվում էր, որ այդ ժամանակ ինքն անչափ բացառիկ ու անկրկնելի մի բան է ապրել։ Եվ նա զարմանում էր, որ այդ հուշերն այնքան երկար նիրհում էին իր հոգու մեջ, ինչպես այս նամակերն ու իրերը՝ պայուսակում։ Բայց ո՛չ, երբեմն նա մտաբերում էր այդ ամենը, այն մարդկանց, որ իրան սիրել են, այդ անոնիմ նամակները, իր զբոսանքները Էմիլի հետ միասին, ջահիլ մի պարողի, բայց, կարծես, դա մի սովորական, իրան [ 64 ]չվերաբերվող ընդհանուր բան էր, որպես պատանեկան տարիները, որ բաժին են ընկնում բոլոր աղջիկներին, այն տարիները, որոնց ետևից գալիս է կնոջ խաղաղ կյանքը։ Սակայն այսօր այդ հուշերը նրան անկատար խոստումների նման երևացին։ Կարծես այն հեռավոր տպավորություններում սկզբից իսկ դրված էր ապագա վշտի մի գրավական։ Կարծես թե մեկը ամուսնության առաջին ժամից սկսած խաբում էր իրան, իսկ ինքը այնքան ուշ ըմբռնեց այդ, որ այժմ չգիտե, թե ի՞նչ անե։ Բայց ինչպե՞ս պատահեց այս ամենը։

Նա մտածում էր բոլոր այդ դատարկ բաների վրա, իսկ իր կողքին մետաքսե թղթով փաթաթված մնում էին այն թանկագին նամակները, որոնց համար նա քրքրում ու փորփրում էր այդ հին ու փոշոտ պայուսակը։ Նրանք այն միակ մարդու նամակներն էին, որին նա սիրել էր իր կյանքում, երջանիկ պատանության նամակները։ Ինչպե՜ս պիտի նախանձեին իրան, եթե իմանային, որ այս նամակները գրողը, նա ինքը մի ժամանակ սիրում էր Բերտային, սիրում էր ուրիշ կերպ, ավելի լավ, ավելի ջերմ, քան սիրել է որևէ մեկին դրանից հետո։ Եվ Բերտան իրան խորապես խաբված էր զգում, որ ինքը կարող էր նրա կինը լինել, եթե, եթե...

Այժմ նրա մտքերը խառնակ էին ու շփոթ։ Կարծես ցանկանալով իրան ճնշող կասկածից ու ահից ազատել նա շտապով պատռեց մետաքսե թուղթն ու Էմիլի նամակները կարդալ սկսեց։ Կարդում էր, կարդում էր անընդհատ, մեկը մյուսի ետևից, և՛ երկար, և՛ կարճ, և՛ փոքրիկ թղթի կտորի վրա գրված լակոնական նամակները. «Վաղը երեկոյան, ժամի յոթին, իմ անգին» կամ «Միմիայն մի համբույր, անգինս, քնից առաջ»։ Ահա և անսահման երկար նամակները, որ նա գրում էր Բերտային իր ճանապարհորդությունների ժամանակ, նկարագրելով ընկերների հետ կատարած ամառային էքսկուրսիաները։ Ահա այն նամակները, որ հոգու անմիջական թելադրանքն էին, դրանք գրված էին լինում կոնցերտներից հետո, երբ Էմիլը, տուն դառնալով, կարիք էր զգում իր տպավորությունները պատմել մեկին, մասնակից անել մեկին իր այդ տպավորություններին։ Ահա այն առանձնապես երկար նամակները. որոնց մեջ Էմիլը ապագայի մասին էր երազում։ Թե ինչպես նրանք հռչակավոր ու երջանիկ կճանապարհորդեն միասին [ 65 ]Սպանիայում և Ամերիկայում: Նա կարդում էր բոլորը, մեկը մյուսի ետևից, կարծես մի անհագ ծարավ է տանջում իրան։ Կարդում է առաջին նամակից սկսած, որի հետ Էմիլը նոտաների երկու տետրակ էր ուղարկել, մինչև վերջը, որ գրված էր երկուևկես տարի դրանից հետո. մի կարճ ողջույն Զալցբուրից։ Երբ Բերտան վերջացրեց, նրա թևերը թուլացան, և հայացքը անօգնականորեն կանգ առավ այդ ցանուցիր թղթերի վրա։ Ինչո՞ւ այդ նամակը վերջինը եղավ։ Ինչպե՞ս վերջացավ այդ: Ինչպե՞ս կարող էր վերջանալ։ Ինչպե՞ս կարող էր օդը ցնդել այդ խոր զգացմունքը, սերը։ Ո՛չ խռովեցին, ո՛չ էլ մի ուրիշ բան պատահեց, սակայն մի գեղեցիկ օր դա վերջացավ։ Եվ Բերտան իր հարցմունքներին պաաասխան չէր գրտնում։ Չէ՞ որ, երբ ստացավ այդ փոքրիկ տոմսը Զալցբուրգից, նա դեռ սիրում էր Էմիլին։ Աշնանը նրանք տեսնվեցին, իսկ ձմեռը կարծես ամեն ինչ նորից ծաղկեց։ Նա մտաբերեց իրանց ձևանցուկ զբոսանքները ճռճռացող ձյունի վրա, սուրբ Կառլոսի եկեղեցու մոտ։ Վերջին անգամ ե՞րբ էր այդ։ Նրանք երբեք ընդմիշտ մնաս բարով չէին ասել։ Բերտան ոչինչ չէր կաողանում հասկանալ։ Ինչպե՞ս կարող էր ինքը հրաժարվել իր աբողջ կյանքի երջանկությունից, որը, եթե ցանկանար, կաող էր պահել։ Ինչպե՞ս կարող էր նա մոռանալ Էմիլին։ Մի՞թե այն խեղդուկ մթնոլորտը, որ տիրում էր իրանց տանն այն օրից, որբ թողեց կոնսերվատորիան, կարող էր քնեցնել իր մեջ փառասիրության հետ միասին և սերը։ Մի՞թե իր ծնողներն արին այդ, հեգնելով, ծաղրելով իր հարաբերությունները ջահիլ ու ծաղկահասակ ջութակահարի հետ։ Բերտան մտաբերեց, ինչպես Էմիլը մի անգամ մի քանի ամսվա բացակայությունից հետո եկավ իրանց տունը և դեռ այդ ժամանակ համբուրեց նրան մութ նախասենյակում։ Երևի հենց դա էր վերջին տեսությունը։ Նա մտաբերեց, որ դեռ այն ժամանակ ինքն զգաց, որ Էմիլի վերաբերմունքը դեպի կանայք փոխվել է, որ նա, երևի, արդեն ապրել է մի բան, որ Բերտան դեռ չպիտի գիտենա։ Սակայն դա դառն զգացմունք չզարթեցրեց այն ժամանակ իր մտքում։ Նա ինքն իրան հարց էր տալիս, թե ի՞նչ կլիներ, եթե ինքն այնքան էլ անմատչելի չլիներ, եթե ինքը կյանքին նայեր այնպես թեթև աչքով, ինչպես և ուրիշները։ Նա մտաբերեց մի ընկերուհուն, որի հետ խզել էր իր հարաբերությունները [ 66 ]միայն նրա համար, որ այդ ընկերուհին թատրոնական ուսումնարանի աշակերտներից մեկի հետ կապ ուներ։ Նորից նրա միտքն ընկան Էմիլի համարձակ խոսքերը, որ նա ասել էր մի ժամանակ իր պատուհանի տակից անցնելիս։ Նորից հիշեց այն ցանկությունը, որ բռնկել էր իր մեջ Դանուբ գետի ափին։ Նրան անհասկանալի էր թվում, որ այդ խոսքերը ավելի զորեղ ազդեցություն չեն գործել իր վրա։ Ինչպես կարող էր այդ զգացմունքն այնքա՜ն արագ, այնքա՜ն անհետ չքանալ։ Մի անօգնական զարմանքով նա մտաբերում էր իր անարատ պատանության տարիները։ Մի հիվանդոտ ամոթով, որից արյունը սառչում էր երակներում, ամոթով էր նա կանգնում այն մտքի վրա, որ ինքը մի սառը պատրաստակամությամբ անձնատուր է եղել մի չսիրած մարդու։

Եվ առաջին անգամն էր խորը խոցում նրա սիրտն այն գիտակցությունը, որ իր ամուսնական ողջ երջանկությունը հենց միայն այն էր, որ ինքը հանգչում էր իր չսիրած մարդու գրկում։ Ուրեմն ահա թե ի՜նչ էր նրա կյանքը, նրա ցանկալի և խորհրդավոր երջանկությունը։

Նրա մեջ եռում էր մի աղոտ դժգոհություն իր վիճակից, մի ատելություն դեպի կենդանի և մեռած մարդիկ, դեպի ողջ կյանքը։ Մի զայրույթ էր զգում նա դեպի իր հանգուցյալ ամուսինը, դեպի մեռած ծնողնեը դեպի այն մարդիկ, որոնց մեջ ապրում էր ինքը, պարզ գիտակցելով որ այստեղ, նրանց աչքի առջև ինքն իրան ոչ մի բան թույլ տալ չի կարող։ Նա վրդովմանքով մտածում էր տիկին Ռուպիուսի մասին, որ իրան այնքան չէր համակրում, որպեսզի ինքը կարողանա մի նեցուկ ունենալ։ Ատում էր Կլինգեմանին նրա համար, որ նա զզվելի էր, այլանդակ, սակայն միևնույն ժամանակ համարձակվում էր ձգտել իրան տիրանալու։ Վերջապես, մի սուր դժգոհություն ծագեց նրա հոգում դեպի Էմիլը, որ բավականաչափ վճռականություն չուներ և չկարողացավ լիակատար երջանկություն տալ իրան և միայն հիշողություններ թողեց, ծանր ու տանջող հիշողությաններ։

Եվ ահա այժմ նա նստած է մենավոր ու որբ իր սենյակում իր թառամած, իր անմիտ ջահիլության հուշերով, այժմ, գրեթե այն հասակի սահմանագծում, երբ չկա այլևս ոչ հույս, ոչ ցանկություն։ Ո՞ւր է իր երջանկությունը։ Աննկատելի կերպով [ 67 ]դուրս է սողացել իր ձեռքից ու թողել իրան անգոհ ու խղճալի։ Բերտան նամակները ծալեց, իսկ մնացած իրերը ճմռեց, դրեց պայուսակն ու կողպեց այն։ Ապա մոտեցավ պատուհանին։

Երեկոն մոտ էր։ Խաղողի այգիներից մեղմ ու գգվող մի հով էր փչում։ Բերտայի աչքերը մթնում էին, կարծես իր չլաած, իր չթափած արցունքներով էին լցված։ Այժմ ի՞նչ պիտի անի նա։ Նա վախենում էր այդ վերահաս մենավոր երեկոյից։ Իսկ մինչ այդ երեկոն քանի-քանի՜ օրեր, ամիսներ ու տաիներ էին անց կացրել առանց ապագայից վախենալու և առանց որևէ բան հուսալու։ Սովորաբար այս ժամին նա վերադառնում էր իր զբոսանքից։ Այսօր նա որդուն աղախնի հետ էր ուղարկել և մինչև այժմ դեռ ոչ մի անգամ չէր մտաբերել իրան։ Բերտայի մեջ արթնացած ատելությունը դեպի մարդիկ ու ճակատագիրը մի րոպե որդուն էլ անցավ, մի տեսակ րոպեական անբարյացակամություն զգաց նա դեպի իր զավակը։ Իր այդ վատ տրմադրության ազդեցության տակ նա նախանձում էր նույնիսկ այն մարդկանց, որոնց վիճակը, սովորաբար, իրան երբեք նախանձելի չէր թվում։

Նախանձում էր նա բժիշկ Մարտինի կնոջը՝ նրա ամուսնի սիրո համար, նախանձում էր ծխախոտ ծախող կնոջը նրա համար, որ նրան միաժամանակ սիրում է և՛ Կլինգեմանը, և՛ հարյուրապետը, իր տագերկնոջն էր նախանձում նրա համար, արդեն պառավել է, Էլլիին էր նախանձում նրա ջահիլության համար, նախանձում էր այն աղախնին, որ դեմուդեմ նստած ուրախ ծիծաղում էր մի զինվորի հետ։ Բերտան այլևս տանը մնալ չէր կարող։ Գլխարկն ու հովանոցը շտապով վերցրեց ու դուրս ելավ փողոց։ Այստեղ նա ինքն իրան մի քիչ թեթևացած զգաց։ Տանը նա իրան դժբախտ էր համարում, իսկ այստեղ լոկ մի քիչ ճնշված։ Գլխավոր փողոցում նա հանդիպեց Մալման ամուսիններին, որոնց զավակներին երաժշտության դասեր էր տալիս։

Տիկին Մալմանը գիտեր արդեն, որ Բերտան Վիեննայում հագուստ է պատվիրել և իսկույն սկսեց այդ հարցով զբաղվել, կարծես դա մի շատ կարևոր խնդիր էր։ Հետո Բերտան հանպեց իր տագերը, որ շագանակենիների ծառուղիով իր կողմն էր գալիս։ [ 68 ]— Դու երեկ Վիեննա՞ էիր գնացել։ Ի՞նչ էիր անում այնտեղ։ Ոչ մի արկած չպատահե՞ց,— հարցրեց նա։

— Ինչպե՞ս,— հարցրեց Բերտան ու վախեցած նայեց տագերը, կարծես իրան մի բանում բռնեցին։

— Ո՞չ։ Ահա՜ թե ինչ։ Ախր դու Ռուպիուսի կնոջ հետ էիր, և, երևի, բոլոր տղամարդիկ ձեր ետևն էին ընկել։

— Ինչե՜ր ես ասում, ինչե՜ր ես ասում, Աննան իրան շատ լավ է պահում։ Նա իմ ճանաչած տիկիններից ամենակորեկտ կինն է։

— Դե լավ, լավ։ Ես ոչ ոքի դեմ բան չունիմ։

Բերտան նկատեց, որ նրա աչքերը փայլում էին, ինչպես մի քիչ խմած ժամանակ է լինում։ Մտաբերեց մեկի գուշակությունը, որ իր տագրը սրտի պայթումից պիտի մեռնի։

— Ես էլ պիտի շուտով քաղաք գնամ,— շարունակում է տագրը։ — Մեծ պասի երկուշաբթվանից մինչև այժմ այնտեղ չեմ եղել։ Պետք է մուշտարիներին այցելել։ Երբ մյուս անգամ գնալու լինեք, ինձ էլ չե՞ք վերցնի հետներդ։

— Ուրախությամբ,— պատասխանեց Բերտան,— ես շուտով նորից կգնամ հագուստ չափելու։

— Այ, ինձ էլ վերցրու հետդ չափելու գնալիս։

Նա Բերտային չափազանց մոտ եկավ, ավելի մոտ, քան հարկավոր էր։

Նորություն չէր դա, ինչպես և նորություն չէր նրա ետին միտք ունեցող հանաքը։ Բերտան վաղուց ընտելացել էր դրան, բայց այսօր առանձնապես զզվելի էր այդ։ Բերտային չարանում էր և այն բանը, որ այդ մարդն է Աննայի մասին անպարկեշտությամբ խոսում։

— Նստենք, եթե ուզում ես,— առաջարկեց նա։

Նրանք նստեցին։ Գարլանը գրպանից հանեց լրագիրը։

— Ա՜խ ,— ակամա դուրս թռավ Բերտայի բերանից։

— Ուզո՞ւմ ես,— հարցրեց նա։

— Կինդ արդեն կարդացե՞լ է։

— Դրա մասին հարցնելու ի՞նչ կարիք կա,— ասաց արհամարհությամբ։ — Ես քե՞զ եմ հարցնում՝ ուզո՞ւմ ես։

— Եթե քեզ հարկավոր չէ...

— Քեզ համար՝ ուրախությամբ... Հա՞, ախր կարելի է միասին կարդալ։ — Նա մոտ քաշվեց Բերտային և լրագիրը բացեց: [ 69 ]Մարտին ամուսինները թևանցուկ եկան ու կանգ առան։

— Դուք արդեն վերադարձե՞լ եք ձեր հեռավոր ճանապարհորդությունից,— հարցրեց պարոն Մարտինը։

— Հա՛, ախր դուք Վիեննա էիք գնացել,— մեջ մտավ կինը, իր ամուսնին սեղմվելով,— և Ռուպիուսի կնոջ հետ էիք գնացել,— ավելացրեց նա, շեշտելով այդ խոսքերը, կարծես մի առանձին բան էր ուզում ասած լինել։

Բերտան ստիպված էր նորից պատմելու իր նոր հագուստի պատմությունը։

Բերտան արդեն մեքենաբար էր անում այդ զրույցը, բայց և այնպես զգում էր, որ երբեք երեկվա պես հետաքրքրական էր եղած։

Կլինգեմանն անցավ ու հեգնական ժպիտով գլուխ տվեց։ Նա Բերտային այնպես նայեց, կարծես ուզում էր իր ցավակցությունը հայտնել, որ նա այդպիսի շրջանում է լինում։ Բերտային թվում էր, որ այսօր ինքը մարդկանց հայացքները կարդալու շնորհք է ստացել։

Մթնում էր։ Պատրաստվում էին տուն գնալու։ Բերտան հանկարծ անհանգիստ զգաց իրան. նա իր զավակին դեռ չէր տեսել։ Նա բժիշկ Մարտինի կնոջ հետ առաջ անցավ։ Տիկին Մարտինը Աննայի մասին խոսք բացեց։ Նա ուզում էր անպատճառ իմանալ, թե արդյոք Բերտան ոչ մի բան չի՞ նկատել։

— Ախր ի՞նչ, տիկին Մարտին։ Ես Աննայի հետ գնացի մինչև նրա եղբոր տունը, իսկ հետո նորից նրա հետևը գնացի այնտեղ։

— Եվ դուք հավատացած եք, որ բոլոր ժամանակ տիկին Լուպիուսը իր եղբոր մո՞տ էր։

— Չեմ հասկանում, ի՞նչ կասկած ունեք դուք։ Հապա էլ ուր կարող էր լինել նա։

— Դուք շատ անմեղ եք կամ այդպես եք ձևանում։ Մի մոռանաք, որ... — և տիկին Մարտինը մի այնպիսի բան ավելացրեց, որ Բերտան մինչև ականջերը կարմրեց։ Երբեք նա որևէ կնոջից այդպիսի բան չէր լսել։ Նա ապշած էր մնացել:

— Տիկին Մարտին, ախր ես էլ պառավ չեմ,— ասաց նա,— [ 70 ]սակայն տեսնո՞ւմ եք, ես հեշտությամբ կարողանում եմ ապրել այնպես...

Տիկին Մարտինը մի քիչ շփոթվեց։

— Այո, իհարկե, դուք իրավունք ունեք կարծելու, որ ես երես առած եմ։

Բերտան վախենում էր, որ տիկին Մարտինը մտերմական խոսակցություն բաց անե, և շատ ուրախ էր, որ հենց այդ ժամանակ փողոցի անկյունը հասան, ուր ինքը կարող էր մնաս բարով ասել։

— Բերտա՞,— կանչեց նրան ետևից տագրը։ — Ա՛ռ լրագիրը։

Բերտան արագ ետ դարձավ, վերցրեց տագերոջ իրան մեկնած լրագիրն ու շտապեց տուն։ Որդին արդեն իրան էր սպասում պատուհանի մոտ։ Նա ներս վազեց ու համբուրեց որդուն, կարծես վաղո՜ւց էր՝ չէր տեսել։ Նրան թվում էր, որ ինքն ամբողջապես վերակենդանանում է իր զավակի սիրուց, և նա հպարտությամբ էր լցվում։

Բերտան հարցուփորձ էր անում որդուն՝ ո՞ւր էր նա ճաշից հետո, ինչպե՞ս անցկացրեց ժամանակը, ո՞ւմ հետ էր խաղում։ Հետո իր ձեռքով հանեց նրա շորերը, անկողին դրեց և գոհ էր ինքն իրանից։ Իր անցած չարությունը, երբ նամակներն էր քրքրում, անիծում էր իր վիճակը, ծխախոտ ծախող կնոջն էր նախանձում, այժմ զառանցանք էր թվում իրան։ Մեծ ախորժակով նա ընթրեց ու վաղ պառկեց քնելու։ Քնից առաջ նա ուզեց լրագիրը աչքի անցկացնել։

Նա պառկեց, փափուկ բարձը ծալեց մեջտեղից, որ գլուխը ավելի բարձր լինի և լրագիրը լույսին մոտեցրեց։

Ամենից առաջ նա, ըստ իր սովորության, նայեց թատրոնի ու երաժշտության բաժինը։ Սակայն Վիեննա գնալուց հետո այժմ նրան հետաքրքրում էր և՛ մանր լուրերի բաժինը, և տեղական քրոնիկոնը։ Նրա աչքերը փակվելու վրա էին, երբ հանկարծ Էմիլ Լինդբախի անունը նկատեց։

Նա աչքերը լայն բաց արեց, նստեց մահճակալի վրա և կարդաց հետևյալը.

«Նորին մեծության բավարական արքայի սոլիստ Էմիլ Լինդբախը, որի՝ Սպանիայում ունեցած հաջողության մասին հաղորդեցինք մենք նորերս, պատիվ ունեցավ Նորին մեծության Սպանիայի թագուհուց Փրկչի շքանշանը ստանալու»։ [ 71 ]Բերտայի դեմքը պարզվեց, նա ուրախացավ. Էմիլը Փրկիչի շքանշանն է ստացել, այն Էմիլը, որի նամակները ինքն այսօր կարդում էր... որը համբուրում էր իրան... որը մի անգամ գրել էր, թե երբեք ոչ ոքի այնքան ուժեղ չի սիրելու, ինչպես իրան՝ Բերտային, նույն Էմիլը, միակ մարդը, որ քիչ թե շատ հետաքրքրում էր իրան, իհարկե, բացի որդուց։ Բերտային թվում էր, թե այդ լուրը հատկապես իր համար է տպագրված, որ Էմիլը դիտմամբ այդ ձևն է ընտրել Բերտային իր մասին տեղեկություն տալու համար։ Գուցե իսկապես որ իր երեկվա տեսած մարդը Էմիլն էր։ Բերտային նորից թվում էր, որ ինքը մոտ է նրան։ Նա երջանիկ ժպիտով ժպտում էր և շշնջում. — Էմիլ Լինդբախը, բավարական արքայի սոլիստը... շնորհավորում եմ Ձեզ...

Հանկարծ նա կանգ առավ։ Նրա գլխում մի նոր միտք ծագեց։ Նա շտապով վեր ելավ, կապոտը վրան գցեց, վերցրեց մոմն ու հարևան սենյակը մտավ։ Այնտեղ նա նստեց սեղանի առջև և, առանց կանգ առնելու, կարծես մեկը թելադրելիս լիներ, միանգամից գրեց.

«Սիրելի Էմիլ,

Այս րոպեիս կարդացի լրագրում, որ սպանիական թագուհին քեզ Փրկչի շքանշանն է պարգևել։ Չգիտեմ, արդյոք հիշո՞ւմ ես ինձ,— նա ծիծաղեց այդ խոսքերը գրելիս,— բայց չեմ ուզում բաց թողնել այս առիթը քեզ շնորհավորելու քո բազմաթիվ հաջողությունների համար, որոնց մասին ես այնքան հաճախ և ուրախությամբ կարդում եմ։ Ես ապրում եմ մի փոքրիկ գավառական քաղաքում, ուր նետել է ինձ ճակատագիրը։ Ես շատ գոհ եմ և վատ չեմ ապրում։ Դու ինձ շատ կուրախացնեիր, եթե պատասխանեիր նամակիս։

Քո հին բարեկամուհին —
Բերտա։

Հ. Տ. Սրտագին բարև իմ որդուց՝ Ֆրիցից (5 տարեկան)»։

Նա վերջացրեց։ Արդյոք պե՞տք է հիշատակի, որ ինքն այրիացել է։ Սակայն այդ մասին Էմիլը իմացած չլինի էլ, նամակից կհասկանա։ Բերտան նորից կարդաց իր նամակն ու գոհ մնաց։ Ապա դրեց հասցեն՝ Էմիլ Լինդբախին։ [ 72 ]«Բավարիական արքայի սոլիստ և Փրկչի շքանշան ի տեր»... Արդյոք հարկավո՞ր է սա գրել։ Նա երևի շատ ուրիշ տիտղոսներ էլ ունի։ «Վիեննա»։ Բայց հիմա ո՞ւր է ապրում նա։ Սակայն մի՞թե միևնույն չէ։ Այդպիսի մի հայտնի մարդու միշտ էլ կգտնեն։ Ի դեպս, հենց հասցեի այդ անորոշությունը ցույց է տալիս, որ Բերտան մի առանձին նշանակություն չի տալիս իր նամակին։ Եթե հասնի՝ լավ, չհասնի... Դա բախտ փորձելու մի միջոց է... Այո, սակայն ինչպես իմանալ, արդյոք հասե՞լ է նամակը, թե՞ ոչ։ Պատասխանը կարող է չլինել, եթե... Ո՛չ, իհարկե, ոչ։ Նա շնորհակալություն կհայտնի։

Դե՜հ, այժմ անկողի՛ն։ Բերտան նամակը պահել էր ձեռքի մեջ։ Ոչ նա շատ էր գրգռված և այլևս պառկել չէր ուզում։ Եվ հետո, եթե վաղը առավոտյան ձգե պոստը, նամակը ցերեկվա գնացքի հետ կէրթա, և Էմիլը միայն վաղը չէ մյուս օրը կստանա։ Դա շատ երկար կտևե։ Նոր նա Էմիլին իր խոսքն ասաց, իսկ Էմիլը միայն երեսունվեց ժամից հետո պիտի լսե։ Իսկ եթե այժմ իսկ պոստը գնա... ոչ, կայարան։ Այն ժամանակ նամակը վաղ առավոտյան կհանձնեն նրան։ Երևի նա շատ երկար է քնում։ Նամակը նրան նախաճաշի հետ կմատուցանեն։ Այո, իհարկե այդպես պետք է անել։ Բերտան շտապով հագնվում և դուրս է վազում սանդուխտով։ Դեռ ուշ չէ։ Ահա և գլխավոր փողոցը, ահա կայարանը։ Նամակը արդեն գցած է, դեղին արկղը, և Բերտան նորից տանն է։ Իր սենյակում, տրորված անկողնի մոտ կանգնած, նայում է նա հատակի վրա ընկած լրագրին, մոմի դողդոջուն բոցին, և նրան տիրում է մի այնպիսի զգացմունք, կարծես նա գաղտնի և արտասովոր մի տեսակցությունից նոր է վերադարձել։ Նա դեռ երկար նստած էր անկողնի ծայրին՝ բաց պատուհանից պայծառ աստղով գիշերին նայելով։ Նրա սիրտը մի անորոշ հույսով ու խնդալից սպասումով էր լցված։

«Սիրելի Բերտա,

Անկարող եմ արտահայտել, թե որքան է ուրախացրել ինձ քո նամակը։ Մի՞թե դու մինչև այժմ հիշում ես ինձ։ Որքա՜ն [ 73 ]տարօինակ է, որ ինչ-որ շքանշանի շնորհիվ ես հնարավորություն ունեցա քեզնից տեղեկության ստանալու։ Գոնե մի անգամ շքանշանը բանի պետք եկավ։ Սրտանց շնորհակալ եմ քո շնորհավորության համար։ Արդյոք Վիեննա չե՞ս գա դու։ Չէ՞ որ դա բոլորովին հեռու չէ։ Ես այնքան ուրախ կլինեմ քեզ կրկին տեսնելու։ Եվ շուտով։ Ամբողջ սրտով քո նախկին
Էմիլ»:

Բերտան նախաճաշում էր։ Ֆրիցը մոր կողքին նստած, ուրախ-ուրախ լեզվին էր տալիս, բայց մայրը նրան չէր լսում։ Նամակն ընկած էր նրա առջև, սեղանի վրա։ Դա Բերտային մի հրաշք էր թվում։ Նախանցյալ գիշեր նա ուղարկել էր իր նամակը, իսկ այս առավոտ ահա եկավ պատասխանը։ Էմիլը մի օր, մի ժամ անգամ չէր սպասել և գրել էր այնքա՛ն սրտանց ու ջերմ, կարծես միմյանցից երեկ բաժանված լինեին։ Բերտան լուսամուտից դուրս նայեց։ Ի՜նչ հրաշալի առավոտ է։ Դուրսը թռչունները ճռվողում էին։ Բլուրներից վաղ ամռան բուրմունք էր գալիս։ Բերտան նորից ու նորից կարդում էր նամակը։ Հետո գրկեց Ֆրիցին, վեր նետեց նրան ու համբուրեք։ Նա անսահման երջանիկ էր։ Երբեք այնքան երջանիկ չէր զգացել իրան։ Հագնվելիս նա մտածում էր. «Այսօր հինգշաբթի է, երկուշաբթի նա Վիեննա պիտի գնա հագուստ չափելու, չորս օր պիտի անցնի, չորս հավիտենության չափ երկար օր։ Նույնքան ժամանակ պիտի անցնի, որքան անցել է այն օրից, երբ նա ճաշում էր տագեր տանը։ Եվ որքան դեպքեր այդ օրերի ընթացքում։ Ոչ, Էմիլին նա շուտ պիտի տեսնի։ Չէ՞ որ կարելի է վաղը գնալ և մի քանի օր մնալ Վիեննայում։ Իսկ այստեղ, ամենքին ի՞նչ ասել։ Դեհ, մի բան կհնարե։ Ավելի կարևորն է այն հարցը, թե ինչպե՞ս պատասխանն ինքը Էմիլին, և որտե՞ղ պիտի տեսնվեն նրանք։ Հո չի՞ կարող ինքը գրել Էմիլին, թե՝ ահա ես գալիս եմ Վիեննա, որտե՞ղ կարելի է տեսնվել քեզ հետ։ Իսկ եթե հանկարծ նա պատասխանե. «Ե՛կ, ինձ մոտ»... Ոչ, դա անկարելի է։ Այդպես չի կարելի։ Պետք է մի ուրիշ բան մտածել։ Ամենալավն այն կլինի, որ նա այսպես գրե Էմիլին. «Ես գալիս եմ Վիեննա այսինչ օրը և այսինչ տեղում լինեմ»: Օ, եթե չիներ մեկը, եթե ունենար մի մարդ, որի հետ կարելի լիներ այդ ամենի մասին խոսել։ Նրա մտքով անցավ [ 74 ]տիկին Ռուպիուսը։ Նա ցանկություն զգաց Աննային մասնակից անել իր ուրախությանն ու տագնապին։ Բացի այդ, նրան թվում էր, որ այդ կերպով, ինքը կկարողանա մտերմանալ Աննայի հետ և նրա հարգանքին արժանանալ։ Բերտան այս նամակն ստանալուց հետո կարծես իրան մեծացած էր զգում։ Միայն այժմ նա հասկացավ իր հուզմունքի պատճառը։ Չէ՞ որ Էմիլը կարող է բոլորովին փոխված լինել, ուրիշ լինել, հպարտացած, երես առած է անբնական, վատ, ինչպես շատ ու շատ հռչակավոր մարդիկ։ Այժմ նա տեսնում էր, որ այդպիսի բան չկա։ Նրա նամակը նույն հանգիստ և ուղիղ ձեռագրով, նույն ջերմությունն ու շիտակությունն էր հնչում այս նամակում, ինչպես և նրա առաջվա նամակներում։ Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ Էմիլը կարող էր այդ ժամանակի ընթացքում շատ բան տեսած ու ապրած լինել, չէ՞ որ ինքը՝ Բերտան էլ է շատ բան ապրել, մինչդեռ այդ ամենը չքացել է այժմ, անհայտ կորել։

Տնից դուրս գալուց առաջ Բերտան նամակը մի անգամ էլ կարդաց։ Էմիլը, կարծես, կենդանանում էր։ Բերտային թվում էր, որ նա կենդանի խոսք է լսում։ Իսկ այդ վերջին խոսքերը՝ «Եկ շուտով», հնչում էին որպես քնքույշ մի կանչ Բերտան նամակը պահեց կորսետի տակը և մտաբերեց, թե ինչպես մի ժամանակ նույնպես էր վարվում Էմիլի փոքրիկ գրությունների վերաբերմամբ և ամենաչնչին շարժվածքի հետ զգում էր թղթի շրշյունը, զգում էր մի ուրախ դող։ Ամենից առաջ նա Մալմանների մոտ գնաց։ Նրանց երեխաներին նա երաժշտության դասեր էր տալիս։ Հաճախ գամմաներն ու էկզերսիսները նրան այնպես գրգռում էին, որ երբ աշակերտները սխալ էին անում, Բերտան խփում էր նրանց ձեռքերին։ Սակայն այսօր այդ խստությունների ստվերն անգամ չկար։ Երբ ներս մտավ տիկին Մալմանը, որ հաստ ու բարեսիրտ մի կին էր և հարցրեց, թե արդյոք գո՞հ է նա աշակերտներից, Բերտան գովեց իր աշակերտներին և հետո, կարծես մեկի ներշնչումով, ավելացրեց

— Այժմ ես կարող եմ նրանց նույնիսկ մի երկու օր արձակուրդ տալ։

— Արձակո՞ւրդ։ Ինչպե՞ս թե, սիրելի տիկին Գարլան։

— Ուրիշ ճար չկա։ Երևակայեցե՞ք, երբ վերջին անգամ ես Վիեննա էի, իմ հորաքրոջ աղջիկն ինձ գրեթե ստիպեց խոսք տալ, որ իր մոտ անցկացնեմ մի քանի օր։ [ 75 ]— Իհարկե, իհարկե,— ասաց տիկին Մալմանը։

Բերտան քանի գնում, այնքան ավելի համարձակ էր դառնում և ստում էր արդեն հաճույքի զգացմունքով, ինքն իր համարձակության վրա հիանալով։

— Ես ուզում էի այդ գնալս հետաձգել մինչև հունիս, բայց այսօր ազգականս գրում է, որ ամուսինը հեռանում է Վիեննայից, և նա մենակ է մնում։ Դրա համար էլ մտածեցի, որ ավելի լավ է՝ այժմ գնալ։

Բերտան զգաց նամակի խշխշոցը իր հագուստի տակ և մի բուռն ցանկություն զգաց՝ հանել այն, բայց, վերջիվերջո, չհամարձակվեց այդ անելու։

— Դեհ,— ասաց տիկին Մալմանը, Բերտայի երկու ձեռքն էլ իր ափերի մեջ առնելով,— եթե ես Վիեննայում ազգականուհի ունենայի, միշտ երկու շաբաթը մի անգամ ութ օրով կգնայի նրա մոտ։

Բերտայի դեմքն ուրախությունից փայլում էր։ Նրան թվում էր, թե մի անտեսանելի ձեռք հեռացնում էր ճանապարհից ամեն մի արգելք։ Գործը հաջող էր գնում։ Եվ, վերջապես, ո՞ւմ էր պարտական նա հաշիվ տալու։ Սակայն հանկարծ մի ահ տիրեց Բերտային. իսկ եթե տագրը իրան կպչի և հետը գնա՞։ Ամեն ինչ նորից խառնվեց, նորից արգելքներ էին ծագում ամեն կողմից։ Նույնիսկ տիկին Մալմանի ծիծաղը կասկած էր հարուցանում իր հնչյունով։ Ոչ, անհրաժեշտ է այս ամենը հայտնել տիկին Ռուպիուսին։ Եվ, դասը վերջացրեց թե չէ, նա իսկույն Աննայի մոտ գնաց։

Աննան նստած էր բազմոցի վրա, առավոտյան կապոտը հագին։ Նա Բերտային մի զարմացական հայացքով դիմավորեց։ Բերտան այժմ միայն ըմբռնեց, որ այցելությունների համար դեռ ժամանակը շատ վաղ էր։ Նա շփոթվեց, սակայն այդ ցույց չտալու համար շինծու համարձակությամբ ասաց.

— Բարև՛ ձեզ։ Ես այսօր մի քիչ վաղ եկա, չէ՞...

Աննան լուրջ էր, և սովորական ժպիտը չկար նրա դեմքի վրա։

— Շատ ուրախ եմ ձեզ տեսնելու, երբ էլ որ լինի։

Եվ նա մի հարցական հայացք նետեց Բերտայի վրա։ Բերտան չգիտեր՝ ինչ ասե։ Նա դժգոհ էր ինքն իրանից, իր մանկական ամաչկոտության համար, որ զգում էր այս կնոջ ներկայությամբ։ [ 76 ]— Ես ուզում էի հարցնել ձեզ,— ասաց վերջապես նա,– ինչպե՞ս եք զգում ձեզ մեր ճանապարհորդությունից հետո։

— Շատ լավ,— պատասխանեց Աննան, գրեթե կոպիտ եղանակով, սակայն, մի րոպե չանցած, նրա դեմքը միանգամից փոխվեց, և նա իր խոսքը շարունակեց արդեն չափազանց սիրալիր կերպով.

— Ճիշտն ասած՝ ե՛ս պետք է հարցնեի, թե արդյոք դուք գո՞հ մնացիք, իսկ ինչ վերաբերվում է ինձ, ես ախր արդեն սովորել եմ դրան։

Այս խոսքերն արտասանելիս՝ նա լուսամուտից դուրս էր նայում։ Նրա հայացքը դեպի հրապարակի այն կողմն էր ուղղած, դեպի մի բաց պատուհան, ուր խեցիներով ծաղիկներ էին դրված։

Խաղաղություն էր տիրում։ Քնկոտ քաղաքի վրա ամառվա արև օրվա անձայնությունն էր իշխում։ Բերտան ուզում էր մոտ նստել Աննային, զգալ նրա քնքույշ գգվանքը, սակայն հանկարծ մի խղճահարություն զգաց դեպի նա։ Իր համար այդ ամենը մի հանելուկ էր։ Բերտան ակամա հարց էր տալիս ինքն իրան՝ ինչո՞ւ եկավ այստեղ, ի՞նչ էր ուզում ասել Աննային։ Թե՝ ես վաղը պիտի տեսակցությա՞ն գնամ իմ պատանության ընկերի հետ։ Բայց տիկին Ռուպիուսին ինչ։ Մի՞թե ահա բանը կարող էր մազաչափ հետաքրքրել Աննային։ Ահա նա նստած է այստեղ, անտարբեր, անմասնակից, կարծես անթափանցելի զրահով պատած։ Բերտան չգիտեր, թե ի՞նչ ձևով պիտի մոտենա Աննային։ Անշուշտ, կար մի խոսք, որ կարող էր ճանապարհ բանալ, մատչելի դարձնել այդ կնոջը, բայց Բերտան չգիտե այդ խոսքը։

— Ինչպե՞ս է ձեր որդին,— հարցրեց Աննան, առանց հեռացնելու իր աչքերը այն դիմացի պատուհանի ծաղիկներից։

— Նա առողջ է, ինչպես և միշտ։ Նա շատ ժիր ու անսահման բարի երեխա է։ — Վերջին խոսքերը Բերտան մի առանձին քնքշությամբ արտասանեց, կարծես ուզում էր դրանով գրավել տիկին Ռուպիուսին։

— Այո, իհարկե,— ասաց Աննան, և նրա ձայնում հնչում էր՝ իհարկե, ես դրա համար էլ հարցնում եմ։

Մի րոպե անց նա հարցրեց.

— Իսկ ձեր նաժիշտը լա՞վն է: [ 77 ]Հարցը Բերտային տարօրինակ երևաց, և նա պատասխանեց.

— Չեմ կարող նրանից գանգատվել։ Նա շատ գործ ունի, նա շատ լավ կերակուր է եփում։

Մի փոքր ընդմիջումից հետո տիկին Ռուպիուսը բոլորովին չոր ձայնով ասաց.

— Այո՛, այդ տեսակ երեխա ունենալը երևի մեծ երջանկություն է։

— Իհա՛րկե, դա իմ միակ երջանկությունն է,— տաք-տաք բացականչեց Բերտան։

Առաջ էլ նա հաճախ ասում էր այդ, բայց այսօր զգում էր, որ այնքան էլ անկեղծ չէ ինքը։ Նամակը նրա կրծքի վրա խտտացնում էր կաշին, և Բերտան գոհունակությամբ զգում էր, որ դա էլ մի երջանկություն է։ Նա մտաբերեց, որ իր առջև նստած կինը անզավակ է և երեխա ունենալու մասին երազել անգամ չի կարող։ Բերտան հաճությամբ իր խոսքը ետ կվերցներ և արդեն ուզո՛ւմ էր մեղմացնել իր խոսքը, բայց տիկին Ռուպիուսը, կարծես, նրա մտքերը գուշակելով, ասաց.

— Միակ երջանկությո՞ւնը։ Ասացեք՝ մեծ երջանկություն է, այդքանն էլ բավական կլինի։ Ես երբեմն նախանձում եմ ձեզ, և ինձ թվում է, որ կյանքը, ինքնըստինքյան, արդեն երջանկություն է ձեզ համար։

— Ես այնպես մենակ եմ ապրում, այնպե՜ս...

Աննան ծիծաղեց։

— Ասելս այդ չէր, իհարկե, այլ այն, որ արևը լույս է տալիս, եղանակը լավ է, և դա արդեն ուրախացնում է ձեզ։

— Օ, այո, իհարկե,— համաձայներ Բերտան։ — Իմ տրամադրությունը շատ է կախված եղանակից։ Այ, մի քանի օր առաջ, երբ անձրև ու ամպրոպ էր, ես բոլորովին ճնշված էի զգում ինձ և հետո...

Աննան կտրեց նրա խոսքը.

— Ամենքն էլ այդպես են։

Բերտան շփոթվեց. նա զգաց, որ այդ կնոջ հետ զրույց անելու համար հարկ եղածի չափ խելացի չէ ինքը։ Նա ընդունակ էր այստեղից-այնտեղից մի քիչ զրույց անել, ինչպես փոքրիկ քաղաքի մյուս կանայք։ Մինչդեռ նրան թվում էր, որ Աննան քննում է իրան, և ինքն այնպես էր զգում, որ քննությունը [ 78 ]չբռնեց։ Նա սարսափով էր մտածում իր տեսակցության մասին։ Ինչպե՞ս պիտի խոսի ինքը Էմիլի հետ։ Որքա՜ն ետ է մնացել, որքա՜ն անօգնական էր դարձել այս վեց տարվա անձուկ կյանքի ընթացքում։ Աննան վեր ելավ։ Առավոտյան սպիտակ կապոտը գեղեցիկ կերպով գրկում էր նրա իրանը։ Նա սովորականից ավելի բարձրահասակ ու սիրուն էր երևում։ Բերտան ակամա մտաբերեց բեմի վրա տեսած դերասանուհիներից մեկին, որը շատ նման էր Աննային։

«Ահա, եթե սրա նման լինեի ես, այն ժամանակ կարելի կլիներ բոլորովին չվախենալ»,— մտածում էր նա։ Եվ հանկարծ մտաբերեց, որ այդ գեղեցկուհին մի հիվանդ մարդու հետ էր ամուսնացած։ Արդյոք արդարացի չէ՞ այն, ինչ մարդիկ ասում են։ Սակայն Բերտայի ենթադրությունները հեռու չէին գնում, նա չէր պատկերացնում, թե ինչ բանում կարող են արդարացի լինել մարդիկ։ Այդ րոպեին նա զգաց Աննայի դրության ծանրությունը, սակայն չգիտեր՝ արդյոք անտրտո՞ւնջ է տանում նա այդ ամենը, թե՞ կռվում է։ Աննան, կարծես, նորից գուշակեց Բերտայի մտքերն ու, մտերմական խոսակցությունից խուսափել կամենալով, անփույթ կերպով ասաց.

— Երևակայեցե՛ք, ամուսինս դեռ քնած է։ Այժմ նա սովորել է երեկոները երկար նստել, կարդում է կամ պատկերներ է զննում, իսկ առավոտը քնում է մինչև կեսօր։ Բայց այդ բոլորը սովորության բան է։ Երբ Վիեննա էինք ապրում, ես էլ սաստիկ շատ էի քնում։

Եվ նա սկսեց այնպես անկեղծ ու անհոգ կերպով պատմել իր աղջկային տարիների մասին, որպես չէր խոսացել Բերտայի հետ։ Նա պատմում էր իր հոր մասին, որը շտաբի սպա էր, մոր մասին, որը ջահիլ հասակում վախճանվել էր, փոքրիկ տան ու պարտեզի մասին, ուր նա խաղում էր իր մանկության ժամանակ։ Բերտան այժմ միայն իմացավ, որ Աննան մանկությունից ճանաչելիս է եղել իր հիմիկվա ամուսնին, որը իրանց հարևանի որդին է եղել, և որի հետ ինքը նշանված է եղել մանուկ հասակում։ Բերտայի առջև բացվում էր այդ կնոջ ամբողջ ջահիլությունը, որ արևի շողերով, երջանկությամբ և հույսերով էր լցված։ Եվ թվում էր, որ տիկին Ռուպիուսի ձայնը այլ կերպ էր հնչում, երբ նա իր ամուսնի [ 79 ]հետ մի ժամանակ կատարած ճանապարհորդությունների մասին էր պատմում։

Բերտան լսում էր ուշադրությամբ, վախենալով մի որևէ խոսք բաց թողնել, տեղիցը շարժվել, ինչպես մի լուսնոտ, որը տանիքի վրա է բարձրացել։ Եվ մինչդեռ Աննան անցյալի մասին էր խոսում, որը լի էր երջանկությամբ ու սիրով, որը և հմայիչ էր դարձնում այդ անցյալը։ Բերտայի հոգում այդ րոպեին երջանկության նորանոր հույսեր էին բացվում, այն երջանկության, որ նա դեռ չէր տեսել։ Իսկ երբ Աննան նկարագրում էր, թե ինչպես ինքը ոտով թափառում էր Զվիցարիայում և Տիրոլում, Բերտային թվում էր, թե դա ի՞նքն է Էմիլի հետ թևանցուկ թափառում։ Եվ նրա սիրտը բախում էր երջանկության մի այնպիսի ջերմ ծարավ, որ նա պատրաստ էր նույն րոպեին Վիեննա թռչել, գտնել նրան, նրա գիրկն ընկնել ու ճաշակել, վերջապես, այն երջանկությունը, որից մինչև այժմ ինքը զրկված է եղել։ Նրա մտքերն այնքան հեռու էին թափառում, որ նա չնկատեց, թե ինչպես Աննան լռեց ու բազմոցի վրա նստած՝ աչքերն անշարժ հառեց դեպի դիմացի պատուհանը, ուր ծաղիկներ էին դրված։ Խորին լռությունը, վերջապես, սթափեցրեց Բերտային։ Ամբողջ սենյակը ինչ-որ խորհրդավոր բանով էր լցված, ուր անցյալը ու ներկան հյուսված էին իրար։ Բերտան զգում էր, որ մի ինչ-որ չմեկնած, հանելուկային կապ կար իր և այդ կնոջ մեջ։ Նա վեր ելավ, ձեռքը մեկնեց Աննային, և հանկարծ, կարծես խոսքը մեկ արած համբուրվեցին, որպես հնամյա, լավ բարեկամուհիներ։

Դռան շեմքի վրա Բերտան ասաց.

— Ես վաղը նորից Վիեննա եմ գնում մի քանի օրով,— և ծիծաղեց, որպես երջանիկ մի հարսնացու։

Ռուպիուսների մոտից նա իր տագերկնոջ մոտ գնաց։

Ռիխարդը նստած էր արդեն դաշնամուրի մոտ և ինչ-որ սեփական ստեղծագործությամբ էր զբաղված։ Նա ձևացրեց, թե չնկատեց Բերտային և սկսեց չափազանց ուժեղ վարժություններ նվագել։

— Մենք միասին կնվագենք,— ասաց Բերտան և սկսեց որոնել Շուբերտի մարշերի հատորը։

Նա ցրված էր նվագելիս և չէր նկատում, թե ինչպես պեդալը [ 80 ]սեղմելիս, Ռիխարդը սղմում էր իր ոտքը։ Այդ միջոցին ներս մտավ Էլլին և համբուրեց Բերտային։

— Ես բոլորովին մոռացա,— ասաց Ռիխարդը և, առանց նվագը ընդհատելու, իր շրթունքներով գրեթե հպվեց Բերտայի թշին։

Ներս մտավ տագերկինը. հիվանդոտ, ուռած դեմքով։ Նա, բանալիներով աղմուկ հանելով, միևնույն ժամանակ գրեթե անհնչյուն ձայնով ասաց.

— Ես Բրիգիտային դուրս արի, նա անտանելի էր։

— Ուզո՞ւմ ես՝ քեզ համար Վիեննայից մի աղախին բերեմ,— ասաց Բերտան, և նա ստում էր, թե հորաքրոջ աղջիկը նրան նորից հրավիրել է, և հնարում էր զանազան պատմություններ, զարդարում իր սուտը մի այնպիսի թեթևությամբ, որ իրան էլ զարմացրեք։

Ներքին ուրախությունը գրգռում էր նրան, և նույնիսկ այն բանը, որ իր հետ կարող էր գնալ տագրը, արդեն չէր վախեցնում նրան։

— Ինչքա՞ն պիտի մնաս այնտեղ,— հարցրեց տագերկինը։

— Երկու-երեք օր, ոչ ավել։ Երկուշաբթի ես, միևնույն է, պիտի գնայի դերձակուհու մոտ։

Ռիխարդը թմբկահարում էր կլավիշների վրա։ Էլլին կանգնած էր դաշնամուրին հենված և Բերտային գրեթե ահով էր նայում։

Բերտան ակամա բացականչեց,

— Ի՞նչ է պատահել քեզ։

Էլլին հարցրեց.

— Ի՞նչ։

— Դու ինձ այնպես տարօրինակ կերպով ես նայում, կարծես դժգո՞հ ես, որ երկու օր դաս չես ունենալու։

— Ոչ,— պատասխանեց Էլլին և ժպտաց,— դա չէ... բայց ... ոչ, ես չեմ կարող ասել։

— Հապա ի՞նչն է,— պնդում էր Բերտան։

— Խնդրեմ, մի՜ հարցնի, ճշմարի՜տ, ես չեմ կարող ասել,— ասաց Էլլին և պաղատագին դեմքով սեղմվեց Բերտային։

— Էլլի,– ասաց մայրը,— ես տանել չեմ կարող քո գաղտնիքները։ [ 81 ]Ապա նստեց այնպես, կարծես սաստիկ հոգնած էր և անհանգիստ։

— Դե՞հ, ասա՜ տեսնեմ, Էլլի,– պնդում էր Բերտան մի ահով բռնված,— չէ՞ որ ես քեզ խնդրում եմ...

— Միայն չծիծաղես, հարսի։

— Իհարկե ոչ.

— Գիտե՞ս, հարսի, երբ որ դու վերջին անգամ գնացիր, այն ժամանակ արդեն ես այնպես վախենում էի... Ես գիտեմ, որ հիմարություն է սա... վախենում էի, որովհետև փողոցներում այնքան կառք կա...

Բերտան թեթևացած շունչ քաջնց ու սկսեց փայփայել Էլլիի այտերը։

— Ես զգույշ կլինեմ, հանգիստ եղիր,— ասաց նա։

Մայրը գլուխն օրորեց։

— Ես վախենում եմ, որ Էլլին չափազանց լարված է,— ասաց նա։

Նախքան Բերտայի հեռանալը, վճռեցին, որ նա գնա իր տագերոջ տունը ընթրելու և որդուն, իր բացակայության ժամանակ, նրանց մոտ թողնե։

Ընթրիքից հետո Բերտան կարդաց Էմիլի նամակն ու պատասխանը գրեց.

«Սիրելի Էմիլ,

Դու շատ սիրալիր ես, որ ինձ այնքան շուտ պատասխանեցիր։ Ես շատ երջանիկ էի,— նա ջնջեց «շատ երջանիկ էի» խոսքերը և դրա տեղը գրեց. «շատ ուրախացա՝ ստանալով քո սիրելի տողերը»։

«Որքան փոփոխություններ են կատարվել այն ժամանակից, ինչ մենք բաժանվել ենք։ Դու հռչակավոր վարպետ ես դարձել, թեպետ ես երբեք չէի կասկածում, որ այդպես կլինի»:

Նա կանգ առավ և ջնջեց ամբողջ նախադասությունը։

«Ես նույնպես կցանկանայի քեզ շուտով տեսնել»։

Ոչ, սա չափազանց հիմար բան էր։ Ավելի լավ է՝ այսպես.

«Ինձ համար էլ շատ հաճելի կլիներ քեզ հետ նորից տեսնվել»։ Հանկարծ մի լավ միտք ծագեց նրա գլխում, և նա բավականությամբ գրեց. «Տարօրինակ է, որ մենք ոչ մի անգամ [ 82 ]չհանդիպեցինք, ես հաճախ լինում եմ Վիեննայում, օրինակ՝ այս շաբաթ այնտեղ էի»։ Նա գրիչը ցած դրեց ու խորասուզվեց մտածմունքի մեջ։ Նա որոշել էր վաղը ճաշից հետո Վիեննա գնալ, գիշերել հյուրանոցում, իսկ մյուս օրը, հայրենի օդը մի լավ շնչելուց հետո, արդեն ներկայանալ նրան, թարմ ու առույգ։ Մնում էր տեսակցության տեղը նշանակել։ Դա դժվար չէր։ «Քո սիրալիր խնդրի համաձայն, հայանում եմ քեզ, որ կլինեմ շաբաթ, ճաշից առաջ, ժամը 11-ին»։ Ոչ, սա դարձյալ այն չէ։ Մի կողմից՝ շատ գործնական է դուրս գալիս, մյուս կողմից՝ մի ավելորդ պատրաստակամություն կա այդ խոսքերում։ Նա գրեց. «Եթե ուզում ես տեսնել քո վաղեմի բարեկամուհուն, անցիր շաբաթ, ժամը 11-ին պատմա-գեղարվեստական մուզեյ, նիդերլանդական բաժանմունքը»։

Այժմ նա գոհ էր։ Ոչ մի կասկածելի նախադասություն չկար։ Նա նորից կարդաց սևագրությունը, որ իրան բավական չոր թվաց, բայց ամենակարևորն այնտեղ ասված էր, ըստ որում՝ նամակի տոնը բավական անկախ էր։ Նա արտագրեց նամակը, ստորագրեց, դրեց ծրարի մեջ և շտապով դուրս եկավ արևոտ փողոցը, որ անձամբ գցե նամակը ամենամոտ պոստարկղը։ Վերադառնալով տուն՝ նա հագուստը փոխեց, հագավ կապոտը և բազմոցի վրա նստած, սկսեց կարդալ Գերշտեկերի վեպը, որը արդեն մի տասն անգամ կարդացած կլիներ, բայց բան չէր կարողանում հասկանալ։

Նա փորձեց հեռու վանել իրան պաշարող մտքերը, սակայն դա անհնար էր։ Նա ամաչում էր ինքն իրանից, բայց միևնույն ժամանակ շարունակ Էմիլի և իր գրկախառնությունն էր երազում։ Ինչո՞ւ... ախր այդ մասին նա երբեք չէր խորհել։ Ոչ... նա չի ուզում մտածել այդպիսի բաների վրա, նա այդ տեսակ կին չէ։ Նա ոչ ոքի սիրեկանը լինել չի կարող. մանավանդ այժմ։ Այ, եթե նա մի անգամ էլ գնա Վիեննա, էլի մի անգամ, էլի և էլի, այն ժամանակ գուցե... Բացի այդ Էմիլն ինքն էլ չի համարձակվի դրա մասին խոսք բաց անել, նույնիսկ ակնարկել, անգամ մտածել։ Սակայն ոչ մի բան չէր օգնում, երևակայությունը իրանն էր շարունակում նկարել և քանի գնում՝ ավելի ու ավելի անհաղթելի էր դառնում։ Վերջապես Բերտան հրաժարվեց պայքարից, ավելի հանգիստ [ 83 ]կերպով նստեց բազմոցի անկյունում, աչքերը փակեց, և գիրքը նրա ձեռքից հատակին ընկավ։

Երբ մի քանի րոպե անց նա վեր ելավ, նրան թվաց, որ մի ամբողջ գիշեր է անցել։ Նամանավանդ այնքա՜ն հեռու էր թվում առավոտվա այցը տիկին Ռուպիուսին։ Բերտան չէր կարողանում հասկանալ ժամերի այդ անհավասարությունը։ Նրանք մեկ դանդաղ սողում էին, մեկ՝ առաջ սլանում մի արտասովոր արագությամբ։

Բերտան հագնվեց, որ Ֆրիցի հետ զբոսնելու գնա։ Նրան մի հոգնած, անտարբեր տրամադրություն էր տիրել։ Այդպես էր լինում սովորաբար ցերեկվա արտասովոր քնից հետո: Այդ դեպքում նա ոչ մի բանում ինքն իրան պարզ հաշիվ տալ չէր կարողանում, և ամեն ինչ, ամենասովորական բաները, նրան արտասովոր էին թվում։ Այդպիսի ժամանակ նա ինքն իր վրա նայում էր այնպես, ինչպես մի օտար մարդու վրա են նայում։ Նա չէր կարողանում հասկանալ, որ այն տղան, որին ինքն հագցնում է, իր սեփական երկունքով ծնած զավակն է մի մարդուց, որը վաղուց մեռել է։ Մի բան գաղտնի կերպով թելադրում էր նրան, որ այսօր պետք է նորից գերեզմանատուն գնալ։ Սակայն այդ պետք է անել ոչ թե մի մեղքի քավության, համար, այլ մի տեսակ քաղաքավավարության պարտքի զգացումից դեպի այն մարդը, որից նա հեռացավ առանց դրա համար բավականաչափ հիմնավոր պատճառ ունենալու։ Նա գնաց շագանակենիների խճուղիով: Անտանելի շոգ էր։ Շուտով նա շվաքի մեջ մտավ, և նրա վրա մի թեթև հով փչեց։

Գերեզմանատունը հեռվից ողջունում էր նրան իր կանաչ սատարներով։ Պուրակի ելքի մոտ նա մի կենարար զովություն զգաց։ Մի տանջող, սակայն քաղցր հոգնածությամբ զբոսնում էր նա միջին մեծ ծառուղիում։ Որդին առաջից վազում էր, բայց Բերտան այդ չէր նկատում, թեպետ սովորական ժամանակ վախենում էր, որ տղան նույնիսկ մի ակնթարթ թաքնվում էր գերեզմանաքարի ետևը։

Ամուսնի գերեզմանի վրա նա կանգ առավ, բայց գերեզմանը զարդարող ծաղիկներին չէր նայում, ինչպես սովորաբար, այլ գերեզմանի կողքով, գերեզմանատան պատի վրայով դեպի կապույտ երկինքն էր նայում։ [ 84 ]Արցունքները չէին պատում նրա աչքերը։ Նրա սրտում ոչ գորով կար, ոչ ահ։ Նա բոլորովին չէր մտածում այն մասին, որ մեռելների վրա է ման գալիս, որ ահա այստեղ, իր առջևը նրա աճյունն է, այն մարդու, որն իրան մի ժամանակ սեղմում էր իր գրկում։

Հանկարծ նա ավազի վրա քայլող մարդու ինչ-որ ոտնաձայն լսեց։ Մեկը շտապով գալիս էր այնպես արագ, ինչպես այստեղ ոչ ոք սովորաբար չի ման գալիս։ Նա ետ նայեց գրեթե վիրավորված։ Նրա առջև կանգնած էր Կլինգեմանը։ Նա մի ձեռքում պահում էր իր ծղոտե գլխարկը, որ թելով վերարկուի կոճակին էր ամրացրած։ Նա բարևեց Բերտային՝ խոր գլուխ տալով։

— Ի՜նչ անսպասելի հանդիպում,— բացականչեց Բերտան։

— Ոչ, սա պատահականություն չէ։ Ես հեռվից նկատեցի ու քայլվածքից ճանաչեցի ձեզ։ —Նա խոսում էր բարձրաձայն, և Բերտայի բերանից մի ակամա բացականչություն դուրս թռավ:

— Ս-սը՜ը։

Կլինգեմանի երեսին մի հեգնական ժպիտ խաղաց, և նա իրար սեղմած ատամների միջից արտասանեց.

—Չի՛ արթնանա։

Բերտան այնպես ապշած էր այդ պատասխանից, որ չգիտեր՝ ինչ ասե։ Նա Ֆրիցին կանչեց և ուզում էր հեռանալ, բայց Կլինգեմանը շտապով նրա ձեռքից բռնեք և աչքերը ցած թեքելով, ասաց.

— Մնացե՛ք։

Բերտան աչքերը լայն բաց արեց։ Նա ոչինչ չէր հասկանում։

Կլինգեմանը աչքերը վեր բարձրացրեց և ուղիղ նրա երեսին նայելով, ասաց.

— Ես սիրում եմ ձեզ.

Բերտան մի թեթև ճիչ արձակեց։ Կլինգեմանը բաց թողեց նրա ձեռքն ու շարունակեց թեթև խոսակցության եղանակով.

— Դա ձեզ զարմացնո՞ւմ է։

— Դա մի չլսված, չլսված բան է,— և նա նորից դեպի ելքը շարժվեց ու կանչեց որդուն.

— Ֆրի՜ց. [ 85 ]— Օ, մնացե՛ք, մնացե՛ք, Բերտա։ Եթե այժմ ինձ դուք մենակ թողնեք... — պաղատագին մրթմրթում էր Կլինգեմանը։

Բերտան սթափվեց։

— Մի համարձակվեք ինձ այդպես կոչել,— ասաց նա տաքացած։ — Ո՞վ է տվել ձեզ այդ իրավունքը։ Ես այլևս չեմ ուզում լսել ձեզ, այն էլ այստեղ,— և նա գերեզմանին նայեց այնպես, կարծես ներումն էր խնդրում մեռելից։

Այդ միջոցին մոտեցավ Ֆրիցը։ Կլինգեմանը շատ շփոթված էր։

— Ներեցե՜ք, տիկին,- ասաց նա, հետևելով Բերտային, որը Ֆրիցի ձեռքը բռնած, դանդաղ հեռանում էր։ — Խոստովանում եմ, որ այնպես չվարվեցի, ինչպես պետք էր։ Հարկավոր էր ձեզ պատրաստել և վերջը ասել այն, ինչ այդպես վախեցրեց ձեզ։

Բերտան առանց նրան նայելու, կարծես ինքն իրան էր դիմում, ասաց.

— Ես մի այդպիսի բան երևակայել անգամ չէի կարող... Ես չէի կարծում, որ բարեկիրթ մարդը...

Նրանք գերեզմանատան դռանը մոտեցան։ Կլինգեմանը ետ էր նայում։ Նրա հայացքում ափսոսանք կար։ Նա ափսոսում էր, երևի, որ չկարողացավ հենց այնտեղ, գերեզմանաքարի մոտ, խաղը մինչև վերջը հասցնել։

Նա գնում էր Բերտայի կողքով, ջղայնաբար ձգձգելով այն թելը, որին ամրացրած էր իր գլխարկը։

— Ինձ էլ ոչինչ չի մնում,— ասաց նա,— բացի այն, որ կրկնեմ, թե սիրում եմ ձեզ, որ ձեր պատկերը հետևում է ինձ երազում, մի խոսքով, ես միայն այն ժամանակ կհանգստանամ, երբ դուք իմը կլինեք։

Բերտան նայեց նրան անշարժ հայացքով։

— Գուցե դուք ինձ հանդուգն մարդ եք համարում, բայց իրերին ավելի պարզ նայեցեք։ Դուք...— նա կանգ առավ և հետո ավելացրեց.— մենակ եք, ես՝ նույնպես։

Բերտան նայեց նրան անշարժ հայացքով։

— Ես գիտեմ՝ ինչ եք մտածում դուք,— շարունակեց Կլինգեմանը։ — Այդ ամենը դատարկ բաներ են, և բավական է, որ դուք հրամայեք, և ոչինչ չի լինի։ Մի մութ նախազգացում շշնջում է ինձ, որ մենք միմյանց համար ենք ստեղծված։ Եվ [ 86 ]եթե ես չեմ սխալվում, ձեր արյունը իմից ավելի սառը չէ և նույնպես...

Բերտան նրա վրա մի այնպիսի զայրույթով նայեց, մի այնպիսի խորին զզվանքով, որ նա չկարողացավ սկսած նախադասությունը վերջացնել ու մի նորը սկսել.

— Աստվա՜ծ իմ, ի՜նչ կյանք եմ վարում ես այժմ։ Որքա՜ն ժամանակ է, որ չեմ տեսել իսկական կնոջ գգվանք, ձեզ նման կնոջ... Ես հասկանում եմ ձեր զայրույթը։ Գրողը տանի ամեն ինչ։ Իհարկե, սարսափելի է ինձ նման մի մարդու հետ կապվելը։ Թեպետ, գուցե դա այնքան էլ վատ չէ: Ահ, եթե լիներ իմ մոտ մի մարդկային հոգի, սիրելի, բարի, կանացի հոգի...— նա շեշտեց վերջին խոսքերը։ — Այո՛, ես էլ ձեզ նման երևակայել անգամ չէի կարող, որ ստիպված պիտի լինեմ խեղդվել ու տանջվել այս քաղաքի նման մի փոսի մեջ։ Դուք չպետք է վիրավորվեք, եթե ես, եթե ինձ...— Խոսքերը դավաճանում էին նրան, հենց որ նա մի քիչ մոտեցավ արդեն ճշմարտության։

Բերտան նայում էր նրան։ Նա այժմ Բերտային մի քիչ ծիծաղելի էր երևում, գրեթե խղճալի և շատ ծեր։ Բերտան զարմացավ, թե ինչպես այդ մարդը համարձակություն է ունեցել իրան հետևելու և նույնիսկ ձգտելու տիրանալ։

Զարմանքով ու ամոթով Բերտան նկատեց, որ այդ ծիծաղելի մարդու խոսքերը իր մեջ ինչ-որ աղոտ ցանկության էին գրգռում։

Կլինգեմանը լռում էր, բայց այն խոսքերը հնչում էին դեռ Բերտայի հոգում, կարծես այդ խոսքերը արտասանում էր մի ուրիշը, նա, որ սպասում էր իրան Վիեննայում։ Եվ նա զգում էր, որ չի կարողանալու դիմադրել։

Իսկ Կլինգեմանը շարունակում էր։ Նա գանգատվում էր, որ իր կյանքը փշրված է, փչացած, բայց որ արժե այդ կյանքը փրկել, որ կյանք են խորտակել իր կյանքը, և որ միայն կինը կարող է նրան փրկել։ Դեռ ուսանող ժամանակ նա կապվեց մեկի հետ։ Այն օրվանից էլ սկսվեց իր տանջանքը։ Նա իր փոթորկոտ կրքերի մասին էր խոսում, իսկ Բերտան լսում էր նրան ու ժպտում։ Բայց նա ամաչում էր իր ծիծաղի համար։ Նա գիտակցում էր, որ նրա համար է ծիծաղում, որ [ 87 ]գիտե, թե ինչի՞ մասին է խոսում Կլինգեմանը։ Երբ նրանք մոտեցան Բերտայի կեցած տանը, Կլինգեմանն ասաց.

— Ես երեկոյան կզբոսնեմ ձեր պատուհանների տակ և հուսով եմ, որ երաժշտություն կլսեմ։ Դուք կնվագե՞ք։

— Չգիտեմ։

— Ձեր նվագածությունը ես պատասխանի տեղ կնդունեմ,— ասաց նա և հեռացավ։

Երեկոյան Բերտան դարձյալ յուրայինների մոտ էր և ընթրիքի միջոցին նստած էր Ռիխարդի և Էլլիի մեջտեղը։ Խոսում էին նրա Վիեննա գնալու մասին և այնպես էին խոսում, կարծես Բերտան իսկապես որ մի քանի օր Ագաթայի հետ անցկացնելու, հագուստը չափելու և տագերկնոջ մի քանի պատվերները կատարելու համար էր գնում։ Երբ ընթրիքը վերջացավ, պարոն Գարլանը վառեց իր չիբուխը։ Ռիխարդը լրագիր էր կարդում, մայրը մի բան էր գործում, իսկ Էլլին, Բերտային սեղմված, նրա կրծքին էր գրել իր գլուխը։ Բերտան հանկարծ իրան իսկական ստախոս զգաց։

Ահա ինքը, մի ազնիվ մարդու համեստ այրին, նստած է այստեղ, այս ընտանիքի սերտ շրջանում, որը ընդունել է իրան գրկաբաց, նստած է այս մաքուր աղջկա կողքին, որ հավատով սեղմվում է իրան, որպես իր ավագ ընկերուհուն, և ի՞նչ է ուզում անել նա ինքը, որ մինչև այժմ իր կյանքն անց էր կացնում աշխատելով ու իր փոքրիկ որդու մասին հոգալով։ Մի՞թե նա չի պատրաստվում խաբելու սրանց, այս բարի մարդկանց։ Արդյոք չի՞ պատրաստվում առանց ինքն իրան հաշիվ տալու ընդառաջ գնալ մի արկածի, որի վերջավորությունը գուշակել անգամ չի կարողանում։ Ի՞նչ է պատահել իրան այս վերջիս օրերը։ Ի՞նչ երազներ են ծանրացել իր վրա, ի՞նչ ձգտումներ են տիրաբար իշխում իր հոգում։ Մի՞թե գիշեր ու ցերեկ նա չի մտածում միմիայն այն րոպեի մասին, երբ ընկնելու է այն մարդու գիրկը։ Երբ նա մտածում էր դրա մասին, նրան մի արտասովոր դող էր բռնում, և նա իրան անդոր էր զգում, որպես մի արտաքին ույժի առջև։ Եվ ահա, ականջ դնելով Ռիխարդի միօրինակ ընթերցանության, Էլլիի շեկ մազերի հետ խաղալով։ Նա ինքն նրան մի անգամ էլ, վերջին անգամ խոսք տվեց կայուն մնալ, չընկճվել այդ ույժի առջև։ Նա պետք է միայն տեսնի Էմիլին։ Եվ, ինչպես [ 88 ]բոլոր կարգին կանայք, որոնց ինքը ճանաչում է, որպես իր վաղուց մեռած մայրը, որպես Ագաթան, որպես տիկին Մալմանը, որպես բժիշկ Մարտինի կինը, որպես տագերկինը, որպես... այո, իհարկե, որպես Աննան, նա էլ ուզում է պատկանել միմիայն նրան, ով որ պսակվել էր իրա հետ։

Հանկարծ նրան այրեց մի միտք՝ իսկ եթե Էմիլը... Նա սարսափեց։ Նա աշխատում էր հեռու վանել այդ միտքը։ Ո՛չ, այդպիսի հանդուգն մտքերով նա չպետք է գնա Վիեննա։

Նա հռչակավոր արտիստ է, իսկ ինքը՝ մի խեղճ այրի, երեխայով։ Ո՞չ, ո՞չ։ Նա մի անգամ էլ կտեսնի Էմիլին... Այո՛, մուզեյում, նիդերլանդցիների մոտ... Մի վերջին անգամ։ Այդպես կասե Էմիլին, որ ինքը ուզում էր միայն տեսնել նրան վերջին անգամ։ Ինքնագոհ ժպիտով Բերտան պատկերացնում է Էմիլի հիասթափ դեմքը և ինքն իր երեսին խիստ արտահայտություն է տալիս։ Բերտան գիտե, թե ի՞նչ կասե նրան։

— Օ, ոչ, Էմիլ, եթե դու այդպես ես կարծում...

Բայց չպետք է չափից դուրս կտրուկ լինել, որ այնպես դուրս չգա, ինչպես այն ժամանակ, տասներկու տարի առաջ, երբ ինքը միանգամից փակեց Էմիլի բերանը։ Էմիլը պետք է խնդրե իրան և երկրորդ և երրորդ անգամ, օ, աստված, նա պիտի խնդրե, մինչև որ, վերջապես, ինքն անձնատուր կլինի։ Նույնիսկ այստեղ, այս առաքինի, ազնիվ մարդկանց մեջ, որոնց թվին ինքն այլևս չի պատկանում, զգում է, որ չի կարողանալու մերժել, եթե Էմիլը պնդե։ Նա գնում է Վիեննա միմիայն նրա համար, որ Էմիլի սիրուհին դառնա, իսկ հետո, եթե հարկավոր լինի, պատրաստ է անգամ մեռնելու։

Մյուս օրը, ճաշից հետո, Բերտան գնաց։ Օրը շոգ էր։ Կաշեպատ նստարանները արևից տաքացել էին։ Բերտան պատուհանը բաց արեց ու իջեցրեց դեղին, վարագույրը, որը քամուց ծածանվում էր, մեկ ներս ընկնում, մեկ՝ դուրս։

Նա մենակ էր։ Նա չէր էլ մտածում այն մասին, թե ո՞ւր է գնում, ո՞ւմ մոտ է գնում և ի՞նչ կարող է պատահել։ Նա շարունակ լսում էր այն տարօրինակ խոսքերը, որ լսել էր հեռանալուդ առաջ։ Նա հաճությամբ կմոռանար այդ խոսքերը գոնե այս մի քանի օրվա համար։ Ինչո՞ւ նա տանը չմնաց ճաշից հետո, այդ մի քանի ժամը, մինչև գնացքի հեռանալը։

Ի՞նչ ներքին անհանգստություն ստիպեց նրան այդ անտանելի [ 89 ]շոգ օրը դուրս գալ փողոց, շուկա և անցնել այն տան մոտով, ուր Ռուպիուսներն էին ապրում։ Ռուպիուսը բալկոնում նստած՝ սպիտակ սալահատակին էր հառել իր հայացքը։ Նրա ծնկներին մի մոխրագույն պլեդ էր գցած, որի ծայրերը պատշգամբի ճաղերի միջից դուրս էին կախվել։ Նրա առջևը, սեղանի վրա, գրաֆինով ջուր էր դրած և սառույց։ Բերտային նկատելով նա նայեց նրան և իր մոտ կանչեց հայացքի աղերսական մի արտահայտությամբ ու գլխի թեթև շարժումով։

Ինչո՞ւ Բերտան հնազանդեց նրա կանչին։ Ինչո՞ւ այն մի հասարակ բարևի տեղ չընդունեց ու չանցավ։

Երբ նա, կարծես, հպատակվելով Ռուպիուսի կանչին, մոտեցավ տան մուտքին, նկատեց, որ մի երախտագիտական ժպիտ լուսավորեց Ռուպիուսի գունատ դեմքը։ Հով կիսամութ սենյակով նա անցավ պատշգամբը և այնտեղ դարձյալ նկատեց Ռուպիուսի դեմքի վրա այդ ժպիտը, երբ նա իրան ձեռքն էր մեկնում։

— Ինչպե՞ս եք,— հարցրեց Բերտան, նստելով սեղանի կողքին, նրա մոտ։

Մի րոպե նա լուռ էր։ Հետո Բերտան նրա դեմքի արտահայտությունից հասկացավ, որ նա մի բան ուզում է ասել, բայց խոսքերը չեն հպատակվում իրան։ Վերջապես նա մի սարսափելի ույժ գործ դրեց և գրեթե ճչալով արտասանեց.

— Նա ուզում է... — Հետո, կարծես, ինքն իր աղաղակեց վախեցած, ավելացրեց բոլորովին կամաց.— ինձ թողնել։ Իմ կինս ուզում է թողնել ինձ։

Բերտան ակամա ետ նայեց։

Ռուպիուսը ձեռքը բարձրացրեց՝ հանգստացնելով նրան.

— Նա մեզ չի լսում, նա քնած է իր սենյակում։

Բերտան բոլորովին շփոթվեց.

— Որտեղի՞ց գիտեք դուք,— ասաց նա։ — Դա անկարելի է...

— Նա ուզում է առժամանակ գնալ... ինչպես ինքն է ասում... առժամանակ... հասկանո՞ւմ եք դուք։

— Այո՛, երևի իր եղբոր մո՞տ:

— Ընդմիշտ է ուզում հեռանալ, ընդմի՜շտ։ Իհարկե, նա հո չի կարող ինձ ասել. «Մնաս բարով, դու այլևս ինձ չես տեսնի»։ Դրա փոխարեն նա ասում է. «Ես ուզում եմ մի քիչ [ 90 ]ճանապարհորդել, ինձ հանգստություն է հարկավոր, ես կուզեի միառժամանակ ծովափին ապրել, լողանալ, ուրիշ օդ ծծել»: Նա, իհարկե, ինձ չի ասում. «Ես ջահիլ եմ, առողջ, ծաղկում եմ, իսկ դու անդամալայծ ես և շուտով կմեռնես, զզվելի է ինձ քո հիվանդությունը և սարսափելի այն, որ սպասում է քեզ մահից առաջ»։ Դրա համար էլ նա ասում է ինձ, «Ես ուզում եմ գնալ միայն կարճ ժամանակով, հետո կվերադառնամ ու կմնամ քեզ հետ»։

Բերտան հուզված ու շփոթված՝ միայն մի բան կարողացավ ասել.

— Անպատճառ դուք սխալ կլինեք։

Ռուպիուսը ծնկներից ցած սողացող պլեդը վեր քաշեց։ Կարծես նա դողում էր։ Խոսակցության ընթացքում քանի գնում՝ նա պլեդը ավելի ու ավելի վեր էր քաշում, և, վերջապես, փաթաթվեց նրանով։

— Ես վաղուց էի նախատեսնում այդ։ Տարիներով ես սպասում էի այդ սարսափելի րոպեին։ Միտք արեք, տեսե՛ք՝ ինչ կյանք էր դա՝ նախատեսնել, լինել անօգնական և լռել, լռել։ Ինչո՞ւ եք ինձ այդպես նայում։

— Ոչինչ,– պատասխանեց Բերտան շփոթված և դեպի հրապարակը նայեց։

— Ներեցեք, որ ես ձեր առաջ խոսք բացի այդ մասին: Ես չէի ուզում, բայց երբ տեսա, որ դուք անցնում եք... Դեհ, շնորհակալություն, որ լսեցիք։

— Ի՞նչ եք ասում,— բացականչեց Բերտան և ակամա ձեռքը նրան պարզեց, բայց Ռուպիուսը չնկատեց այդ, և նա ձեռքը սեղանին դրեց։

— Հիմա ամեն ինչ վերջացած է,— շարունակեց Ռուպիուսը։ — Ինձ այժմ միայն մենությունն է մնում և դրա հետ՝ մյուս սարսափները։

— Բայց ախր ձեր կինը... նա սիրում է ձեզ... Ես համոզված եմ, որ դուք իզուր եք անհանգստանում։ Ամենից լավն այն կլիներ, եթե խնդրեիք, որ նա հրաժարվի իր այդ ճանապարհորդությունից։

— Խնդրե՞լ,— ասաց նա գոռոզությամբ։ — Արդյոք ես իրավունք ունե՞մ այդ անելու։ Առանց այդ էլ այս վեց-յոթ տարվա միասին անցկացրած կյանքը մի ողորմություն էր [ 91 ]ինձ նրա կողմից։ Ինքներդ դատեցեք. բոլոր այդ յոթը տարվա ընթացքում ոչ մի հառաչ չի դուրս թռել նրա շրթունքներից իր խորտակված երիտասարդության համար։

— Նա սիրում էր ձեզ,— ասաց Բերտան,— ուրեմն՝ այստեղ ոչ ողորմություն կա, ոչ զոհաբերում։

Ռուպիուսը երկար նայում էր նրան։

— Ես գիտեմ՝ ինչ կուզեիք ասել դուք։ Բայց չեք վստահում ասել։ Բայց ձեր ամուսինը գերեզմանում է հանգստանում և ոչ թե ամեն գիշեր ձեզ հետ քնում։

Նա աչքերը ուղղեց վեր, կարծես երկնքին անեծք էր ուղարկում։

Ժամանակը անցնում էր։ Բերտան իր գնալու մասին էր մտածում։

— Ե՞րբ է գնում ձեր կինը,— հարցրեց նա։

— Դրա մասին դեռ խոսք չի եղել։ Գուցե ես շա՞տ պահեցի ձեզ։

— Ոչ, ոչ, միայն... Մի՞թե Աննան ձեզ չի ասել։ Ես այսօր Վիենա եմ գնում։

Նա մինչև մազերի արմատները կարմրեց։ Ռուպիուսը մի երկարատև հայացքով զննեց նրան։ Թվում էր, թե նա ամեն ինչ հասկացավ։

— Երբ կվերադառնաք դուք,— հարցրեց նա չոր եղանակով։

— Երկու-երեք օրից։

Բերտան ուզում էր ասել Ռուպիուսին, որ նա սխալվում է, որ բնավ այն մարդու մոտ չի գնում, որին սիրում է, որ այն ամենը, ինչ վիրավորում է նրան, կեղտոտ ու ստոր բաներ են, որ կանանց բոլորովին չի զբաղեցնում։ Բայց նա խոսք չէր գտնում և լուռ էր։

— Եթե դուք երկու-երեք օրից դառնաք, կինս դեռ այստեղ կլինի։ Ուրեմն՝ բարի ճանապարհ, ողջ եղեք։

Բերտան զգում էր իր վրա նրա հայացքը, երբ մութ, վարագուրված սենյակն էր անցնում և երբ հրապարակ դուրս եկավ։

Եվ այժմք կուպեի մեջ նստած՝ Բերտան դեռ տեսնում էր նրան, լսում էր այն խոսքերը, որոնց մեջ այնքան խոր վիշտ էր հնչում, այնքան խոր, որ ինքը մինչև այժմ երևակայել [ 92 ]անգամ չէր կարող։ Այդ հիշողության ծանրությունը ավելի զորեղ էր, քան առաջիկա խնդության սպասումը։ Եվ քանի մոտենում էր նա մեծ քաղաքին, այնքան ավելի ծանրանում էր սիրտը։ Նա մտածում էր առաջիկա մենավոր երեկոյի մասին և իրան այնպես էր զգում, կարծես օտար երկիր էր գնում, դեպի մի անհայտություն, առանց որևէ հույս ունենալու։ Նամակը, որ դեռ պահում էր կորսետի տակ, այժմ կորցրել էր իր հմայքը, այժմ դա մի հասարակ, ծայրերը մաշված թղթի կտոր էր, որ խշխշում էր զգեստի տակ։ Նա աշխատում էր հիշողության մեջ հարուցանել Էմիլի պատկերը։ Նրա առաջ անցնում էին Էմիլին նման դեմքեր, սակայն հենց որ նրան թվում էր, թե ահա նա գտավ իսկականը, դեմքը օդն էր ցնդում, կորչում մշուշի մեջ։ Նա սկսում էր տարակուսել գուցե չպե՞տք էր այսօր գնալ։ Ավելի լավ չէ՞ր լինի՝ սպասել մինչև երկուշաբթի։ Նրան տանջում էր այն միտքը, որ տեսակցության է գնում, որ գնում է մի մարդու մոտ, որին տասը տարի է՝ չէ տեսել, որը, գուցե, վաղը տեսնելու է մի կնոջ, որ իր սպասածին բոլորովին նման չէ։ Ահա թե ինչն էր, որ անհանգստացնում ու շփոթեցնում էր Բերտային։ Նա այժմ հասկանում է այդ։ Այդ նամակը, որ արդեն սկսել էր քերծել իր քնքույշ կաշին, գրած էր այն քսան տարեկան Բերտային և ոչ թե սրան։ Չէ՞ որ Էմիլը չգիտե, թե ինչ տեսք ունի Բերտան այժմ։

Իզուր էր աշխատում նա համոզել ինքն իրան, որ իր դեմքի գծերը կուսական-մաքուր են մնացել, ինչպես առաջ էին, որ իր ամբողջ կերպարանքը նույն գծագրությունն է պահպանել, որ ուներ պատանության տարիներում, միայն այժմ նա ավելի շքեղ է։ Սակայն, այնուամենայնիվ, նա կարող է հանկարծ նկատել փոփոխություններ, որոնք տեղի են ունեցել այդ ժամանակի ընթացքում և աննկատելի են իր՝ Բերտայի համար։

Կլոշտեռնեյբուրգ։ Նրա ականջին ջահիլ, թարմ ձայներ հասան և ինչ-որ ոտնաձայն։ Նա լուսամուտից դուրս նայեց։ Աշակերտների մի խումբ էր, որ ծիծաղելով ու բարձր խոսելով՝ վագոններն էր մտնում։ Նա ակամա հիշեց իր եղբայրներին, որոնք մանուկ հասակում վերադառնում էին գյուղական էքսկուրսիաներից։ Եվ հանկարծ նրա աչքերի առջև կանգնեց [ 93 ]այն կապույտ սենյակը, ուր նրանք քնում էին այդ ժամանակ։

Նրան մի ահ տիրեց, ամբողջ մարմնովը մի դող անցավ, երբ մտածեց, որ արդեն անհետացել է ամբողջ անցյալը, մեռել են այն մարդիկ, որոնք իրան այս աշխարհ են բերել, այն մարդիկ, որոնց հետ ինքը ապրել է տարիներ, օր ավուր իրար հետևից, կտրվել են այն կապերը, որ, կարծես, անքակ պիտի մնային առմիշտ։ Որքան արագասահ, անցողական է ամեն ինչ։ Իսկ նա՞... Նա իրան այնպես է գրել իր նամակը, կարծես ոչինչ չի փոխվել այդ տասը տարվա ընթացքում, կարծես այդ ժամանակի ընթացքում չի եղել ոչ մի թաղում, ոչ մի ծնունդ, ոչ վիշտ, ոչ հիվանդություն, ոչ հոգս, այլ, ընդհակառակը, գոնե նրա համար այնքա՜ն երջանկություն և փառք է բերել կյանքը։

Բերտան ակամա գլուխն օրորեց։ Նրա հոգու մեջ ներս սողաց մի շփոթմունք այդ բոլոր խորհրդավոր ու անհասկանալի բաների ճնշման տակ։ Եվ նույնիսկ գնացքի դղրդյունը նրան տխրության մի երգ էր թվում, թեպետ այդ գնացքը իրան դեպի չճաշակված տպավորություններ էր սլացնում։ Նա այն վաղ ժամանակի մասին էր մտածում, երբ ինքը ապրում էր հանգիստ ու գոհ իր վիճակից, ազատ ցանկություններից, ափսոսանքից, շփոթմունքից։ Ինչպե՞ս այդ հորձանքը անակնկալ հարձակվեց իր վրա։ Նա չէր կարողանում հասկանալ այդ։

Գնացքը քանի գնում՝ ավելի ու ավելի արագ էր շարժվում։ Դեմուդեմը կարծես ինչ-որ անդունդի վրա բարձրանում է մեծ քաղաքի ծուխը։ Բերտայի սիրտը սկսեց բաբախել։ Նրան թվում էր, թե իրան սպասում է մի անորոշ, անասելի բան, որը պատրաստ է իրան կուլ տալու, ինչ-որ հարյուր ձեռանի բան, որ պատրաստ է իրան բռնելու։ Կարծես ամեն տուն, որի մոտով նա անցնում էր, գիտեր, թե ինչի համար է գնում ինքը։ Մայրամուտի արևը, որ փայլում էր տանիքների վրա, ուղիղ նրա վրա էր նայում, երբ գնացքը կանգ առավ կայարանի մոտ։ Նա զգաց, որ արդեն կորած է։

Հիմա նա զգաց, որ Վիեննա է հասել, որը իր Վիեննան է, իր ջահիլության, իր երազների քաղաքը, իր հայրենիքը։ Մինչև հիմա այդ մասին նա չէր մտածել։ Տնից չի եկել նա,այլ տուն։ Կայարանի իրարանցումը, կառքերիր գռգռոցն ու [ 94 ]մարդիկ զվարթացրին նրան, և տխրությունն իսկույն անհետացավ։

Ահա կանգնած է նա, ջահիլ, սիրուն Բերտա Գարլանը, այս ջերմ մայիսյան երեկոյին Վիեննայում, Ֆրանց-Հովսեփի կայարանում։ Նա ազատ է և ոչ ոքին պարտավոր չէ հաշիվ տալու իր վարմունքների համար։ Իսկ վաղը նա նորից կտեսնի այն միակ մարդուն, որին նա մի ժամանակ սիրել է, իր սիրածին, որը իրան կանչել է այստեղ։

Նա իջևանեց կայարանին մոտ գտնվող մի փոքրիկ հյուրանոցում։ Նա վճռել էր ոչ այնքան շքեղ տեղ իջևանել, նախ՝ այն պատճառով, որ դա էժան կնստի, և հետո, որովհետև նա քաշվում էր էլեգանտ սպասավորներից ու ծառաներից։ Նա երրորդ հարկում ընտրեց մի սենյակ, որի լուսամուտները փողոց էին նայում։ Սպասուհին փակեց լուսամուտն ու թարմ ջուր բերեց։ Ծառան նրա սնդուկը վառարանի մոտ տեղավորեց, ապա սպասավորը բերեց այն գիրքը, ուր գրվում էին եկող-գնացողների անունները։ Բերտան անբասիր մարդու վստահությամբ գրեց իր անունն այդ գրքում։ Նա ինքն իրան թեթև ու ազատ էր զգում։ Ոչ մի բան չէր հիշեցնում նրան ընտանեկան հոգսերը, ոչ մի պարտականություն չկար նրա վրա, չկային պարտավորյալ խոսակցությունները ազգականների ու ծանոթների հետ։ Նա կարող էր այս երեկո անել ինչ և կամենար։

Նա հագուստը փոխեց, ապա բաց արեց պատուհանը։ Պետք էր արդեն մոմը վառել, բայց փողոցում դեռ բոլորովին չէր մթնել։ Նա պատուհանին ընկած՝ սկսեց ցած նայել։ Նորից մտաբերեց իր մանկությունը։ Ահա հենց այդպես նայում էր ինքը պատուհաններից, և այդ ժամանակ իր եղբայրներից որևէ մեկը ետևից մոտենում էր, ձեռները դնում էր ուսերին և իր գլխի վրայով դուրս նայում։ Նա մտաբերեց իր ծնողներին։ Նրանք այնքան կենդանի պատկերացան, որ նրա աչքերը արցունքով լցվեցին։

Ներքևում լապտերները վառվեցին։ Պետք էր մի բան ձեռնարկել։ Հանկարծ նրա միտքն ընկավ, որ վաղը այս ժամին... Նա չէր կարողանում երևակայել այդ։ Այդ րոպեին պատուհանի տակից մի կառք անցավ, որի վրա մի կին ու մի տղամարդ էր նստած։ Եթե ամեն ինչ իր ասածի պես լիներ, վաղը [ 95 ]նա էլ Էմիլի հետ քաղաքից դուրս զբոսանքի կգնար։ Դա մի փառահեղ բան կլիներ։ Լավ կլիներ նստել մի տեղ, այգում, ռեստորանում, ձեռք-ձեռքի տված, սեղանի կողքին, ջահիլ սիրահարների պես, իսկ հետո տուն վերադառնալ և...

Ոչ, ավելի լավ է՝ դրա մասին չմտածել։ Արդյոք ո՞ւր է այժմ Էմիլը։ Մենա՞կ է արդյոք։ Թե՞, մեկի հետ նստած, խոսում է։ Ո՞ւմ հետ։ Տղամարդո՞ւ, թե՞ կնոջ կամ աղջկա։ Սակայն ինձ ի՞նչ։ Իրա համար դա նույնպես նշանակություն չունի, ինչպես Էմիլի համար այն, որ երեկ Կլինգեմանը իր սերն էր հայտնում իրան, որ տագերոջ որդին, այդ հանդուգն տղան, իրան երբեմն համբուրում է, որ ինքը այդքան խոր հարգանք է տածում դեպի պարոն Ռուպիուսը։ Վաղը ինքը նրան ամեն ինչ կհարցնե։ Ամեն ինչ պարզ պիտի լինի նրանց մեջ, նախքան... Դեհ, աստված իմ, նախքան նա էր հետ քաղաքից դուրս զբոսանքի կգնա։

Ուրեմն պետք է դուրս գալ։ Բայց ո՞ւր գնալ։ Դռան առաջ նա անվստահորեն կանգ առավ։ Միայն մի քիչ կարելի էր զբոսնել, իսկ հետո ընթրել։ Սակայն որտե՞ղ։ Կի՜ն, մենա՜կ... Ոչ, նա այստեղ կընթրե, հյուրանոցում, իր սենյակում և վաղ կպառկի, որ մի լավ քունն առնե ու վաղը ջահիլ, թարմ ու սիրուն երևա։ Նա իր սենյակի դուռը փակեց ու դուրս եկավ փողոց։

Նա գնաց քաղաքի կենտրոնական մասը։ Արագ-արագ էր առաջ անցնում փողոցներով, որովհետև նրան անախորժ էր մենակ ման գալը։ Շուտով նա Ռինգ հասավ և անցավ համալսարանի կողքից ու հասավ մինչև քաղաքային խորհրդարանը։ Սակայն աննպատակ զբոսանքը նրան հաճույք չէր պատճառում։ Նա շատ ձանձրացավ և քաղց զգաց։ Ձիաքարշ նստեց և եկավ տուն։ Չէր ուզում իսկույն սենյակը բարձրանալ։ Նա դեռ փողոցից նկատեց, որ հյուրանոցի սեղանատունը հազիվ է լուսավորված, և այնտեղ մարդ չկա։ Բերտան այնտեղ ընթրեց և հոգնած, քնկոտ՝ դժվարությամբ վեր բարձրացավ իր սենյակը։ Երբ անկողնի վրա նստած՝ նա իր ոտնամանների կապերն էր քանդում, հարևան գմբեթի վրա ժամացույցը տասը խփեց։

Մյուս օրը արթնացավ թե չէ՝ նա պատուհանի մոտ վազեց, ետ քաշեց վարագույրը ու աղմուկով ու լույսով արբած՝ [ 96 ]դուրս էր նայում։ Արևոտ ու հրաշալի առավոտ էր, օդը պարզ էր ու այնքան մաքուր, կարծես հազարավոր աղբյուրներից էր այստեղ հավաքել, շրջապատի լեռներից ու անտառներից։ Լավ եղանակը Բերտային լավ նշան երևաց։ Այժմ նա զարմանում էր, որ այնքան անհամ անցկացրեց երեկվա երեկոն։ Կարծես նա չգիտեր, թե ինչի համար է Վիեննա եկել։

Նա զգում էր որ իր տրամադրությունը նրա համար է այսքան լավ, որ գալիք երջանկությունից նա այլևս չի բաժանվում մի գիշերով. նրան տարօրինակ էր թվում, որ իր առաջին անգամ եկած ժամանակ չփորձեց Էմիլին գտնել, որ այդ անցած երկար ամիսների ու տարիների ընթացքում բոլորովին չէր մտածում Էմիլի մասին։ Առաջ նա գլխի չէր ընկնում, որ այդպես է, և այժմ, երբ հիշեց, որ ինքը գրեթե երբեք չէր մտածում էմիլի մասին, դա ապշեցրեց իրան։

Այսօր, չորս ժամից, վերջապես կտեսնի նրան։ Բերտան նորից անկողին մտավ և բաց աչքերով շշնջում էր՝ «Եկ շուտով» և, կարծես, այդ երկու խոսքով նա ինքն իրան օրորում էր։ Նրան թվում էր, որ այդ ինքը չի ասում, այլ Էմիլն է կանչում այդպես, ահա այստեղ, մոտիկ, հենց այս սենյակում։ Եվ նրան թվում էր, որ իր սիրածի շրթունքներն ահա իր շրթունքներին են դիպչում։ «Եկ շուտով»,— շշնջում էր նա, բայց դա նշանակում էր՝ «Իմը եղիր, իմը եղիր»։ Բերտան բաց էր անում գիրկը, պատրաստ իր սիրածին կրծքին սեղմելու և մի կրքոտ արբեցումով շշնջում էր. «Ես սիրում եմ քեզ», և նրան օդային համբյուրներ էր ուղարկում։

Վերջապես նա վեր ելավ ու հագնվեց։ Այս անգամ նա մոխրագույն, հասարակ հագուստն էր առել հետը, որ, ընդհանուր կարծիքով, նրան շատ էր սազում։ Եվ հագնվելով՝ նա ինքն իրանից շատ գոհ մնաց։ Ճիշտ է, նա էլեգանտ վիեննացի տիկնոջ նման չէր, բայց և էլեգանտ գավառացի կնոջ էլ չէր նմանում։ Ավելի շուտ նրան իշխանական կամ կոմսական տան դաստիարակչուհու տեղ կարելի էր ընդունել։ Եվ իրոք, նրանում աղջկային մի բան կար։ Ոչ ոք չէր ասի, թե նա տիկին է, հինգ տարեկան որդու մայր։ Եվ ճշմարիտ որ,— մտածեց Բերտան,— չէ՞ որ ինքը բոլոր այդ ժամանակի ընթացքում ջահիլ աղջկա պես էր ապրում։ Դրա համար էլ այսօր նա իրան հարսնացու էր զգում։ [ 97 ]Ժամը ինն է։ Դեռ երկու երկար ժամ կա։ Ի՞նչ պիտի անե նա այստեղ։ Հրամայեր, որ իրան սուրճ տան, նստեց սեղանի մոտ ու առանց շտապելու խմեց։ Այլևս միտք չկա սենյակում մնալու, լավ է՝ դուրս գալ փողոց։ Նա դուրս եկավ ու երկար ման էր գալիս քաղաքի ծայրում։ Քամին մի դուրեկան շոյանքով գգվում էր իր երեսը։ Արդյոք ի՞նչ է անում այժմ նրա որդին։ Երևի խաղում է Էլլիի հետ։ Բերտան գնաց քաղաքային այգին։ Դուրեկան էր տեսնել նորից այն ծառուղիները, ուր վազվզում էր ինքը մանկության օրերում։ Նա այգին մտավ բուրգ-թատրոնի դմիացի մուտքից։ Շատ էր վաղ, զբոսնողները սակավաթիվ էին։ Ավազի վրա խաղում էին երեխաները, իսկ նստարանների վրա նստել էին երաժիշտները։ Բոլորովին փոքրիկ աղջիկները վազվզում էին Թեզեյի տաճարի սանդուխտի վրա, սյուների մեջ։ Ստվերաշատ ծառուղիներում զբոսնում էին մի քանի հասակավոր մարդիկ։ Մի քանի երիտասարդ, որոնք նստած էին և տետրակներից ինչ–որ բան էին սովորում, տիկիններ կային, որոնք հովասուն ծառերի տակ գիրք էին կարդում։

Բերտան նստեց ու դիտում էր, թե ինչպես երկու փոքրիկ աղջիկ թռչում են թելի վրայով։ Դա իր սիրած զբաղմունքն էր մանկության ժամանակ, և այժմ նրան թվաց, որ աղջիկները նույն տեղում են խաղում։

Թեթև քամու հոսանքը անցնում էր ծառերի կատարների վրայով, հեռվից գալիս էր երեխաների ծիծաղն ու իրար ետևից վազվզող, իրար բռնող մանուկների ճիչը։ Հնչյունները մոտենում էին և, վերջապես, մանուկները խմբով անցան Բերտայի մոտից։ Մի երիտասարդ երկար պալտո հագած մարդ անցավ և ետ դարձավ, նայեց նրան։ Դա հաճելի էր Բերտային։ Ահա էլի երկու հոգի անցան, մի տղամարդ և մի կին, նոտաների կապոցը ձեռքին։ Կինը շատ գեղեցիկ էր, բայց տուալետը աչք էր ծակում։ Տղամարդը մաքուր ածիլված էր, բայց ամռան հագուստ էր հագած և ցիլինդր էր դրել: Բերտան մտքում վճռեց, որ դա դերասան է, իսկ կինը՝ որևէ երաժշտական դպրոցի ուսանողուհի։ Ինչ դուրեկան է նստել այստեղ աննպատակ և դիտել, թե ինչպես անցնում են հասակավորները, վազվզում ու խաղում փոքրիկները։ [ 98 ]Այո՛, ի՜նչ լավ է ապրել Վիեննայում, լինել անկախ, անել այն, ինչ ուզում ես։ Բայց ո՞վ գիտե, բախտը ի՞նչ կտնօրինե, ի՞նչ կբերե իրան գալիք ժամը, ի՞նչ կերպարանք կընդունե կյանքը այս երեկո։ Ի՞նչն է ստիպում իրան այն փոքրիկ քաղաքում ապրելու։ Նա այնտեղ դասե՞ր է տալիս։ Բայց այստեղ էլ կարող է դասեր ունենալ։ Իսկապե՞ս, ինչո՞ւ չի կարող որ։ Այստեղ դասերը ավելի լավ էլ են վարձատրվում և... ի՜նչ զուգադիպություն... եթե նա օգնության գա իրան, եթե նա, հռչակավոր երաժիշտը, հանձնարարե... բավական է նրա մի խոսքը։ Արդյոք չի՞ կարելի խոսել այդ մասին Էմիլի հետ։ Դա Ֆրիցի համար էլ լավ կլիներ։ Մի երկու-երեք տարուց նա գիմնազիա պիտի մտնի, և, ի՞նչ խոսք, որ այստեղ սովորելն ավելի լավ է, քան այնտեղ։ Վերջապես, հո չի՞ կարող ինքը ամբողջ կյանքն այդ փոքրիկ քաղաքում անցկացնել։ Միևնույն է, շուտով պետք է Վիեննա տեղափոխվել։ Այո, նույնիսկ եթե այստեղ ստիպված լինի զրկանք կրել, այստեղ... իսկ, ո՞վ գիտե, գուցե... իզուր է աշխատում Բերտան իրան չորս կողմից պաշարող մտքերը հեռու վանել։ Եթե Էմիլը հավանի իրան... եթե նա իրան... եթե նա դեռ սիրում է իրան, եթե դեռ չի դադարել սիրելուց... իսկ եթե ամուսնանա՞ իր հետ։ Պետք է զգույշ լինել, զսպել ինքզինքը, աշխատել նրա սիրտը գրավել... Բերտան ամաչեց ինքն իր նենգամտությունից։ Միթե դա վատ է։ Չէ՞ որ ինքը սիրում է նրան։ Երբեք. երբեք նա բացի Էմիլից ուրիշին չի սիրել։ Մի՞թե նրա նամակի տոնը իրավունք չի տալիս իրան այդ մասին մտածելու։ Բերտայի միտքն ընկավ հանկարծ, որ մի քանի րոպեից պիտի տեսնի նրան։ Նրա աչքերը մթնեցին, և նա օրորվելով, վեր ելավ։ Այգուց դուրս գալիս՝ նա աչքից կորցրեց այն զույգին, որ նոր անցավ իր մոտով։ Նա նույն կողմը ծռվեց։ Ուղիղ նրա դիմացը բարձրանում էր մուզեյի շողշողուն գմբեթը։ Նա կամաց էր գնում, որ Էմիլին հանդիպելիս հուզված կամ շնչակտուր չերևա։ Հանկարծ մի միտք խայթեց նրա սիրտը։ Իսկ եթե նա չգա՞։ Ահ, աստվա՜ծ, միևնույն է, ինչ էլ որ լինի, այս անգամ ինքը Վիեննայից չի հեռանա առանց նրան տեսնելու։ Գուցե ավելի լավ կլիներ, եթե Էմիլը այսօր չգա՞ր։ Այնպես հուզված է։ Իսկ եթե ինքը մի որևէ հիմար [ 99 ]բան ասե՞։ Մինչդեռ այնքա՜ն բան է կախված այդ հանդիպումից, գուցե նույնիսկ իր ամբողջ ապագա՜ն։

Նա արդեն մուզեյի առջևն է։ Բարձրանում է սանդուխտն ու մտնում մեծ ու հով նախասենյակը։ Նրա առաջ մի ահագին սանդուխտ կա, որ երկու կողմ է տանում, և այդ բաժանումի կետում բարձրանում է Թեզեյի հրաշալի մարմարե արձանը։ Բերտան դանդաղորեն վեր է բարձրանում, չորս կողմն է նայում, մի քիչ հանգստանում է։ Շուրջը տիրող վեհությունը ճնշում է նրան։ Նա վեր է նայում ոսկեպատ վերնահարկին, գմբեթի շուրջը պատող սյուներին ու ճաղերին։ Ամեն ինչ հանդարտվում է նրա մեջ։ Ահա դուռը։ Վրան ոսկե տառերով գրված է «Նիդերլանդական դպրոց»։ Նրա սիրտը մի պահ դադարում է խփելուց։

Նրա առաջ մի ահագին դահլիճ է։ Նա տեսնում է նկարների առջև կանգնած այցելուների խմբեր։ Ներս է մտնում առաջին դահլիճը, կանգնում առաջին նկարի մոտ և ուշադրությամբ նայում է նրան։ Մտաբերում է Ռուպիուսի ալբոմը:

Հանկարծ լսում է.

— Բարև՛, Բերտա...

Դա նրա ձայնն է։

Բերտան շուռ եկավ։ Նրա առաջ կանգնած էր Էմիլը. ջահիլ, նրբակազմ, ազնիվ դեմքով, մի քիչ գունատ, թեթև կիսահեգնական ժպիտը շրթունքներին։ Նա գլուխ տվեց Բերտային և նրա ձեռքը բռնած պահում էր իր ձեռքի մեջ։

Նա այստե՜ղ է, և Բերտային թվում է, որ նրանք երբեք չէին էլ բաժանվել։

— Բարև, Էմիլ,— ասում է նա, և նրանք երկար ու լուռ նայում են միմյանց աչքերին։ Էմիլի աչքերում գոհունակություն է փայլում, գգվանք և մի ուրիշ, ինչ-որ զննող բան։

Բերտան նկատում է այդ և նայում է նրան երջանկությամբ լի աչքերով։

— Դեհ, մի ասա՝ ինչպե՞ս ես,— հարցնում է Էմիլը։

— Լավ եմ։ [ 100 ]— Սակայն, իհարկե, տարօրինակ է ութ-ինը տարի բաժանված լինելուց հետո դրա մասին հարցնելը։ Երևի շատ լավ ու վատ բան անցած կլինի գլխովդ։

— Ճիշտ է։ Գիտե՞ս, իմ ամուսինը մեռավ սրանից երեք տարի առաջ,— ասաց Բերտան և իր պարտքը համարեց այդ ասելիս՝ տխրամած դեմք ընդունել։

— Գիտեմ։ Գիտեմ նաև, որ դու որդի ունես։ Ո՞վ ասաց ինձ դրա մասին։

— Ո՞վ։

— Լավ, հետո կմտաբերեմ։ Բայց ինձ համար սա նորություն է, որ դու նկարներով ես հետաքրքրվում։

Բերտան ծիծաղեց։

— Ճիշտն ասած, սա բացառապես նկարների համար չէր։ Սակայն դու ինձ բոլորովին հիմարի տեղ մի դնիր։ Ես նկարչությամբ էլ եմ հետաքրքրվում։

— Ես էլ։ Անկեղծ ասած, ես կգերադասեի նկարիչ լինել։

— Դու կարող էիր բավականանալ և նրանով, ինչ ես։

— Դեհ, դա մի խոսքով չի կարելի արտահայտել։ Իհարկե, ինձ հաճելի է, որ ես ջութակ ածել գիտեմ, բայց ախր դրանից ի՞նչ է մնալու։ Եթե ես մեռնեմ, իմ անունը ինձնից հետո երկար չի ապրի։ Իսկ սա,— ասաց նա՝ պատկերը ցույց տալով,— սա ուրիշ բան է։

— Դու չափից դուրս փառասեր ես։

Նա անտարբեր հայացքով նայեց Բերտային։

— Փառասե՞ր։ Դա այնքան էլ պարզ ու հասարակ բան չէ, սակայն թողենք այդ։ Տարօրինակ է այդքան տարի բաժանված լինելուց հետո արվեստին վերաբերյալ տեսական խոսակցությամբ զբաղվել։ Ավելի լավ է՝ դու մի բան պատմիր, Բերտա։ Ի՞նչ ես անում։ Ինչպե՞ս ես ապրում։ Ինչպե՞ս գլխի ընկար այդ հիմար շքանշանի համար ինձ շնորհավորելու։

Բերտան կրկին ծիծաղեց։

— Ես ուզում էի մի անգամ էլ քեզ նամակ գրել, որ տեղեկանամ քո մասին։ Շատ սիրալիր էր քո կողմից, որ ինձ իսկույն պատասխանեցիր։

— Ի՞նչ սիրալիրություն կա այստեղ։ Ես այնքա՜ն, ուրախացա։ [ 101 ]Երբ քո նամակն եկավ, ես իսկույն ճանաչեցի ձեռքդ։ Քո ձեռագիրը մինչև այժմ նույն դպրոցական ձեռագիրն է, ինչպես... դեհ, ասենք, ինչպես հին, լավ ժամանակներում էր, թեև ես այդ տեսակ խոսքեր չեմ սիրում։

— Ինչո՞ւ,— Բերտան մի քիչ զարմացած։

Էմիլը թեթև կերպով նայեց նրան ու արագ շարունակեց.

— Դեհ, ուրեմն, ինչպե՞ս ես դու։ Երևի սաստիկ ձանձրալի և տխուր էիր անցկացնում ժամանակդ։

— Ժամանակ չէր լինում ձանձրանալու և տխրելու,— պատասխանեց Բերտան լրջորեն։ — Ես դասեր եմ տալիս։

— Օ՜,— բացականչեց Էմիլը մի այնպիսի կարեկցական եղանակով, որ Բերտան կարիք զգաց իսկույն ավելացնելու.

— Ոչ թե անհրաժեշտ կարիքից ստիպված, այլ... — Նա կանգ առավ, զգալով, որ ամենից լավ է՝ բոլորովին անկեղծ լինել նրա հետ... – Այն, ինչ ես ունեմ, իմ կենսական պետերը հազիվ թե գոհացներ։

— Իսկ ի՞նչ դասեր ես տալիս դու։

— Մի՞թե ես քեզ չասի, որ դաշնամուրի դասեր...

— Դաշնամուրի՞։ Հա, ուղիղ որ... Դու շատ ընդունակ էիր, թե դու այն ժամանակ չթողնեիր.. Գիտես, դու երբեք մեծ դաշնակահարուհի չէիր դառնա, բայց որոշ բաներ անպայման շնորհքով կնվագեիր։ Օրինակ՝ Շոպենի, Շումանի մանր բաները շատ գեղեցիկ էիր նվագում։

— Դու դեռ հիշո՞ւմ ես։

— Սակայն դու ավելի լավ վիճակ ընտրեցիր։

— Ինչպե՞ս թե։

— Դեհ, եթե չի կարելի լիովին իշխել, լավ է մի ամուսին ընտրել և երեխաներ ունենալ։

— Ես միայն մի որդի ունեմ։

Էմիլը ծիծաղեց։

— Պատմիր ինձ մի բան քո այդ միակ որդու մասին և գլխավորապես ինձ մանրամասն նկարագրիր քո կյանքը։

Նրանք նստեցին Ռեմբրանդտի նկարների փոքրիկ դահլիճում, բազմոցի վրա։

— Ի՞նչ կարող եմ պատմել քեզ իմ կյանքից։ Դա բոլորովին [ 102 ]հետաքրքրական չէ։ Ավելի լավ է՝ դու պատմես քո մասին։ — Նա նայում էր Էմիլին հիացմունքով։

— Քո կյանքը փայլուն է, դու այնքան հռչակավոր մարդ ես։

Էմիլը տհաճությամբ շարժեց շրթունքները։

— Իհարկե,— շարունակում էր Բերտան առանց շփոթելու։ — Ես դեռ նորերս քո նկարը տեսա մի պատկերազարդ լրագրում։

— Այո՛, այո՛,— ասաց նա անհամբերությամբ։

— Ես հո վաղուց նախագուշակում էի այդ,— շարունակում էր Բերտան։ — Հիշո՞ւմ ես, ինչպես էիր դու քննության ժամանակ նվագում Մենդելսոնի համերգը։ Այն ժամանակ բոլորը նույնն էին ասում։

— Բավական է, բալիկ։ Դադարենք միմյանց կոմպլիմենտներ ասելուց։ Ի՞նչ մարդ էր քո հանգուցյալ ամուսինը։

— Մի ազնիվ, լավ մարդ էր։

— Դու գիտե՞ս, որ ես քո հորը հանդիպեցի նրա մահվանից մոտ ութ օր առաջ։

— Այո՞։

— Դու չգիտե՞ս այդ։

— Նա ինձ ոչինչ չի պատմել։

— Մենք մի քառորդ ժամ զրուցեցինք փողոցում կանգնած։ Ես այն ժամանակ իմ առաջին արտիստական ճանապարհորդությունից նոր էի վերադարձել։

— Ո՛չ մի խոսք չի պատմել նա ինձ այդ մասին, ո՛չ մի խոսք։ — Բերտան խոսում էր գրեթե զայրացած, կարծես հոր լռությունը ազդել էր իր հետագա վիճակի վրա։ — Ինչո՞ւ դու այն ժամանակ չեկար մեզ մոտ։ Ինչո՞ւ դու հանկարծ դադարեցիր մեզ մոտ լինելուց քո այդ հանդիպումից դեռ շատ առաջ։

— Հանկա՞րծ։ Ոչ, աստիճանաբար,— ասաց Էմիլը մի տևական ու զննող հայացքով նրան ոտքից-գլուխ չափելով։

Բերտան նկատեց այդ և ակամա հագուստն ուղղեց, որ ոտքերը չերևան, իսկ ձեռքերը ամուր սեղմեց կրծքին, կարծես այդ հայացքից պաշտպանվելու համար։ [ 103 ]— Իսկ ինչպե՞ս դու մարդու գնացիր։

Բերտան ամեն ինչ մանրամասն պատմեց։ Էմիլը կարծես թե ուշադրությամբ էր լսում նրան, բայց մինչդեռ Բերտան պատմում էր, նա վեր ելավ ու պատուհանից դուրս էր նայում։ Երբ պատմությունը վերջացրեց, Բերտան իր ծնողների մասին խոսք բացեց՝ մտաբերելով նրանց բարի, սրտագին հարաբերությունները։

Էմիլը նրա խոսքը կտրեց՝ ասելով.

— Քանի որ մենք այստեղ ենք, ուզո՞ւմ ես մի քանի պատկեր նայենք։

Նրանք դանդաղ անցան դահլիճը, նկարների առաջ կանգ սռնելով։

Բերտան երբեմն նկատողություններ էր անում։

— Հրաշալի է, շատ լավ է։

Էմիլը գլխով էր անում։

Մերթ ընդ մերթ Բերտային թվում էր, որ Էմիլը բոլորորին մոռացել է իր գոյության մասին։ Նա նախանձ ու խանդոտություն էր զգում դեպի այդ նկարները, որ այնպիսի՜ հետաքրքրությամբ դիտում էր Էմիլը։ Պատահմամբ նրանք կանգ առան այն նկարի առջև, որի ընդօրինակումը Բերտան տեսել էր Ռուպիուսի ալբոմում։ Էմիլը ուզում էր անցնել այդ պատկերի մոտով։ Բերտան կանգ առավ, նայելով պատկերին, որպես մի հին ծանոթի։

— Գեղեցիկ է,— բացականչեց նա։ — Շա՜տ լավ է: Այնպես չէ՞, Էմիլ։ Եվ, առհասարակ, ես սիրում եմ Ֆալկենբորգի նկարները։

Էմիլը մի ցրված հայացք նետեց Բերտայի վրա։

Բերտան շփոթվեց և արագ-արագ շարունակեց.

— Նրանց մեջ այնքան շատ բան կա... Ամբողջ կյանք է... ամբողջ բնությունը... — Նա զգաց, որ ինչ-որ անազնիվ բան էր անում, մեկից բան է գողանում, մեկից, որը չի կարող պաշտպանվել և, ասես զղջալով, ավելացրեց.— մեր քաղաքում մի հիվանդ մարդ է ապրում, որը մի ալբոմ ունի, մինչև անգամ պատկերների մի ամբողջ թղթակալ։ Այնտեղից գիտեմ ես այս նկարը։ Դա Ռուպիուսն է, մի ծանր հիվանդ, անդամալույծ։ — Բերտան անհրաժեշտ համարեց հայտնել այդ մասին [ 104 ]Էմիլին, որովհետև նա ինչ-որ զարմանքով էր նայում իրան։

Էմիլը ծիծաղելով ասաց.

— Ի նկատի կունենանք։ Ձեր քաղաքում ուրեմն տղամարդի՞կ էլ կան,— և հետո նա ավելի կամաց, կարծես իր կոշտ հանաքից ամաչելով, ավելացրեց,— որոնք անդամալույծ չե՞ն։

Բերտան ուզում էր Ռուպիուսին պաշտպանել։

— Նա շատ դժբախտ մարդ է,— ասաց նա և մտաբերեց, թե ինչպես ինքը երեկ նստած էր նրա հետ պատշգամբում։ Եվ նորից նա խղճահարվեց Ռուպիուսի վրա։

Իսկ էմիլը, իր ինչ-որ մտքին հետևելով, ասաց.

— Այո, ես կուզենայի իմանալ բոլորը, բոլորը, ինչ որ դու ապրել ես։

— Դու գիտես։

— Խոսքս ամուսնիդ մահից հետո պատահած բաների մասին է։

Բերտան հասկացավ, թե ինչ էր ուզում Էմիլը և մի քիչ վիրավորվեց։

— Ես միայն իմ որդու համար եմ ապրում,— ասաց նա վճռականորեն։ — Ես ոչ ոքի թույլ չեմ տալիս հետևիցս ընկնել, որովհետև ես պարկեշտ կին եմ։

Նա իր առաքինության մասին մի այնպիսի զվարճալի լրջությամբ էր խոսում, որ Էմիլը ակամայից ծիծաղեց: Բերտան էլ զգաց, որ պետք էր այդ բանը այլ կերպ ասել և նույնպես ծիծաղեց։

— Որքա՞ն ժամանակ կմնաս դու Վիեննայում,— հարցրեց Էմիլը։

— Մինչև վաղը կամ մյուս օրը։

— Այդքան քի՜չ։ Իսկ որտե՞ղ ես իջևանել։

— Հորաքրոջս աղջկա մոտ,— պատսխանեց Բերտան։

Ինչ–որ մի բան խանգարեց նրան ճշմարտությունն ասելու։ Նա իսկույն ինքն իր վրա բարկացավ այդ հիմար ստախոսության համար և ուզում էր ուղղել ասածը, բայց Էմիլը կտրեց նրա խոսքը.

— Հուսով եմ, դու ինձ համար էլ ժամանակ կունենա՞ս։ [ 105 ]— Իհարկե։

— Այդ դեպքում մենք կարող ենք այժմ իսկ մի բան որոշել:

Նա ժամացույցին նայեց։

— Քեզ հարկավոր է գնա՞լ,— հարցրեց Բերտան։

— Այո՛, ես պետք է արդեն ժամի տասներկուսին գնայի...

Բերտային սարսափելի անախորժ թվաց, որ ինքը նորից մենակ պիտի մնա, և նա ասաց.

— Ես ազատ ժամանակ շատ ունեմ, ինչքան կամենաս։ Միայն ինձ չի կարելի այնքան էլ ուշը մնալ։

— Միթե ազգականդ այդքան խի՞ստ է։

— Ոչ,— պատսխանեց Բերտան, — Ախր այս անգամ ես նրա մոտ չեմ իջել։

Էմիլը զարմացած նայեց նրան։

Նա կարմրեց.

— Այսինքն առաջ... Ես երբեմն նրա մոտ էի իջևանում... բայց նա այնպիսի մեծ ընտանիքի տեր է...

— Ուրեմն պարզեիպարզ դու հյուրանոցում ես ապրում,— անհամբեր կերպով կտրեց նրա խոսքը Էմիլը։ — Թե որ այդպես է, դու ոչ ոքի պարտական չես հաշիվ տալու, և մենք ցանալի կերպով կարող ենք երեկոն միասին անցկացնել։

— Բավականությամբ։ Միայն ես չէի կամենա չափազանց ուշ... դա հյուրանոցում էլ լավ չէ...

— Ոչ, մենք ուղղակի միասին կընթրենք և տասը ժամին դու արդեն կարող ես պառկել քնելու։

Նրանք դանդաղորեն իջնում էին սանդուխտից։

— Ուրեմն, եթե ուզում ես,— շարունակում էր Էմիլը,— մենք ժամի յոթին կտեսնվենք։

Բերտան ուզում էր առարկել այդքան ո՞ւշ, բայց լռեց, հիշելով իր չենթարկվելու վճիռը և միայն ասաց.

— Լավ, յոթին։

— Բայց ո՞ւր... Ես կարծում եմ՝ փողոցում։ Այն ժամանակ ուր ուզենաս, կարելի կլինի գնալ։ Եվ դա ավելի լավ էլ է։

Նա Բերտային մի տեսակ ցրված էր երևում։ Նրանք մուտքի առջև կանգ առան։

— Ուրեմն՝ ժամը յոթին, Եղիսաբեթյան կամուրջի մոտ։ [ 106 ]— Լավ, ժամը յոթին, Եղիսաբեթյան կամուրջի մոտ։

Նրանց առջև հրապարակն էր՝ Մարիա-Թերեզայի արձանով, ամբողջապես արևով լցված։ Տաք էր, բայց սաստիկ քամի էր բարձրացել։ Բերտային թվաց, որ Էմիլը իրան զննող հայացքով է նայում։ Միևնույն ժամանակ նա Բերտային սառն ու օտար էր երևում, բոլորովին այն չէր, ինչ մուզեյում։

— Դեհ, այժմ մնաս բարով ասենք։

Բերտան շատ դժբախտ զգաց իրան։

— Արդյոք չէի՞ր կամենա դու... Արդյոք չի՞ կարելի մի քիչ ճանապարհ դնել քեզ...

— Ոչ, քամին շատ ուժեղ է,— ասաց Էմիլը, կողք-կողքի գնալով և շարունաակ գլխարկը բռնած պահելով, որ չթռչի,— անախորժ է, փողոցում խոսելն էլ է անհարմար։ Բացի այդ, ես պետք է շատ շտապեմ... գուցե քեզ մինչև կա՞ռք հասցնեմ։

— Ոչ, ոչ, ես ոտով կերթամ։

— Կարելի է և այդպես։ Տերը պահե քեզ։ Ցտեսություն։

Նա ձեռքը մեկնեց Բերտային ու շտապով փողոցի մյուս ափն անցավ։ Բերտան երկար նայում էր նրա ետևից։ Էմիլը գլխարկը հանեց ու պահում էր ձեռքում։ Քամին խաղում էր նրա մազերի հետ։ Նա Ռինգշտրասսեն անցավ, անցավ կամարը և աչքից կորավ։

Բերտան ակամա դանդաղորեն գնաց նրա ետևից։ Ինչո՞ւ նա այդպես հանկարծ փոխվեց, հանկարծ այդպես սառը դարձավ։ Ինչո՞ւ նա չուզեց, որ Բերտան իրան ճանապարհ գցե։ Գուցե ամաչո՞ւմ է նա։ Բերտան ինքն իրան նայեց, գուցե ինքը ծիծաղաշարժ, գավառացիաբա՞ր է հագնված։ Ո՛չ: Անցուդարձող տղամարդկանց հայացքներից նա կարող է եզրակացնել, որ ինքը ոչ միայն ծիծաղելի չէ, այլ, ընդհակառակը, շատ գրավիչ է։ Հապա ինչո՞ւ Էմիլը այդքան շուտ հեռացավ։ Բերտան մտաբերեց, որ Էմիլը առաջ էլ ուներ այդ բոլորովին անսպասելի կերպով խոսակցությունն ընդհատելու տարօրինակ սովորույթը։ Այդպիսի դեպքերում նա իսկույն դառնում էր ինքն իր մեջ գոցված, և նրա ամբողջ էության մեջ նկատելի էր լինում ինչ-որ անհանգստություն, որին նա ոչ մի կերպ չէր կարողանում հաղթահարել։ Այո, երևի այսօր էլ նույնն էր։ Միայն, գուցե, այն ժամանակները այդ բանն այնպես [ 107 ]աչքի չէր ընկնում, ինչպես այժմ։ Նա մտաբերեց, որ ինքը դեռ այն ժամանակ էլ ծիծաղում էր Էմիլի տարօրինակությունների վրա, բայց այդ ամենը նրա արտիստական բնավորությամբ էր բացատրվում։ Հիմա նա մեծ արտիստ է դարձել, հռչակավոր մարդ, և հասկանալի է, որ ցրվածությունն ու անկայունությունը կարող էին ավելի ևս զորեղանալ նրա մեջ։ Մի քանի զանգակատան վրա միաժամանակ ժամի տասներկուսը խփեցին։

Քամին ուժեղանում էր, և փոշին նրա աչքերն էր լցվում։ Նրա առաջ մի ամբողջ հավիտենություն կար, որ պետք էր մի բանով լցնել։ Ինչո՞ւ նա ժամը յոթին միայն նշանակեց տեսակցությունը։ Իսկ ինքը՝ Բերտան, ենթադրում էր, որ նա իր հետ կանցկացնե ամբողջ օրը։ Ինչո՞վ կարող է նա զբաղված լինել։ Գուցե նա պետք է պատրաստվի համերգի՞ն։ Եվ նա պատկերացնում էր Էմիլին ջութակը ձեռքին, պահարանին կամ դաշնամուրին հենված, ինչպես նա մի ժամանակ նվագում էր իրանց տանը։ Ինչ լա՜վ կլիներ այժմ Էմիլի մոտ, գահավորակի վրա նստել, լսել կամ նվագակցել նրան։ Իսկ եթե նա կանչե՞ր իր մոտ։ Կգնա՞ր արդյոք ինքը։ Ինչո՞ւ նա ադպես չարեց։ Իհարկե, չէր կարող։ Ո՞վ կմտածեր այդպիսի բան, տեսակցության առաջին իսկ ժամերին իսկույն... Իսկ երեկոյան... Արդյոք կխնդրե՞ նա իրան։ Իսկ եթե խնդրե, համաձայնի՞ ինքը։ Իսկ կկարողանա՞ արդյոք ինքը առհասարակ դիմադրել նրան եթե նա մի այլ բան խնդրե իրանից։ Նա մի այնպիսի տարօրինակ, պարզ և համարձակ ձևով է մոտենում բոլոր հարցերին, որ... Իսկ ինչպե՞ս կվերաբերվի Էմիլը այդ տասը տարուն։ Մի՞թե նա իր հետ այնպես չէր դրսում, կարծես երբեք չէին էլ բաժանվել, կարծես շարունակում էին տեսնվել այդ տասը տարվա ընթացքում։

«Բարև, Բերտա, ինչպե՞ս ես»։ Կարելի էր կարծել, որ դեռ նախորդ օրը նրանք միմյանց ասել էին... «Բարի գիշեր, ցտեսություն»։ Մինչդեռ, ի՜նչ ասես, չի տեսել Էմիլը այդ ժամանակամիջոցում։ Գուցե հենց այժմ էլ մեկը նստած է նրա սենյակում և լսում է նրան, իսկ նա նվագում է՝ դաշնամուրին հենված։

Ոչ, ոչ, Բերտան չի ուզում մտածել դրա մասին։ Եթե նա [ 108 ]մի այդպիսի բան անգամ ենթադրել կարողանար, պետք է իսկույն ևեթ տուն գնար։

Նա անցնում էր քաղաքային այգու ցանկապատի մոտով և տեսնում էր այն ծառուղին, ուր ինքը նստած էր մի ժամ առաջ։ Հիմա այնտեղ փոշու ամպ էր բարձրացել։ Դեհ ուրեմն այժմ այլևս սպասելիք չկա։ Կատարվեց այն, ինչ ինքը տենչում էր՝ տեսավ նրան։ Արդյոք այնքան լա՞վ էր այդ ամենը, ինչպես ինքն էր սպասում։ Արդյոք մի առանձին բան զգո՞ւմ էր, երբ գնում էր նրա հետ կողք-կողքի, ձեռք-ձեռքի։ Ոչ։ Արդյոք նրա հեռանալը տխրեցրե՞ց իրան։ Գուցե։ Արդյոք կարող կլինե՞ր ինքը այժմ գնալ, հեռանալ Վիեննայից, առանց նրա հետ տեսնվելու։ Ոչ, աստված մի՜ արասցե։ Ինչ-որ ահ էր տիրում նրան, երբ մտածում էր այդ մասին։ Մի՞թե իր ամբողջ կյանքը նրանով, միայն նրանով չի՞ լցված այս բոլոր օրերի ընթացքում։

Մի՞թե այն երկար տարիները, որ նրանք անց են կացրել միմյանցից բաժանված, չէին տանում նրանց դեպի միևնույն նպատակը, իրար հետ միացնելու։

Ահ, եթե միայն ինքը ավելի փորձված ու գործնական լիներ... Այն ժամանակ կկարողանար գործունեության ծրագիր կազմել։ Նա չգիտեր՝ որն է ավելի լավ. զիջո՞ղ լինել, թե՞ սառն ու խիստ։ Նա պետք է գիտենա, թե իրան ինչպե՞ս պահե այս երեկո, որ նվաճե Էմիլի սիրտը։ Նա զգում է, որ կարող է կամ վերջնականապես հաղթահարել նրան, կամ ընդմիշտ կորցնել։ Բայց գիտակցությունը շշնջում էր նրանք որ ինքը կամազուրկ է Էմիլի առաջ, որ, վերջիվերջո, ինքը կվարվի այնպես, ինչպես կկամենա Էմիլը։

Ահա նա Վոտիվկիրխեի առջևն է։ Այստեղ մի քանի փողոց միանում են իրար։ Քամին այստեղ առանձնապես ուժեղ է:

Ճաշի ժամանակը մոտենում էր։ Բերտան չէր ուզում հյուրանոց գնալ և նորից դարձավ դեպի քաղաքի կենտրոնական մասը։ Հանկարծ նա մտաբերեց, որ կարող է Ագաթային հանդիպել։ Սակայն նա անտարբեր է վերաբերվում դեպի այդ հանդիպումը։ Իսկ եթե տա՞գրը եկած լինի իր հետևից։ Սակայն այդ միտքն էլ չի շփոթեցնում նրան։ Նա առանձնապես ուժեղ, այնպես, ինչպես երբեք չէր զգացել առաջ, զգում է, [ 109 ]որ կարող է տնօրինել իր ժամանակի վերաբերմամբ ինչ և կամենա։ Նա աննպատակ թափառում է փողոցներում՝ հետաքրքրությամբ խանութների վիտրինները զննելով։ Ստեփանի հրապարակի վրա նրա մեջ միտք հղացավ՝ մտնել եկեղեցի։ Այնտեղ, այդ կիսախավարում, չորս բոլորից իրան շրջապատող ահագին տաճարի լռության մեջ նա մի առանձին հանգստություն զգաց։ Նա կրոնասեր չէր, բայց միշտ երկյուղածությամբ էր եկեղեցի մտնում։ Նրա աղոթքները պարզ, որոշ ձև չէին ընդունում, սակայն, այնուամենայնիվ, նա այսպես թե այնպես աշխատում էր երկինք առաքել իր ցանկությունները։ Առաջին րոպեին նա ներս էր գնում ու ման գալիս, որպես մի օտարուհի, որը զննում է շենքը։ Վերջապես կանգ առավ մի փոքրիկ երկրորդական սեղանի առջև ու նստեց նստարանի վրա։

Նա մտաբերեց իր հարսանիքի օրը։ Ահա կանգնած է նա իր հանգուցյալ ամուսնի հետ քահանայի առաջ, բայց այդ բոլորը նրան թվում է այնպիսի հեռավոր մի բան, կարծես նա բոլորովին օտար մարդկանց մասին է մտածում։ Եվ հանկարծ կարծես փոխվում է պատկերը, որպես մոգական լապտերի մեջ, իր իսկ կամքին հակառակ, և ամուսնի տեղը կանգնած է ահա նրա կողքին Էմիլը։ Եվ, առանց նրա գիտակցության մասնակցության, պատկերը շարունակում է կանգնած մնալ, որպես մի նախազգացում, որպես մի երկնառաք նշան։ Ակամա ձեռները ծալում է նա խաչաձև ու շշնջում. «Օ, աստված իմ, այնպես արա, որ դա կատարվի»։ Եվ դրանից իր ցանկությունը, կարծես, ավելի ուժեղացավ։ Մի քանի րոպե նստած էր նա նստարանի վրա և աշխատում էր պահել այդ տեսլիքը։ Ապա դուրս ելավ փողոց։ Աղմուկն ու լույսը նրան մի այնպիսի նոր, չտեսնված ու չլսված բան թվացին, կարծես նա եկեղեցում ամբողջ ժամեր էր անցկացրել։ Նրա հոգին խաղաղությամբ ու անխռովելի հուսով էր լցված։

Կերտներշտրասսեի վրա նա մտավ ամենալավ ռեստորանն ու ճաշեց։ Այժմ նա բոլորովին չէր շփոթվում և ափսոսում որ երեկ չիջևանեց մեծ հյուրանոցներից մեկում։

Վերադառնալով տուն՝ նա հանվեց ու պառկեց բազմոցի [ 110 ]վրա։ Ընտիր կերակուրներն ու նուրբ գինին, որոնց նա սովոր չէր, նրա վրա ազդեցին այնպես, որ նա քնեց։

Ժամի հինգին նա արթնացավ, բայց վեր կենալ չէր ուզում: Սովորաբար այդ ժամանակ... ի՞նչ անելիս կլիներ նա այժմ, եթե Վիեննա չգնար, եթե Էմիլը չպատասխաներ իր նամակին, եթե ինքը բոլորովին գրած չլիներ Էմիլին։ Եթե Էմիլը շքանշանը ստացած չլիներ, եթե ինքը նրա նկարը չտեսներ պատկերազարդ լրագրում։ Եթե ոչինչ չհարուցաներ նրա մեջ հիշողություններ Էմիլի մասին։ Եթե Էմիլը չնչին, բոլորովին անհայտ մի ջութակահար լիներ քաղաքի արվարձաններից մեկում գտնվող մի որևէ նվագախմբում։ Ի՛նչ վայրենի մտքեր են։ Մի՞թե ինքը նրա համար է սիրում Էմիլին, որ նա հռչակավոր մարդ է։ Իրան ի՞նչ այդ ամենը։ Մի՞թե ինքը ամենից շատ նրա ջութակահարությամբ է հետաքրքրվում։ Գուցե իր համար նույնիսկ ավելի լավ լիներ, եթե Էմիլը հռչակավոր չլիներ, հիացմունք չհարուցաներ իր տաղանդով։ Իհարկե, այն ժամանակ ինքը շատ ավելի մոտ, ավելի հարազատ կլիներ նրան։ Ինքը ավելի վստահ կլիներ, և նա էլ բոլորովին ուրիշ կերպ կվարվեր իր հետ։ Այժմ էլ նա սիրալիր է, բայց... Բերտայի համար պարզ էր դառնում... Մի բան այսօր կանգնած էր նրանց միջև և բաժանում էր միմյանցից։ Եվ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ այն, որ Էմիլը աշխարհահռչակ արտիստ է, իսկ ինքը՝ մի փոքրիկ, հիմար, գավառացի կին։ Նորից նրան տեսնում է Բերտան այնտեղ, Ռեմբրանդտի պատկերների առաջ այն պահուն, երբ ինքը խոսում էր, իսկ նա պատուհանից դուրս էր նայում։ Նա մտաբերեց, թե ինչպես Էմիլը հազիվ մնաս բարով ասաց ու գրեթե փախավ։ Իսկ ինքը, երբ նրա մոտ էր, զգա՞ց արդյոք այն, ինչ զգում են սիրած մարդու մոտ։ Արդյոք ձգտո՞ւմ էր ինքը դեպի նա, ուզո՞ւմ էր համբուրել նրան, երբ նա կանգնած էր իր կողքին։ Ոչ, այդ ամենի ստվերն անգամ չկար։ Արդյոք ուրա՞խ է ինքը, որ երեկո է, դառնում։ Ուրա՞խ է, որ երկու ժամից հետո կտեսնե նրան: Եվ եթե կարողություն ունենար մի ակնթարթում տեղափոխվել ուր կամենա, արդյոք դեպի տաւն, իր որդու մոտ չէ՞ր ձգտելու ինքը, դեպի սովորական զբոսանքը խաղողի այգիների միջով, դեպի անահ ու անհույզ կյանքը, ուր հանգիստ է. [ 111 ]խիղճդ, ինչպես և վայել է լավ, բարոյական մի մոր։ Արդյոք դա ավելի լավ չէ, քան այստեղ, վատ բազմոցի վրա պառկելը, այս անհյուրընկալ ու տխուր հյուրանոցի սենյակում և անհանգստությամբ, սակայն ու սրտատրոփ, սպասել տեսակցության։ Նա մտաբերեց այն դեռ նոր անցած ժամանակը, երբ ինքը ոչ մի հոգս չուներ, բացի իր փոքրիկ ու անբարդ տնտեսությունը, երբ ոչ ոքին չէր սիրում, բացի իր որդուց։ Մի՞թե նա գոհ, գրեթե երջանիկ չէ՞ր այն ժամանակ... նա չորս բոլորը նայեց։ Նրան զզվելի թվաց այդ մերկ սենյակը, կապույտ ու սպիտակ ներկած պատերով, փոշոտ ու աղտոտ առաստաղով և կիսաբաց պատուհաններով ու կամոդներով։ Ո՛չ, իրա համար չէ։ Զզվանքով է մտաբերում նա այժմ և շքեղ ռեստորանի ճաշը, և աննպատակ վազվզոցը քաղաքում, և՜ հոգնածությունը, և՜ քամին, և՜ փոշին։ Այդ ամենը նրան այժմ մի անմիտ թափառականություն է թվում։ Եվ հանկարծ նրա գլխում մի միտք է անցնում. իսկ եթե տանը մի բան պատահած լինի՞։ Կարող էր որդին հիվանդանալ։ Հեռագիր կտան Ագաթային կամ ուղղակի իր ետևը կգան և չեն գտնի... Պարզ կլինիք որ ինքը խաբել է, ինչպես մի սովորական անբարոյական կին, որը թաքնվելու կարիք ունի։

Սարսափելի է։ Ի՞նչ կմտածեն իր մասին։ Այդ դեպքում ինչպե՞ս երևա ինքը տագերոջ, նրա կնոջ, Էլլիի, կիսահասած Ռիխարդի աչքին։ Ի՞նչ կասեն քաղաքում։ Ախր իսկույն ևեթ կիմանան... Իսկ Ռուպիո՞ւսը։ Ոչ, ճշմարիտ որ նա դրա համար չէր ստեղծված։ Եվ որքան երեխայորեն ու հիմար կերպով նա ձեռք զարկեց այդ գործին։ Չէ՞ որ ամենադատարկ պատահականությունը կարող է մատնել իրան։ Մի՞թե դրա մասին չմտածեց։ Մի՞թե Էմիլին մի անգամ ևս տեսնելու ցանկությունն այնքան զորեղ էր, որ նա ամեն ինչ վտանգի ենթարկեց դրա համար։ Նույնիսկ իր ազնիվ անունը, իր ամբողջ ապագան։ Ո՞վ գիտե, արդյոք չի՞ հրաժարվի իրանից ընտանիքը, դասերից չե՞ն զրկի, եթե այդ ամենը պարզվի։ Ամենը... Բայց, վերջապես, ի՞նչը... իրոք, ի՞նչ է պատահել որ։ Ի՞նչ բանում նա կարող է մեղադրել ինքն իրան։ Եվ մաքուր խղճի քաղցր գիտակցությամբ նա կարող էր իրան պատասխանել՝ ոչ մի բանում։ Այսօր իսկ յոթը ժամի գնացքով [ 112 ]նա կարող էր գնալ։ Տասը ժամին նա տանը կլինի, իր սենյակում, իր սիրած որդու մոտ։ Այո, դա դեռևս իրանից է կախված։ Նրա զավակը տանը չէ... ի՞նչ կա որ։ Ինքը կարող է իսկույն ուղարկել, որ բերեն որդուն։ Եվ, այնուամենայնիվ, նա չի անի այդ, չի գնա տուն... Ոչ, առիթ չկա դրա համար։ Վաղը առավոտն էլ ուշ չի լինի դեռ։ Իսկ այսօր նա մնաս բարով կասե Էմիլին։ Կասե Էմիլին, որ առավոտյան գնում է տուն, որ եկել էր միմիայն նրա համար, որ մի անգամ ևս սեղմե նրա ձեռքը։ Այո, ամենից շուտ դա կլինի։ Էմիլը կարող է ընթրել իր հետ մի որևէ այգում, ռեստորանում, հետո ճանապարհ դնել մինչև հյուրանոց։ Եվ ինքը կհեռանա նրանից այնպես, ինչպես գնացել էր։ Էմիլի վարքը ցույց կտա, թե ինչպես է վերաբերվում նա իրան։ Ինքը զսպված կլինի, գրեթե սառը և կկարողանա նրան որոշ սահմաններում պահել։

Բերտայի բոլոր ցանկությունները թմրեցին, հուզմունքը անցավ։ Նա զգում էր իր կոչումը՝ լինել կարգին կին։ Չէ՞ որ ինքը ույժ գտավ նրան դիմադրելու, երբ դեռ ջահիլ աղջիկ էր, հավտարիմ կին էր և միանգամայն մաքուր՝ իր այրիության ժամանակ... Պարզ ու կտրուկ. եթե Էմիլը ուզում է ամուսնանալ, ինքը շատ ուրախ կլինի, բայց նրա ամեն մի հանդուգն փորձը կմերժե, ինչպես այն ժամանակ, տասներկու տարի առաջ, երբ նա սուրբ Պողոսի եկեղեցու մոտ ցույց տվեց Բերտային իր պատուհանը։

Բերտան վեր է կենում, հորանջելով տրորում է ձեռներն ու մոտենում է պատուհանին։ Երկինքը մռայլ է։ Սարերից սողում են ամպերը։ Սակայն փոթորիկն անցել էր։ Նա սկսեց պատրաստվել դուրս գալու։

Նա հյուրանոցից մի քանի քայլ հազիվ էր հեռացել անձրև եկավ։ Հովանոցը բաց արած, նա առաջ էր գնում և պաշտպանվում ոչ ցանկալի հանդիպումներից։ Անձրևը թարմացրեց երկիրը։ Կարծես շրջակա անտառների բուրմունքը նա բերեց, լցրեց քաղաքը։ Բերտան ամբողջապես տարվել էր [ 113 ]դուրեկան զբոսանքով, և նրա բուն նպատակը ինչ-որ մշուշով էր ծածկվել։ Նա այնքան հոգնել էր ուժեղ տպավորությունների փոփոխումներից, որ այլևս ոչինչ չէր զգում։ Այլևս ոչ ահ կար, ոչ հույս, ոչ մտադրություն։

Նա անցնում էր Ռինգի այգու մոտով և հրճվանքով ներս էր շնչում շեփորուկի բույրը։ Առավոտյան նա չնկատեց, որ ամեն ինչ մանիշակագույն ծաղիկներով էր ծածկված։ Մի հանկարծակի, անսպասելի միտք ժպտացրեց նրան։ Նա մտավ ծաղկավաճառի խանութն ու մանուշակների մի փոքրիկ փունջ գնեց։ Երբ նա մանուշակները մոտեցրեց շրթունքներին, մի արտասովոր քնքշություն ծագեց նրա մեջ։ Նրա միտն ընկավ, որ ժամի յոթին գնացքը հեռանալու է, իսկ ինքը այստեղ է մնալու։ Նա այնպես ուրախացավ, կարծես մեկին հաղթել էր իր խորամանկությամբ։ Երբ անցնում էր կամուրջի մոտով, նա մտաբերեց, որ նորերս մի անգամ էլ նա շրջել է այստեղ, որոնելով իր նախկին բնակարանը, որոնել է այն պատուհանը, որ ուզում էր մի անգամ էլ տեսնել։ Այստեղ այն ժամանակ ավելի մեծ շարժում կար։ Անցորդներն ու կառքերը գնում էին ու գալիս, հանդիպում իրար. ոմանք քաղաքից դուրս էին գնում, ոմանք՝ արվարձաններից քաղաք գալիս։ Հնչում էին կառապանների ձայները, լսվում էին սուլոց ու զանգահարություն։ Բերտան փորձում է կանգ առնել, բայց ամբոխը նրան առաջ է մղում։ Հանկարծ նա բոլորովին մոտ, իր ականջի տակը, ինչ-որ սուլոց է լսում։ Ինչ-որ մի կառք կանգ է առնում, մեկը իր գլուխը դուրս է հանում պատուհանից... Նա է։ Աչքերով նա մոտ է կանչում Բերտային։ Անցորդները նայում են, նրանց շատ է հետաքրքրում, թե արդյոք ի՞նչ է ասում այդ երիտասարդ մարդը այս տիկնոջը, որ մոտեցավ կառքին։ Նա կամացուկ հարցնում է Բերտային.

— Ուզո՞ւմ ես նստել։

— Նստե՞լ։

— Այո, իհարկե, ախր անձրև է գալիս։

— Ես կգերադասեի ոտով գնալ։

— Ինչպես ուզում ես։

Էմիլը արագ դուրս է գալիս կառքից, վճարում է կառապանին, և Բերտան այդ ժամանակ սարսափած նկատում է, [ 114 ]որ իրանց շուրջը մի քանի մարդ են հավաքվել, և հետաքրքիր՝ իմանալու, թե ինչով պիտի վերջանա այդ ամենը։

Էմիլը ասում է.

— Գնա՛նք։

Նրանք շտապով անցնում են փողոցի մյուս ափն ու այդպիսով ազատվում այդ իրարանցումից։

Այժմ նրանք ավելի խաղաղ փողոցով են գնում։ Գնում են հանդարտ։

— Դու երբեք հովանոց չես առնում հետդ, Էմիլ։

— Գուցե դու քո հովանոցի տակ ինձ է՞լ կծածկես։ Սպասիր, այդպես չի լինի։ — Առնում է հովանոցը Բերտայի ձեռքից բռնում իրանց երկուսի վրա և նրա թևն է անցնում։

Բերտան զգում է նրա ձեռքի շոշափումը և շատ ուրախանում է։

— Դժբախտաբար, մեր՝ քաղաքից դուրս գնալու մտադրությունից բան դուրս չի գալու,— ասում է Էմիլը։

— Ափսո՜ս։

— Ինչպե՞ս անցկացրիր դու ամբողջ օրը։

Բերտան պատմում է նրան իր ճաշելը շքեղ ռեստորանում։

— Ափսոս որ ես չգիտեի։ Ես կարծում էի թե դու Ագաթայի մոտ կլինես ճաշին։ Մենք կարող էինք գեղեցիկ կերպով նախաճաշել միասին։

— Դու այնքա՜ն զբաղված էիր,— ասում է Բերտան և ուրախ է, որ կարողացավ նրա հետ խոսել այդպիսի հանաքի ձևով։

— Այո, մանավանդ ճաշից հետո։ Ես ստիպված էի լսել կես օպերա։

— Ինչպե՞ս թե։

— Մոտս մի երիտասարդ երաժշտագետ էր եկել։ Շատ տաղանդավոր մարդ էր։

Բերտան գոհ է։ Ուրեմն ահա թե ինչպես է անցկացնում նա իր ժամանակը ճաշից հետո։ Էմիլը կանգ է առնում և, առանց նրա ձեռքը բաց թողնելու, նայում ուղիղ Բերտայի աչքերի մեջը։

— Գիտե՞ս, դու սաստիկ գեղեցկացել ես։ Լուրջ։ Անկեղծ ասա, այդ ինչպե՞ս գլխի ընկար ինձ գրելու։

— Ես արդեն ասացի քեզ։ [ 115 ]— Այդ բոլոր Ժամանակի ընթացքում մտածե՞լ ես իմ մասին։

— Շա՜տ։

— Եվ ամուսինդ կենդանի եղած ժամանա՞կ։

— Իհա՛րկե։ Ես միշտ էլ մտածում էի քո մասին։ Իսկ դո՞ւ։

— Հաճախ, շատ հաճախ։

— Բայց...

— Ի՞նչ։

— Դու տղամարդ ես։

— Այո, դրանից ի՞նչ որ։

— Դու, երևի, շատերին ես սիրել:

— Սիրելը սիրել, եմ, այո, իհարկե։

— Իսկ ես,— ասաց Բերտան սաստիկ շտապ, կարծես ճշմարտությունը դուրս թռավ իր կամքին հակառակ,— ես ոչ ոքի չեմ սիրել, բացի քեզնից։

Էմիլը համբուրեց նրա ձեռքն ու ասաց.

— Լավ է՝ չխոսենք դրա մասին։

— Ես քեզ մանուշակ եմ բերել,— ասաց Բերտան։

Էմիլը ժպտաց։

— Դու այնպես ես ասում այդ, կարծես այն օրից, ինչ մենք բաժանվել ենք, քո բանն ու գործն այն է եղել, որ ինձ համար մանուշակ հավաքես կամ գնես։ Սակայն շնորհակալ եմ։ Ինչո՞ւ դու չուզեցիր կառք նստել։

— Չէ՞ որ այսպես ոտով գնալը ավելի դուրեկան է։

— Բայց հոգնեցուցիչ... Մենք միասին կընթրենք, այնպես չէ՞։

— Ուրախությամբ։ Ահա, ի դեպ, և հյուրանոց,— ավելացրեց Բերտան շտապով։

Նրանք ամայի փողոցներով էին գնում։ Մութն ընկնում էր:

Էմիլը ծիծաղեց։

— Ոչ, մենք ավելի հարմար ու լավ տեղ կգտնենք։

Բերտան աչքերը գետին գցեց, ապա ասաց.

— Հուսով եմ, մենք ընդհանուր սեղան չենք նստի կողմնակի մարդկանց հետ։ [ 116 ]— Իհարկե ոչ։ Մենք նույնիսկ մի այնպիսի տեղ կերթանք, որ ոչ ոք չլինի։

— Ինչե՞ր ես ասում,— ասաց Բերտան։ — Երբե՜ք։

Էմիլը ուսերը թոթվեց։

— Ինչպես կամենում ես։ Դու սոված չե՞ս։

— Ոչ։

Նրանք լուռ էին։

— Դու ինձ երբևիցե ցույց չե՞ս տա քո որդուն,— հարցրեց Էմիլը։

— Բավականությամբ,— պատասխանեց Բերտան ուրախացած։ — Երբ ուզենաս։

Եվ սկսեց պատմել իր որդու մասին։ Ապա իր կյանքին անցավ։ Էմիլը երբեմն կտրում էր նրա խոսքն ու որևէ հարց էր տալիս։ Վերջապես նա իմացավ ամեն ինչ,որ կատարվում էր Բերտայի կեցած փոքրիկ քաղաքում։ Նույնիսկ Կլինգեմանի սիրահարության պատմությունը, որ Բերտան արեց ծիծաղելով, սակայն մի տեսակ գոհունակությամբ։

Լապտերները վառեցին։ Նրանց լույսը արտացոլում էր թաց սալահատակի վրա։

— Սիրելի մանկիկ,— ասաց հանկարծ Էմիլը,— հո մենք չենք կարող ամբողջ գիշերը փողոցներում շրջել։

— Այո, բայց ես չեմ կարող քեզ հետ գնալ... ռեստորան... Մտածիր մեկ, հանկարծ եթե հանիպեմ Ագաթային կամ որևէ ուրիշին։

— Հանգիստ եղիր, մեզ ոչ ոք չի տեսնի։

Եվ նա շտապով փակեց հովանոցն ու դարպասի առաջն անցավ։

Նրանց առջևը մի ահագին այգի էր։ Պատին կից պարուսինե մեծ վրանի տակ սեղանների մոտ հաճախորդներ էին նստոտած։

— Դու այստե՞ղ ես ուզում,— հարցրեց Բերտան վախեցած։

— Ոչ։ Այստեղ արի,— բացատրեց նա՝ ցույց տալով դարպասի աջ կողմը կիսաբաց փոքրիկ դուռը։

Նրանք մի նեղ, լուսավորված կորիդոր մտան, որի երկու կողմը շարքով դռներ էին։ Սպասավորը գլուխ տվեց նրանց, [ 117 ]առաջ անցավ և, վերջին դուռը բաց անելով, նրանց ներս թողեց ու հետո դուռը փակեց։ Նրանք մի փոքրիկ սենյակում էին։ Պատի մոտ մի կապույտ թավշյա բազմոց էր դրած, կար մի ոսկի շրջանակով հայելի և երեք հոգու համար սարքած մի սեղան։ Գլխարկը հանելիս՝ Բերտան մոտեցավ հայելուն և նկատեց ապակու վրա խազված երկու անուն. «Իրմա» և «Ռուդի»։ Այդ րոպեին նա հայելու մեջ տեսավ, որ Էմիլը մոտեցավ իրան։ Նա ետ քաշեց Բերտայի գլուխը ու համբուրեց նրա շրթունքները. Հետո, առանց մի խոսք ասելու, հեռացավ ու զանգահարեց։ Մանկահասակ սպասավորը իսկույն բուսավ նրանց առջևը, կարծես նրանց ետևում կանգնած լիներ։ Հրամանը ստանալով՝ նա իսկույն հեռացավ։

Էմիլը նստեց։

— Դեհ, Բերտա՞,— ասաց նա։

Բերտան անվստահ կերպով մոտեցավ նրան։

Էմիլը բռնեց նրա ձեռքը, իրան քաշեց և բաց չթողեց, նույնիսկ երբ Բերտան նստեց նրա կողքին։ Մյուս ձեռքով Բերտան ակամա նրա մազերին դիպավ։

Մի ավելի հասակավոր սպասավոր ներս մտավ, և Էմիլը ընթրիք պատվիրեց։ Բերտան ամեն ինչի համաձայն էր։ Սպասավորը դուրս ելավ, և Էմիլը, Բերտային մոտ քաշվելով, շշնջաց.

— Մի՞թե չի կարելի հարց տալ ինչո՞ւ միայն այժմ։

— Դրանով ի՞նչ ես ուզում ասել։

— Ինչո՞ւ դու ինձ վաղուց չգրեցիր։

— Հա... Ինչո՞ւ դու շքանշանը ավելի վաղ չստացար։

Էմիլը բռնել էր Բերտայի ձեռքը և համբուրում էր։

— Ախր դու Վիեննա հաճախ ես գալիս։

— Ոչ։

Նա վերև նայեց։

— Դու ինձ գրե՞լ էիր այդ մասին։

Բերտան հիշեց ու կարմրեց։

— Այո, երբեմն... Երկուշաբթի եկել էի...

Սպասավորը սարդին և խավիար բերեց ու նորից հեռացավ։ [ 118 ]— Հը՞,— ասաց Էմիլը,— գուցե ույժմ հենց ամենահարմար ժամանա՞կն է։

— Ինչի՞ համար։

— Մեր հանդիպումի։

— Օ, ես այնպե՜ս էի ձգտում դեպի քեզ։

Էմիլը, կարծես, մտասուզվեց։

— Գուցե և լավ եղավ, որ անցյալը այդպես դասավորվեց,— ասաց նա։ — Դրա համար էլ հուշերը այդքան գեղեցիկ են դարձել։

— Այո՛, չափազանց գեղեցիկ։

Նրանք լռեցին։

— Հիշում ե՞ս դու...— Եվ Բերտան սկսեց մտաբերել անցյալը,— զբոսանքները քաղաքային այգում, Էմիլի առաջին դեբյուտը կոնսերվատորիայում։

Էմիլը շարունակ գլխով էր անում և ձեռքը բազմոցի հենարանին դրած՝ դիպչում էր Բերտայի ծոծրակի վրա խճճվող մազերին։ Մերթ ընդ մերթ նա երկու խոսք էր մեջ գցում։ Նա էլ շատ բան էր հիշում, նույնիսկ պատմեց Պրատերում կատարած կիրակնօրյա մի զբոսանքի մասին, որ Բերտան մոռացել էր։

— Իսկ հիշո՞ւմ ես,— սկսեց Բերտան և կանգ առավ, չվստահելով խոսքը վերջացնել,— ինչպես մենք քիչ մնաց, որ նշանվեինք։

— Այո,— ասաց Էմիլը,— և ո՞վ գիտե...

Գուցե նա ուզում էր ասել ավելի մեծ երջանկություն կլիներ, եթե ես ամուսնանայի քեզ հետք բայց նա չասաց այդ։

Էմիլը շամպանյա պատվիրեց։

— Ես նորերս խմել եմ,— ասաց Բերտան,— մի կես տարի առաջ, երբ մենք տոնում էինք տագերոջս հիսնամյակը. այդ օրը նա հիսուն տարեկան դարձավ։

Նա մտաբերեց այն հասարակությունը, որ հավաքվում էր տագերոջ մոտ, և նրան տարօրինակ երևաց, որ այնքան հեռու են իրանից և՛ փոքրիկ քաղաքը, և՛ նոքա բոլորը, որ ապրում են այնտեղ։

Մանկահասակ սպասավորը սառուցով լիքը ամանի մեջ դրած շամպանյա բերեց։ Բերտայի մտքովն անցավ, որ, [ 119 ]երևի, Էմիլը շատ անգամ եղել է այստեղ ուրիշ կանանց հետ, բայց այժմ դա իր համար միևնույն էր։

Նրանք բաժակները իրար խփեցին ու խմեցին։ Էմիլը գրկեց ու համբուրեց նրան։ Այդ համբույրը մի բան հիշեցրեց Բերտային... Բայց ի՞նչ... Նրա այն ժամանակվա, ջահիլ օրերի համբույրնե՞րը... Հանգուցյալ ամուսնի՞ համբույրները։ Ոչ... Հանկարծ նա հիշեց, իսկ և իսկ այդպես համբուրեց իրան նորերս Ռիխարդը։

Սպասավորը միրգ ու խմորեղեն բերեց։ Էմիլը Բերտայի ափսեի վրա խաղող ու արմավ դրեց։

— Դու ինչո՞ւ ես լռում,— հարցրեց Բերտան։ — Ինչո՞ւ միայն ինձ ես ստիպում խոսելու։ Չէ՞ որ դու կարող ես այնքան բան պատմել ինձ։

— Ես,— նա դանդաղ կերպով խմում էր գինին։

— Իհա՛րկե, հենց թեկուզ քո ճանապարհորդությունների մասին։

— Աստվա՜ծ իմ, բոլոր քաղաքները իրար նման են։ Եվ հետո, մի մոռանար, որ ես ախր շատ սակավ եմ իմ սեփական բավականության համար ճանապարհորդում։

— Այո, իրավ որ...— Բերտան այդ րոպեին բոլորովին մոռացել էր, որ իրա կողքին նստած է հռչակավոր ջութակահար Էմիլ Լինդբախը։ Նա իր պարտքը համարեց ասելու. — դու այս օրերս նվագելո՞ւ ես այստեղ, չէ՞։ Ես շատ կուզեի լսել քո նվագը...

էմիլը չոր ձայնով պատասխանեց.

— Աշխարհիս երեսին ոչ ոք չի կարող քեզ արգելել։

Սակայն Բերտայի մտքովն անցավ, որ իսկապես, ավելի հաճելի կլիներ լսել նրան ոչ թե համերգում, այլ այնպիսի պայմաններում, որ էմիլը միայն իր համար նվագեր։ Նա քիչ մնաց, որ ասեր այդ, բայց նրան զսպեց այն, որ դա կնշանակեր, թե ինքը ուզում է Էմիլի բնակարանում լինել։ Բայց, ո՞վ գիտե, գուցե առանց այդ էլ ինքը շուտով կգնա նրա մոտ։ Բերտան իրան առանձնապես թեթև էր զգում, որ սովորաբար լինում էր, երբ նա գինի էր խմում։ Սակայն սա այնքան էլ այնպես չէ, ինչպես միշտ, սա ոչ թե սովորական հարբեցում է, այն մի ավելի լավ, ավելի գեղեցիկ բան է։ Սա մի երկու կաթիլ [ 120 ]գինու ազդեցությունը չէ, սա նրա սիրելի ձեռքից է, որով նա քնքշորեն շոյում է իր մազերը։

Էմիլը մոտ քաշվեց նրան ու նրա գլուխը իր ուսին դրեց։

Ահա, այսպես մարդ նիրհե՜։ Այո, այս, ուրիշ ոչինչ հարկավոր չէ։ Ահա նա շշնջում է... Իմ թանկագի՜ն... Մի թեթև դող է անցնում Բերտայի մարմնով։ Ինչո՞ւ միայն այժմ, չէ՞ որ այս ամենը կարող էր և առաջ լինել։ Ի՞նչ իմաստ ուներ իր կյանքը։ ...Չէ՞ որ սրանում, ինչ անում է ինքը այժմ, ոչ մի վատ բան չկա... Ի՜նչ քաղցր է զգալ ջահիլ տղամարդու շունչը թերթերունքների վրա։ Ոչ, ոչ, ոչ թե ջահիլ տղամարդու, այլ սիրած մարդու... Նա աչքերը փակեց։ Եվ այլևս չէր փորձում բանալ, ոչինչ չէր ձգտում իմանալ, թե արդյոք ո՞ւր է ինքը, ո՞ւմ հետ է... Սակայն ո՞վ է դա... Ռիխա՞րդը... Ոչ... քնա՞ծ է ինքն, ի՞նչ է... Նա այստեղ Էմիլի հետ է։ Ո՞ւմ հետ... Ո՞վ է այդ էմիլը... Ի՜նչ դժվար է ուշքի գալը։ Այդ շունչը նրա թերթիչների վրա. դա իր պատանության սիրածի շունչն է. հռչակավոր վիրտուոզի, որը այս օրերս համերգ պիտի տա... այն մարդու, որին հազարավոր օրեր չի տեսել։ Եվ միևնույն ժամանակ դա այն մարդն է, որի հետ ինքը մենակ նստած է ռեստորանում, որը ինչ կամենա՝ կարող է անել... նա մի համբույր է զգում իր աչքերի վրա։ Որքա՜ն քնքո՜ւյշ է նա... որքա՜ն չքնաղ... Սակայն ո՞վ է դա։ Բավական է, որ ինքը աչքերը բանա և կտեսնի... Ոչ, ավելի լավ է՝ չտեսնի, այլ երևակայե նրա երեսը... Տարօրինակ է, դա բոլորովին նա չէ... դա այն մանկահասակ սպասավորն է, որ նոր դուրս ելավ։ Ահա թե ինչպես... Բերտան ուզում է պատկերացնել նրա դեմքը, բայց չի կարողանում։ Ահա՜... Ոչ, ոչ, դա Ռիխարդն է... Հեռո՜ւ, հեռո՜ւ... Մի՞թե ինքն այնքան ստոր է, որ կարող է ուրիշ տղամարդկանց մասին մտածել, երբ նա այստեղ է, իրա կողքին... Ա՜, եթե կարողանար աչքերը բանալ... Նա շարժվում է տեղից և գրեթե հրում Էմիլին։ Վերջապես բաց է անում աչքերը...

Էմիլը ժպիտը երեսին նայում է նրան և հարցնում.

— Սիրո՞ւմ ես ինձ։

Բերտան մոտ է քաշում նրան և համբուրում է, առաջին անգամ այսօր համբուրում է նրան, մինչդեռ սիրտը մի բան [ 121 ]ճմլում է, մի ձայն ասում է, որ դա լավ չէ, որ նա ետ է կանգնում իր նախկին որոշումից... Բայց, ախր, ի՞նչ էր ուզում ինքը... Չենթարկվել, չզիջել... Այո՜, իհարկե, կար մի րոպե, երբ նա այդպիսի մտադրություն ուներ, սակայն ինչո՞ւ... Ախր ինքը սիրում էր նրան... Վերջապես հասավ ցանկալի րոպեն, որին ինքը սպասել է ամբողջ օրեր ու ամբողջ տարիներ։ Մի երկար ու ջերմ համբույր միացրեց նրանց շրթունքները։ Բերտան ձգտում է դեպի նա, դեպի նրա գիրկը... Նա կուզենար պատկանել Էմիլին։ Նա այլևս չպիտի խոսի... Նա պետք է իրան վերցնե հետը... Նա պետք է զգա, որ ոչ ոք չի կարող իրան սիրել այնպես ուժեղ, ինչպես Բերտան...

Էմիլը վեր ելավ ու սենյակում անցուդարձ անել սկսեց։ Բերտան վերցրեց բաժակն ու մոտեցրեց շրթունքներին։ Էմիլը կամացուկ ասաց.

— Բավակա՛ն է, Բերտա։

Այո, նա իրավացի է, ախր ի՞նչ է անում ինքը։ Մի՞թե ինքը հարբել է ուզում։ Մի՞թե հարկավոր է այդ։ Նա ոչ ոքին հաշիվ տալու պարտական չէ, նա ազատ է ջահիլ և ուզում է գեթ մի անգամ երջանկություն ճաշակել...

— Չգնա՞նք,— ասում է Էմիլը։

Բերտան գլխով դրական նշան է անում, Էմիլը օգնում է նրան վերնազգեստը հագնելու։ Հայելու առաջ նա գլխարկը քորոցով ամրացնում է մազերին։ Նրանք գնում են։ Դռան մոտ կանգնած է մանկահասակ սպասավորն ու գլուխ է տալիս։ Դարպասի առաջ մի կառք է սպասում։ Բերտան նստում է կառքը։ Նա չի լսում, թե Էմիլը ի՜նչ է ասում կառապանին։ Էմիլը նստում է նրա կողքին։ Նրանք ամուր մեկմեկու սեղմված լռում են։ Կառքը առաջ է սահում երկա՜ր, երկա՜ր... Այս ո՞ւր է ապրում Էմիլը։ Գուցե նա դիտմամբ է պատվիրել կառապանին, որ հեռու ճանապարհով տանի, որովհետև ինքը գիտե, թե որքան դուրեկան է այսպես միասին գնալ մութ գիշերով։ Կառքը կանգ է առնում։ Էմիլը դուրս է գալիս։

— Հովանոցդ տո՜ւր,— ասում է նա և, վերցնելով բաց է անում այն։

Բերտան կառքից դուրս է ելնում, և նրանք երկուսով [ 122 ]կանգնած են կողք-կողքի հովանոցի տակ, որի վրայից անձրևը ցած է թափվում։

Ուրեմն սա նրա կեցած փողո՞ցն է։ Մուտքի դուռը բացվում է։

Նրանք մի բակ են մտնում։ Էմիլը ծառայիր մոմ է վերցնում։ Նրանց առջևը մի շքեղ, լայն սանդուխտ է բարձրանում։ Առաջին հարկում Էմիլը բաց է անում մի դուռ։ Նրանք անցնում են նախասենյակն ու մտնում հյուրասենյակը։ Էմիլը վառում է մոմը, որը բռնած պահում է ձեռքում։ Բերտան կանգնած է դռան շեմքին և չի համարձակվում ներս մտնելու։ Էմիլը նրա գլխարկի քորոցը հանում է, ապա վերցնում է նրա գլխարկն ու դնում սեղանի վրա։ Զույգ մոմերի աղոտ լուսով Բերտան պատի վրա միայն երկու թագավորների գունավոր պատկեր է նկատում։ Որքան որ կարողանում է նկատել Բերտան, պատի մոտ մի լայն, պարսկական գորգով ծածկված բազմոց է դրած և պատուհանի մոտ մի փոքրիկ դաշնամուր, որի վրա կա մի քանի լուսանկար։ Նրա վերևում մի նկար կա, բայց Բերտան չի կարողանում ջոկել, թե ի՞նչ բան է դա։ Հակառակ կողմում կարմիր պորտիեները ցած են իջնում կիսաբաց դռան երկու կողքով, իսկ նրանց ետևը ինչ-որ սպիտակ բան է երևում։

Բերտան այլևս համբերելու ույժ չունի և հարցնում է.

— Սա քո բնակարա՞նն է:

— Ինչպես տեսնում ես։

Բերտան շուրջն է նայում։ Սեղանի վրա մի փոքրիկ գրաֆին լիկյոր և երկու բաժակ է դրած, մի փոքրիկ վազա մրգով ու քաղցր խմորեղեններով։

— Սա քո աշխատանքի սենյա՞կն է։ — Նրա աչքերը ակամա որոնում են ամեն մի ջութակահարի համար անհրաժեշտ պյուպիտրը։

Պատասխանի փոխարեն նա գրկում է Բերտային ու տանում դաշնամուրի մոտ, ուր նստեցնում է իր ծնկների վրա։

— Ավելի լավ է՝ խոստովանեմ քեզ,— ասում է Էմիլը պարզ, գրեթե չոր եղանակով.— ես այստեղ չեմ ապրում... սա ես վարձել եմ առժամանակ... ես կարծում էի, որ այսպես [ 123 ]ավելի խոհեմ կլինի... Վիեննան մի իսկական գավառական քաղաք է, և ես չէի ուզում քեզ գիշերը բերել մոտս...

Բերտան հասկանում է նրան, բայց մի ինչ-որ բան իրան դուր չի գալիս։ Նա աչքերը վեր է բարձրացնում։ Այժմ նա կարող է, ինչպես հարկն է, պարզ տեսնել դաշնամուրի վերևը կախված պատկերը։ Դա մերկ կնոջ պատկեր է։ Բերտան ցանկություն է զգում պատկերը ուշի-ուշով դիտելու։

— Ի՞նչ է դա, — հարցնում է նա։

— Համենայն դեպս, ոչ գեղարվեստական գործ,— պատասխանում է Էմիլը։ Ապա նա մի լուցկի է վառում և մոտեցնում նկարին։ Նկարը վատ է, բայց Բերտային թվում է, թե կտավի վրայից կինը իրան հանդուգն, համարձակ աչքերով է նայում, և նա ուրախ է, որ Էմիլի ձեռքում լուցկին վերջապես հանգավ։

— Լավ կլիներ, եթե ինձ համար մի բան նվագեիր,— ասում է Էմիլը։

Բերտային զարմացնում է այդ անսպասելի սառնությունը։ Մի՞թե Էմիլը չի հասկանում, որ Բերտան յուր մոտ է։ Սակայն նա ի՞նքը, մի՞թե մի առանձին բան է զգում։ Ոչ... կարծես ինչ-որ օտարոտի թախիծ է դուրս սողում այդ կիսամութ սենյակի բոլոր անկյուններից... ինչո՞ւ Էմիլը իրան այստեղ բերեց և ոչ իր մոտ... Սա ի՞նչ տուն է... Եվ ինչո՞ւ ինքը ավելի շատ գինի չխմեց, այն ժամանակ այսքան զգաստ չէր լինի:

— Ուրեմն դու այդպես էլ ոչինչ չե՞ս նվագի ինձ համար։ Ախր մտածիր, որքա՜ն ժամանակ է ես չեմ լսել քեզ։

Բերտան նստում է և մի ակորդ է վերցնում։

— Բոլորը մոռացել եմ։

— Ապա փորձիր։

Նա կամաց նվագում է Շումանի «Մի երես ալբոմից»–ը և ակամա հիշում է, թե ինչպես այս բանը նորերս նվագում էր տանը, և Կլինգեմանը զբոսնում էր պատուհանի տակ։ Նա մտաբերում է, ինչ որ լսել էր Կլինգեմանի սենյակում կախված անպարկեշտ նկարի մասին և նայում է դաշնամուրի վերևը կախված մերկ կնոջ պատկերին, որը այժմ դեպի դատարկ տարածությունն է նայում։ Էմիլը, աթոռը մոտ քաշելով, [ 124 ]նստում է նրա կողքին և, Բերտային գրկելով, համբուրում է։ Մինչդեռ Բերտայի մատները շարունակում են նվագել։ Բերտան լսում է, ինչպես անձրևը խփում է պատուհանի ապակիներին, և նրան թվում է, որ ինքը տանն է...

Նրան թվում է, որ Էմիլը վեր բարձրացրեց իրան, ու զգուշությամբ ուր որ տանում է։ Նա զգաց, ինչպես ձեռքը վարագույրին դիպավ։ Աչքերը փակ էր պահում... Էմիլի շունչը իր մազերին էր դիպչում։

Երբ նրանք փողոց դուրս եկան, անձրևն արդեն դադարել էր, և օդը մեղմ էր ու խոնավ։ Լապտերների մի մասը հանգցրած էր, և միայն մեկը աղոտ կերպով առկայծում էր փողոցի անկյունում։ Եվ որովհետև երկինքը դեռևս ամպերով էր պատած, փողոցները մութ էին։

Էմիլը Բերտայի թևն առած՝ լուռ գնում էր առաջ։

Մի տեղ, զանգատան վրա ժամը մեկը խփեց։ Բերտան զարմացավ։ Նա կարծում էր, որ արդեն շուտով առավոտ կլինի։ Բերտային շատ հաճելի էր Էմիլի հետ թևանցուկ թափառել այդ խաղաղ ու գգվող գիշերին. ախր նա այնքա՜ն ջերմ սիրում էր Էմիլին։

Նրանք դուրս եկան մի լայն հրապարակ։ Նրանց առջևը սուրբ Կարլոսի եկեղեցին էր բարձրանում։

Էմիլը ձայն տվեց կառապանին, որը նստած տեղը քնել էր:

— Ինչ լավ է,— ասաց նա,— մենք կարող ենք մի քիչ կառքով ման գալ, իսկ հետո ես քեզ հյուրանոց կտանեմ: Ուզո՞ւմ ես։

Կառքը շարժվեց։ Էմիլը գլխարկը հանեց։ Բերտան իր ծնկին դրեց գլխարկը, և այդ էլ հաճելի էր նրան։ Կողքովի նայեց նա Էմիլին և նկատեց, որ նրա հայացքը դեպի հեռուն է ուղղված։

— Ինչի՞ մասին ես մտածում դու։ [ 125 ]— Ես՞... Ուղիղն ասած ես մի մեղեդի եմ մտաբերում այն օպերայից, որ նվագում էր այսօր այն պարոնը ինձ մոտ: Բայց իմ հիշողության մեջ այդ մեղեդին բոլորովին այլ կերպ է հնչում։

— Դու այժմ մեղեդինե՞ր ես մտաբերում,— ասաց Բերտան ծիծաղելով։ Սակայն նրա ձայնում կշտամբանքի մի շեշտ կար։

Նորից լռություն տիրեց։ Կառքն անցնում էր ամայի՝ Ռինգշտրասսեն, օպերայի, մուզեյի, քաղաքային այգու մոտով։

— Էմի՛լ:

— Ի՞նչ է, անգինս։

— Ասա, ես ե՞րբ կլսեմ նորից քո նվագածությունը։

— Ես ախր նվագելու եմ մոտ օրերս համերգում։ — Նա կարծես հանաքով էր ասում այդ։

— Ոչ, Էմի՛լ, ինձ համար, միա՞յն ինձ։ Դու կանես այդ, այնպես չէ՞, այո՞, ես խնդրում եմ քեզ։

— Լավ, լավ։

— Դա ինձ համար շատ կարևոր է։ Ես կուզեի, որ դու իմանաս, թե քեզ լսողը միայն ես եմ։

— Լավ։ Միայն թե այժմ թողնենք այդ։

Նա այնպիսի վճռական եղանակով ասաց այդ, կարծես մի բան պաշտպանում լիներ Բերտայից։ Բերտան չէր հասկանում թե ինչո՞ւ իր խնդիրքը բարկացրեց նրան։

— Ուրեմն՝ վաղը ժամի 5-ին ես քեզ մոտ կլինեմ։

— Շատ լավ, շատ լավ, ես կուզեի իմանալ, թե արդյոք դուր կգա՞ իմ տունը։

— Օ, իհարկե։ Երևի քեզ մոտ ավելի լավ կլինի, քան այնտեղ, ուր մենք նոր էինք։ Մենք երեկոն էլ միասին կանցկացնենք, այնպես չէ՞։ Գիտե՞ս ինչ, Ագաթայի մասին...

— Լսի՞ր, սիրելիս, ավելի լավ է՝ ծրագրեր չկազմենք,— նրա խոսքը կտրեց Էմիլը՝ փայփայելով նրան, կարծես փայփայանքով ուզում էր ծածկել այն չարությունը, որ հնչում էր իր ձայնում։

— Էմիլ:

— Ի՞նչ։ [ 126 ]— Նվագենք վաղը Կրեյցերյան սոնատը, գոնե անդանտեն։

— Թող երաժշտությունը, մանկիկս, ես հավատում եմ, որ դու խանդավառ սիրում ես այն։

Նա դարձյալ այդ այնպես անորոշ ձևով ասաց, որ Բերտան չգիտեր՝ հանա՞ք է անում նա, թե՞ լուրջ է ասում։ Սակայն չէր վստահում հարցնել։ Բերտային մի բուռն ցանկություն էր տիրել մի անգամ էլ նրան լսելու։ Այդ ցանկությունը գրեթե տանջանք էր պատճառում նրան:

— Ահա մենք համարյա թե հասանք քո բնակարանին,— բացականչեց Էմիլը և, կարծես մոռացած, որ ինքը ուզում էր մի քիչ ման գալ կառքով, կառապանին ասաց Բերտայի հասցեն։

— Էմիլ։

— Ի՞նչ է, իմ սիրելի։

— Արդյոք սիրո՞ւմ ես դու ինձ։

Պատասխանի փոխարեն նա Բերտային իրան սեղմեց ու համբուրեց նրա շրթունքները։

— Ասա՛ ինձ, Էմիլ։

— Ախր ի՞նչ։

— Բայց դու չես սիրում, երբ հարցուփորձ են անում։

— Հարցրու, մանկիկ։

— Ի՞նչ պիտի անես... Ի՞նչ ես անում դու սովորաբար առավոտները։

— Օ, հազար ու մի բան։ Վաղը, օրինակ, ես նվագելու եմ solo ջութակի վրա Հայդնի Մեսսայում, Լերխենֆելդերի եկեղեցում։

— Իսկապե՞ս։ Ուրեմն՝ ես կարող եմ լսել քեզ դեռ առավոտը։

— Եթե ուզում ես, բայց, ճշմարիտ որ, չարժե... այսինքն՝ Մեսսան գեղեցիկ է, իհարկե։

— Այդ ինչպե՞ս էլ ես մտածել այդ միտքը՝ եկեղեցում նվագելու։

— Դա... դա սիրալիրություն է իմ կողմից։

— Ո՞ւմ վերաբերմամբ։

— Ո՞ւմ... Դե, իհարկե, Հայդնի։ [ 127 ]Մի բան խայթեց Բերտայի սիրտը։ Նրան թվաց, որ Էմիլին այդ եկեղեցին գրավողը մի այնպիսի բան է, որ ինքը չգիտե։ Գուցե այնտեղ երգում է մի որևէ կի՞ն... Սակայն, իրոք, ինքն ի՞նչ գիտե որ... Այո՛, Բերտան կգնա, անպատճառ կգնա... նա Էմիլին չի կարող զիջել և ոչ ոքի։ Այժմ միայն իրան է պատկանում նա, միայն իրան... Ինքը՝ Էմիլն ասաց այդ։ Բերտան նրան կկարողանա պահել։ Իր մեջ քնքշության մի անսպառ աղբյուր կա... Նա կարողացել է պահել բոլոր քնքշությունը Էմիլի համար, այժմ կշրջապատե նրանով իր սիրածին... Էմիլը չի ձգտի այլևս դեպի մի ուրիշը... Ինքը Վիեննա կտեղափոխվի... և ամեն օր նրա մոտ կլինի, միշտ նրա մոտ կլինի...

— Էմի՜լ։

— Ի՞նչ է, մանկիկ։ — Նա մտահոգ նայեց Բերտային։

— Ասա, սիրո՞ւմ ես դու ինձ։ Օ, աստված իմ, արդեն հասանք,— շշնջաց նա թախծությամբ։

— Մի՞թե,— հարցրեց Էմիլը զարմացած։

— Այո, տես, ես ահա այնտեղ եմ ապրում։ Միայն խնդրում եմ քեզ, Էմիլ, ասա ինձ մի անգամ ևս...

— Այո՜, այո՜, բալիկ, վաղը ժամի հինգին։ Ես շատ ուրախ կինեմ քեզ տեսնելու։

— Ոչ, այդ չէ... Ասա... — Կառքը կանգ առավ։ Նրանք դուրս ելան։ Էմիլը սպասում էր մինչև որ ծառան դուռը բացեց, ապա քաղաքավարի կերպով համբուրեց Բերտայի ձեռքն ու ասաց.

— Ցտեսություն, տիկին։

Ու գնաց։

Այդ գիշերը Բերտան խոր ու հանգիստ քնեց։

Երբ արթնացավ, արդեն լույս էր: Նա մտաբերեց երեկվա երեկոն, ուրախությամբ զգաց, որ այնքան էլ ծանր չէր, ինչպես ինքը երևակայում էր առաջ, այլ, ընդհակառակը, ինքն իրան թեթև ու զվարթ է զգում։

Նա մի տեսակ հպարտությամբ հիշեց իր համբույրները ուրախ էր, որ այդ համբույրներում առաջին տեսակցություններին հատուկ անվստահությունն ու երկչոտությունը կար։ Նա ոչ մի զղջում չզգաց, թեպետ գիտեր, որ մարդիկ [ 128 ]սովորաբար զգում են այդ։ Մտքովն անցնում էին «մեղք», «սիրային կապ» խոսքերը։ Բայց այդ խոսքերը չէին շփոթեցնում նրան, նրանք կորցրել էին իրանց նշանակությունը։ Նա ուրախ էր, որ Էմիլի գգվանքներին պատասխանում էր, որպես դրանց սովոր մի կին, որ իր կիրքը խորը զգացմունքից էր բխում և այնպես չէր, ինչպես ուրիշ կանանց մեջ։ Նրան թվում էր, որ ինքն իր մեջ մի նոր, անհայտ շնորհ էր գտել և դժգոհ էր, որ առաջ չէր կարողանում օգտվել դրանով։ Երեկ Էմիլը իր անցյալին վերաբերվող մի հարց առաջարկեց, և ինքը չշփոթվեց, մինչդեռ առաջ ամոթից գետինը կմտներ, եթե այդպիսի հարց տային իրան։ Ահա այժմ էլ իր շրթունքներին խաղում է նույն ժպիտը, ինչպես և այն ժամանակ, երբ ինքը երդվում էր Էմիլին, թե իր ասածը ճշմարիտ է, սակայն Էմիլը չհավատաց։ Բերտան ցնորում էր. արդյոք ե՞րբ պիտի նորից տեսնի նրան, ինչպե՞ս կդիմավորե իրան Էմիլը, ինչպե՞ս կտանի սենյակով։

Ամենից լավը այն կլինի, որ նա ինքն իրան այնպես պահեք կարծես թե ոչինչ չի պատահել, Էմիլը չպիտի կարդա իր աչքերում երեկվա երեկոյի հուշերը, նա պիտի նորից նվաճե իրան, հաղթահարե յուր գգվանքով, յուր երաժշտությամբ։ Այո՛, այո՛... բայց ախր ինքն ուզում էր լսել Էմիլին այսօր դեռ առավոտյան... Իհարկե... եկեղեցում... Նա մտաբերեց, թե ինչպես հանկարծակի խանդոտությունը իր սիրտը մտավ։ Ինչի՞ պատճառով... Այժմ նրան ծիծաղելի էր թվում խանդոտություն զգալ դեպի մի որևէ երգչուհի, որը երգում է այդ Մեսսայում, կամ մի ուրիշ անծանոթ կին... Սակայն նա, այնուամենայնիվ, կգնա։ Ի՛նչ լավ կլինի կանգնել եկեղեցու կիսախավարում, անտեսանելի, չտեսնելով նրան և միայն նրա հրաշալի երաժշտությունը լսել, որ պիտի հնչե վերնատնից։ Նրան ուրախացնում էր այդ նոր գգվանքը, որ պիտի զգար ինքը անկախ իր կամքից։

Հանդարտ վեր է ելնում նա, հագնվում է։ Մի բան տունը հիշեցրեց նրան, սակայն այդ միտքը բավականաչափ զորեղ չէր։ Բերտան նույնիսկ դժվարանում էր մտածել։ Դրա մեջ էլ զղջումի նշույլ անգամ չկար, ընդհակառակը է նույնիսկ հպարտ էր զգում իրան։ Այժմ ինքը միմիայն Էմիլին է պատկանում, և [ 129 ]նրանից դուրս ամեն ինչ օտար է իրան, կորցրել է իր իմաստն ու նշանակությունը։ Եվ եթե Էմիլը պահանջեր իրանից, որ հետը մի տարի, մի ամառ ապրի ու հետո մեռնի, ինքը կկատարեր այդ։

Արձակ մազերը փռվել էին նրա ուսերի վրա։ Նորից նրան տիրում են հուշերը, որոնցից գլուխը պտտվում է։

Օ, աստվա՜ծ, ինչո՞ւ այս ամենը այնքան ուշ է... Սակայն ոչ, դեռ շատ, շատ տարիներ կան առջևը։ Դեռ հինգ, տասը տարի կարող է ինքը գեղեցիկ լինել։ Օ, նույնիսկ ավելի, եթե նրանք չբաժանվեն. չէ որ Էմիլն էլ կծերանա...

Եվ նորից նրա մեջ մի հույս ծագեց. եթե Էմիլը պսակվի իր հետ, եթե նրանք սկսեն միասին ապրել, միասին ճանապարհորդել, միասին քնել ամեն գիշեր... Բայց նա հիմա մի քիչ ամաչեց։ Ինչո՞ւ շարունակ միշտ նույն մտքերն են գալիս ու անցնում իր գլխում։ Միասին ապրելը ուրիշ բան է. դա նշանակում է՝ ընդհանուր հոգսեր ունենալ, խոսել իրար հետ ամեն ինչի մասին։ Այո, ամենից առաջ նա ուզում է Էմիլի ընկերը լինել։ Եվ այդ բանը կասե նրան այսօր ևեթ։ Այսօր Էմիլը պետք է պատմե իր ամբողջ կյանքը, սկսած այն րոպեից, երբ նրանք բաժանվեցին տասներկու տարի սրանից առաջ մինչև... Եվ զարմանքով նա շարունակում էր մտածել. մինչև երեկ առավոտ... Միայն երեկ ինքը նորից տեսավ Էմիլին և այդ օրը ինքն այն աստիճան նրան անձնատուր եղավ, որ քիչ էր մնում՝ դադարի մայր լինելուց... Ոչ, նա միմիայն Էմիլի սիրուհին է։

Բերտան դուրս ելավ պայծառ, արևալից փողոցը։ Նա նկատեց, որ փողոցներում սովորականից ավելի շատ ժողովուրդ կա, և որ խանութների մեծ մասը փակ է։ Հա՜, ախր այսօր կիրակի է։ Նա մոռացել էր այդ։ Դա ևս ուրախացնում էր նրան։ Դեմուդեմը մի բարձրահասակ շեկ տղամարդ էր գալիս, վերնազգեստը ձեռին։ Նրա կողքին մի ջահիլ աղջիկ մութ ու ծիծաղկոտ աչքերով։ Բերտան ակամա մտածեց. դա իրանց նման մի զույգ է։ Եվ նա պատկերացնում էր իրան ու Էմիլին ոչ թե գիշերային մութի մեջ, այլ լուսով լցված փողոցում, նրանց նման ձեռք-ձեռքի, ծիծաղկոտ ու երջանիկ աչքերով ննջելիս։ Երբ անցորդներից մեկնումեկը ուշադրությամբ նա– [ 130 ]յում էր իրան, Շերտային թվում էր, թե նա այժմ բոլորովին այլ կերպ է հասկանում մարդկային հայացքների լեզուն: Ահա մեկը նայեց իրան մի քիչ լուրջ, կարծես ասում էր. «Շտա դու էլ այնպես ես, ինչպես և բոլորը»։

Ապա երկու երիտասարդ, որ խոսելով գնում էին, նրան հասան թե չէ՝ լռեցին։ Բերտային թվաց, թե դրանք գիտեն բոլորը, ինչ պատահել է երեկ գիշեր։ Մի շտապ գնացող մարդ էլ անցողակի մի հայացք նետեց նրա վրա, և նրա աչքերն ասում էին. «Ի՞նչ ես այստեղ ազնիվ կնոջ նման ման գալիս, չէ՞ որ երեկ գիշերը դու մեզնից մեկի հետ պառկած ես եղել մահճի մեջ»։ Այդ «մեզնից մեկի հետ» խոսքերն այնպես պարզ զգաց Բերտան, կարծես նրան լսելի կերպով ասացին այդ, և այդ բանը խայթեց նրան։

Առաջին անգամ նա գիտակցեց, որ տղամարդիկ որձեր, արուներ են, որ էգ են որոնում, իսկ կանայք՝ էգեր, որ վազում են որձերի հետևից, և որ նրանք միանում են, երբ միմյանց կարիքն են զգում։ Նրան այնպես էր թվում, որ դեռ երեկ այդ բանը չէր հասկանում, ապրում էր այդ մարդկանց մեջ, որպես խորթացած մեկը։ Նրա համար շատ խորհրդավոր ու անհայտ բաներ կային կյանքում։ Սակայն այժմ նա ինքն էլ բոլորի նման է, նրանցից ոչնչով լավ չէ։ Նա ամուսնության առաջին օրերն էր մտաբերում։ Այն ժամանակ նա ոչինչ չէր զգում, բացի ամոթն ու հիասթափումը։ Աղոտ կերպով հիշում է, նա մի տեղ կարդացել է, որ դա միշտ էլ այդպես է լինում։ Ոչ, նա տեսնում է, գիտե՝ ինչ տարբերություն կա նրանում, ինչ առաջ էր և ինչ այժմ։ Երևի ինքը ավելի խելացի է, նրբազգաց, քան այն մարդը, որ գրել է այդ։

Միայն այժմ Բերտան նկատեց, որ ինքը երեկվա ճանապարհով է գնում։ Նրա հայացքը կանգ առավ աֆիշներից մեկի վրա, ուր գրված էր այն համերգի մասին, որին պիտի մասնակցեր Էմիլը։ Նա հաճությամբ կանգ առավ այդ աֆիշի առջև։ Ինչ֊որ պարոն կանգնած էր նրա կողքին։ Բերտան ժպիտն երեսին մտածում էր. «Եթե միայն այս պարոնը իմանար, որ իմ աչքերն այն մարդու անվան վրա են ուղղված, որը երեկ գիշեր իմ սիրեկանն էր...

Հանկարծ նա հպարտությամբ լցվեց։ Իր երեկվա վար[ 131 ]մունքը նրան մի արտասովոր բան թվաց։ Նա դժվարությամբ էր կարողանում երևակայել, որ ուրիշ կանայք այդքան համարձակություն ունենային։ Նա նորից քաղաքային այգով էր գնում, ուր երեկվանից ավելի շատ ժողովուրդ կար։ Դարձյալ իր առաջ վազվզում ու խաղում էին մանուկները, նաժիշտներն ու դաստիարակուհիները զրուցում էին, կարդում կամ գործում։ Մի ծեր մարդ էր նստած արևի տակ, նստարանի վրա։ Բերտային թվաց, որ այդ մարդը խիստ ու չար հայացքով նայեց նրան, և երբ ինքն անցավ, օրորեց ալևոր գլուխը։ Բերտայի սրտին դիպավ այդ, և նա ինքն իրան այդ մարդու առաջ հանցավոր էր զգում։ Նա ակամա ետ նայեց և նկատեց, որ մարդը նստում է արևով լուսավորված ավազին ու տակավին օրորում էր գլուխը։ Բերտան հասկացավ, որ նրա գլուխը ծերությունից էր օրորվում։ Արդյոք Էմիլն էլ այդպես ծերունի կլինի՞, արդյոք նա էլ կնստի արևի տակ տաքանալու և կօրորե՞ գլուխը։

Եվ, հանկարծ, կարծես իբր պատասխան իր այդ մտքին, նա իրան պատկերացրեց այնտեղ, տանը, շագանակենիների ծառուղիում։ Միայն թե ինքը ջահիլ էր, իսկ Էմիլին ման էին ածում բազմոցում նստեցրած։ Բերտան կամացուկ ջջնջաց. «Եթե Ռուպիուսը իմանար այս...»։ Ոչ, նա երբեք չէր հավատա։ Եթե նա մի այդպիսի բան կարողանար ենթադրել, բնավ չէր կանչի իրան բալկոնն ու չէր հաղորդի, որ կինն ուզում է նրան թողնել։ Բերտան այժմ զարմանում էր, թե որքա՜ն իր կյանքը իմաստալից և բարդ է։ Թվում է, թե ոչ մի կնոջ կյանք այդքան հետաքրքրական չի կարող լինել։ Եվ այդ զգացումը Բերտայի սիրտը հպարտությամբ էր լցնում։ Երբ նա անցնում էր մի խումբ մանկանց մոտով, նրա ուշադրությունը գրավեցին նրանցից չորսը, որ բոլորովին միատեսակ էին հագնած։ Եվ նա իսկույն մտաբերեց, որ ամենևին չէր էլ մտածել իր երեկվա արկածի հետևանքների մասին։ Սակայն նրան անհնարին թվաց՝ որևէ մի կապ լինի երեկվա խենթ գրկախառնությունների և այն փոքրիկ, միամիտ արարածի մեջ, որ իրան մայր պիտի անվանե։

Նա այգուց դուրս եկավ և դեպի Լենխերֆելտերշտրասսե ուղևորվեց։ Արդյոք Էմիլի մտքով անցնո՞ւմ է, որ նրա մոտ [ 132 ]Է գնում ինքը։ Արդյոք Էմիլը այսօր արթնացավ թե չէ՝ մտածե՞ց իր մասին։ Եվ Բերտայի մտքովն անցավ, որ ինքը առաջ բոլորովին այդպես չէր պատկերացնում առավոտը սիրո առաջին գիշերից հետո... Չէ՞ որ իրանք պիտի միասին արթնանային, իրար գրկում, կուրծք-կրծքի, շրթունք-շրթունքի։

Նրա դիմաց զինվորների մի հարյուրյակ էր գալիս։ Սպաները նրանց կողքով, մայթի վրայով էին գնում։ Նրանցից մեկը պատահմամբ դիպավ Բերտային և ասաց. «Ներեցեք»: Դա մի շատ սիրուն երիտասարդ էր։ Նա առանց ետ դառնալու շարունակեց իր ճանապարհը։ Բերտան մի քիչ սրտմտեց։ Նա ակամա մտածեց. «Մի՞թե սա էլ սիրուհի ունի, որի հետ անցկացրել է անցյալ գիշերը և դրա համար նույնպես քիչ է ուշադրություն դարձնում ուրիշ կանանց վրա, ինչպես և իր Էմիլը»։

Վերջապես նա մոտեցավ եկեղեցուն։ Երգեհոնի հնչյունները լսելի էին փողոցում։ Մի կառք էր կանգնած, որի վրա կառապանի կողքին նստած էր լաքեյը։ Արդյոք ո՞ւմ կառքն է սա։ Նրան թվում է, որ ինչ-որ կապ կա Էմիլի և դրա մեջ, և նա ինքն իրան խոսք տվեց, որ ժամերգությունը վերջանալուց առաջ դուրս գա և նայեք թե ո՞վ կնստի այդ կառքը։

Նա մտավ եկեղեցի, որ լիքն էր մարդկանցով։ Առաջ անցավ նստարանների շարքերի միջով, հասավ մինչև գլխավոր սեղանը, ուր կանգնած էր քահանան։ Տարածվեցին երգեհոնի հնչյունները, որոնց միացավ լարավոր երաժշտախումբը: Բերտան դեպի վերնատուն նայեց։ Տարօրինակ է, որ Էմիլը այստեղ, Լերխենֆելդի եկեղեցում, այսպես ասած՝ incognito պիտի նվագե իր սոլոն... Նա ուշադրությամբ զննել սկսեց առաջին շարքերում նստած կանանց։ Միայն երեք-չորս ջահիլ կին կար, մնացյալը պառավներ էին։ Առաջին կարգում հրաշալի սև մետաքսե հագուստով մի պառավ էր նստած: Նրա կոգքին նստածն էլ կարծես թե նրա նաժիշտն է։

Բերտան վճռեց, որ կառքը այդ պառավինն է, և դա հանգստացրեց նրան։ Սա դեպի ելքի դուռը գնաց և աչքերով անգիտակցաբար գեղեցիկ կանանց էր որոնում։ Այդպիսիք հաճախ հանդիպում էին իր հայացքին, բայց բոլորը տարված էի աղոթքով, և Բերտան նույնիսկ ամոթ զգաց, որ ման է գալիս [ 133 ]այստեղ առանց որևէ բարձր մտածմունք։ Հանկարծ ջութակի հնչյուններ հասան իր ականջին։ Էմիլը սկսեց իր սոլոն։ Այդ նա է նվագում, նա՜... Բերտան տասը տարուց ավելի էր՝ չէր լսել Էմիլին, և այժմ իրան թվում էր, որ այդ տոնը նույնքան քնքույշ է, ինչպես և այն ժամանակ։ Բերտան ճանաչեց այդ տոնը, ինչպես մարդկային ձայնն են ճանաչում շատ տարիներ անց։ Ահա և սոպրանոն միացավ նրան։ Եթե միայն կարելի լիներ տեսնել երգչուհուն։ Ձայնը մաքուր է և թարմ։ Մի առանձին շկոլա չկա, բայց զգալի է մի ինչ-որ կապ ջութակահարի և այդ երգի մեջ... Իհարկե, Էմիլը ճանաչում է երգչուհուն, բայց... արդյոք այդտեղ ուրիշ ոչի՞նչ չի թաքնված։ Երգը լռեց։ Ջութակը մենակ էր հնչում։ Այժմ միայն Բերտայի հոգու խորքն էր թափանցում, միայն իր համար էր հնչում, կարծես ուզում էր հանգստացնել։ Ահա նորից մեջ է մտնում նվագախումբը, բայց ջութակի սոլոն սավառնում է մնացյալ հնչյունների վրա, և, կարծես, միայն մի ձգտումով է լցված՝ արձագանք գտնել Բերտայի հոգում։ Այդ սոլոն ասում էր. «Ես գիտեմ, որ դու այստեղ ես, ես միմիայն քեզ համար եմ հնչում»։ Նորից նվազեց երգեհոնը, սակայն ջութակը բոլորի վրա դեռ շարունակում էր իշխել։ Բերտայի սիրտը այնպես շարժվեց, որ աչքերը արցունքով լցվեցին։ Վերջապես ջութակի հնչյունները լռեցին։ Կարծես մյուս հնչյունների հորձանքները խեղդեցին նրանց։ Բերտան գրեթե չէր լսում։ Բայց, այնուամենայնիվ, երաժշտությունը նրան հանգստացրեց։ Րոպե առ րոպե նրան թվում էր, թե մյուս հնչյունների մեջ ջոկում է Էմիլի ջութակի ձայնը, և այդ ժամանակ նրան տարօրինակ, գրեթե հեքիաթական էր թվում այն, որ ինքը կանգնած է այստեղ, սյունին հենված, իսկ նա այնտեղ, վերևում, պյուպիտրի առջև և, որ դեռ երեկ նրանք միասին անցկացրին գիշերը մեկմեկու գրկում։ Եվ այստեղ կանգնած հարյուրավոր մարդկանցից ոչ մեկը չգիտե այդ։ Պետք է այժմ իսկ տեսնել Էմիլին.. նա կսպասե նրան սանդուխտի մոտ։ Նրա հետ չի խոսի... Միայն կնայե, թե ում հետ է դուրս գալու նա... Կտեսնի այն երգչուհուն, դեպի որը ինքը խանդոտություն զգաց։ Սակայն դա արդեն անցել է։ Նա գիտե, որ Էմիլը իրան չի խաբի։ Երաժշտությունը լռեց։ Ամբոխը [ 134 ]Բերտային դեպի ելքը քշեց։ Նա ուզում էր սանդուխտի մոտ անցնել, բայց նրան հեռու հրեցին։ Ավելի լավ։ Էմիլին սպասելու ոչ մի կարիք չկա։ Ի՞նչ պիտի մտածեր նա։ Իհարկե, այդ բանը նրան դուր չէր գալու։ Ավելի լավ էր ինքը բոլորի հետ միասին դուրս կգա, իսկ երեկոյան կասե Էմիլին, որ լսել է նրան։ Բերտան նույնիսկ սկսել էր վախենալ, որ Էմիլը իրան նկատե։ Նա սանդուխտի աստիճաններից իջավ և հանդիպեց այն պառավին, որը իր նաժիշտի հետ այն կառքն էր նստում։ Բերտան ծիծաղեց, մտաբերելով, թե ինչպես անհանգստացրել էր իրան այդ կառքը։ Այժմ նրա բոլոր մյուս ահն ու անհանգստությունը նույնպես չքացավ։ Նրան թվում էր, որ մի նշանակալից բան պատահեց, և որ ինքը մի նոր կյանքի շեմքին է կանգնած։ Միայն այժմ իր կյանքը որոշ իմաստ ստացավ։ Ամբողջ անցյալը չնչին էր, համեմատած այն ահագին երջանկության հետ, որ նա զգում էր արվարձանի փողոցներով տուն դառնալիս։ Միայն, երբ հյուրանոց հասավ, այն ժամանակ զգաց նա, որ ամբողջ ճանապարհը անցել է կարծես թե քնած դրության մեջ և գրեթե չէր հիշում, թե ինչ ճանապարհով էր եկել և արդյոք մարդկանց հանդիպե՞լ է, թե՞ ոչ։ Նա ծառայից վերցրեց բանալին։ Ծառան նրան մի փոքրիկ նամակ և մանուշակների ու յասամանի մի փունջ տվեց...

Օ, ինչո՞ւ ինքն էլ գլխի չընկավ նրան ծաղիկ ուղարկելու։ Ի՞նչ կարող է գրել Էմիլը... Մի թեթև ահով նա բաց արեց նամակն ու կարդաց.

«Սիրելիս,

Չեմ կարող մի անգամ էլ չհայտնել քեզ իմ շնորհակալությունը այն հրաշալի երեկոյի համար։ Դժբախտաբար, մենք այսօր չենք կարող տեսնվել։ Ինձնից մի նեղանալ, սիրալի Բերտա, և մի մոռանա իր ժամանակին նախագուշացնել, երբ մյուս անգամ Վիեննա գալու լինես։

Ամբողջապես քո Էմիլ»։

Նա իր սենյակը վազեց... Ինչո՞ւ չի կարող այսօր տեսնվել իր հետ։ Ինչո՞ւ չի բացատրում պատճառը։ Ասենք, ինքը [ 135 ]հո բոլորովին չգիտե Էմիլի կյանքի պայմանները։ Չէ՞ որ այդ բոլորը նամակով բացատրելը շատ երկար կլիներ, և կարող էր այնպիսի ձև ընդունել, կարծես ներողություն է խնդրում իրանից։ Բայց, այնուամենայնիվ...

Ի՞նչ է նշանակում այդ «երբ մյուս անգամ Վիեննա գալու լինես»։ Ախր ինքը ասաց նրան, որ այստեղ դեռ մի քանի օր մնալու է... նա, իհարկե, մոռացել է այդ... Բերտան իսկույն նստեց ու գրեց նրան.

«Սիրելի Էմի՛լ.

Շատ ափսոսում եմ, որ դու ստիպվել ես հրաժարվել մեր այսօրվա տեսակցությունից։ Բայց, բարեբախտաբար, ես դեռ չեմ գնում։ Ուրեմն՝ խնդրեմ գրես, սիրելիս, ո՞ր ժամին կարող ես ընդունել ինձ դու վաղը կամ, գոնե, վաղը չէ մյուս օրը։

Հազար համբույր քո Բերաայից:

Հ. Գ. Չգիտեմ, նորից մեկ էլ երբ կգամ և չէի կամենա առանց քեզ հետ տեսնվելու հեռանալ այստեղից»։

Նա նորից կարդաց նամակն ու ավելացրեց. «Ես պետք է տեսնեմ քեզ»։

Բերտան շտապով դուրս եկավ և նամակը սուրհանդակին հանձնեց, հրամայելով, որ նա առանց պատասխան չդառնա։ Ապա նա վերադարձավ իր սենյակն ու մոտեցավ պատուհանին։ Նա չէր ուզում մտածել, ուզում էր այդպես կանգնել ու փողոց նայել։ Նա մտաբերեց, որ անցած օրերում, դեռ տանը ապրելիս, իր եղբայրների հետ նա հաճախ զբաղվում էր նրանով, որ նմանություն էր որոնում անցորդների ու ծանոթ մարդկանց մեջ։ Այժմ այդ դժվար էր, որովհետև իր սենյակը երրորդ հարկում էր և նմանություն գտնելը ավելի դժվար էր, բայց չէ՞ որ այս տարածությունը հեշտ էր դարձնում երևակայելը։ Սկզբում մի կին անցավ, որ Ագաթային էր հիշեցնում։ Հետո մի տղամարդ, որ նման էր կոնսերվատորիայի ուսուցիչներից մեկին։ Այդ մարդը թևանցուկ գնում էր մի կնոջ հետ, որը իր տագերկնոջ աղախնին էր հիշեցնում։ Երիտասարդ տղամարդը իր դերասան եղբոր կենդանի պատկերն էր։ Փողոցի մյուս կողմն էր անցնում գնդապետի հագուստով

135
[ 136 ]մի մարդ, որ իր հանգուցյալ հորն էր նման։ Հանկարծ այդ մարդը կանգ առավ, հայացքը վեր ուղղեց, կարծես Բերտային էր որոնում և հետո դարպասը մտավ ու անհետացավ։

Բերտան վախեցավ, կարծես իսկապես դա իր հանգուցյալ հայրն էր։ Նա դիտմամբ բարձրաձայն ծիծաղեց և փորձեց հեռու վանել ահը, որ տիրել էր իրան, փորձեց շարունակել իր խաղը, բայց այդ չհաջողվեց։ Նրա աչքերը միմիայն սուրհանդակին էին որոնում։ Ժամանակը կարճելու համար նա վճռեց ճաշել։ Ճաշը պատվիրելով՝ նորից մոտեցավ պատուհանին։ Իր ուշադրությունը մի ուրիշ բանով զբաղեցնելու համար նա այլևս չէր նայում այն կողմը, որտեղից սուրհանդակը պիտի երևար։ Սկսեց նայել օմնիբուսներին ու ձիաքարշերին, որոնք արվարձաններից էին գալիս և մարդկանցով էին լցված։

Նորից նկատեց այն գնդապետին, սիգարը բերանում ձիաքարշ նստելիս։ Այժմ ոչ մի նմանություն չգտավ իր հոր և այդ գնդապետի մեջ։ Դռան մոտ աղմուկ լսվեց: Նա ետ նայեց՝ սպասավորն էր։ Ճաշի ժամանակ նա շատ քիչ կերավ, բայց շտապով սկսեց գինի խմել։ Քունը տանում էր, և նա կուչ եկավ բազմոցի անկյունում։ Մտքերը շփոթվում էին, ականջներում աղմկում էին եկեղեցում նվագող երգեհոնի հնչյունները։ Նա աչքերը փակեց և իսկույնք կարծես մի կախարդական զորությամբ, նրա առջև կանգնեց երեկվա սենյակը, սպիտակ անկողինը, կարմիր վարագույրները։ Ինքը նստած էր դաշնամուրի առաջ, միայն թե այժմ նրան գրկողը մի ուրիշն էր, և այդ ուրիշը Ռիխարդն էր։ Բերտան աչքերը դժվարությամբ բաց արեց։ Նա ինքն իրան բոլորից մոռացված զգաց, և նրան մի սարսափ տիրեց, կարծես հատուցում էր սպասում իր կես-քուն, կես-արթուն երազների համար։ Նորից մոտեցավ պատուհանին։ Մի հավիտենություն էր անցել, ինչ սուրհանդակին ուղարկել էր։ Նորից կարդաց նամակը։ Նրա աչքերը կանգ առան վերջին խոսքերի վրա. «ամբողջապես քոնը»։ Բերտան այդ խոսքերը արտասանեց բարձրաձայն։ Մի առանձին քնքշությամբ մտաբերեց, թե ինչպես էր արտասանում այդ Էմիլը երեկ գիշերը, երևակայեց նամակը, որ պիտի ուղարկե իրան, ուր գրած կլինի հետևյալը. [ 137 ]«Սիրելի Բերտա, փառք աստծու, որ դու վաղը դեռ այստեղ լինես։ Ես սպասում եմ քեզ ուղիղ ժամի երեքին»։

Կամ թե չէ այսպես կգրե.

«Վաղը ամբողջ օրը մենք միասին կանցկացնենք»։

Կամ պարզ.

«Ես ամեն ինչ սարքեցի և այսօր ազատ եմ։ Ե՛կ իսկույն, անհամբեր սպասում եմ»։

Այո, նա համոզված է, որ եթե ոչ այսօր, համենայն դեպս, գնալուց առաջ կտեսնի Էմիլին։ Այլ կերպ չի կարող լինել։ Ինչո՞ւ այսքան երկար պատասխանը չեն բերում։ Երևի նա տանը չի ճաշում։ Նա միայն երեքին կդառնա տուն... Իսկ եթե հանկարծ մինչև երեկո չդառնա՞։ Միևնույն է, ինքը հրամայել է սուրհանդակին, որ սպասե թեկուզ մինչև ուշ գիշեր։ Սակայն ի՞նչ անել։ Ախր հո չի՞ կարելի ամբողջ ժամանակ կանգնել պատուհանի առջև և դուրս նայել։ Նստում է, վերցնում է պայուսակից հետը բերած վեպն ու փորձում է կարդալ, բայց բան չի հասկանում։ Աշխատում է քնել, բայց այդ չի հաջողվում: Վերջապես ժամը չորսն է խփում։

Ահա երեք ժամ է, որ սպասում է... Սակայն դուռը ծեծում են։

Մտնում է սուրհանդակը, նամակը ձեռքին։ Բերտան շտապով բաց է անում նամակը և երեսը պատուհանին է դարձնում, որ իր դեմքի արտահայտությունը թաքցնե կողմնակի մարդուց։

«Իմ սիրելի Բերտա,— կարդում է նա։

«Դու շատ բարի ես։ Առաջարկում ես ընտրություն անել մոտակա օրերի մեջ, բայց ես, ինչպես գրել էի քեզ առաջին նամակումս, ճշմարիտ որ զբաղված եմ բոլոր այս օրերը: Դու, իհարկե, կհավատաս ինձ, որ ես քեզնից պակաս չեմ ափսոսում դրա համար։ Կրկին անգամ շնորհակալությունս եմ հայտնում և հազար անգամ համբուրում եմ քեզ։ Ց՝խնդալից հանդիպում, մյուս անգամ։ Մի մոռանար ինձ։

Քո Էմիլ»։
[ 138 ]Բերտան նամակը կարդաց ու հանգստացավ։ Ապա վճարեց սուրհանդակին, և այդ ժամանակ մտքովն անցավ, որ դա իր բյուջեի համար քիչ փող չէ։ Նստեց և աշխատում էր իր խառն մտքերը պարզել։ Այլևս այստեղ մնալ չի կարելի, միայն ափսոս որ գնացք չկա։ Սեղանի վրա մնացել էր գինու կիսատ շիշը, ափսեի մոտ թափթփված էին հացի փշրանքներ, անկողնի վրա ընկած էր իր ամառնային հագուստը, իսկ դրա կողքին՝ Էմիլի ուղարկած ծաղիկները։ Ի՞նչ է նշանակում այս ամենը։ Մի՞թե վերջ... Աղոտ կերպով մտաբերեց նա մի տեղ կարդացած ֆրազը տղամարդկանց մասին, որոնց այլևս ոչինչ հարկավոր չէ, եթե «հասել են իրանց նպատակին»։ Եվ կարծես թե այդ ֆրազը կապ ուներ նոր կատարված դեպքերի հետ։ Բերտան միշտ էլ համարել էր այդ մի դատարկ վիպական ֆրազ։ Բացի այդ, սա հո հրաժեշտի նամակ չէ... Իսկ եթե... Եթե այդ քաղցր խոսքերը միայն սուտ են... Սուտ են, ահա թե ինչ։ Առաջին անգամ այդ վճռական «սուտ» խոսքը ծագեց նրա մտքում։ Իհարկե, դեռ երեկոյան, իրան ճանապարհ դնելիս, Էմիլը արդեն որոշած է եղել այդ։ Եվ նրա ծրագրները այսօրվա վերաբերմամբ. նրա երեկ հայտնած ցանկությունը՝ Բերտային իր մոտ տեսնել, այդ բոլորը սուտ էր։

Բերտան աշխատում էր մտաբերել երեկվա երեկոն, աշխատում էր հասկանալ, թե ինչո՞վ կարող էր ինքը Էմիլին հիասթափեցրած լինել։ Ամեն ինչ այնպես լավ էր։ Էմիլը նույնքան երջանիկ էր երևում, ինչպես և ինքը՝ Բերտան։ Մի՞թե դա էլ սուտ էր։ Ի՞նչ կարող էր իմանալ նա։ Գուցե իր կամքին հակառակ մի բանով վրդովել կամ վիրավորել է նրան։ Իր ամբողջ կյանքում նա կարգին կին էր եղել... Ո՞վ գիտե, ի՞նչ հիմարություն կամ անպատեհություն կարող էր պատահել այն անսովոր պայմաններում։

Գուցե այն րոպեին, երբ քնքշությամբ լի անձնատուր էր լինում նրան, ոգևորված և ոգևորելով նրան՝ ինքը ծիծաղելի էր կամ զզվելի։ Ի՞նչ գիտե ինքը այդ բաների մասին։ Այժմ Բերտան մի տեսակ զղջում զգաց, որ ինքը անձնատուր եղավ Էմիլին առանց այդ բանին պատրաստվելու, ամբողջ կյանքը իբրև ազնիվ կին ապրած, առանց մինչ այդ սիրեկան ունե[ 139 ]նալու։ Նա մտաբերեց, թե ինչպես Էմիլը հրաժարվում էր իրա համար նվագել, կարծես չէր ուզում Բերտային մասնակից անել իր ինտիմ կյանքին։ Նա նախամտածված կերպով աշխատեց օտար մնալ Բերտային իր լավագույն կողմով, հոգեկան ու մտավոր կողմով։ Բերտան հասկացավ, որ ոչինչ կար ընդհանուր իր և Էմիլի մեջ, բացի մի միակ գիշերի զվարճությունը, և որ այս առավոտ արդեն նրանք օտար էին միմյանց, որպես բոլոր անցած տարիները։

Եվ նորից խանդոտություն էր զգում Բերտան: Բայց այժմ թվում է, որ նրա մեջ միշտ ապրում էր այդ զգացումը։ Սեր, անհավատություն, հույս, զղջում ու կիրք... Եվ իր կյանքում առաջին անգամ զգաց նա մի առանձին ուժով, թե ինչո՞ւ մարդիկ հուսահատ ու կասկածներից տանջված՝ պատուհաններից ցած են նետում իրանց։ Նա հանկարծ զգաց, որ չի կարող տանել այդ, և միմիայն ճշմարտությունը կարող է թեթևացնել իրան... Նա պետք է գնա Էմիլի մոտ, պիտի հարցնե նրան... հարցնե վճռական կերպով և ինչ էլ որ լինի՝ պատասխան պիտի ստանա... Շտապով նա դուրս է գալիս փողոց, որը այժմ գրեթե դատարկ է, կարծես ամբողջ Վիեննան քաղաքից դարս է եկել։ Արդյոք տանը կգտնի՞ նրան։ Գուցե նա զգում է, որ ինքը պիտի գա պատասխան պահանջելու և արդեն միջոցներ է ձեռք առել... Բերտան նույնիսկ ամաչում է, որ այդպիսի բան մտքովն անցկացրեց։ Եթե նա տանը լինի, արդյոք մենակ կլինի և արդյոք կընդունե՞ իրան։ Եվ եթե Բերտան գտնի նրան, անգա՞մ մի ուրիշի գրկում, մի՞թե իրավունք կունենա մի բան ասելու։ Մի՞թե Էմիլը իրան խոսք է տվել, մի թե երդվել է հավատարիմ մնալու։ Եվ մի՞թե ինքը այդպիսի բան պահանջել է Էմիլից։ Մի՞թե ինքը երևակայում էր, որ Էմիլը կսպասե, մինչև որ ինքը շնորհավորի նրա սպայիական շքանշան ստանալը։ Էմիլը իրավունք ունի իրան ասելու. «Դու ինքդ իմ վզովն ընկար և ուրիշ ոչինչ չէիր էլ կամենում, բացի այն, որ ես վերցնեմ քեզ այնպես, ինչպես կաս...»։ Եվ եթե իրան հարցնե, մի՞թե ինքը՝ Բերտան չի գտնի, որ Էմիլը արդարացի է։ Մի՞թե ինքը լոկ նրա համար չեկավ, որ Էմիլի սիրուհին դառնա։ Միայն դրա համար։ Մոռացած բոլոր անցյալը և առանց ապագայի մասին մտածելու, [ 140 ]Բոլոր մյուս ցանկությունները միմիայն մի բանի շուրջն էին պտտվում։ Եվ ինքը արժանի էլ չէր մի ավելի լավ բանի, քան այն, ինչ պատահեց։ Եվ եթե անկեղծ լինի, պիտի խոստովանի, որ դրանից լավ բան ինքը կյանքում չէր տեսել։

Փողոցի անկյունում կանգ առավ։ Շուրջը խաղաղություն էր տիրում։ Տոթ էր, և երկրից շոգի էր բարձրանում վեր։ Նա այլևս չի գնա, լավ է՝ հյուրանոց վերադառնալ։ Նա այնպես հոգնել է որ։ Նրա գլխում մի նոր միտք ծագեց՝ գուցե Էմիլն էլ հոգնած էր և դրա համար չկամեցավ տեսնվել իր հետ։ Այդ միտքը Բերտային ուրախացրեց, և նա համոզվեց, որ ինքը թափանցող միտք ունի։ Մի ուրիշ միտք էլ անցավ նրա գլխով. չէ՞ որ, եթե մի ուրիշ կին սիրե Էմիլը, այլ կերպ չի սիրելու։ Եվ հանկարծ նրա մեջ հարց է ծագում՝ արդյոք այս գիշերը միա՞կը պիտի լինի։ Արդյոք ինքը, բացի Էմիլից, դարձյալ պատկանելո՞ւ է որևէ մեկին, թե՞ ոչ։ Այդ կասկածը ուրախացնում է Բերտային, կարծես դրանով նա հանում է իր վրեժը Էմիլի կարեկցության և հեգնական ժպիտների համար։

Սակայն ահա նա դարձյալ երրորդ հարկում է, իր անհյուրընկալ սենյակում։ Ճաշի մնացորդը դեռ չեն հավաքել։

Ծաղիկներն ու հագուստը դեռ ընկած են անկողնու վրա։ Նա ծաղիկները մոտեցնում է շրթունքներին կարծես նրանց համբուրել է ուզում։ Բայց զայրույթը բռնկում է նրա կրծքում մի նոր ուժով, և նա ծաղիկները հատակին է գցում։ Ապա ձեռներով ծածկում է աչքերն ու նետվում է անկողնի վրա։

Այդպես պառկած մնում է միառժամանակ ու հանգստանում է։ Ոչ, դա դեռ ավելի լավ է, որ ինքը այսօր կարող է գնալ։ Նա նորից պատկերացրեց իր տղային փոքրիկ անկողնում ժպտալիս և իրան՝ նրա վրա թեքվելիս։

Նա անհաղթելի ցանկություն զգաց տեսնելու իր որդուն, և՛ Էլլիին, և՛ տիկին Ռուպիուսին։ Հա՛, ճիշտ որ, Աննան ուզում էր ամուսնին թողնել։ Ինչո՞ւ... ինչ կարող է դրա մեջ թաքնված լինել... սիրային պատմությո՞ւն... Տարօրինակ է, այժմ Բերտայի համար ավելի ևս դժվար է երևակայել այդքան առաջ։

Ուշ է։ Պետք է պատրաստվել գնալու։ ...Այդպես ուրեմն, կիրակի երեկոյան նա նորից տանը կքինի։ [ 141 ]Բերտան նստած է կուպեում։ Ծնկեերի վրա դրել է ծաղիկները, որ, այնուամենայնիվ, բարձրացրել է գետնից... Այո, նա հեռանում է այն քաղաքից, ուր... ուր մի բան ապրեց... չէ՞ որ այդպես է կոչվում այդ։ Եվ նրա գլխում պտտվում են «երանություն», «սիրո վայելք», «արբեցում» խոսքերը։ Եվ նա հպարտ է, որ անձնական փորձով ճանաչել է այդ խոսքերի նշանակությունը։ Նրա գլխում դարձյալ մի նոր միտք ծագեց։ Իսկ եթե Էմիլը կապվա՞ծ է որևէ մի կնոջ հետ։ Բայց, ախր, ինքը խլեց Էմիլին այն կնոջից։ Իհարկե, ոչ երկար ժամանակով, բայց այնքան, որքան կինը կարող է։ Նա քանի գնում՝ ավելի հանգիստ էր դառնում, գրեթե ուրախ։ Նա դեռ անփորձ էր և իր ամբողջ թափով անձնատուր լինել չկարողացավ։ Սակայն ինչո՞ւ այդ չպիտի հաջողվի իրան մյուս անգամ։ Լավ եղավ, որ ինքը իրան զսպեց և Էմիլի մոտ չգնաց։ Նա նույնիսկ վճռեց մի սառը և զսպված նամակ գրել, որը, անշուշտ պիտի սրտմտեցներ Էմիլին։ Այժմ ինքը նենգամիտ կլինի, պչրող... Բայց պետք է նորից տիրել նրան, ինչ էլ որ լինի... ամենամոտ ժամանակում և, եթե կարելի է, ընդմիշտ։ Եվ նրա երազները քանի գնում՝ ավելի հեռուն էին թռչում, և քանի արագ էր ընթանում իրան տուն սլացնող գնացքը, և քանի խորն էր սուզվում նա նիրհի մեջ, այնքան նրա մտքերը ավելի ու ավելի համարձակ էին դառնում։

Երբ նա եկավ, քաղաքում ամեն ինչ քնած էր խոր քնով։ Նա հրամայեց աղախնին, որ, որքան կարելի է, որդուն վաղ տուն բերե տագերոջ մոտից և հանվել սկսեց։ Նրա աչքերը պատահաբար անկողնի վերևը կախված ամուսնի նկարի վրա կանգ առան։ Արդյոք կարո՞ղ է այդ նկարը այստեղ մնալ։ Նա սարսռեց, երբ մտաբերեց, որ կան այնպիսի կանայք, որ սիրեկաններից վերադառնալով՝ հանգիստ կերպով պառկում են իրենց ամուսնի կողքին, միևնույն անկողնում... Ինքը այդ անել չէր կարող... Եթե հանգուցյալը կենդանի լիներ, ոչինչ չէր պատահի, իսկ եթե պատահեր էլ, ինքն այլևս երբեք տուն չէր դառնա: [ 142 ]

Առավոտ վաղ նրան արթնացրեց Ֆրիցը։ Նա մահճակալի վրա էր բարձրացել և կամացուկ փչում էր մոր աչքերին։

Բերտան նստեց անկողնի մեջ, գրկեց նրան ու համբուրում էր նրա գլուխը։ Ֆրիցը իսկույն սկսեց պատմել, թե ինչպես ուրախ էր հորեղբոր մոտ, ինչպես բոլորն իրան երես էին տալիս՝ Էլլին հետը խաղում էր, Ռիխարդը ըմբշամարտում էր, բայց չկարողացավ հաղթել։ Երեկ իրան երաժշտության դաս էին տալիս, և նա կսկսե շուտով մայրիկից լավ նվագել։ Բերտան հիացմունքով էլ լսում նրան։ Նա մտածում էր, եթե միայն Էմիլը կարողանար լսել այդ քաղցր զրույցը, և միտք էր անում, թե արդյոք չի՞ կարելի հետևյալ անգամ Վիեննա գնալիս՝ Ֆրիցին էլ վերցնել։ Այն ժամանակ դա ոչ մի կասկած չի հարուցանի։ Բերտան մոռացել էր բոլորը, ինչ դառն էր և միայն ուրախությունն էր հիշում։ Նույնիսկ մերժողական նամակից նա միայն վերջին տողերն էր պահել իր մտքում։ Իսկ այդ տողերը նոր տեսակցության մասին էին խոսում։ Նա գրեթե ուրախ էր տրամադրված, երբ վեր կացավ։ Եվ հագնվելիս՝ նա ակամա հիանում էր ինքն իր մարմնով, որի վրա, կարծես, դեռ մնում էր համբույրների բույրը։

Ճաշից առաջ նա գնաց տագերանցը։ Ռուպիուսի տան մոտից անցնելիս՝ նա ուզեց նրանց մոտ մտնել, բույց հետաձգեց այդ մինչև երեկո, վախենալով միանգամից սուզվել այդ տան մեջ տիրող տագնապալի տրամադրության մեջ։

Էլլին նրան այնպիսի աղմուկով և ուրախությամբ դիմավորեց, որ կարելի էր կարծել, թե նա մի երկարատև ճանապարհորդությունից էր վերադառնում։ Տագրը պատրաստվում էր գնալ, բայց, Բերտային տեսնելով, հարցրեց, թե արդյոք լա՞վ է անցկացրել ժամանակը, և մատը թափ տվեց նրա վրա։ Բերտան կարմրեց։

— Հա՜, լավ լուրեր են գալիս քո մասին,— շարունակում էր նա, առանց նկատելու Բերտայի շփոթմունքը և, դռան մեջ կանգ առնելով, գլուխ տվեց նրան մի այնպիսի ձևով, կարծես ուզում էր ասել. [ 143 ]— Լա՛վ, ինչ էլ որ լինի, դու ինձ չես խաբի։

— Հայրի՜կը, որ միշտ ծաղրում է,— ասաց էլլին,— դա ինձ բոլորովին դուր չի գալիս։

Բերտան գիտեր, որ տագրը այդ ամենը այնպես է ասում, դատարկ տեղը և, որ եթե նույնիսկ ինքը պատմեր բոլոր ճշմարտությունը, նա երբեք չպիտի հավատար։

Ներս մտավ տագերկինը, և Բերտան ստիպված էր իր Վիեննա գնալու պատմությունն անելու։ Նա ինքը զարմանում էր, որ այդպիսի հեշտությամբ իրար է խառնում ճշմարիտն ու սուտը։ Նա պատմեց, որ Ագաթայի հետ գնում էր քաղաքային այգին երաժշտություն լսելու, պատարագներ լսում էր ս. Ստեփանի եկեղեցում, փողոցում հանդիպեց կոնսերվատորիայի մի ծանոթ պրոֆեսորի և վերջը պատմեց նույնիսկ ինչ-որ ծիծաղելի մարդ ու կնոջ մասին, որոնք ընթրում էին Ագաթայի մոտ։ Քանի շատ էր ստում նա, այնքան ավելի նրա մեջ ցանկություն էր ծագում այդ պատմության մեջ գցել հռչակավոր ջութակահար Էմիլ Լինդբախին, որ մի ժամանակ իր հետ սովորել է կոնսերվատորիայում, որին ինքը մի անգամ հանդիպեց փողոցում, որի հետ զրուցեց։ Սակայն մի աղոտ վախ, որ ինքը կարող է ժամանակին կանգ չառնել և բոլորը դուրս տալ, զսպեց նրան։ Տագերկինը, նրան լսելիս, հոգնած տեսք ուներ, Էլլին, ըստ սովորականին, հենվել էր դաշնամուրին և իր խոշոր աչքերով նայում էր Բերտային։

Տագերկնոջ մոտից Բերտան տիկին Մալմանի մոտ գնաց և նրա երկվորյակներին դաս տվեց։ Սկզբում էկսերզիսներն ու գամմաները գրգռում էին իրան, իսկ հետո նա դադարեց լսելուց՝ ամբողջապես իր հուշերով տարված։

Այս առավոտվա լավ տրամադրությունը չքացավ։ Վիեննան սաստիկ հեռու էր թվում։ Տարօրինակ մի անհանգստություն տիրեց նրան, և հանկարծ ահ ծագեց, որ համերգից հետո Էմիլը կարող էր իսկույն հեռանալ։ Դա սոսկալի կլիներ։ Հեռանալ այդպես, առանց իր հետ տեսնվելու։ Եվ աստված գիտե, թե նա երբ կվերադառնա նորից։ Ոչ, պետք է համերգի օրը մի կերպ Վիեննա ընկնել։ Բերտան պիտի խոստովաներ, որ իրան քաշողը բնավ Էմիլի նվագածությունը չէր։ Նա նույնիսկ ավելի ուրախ կլիներ, եթե Էմիլը բոլորովին ար[ 144 ]տիստ էլ չլիներ, այլ ամենասովորական մի մահկանացու, մի որևէ հաշվապահ կամ դրա նման մի բան։ Միայն թե նա իրան պատկաներ, միմիայն իրան։

Մինչ այդ երկվորյակները շարունակում էին իրանց գամմաները նվագել։ Սա ինչ սարսափելի բան է նստել այստեղ ու այս անտաղանդ մանուկներին երաժշտություն սովորեցնել։ Ախր ի՞նչ բանի համար էր ուրախանում նա առավոտը... Այնտեղ, Վիեննա, լավ էր։ Կատարյալ ազատություն, Էմիլը, փողոցներում թափառելը, քաղաքային այգում զբոսնե՜լը... Ճիշտ որ, ինքը շատ փող ծախսեց, Մալմանների մոտ երկու դյուժին դաս էլ որ տա, չի վերադարձնի այդ փողը... Իսկ այժմ նորից այդ կյանքը իր ազգականների հետ, դասե՜րը... Երևի ստիպված կլինի դեռ նոր դասեր էլ որոնելու։ Այս տարի մուտքը չի ծածկում ծախսերը... Ահ, ի՞նչ կյանք է սա...

Փողոցում նա հանդիպեց բժիշկ Մարտինի կնոջը, որը հարձուփորձ էր անում, թե ինչպե՞ս է անցկացրել ժամանակը Վիեննա և, իմիջիայլոց, հասկացրեց, որ հազիվ թե Բերտան այնտեղ ժամանակը այնպես լավ անցկացրած լիներ, ինչպես այստեղ ինքը իր ամուսնու հետ։ Բերտան այնպես ուզեց ճչալ, որ այնտեղ շատ լավ էր, հրաշալի, ավելի լավ, քան տիկին Մարտինի համար այստեղ, որ ինքը ամեն ինչ հասկանում է, որ այնտեղ ինքը եղել է մի տղամարդու հետ, որը տիկին Մարտինի ամուսնից հազար անգամ ավելը գեղեցիկ է, որ այդ տղամարդը իր սիրեկանն է, իսկ տիկին Մարտինինը՝ լոկ մի օրինավոր ամուսին... Սակայն, իհարկե, այդ ամենը չասաց, լռեց։ Ասաց միայն, որ Ագաթայի և նրա երեխաների հետ զբոսնել է քաղաքային այգում։

Նա հանդիպեց և ուրիշ տիկինների, որոնց նա լավ ծանոթ չէր։ Առաջ նա քաշվում էր նրանցից, իսկ այժմ ավելի ազատ էր, համարձակ։ Չէ՞ որ ինքը քաղաքի մեջ միակ կինն էր, որ մի այդպիսի բան էր ապրել։ Եվ նա ափսոսում էր, որ ոչ ոք չգիտե այդ։ Չէ՞ որ այդ կանայք, նույնիսկ եթե նրանից արհամարհանքով երես դարձնեին, այնուամենայնիվ, իրենց հոգում պիտի նախանձեին իրան։ Իսկ եթե նրանք կարողանային իմանալ, թե ո՞վ էր... նրա անունը... Աստվա՜ծ, ի՞նչ ափսոս, [ 145 ]որ չկա մեկը, որի հետ կարելի լիներ խոսել այդ մասին... Աննա՞ն... Այո, Աննան... Բայց նա գնում է, հեռանում է երկար ժամանակով... Ասենք, դա միևնույն է։

Միայն եթե կարելի լիներ իմանալ, թե ինչպես կվերջանա այդ ամենը էմիլի հետ... ինչպե՞ս... Այդ ծանր անհանգստությունը... Արդյոք ինքը նրա հետ «սիրային կապ» ունի՞, թե՞ ոչ... Ահ, ինչո՞ւ ինքը մի անգամ էլ չգնաց նրա մոտ այն ժամանակ։ Չէր կարող... Այդ նամակը... Էմիլը իրան տեսնել չէր ուզում։ Իսկ ծաղիկները ուղարկել էր, այնուամենայնիվ...

Բերտան նորից ազգականների մոտ էր։ Ռիխարդը նրան դեմ վազեց։ Նա ուզում էր գրկել հանաքով, ինչպես միշտ անում էր։ Բերտան նրան ետ հրեց ու մտածեր. «Վա՜տ տղա, ես գիտեմ, թե ի՞նչ է ուզում նա, եթե, նույնիսկ, ինքը չի գիտակցում այդ։ Ես այժմ ամեն ինչ հասկանում եմ, ես ինքս սիրեկան ունիմ Վիեննա...»։ Դասը սկսվեց։ Վերջում Էլլին ու Ռիխարդը երկուսով նվագեցին Բեթհովենի ուվերտյուրը։ Դա հոր ծննդյան օրվա համար է, սյուրպրիզ է... Բերտան միայն Էմիլի վրա էր մտածում։ Սա քիչ էր մնում՝ խելագարվեր այդ անտանելի ծնկծնկոցից։ Ոչ, անհնար է այլևս այդպես ապրել. անհնար է ամեն տեսակետ իր... Նա դեռ ջահիլ է... Ահա հենց դրանում է բանի ամբողջ էությունը... Նա այլևս չի կարող տանել այս կյանքը... այլ կսիրե մի ուրիշին... Ֆո՜ւ, ինչպես էլ կարող է նա այդպիսի բաների վրա մտածել։ Մի՞թե այդքան փչարած է ինքը։ Ո՞վ գիտե, գուցե Էմիլը, իր փորձառության շնորհիվ նկատե՞լ է այդ բանը։ Ահա թե ինչու նա այլևս չուզեց տեսնել իրան։

Երանի այն կանանց, որոնք ամեն ինչի վրա թեթև աչքով են նայում, որոնք պատրաստ են մեկին թողնելու... Սակայն այս ի՞նչ մտքեր են նորից... Մի՞թե Էմիլը իրեն թողել է... Մի երեք-չորս օր անց ինքը նորիր Վիեննա կլինի, նորից նրա գրկում... Աստվա՜ծ, իսկ ամբողջ երե՜ք տարին նա ապրել է այնպես... Երե՞ք... Ոչ, վեց, ամբողջ կյանքը... Եթե միայն Էմիլը գիտենա՜ր, եթե միայն հավատա՜ր... Ներս է մտնում տագերկինն ու խնդրում, որ Բերտան այսօր իրենց մոտ ընթրե։ Հա՜, դա միակ զվարճությունն է՝ մերթ ընդ մերթ տնից դուրս ընթրել։ Եթե լիներ գոնե մի մարդ, որի հետ [ 146 ]կարելի լիներ խոսել.. Աննան գնում է, թողնում է ամուսնին: Ինչո՞ւ... Արդյոք նա էլ մի սիրային ինտրիգ չունի՞...

Դասը վերջացավ։ Բերտան մնաս բարով էր ասում։ Նա գրեթե խղճում էր իր տագերկնոջը և զգում էր նրա առաջ իր գերազանցությունը։ Այո՛, իհարկե, տագերկնոջ ամբողջ կյանքի փոխարեն ինքը չէր տա այն մի ժամը։

Մինչդեռ, մտածում էր նա տուն վերադառնալիս, ախր ինքը ուղիղ ճանապարհով չհասավ իր, արդեն անցած, երջանկության։ Ահա նորից նույն բնակարանն է, նույն սենյակը,նույն զզվելի նկարը... Այստեղ ամեն ինչ, ամեն ինչ նրա համար անտանելի է դարձել։ Իսկ այնտե՜ղ... Ի՜նչ լավ էր։ Ամենից լավը այն րոպեն էր, երբ Էմիլը ճանապարհ էր դնում իրան և նրա գլուխը սեղմեց իր կրծքին։ Ո՜չ, Էմիլը սիրում է նրան... Իհարկե, ոչ այնպես, ինչպես ինքն է սիրում, այդպես անհնար է սիրել։ Ի՜նչ ասես՝ չի տեսել իր կյանքում Էմիլը։ Այժմ Բերտան այդ մասին մտածելիս՝ խանդոտություն չէր զգում, այլ ավելի շուտ՝ կարծեի խղճում էր Էմիլին, նրան, որը, թվում էր, այնքան բան է տեսել։ Չէ՞ որ Էմիլի կյանքը միշտ էլ թեթև չէ եղել... Համենայն դեպս, նա անհոգ մարդ չէ... Բերտային թվում էր նույնիսկ, որ Էմիլին մի ինչ-որ անըմբռնելի թախիծ էր տանջում իրանց տեսակցության ժամերին։ Ա՜հ, թե միայն ինքը կարողանար իմանալ նրա ամբողջ կյանքը։ Էմիլն այնքա՜ն քիչ բան պատմեց իրան... գրեթե ոչինչ։ Ասենք, մի՞թե կարելի էր այդ հենց առաջին օրը։ Իսկ Բերտան այնպես երկչոտ է, խոսել չի իմանում, ամաչում է... Ոչ, պետք է այսօր իսկ նրան գրել։ Երեկվա նամակը այնպե՜ս հիմա՜ր էր։ Էմիլը չէր էլ կարող այլ կերպ պատասխանել։ Որպեսի՜ երջանկություն է Էմիլին պատասխանելը... Համարձակ չպետք է գրել, իհարկե, սակայն չպետք է և ստորանալ, ոչ, չէ՞ որ ինքը պատասխանել է Էմիլին։ Ահա, այն Բերտան, որը ման է գալիս փողոցներում ու հանդիպում մարդկանց, որոնք նրան իրենց հավասար են համարում, ահա այդ Բերտան այն զարմանալի մարդու սիրուհին է, այն մարդու, որին աստծու պես պաշտում էր իր ջահիլ հասակում։ Որպիսի ինքնամոռացությամբ անձնատուր եղավ նա Էմիլին... Ոչ մի կին այդ բանին ընդունակ լինել չէր կարող: Իսկ [ 147 ]ինքը և ավելին կարող էր անել։ Նա հաճությամբ կտեղափոխվեր Էմիլի մոտ և կապրեր նրա հետ առանց նրա կինը լինելու։ Նրա համար միևնույն կլիներ, թե ինչ կասեն մարդիկ... Նա նույնիսկ կպարծենար դրանով։ Իսկ հետո Էմիլն, իհարկե, կամուսնանար։ Չէ՞ որ ինքը լավ տանտիկին է և կկարողանա Էմիլի մասին հոգալ, հանգստություն տալ նրան, և Էմիլը չի կարող չգնահատել այդ։ Խաղաղ, ամփոփիկ տունը այնքա՜ն դուրեկան պիտի լինի մենավոր թափառականության երկար տարիներից հետո։ Եվ Էմիլը պիտի երջանիկ զգա իրան, որ իր մոտ կա մի սիրող կին, մի կին, որը ուրիշ ոչ ոքի չի սիրել այդպես։

Բերտան տուն դարձավ և մինչև որ ճաշը կբերեին, նամակի համար ամեն ինչ պատրաստեց։ Ճաշում էր նա տենդոտ անհամբերությամբ։ Նա նույնիսկ որդուն մոռացավ։ Թողեց, որ աղախինը կերակրե նրան և քուն դնե, ինչպես ինքը միշտ անում էր։ Իր սենյակը դառնալով՝ նա նստեց գրասեղանի առաջ, և խոսքերը անընդհատ թափվում էին նրա գրչի տակից. կարծես նամակը առաջուց պատրաստ լիներ գլխում։

«Իմ սիրելի, իմ թանկագին Էմիլ,

Այն օրվանից, ինչ դարձել եմ տուն, միշտ ուզում եմ գրել քեզ, թե որքա՜ն երջանիկ եմ ես, անսահման երջանիկ, որ դու սիրում ես ինձ։ Սկզբում ես նեղացա, որ դու կիրակի օրը չուզեցիր ինձ տեսնել: Ես դրա մասին խոսում եմ նրա համար, որ ոչինչ չեմ ուզում թաքցնել։ Դժբախտաբար, երբ ես քեզ հետ էի, խոսք չէի գտնում արտահայտելու այդ։ Իսկ այժմ դու պիտի հաշտվես այն բանի հետ, որ ես երկար ու ձանձրալի նամակներ եմ գրելու քեզ։ Իմ սիրելի, իմ միա՜կ... Ասում եմ քեզ սիրելի ու միակ նրա համար, որ դա ճշմարիտ է, թեև դու ինձ չես հավատում։ Խնդրում եմ քեզ, հավատա՜, ես չեմ ստում։ Էմիլ, ես, քեզնից բացի, ոչ ոքին, երբեք չեմ սիրել և չեմ սիրելու։ Ինչ ուզում ես, արա։ Ինձ այս քաղաքի հետ ոչինչ չի կապում։ Ավելին կասեմ՝ ես չեմ կարող ապրել այստեղ, սարսափ է տիրում ինձ այստեղ։ Ես ուզում եմ Վիեննա տեղափոխվել, որպեսզի քեզ մոտ լինեմ։ Մի վախենար, ես [ 148 ]քեզ չեմ խանգարի։ Ես մի որդի ունեմ, որին պաշտում եմ։ Ես նրանով զբաղված կլինեմ։ Ես իմ բոլոր ծախսերը կկրճատեմ, և, ո՞վ գիտե, գուցե կարողանամ Վիեննայում էլ դասեր գտնել, որոնք կօգնեն ինձ գոյությունս պահպանելու։ Ես վաղուց որոշել էի այդ անել իմ պաշտելի որդու համար, երբ նա մեծանա։ Դու երևակայել չես կարող, թե որքան հիմար են այստեղ մարդիկ: Ես նրանց տեսնել չեմ կարող սկսած այն օրից, երբ քեզ հետ լինելու երջանկությունն զգացի։ Ինձ մի խորհուրդ տուր, սիրելիս։ Ինքդ քեզ մի ձանձրացնի երկար նամակ գրելու, որովհետև մոտ օրերս ես մի քանի անհրաժեշտ բաներ առնելու համար Վիեննա պիտի գամ, և այն ժամանակ անձամբ կասես, թե ինչպես ավելի լավ կլինի քո կարծիքով։ Դու պետք է խոսք տաս, որ երբեմն առ երբեմն կգաս մոտս, երբ Վիեննա տեղափոխվեմ։ Եթե դա անախորժ է քեզ համար, այնպես կանենք, որ ոչ ոք չիմանա։ Հավատա, որ ինձ համար իսկական տոն պիտի լինի քեզ հետ ունեցած ամեն մի տեսակցությունս։ Ամբողջ աշխարհում ոչ ոք չկա, որ քեզ մինչև մահը այնքան ջերմ, այնքան անկեղծ սիրե, ինչպես ես։

Ողջ եղիր, սիրելիս,
քո Բերտա»։

Նա չվստահացավ նամակը նորից կարդալու և իսկույն դուրս եկավ, որ անձամբ տանի հեռացող գնացքին։

Կայարանում նա տեսավ տիկին Ռուպիուսին ու նրա աղախնին, որը տիկնոջ պայուսակն էր տանում։ Սա ի՞նչ է նշանակում։

Բերտան հասավ տիկին Ռուպիուսի ետևից հենց այն րոպեին, երբ նա կայարան էր մտնում։ Աղախինը համբուրեց իր տիկնոջ ձեռքը, պայուսակը սեղանին դրեց ու դուրս ելավ։

— Աննա, — կիսահարցական եղանակով բացականչեց Բերտան:

Աննան սիրալիր կերպով պարզեց նրան իր ձեռքը։

— Ես արդեն լսել էի, որ դուք վերադարձել եք,— ասաց նա։— Հետո ինչպե՞ս անցկացրիք ժամանակը։

— Լավ, շատ լավ, բայց... [ 149 ]— Ինչո՞ւ եք ինձ այդպիսի սարսափով նայում։ Ես նորից կվերադառնամ և հենց վաղը։ Իմ գնալս չհաջողվեց։ Ես ստիպվեցի վճռել... մի ուրիշ բան։

— Ի՞նչ։

— Մնա՛լ։ Վաղը ևս նորից տանը կլինեմ։ Լավ, դուք ասացեք, ինչպե՞ս անցկացրիք ժամանակը։

— Ես ձեզ արդեն պատասխանեցի, որ շատ լավ։

— Ճիշտ որ։ Ես մոռացա։ Դուք ուզում եք այդ նամակը գցել...

Միայն այժմ Բերտան նկատեց, որ նամակը դեռ բռնած պահում էր ձեռքում։ Նա այնպիսի հիացմունքով նայեց Աննային, որ վերջինս չկարողացավ իր ծիծաղը զսպել:

— Ուզո՞ւմ եք՝ ես տանեմ... Իհարկե, Վիեննա։

— Այո,— ասաց Բերտան և կարծես թե ուրախացած, որ կարող է, վերջապես մեկին ասել, ավելացրեց, — այս նամակը ուսարկում եմ նրան:

Աննան, կարծես, գլխով համակրության մի շարժում արեց, բայց բան չասաց։

— Որքան երջանիկ եմ ես, որ ձեզ հանդիպեցի,— շարունակում էր Բերտան։— Դուք միակ կինն ենք, որին կարելի է հավատ ընծայել, որը կարող է հասկանալ ինձ։

— Ահ, ոչ,— ասաց Աննան, կարծես քնի միջից։

— Ինչպե՜ս նախանձում եմ ես ձեզ, որ մի քանի ժամից Վիեննա կլինեք։ Որքան երջանիկ եք դուք։

Աննան Բերտային նայեց ու տխուր ասաց.

— Ինձ թվում է, որ դուք նախանձելու տեղիք չունեք, դուք ինքներդ երջանիկ եք։

— Ոչ, ես պետք է այստեղ մնամ։

— Ինչո՞ւ։ Դուք ազատ եք։ Պահեցեք ձեր նամակը, թե չէ՝ կկարդամ հասցեն և ավելին կիմանամ, քան դուք կկամենայիք այդ։

— Ոչ, ոչինչ։ Ես կուզեի, որ այս գնացքի հետ գնար նամակս։

Նա վեր ելավ, նամակը արկղը գցեց ու դարձավ։ Աննան շարունակում էր նստած մնալ սեղանի առաջ, նույն դիրքում, գլուխը ձեռներին հենած։ [ 150 ]— Ես կարող եմ ամեն ինչ ասել ձեզ,— շարունակեց Բերտան։— Ես ուզում էի Վիեննա գնալուցս առաջ անել այդ, բայդ չգիտեմ՝ ինչու չվստահացա։

— Այն ժամանակ գուցե պատմելու բան է՞լ չկար,— ասաց Աննան՝ նրան նայելով։

Բերտան ապշած էր։ Որքա՜ն խելոք է այս կինը, որքան թափանցող։

— Այո, այն ժամանակ գրեթե ոչինչ չկար,— կրկնեց նա հիացմունքով Աննային նայելով։— Դուք, ախր, մի մտածեք, գրեթե անհավանական բան է այն, ինչ որ ես ասելու եմ. ձեզ, բայց ես ինքս ինձ ստախոս կհամարեի, եթե լռեի դրա մասին։

— Ապա՞։

Բերտան մոտ քաշվեց Աննային ու խոսեց գրեթե շշուկով, որովհետև դուռը բաց էր։

— Ես ուզում էի ձեզ ասել, որ բոլորովին մի վատ բան արած չեմ զգում ինձ։

— Դա այնքան էլ խելացի բան չէր լինի։

— Այո, դուք նորից իրավացի եք... Ես այդ չէի ուզում ասել։ Ընդհակառակը, ինձ թվում է, որ ես մի առանձնապես լավ բան եմ արել, և ես անգա՞մ հպարտանում եմ դրանով։

— Դեհ, ասենք, դա ավելորդ է, — ասաց Աննան՝ անուշադիր կերպով շոյելով Բերտայի՝ սեղանի վրա դրված ձեռքը։

— Այդ ես ինքս էլ գիտեմ։ Բայց էլի ինքս ուրիշ եմ երևում, ոչ նման մյուս կանանց։ Եթե դուք իմանայիք... Եթե միայն դուք տեսնեի՜ք նրան... Դա մի այնպիսի արտասովոր պատմությո՜ւն է... Չկարծե՞ք, թե ես նրան միայն նորերս եմ ծանոթացել։ Ընդհակառակը, ես նրան վաղուց գիտեի է սիրում էի, երբ դեռ բոլորովին մանկահասակ աղջիկ էի։ Այն ժամանակից տասներկու տարի է անցել։ Մենք մի քանի տարի էր՝ տեսնվել, և հանկարծ նա իմն է... իմ սիրա՜ծը։ Միթե տարօրինակ չէ դա...— Նա լռեց, և նրա ամբողջ երեսը լուսավորեց ժպիտը։ [ 151 ]Տիկին Ռուպիոսը կիսահեգնական, բայց և բարյացակամ մի հայացքով նայեց նրան և համակրանքով ասաց.

— Ես ուրախ եմ ձեր երջանկության համար։

— Օ՜, որքան բարի եք դուք։ Մյուս կողմից՝ շատ ափսոս, որ մենք միմյանցից այնպես հեռու ենք ապրում. նա Վիեննա է։ իսկ ես՝ այստեղ։ Դա անտանելի է։ Ես այնպե՜ս մենակ եմ զգում ինձ, մանավանդ ազգականներիս շրջանում։ Եթե միայն նրանք իմանային այդ։ Չէ՜, եթե նրանք իմանայի՜ն հանկարծ։ Սակայն նրանք չէին հավատա։ Մանավանդ տագերոջս կինը։ Նա այնպիսի խիստ կին է, որ կասկածել անգամ չի կարող, որ այդպիսի բաներ են պատահում։

— Դուք շատ միամիտ եք, — ասաց տիկին Ռուպիուսը մի տեսակ գրգռումով։— Կարծեմ գնացքը մոտենում է,— ավելացրեց նա՝ լսողությունը լարելով։

Նա վեր ելավ, մոտեցավ պլատֆորմ նայող ապակյա դռան ու նայեց։ Ներս մտավ գծի տեսուչը և նայեց տոմսակները։

— Վիեննայի գնացքը ուշացել է քսան րոպե, — ասաց նա։

Բերտան մոտեցավ տիկին Ռուպիուսին և երկչոտությամբ հարցրեց.

— Ինչո՞ւ դուք ինձ միամիտ անվանեցիք։

— Դուք մարդկանց բոլորովին չեք ճանաչում, — ասաց Աննան, գրեթե զայրացած։— Դուք երևակայել անgամ չեք կարող նույնիսկ այն մարդկանց, որոնց մեջ ապրում եք։ Հավատացնում եմ, որ հպարտանալու բան չունեք դուք։

— Ես գիտեմ, որ դա իմ հիմարությունն է։

— Ձեր տագերկինը, իրավ, ծիծաղս գալիս է, որ ասեմ, ձեր տագերկինը...

— Ի՞նչ իմ տագերկինը...

— Նա էլ է սիրեկան ունեցել։

— Ի՞նչ եք ասում։ Ինչպե՞ս եք կարողացել դուք այդպիսի միտք հղանալ։

— Ճիշտ է: Նա քաղաքում ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը։

— Գուցե և կան այդպիսի կանայք, բայց... Ալբերտինան... [ 152 ]— Եվ գիտե՞ք ով է եղել... Հենց բանն էլ դա է՝ Կլինգեմա՜նը...

— Ոչ, դա անկարելի բան է։

— Սակայն դա այդպես է։ Միայն թե դա վաղուցվա բան է, տասը–տասնմեկ տարվա բան։

— Բայց ախր այդ ժամանակ դուք ինքներդ էլ այստեղ չեք եղել։

— Օ՜, ես դա հաստատ աղբյուրից գիտեմ։ Ինքը՝ Կլինգեմանն է պատմել ինձ դրա մասին։

— Ինքը՝ Կլինգեմա՞նը։ Մի՞թե մարդ կարող է այդ աստիճան...

— Սովորական պատմություն է, — ասաց տիկին Ռուպիուսը՝ դռան մոտի բազմոցին նստելով։ Բերտան կանգնած էր նրա կողքին ու լսում էր զարմանքով։

— Այո, ինքը՝ Կլինգեմանը,— շարունակեց տիկին Ռուպիուսը։ — Ես այստեղ եկա-չեկա, նա պատիվ արեց ինձ ու վրաս սիրահարվեց և ինչպե՜ս սիրահարվեց. ուղղակի կյանքի և մահու հարց էր... Դուք ինքներդ էլ գիտեք, թե որքա՜ն զզվելի է նա։ Ես, իհարկե, ծաղրեցի նրան։ Դա նրան բռնկեցրեց. և նա ինձ ամեն ինչ պատմեց, երևի ուզում էր դրանով համոզել ինձ, որ իր հմայքին անհնարին է դիմադրել։

— Գուցե նա սո՞ւտ ասաց։

— Գուցե, բայց պատմության մեջ ճշմարտության շատ կա... Դուք երևակայել չեք կարող, թե տղամարդիկ որքան ստոր կարող են լինել։

Այդ խոսքերն Աննան արտասանեց մի խորին ատելությամբ։ Բերտան ահով էր նայում նրան։ Նա զարմացած էր, որ տիկին Ռուպիուսից այդպիսի բաներ է լսում։

— Ախր ինչպե՞ս է, որ դուք չգիտեք, թե ում շրջանում եք ապրում։

— Ես դժվարությամբ եմ հավատում ձեզ։ Եթե միայն տագրս իմանա՜ր...

— Եթե նա իմանա՞ր։ Նա, ախր, ավելի լավ գիտե այդ, քան ես ու դուք։

— Ի՞նչ եք ասում։ Ո՛չ, դա անկարելի է:

— Նա բռնել է նրանց, հասկանո՞ւմ եք.. Կլինգեմանին ու [ 153 ]Ալբերտինային։ Դրանցից հետո կասկած լինել չի կարող...

— Ողորմա՜ծ աստված... Հապա ի՞նչ է արել նա...

— Դե, ինչպես տեսնում եք՝ դուրս չի արել։

— Գուցե երեխաների համար։

— Ախ, ի՞նչ կապ ունին երեխաները։ Նա ներեց այն հարմարությունների համար, որ տալիս էր իրան կինը։ Բացի այդ, դա նրան ազատություն էր տալիս։ Դուք տեսնո՞ւմ եք, նա իրան ինչպես է պահում։ Ախր կինը տան մեջ գրեթե աղախնի դեր է կատարում։ Տեսնո՞ւմ եք, ինչպես նա միշտ տխուր է ու ճնշված։ Նա հիմա իր մարդուց բարերարված է համարում իրան և միշտ դողում է ահից, որ մարդը «կպատժե» իր հին մեղքերի համար։ Միայն թե այդ ահը միտք չունի, որովհետև մարդը երբեք մի ուրիշ այդպիսի տանտիկին չի գտնի... Ախ, սիրելի Բերտա, մենք էլ հրեշտակներ չենք, ինչպես այժմ դուք ձեր անձի վրա համոզվեցիք, բայց տղամարդիկ խստասիրտ են, զզվելի, քանի որ...— Աննան կարծես կարկամեց և չէր կարողանում խոսքը վերջացներ..— քանի որ նրանք տղամարդ են։

Բերտան ճնշված էր ոչ այնքան տիկին Ռուպիուսի պատմածից, որքան նրանից, ինչ նա իրանից ասաց։ Աննան բոլորովին ուրիշ էր երևում, և դա տանջում էր Բերտային։

Պլատֆորմ տանող դուռը բաց էր, և նրանց ականջին հասնում էր հեռագրի անընդհատ, մեղմ վնգվնգոցը։

Աննան դանդաղ վեր ելավ։ Նրա դեմքը իր սովորական հեզ արտահայտությունն ընդունեց։

— Ներեցեք ինձ, եթե ես մի քիչ գրգռված էի,— ասաց նա՝ ձեռքը Բերտային մեկնելով։ — Աշխարհում ամեն ինչ կարող է և լավ լինել և վատ։ Չէ՞ որ կան կարգին մարդիկ... Օ, իհարկե, դա կարող է լինել գեղեցիկ...— Նա երկաթուղու ռելսներին նայեց, կարծես հետևում էր նրանց հեռու սլացող գծերին։— Վաղը երեկոյան ես արդեն տանը կլինեմ, — ասաց նա այն մեղմ ձայնով, որը Բերտան այնքա՜ն սիրում էր։ — Հա՛, իմ իրեղենները։— Նա շտապով մոտեցավ սեղանին և վերցրեց ճամփորդական պայուսակը։— Ես ուղղակի չեմ [ 154 ]կարողանում ճանապարհորդել առանց այս տասներկու սրվակի։ Ուրեմն՝ ցտեսություն։ Մի մոռացեք, որ իմ՝ ձեզ պատմածը սրանից տասը տարի առաջ է պատահել։

Գնացքը մոտեցավ։ Աննան կուպե մտավ և սիրալիր կերպով գլխով էր անում Բերտային։ Բերտան աշխատում էր նույն բանով պատասխանել նրան, բայց զգում էր, որ իր ձեռքի շարժումը, որով նա ողջունում էր հեռացող Աննային, արհեստական դուրս եկավ։

Նա նորից հանդարտ տուն էր դառնում։ Զուր էր աշխատում ինքն իրան համոզել, որ ոչ Ալբերտինայի դավաճանությունը, ոչ տագերոջ ստորությունը, ոչ Կլինգեմանի կեղտոտությունը, ոչ այդ տարօրինակ տիկին Ռուպիուսի տրամադրության փոփոխությունները իրան չեն վերաբերվում։ Նրան թվում էր, որ բոլոր լսածն ու տեսածը մի ինչ-որ խորհրդավոր կապով կապված էր իր անձնական արկածի հետ։ Նրա բոլոր խայթող կասկածները վերստին զարթնեցին... Ինչո՞ւ Էմիլը չէր ուզում իրան մի անգամ էլ տեսնել։ Ինչո՞ւ հրաժարվում էր ընդունել իրան մյուս օրը, երկրորդ օրը, երրորդ օրը։ Ինչո՞ւ... Նա իր նպատակին հասավ, իր ուզածն ստացավ և բավական էր, նա էլ ուրիշ ոչինչ չէր ուզում... Ինչպե՞ս կարողացավ ինքը գրել նրան այդ խելագար, այդ անամոթ նամակը։ Նոր ահ տիրեց իրան։ Իսկ եթե Էմիլն այդ նամակը մի ուրիշ կնոջ ցույց տա՞... Եվ հանկարծ նրանք սկսեն միասին ծիծաղել դրա վրա... Ոչ, դա անկարելի է... Ինչպե՞ս էլ այդպիսի մտքեր են ծագում նրա գլխում։ Կարող է պատահել, որ նա չպատասխանե նամակին, այլ զամբյուղը գցե, ուրիշ ոչինչ։ Ոչ... Մի քիչ համբերություն... Մի երկու-երեք օր ևս, և նա ամեն ինչ կիմանա։ Նրան թվում էր, որ այդ լարված դրությունը երկար տևել չի կարող։ Չէ՞ որ մի կերպ պետք է վերջանա։

Իրիկնադիմին նա, ըստ սովորականին, իր որդու հետ խաղողի այգիները գնաց, բայց գերեզմանատուն չհասավ։ Շագանակենիների ծառուղին անցնելիս՝ նա զրույց էր անում Ֆրիցի հետ, ստիպում էր նրան զանազան պատմություններ անելու, աշխատում էր բացատրել նրան, թե արեգակն երկրից որքան հեռու է, ինչպե՞ս ամպերը անձրև են դառնում, [ 155 ]ինչպե՞ս է աճում խաղողը, և ինչպե՞ս նրանից գինի են պատրաստում։ Նա առաջվա նման չէր զայրանում, երբ տղան չէր հասկանում, այլ գիտակցում էր, որ լոկ նրա համար է խոսում, որ իր մտքերն հեռու վանե։ Նրա դեմուդեմը Կլինգեմանն էր գալիս, բայց դա ոչ մի տպավորություն չգործեց նրա վրա։ Կլինգեմանը նրա հետ խոսում էր լարված ու քաղաքավարի ձևով, ամբողջ ժամանակ գլխարկը ձեռքերում բռնած էր պահում և շարունակ աշխատում էր լուրջ լինել։ Նա Բերտային սաստիկ ծերացած երևաց։ Նրա հագուստը առաջվա պես էլեգանտ չէր, այլ նույնիսկ անփույթ։ Բերտան հանկարծ պատկերացրեց նրան իր տագերկնոջ գրկում և զզվանք զգաց։ Հոգնած, նստեց նա նստարանին և մտքերը ցրելու համար սկսեց ուշադրությամբ հետևել, թե ինչպես է Ֆրիցը մյուս երեխաների հետ խաղում։

Երեկոյան նա տագերանցը գնաց։ Եվ այժմ նրան թվաց, որ ինքը առաջ էլ նկատում էր տագերոջ ու նրա կնոջ հարաբերությունների սառնությունը։ Տագրը նորից ծիծաղում էր Բերտայի վրա, հարցնում էր, թե արդյոք կրկին անգամ շո՞ւտ կերթա Վիեննա, և նրա հարսանիքի լուրը ե՞րբ պիտի գա։ Բերտան հանաքով պատասխանում էր, ասում էր, որ ինքը մի դյուժին ուզողներ ունի, նրանց թվում և մի մինիստր, սակայն զգում էր, որ միայն իր շրթունքներն են խոսում ու ժպտում, մինչդեռ հոգին լուրջ ու լուռ է։

Ռիխարդը նրա կողքին նստած, իբր թե պատահմամբ, իր ծնկներով նրա ծնկներին էր դիպչում։ Ընթրիքի ժամանակ նա Բերտային մի բաժակ գինի տվեց։ Նրանց ձեռները հանդիպեցին իրար, և Բերտան զգաց, թե ինչպես մի դուրեկան ջերմություն անցավ իր ամբողջ մարմնով։ Նա գոհ էր. նրան թվում էր, թե ինքը դավաճանեց Էմիլին... Եվ նա իրավացի էր։ Նա ուզում էր, որ Էմիլն իմանա, թե իր զգայականությունը զարթնել է, և նա այժմ մյուս բոլոր կանանց պես է, որ նա Ռիխարդին կարող է անձնատուր լինել նույնպիսի հեշտությամբ, ինչպես անձնատուր եղավ իրան՝ Էմիլին։ Ահա թե ինչ պիտի գրեր նա Էմիլին, այն բոլոր հիմարությունների փոխարեն, որոնցով լցրեց իր նամակը։ Նրան սրտմտություն էր պատճառում այն բանը, որ ոչ ոք չի հասկանում իր [ 156 ]տրամադրությունը, որ ինքը օտար է բոլոր այս մարդկանց: Ամայի փողոցներով տուն դառնալիս՝ նա մի սպայի հանդիպեց, որի երեսը իրան ծանոթ էր։ Նա գնում էր ինչ-որ ջահիլ ու սիրուն կնոջ հետ, որին Բերտան առաջ երբեք չէր տեսել։ Երևի դա Վիեննայից եկած կին է, մտածեց Բերտան։ Եվ նա ուզեց, որ իրան էլ մի ջահիլ ու սիրուն սպա ճանապարհ դներ... Ինչո՞ւ չէ... Չէ՞ որ բոլորը միատեսակ են, և ինքը արդեն կարգին կին լինելու իրավունքը կորցրել է... Էմիլը... չէ՞ որ նա էլ չէր հավատում։ Էհ, մի՞թե միևնույն չէ՞։

Նա տուն եկավ, հանվեց ու պառկեց։ Օդը խեղդուկ էր: Վեր ելավ ու պատուհանը բացեց։ Դուրսը մութ էր։ Գուցե մեկը կանգնա՞ծ է այնտեղ, պատուհանի տակ և նայում էիր մարմնին, որ սպիտակ բծի նման արտանկարվում է սև ֆոնի վրա։ Նա կուզեր, որ այդպես լիներ... Հետո նա պառկեց։ Այո, ինքը ուրիշներից լավ չէ։ Բայց ի՞նչ նշանակություն ունի այդ... Մտքերը շփոթվում էին։ Այո, Էմիլն է մեղավոր, որ ինքը այդպիսի կին դարձավ։ Իրան Էմիլն այդպիսի կին դարձրեց։ Նա վերցրեց իրան, որպես փողոցային մի կնոջ, հաճույքն ստացավ ու հետո մի կողմ շպրտեց... Օ, ասավա՜ծ, աստվա՜ծ, որքան վատ են բոլոր տղամարդիկ... Բայց, այնուամենայնիվ... լավ էր։

Նա քնեց։

Հետևալ օրը հանդարտ ու տաք անձրև էր գալիս։ Բերտան գոհ էր։ Այդ գորշ եղանակը ավելի էր համապատասխանում իր տրամադրությանը, քան պայծառ արևի լույսը։ Նրան թվում էր, որ ինքը այժմ ավելի հանգիստ է։ Անձրևային օրվա գորշ գույնի վրա ամեն ինչ այնքան հասարակ ու սովորական էր երևում։ Վաղը կարող է պատասխան գալ, իսկ այսօր մի նույնպիսի օր է, ինչպես հարյուրավոր ուրիշ օրերը։ Նա դասերին գնաց։ Ռիխարդի հետ նա այս անգամ սովորականից ավելի խիստ էր վարվում և նրա ձեռներին խփում էր, [ 157 ]երբ նա սխալ էր անում։ Ճաշից հետո նա վճռեց Ֆրիցով զբաղվել։ Վաղուց էր, որ մտածում էր նրան կարդալ սովորեցնել։ Այսօր կպարապի և մի քանի տառերի առանձնահատկությունները կբացատրի նրան։

Անձրևը դեռ չէր դադարել, և զբոսնելու գնալ չէր կարելի։ Ժամանակը երկար է, սարսափելի երկար... Ռուպիուսի մոտ չարժե՞ արդյոք գնալ։ Առանց այդ էլ ինքը մեղավոր է նրա առաջ՝ Վիեննայից գալուց ի վեր դեռ չի գնացել նրա մոտ։ Գուցե Ռուպիուսի մոտ իրան անհարմա՞ր կզգա։ Չէ՞ որ նա այնքան բան ասաց վերջին անգամ, իսկ այժմ Աննան մնում է։

Բերտան տնից դուրս եկավ։ Անձրևը չէր դադարում։ Սակայն նա վճռել էր նախ՝ քաղաքից դուրս գնալ։ Վաղուց էր՝ նա այդպիսի անդորրություն չէր զգացել։ Նա ոչ ահ էր զգում, ոչ գրգռում, ոչ սպասում։ Եթե միշտ այսպե՜ս լիներ։

Տարօրինակ էր, որ նա անտարբերությամբ էր մտածում Էմիլի մասին։ Ամենից շատ նա ուզում էր, որ ոչինչ չլսե նրա մասին և մինչև վերջը պահպանե իր այս տրամադրությունը։ Ախր այնքան լավ էր զգում իրան նա։ Ապրել այս փոքրիկ քաղաքում, դասեր ունենալ, որոնք մեծ անհանգստություն չեն պատճառում, կրթել որդուն, նրան կարդալ, գրել, համրել սովորեցնել։ Մի՞թե դա նման է իր վերջին օրերը ապրած անհանգստության, որ այնքան վհատում ու վիշտ բերեց իրան: Ոչ, նա դրա համար չէ ստեղծված։ Միայն այժմ էր գիտակցում, թե որքան հոգնեցրել էր իրան այդ աղմուկը և ուրախ էր իրան շրջապատող խաղաղության համար։ Խորին հոգնածությունը, որ տիրել էր իր հոգուն, նրան մի վերջնական հանգստություն էր թվում։ Սակայն մի քիչ հետո, երբ քաղաք էր դառնում, նրա հանգստությունը կամաց-կամաց նոր հոգսերի և նոր տանջանքների նախազգացումի փոխվել սկսեց։ Նա հանդիպեց երկու սիրահարների, որ գնում էին մի հովանոցի տակ մեկմեկու սեղմված։ Նրանց տեսքը նրա մեջ զարթեցրեց իր ցնորքները Էմիլի մասին։ Եվ նա չէր աշխատում հեռու վանել նրանց, գիտենալով, որ իզուր կլինի իր փորձը, որ ինքը չի կարող հաղթահարել այդ ցնորքներին, որ նրանք հավիտյան պիտի իշխեն իր հոգում։

Մթնում էր, երբ Բերտան մտավ Ռուպիուսի տունը: Նա [ 158 ]նստած էր սեղանի մոտ պատկերների թղթակալը առջևը դրած։ Կախովի լամպը լուսավորում էր նրան։ Նա գլուխը բարձրացրեց և, Բերտայի բարևին պատասխանելով, ասաց.

— Դուք դեռ երեկ չէ առաջին օրն եք եկել։

Բերտան մեղավոր զգաց իրան։ Ռուպիուսի խոսքերում մի կշտամբանք զգաց նա։

— Դեհ, նստեցեք,— շարունակեց Ռուպիուսը,— և պատմեցեք, տեսնեմ՝ ի՞նչ եք տեսել քաղաքում։

— Ոչինչ։ Եղա մուզեյում, տեսա և ճանաչեցի ձեր այդ նկարներից մի քանիսը։

Ռուպիուսը չպատասխանեց։

— Ձեր կինը երեկոյա՞ն է վերադառնալու։

— Չեմ կարծում։ — Նա լռեց, ապա մի միտումնավոր սառնությամբ ավելացրեց.— ես պետք է ներողություն խնդրեմ ձեզանից, որ վերջին անգամը այնքան ավելորդ բաներ ասացի ձեզ, որոնք ձեզ համար չէին կարող հետաքրքրական լինել։ Սակայն չեմ կարծում, որ կինս այսօր վերադառնա։

— Նա ինքն ասաց ինձ։

— Ինձ ևս։ Նա ուղղակի ուզում էր ինձ հրաժեշտից ազատել, ավելին կասեմ՝ հրաժեշտի կատակերգությունից։ Ես չեմ ուզում դրանով մի վատ բան ասած լինել։ Ես աչքի առաջ ունեմ միայն խղճալի խոսքերը, արցունքները և այն ամենը, ինչ հրաժեշտի հետ է կապված... Դեհ, բավական է դրա մասին... Դուք մերթ ընդ մերթ կգա՞ք ինձ մոտ։ Ես շատ մենակ կզգամ ինձ առանց կնոջս։

Կտրուկ տոնը, որով նա խոսում էր, չէր համապատասխանում նրա արտասանած խոսքերին, այնպես որ Բերտան չգիտեր, ինչ պատասխանե։ Ռուպիուսը հարցրեց.

— Էլ ի՞նչ տեսաք, մուզեյից բացի։

Բերտան մանրամասն պատմեց իր Վիեննա գնալը, հիշեց մինչև անգամ, որ Ֆալկենբորդի նկարի մոտ հանդիպեց իր մի ծանոթին, որին մի քանի տարի չէր տեսել։ Եվ քանի այդպես էր խոսում Էմիլի մասին, կարծես նա կողմնակի, օտար մի մարդ լիներ, իր հոգում Էմիլի կարոտն էր աճում և, վերջիվերջո, իր մտքում վճռեց այսօր նորից մի նամակ գրելու։ [ 159 ]Հանկարծ նկատեց, որ Ռուպիուսը լայն բաց արած աչքերը դռանն է հառել։

Այնտեղ կանգնած էր Աննան։

Նա ժպտալով մոտեցավ իր ամուսնին, համբուրեց նրա ճակատը ու, ձեռքը Բերտային պարզելով, ասաց.

— Ահա և ես։

— Բարի երեկո, Աննա,— ուրախ բացականչեց Բերտան։

Ռուպիուսը լուռ էր, սակայն նրա դեմքի արտահայտությունը շարունակ փոփոխվում էր։ Աննան, որ կանգնած էր դեռ գլխարկը գլխին, ետ դարձրեց երեսը։ Բերտան նկատեց, որ Ռուպիուսը, երեսը ձեռներով ծածկած, մեղմ հեկեկում է:

Նա հեռացավ և ուրախ էր, որ Աննան եկավ, դա նրան լավ նշան էր երևում։ Վաղը առավոտը պիտի գար այն նամակը, որից կախված Էր իր վիճակը։ Շուտով ուրախ տրամադրությունը փախավ, և Բերտային նորից տիրեց թախիծը: Նա ուզում էր, որ Էմիլը իր մոտ լիներ, որ ինքը տեսներ նրան, կարողանար նրա հետ կողք-կողքի գնալ։ Երեկոյան, երբ Ֆրիցին պառկեցրեց, նա դեռ երկար նստած էր սեղանատանը։ Մի քանի ակորդ վերցրեց դաշնամուրի վրա, մոտեցավ պատուհանին ու սկսեց դուրս նայել դեպի մութը։ Անձրևը կտրվեց։ Երկիրը ագահորեն ներս էր ծծում խոնավությունը։ Երկնքից դեռ կախված էին ծանր ու սև ամպերը։ Բերտայի ամբողջ էությունը դեպի Էմիլն էր ձգտում։ Աչքերը նրա պատկերն էին որոնում շրջապատող խավարի մեջ։ Շրթունքները պարզված էին դեպի նա, կարծես նա կարող էր պատասխանել իր համբույրին։ Կարծես նրա բոլոր ցանկությունները վեր էին սլանում հեռու այն ամենից, որ շրջապատում էր իրան, և նա անգիտակցաբար շշնջաց. «Վերադարձրո՛ւ նրան ինձ»։

Երբեք Բերտան այդպես ամբողջովին չէր պատկանել նրան, ինչպես այժմ, այս րոպեին։ Թվում էր, թե նա այժմ առաջին անգամ սիրեց Էմիլին։ Եվ նրա զգացմունքին այլևս ոչինչ չէր խառնված. ոչ ահ, ոչ հոգս, ոչ կասկած։ Ամբողջ հոգով նա լի էր քնքշությամբ, և երբ քամին ներս խուժեց ու սկսեց խաղալ իր մազերի հետ, Բերտային թվաց, թե դա Էմիլի շունչն է։ [ 160 ]Առավոտյան նամակ չկար։ Բերտան մի քիչ հիասթափված էր, բայց անհանգիստ չէր։ Եկավ Էլլին, որ Ֆրիցի հետ սիրում էր խաղալ։ Շուկայից վերադարձավ աղախինը և ասաց, որ Ռուպիուսի տունը շտապով բժիշկ են կանչել, սակայն նա չկարողացավ ասել, թե ո՞վ է հիվանդացել՝ Աննա՞ն, թե նրա ամուսինը։ Բերտան վճռեց ճաշից առաջ անձամբ գնալ ու տեղեկանալ։ Նա հազիվհաղ կարողացավ դաս տալ Մալմանի մոտ. նյարդային էր, թույլ։ Դասից հետո Ռուպիուսների մոտ գնաց։ Աղախինն ասաց, որ Աննան հիվանդ պառկած է, բայց որ նրան վտանգ չի սպառնում, թեև բժիշկ Ֆրիդրիխը արգելել է մարդ ընդունել։ Բերտան վախեցավ։ Նա հաճությամբ կզրուցեր պարոն Ռուպիուսի հետ, բայց չուզեց ինքնակոչ լինել։

Ճաշից հետո նա փորձեց որդու հետ պարապել, բայց այդ չհաջողվեց։ Նա ինքն էլ չգիտեր ինչո՞ւ, սակայն նրան թվում էր, թե Աննայի հիվանդությունը վատ նշան է։ Եթե Աննան չհիվանդանար, նամակը արդեն այստեղ կլիներ։ Նա գիտեր, որ դա հիմարություն է, բայց այդ մտքից ազատվել չէր կարողանում։

Ժամի հինգին նա դարձյալ Ռուպիուսների մոտ գնաց։ Նրան ներս թողին։ Ռուպիուսը հետը խոսել էր ուզում։ Նա նստած էր իր բազմոցի վրա, սեղանի առաջ։

— Ի՞նչ է պատահել Աննային,— հարցրեց Բերտան։

— Բժիշկն այնտեղ է, մի րոպե սպասեցեք...

Բերտան այլևս չվստահացավ հարցուփորձ անելու։ Երկուսն էլ լուռ էին։ Մի քանի ակնթարթից բժիշկը դուրս եկավ։

— Դեռ որոշ ոչինչ չի կարելի ասել,— դանդաղորեն արտասանեց նա, ապա, կարծես մի բան վճռելով, դիմեց Բերտային ու ավելացրեց.

— Ներեցեք, տիկին, ես պետք է պարոն Ռուպիուսի հետ խոսեմ։

Ռուպիուսը ցնցվեց։

— Ես չեմ ուզում խանգարել, — ասաց Բերտան անգիտակցաբար ու հեռացավ։ Նա այնպես էր հուզված, որ տուն դառնալ չկարողացավ և խաղողի այգիների միջով դեպի գերեզմանատունը գնաց։ Նա զգում էր, որ մի գաղտնիք կա այդ [ 161 ]տան մեջ։ Նրա մտքովն անցավ՝ չլինի՞ թե Աննան վճռել է ինքնասպանություն գործել։ Միայն թե չմեռնե՜ր։ Եվ իսկույն մի ուրիշ միտք անցավ Բերտայի գլխով. «Միայն թե լավ նամակ ստանայի»։ Նրան թվում էր, թե չորս կողմից իրան վտանգ է սպառնում։ Մտավ գերեզմանատուն։ Հրաշալի ամառային երեկո էր, և երեկվա անձրևից հետո ծաղիկները սովորականից ավելի ուժեղ էին բուրում։

Բերատն իր մշտական ճանապարհով ամուսնի գերեզմանի մոտ էր գնում, բայց զգում էր, որ այնտեղ անելու բան չունի։

Նա գերեզմանի վրա կանգ առավ։

«Վիկտոր Մաթիաս Գարլան. վախճանվեց 1895 թ. հունիսի 6-ին»։

Դժվարությամբ կարդաց Բերտան այդ խոսքերը, որ արդեն իր սրտին բան չէին ասում։

Էմիլի հետ կատարած ամենաչնչին զբոսանքն անգամ նրան այժմ ավելի մոտ էր թվում, քան ամուսնի հետ անցկացրած տարիները։ Այժմ այդ ամենը բոլորովին չկար։ Նա նույնիսկ մոռացած կլիներ այդ մասին, եթե Ֆրիցը չլիներ... Հանկարծ նրա մտքով անցավ, թե Ֆրիցը Գարլանի որդին չէ... Գուցե նա Էմիլի որդին է... Ո՞վ գիտե, ի՞նչ ասես՝ չի պատահում... Նրան թվաց, որ այդ րոպեին նա ըմբռնում է անմարմին հղացումի ուսմունքը։ Նա ինքն իր մտքերից վախեցավ։ Նայում էր լայն ճանապարհին, որը գերեզմանատան դռնից գնում էր մինչև դիմացի պատը։ Եվ հանկարծ նա պարզ զգաց, թե ինչպես մի քանի օրից այդ ճանապարհով պիտի տանեն տիկին Ռուպիուսի դագաղը։

Բերտան ուզեց հեռու վանել այդ միտքը, սակայն մի արտասովոր պարզությամբ կանգնած էր նրա առաջ այդ պատկերը։ Նա տեսնում էր դիակառքը գերեզմանատան դարպասի մոտ, գերեզմանը, որ փորում էին երկու հոգի, իհարկե, տիկին Ռուպիուսի համար։ Եվ պարոն Ռուպիուսը սպասում էր այդ գերեզմանի մոտ։ Նա նստած էր իր շարժուն բազմոցի վրա, ծնկները շալով ծածկած, և քարացած հայացքով դագաղին էր նայում, որ սև հագած մարդիկ բերում էին։ Բերտան զարմացած էր։ Դա ոչ թե նախազգացում էր, այլ համոզմանք։ Բայց որտեղի՞ց է այդ համոզումը։ [ 162 ]Նա իր ետևից ինչ-որ ձայներ լսեց ու դարձավ այն կողմը։ Երկու կին էր գնում. մեկը նորերս մեռած գնդապետի այրին էր, մյուսը՝ նրա աղջիկը։ Նրանք գլուխ տվին Բերտային ու դանդաղորեն առաջ անցան։ Բերտան մտածեց, որ նոքա պիտի իրան անմխիթար այրիի տեղ դնեն, որ դեռ սգում է իր ամուսնի մահը։

Խղճի խայթ զգաց նա, կարծես մեկին խաբել էր։ Եվ արագ հեռացավ։ Պետք էր տուն շտապել։ Գուցե որևէ լուր կա, գուցե հեռագի՞ր կա Էմիլից... Դա բոլորովին անհավատալի չէ... չէ՞ որ ինքն ու Էմիլը բավականին մոտ են միմյանց։ Չլինի՞ թե հանկարծ տիկին Ռուպիուսը զառացանքի մեջ ասե այն, ինչ Բերտան պատմել է իրան կայարանում։ Ասենք, դա նշանակություն չունի, միայն թե Էմիլի նամակը եկած լիներ, և Աննան առողջանար։ Բերտան դեռ պետք է նրանց մոտ գնար և տեսներ պարոն Ռուպիուսին, որը երևի իրանից չէր թաքցնի, թե բժիշկն ի՞նչ է ասել։ Եվ շտապով նա դիմում է դեպի տուն։ Ոչինչ չկա, ոչ նամակ, ոչ հեռագիր... Ֆրիցը նաժիշտի հետ դուրս եկավ։ Օ՜, որքան մեղավոր է ինքը,— մտածում էր Բերտան։

Գնում է Ռուպիուսի տունը։ Աղախինը բացեց դուռն ու ասաց.

— Տիկինը շատ վատ է, պարոնի հետ խոսել չի կարելի։

— Ախր ի՞նչ է պատահել տիկնոջը։ Դուք չգիտե՞ք, բժիշկն ի՞նչ է ասել։

— Բորբոքում։

— Ինչպիսի՞։

— Չգիտեմ: Նա ասաց՝ բորբոքում կամ արյան վարակում։ Նոր հիվանդապահ կնոջ հետևն ուղարկեցինք հիվանդանոց։

Բերտան հեռացավ։ Հրապարակի վրա, սրճարանում մի քանի մարդ էր նստած։ Մի առանձին սեղանի շուրջը հավաքվել էին սպաները։ Նրանք չգիտեն, թե ինչ է կատարվում մի քանի քայլ հեռավորության վրա, մտածում էր Բերտան, եթե ոչ չէին կարողանա այստեղ նստել, ուտել, խմել, ծիծաղել։

«Արյան վարակում». արդյոք ի՞նչ է նշանակում դա... Օ, [ 163 ]իհարկե, Աննան ինքնասպանության փորձ է արել... Ինչո՞ւ։ Նրա համար, որ չէր ուզում կամ չէր կարող հեռանա՞լ... Բայց նա չի մեռնի, չի կարող, չպետք է մեռնի։

Բերտան չգիտեր՝ ինչպես կարճեր ժամանակը և նորից գնաց տագերանցը։ Տագերկինը տանը մենակ էր, բայց Աննայի հիվանդության մասին գիտեր արդեն, սակայն այդ բանը բոլորովին չէր հուզում նրան, և նա կողմնակի բաների վրա էր խոսում։ Բերտան այդ տանել չկարողացավ և հեռացավ։ Երեկոյան նա նորից փորձեց Ֆրիցի հետ պարապել, հեքիաթ էր ասում, լրագիր էր կարդում, ուր նորից հայտարարություն գտավ համերգի մասին, որին Էմիլն էր մասնակցում։ Նա զարմանում էր, որ համերգը դեռ չի անցել։ Նա չէր կարող քնել, նախքան մի անգամ ևս Ռուպիուսի մոտ գնալը։

Նախասենյակում նրան հիվանդապահ կինը հանդիպեց, այն կինը, որին բժիշկ Ֆրիդրիխը միշտ ուղարկում էր իր հիվանդների մոտ։ Կինը ուրախ, խրախուսող տեսք ուներ։

— Մեր բժիշկը կբժշկի՜ — ասում էր նա.— Ավելի վատ հիվանդների է ազատել նա։

Բերտան գիտե, որ այդ կինը միշտ էլ այդպես է ասում, բայց, այնուամենայնիվ, այդ խոսքերը հանգստացրին իրան։ Նա հանգիստ դառնում է տուն և քնում։

Առավոտը Բերտան ուշ արթնացավ։ Նա քունն առել էր և առույգ էր ու թարմ։

Գիշերային սեղանի վրա մի նամակ էր դրած։ Նա մտաբերեց, որ Աննան վտանգավոր կերպով հիվանդ է, և որ սա Էմիլի նամակն է։

Նա շտապով ձեռքը տարավ դեպի նամակը, ուժգին դիպավ մոմակալին, պատռեց ծրարն ու կարդաց.

«Սիրելի Բերտա,

Շատ շնորհակալ եմ քո նամակի համար, որը ինձ մեծ ուրախություն պատճառեց։ Իսկ ինչ վերաբերվում է քո Վիեննա [ 164 ]տեղափոխվելուն, դրա մասին պետք է լուրջ մտածել։ Այստեղի պայմանները բոլորովին այլ են, քան դու ես երևակայում։ Շատ դժվար է լավ վարձատրությամբ երաժշտության դասեր գտնելը։ Հայտնի, լավ երաժիշտներն անգամ չքավորության են մատնված։ Իսկ քեզ համար, մանավանդ սկզբում, շատ դժվար կլինի մի տեղ գտնել։ Այդտեղ քո գոյությունը ապահովված է, այդտեղ դու ազգականներ ու բարեկամներ ունես։ Այդտեղ դու ապրել ես ամուսնիդ հետ, որդի ես ունեցել, և այդտեղ է քո իսկական տեղը։ Այդ ամենը փոխել այստեղի կյանքի հետ, ուր կոնկուրեցիան այնքան մեծ է, առնվազն անխոհեմություն կլինի։ Ես դիտմամբ չեմ խոսում քո՝ դեպի ինձ տածած համակրության մասին։ Դու գիտես, որ ես էլ փոխադարձաբար նույնն եմ տածում դեպի քեզ։ Սակայն այդպիսի զոհաբերություն քո կողմից ես ոչ մի դեպքում չեմ կարող ընդունել։ Ի՞նչ ասել կուզե, որ ես, անկասկած, ուզում եմ տեսնել քեզ, որքան կարելի է՝ շուտ։ Ես չեմ կարողանում մոռանալ մեր վերջին տեսակցությունը և անսահման շնորհակալ եմ քեզանից այդ տեսակցության համար։ Ուրեմն այնպես սարքիր, բալիկ, որ ամիսը մի անգամ կամ, գոնե, վեց շաբաթը մի անգամ կարողանաս Վիեննա գալ, գոնե մի օրով: Մենք դեռ շատ պիտի զվարճանանք։ Այժմ մենք, դժբախտաբար, չպիտի կարողանանք տեսնվել, որովհետև համերգից հետո ես իսկույն Լոնդոն պիտի գնամ (սեզոն), այնտեղից՝ Շոտլանդիա։ Ուրեմն՝ ցխնդալից տեսակցություն աշնանը։

Բարևում եմ քեզ և համբուրում եմ իմ սիրած տեղը քո ականջիկի ետևում։

Քո Էմիլ»։

Նամակը վերջացնելուց հետո Բերտան մի պահ նստեց անկողնի վրա։ Նրա մարմնով մի թեթև դող էր անցնում։ Նա չէր զարմանում, այլ թվում էր, որ ուրիշ նամակ ինքը չէր էլ կարող ստանալ։ Նա դողդողում էր։ Ուրեմն՝ նա հրավիրում էր իրան ամիսը մի անգամ, մի օրո՛վ... Ֆո՜ւ, ինչպիսի՜ ստորություն... Եվ ինչպես վախենում է, որ Բերտան կարող է հանկարծ Վիեննա գնալ։ Եվ այդ վերջին տողը, որ ավելաց[ 165 ]րած է միմիայն նրա համար, որ հեռվից իր կիրքը գրգռե։ Չէ՞ որ միայն դա էր կապում նրանց:

Ախ, ստորությո՜ւն... կեղտոտությո՜ւն... Բերտայի սիրտը խառնում էր, զզվելի՜ էր... Նա վեր ելավ ու սկսեց հագնվել... Հիմա ի՞նչ պիտի անե.... Ամեն ինչ վերջացած է, ամեն ինչ:

Ուրեմն՝ նա չէր կարող իրան տեսնել, ժամանակ չուներ... Աշնանը, ամեն ամիս, մի գիշերով... Հա՞, հա՞, ինչպե՜ս չէ... Ես համաձայն եմ ձեր պատվավոր առաջարկությանը... Ես ուրիշ ոչինչ չեմ ուզում... Ես կշարունակեմ այս խուլ անկյունում մի դասից մյուսին վազել, թող հոգիս դուրս գա... Դուք կշարունակեք ջութակի վրա նվագել, կանանց խելքից հանել, ճանապարհորդել, հարստանալ, փառքով ու երջանկությամբ օգտվել։ Եվ ամեն ամիսը կամ ամիսուկեսը մի անգամ ես մի գիշերով կգամ այն վատ սենյակը, ուր դուք փողոցայինկանանց եք ընդունում։ Պառկել ձեզ հետ այն մահճակալի վրա, ուր ինձնից առաջ այնքան մարդ է պառկել։ Ֆո՜ւ... Շո՛ւտ, շո՛ւտ, հագնվել և՝ Աննայի մոտ... Նա հիվանդ է, ծանր հիվանդ։ Մնացյալը բոլորը երկրորդական բաներ են։

Դուրս գալուց առաջ նա որդու մոտ գնաց ու մի քիչ փայփայեց նրան։ Նա մտաբերեց նամակի այն տեղը, ուր ասված է. «Այդտեղ դու որդի ես ունեցել, այդտեղ է քո տունը»։ Այո, Էմիլը իրավացի է, բայց այդ նա նրա համար չի ասում, որ դա ճշմարիտ է, այլ նրա համար, որ վախենում է, թե ամիսը մի անգամից ավելի կգնամ իր մոտ։ Դո՜ւրս, դո՜ւրս... Ինչո՞ւ այժմ ինքը Աննայի համար չի վախենում... Հա՛, ախր դեռ երեկ երեկոյան իրան արդեն ավելի լավ էր զգում Աննան։ Ո՞ւր է նամակը։ Բերտան նորից, առանց մտածելու, թե ինչ է անում, հին սովորության համեմատ, նամակը կորսետի տակը դրեց։

Երբ նա անցնում էր հրապարակը, սպաները նստած նախաճաշում էին։ Նրանք մարզանքներից նոր էին վերադարձել, և դեռ բոլորը փոշոտ էին։ Նրանցից մեկը, որ դեռ բոլորովին ջահիլ էր, երևի նոր էին սպայի աստիճան տվել, ետ դարձավ ու նայեց Բերտային։ [ 166 ]— Խնդրեմ, ես պատրաստ եմ,— մտածեց Բերտան դառնությամբ,— Վիեննայում ես ամիսը միմիայն մի անգամ եմ զբաղված, մի գիշեր... Միայն, խնդրեմ ասեք, թե ե՞րբ կցանկանաք...

Պատշգամբի դուռը բաց էր։ Ճաղերին գցած է դաշնամուրի կարմիր ծածկոցը։ Երևի ամեն ինչ լավ է, թե չէ՝ ինչո՞ւ պիտի դուրս գցած լիներ այդ ծածկոցր։ Ուրեմն՝ վախենալու բան չկա։

Աղախինը դուռը բաց է անում։ Բերտան հարցնելու բան չունի. սարսափ է գրված աղախնի դեմքին։ Կարծես մահը այստեղ է, մոտ... Բերտան հյուրասենյակ է մտնում։ Ննջարանի դուռը լայնարձակ բաց է։ Սենյակի մեջտեղը մահճակալ կա դրած։ Ոտների մոտ նստած հիվանդապահ կինը գլուխը կախած նիրհում է, Ռուպիուսը իր բազմոցի վրա նստած է Աննայի գլխավերևը։ Սենյակում այնքան մութ է, որ Բերտան Աննային կարողանում է տեսնել միիմայն, երբ բոլորովին մոտենում է։ Երևի քնած է։ Բերտան ավելի մոտ է գնում։ Աննայի շնչառությունը կանոնավոր է, բայց սաստիկ արագ։ Բերտան երբեք չի տեսել այդպիսի շնչառություն։ Նա զգում է Ռուպիուսի և արթնացած հիվանդապահի հայացքը, որ իրան են ուղղված։ Մի վայրկյան Բերտային տարօրինակ է թվում, որ իրան ներս թողին, ապա հասկանում է, որ նախազգուշությունները ավելորդ են, որ արդեն ամեն ինչ վերջացած է։ Ուրիշ երկու աչք էլ են նայում Բերտային՝ տիկին Ռուպիուսն է, որ ուշադրությամբ դիտում է իրան։ Հիվանդապահը դուրս ելավ մյուս սենյակը և Բերտային տվեց իր աթոռը։ Աննան դժվարությամբ մեկնում է Բերտային իր ձեռքը։

— Սիրելի Աննա, այժմ դուք ավելի լավ եք զգում ձեզ, այնպես չէ՞, — ասում է Բերտան, սակայն իսկույն զգում է, որ այն չասաց, ինչ որ պետք էր ասել։ Եվ նույնիսկ այս վերջին ժամին նրան վիճակված էր անտակտ վարվել այդ կնոջ վերաբերմամբ։

Աննան ժպտաց։ Նա բոլորովին մանկահասակ էր երևում իր լղարած, գունատ դեմքով։

— Շնորհակալություն, սիրելի Բերտա, — ասաց նա։ [ 167 ]Բերտան դժվարությամբ է զսպում արցունքները։ Բուռն ցանկություն է ծագում նրա մեջ վերջապես իմանալու, թե, ախր, ի՞նչ է պատահել, և նա հարցնում է.

— Ախր ինչի՞ համար, սիրելի, թանկագին Աննա...

Երկարատև լռություն տիրեց։ Աննան նորից աչքերը փակեց և կարծես թե քնեց։ Ռուպիուսը նստած էր անշարժ։ Բերտան մեկ նրան էր նայում, մեկ՝ Աննային և մտածում. «Համենայն դեպս, ես դեռ պիտի սպասեմ։ Ի՞նչ կասեր Էմիլը, եթե լսեր, որ ես մեռել եմ։ Այո, դա նրան մի քիչ կտանջեր նա կմտածեր՝ այն կինը, որին մի քանի օր առաջ գրկում էի, այժմ դիակ է դարձել։ Իհարկե, նա մի քիչ լաց կլիներ։ Այո, այդպիսի պայմաններում նա լաց կլիներ... նա, այն ողորմելի եսամո՜լը...։ Օ՜, ո՞ւր գնացին նորից իր մտքերը... Չէ՞ որ նա դեռ բռնած պահում էր իր մեռնող բարեկամուհու ձեռքը։ Օ՜, եթե կարողանար նա փրկել Աննային։ Բերտան չէր կարողանում վճռել, թե ո՞վ է ավելի դժբախտ՝ Աննա՞ն, որ մեռնում է, թե՞ ինքը, որ այդպես անարգ կերպով խաբված է։ Եվ այդ բոլորը մի գիշերվա համա՜ր... Դեռ դրանից էլ քիչ, մի ժամի համար, և այդպե՜ս տանջել մարդու, այդպե՜ս ստորացնել... Մի թե դա անխղճություն չէ... Ինչպե՜ս ատում է նա Էմիլին, ինչպե՛ս ատում է... Ինչպես կուզեր, որ անհաջող անցներ Էմիլի համերգը, այնպես անհաջող, որ բոլորը ծիծաղեին նրա վրա, որ ամաչեր, որ լրագրերում գրեին, թե Էմիլ Լինդբախի կարիերան վերջացած է, անդա՜րձ վերջացած... Որ բոլոր սիրուհիները երես դարձնեին նրանից... Այն ժամանակ նա կմտաբերեր Բերտային, նրան, որը մանկությունից սկսած սիրում էր նրան, սիրում էր սուրբ, անխորտակելի սիրով, որը ինքը՝ Էմիլը, այդպես սրբապղծեց... Այո, այն ժամանակ նա իր մոտ կդառնար և ներողություն կխնդրեր, իսկ ինքը կասեր նրան. «Տեսնո՞ւմ ես, Էմիլ, տեսնո՞ւմ ես...»։

Նրա մտքերն ավելի հեռուն չէին գնում։ Սակայն սա ի՞նչ է, ինքը դարձյալ Էմիլի մասին է մտածում, իսկ այստեղ մեռնում է իր բարեկամուհին... Եվ ինքը շարունակում է նստած մնալ նրա մահճակալի մոտ, իսկ այն լուռումունջը Աննայի ամուսինն է... [ 168 ]Սենյակում մեռելային լռություն է տիրում, միայն փողոցից, պատշգամբի դռնից աղոտ որոտմունք է լսվում. լսվում են ձայներ, կառքերի աղմուկ, հեծանիվների զանգահարություն, թռչունների ճռվողյուն։ Մեկի թուրը դիպավ սալահատակին ու աղմուկ հանեց։ Այդ բոլորը այնքան օտար են ու անկորեկտ...

Աննան անհանգիստ էր. նա գլուխը մեկ այս, մեկ այն կողմն էր դարձնում, քանի գնում՝ ավելի արագ, ավելի հաճախ... Բերատն լսում է, որ մեկը իր ետևում ասաց. «Սկսվում է»։ Նա ետ է դառնում և տեսնում է հիվանդապահ կնոջը, որի դեմքը զվարթ է... Բերտան այժմ հասկանում է, որ դա լավ տրամադրության ապացույց չէ։ Կնոջ դեմքը այդպիսի արտահայտություն է ընդունել նրա համար, որ նա ուժ է գործ դնում իր ցավը զսպելու։ Բերտային սարսափելի է թվում այդ դեմքը։ Եվ արդյոք ի՞նչ էր ուզում ասել նա... Ի՞նչն է սկսվում... Համե՞րգը, թե՞ ներկայացումը թատրոնում... Նա մտաբերեց, թե իր մահճակալի մոտ էլ են արտասանվել այդ բառերը, երբ սկսվեց ծննդաբերության երկունքը։

Աննան հանկարծ լայն-լայն բացեց իր մեծամեծ աչքերը... Նա հայացքը ամուսնուն ուղղեց ու ասաց՝ ապարդյուն կերպով վեր բարձրանալ աշխատելով.

— Միայն քեզ... հավատա՛ ինձ, միմիայն քեզ եմ...

Վերջը չջոկեց Բերտան, բայց հասկացավ։

— Ես գիտեմ, — պատասխանեց Ռուպիուսը։ Նա թեքվեց ու համբուրեց կնոջ ճակատը։

Աննան նրա վզովը փաթաթվեց ու մի երկարատև, հրաժեշտի համբուրով համբուրեց նրա շրթունքները։ Հիվանդապահը կրկին դուրս գնաց։ Հանկարծ Աննան ետ հրեց ամուսնուն։ Այլևս չէր ճանաչում, գիտակցությունը կորցրել էր: Բերտան վախեցած տեղից վեր ելավ, բայց մահճից չհեռացավ։

Ռուպիուսը նրան ասաց.

— Գնացե՛ք։

Սակայն Բերտան տատանվում էր։

— Գնացերք,— խստությամբ կրկնեց Ռուպիուսը։ [ 169 ]Բերտան հասկացավ, որ պետք է գնալ։ Նա թաթերի վրա հեռացավ սենյակից, կարծես նրա քայլերը կարող էին Աննային անհանգստացնել։ Նախասենյակում նա բժիշկ Ֆրիդրիխին հանդիպեց, որը հիվանդանոցի երկրորդ ջահիլ բժշկի հետ խոսելով, վերարկուն էր հանում։ Նա Բերտային չնկատեց և ասաց.

— Ուրիշ դեպքում ես անհրաժեշտ կհամարեի հաղորդել, բայց ներկա պայմաններում դա սարսափելի սկանդալ կառաջացնե։ Ամենից շատ խեղճ Ռուպիուսը պիտի տանջվեր։

Նա նկատեց Բերտային։

— Բարև՜ ձեզ, տիկին Գարլան։

— Բարև ձեզ, բժիշկ։ Այս ի՞նչ է պատահել Աննային։

Բժիշկ Ֆրիդրիխը կողքովի նայեց երիտասարդ բժշկին ու պատասխանեց.

— Արյան վարակում։ Գիտե՛ք, տիկին, երբեմն կարելի է մատը կտրել ու դրանից մեռնել։ Պատճառը միշտ էլ չի կարելի գտնել։ Դա մեծ դժբախտություն է... այո։

Նա սենյակն անցավ։ Ասիստենտը հետևեց նրան։

Բերտան շվարած դուրս եկավ փողոց։ Դիագնո՞զ։ Սկանդա՞լ։ Մի՞թե Ռուպիուսը ինքն է թունավորել իր կնոջը։ Չէ՞, անմտություն է դա։ Ուղղակի խելագար է ինքը։ Սակայն, այնուամենայնիվ, մի տարօրինակ բան կա այդ ամենի մեջ, մի ինչ-որ կապ կա Աննայի՝ Վիեննա գնալու և այս հիվանդության մեջ, նա վերադառնալուց հետո է հիվանդացել... Բերտան մտաբերեց մահամերձի խոսքերը. «Միայն քեզ, միմիայն քեզ եմ սիրել ես»։ Մի՞թե այդ խոսքերում չէր լսվում աղերսանք, որ ներեն իրան։ «Ես միայն քեզ էի սիրում, բայց ուրիշը...»։ Անկասկած, նա սիրեկան է ունեցել Վիեննա... Հետո՞ ինչ որ... Նա ուզում էր թողնել ամուսնին, հեռանալ, բայց այդ չարեց... Այն ժամանակ կայարանում ի՞նչ ասաց նրան... Հա՛, ասաց, որ ուրիշ բան է վճռել։ Օ, իհարկե... նա մնաս բարով է ասել նրան այնտեղ, քաղաքում և թունավորվել... Սակայն ինչո՞ւ, ախր ինչո՞ւ, եթե նա միայն իր ամուսնին էր սիրում... Եվ դա սուտ չէր։ Բերտան ոչինչ չէր հասկանում։ Ինչո՞ւ ինքն այնտեղից հեռացավ։ Հիմա ի՞նչ [ 170 ]պիտի անե... Նա չէր կարողանում հանգստանալ։ Չէր կարող ոչ տունը նստել, ոչ ազգականների մոտ։ Նա ուզում էր ետ գնալ։ Գուցե Աննան չէր մեռնի, եթե Էմիլից ուրիշ նամակ գար։ Նա գիտակցում էր, որ ոչ մի կապ չկար այդ մտքերի մեջ, բայց չէր կարող կծիկը քանդել։ Ինչո՞ւ։

Մի քառորդ ժամ չանցած նա նորից Ռուպիուսների մոտ գնաց։ Դուռը բաց էր։ Հիվանդապահը կանգնած էր նախասենյակում և ասաց.

— Ամեն ինչ վերջացած է։

Բերտան առաջ անցավ։ Ռուպիուսը մենակ նստած էր սեղանի մոտ։ Ննջարանի դուռը փակ էր։ Բերտան մոտեցավ Ռուպիուսին։ Նա բռնեց Բերտայի՝ իրան մեկնած ձեռքն ու տխուր ասաց.

— Ինչո՞ւ նա արեց այդ, ինչո՞ւ։

Բերտան լռում էր։

— Դա ավելորդ էր,— շարունակում էր Ռուպիուսը աստված է վկա, որ ավելորդ էր։ Ինձ ինչ, թե ի՞նչ կասեին. այնպես չէ՞։

Պատասխանի փոխարեն Բերտան գլխով արեց։

— Պետք էր կյանքը փրկել, ահա թե բանն ինչ է։ Հապա ինչո՞ւ արեց այդ։

Ռուպիուսը խոսում էր հանդարտ, սակայն նրա ձայնը լի էր խորին թախիծով և աչքերը՝ արցունքով։

Բերտան լալիս էր։

— Այո, դա ավելորդ էր։ Ես կպահպանեի նրան, կդաստիարակեի որպես իմ սեփական զավակին։ Ես ամեն ինչ կներեի...

Բերտան արագ նայեց Ռուպիուսին։ Եվ հանկարծ ամեն ինչ հասկացավ, ու սիրտը ահով լցվեց։ Ակամա իր մասին մտածեց։ Իսկ եթե ինքն էլ... այդ միակ գիշերը այդ միակ ժամվա ընթացքում... Նա այնպես վախեցավ, որ քիչ մնաց ուշաթափվեր։ Այն, ինչ որ առաջ համարյա թե անկարելի էր թվում, այժմ անվիճելի ճշմարտություն էր։ Այլ կերպ անկարելի էր։ Աննայի մահը մի ահավոր, նախազգուշացնող նշան էր։ Բերտան նորից հիշեց իր զբոսանքը Էմիլի հետ տասներկու տարի սրանից առաջ։ Նա հիշեց այն համբույրը, [ 171 ]որ իր մեջ մայր լինելու բուռն ցանկություն ծագեցրեց։ Ինչո՞ւ էր լռում այդ ցանկությունը այն ժամանակ, երբ ինքը վերջին անգամ հանգչում էր Էմիլի գրկում... Այժմ հասկացավ նա, որ իրան լոկ րոպեական հաճույք էր հարկավոր. Ինքը ոչնչով լավ չէր այն կանանցից, որոնց փողոցից են վերցնում։ Եվ եթե ինքը նույնպես կործանվեր, ինչպես կործանվեց Աննան, դա միայն իր արժանավոր պատիժը կլիներ, լոկ իսկական հատուցումը։

— Ես կուզեի մի անգամ էլ տեսնել նրան,— ասաց նա։

Ռուպիուսը դուռը ցույց տվեց: Բերտան բացեց դուռն ու դանդաղորեն մոտեցավ մահճակալին։

Նա երկար կանգնած էր Աննայի գլխավերևը, հետո մեռելի աչքերը համբուրեց։ Մի արտասովոր անդորրություն զգաց նա։ Հաճությամբ նա ժամերով կկանգներ այստեղ։ Այդ գունատ, հանդարտ դեմքին նայելով՝ նա մոռանում էր իր անձնական վիշտը։ Չոքեց ու ձեռները պարզեց վեր, բայց աղոթել չԷր կարողանում։ Աչքերը մթնեցին։ Մի սարսափելի թուլություն տիրեց նրան, և գլուխը պտտեց։ Նա կամաց ցնցվեց, ապա խորը շունչ քաշեց ու կարծես թե մի բանից ազատվեց։ Մի հոգնություն իջավ, և նա զգաց, որ իր բոլոր նախկին անհանգստությունն ու ահը հալվում է, որ հավիտենապես չքացան իր վերջին օրերի բոլոր խենթ հուզումներն ու բոլոր կիրքը։ Այդ մահու մահճի վրա խոնարհվելով՝ նա զգաց, որ ինքը այն մարդկանցից չէ, որոնք թեթև ու անվախ զվարճանում են կյանքում։ Զզվանքով էր մտաբերում նա այժմ կրքի միակ ժամը, որ վիճակվել էր իրան։ Դա նրան անամոթ խաբեություն թվաց այն անմեղ համբույրի համեմատությամբ, որը լուսավորեց իր բոլոր կյանքը։

Եվ, Աննայի գունատ դեմքին նայելով, Բերտան ակամա մտածում էր այն անհայտ մարդու մասին, որը Աննայի մահվան պատճառ էր դարձել, որը անպատիժ ապրում է մեծ մարդաշատ քաղաքում և ոչ զղջում է զգում, ոչ խղճի խայթոց։

Ինչպես մյո՞ւսը։ Ո՛չ, ինչպես մյուս հազարավորները, որոնք ամեն օր անցնում են իր կողքով, հագուստին դիպչում, [ 172 ]ագահությամբ ու վավաշոտությամբ նայում իրան։ Եվ նա չափազանց պարզ զգաց, որքան անարդարացի բան է՝ թե՛ տղամարդու և թե՛ կնոջ հոգու մեջ նույն հաճույքի ցանկությունը դնել, բայց կնոջ համար այդ բանը մեղքի և պատժի հետ կապել, երբ կիրքը լի կապված մայր լինելու ձգտումի հետ։ Նա վեր ելավ, մի վերջին հրաժեշտի հայացք նետեց դիակի վրա ու սենյակից դուրս եկավ։

Ռուպիուսը նստած էր հարևան սենյակում, նույն դիրքում։ Բերտան սաստիկ ուզեց խրախուսել, մխիթարել նրան։ Կարծես մեկը շշնջաց նրան, որ իր սեփական վիճակը միայն մի նպատակ ուներ՝ պարզել իրան այս մարդու տանջանքը, նա ուզեց ասել այդ Ռուպիուսին, բայց զգաց, որ նա այն մարդկանցից է, որոնք իրանց վիշտը մենակ են տանում։ Եվ Բերտան լուռ նստեց նրա դիմացը։