ՏԻՐԱՊԵՏԵ՛ՆՔ ՏԵԽՆԻԿԱՅԻՆ

Տնտեսվարների խորհրդակցությանը[1] ընկ․ Ստալինը իր ելույթի մեջ առանձնապես կանգ է առել տեխնիկային տիրապետելու անհրաժեշտության վրա։

...Կապիտալիստական առաջավոր երկրների տեխնիկայից մենք ետ ենք մնացել 50-ից հարյուր տարի։ Այդ ժամանակամիջոցը մենք պիտի կտրենք, անցնենք 10 տարում։

Դեռ Հոկտեմբերյան հեղափոխության օրերին ընկ. Լենինն ասել է, որ կա՛մ մեզ կճնշեն, և կա՛մ մենք պիտի հասնենք և անցնենք առաջավոր կապիտալիստական երկրներից։

Այդ հաղթության պայմաններից մեկն էլ այն է, որ մենք սովորենք գործարանները և ֆաբրիկաները կառավարել ո՛չ թե թուղթ ստորագրելով, ինչպես անում են ոմանք, այլ մասնակցելով տեխնիկական խնդիրների լուծմանը։

Դեռ տասը տարի առաջ բոլշևիկյան կուսակցությունը տվել էր այս լոզունգը․ «Գործի տեխնիկային չմիջամտենք, սովորեցեք արտադրության ղեկավարման գործը, որպեսզի հետո, մեզ նվիրված մասնագետների հետ միասին, դառնանք արտադրության իսկական ղեկավարներ, գործի իսկական տերեր»։

Այս լոզունգի վերջի մասը մոռացության է տրվել։ Շատ հեշտ էր առաջին մասը՝ «սովորեցեք արտադրության ղեկավարման գործը», որովհետև այդ նշանակում էր միայն թուղթ ստորագրել։

Ընկ. Ստալինը շեշտում է, որ մենք հանցավոր ենք վնասարարությունն այդ չափերի հասցնելու մեջ։

Իհարկե, վնասարարության հիմքում դասակարգային պայքարն է, որ մեր հաղթություններին թշնամին պատասխանում է ամեն տեսակի միջոցներով։

Սակայն ճիշտ է և այն, որ մեր տնտեսավարները տեխնիկական հարցերում բավական ետ են մնացել, որից մեծ չափով օգտվում է դասակարգային թշնամին։

Ուրեմն՝ հարկավոր է երեսը դարձնել տեխնիկայի կողմը, տեխնիկական գիտությունները տիրապետել, տեխնիկան հասցնել մասսաներին։

Այդ դժվարին գործը լուծելու համար հարկավոր է ունենալ միայն բոլշևիկյան համառ ցանկություն։

Գյուղատնտեսական տեխնիկան կոլխոզներին

Խնդիրը միայն ֆաբրիկայի կամ գործարանի դիրեկտիվներին չի վերաբերում։ Տեխնիկային պիտի տիրապետեն բոլոր նրանք, որոնք տոկունությամբ աշխատում են սոցիալիզմի հիմքի կառուցման գործում։

Տեխնիկան՝ մասսաներին։ Այդ նշանակում է գյուղատնտեսության ասպարիզում տիրապետել այն բոլոր ձևերին, որոնք կապիտալիստական առաջավոր երկրներում բարձր բերք են ստանում։

Տրակտորից մինչև հողի մշակության հիմնական գիտելիքները, անասունների ռացիոնալ կերակրումից մինչև կաթնամթերքի վերամշակման գործը, կոմբայնից մինչև ընտիր տեսակի սերմացու պատրաստելու դժվարին աշխատանքը, պարզ հաշվապահությունից մինչև կապիտալիստական առաջավոր երկրի խոշոր տնտեսության հաշվառման գործը։ Ահա մեր դժվարին խնդիրները տեխնիկային տիրապետելու ասպարիզում։

Այս տարի խորհրդային դաշտերն են դուրս գալիս 120 հազար տրակտոր, բայց մենք այժմ արդեն որակյալ տրակտորիստի կարիք ենք զգում։ Իսկ ունե՞նք կաթի և պանրի վարպետներ։ Հողի պարարտացման տեխնիկային տիրապետած կոլխոզնիկներ, սերմազտիչի, շարքացանի և ուրիշ, ավելի հասարակ մեքենաների մասնագետ աշխատակիցներ մեր կոլխոզներում, խորհրդային տնտեսություններում, մեր գյուղերում։

Պարզ հաշվապահությունը բացակայում է շատ կոլխոզներում։ Մեր կոլեկտիվների 2֊րդ համագումարում երեք պատգամավորներից երկուսը գանգատվում էին, որ հաշվապահ չկա, պահանջում էին հաշվապահ:

Կոլխոզնիկը պիտի սովորի տրակտորին, շարքացանին, սերմազտիչին և մյուս գյուղատնտեսական մեքենաներին տիրապետել։ Նա ո՛չ միայն պիտի բանեցնի, այլ կարողանա նորոգել, իսկ դրա համար նա պիտի մեքենայի կազմն իմանա։

Տեխնիկային տիրապետելն ապահովում է բերքը

Շատ հազվագյուտ դեպքում են լրիվ բեռնվածություն ստանում մեզ մոտ գյուղատնտեսական գործիքները և մեքենաները։ Ոչ մի սերմազտիշ մինչև այժմ չի կատարել իր նորման, այսինքն՝ չի զտել 12 հազար փութ սերմացու մի տարում։ Եթե մի տեղ կատարել են այդ չափի զտում, ուրեմն՝ գործադրել են երկու մեքենա, նույնիսկ ավելին։

Նույնը և մյուս մեքենաները։ Անցյալ տարի ստացվեց խուրձ կապող 25 մեքենա, բայց նրանցից ոչ մեկը չաշխատեց, որովհետև չինովնիկական վերաբերմունքի հետևանքով մեքենաներն ուշ ստացվեցին, և հետո մեքենայի վրա աշխատող չկար, ոչ ոք չգիտեր բանեցնելը։

Երբ մեքենաները եկան, Հողժողկոմատը նոր միայն սկսեց կադրեր պատրաստել։ Իսկ այդ մեքենաները բարդ են. նրանցից յուրաքանչյուրը օրեկան 50 հնձվորի աշխատանք է կատարում։ Բայց արդեն տարածված մեքենաներն էլ մենք լավ չենք բանեցնում։ Անդրկովկասյան խորհուրդների համագումարում[2] և թե Անդրերկկոմի նամակի մեջ շատ որոշակի շեշտված է, որ բամբակի միջին բերքի չափը ավելի ցածր է, քան ունեցած հնարավորություններն են թելադրում։ Հայաստանում միջին բերքը եղել է 55 փութ մի հեկտարից, այնինչ նույն մեքենայով, նույն պարարտացման նյութերով, նույն հողից կարելի է և պետք է ավելի շատ բերք ստանալ։

Ղուրդուղուլու Քյարիմարխ[3] գյուղացի ընկ. Մաշադի Միրզան անցյալ տարի 73 լտրից պետությանն է հանձնել 200 փութ բամբակ։ Նրա ստացած բերքը համարյա կրկնակի ավելի է մեր միջինից։ Այդ բարձր բերքին նա հասել է բացառապես լավ խնամքի հետևանքով։

Ուրեմն՝ կարելի է բերքը կրկնապատկել, եթե խնամքը լավ լինի: Իսկ խնամքը ձեռք է բերվում գյուղատնտեսական գիտելիքների յուրացումով, տեխնիկային տիրապետելով, գործադրելով այն, ինչ ուրիշները ձեռք են բերել տարիների փորձի հետևանքով։

Կարող են ասել, թե ընկեր Մաշադի Միրզան ոչ մի տեխնիկայից էլ տեղեկություն չունի, լավ «բեջարել» է, և «բախտը բանել է»։ Առաջինը հեշտ է, այսինքն՝ լավ «բեջարելը» բերքը բարձրացնում է, բայց երկրորդը՝ բախտը բանելու մասին, գիտության հետ ոչ մի առնչություն չունեցող պառավական զրույցներ են։

Հարկավոր է, որ նրա նման «բեջարեն» մեր ամբողջ կոլխոզները, այն ժամանակ նրանց կրկնակի բերքը ավելի կհզորացնի հենց իրենց՝ կոլխոզներին, իսպառ կփշրի դասակարգային թշնամուն և, միևնույն ժամանակ, ավելի արագ կհարստացնի իր տնտեսությունը բարդ մեքենաներով, որոնք, իրենց հերթին, կբարձրացնեն ցանքի բերքատվությունը։

Ընկ. Ստալինը իր ճառում հիշեցրել է, որ Խորհրդային Միությունը մի հարվածային բրիգադ է ամբողջ աշխարհի պրոլետարիատի համար։

Կապիտալիստական երկրների բանվորությունը, իմպերիալիստների լծի տակ ճնշված գաղութների գյուղացիությունը հենց իրենց աչքերը ուղղել են մեր երկրի սոցիալիստական շինարարության։

Մեր աշխատանքը նրանց ոգևորում է, մեր փորձը նրանց համոզում է, որ Հոկտեմբերյան հեղափոխության ցույց տված ճանապարհը միակն է բոլոր երկրների համար։

Մենք պիտի կրկնապատկենք մեր եռանդուն աշխատանքը, հասնենք և անցնենք կապիտալիստական առաջավոր երկրների տեխնիկային, որպեսզի ընդմիշտ ապահովենք մեր վերջնական հաղթանակը։

Տեխնիկային տիրապետելը դժվար գործ է, բայց բոլշևիկյան կուսակցությունը ավելի դժվար խնդիրներ է լուծել և ապացուցել, որ բոլշևիկների համար անիրագործելի ոչինչ չկա։ Այսօր մենք դեռ չենք տիրապետում տեխնիկային, վաղը կտիրապետենք նրան։

Հարկավոր է առանց դանդաղեցման սկսել տիրապետելու այդ տեխնիկային։

Տեխնիկան՝ մասսաներին։ Տրակտորիստը պիտի կոլխոզնիկներից փոքրաթիվ խմբակ կազմի, նրանց վարժեցնի մեքենային, ագրոնոմն՝ իր գծով, զոոտեխնիկն՝ իր։

Այս լոզունգի շուրջը արդեն ծավալվում է մասսայական շարժում, կազմակերպվում են նոր բրիգադներ՝ տեխնիկային տիրապետելու և ձեռք բերած հաջողությունները փոխադրելու ֆաբրիկա, գործարան, կոլխոզների դաշտերը, ավելի արագ կտրելու այն ժամանակամիջոցը, որ մենք պիտի անցնենք սոցիալիզմի լիակատար հաղթանակի համար:

  1. 1
  2. 2
  3. 3