Տխուր մեռան կապուտաչյա
* * *
Տխուր մեռան կապուտաչյա
Երազները երկնաշող.—
Գագաթներից ես ցած իջա
Անդունդները սիրտ մաշող...
էլ ոչ մի թև ինձ չի տանի
Դեպի բարձունքն արծաթյա.
— Խենթ անկումիս գերեզմանի
Խավարներում ինձ գթա՛ ...
Ցուրտ է դարձյալ, մութ` իմ ուղին,
Սրտումս մահ և աշուն`
Մոռացել եմ ես ամենքին,
Միայն քեզ եմ ես հիշում...
Միայն քե՛զ եմ ես աղոթում,
Քո հրաշքին անպատիր. —
Հայտնըվի՛ր սև անապատում —
Ամոքիր ու ազատվիր...
1905-1907