[ 170 ] Ժամանակով կար չկար՝ մի պառավ կար. դրան ուներ մի ախչիկ. էտ ախչկանր բերուց տղի շորեր հաքցրուց, որ հարևանի տղեքանց հետ հաղ անի:

Օրվա մի օրը թաքավորի էրեխեն կորավ, էտ պառավի տղեն քթավ, բերուց տվուց պառավին ասեց.— Նա՛նի ջան, էս քորփա բալին քթել եմ, պահա:— Պառավը վե կալավ պահեց:

Թաքավորը ջառչի քցեց թե.— Ւմ էրեխեն կորել ա, ով քթել ա՝ բերի, ինչ ուզի՝ կտամ:

Էտ ձենը էկավ ընկավ պառավի հ՚անկաջը, իմաց արուց թաքավորին, թե էրեխեն իրա կշտին ա: Նազիրը նի էլավ Լյուլիզար ղսրախը. էկավ պառավի կուշտը, վե կալավ էրեխուն, որ տանի թաքավորին, պառավի տղեն էլ հետը գնաց, ճամփին Լյուլիզարը ասեց պառավի տղին. — Ախչի՛, թաքավորը որ ասի՝ ուզա՛ տամ, ինձ ուզա, էլ զատ ուզես ոչ:

Գնացին թաքավորի կուշտը, թաքավորը խտըտեց իրա կորած էրեխին, ետ դառավ պառավի ախչկան ասեց. — Ուզա՛, տամ:

Տղեն ասեց. — Թաքավորն ապրած կենա, ես քեզանից Լյուլիզարն եմ ուզըմ:

Թաքավորն ասեց. — Ւմ թաքավորութունը մի Լյուլիզարն էր, որ Լյուլիզարս տվի, ախչիկն էլ պըտի տամ քեզ:

Բերուց օխտն օր, օխտը քշեր հարսանիք արուց, ախչիկը տվուց էտ տղին: [ 171 ] Մի ժամանակ որ ապրեցին, թաքավորի ախչիկը տեհավ, որ էտ պառվի տղեն էլ ախչիկ ա, գնաց մորն ասեց. — Ո՛չ դուք ըլեք, ո՛չ ձեր թաքավորութունը, որ ինձ տվիք մի ախչկա, նա՝ ախչիկ, ես՝ ախչիկ, բա ես ի՜նչ անեմ:

Մերը գնաց թաքավորին ասեց թե. — Ախչիկդ ըսենց գանգատվըմ ա:

Թաքավորն ասեց. — Բա ի՞նչ անենք, ա՜յ կնիկ, թե բերենք գլուխը կտրենք, ըլիլ չի, թե չկտրենք՝ մեր ախչիկն ա մնըմ ողորմելի. իլլաճ չկա, բերենք ղրկենք ընենց տեղ, որ փչանա:

Կանչեց փեսին, ասեց. — Որթի՛, պըտի էթաս Լյուլիզարի ախպորը բերես:

Ախչիկն էր, վե կացավ, գնաց Լյուլիզար ձիու մսրքըմը լաց էլավ:

Ձին լիզու էլավ, ասեց. — Ախչի, խի՞ ես լալի:

Ասեց. — Թաքավորը ինձ ղրկըմ ա, որ էթամ քու ախպորդ բերեմ, ես ո՞նց բերեմ:

Ասեց. — Ախչի, գնա՛ թաքավորիցը մի տկճոր հին գինի ու քիչ էլ բուրթ ուզա. էթանք, ես կբերեմ:

Տղեն գնաց թաքավորիցը գինի ու բուրթ ուզեց, առավ էկավ: Լյուլիզարին դուս քաշեց, նի էլավ, քշեց:

Գնաց հասավ մի ծովի ղրաղ:

Լյուլիզարն ասեց. — Ա՛խչի, վեր արի, էտ ախպրի ջուրը դարդակա՛, բուրթը խրա իրա ակը, գինին ածա հավուզը, դու տափ կաց: Իմ ախպերը ծովից դուս կգա, էտ գինին կխմի՝ կհարփի, էն ժամանակը դու դուս կգաս, կթռչես վրին, ինքը կտանի քեզ դըբա ծովը, դու կասես՝ «Քիրդ կանչըմ ա՜, հրե՜ն», նա իմ եննուցը կգա:

Տղեն գնաց բուրթը կոխեց հ՚ախպրի ակը, գինին լքցրուց հ՚ախպրի հավուզը, ինքը տափ կացավ: Ծովեղեն ձին դուս էկավ. ֆոտֆոտաց, ետ գինին խմեց՝ հարփեց, տղեն դուս էկավ, թռավ քամակը: Ձին վազեց դըբա ծովը, տղեն ասեց. «Քուրիկդ կանչըմ ա, հրե՛ն, հրե՛ն»։ Լյուլիզարն էլ առաչին հաղըմ էր: Ձին ետ դառավ դըբա Լյուլիզարը, միացան, իրար հետ էկան:

Տղեն բերուց ձին տվուց թաքավորին:

Թաքավորի ախչիկը եփ տեհավ տղին, էլեդ բարկացավ հոր վրին, ասեց. — Ո՛չ դու ըլես, ո՛չ քու թաքավորութունդ, ինձ ազատա՛ էս ախչկանից: [ 172 ] Թաքավորը հ՚էքսի օրը կանչեց իրա ֆառաշին [1] ասեց. — Ի՞նչ անենք որ սրան փչացնենք, գնաց, էլի էկավ:

Ասեց. — Թաքավո՛ր, բեր ղրկենք Դևստուն, մեր օխտը տարվա խարջը մնըմ ա՝ թող էթա բերի: Դևերի ձեռիցը պրծնիլ չի:

Թաքավորը կանչեց էտ տղին, ասեց. — Որթի՛, գնա Դևստուն, օխտը տարվա խարջը մնըմ ա, վե կալ բեր:

Ախչիկը էլեդ գնաց Լյուլիզարի մսուրքը՝ լաց էլավ, ասեց. — Լյուլիզար, իմը՝ դու, քունը՝ աստված, թաքավորը ինձ ըսենց ա ասել:

Լյուլիզարն ասեց.— Մի՛ վախիլ, կէթանք կբերենք:

Տղեն նի էլավ ձին, ընկավ ճամփա, գնաց հասավ Դևստուն: Դրանք մի մառմար քար ունեին, ձին ասեց. — Ախչիկ ջան, իմ պոչը կապա էս քարիցը՝ ես քաշ կտամ, դու մտի նեքսև՝ խարջը վե կալ բեր:

Տղեն ձիու պոչը կապեց մառմար քարից, ձին սկսեց քաշ տալ, թոզը բանցրացավ. տղեն մտավ նեքսև, տեսավ քառասուն դև նստած են: Դևերն ասեցին. — Ըհը՛, մեզ կերակուր ա էկել:

Տղեն ասեց. — Ա՛յ տնաշեններ, ըստի արխեին նստել եք, հրեն թաքավորն էկավ ձեր խարջի դեմը տարավ ձեր մառմար քարը. ես էկա ձեզ իմացընեմ:

Դևերը դուս թափեցին: Տղեն թամաշ արուց, տեհավ օխտը տարվա խարջը սանիցը կախ տված էր, վե կալավ ու փախավ. էկավ ձին նի էլավ, պոչը մառմար քարից կտրեց, հավալամիշ էլավ: Թռավ գնաց թաքավորի դռանը վեր էկավ:

Տղեն տարավ օխտը տարվա խարջը տվուց թաքավորին:

Թաքավորի ախչիկը էլեդ բարկացավ, կպավ հոր յախեն. — Դու խի՞ չես էս տղին փչացնըմ:

Թաքավորը կանչեց նազրին, — ասեց. — Դևստընից էլ ետ էկավ, բա հըմի ի՞նչ անենք:

Նազիրն ասեց. — Թաքա՛վոր, քու պապին մի տերողորմյա ուներ, դևերը տարել են, հրե նրանց մոր ձեռին ա, ղրկենք, բերի: Հնար չկա, որ ըտեղ էթացողը ետ գա:

Թաքավորը կանչեց փեսին, ասեց. — Փեսա՛, գնա մեր պապի տերողորմեն՝ այսինչ դևի մոր ձեռին ա, վե կալ բեր: [ 173 ] Տղեն էլեդ գնաց ձիու մսուրքը, լաց էլավ:

Ձին ասեց. — Հը, ախչի, խի՞ ես լալի:

Ասեց. — Ի՞նչ անեմ, ղրկըմ ա տերողորմին, ես ո՞նց բերեմ դևերի մոր ձեռիցը:

Ասեց. — Ախչի՛, աստված մենձ ա, մտածիլ մի, կէթանք կբերենք:

Տղեն նի էլավ ձին, գնացին: Գնացին հասան դևի տունը:

Տունը շինած էր մի բանցր դըքի գլխին, ձորի բերնին: Ձին ասեց ախչկան. — Ախչի, որ էթաս մննես դևի տունը, կտենաս դևի մերը սան կշտին պառկած ա, տերողորմեն սանից կախ տված էթըմ ա, գալի: Սհաթը որ թամամըմ ա, տերողորմեն ընկնըմ ա դևի մոր բռի մեչը. մտիկ կտաս, եփոր բռի մեջտեղն ընկնի՝ վեկունես, ու քեզ քարափիցը կքցես, ես տակը քու ճամփեն կպահեմ:

Տղեն գնաց մտավ տուն, սան տալտըմը տափ կացավ. տեհավ տերողորմեն ընկավ դևի մոր բռի մեջտեղը, հենց վրա ընկավ, վե կալավ ու իրան քցեց քարափովը. ձին բանցրացել էր, ընենց որ տղեն ընկավ թամքի մեջը: Ձին թռավ, դևի մերը վե կացավ, տեհավ տղեն տանըմ ա, բարկացավ, ասեց. — Ւ՞նչ ասեմ, էլ անեծք չունեմ, թե տղա ես՝ ախչիկ դառնաս, թե ախչիկ ես՝ տղա դառնաս:

Էն սհաթը պառավի ախչիկը դառավ տղա: Տարավ տերողորմեն տվուց թաքավորին, վազեց գնաց ախչկա կուշտը: Էս գոնըմ ախչիկը գնաց թաքավորի կուշտը, ասեց. — Իմը սա ա, ըսենց տղա չի՚լիլ:

Թաքավորը մի քաղաք բաշխեց իրա ախչկանն ու փեսին, ասեց. — Գնացեք, ձեզ հըմար թաքավորութուն արեք:

Տղեն գնաց իրա պառավ մորն էլ բերուց իրա կուշտը, կերան, խմեցին քեֆ արին:

Աստվածանից հ՚իրեք խնձոր վեր ընկավ, մինն՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ՝ հ՚անգաջ դնողին:


  1. Ծառային, (ծանոթ. բանահավաքի): Նշանակում է նաև դահիճ, (ծանոթ. կազմողի)